
1999 թ. հուլիսի 27-ից օգոստոսի 15-ը
Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն ճանաչելու 1700-ամյակի գրասենյակը
արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի նախաձեռնությամբ կազմակերպել էր Գանձասար-Էջմիածին
ուխտագնացությունը, որը ղեկավարում էր լեռնային տուրիզմի մասնագետ Գևորգ
Հովակիմյանը։ Ներկայացվում է 40 ուխտագնացներից մեկի` Մավրիկ Ալեքսանյանի
մտորումները այդ ճանապարհին։
Հայր
մեր որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն քո,
Եկեսցէ արքայութիւն քո,
Եղիցին կամք քո,
Որպես երկինս եւ երկրի,
Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր,
Թող մեզ զպարտիս մեր որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա ի չարէ,
Զի քո է արքայութիւն եւ զորութիւն եւ փառք
Հավիտեանս հավիտենից,
Ամէն։
Հայր մեր, ահա քսան երկար ու ձիգ օրեր ես քայլում եմ աշխարհի հնագույն
երկրներից մեկի` Հայոց աշխարհի Արցախ, Սյունիք ու Վայոց ձոր կոչվող գավառներով,
քայլում եմ քո բազում հիշատակներն իրենց հնագույն խորշերում ու խորաններում
կրող վանքերն ու եկեղեցիներն իրար կապող արահետներով և խորհում քո աստվածային
էությունը առաջինն ըմբռնած և հավատավոր դարձած իմ ժողովրդ մասին։ Ընդամենը
301 տարի էր անցել քո ծննդից, երբ իմ երկիրը աներկբայորեն ճանաչեց քեզ
որպես միակ ու ճշմարիտ աստվածություն, ճանաչեց ու սիրեց քեզ` երկրի բոլոր
անկյուններում ծաղկեցնելով հոյակերտ վանքեր, եկեղեցիներ, աղոթատներ, մատուռներ
և անթիվ-անհամար խաչքարեր` որպես մեր աստվածամեծար ժողովրդի սրտի ու հոգու
ձոներգ։ Իսկ այդ երանելի օրերից անցել է արդեն 1700 երկար ու ձիգ տարիներ։
Այդ տարիների ընթացքում մենք առանց ծուլանալու խնկարկել ենք քո սուրբ անունը,
աղերսել ենք, որ ամենուր քո կամքը լինի և գա քո արքայությունը։ Ինքնամաքրման
և երկնային արքայության ճանապարհին մեզ սպասում էին բազում փորձություններ,
որոնք պիտի հաղթահարեինք առանց մեղանչումների` միշտ հավատարիմ մնալով սուրբ
եկեղեցուն և քո պատվիրաններին։ Բիրտ ու խավար հեթանոսների մեջ մենք միակն
էինք, որ ընդունել էինք քո աստվածային լույսը, որ մեր մատների միջոցով
դառնում էր գիր ու մագաղաթ, դառնում էր խոյակ ու խաչքար, երգ ու շարական,
և մենք միշտ մնացինք հնազանդ ու հավատավոր, իսկ եթե ընդվզել ենք, ապա ընդվզել
ենք մեր իսկ մեղքերի դեմ միայն` խոստովանելով դրանք Նարեկյան ջերմեռանդությամբ։
Մենք աղերսել ենք, որ մեզ տաս մեր հանապազօրյա հացը և չտանես ի փորձություն։
Բայց մեր հողաբույր հացին բարբարոս օտարը հաճախ լեղի է խառնել, և մեր պատմությունը
նմանվել է դժոխային արհավիրքների մի անվերջանալի շղթայի։ Իսկ մենք անտրտունջ
կրել ենք մեր խաչը տիրոջ հնազանդությամբ` միշտ հիշելով որ Գողգոթայի այս
ճանապարհը ի վերջո մեզ դեպի երկինք է տանելու, դեպի քո երկնային թագավորությունը,
որը, համոզված եմ, հաստատվելու է իմ բիբլիական հողի վրա։ Այդ համոզմունքով
ես 20 օր քայլեցի Գանձասարից դեպի Մայր աթոռ սբ. Էջմիածին` իմ ճանապահրին
հաղորդակից լինելով մեր ժողովրդի բազմաթիվ սուրբ հիշատակների հետ, որոնցից
մի քանիսի անունները պիտի արտասանեմ բարձրաձայն։
Գանձասար։ Չգիտեմ` վանքն է կոչվել սարի անունով, որն իբր բազում գանձեր
ունի իր մեջ պահած, թե՞ սարն է կոչվել վանքի անունով, որն իսկական գանձ
է մեր ազգային ճարտարապետության և հոգևոր անցյալի պատմության մեջ։ Իսկ
գուցե գանձը քո մեծ աշակերտի` Պողոս առաքյալի մասունքն է, որ, ըստ տեր
Հովհաննեսի, ամփոփված է եկեղեցու խորանում։ Վանքի քահանան է տեր Հովհաննեսը,
մի խրոխտ ու հպարտ արցախցի, նախքին ազատամարտիկ, և երբ նա «խաչն ի ձեռին»
մկրտում էր մեր ուխտագնացության չորս մասնակիցներին` Գանձասարի կամարներից
անդին հնչեցնելով իր լեռնական դյութիչ ձայնը, թվում էր, թե մյուս ձեռքով
բռնած ունի հայրենյաց ազատության աներևույթ սուրը։
Ամարաս։ Այս անունը նույնքան հին է ու հարազատ, որքան հայոց այբուբենը,
որքան անսասան հավատը մեր սրտերում, որքան աստվածային լույսը մեր հոգիներում։
Այս կամարների տակ առաջին անգամ կանգնել է իր հեթանոս անցյալին անհաղորդ
հայ մանուկը և արտասանել` ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ…
Հենց այստեղ, այս սուրբ կամարների տակ կանգնել է մեծն Մաշտոցը և նայելով
Աստվածամոր աչքերի մեջ` լսել է սևաթույր մանկան արտասանությունը, հասկացել
իր գործի մեծությունը. «Ես մեռանիմ, դառնամ ի հող, գիրս մնա հիշատակող»։
Իսկ հետո իր շուրջն է հավաքել թոթովախոոս մանուկներին և տվել իր առաջին
խրատը. «ճանաչել զիմաստութիւն և զխրատ` իմանալ զբանս հանճարոյ»։ Հետագա
բոլոր սերունդները այս խրատին ունկնդիր` առավորեցին մեր ժողովրդի անունը
բազում մեծ ու արժանահիշատակ գործերով։
Շուշի։ Որևէ մեկը հասկացե՞լ է, թե ինչ գույն ունի լույսը։ Ես դա հասկացա
այստեղ, Շուշիում, Ամենափրկիչ եկեղեցում։ Այս աստծո տան քարի գույնն ունի
լույսը։ Այս քարերը նախ շաղախվել են աստվածային լույսի մեջ և ապա այստեղ
հնչած պատարագի ելևէջների նման դանդաղ իջել են միմյանց վրա` ձևավորվելով
կամար ու խորան, խոյակ ու գմբեթ և զանգակատուն, որը պիտի ղողանջի անվերջ-անդադար`
իր ելևէջներով մաքրելով ու սրբագործելով յոթանասուն տարի անընդմեջ պղծվող
հողը, օդը և ջուրը։ Ոչ, ազերի թուրքը ի վիճակի չեղավ և չէր կարող ոչնչացնել
ասյ աստվածային լուսեղեն տաճարը, և այժմ նա անաղարտ մաքրություն ու կույս
է բուրում։ Արծվաբերդ Շուշի, արծվաբույն Շուշի, դու դեռ կդառնաս Նոր Հայաստանի
միջնաբերդը։
Ծիծեռնակավանք։ Կանգնել եմ ծիծեռնակավանքի բարձունքին և նայում եմ դեպի
արևելք։ Այստեղից այն կողմ Արցախ աշխարհն է հայոց հին գավառներից մեկը,
որի պատմությունը լի է հերոսական էջերով, արծվաթռիչք ընդվզումներով և,
իհարկե, իմաստալից ու արգասաբեր ճգնությամբ։ Ըմբոստ ու առնական հայոց հոգին,
որ դժգունել, տկարացել ու կարկամել էր այս հողի վրա, ահա կրկին հառնում
է և առնականորեն ամրոցվում` ընդումելով իրեն բնորոշ արծվենի կեցվածքը։
Նորոգվող ծիծեռնավանքն ինձ հիշեցնում է ամեն տարի իր ավերված բույնը նորոգող
ծիծեռնակի մասին պատմող երգը, բայց այս անգամ հավատում եմ, որ այլևս ոչ
ոք ի զորու չի լինի ավերել, քանդել հայ մարդու կառուցածը։
Ուխտագնացների մեր խումբն այստեղից հրաժեշտ է տալիս Արցախին և մտնում Սյունիք`
նույնքան խրոխտ ու հպարտ, նույնքան ըմբոստ ու վեհ մի լեռնաշխաարհ, ուր
թևածում են մեծն Տաթևացու, հրավառ Մխիթարի և ցեղակրոն Նժդեհի հոգիները։
Ժամեր շարունակ ես քայլում եմ մեզ որպես աստվածային պարգև, թե՞ երկնային
անեցք տրված անմատչելի ու զարհուրելի քարաժայռերով ու անդունդների ծերպերով
ձգվղ արահետներով` առանց աչքս կտրելու այդ ժայռերին ձուլված հրաշք տաճարից`
Տաթևից։ Ահա և խորհրդավոր կամուրջը։ Սատանայի կամուրջ է անվանել այն, ինչը
պիտի կոչվեր աստծո ճանապարհ։ Միթե սատանան կարող էր կամուրջ կապել բացելով
ուղին այն լեռնակղզու, որի ահռելի ժայռերի միջից, կարծես աստվածային հրաշքով
վերընդձյուղվել է Տաթևի անձեռակերտ վանքը` նույնքան ներդաշնակ ու կատարյալ,
որքան հենց այդ ժայռերն են։ Կանգնել եմ աստվածամերձ այս բարձրության վրա,
շուրջս` անկրկնելի գեղեցիկ ու վեհասկանչ, արարչածին բնաշխարհը, և ակամա
ուզում եմ կրկնել Տաթևի նշանավոր վարպերի խոսքերը. «Տեր, տուր ինձ թևեր,
որպեսզի ես թռչեմ, ձուլվեմ քո այս հրաշագեղ արարքչագործությանը և քո աստվածային
էությանը»։ Հպարտությունից ուռչում է սիրտս. չէ՞ որ այս կամարների ներքո,
այս սյուների առջև «երկնել է, ծնել մեր խորունկ հոգին»` ստեղծելով գիր
ու մագաղաթ, արարաելով վանք ու տաճար և մի ավելորդ անգամ ապացուցելով,
որ «ոչ միայն հացիւ կեցցե մարդ, այլև բանիւ Տեառն»։ Իսկ շարժվող սյունը
քարացել է, արձանացել է։ Ե՞րբ պիտի շարժվի, գուցե այն ժամանակ, երբ մենք
կարողանանք լիովին հաղթահարել այն «ոգու սովը», որ պատել է մեզ վերջին
տարիներին։
Վայոց ձոր։ Մեր թշնամիների ավերածությունների շնորհիվ մենք ունենք նաև
Վայոց ձոր։ Վայ մեր թշնամիներին, քանզի ի հեճուկս նրանց, նույնիսկ Վայոց
ձորում մեր ժողովուրդը երկնել է Արատես ու Շատիվանք, Սպիտակավոր ու Թանահատ,
Ցախած քար ու Սմբատաբերդ և, վերջապես, Նորավանք, որը կարծես նոր դարագլուխ
է բացում մեր ազգային ճարտարապետության, անձեռակերտ հուշարձանների պատմության
մեջ։ Ահա դիտում եմ սբ. Կարապետ եկեղեցու անկրկնելի գավիթը և իմ մատները
երկյուղածորեն սահեցնում են ձեռագործ խաչքարի նրբահյուս զարդաքանդակների
վրայով և ինձ այնպես է թվում, թե իմ մատների տակ զգում եմ մեծն Մոմիկի
սրտի թրթիռն ու մատների սահանքը, իսկ սիրտս բաբախում է նրա հրաշագործ մուրճի
զարկերին համահունչ։
Խոր Վիրապ։ Նոյ նահապետի շունչը կա այստեղ, աստվածաշնչյան ջրհեղեղի տեսիլքն
է իմ առջև և հայոց հողում քո առաջին հրաշագործության հետքերը, Հայր մեր,
սուրբ Գրիգոր Լուսավորչի հրաշքը, որը ստիպեց հեթանոս Տրդատ արքային ճանաչել
քո աստվածային զորությունը և կանխորոշել մեր ամբողջ հետագա պատմության
ընթացքը։
Կանգնել եմ բարձրադիր վանքի պարսպին և տեր Մխիթարի իմաստուն ու աստվածահաճո
խոսքին ունկնդիր` ակնդետ նայում եմ օձագալար սահմանագծին և բիբլիական Արարատին։
Ինչ է սա, լե՞ռ, փրկության կղզի՞, թե՞ զանգակատուն, երկու հսկա զանգ, որոնց
«ռումբաձև զույգ լեզվակները խրված են հողում,
և, խարսխի պես, հասնում են մինչև հրահեղուկի մթին հատակը։
Ու երբ գործում են այդ լեզվակները`
երկրաշարժային բոլոր սարքերը
իրենց տագնապն են արձանագրում
Լրագրերի գունատ երեսին…»
Զվարթնոց։ Սա ուղղակի հուշարձան կամ կոթող չէ։ Հայոց հանճարի խթացումն
է սա, կատարելության խորհրդանիշ, վերընձյուղված աղոթք, քարացած պատարագ։
Մեր մտքի թռիչքն է Զվարթնոցը, գեղեցիկի մեր ճափանիշը, Աստծուն նվիրված
մեր լավագույն ձոներգը, արևածագի մեր պատկերացումը։
Մայր Աթոռ սբ. Էջմիածին։ 15 օգոստոսի, սբ. Աստվածածնի վերափոխման տոն,
Խաղողօրհնեք։ Ուխտավորների մեր խումբը գերապատիվ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի
գլխավորությամբ Զվարթնոցից հասավ Մայր տաճար` Իր հետ բերելով Գանձասարից
մինչև Էջմիածին ձգվող ճամփաների փոշին ու հոգնությունը, այդ ճամփաներին
հանդիպած վանքերում ու եկեղեցիներում վառած մոմերի ջերմությունն ու աղոթքների
շունչը։
Իսկ իմ վերջին աղոթքն այս ուխտագնացության ավարտին թող հնչի այսպես։ Հայր
մեր, որ երկնքում ես, դու տեսնում ես այն, ինչ ոչ ոք չի կարող տեսնել,
դու լսում ես այն, ինչ ոչ ոք չի կարող լսել, դու անքննելի ես և անմեկնելի,
ուստի աղաչանքներով դիմում եմ քեզ և հայցում քո բարեգութ ուշադրությունը.
շուտով կբոլորի քո սուրբ ծննդի 2000 տարին, այդ տարիները մեր ժողովրդի
համար հաճախ դաժան փորձությունների ու ծանր կորուստների տարիներ են եղել,
մեր պատմությունը հաճախ այրամբ է ներկվել և մենք մեր մտքի ու հոգու սլացքների
մի չնչին մասին միայն կարողացանք մարմին տալ, Հայր մեր, արա այնպես, որ
նոր հազարամյակը մեզ համար լինի հատուցման շրջան, վերադարձրու մեզ այն,
ինչ տրված էր վերուստ, սեր և խաղաղություն պարգևիր իմ ժողովրդին և համայն
աշխարհին, վերականգնիր արդարությունը ամենուր, քանզի քո հավատավոր ժողովուրդը
կարոտ է դրան, իսկ մենք խոստանում ենք, որ բազում նոր գործերով կփառավորենք
քո սուրբ անունը, և Հայկյան հանճարը կունենա նոր փայլատակումներ ու իրագործումներ`
ի հեճուկս մեր թշնամիների, ի փառս ազգիս հայոց, հանուն Հօրը և Որդւոյ և
Հոգւույն Սրբոյ, ամեն։
Մավրիկ Ալեքսանյան
Մանկապատենական հանրապետական կենտրոն
Հայրենագիտության սեկցիայի վարիչ