
Խորհուրդների մասին
Հարց.- Ի՞նչ է խորհուրդը:
Պատասխան.- Աստուածապաշտութեան մէջ կան շատ խորհուրդներ, որոնցից եկեղեցին առանձնացնում է մի քանիսը, անուանելով նրանց «Սրբազան Խորհուրդներ» կամ «Եկեղեցու Խորհուրդներ»:
Նախ բառի մասին. «խարհուրդ» նշանակում է մեզնից ծածկուած իրողութիւն կամ անտեսանելի իրողութեան արտայայտութիւն: Տաթեւացին ասում է, որ «խարհուրդ է ծածկելոյ իրաց յայտնութիւնը»: Ս. Գրքի Միջոցով յայտնուածների մէջ շատ բան է մեզ ներկայանում որպէս խորհուրդ, այսինքն ըմբեռնելի միայն հաւատի աչքերով: Ուրեմն խորհուրդ ասելով հասկանում ենք խորհրդաւոր՝ աստուածային մի բան, որ տեսանելի կերպով չենք կարող ընկալել, այլ՝ հոգեւոր աչքերով, այսինքն՝ հաւատով: «Խորհուրդ» բառը թարգմանութիւնն է յունարէն «միսթէրիոն» բառի, որ նշանակում է ծածկուած բան, թաքնուած: Այսպէս, Ծննդեան յայտնի շարականի սկզբում պատկերուծ է մարդեղութեան խորհուրդը.
«Խորհուրդ մեծ եւ սքանչելի,
որ յայսմ աւուր յայտնեցաւ,
հովիւք երգեն ընդ հրեշտակս,
տան աւետիս աշխարհի:
Ծնաւ նոր արքայ,
Ի Բեթղեհէմ քաղաքի,
որդիք մարդկանց օրհնեցէք,
զի վասն մեր յայտնեցաւ»:
Մեծ եւ սքանչելի է այդ խորհուրդը, քանի որ անհնար է բանականութեամբ ըմբռնել, անհնար է Նոր Արքայի ծնունդը՝ մարդեղութեան խորհուրդը, ընկալել տեսանելի աչքերով: Ուստի եւ շարականագիրն այն անուանում է խորհուրդ, այն էլ՝ մեծ եւ սքանչելի: Մեծ, քանի որ Ս. Գրքում աւելի մեծ խորհուրդ չկայ յայտնուած եւ սքանչելի, քանի որ զօրութիւն ունեցող խորհուրդ է (Եսայի Թ, 6):
Եկեղեցին Քրիստոսի մարմիննէ, նրա մէջ է բնակւում Ս. Հոգին: Եկեղեցին Յիսուսի գործի շարունակողն է աշխարհում: Եկեղեցիով է Քրիստոս ներկայ աշխարհում: Քրիստոսի զօրութիւնն էլ եկեղեցիով է ի յայտ գալիս մարդկանց՝ խորհուրդների միջոցով: Այսինքն՝ խորհուրդը արտաքին զգալի նշանն է, որով տեսանելի ձեւերի տակ, Ս. Հոգու անտեսանելի շնորհներն են ստացւում: Խորհուրդ կատարւում է նիւթական իրերի միջոցով, որոնք Ս. Հոգու ներգործութեամբ նշանակութիւն եւ արժէք են ստանում, փոխանցելով հոգեկան իրողութիւնները մարդկանց: Խորհրդակատարութեամբ աստուածայինը տեսանելի իրի միջոցով մօտենում է մարդուն:
Եկեղեցին խորհուրդներից առանձնացնում է մի քանիսը, որոնց անուանում է «Եկեղեցու Խորհուրդներ» կամ «Սրբազան Խորհուրդներ»: Դրանք եօթն են: Այդ խորհուրդները աստուածապաշտութեան արարողութիւններ են, որոնց մասնակիցները Քրիստոսի եկեղեցու անդամն են ճանաչւում եւ Քրիստոսի հետ միանալով Աստուածային շնորհների հաղորդ լինում: Խորհուրդների արարողական մասը տեսանելի է, բայց մենք չենք տեսնում, թէ ինչպէս է այդ տեսանելի ծէսը Ս. Հոգու անտեսանելի շնորհների միջոց դառնում եւ ներգործում մասնակիցների վրայ: Հէնց խորհուրդների առանձնայատկութիւնն էլ այն է, որ Ս. Հոգու անտեսանելի եւ աննիւթական շնորհները ծածկուելով տեսանելի եւ նիւթական իրերի մէջ, ընդունում են արտաքին զգզյարաններով:
Քանի դեռ մեղաւորը իր սրտում փայփայում է մեղքն ու նրա հրապոյրը, նա չի կարող հնազանդուել Աստծուն, առաւել եւս կատարել նրա պատգամները: Ի վերջոյ, Աստուած ընտրելով մարդուն, սրբում, ներում է նրան եւ յետոյ միայն առաջնորդում Իր դաշտում աշխատելու: Ս Գիրքը սովորեցնում է, որ չզղջացող հոգի ունեցողը չի կարող Աստծու Արքայութեան լուծը տանել:
Անկիզելի մորենու պատմութեան մէջ (Ելք, Գ գլուխ) Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Մովսէս, հանիր կօշիկներդ, քանի որ կանգնած տեղդ սուրբ է»: Սուրբ է, քանի որ Աստծու ներկայութիւնն է այնտեղ: Խորանը Աստծու ներկայութեան վայրն է եկեղեցում, ուստի մտնելով եկեղեցի, հաւատում ենք, որ Աստուած ներկայ է այնտեղ: Հակառակ դէպքում եկեղեցին չի տարբերուի հասարակ շատ շինութիւններից: Հին Կտակարանում Աստուած առանձնացրեց, սրբեց ղեւտացիներին, որպէսզի նրանք ծառայեն Իրեն: Այսօր էլ պաշտօնեան ձեռնադրուած հոգեւորականը խորան բարձրանալուց առաջ (Ս. Պատարագի ժամանակ) զղջում է եւ խոստովանում իր մեղքերը (հանում կօշիկները), քանի որ մեղքի լուծը տանողը չի կարող տանել սրբութեան եւ արդարութեան լուծը: «Լուացարան մեղացն մեղայն է ու զղջումը» (Տաթեւացի) եւ որքան զղջումը անկեղծ է եւ ի խորուց սրտի, իսկ «մեղան ի լեզուն», ապա այնքան մարդը «առաւել սրբի մեղաց»: Ապաշխարութեան սաղմոսում ամէն մեղաւոր գտնում եւ ճանաչում է իրեն, գիտակցում է գործած յանցանքների ամբողջ խորութիւնն ու պատասխանատւութիւնը: Մենք պէտք է հասկանանք, որ մեր ամէն մի յանցանք եւ ապաշխարութիւն վնաս է հասցնում թէ՛ մեզ, թէ՛ ամբողջ եկեղեցուն: Այսպէս, Զարմանեան Աքարի պատմութեան մէջ (Յեսու, Է գլուխ) Աքարի մեղքի պատճառով տուժում է ամբողջ ժողովուրդը: Եւ միայն մեղքը վերացնելուց յետոյ Իսրայէլը սկսեց յաղթանակներ տանել: Ուստի, պէտք է լաւ իմանաք, որ չկայ անհատական մեղք «անհատական» իմաստով: Եկեղեցին որպէս մի միասնական մարմին ցաւ է քաշում ամէն «հիւանդ» անդամի համար: Մեզանից ամէն մէկը Աստծու եւ եկեղեցու առաջ պատասխանատւութիւն է կրում կատարած իւրաքանչիւր յանցանքի համար: Ուստի ոչ մէկը իրաւունք չունի մեղադրելու ուրիշին (ինքնաարդարացման ամենահեշտ ուղին), այլ միայն իրեն («Մի դատիր, որ չդատուես»): Ծ սաղմոսն այդպէս էլ սկսւում է. մեղաւորը, կանգնելով Աստծու առաջ, զղջում է իր արածների համար: Նա լաւ գիտէ, որ մեղանչել է ոչ միայն մարդկանց առաջ, այլ նաեւ Աստծու (1-6 համարները): Այդ զղջումին հետեւում է յանցանքների թուարկումը եւ դրանց մէջ մնացողի արժանի դատաստանը: Բայց Աստծու զօրութիւնը ի զօրու է սրբել եւ ներել մեղաւորին եւ «սուրբ սիրտ հաստատել ու ուղիղ հոգի նորոգել» (7-13 համարներ): Սաղմոսի վերջում Դաւիթն արդէն դիմում է Աստծուն որպէս մաքրուած եւ սրբուած մէկը, քանի որ վստահ է Աստուածային ներողամտութեան վրայ: «Ցնծասցէ լեզու իմ արդարութեան քում»,- աղաղակում է նա: Այն լեզուն, որ խոստովանում էր մեղքերը եւ յանցանքները, արդէն կարող է ցնծալով պատմել Աստծու փառքը, իսկ «բերան իմ երգեսցէ զօրութիւն քո»: Եւ քանի որ միեւնոյն աղբիւրից չի բխում թէ դառը ջուր, թէ՛ քաղցր, ուրեմն մարդն էլ չի կարող միաժամանակ ծառայլ թէ՛ Աստծուն, թէ՛ չարին ու մեղքին: Աստծու «հաճելի պատարագը» խոնարհ սիրտ ունեցողն է եւ միայն նա կարող է «շինել Երեուսաղէմի պարիսպները» (18-21 համարներ):
Սաղմոսի այս ոգին ու պատգամն էլ ամփոփուած է «Մեղայի»-ի մէջ: Այն բացկացած է տասը հատուածից.
ա. զղջում Աստծու առաջ,
բ-ը. մեղքերի եւ յանցանքների թուարկում,
թ. խնդրանք պաշտօնեային՝ բարեխօսելու համար,
ժ. արձակում՝ նոր կեանքով բարեգործութեան նուիրուելու եւ պտուղներ բերելու պահանջով:
Ապաշխարություն
«Եվ արդ, ասում է Տեր Աստվածը,-դարձեք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով։ Ձեր սրտերը պատռեցեք և ոչ թե ձեր հագուստները։ …դարձեք ձեր Տեր Աստծուն, որովհետև Նա ողորմած է և գթասիրտ…» (Հովել.Բ 12-13)։
Այո՜, ողորմած է Աստված, Ով մեզ համար ապաշխարության ճանապարհ է պատրաստել, և Քրիստոսի առաջին կանչն ու քարոզն էլ այդ են պատգանում.
«Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ.Դ 17)։
Ապաշխարության խորհուրդը
Ապաշխարության խորհուրդը սահմանել է Ինքը՝ Հիսոս Քրիստոս (Հովհ.Ի 22-23)։ Ապաշխարություն նշանակում է ապա—աշխարել, հետո լալ, ողբալ, կոծել, մի խոսքով՝ կատարած մեղքի համար զղջալ և գործած չարիքի դիմած սեփական անձը պատժել։ Ապաշխարության խորհրդի ժամանակ հավատացյալը սրտի անկեղծ զղջումով խոստովանում է իր մեղքերը հոգևորականի առջև և նրա միջնորդությամբ անտեսանելիորեն թողություն ստանում մեղքերից անմիջապես Հիսուս Քրիստոսից։ Ապաշխարության խորհրդով թողություն է տրվում մկրտությունից հետո գործած բոլոր մեղքերին՝ թե՜ ներելի և թե՜ մահացու։ Եվ մինչ Մկրտության և Դրոշմի խորհուրդներն անկրկնելի են, Ապաշխարության խորհուրդը կատարվում է պարբերաբար՝ հավատացյալի ողջ կյանքի ընթացքում, քանի որ մարդը իր բնությամբ տկար է և մշտապես ենթակա մեղանչումի։ Ապաշխարության խորհրդակատարը օծյալ հոգևորականն է։ Քանի որ Քրիստոս նրանց այդպիսի իշխանություն տվեց՝ ասելով.
«Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ.Ի 22-23)։ Ինչպես նաև. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում։ Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում» (Մատթ.ԺԸ 18)։
Ապաշխարության սկիզբը գործած մեղքն ընդունելն է։ Ապաշխարել պետք է կենդանի ու անկեղծ հավատով, որովհետև միայն այդպիսի ապաշխարությունն է ընդունելի Աստծուն և այդպես կարելի է վերստին հաշտվել Աստծու հետ։ Եվ եթե «Մեղքի վարձը մահն է» (Հռոմ.Զ 23), ապա Ապաշխարության պտուղը՝ փրկությունն ու հավիտենական կյանքը։
Ապաշխարության կարգը
Զղջում. Իր մեղքը գիտակցող անձը պետք է սրտում անկեղծ զղջում ունենա կատարածի համար, ինչպես նաև վճիռ՝ այն այլևս չկրկնելու։
Խոստովանություն. Երբ մարդը մկրտությունից հետո գործած մեղքերը խոստովանում է հոգևորականի առջև՝ արձակում (մեղքերի թողություն) ստանալու ակնկալիքով։
Առաջին դարերի Եկեղեցում խոստովանությունը կատարվում էր հրապարակավ, և հազվադեպ՝ առանձնական։ 4-րդ դարում հրապարակավ իրենց մեղքերն էին խոստովանում միայն մարդասպանները, կռապաշտները և պոռնիկները։ Հետագայում՝ 5-րդ դարի սկզբին, հրապարակային խոստովանությունը դուրս եկավ կիրառությունից։ Խոստովանությունը համայնքի անդամների ներկայությամբ կատարվելու փոխարեն սկսվեց առանձին քահանայի ու խոստովանողի միջև ծածուկ կատարվել։
Հայաստանյայց Եկեղեցին պահել է թե՜ հրապարակային (ընդհանրական), թե՜ առանձնական խոստովանության ձևերը։
Առանց մեղքերից արձակում ստանալու ակնկալության խոստովանությունը թերի է։ Խոստովանողի խղճմտանքը լավ քննելուց հետո քահանան խորհում է, թե նա ինչպիսի ապաշխարություն պիտի կրի, խրատում ու զգուշացնում է, որ այլևս չմեղանչի։ Այնուհետև քահանան արձակում է նրան մեղքերից։
Վճարում. Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է պատրաստ լինի իր կատարած մեղքի դիմաց որոշակի ապաշխարություն կրելու։ Այսինքն՝ կամավոր հանձն առնել խոստովանահոր կողմից իրեն սահմանված պատիժը՝ նեղություններ կրելը։ Մեղքը սիրո բացակայությունն է, զոհողությունը՝ սիրո երախտիքը։ Հետևաբար մեղքը զոհողությամբ պետք է ջնջենք, որպեսզի և՜ մեր խիղճը խաղաղվի, և՜ Աստծու ողորմության ակնկալիքն ունենանք։
Այսու քահանան, լսելով մեր անկեղծ խոստովանությունը, իրավունքն ունի մեր գործած մեղքերի համեմատ ապաշխարություն սահմանել մեզ համար, այն է.
աղոթք, պահք, ողորմություն։
Երբ մեղանչում ենք, հավիտենական պատիժ է մեզ վերագրվում, սակայն մեր զղջալու և փոխվելու դեպքում Աստված նաև մեր պատիժն է փոխում ժամանակավորի։ Այս պատճառով, թեև խոստովանությամբ թողություն է տրվում բոլոր մեղքերին, սակայն մնում է պատիժը, որը վճարում ենք աղոթքով, պահքով և ողորմությամբ։ Երբեմն մեղավորն ինքն է կամավորապես ստանձնում որոշակի ապաշխարություն, ինչպես օրինակ՝ որևէ վայելքից հրաժարում և այլն։
Ապաշխարության բուն նպատակը մեղավորին հոգեպես վերականգնելն է։ Եվ Եկեղեցին ամեն օր մեզ հիշեցնում է մեր մեղքերը՝ նպատակ ունենալով մեզ առավել զգոն , ուշիմ ու արթուն Աստծու ծառայության առաջնորդելու։
Ամփոփում
Այսու լավ ըմբռնելու համար Ապաշխարության խորհուրդը, պետք է մտապահենք հետևյալ կարևոր հանգամանքները.
1. Ապաշխարության խորհուրդը սկսվում է մեղքի գիտակցումից։
2. Մեղքը գիտակցող անձը պետք է անկեղծ զղջում ունենա և այն այլևս չկրկնելու վճռականություն։
3. Նա պետք է դիմի Եկեղեցու օծյալ հոգևորականներին՝ մեղքերը խոստովանելու մտադրությամբ։
4. Որևէ այլ անձ, բացի օծյալ հոգևորականից, իրավունք չունի որևէ մեկին խոստովանեցնելու և մեղքերից արձակում տալու։ Այդ իշխանությունը աստվածադիր օրենքով միայն նրանց է տրված։
5. Խոստովանության գնացող անձը պետք է պատրաստ լինի իր գործած մեղքերի դիմաց որոշակի նեղություն կրելու։
«Բայց Աստված, անգիտության ժամանակներն
անտես առնելով, այժմ այն է պատվիրում
մարդկանց, որ ամեն ոք ապաշխարի» (Գործք ԺԷ 30)
Ձեռնադրություն
Հովիվը քաջ, որ Իր անձը դրեց բանավոր հոտի համար, թող կարողություն տա քեզ Իր հոտն արդարությամբ հովվելու՝ քո անձի զոհողությամբ հոտի համար օրինակ լինելով։ (Մաշտոց Ձեռնադրության)
Ձեռնադրության խորհուրդը
Ձեռնադրությունը (Քահանայության կամ Խորհրդի կարգը), աստվածային պաշտոնին նվիրվելու՝ Ավետարան քարոզելու, Եկեղեցու խորհուրդները սպասավորելու, Քրիստոսով փրկություն շնորհելու, ժողովրդին ապաշխարության հրավիրելու, նաև շնորհ փոխանձելու խորհուրդն է։ Ձեռնադրությունը տրվում է եպիսկոպոսի կողմից և նվիրագործվում Սուրբ Հոգու օծումով։ Խորհուրդը Մկրտության ու Դրոշմի նման անկրկնելի և անջնջելի է։
Խորհուրդի հաստատումը
Այս խորհուրդը նույնպես հաստատել է Հիսուս Քրիստոս։ Իր տնօրինական առաքելության ընթացքում ընտրելով Իր աշակերտներին ու նրանց քահանայապետական իշխանություն տալով (Ղուկ. ԻԴ 50-51)։
Այդ իշխանությամբ առաքյալները սարկավագներ էին ձեռնադրում (Գործք. Ջ 5-6), Տիրոջ խոսքի համաձայն կապում էին և արձակում մարդկանց մեղքերը, իրենց ձեռքերը դնելով հիվանդների վրա՝ բժշկում նրանց (Գործք. ԻԸ 8-9)։
Այդ նույն իշխանությունը առաքյալները Սուրբ Հոգու շնորհով փոխանցեցին իրենց հաջորդներին, այդ իշխանությունը ստանում է նաև այսօր ձեռնադրվող հոգևորականը։ Այսպես կազմավորվեց Եկեղեցու նվիրապետական կառույցը։
Եկեղեցու նվիրապետական կառույցը
Այն ունի ինը աստիճան.
Ա) Դռնապանություն, Բ) Ընթերցողություն, Գ) Երդըմնեցուցչություն, Դ) Ջահնկալություն, Ե) Կիսաարկավագություն, Զ) Սարկավագություն, Է) Քահանայություն, Ը) Եպիսկոպոսություն, Թ) Կաթողիկոսություն։
Դռնապանությունից մինչև Սարկավագությունը կոչվում են փոքր աստիճաններ, իսկ վերջին երեքը մեծ աստիճաններ։ Այս փոքր աստիճանները խորհրդագործական կարգին չեն պատկանում, այլ սոսկ մասնավոր տվչություններ են Եկեղեցու ծիսական կանոնավորության համար և կազմում են դպրած դասը։ Փոքր աստիճանները թեև վեցն են, սակայն կա նաև Սաղմոսերգուի և Ավելածուի պաշտոնը։
Դռնապան. Եպիսկոպոսի հրամանով բացում և փակում է եկեղեցու դուռը։ Աստիճանը տրվում է Եպիսկոպոսի կողմից, եկեղեցուց դուրս, նվիրյալին հանձնելով եկեղեցու դռան բանալիները։
Ընթերցող. Աստիճանը տրվում է եկեղեցում, դռան մոտ։ Ընթերցողի պաշտոնն է կարդալ մարգարեական և առաքելական ընթերցվածքները։ Նա պետք է հասուն անձ լինի։
Երդմնեցուցիչ. Աստիճանը տրվում է եկեղեցու ատյանում։ Այսօր այս պաշտոնը գոյություն չունի։ Նախքինում նրա պարտականությունն է եղել. ա) Հիվանդների վրա ձեռք դնելով հրամայել դեվերին դուրս գալու նրանցից, բ) Մկրտվողներին հրաժարեցնել սատանայից։
Զահնկալ. Աստիճանը տրվում է եկեղեցու դասի առջև։ Ջահնկալը պարտավոր է վառել եկեղեցու մոմերը ու ջահերը, Սուրբ Պատարագի նշխարը և բաժակը պատրաստել։
Կիսասարկավագ. Աստիճանը տրվում է եկեղեցու դասի առջև։ Կիսասարկավագը պարտավոր է խնկարկել, զգեստավորել պատարագիչին, սապսավորել ս. Պատարագի խորհուրդը և այլն։
Սարկավագական աստիճան
«Սարկավագ» բառը հունարեն ծագում ունի, որ նշանակում է «սպասավոր, ծառա»։ Առաքելական շրջանում սարկավագները սպասարկում էին կարիքավորներին, ինչպես նաև տնօրինում էին քրիստոնեական համայնքի տնտեսական հարցերը։ Նրանց պարտականության մեջ է մտնում սուրբ Սեղանի առջև սպասարկել պատարագիչ հոգևորականին։ Ձեռնադրության ընթացքում եպիսկոպոսը նրան հետևյալ ծիսական արտոնություններով է օժտում. Պատարագի ընթացքում Ավետարանի ընթերցում, ինչպես նաև խորհրդանոցից սուրբ Խորհուրդը վերաբերելով ընծայում պատարագիչ հոգևորականին։
Քահանայական աստիճան
Սարկավագական աստիճանին հաջորդում է քահանայականը։ Քահանան Եկեղեցու խորհուրդները, աստվածային պաշտամունքները և արարողությունները անձն է և հովիվը։ Հայաստանյայց Եկեղեցին ունի նաև կուսակրոն քահանաներ, որոնք կոչվում են աբեղաներ։ Աբեղաները ստանում են նույն քահանայական ձեռնադրությունն ու օծումը՝ իրենց լուծը ծանրացնելով կուսության ուխտով։
Վարդապետական աստիճան
Այս աստիճանը Եկեղեցում արանձին կարգ չի ներկայացնում, այլ կուսակրոն քահանայություն ունեցողին տրվում է որպես գիտական աստւճան։ Վարդապետական այս աստիճանի հատուկ պաշտոնն է քարոզել և ուսուցանել, մեկնել Աստվածաշունչը, Եկեղեցու դավանությունը, ծեսն ու կանոնները բացատրել և ընդհանուր առմամբ հսկել Եկեղեցու վարդապաետության անաղարտ պահպանմանը։ Վարդապետությունն ունի 14 աստիճան։ Առաջին չորսը մասնավոր վարդապետի աստիճաններն են, իսկ մնացածը՝ մեծ կամ ծայրագույն վարդապետի։
Եպիսկոպոսական աստիճան
Եպիսկոպոսությունը Եկեղեցու նվիրապետական կարգի բարձրագույն աստիճանն է։ Նա Եկեղեցու տեսուչն է (Տիտ. Ա 8-9), ժողովրդի առաջնորդն ու թեմի կառավարիչը։ Միայն եպիսկոպոսն իրավունք ունի Եկեղեցու բոլոր խորհուրդների ու կարգերի հետ միաժամանակ նաև ձեռնադրություն կատարելու։ Բացառությունը մեռոնի օրհնությունն է, որը վերապահված է միայն կաթողիկոսին։
Արքեպիսկոպոս և Պատրիարք
Արքեպիսկոպոս և Պատրիարքը ձեռնադրությամբ և օծումով եպիսկոպոսներ են, սակայն վարչականորեն տարբեր իրավասություններ ունեն։ Արք կամ Արհի նշանակում է մեծ, այսինքն՝ այն եպիսկոպոսը, ով իր վարչական իրավասությանը ենթակա ունի մեկ կամ ավելի եպիսկոպոսներ։ Ներկայում արքությունը վերածվել է պարզ տիտղոսի, որը տրվում է Կաթողիկոսի կողմից հատուկ կոնդակով։
Պատրիարք հունարեն բառ է և նշանակում է Հայրապետ։ Հայ Եկեղեցում պատրիարք են կոչվում Երուսաղեմի, Կ. Պոլսի հայոց նվիրապետական աթոռները գլավորող արքեպիսկոպոսները։
Կաթողիկոս
Կաթողիկոս նշանակում է ընդհանուր պետ։ Նա նախանձախնդիր պահապան է մեր Եկեղեցու՝ դավանության, ծեսի, կանոնների ու ավանդության։ Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղափառ Եկեղեցու բացարձակ առաջնորդն է։ Նա կոչվում է նաև քահանայապետ, եպիսկոպոսապետ, հովվապետ։ Կաթողիկոսն է ձեռնադրում եպիսկոպոսներին և օրհնում սրբալույս մեռոնը։ Նրա օրհնությամբ և կարգադրությամբ են վճռվում Եկեղեցու վարչական, ինչպես նաև դավանաբանական կարևոր խնդիրները։ Միայն կաթողիկոսն իրավունք ունի ամուսնալուծության վճիռ տալու։
Ամփոփում
ՁԵռնադրության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանները.
1. Լինել չափահաս ու ունենալ մարմնական, մտավոր և հոգևոր անթերի վիճակ (Ղևտ. ԻԱ 16-18, 21)։
2. Ունենալ կոչմանը համապատասխան մտային և հոգևոր պատրաստվածություն։
3. Լինել արժանի աստվածային պաշտոնը ստանձնելուն։
4. Ունենալ ներքին վկայություն իր արժանավորության մասին (Բ Կոընթ.Ժ 18)։
5. Ունենալ վկայություն Եկեղեցու (ժողովրդի) կողմից։
6. Ունենալ հանձնառություն՝ հետևելու Հայ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը և Ս. Հայրերի ուսուցմանը՝ միաժամանակ մերժելով բոլոր աղանդավորական շարժումները և հերետիկոսությունները։
Անհրաժեշտ է նաև, որպեսզի նվիրյալը բարեպաշտ ծնողներից ու սուրբ անկողնուց շնված լինի։
Ահա թե ինչ է ասում ձեռնադրության ու քահանայության մասին սուրբ Հովհան Մանդակունին. «Քահանան ամենակալ Աստծու հրեշակն է։ Եթե արհամարհես, Աստծու առջև ես մեղանչում, որը նրան ձեռնադրեց, և նրա միջոցով Ինքն է կատարում պատարագի խորհուրդն ու մկրտությունը։ Թեպետ և նրանք արժանի չեն ահեղ խորհրդին մոտենալու, սակայն մարդկանց փրկության համար Աստված չի արգելում Սուրբ Հոգու շնորհները, որովհետև եթե էշի միջոցով և Բաղաամի դյութական ճանապարհներով խոսեց մարդկանց փրկության համար, որչափ ևս առավել անարժան քահանայի միջոցով ինքը գործի կդնի ամեն ինչ մեր փրկության համար։ Իսկ դու եթե սրբությամբ հաղորդակից դառնաս սուրբ խորհրդին, քահանայյի փղծությունը քեզ չի վնասի։ Նույնպես եթե որևէ մեկը պղձությամբ մերձենա սուրբ Խորհրդին, քահանայի սրբությունը չի օգնի։ Իսկ եթե համարես, թե արատավոր քահանայի ձեռքով Սուրբ Հոգու շնորհները չեն իջնում Պատարագի մեջ, և Աստված նրանով չի գործում, հիշի՜ր, որ խախտում ես Եկեղեցու կարգը և քո քրիստոնյա լինելու անունը։ Եվ եթե այդպես է, և Պատարագը Պատարագ չէ ըստ քեզ, ուրեմն նաև ձեռնադրությունը ձեռնադրություն չէ, ինչպես նաև քահանայության կարգը հաստատուն չէ։ Այսպիսով, քրիստոնեությանդ հույսը սնոտի է, որովհետև բոլորս էլ մեղքերով լեցուն ենք»։
Ինչպե՞ս ողջունել հոգևորականներին
Քահանային՝ Օրհնեցե՜ք, տե՜ր հայր, կամ՝ Օրհնյա՜, տե՜ր։
Աբեղային և վարդապետին՝ Աստված օգնական, հա՜յր սուրբ։
Եպիսկոպոսին՝ Աստված օգնական, սրբազա՜ն հայր։
Կաթողիկոսին՝ Աստված օգնական, վեհափա՜ռ տեր։
Հաղորդություն
«Նմանվեցեք Աստծուն, որպես սիրելի զավակներ,
և ընթացեք սիրով,
ինչպես որ Քրիստոս սիրեց մեզ
և Իր Անձը մատնեց մեզ համար
որպես անուշահոտ պատարագ և զոհ Աստծուն» (Եփիս. Ե 1-2)։
Խորհրդի հաստատումը
Հաղորդության խորհուրդը Հիսուս Քրիստոս հաստատեց Վերջին ընթրիքի ժամանակ, այդ պատճառով էլ այն հաճախ կոչում ենք նաև՝ Խորհրդավոր։ Տասներկու առաքյալների հետ զատկական սեղան նստած՝ Հիսուս վերցրեց բաղարջ հացը, օրհնեց, տվեց նրանց ու ասաց.
«Առե՜ք, կերե՜ք, այս է Իմ մարմինը»։
Հետո վերցրեց անխառն գինով լի բաժակը, գոհություն հայտնեց, տվեց աշակերտներին ու ասաց.
«Խմեցե՜ք դրանից ամենքդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար»։
Այնուհետև պատվիրեց.
«Այս արե՜ք իմ հիշատակի համար» (Մատթ. ԻՋ 26-29, Ղուկ. ԻԲ 19)։
Այսինքն՝ Հաղորդության խորհուրդը Հիսուսի Ինքնազոհաբերման, պատարագման խորհուրդն է։
Եվ Ս.Պատարագի արարողության բուն առանցքը Հաղորդության խորհուրդն է, որի ժամանակ Հիսուս Քրիստոս՝ Անմահ Գառը, որպես հաշտության զոհ, խորհրդավոր կերպով պատարագվում է Ս. Սեղանի վրա՝ բաշխելով մեզ Իր սուրբ Մարմինը ու սուրբ Արյունը, որով քավություն և թողություն է տրվում մեր մեղքերին։
Այդ պատճառով էլ Ս.Հաղորդության խորհուրդը կոչվում է նաև Անարյուն Պատարագ։
Հաղորդության խորհուրդը
Հաղորդվել նշանակում է հաղորդակցության մեջ դնել արարածին՝ Արարչի հետ, մեղավորին՝ Քավչարարի հետ, փրկվածին՝ Փրկչի հետ։ Այդ խորհրդով կենսական կապ է ստեղծվում քրիստոնյայի և Քրիստոսի միջև։
Հաղորդվողները, Ս.Պատարագի ժամին ճաշակելով Տիրոջ Մարմինը ու Արյունը, խորհրդաբար միանում են ոչ միայն Աստծուն, այլև իրար, և այդպիսով կազմում են Քրիստոսի Մարմինը՝ Եկեղեցին։
Ս.Հաղորդության խորհուրդը Եկեղեցու բոլոր անդամներին մեկտեղում է եղբայրական սիրո և խաղաղության կապով։
Այդ պատճառով էլ առանց այս խորհրդի Եկեղեցին չի կարող ապրել, քրիստոնյան չի կարող դառնալ ժառանգորդ Երկնքի Արքայության, հետևաբար չի կարող հավիտենական կյանք ունենալ.
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ՝ ասում ձեզ,
եթե չուտեք մարդու Որդու մարմինը
և չըմպեք Նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։
Ով ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունը,
հավիտենական կյանք ունի.
և Ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ;
քանի որ Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է,
և Իմ արյունը ճշմարիտ ըմպելիք։
Ով ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունը,
կբնակվի Իմ մեջ, և Ես նրա մեջ» (Հովհ.Ջ 54-57)։
Խորհրդի սպասավորը օծյալ հոգևորականն է, իսկ արդյունքը՝ հաղորդվողի շնորհների բազմացումը և ամենօրյա մեղքերի քավությունը։ Այս կապակցությամբ ս. Հովհաննես Մանդակունի հայրապետը ասում է.«Նրանք, ովքեր հավատով և երկյուղածությամբ են մոտենում Քրիստոսին, լուսավորվում են Սուրբ Հոգով և առաքինի գործերով օրեցօր վեր բարձրանում»։
Ուրեմն շատ կարևոր է, որ մեծագույն հավատով մոտենանք այս Սուրբ խորհրդին։
Խորհրդի նյութը
Խորհրդակատարման նյութը ցորենի անթթխմոր հացն է և խաղողի անապական գինին։
Ս. Գրիգոր Տաթևացին այսպես է բանաձևում խորհուրդը. «Հաղորդությունը իր մեջ պարունակում է Քրիստոսին՝ հաց ու գինու տեսքով, և նրանցից յուրաքանչյուրի մեջ Քրիստոս առկա է ամբողջապես»։
Հացն ու գինին խորհդավոր կերպով Քրիստոսի ճշմարիտ Մարմնի ու Արյան են փոխակերպում Ս. Պատարագի ընթացքում՝ Սրբագործման պահին։ Հացի ու գինու արտաքին հատկանիշները մնում են նույնը, իսկ ներքին էությունը փոխակերպվում է Քրիստոսի Մարմնի ու Արյան։ Մեր Եկեղեցում հացն ու գինին օրհնում են առանձին-առանձին և այնուհետև ճաշակելիս միավորում։
Ի՞նչ է հարկավոր հաղորդվելուց առաջ
Հաղորդվելուց առաջ առաջին պարտավորությունը, որ մոր առջև դնում է Եկեղեցին, մկրտված լինելն է, ինչպես նաև ուղղափառ վարդապետության խոստովանությունը։ Կարևոր է նաև հավատո խոստովաությունը, առանց դրա իմացության մենք չենք ըմբռնի, թե ինչ ենք ճաշակում՝ սովորական հաց և գինի, թե՞ Քրիստոսի Մարմինն ու Արյունը։ Այս է պատճառը, որ հաղորդության ժամանակ հնչում է հավատո խոստովանության մի փոքրիկ դրվագ.
«Ասացեք մեղայ Աստուծոյ.
հաւատամք ի Հայր Սուրբ Աստուած ճշմարիտ,
հաւատամք յՈրդին Սուրբ Աստուած ճշմարիտ,
հաւատամք եւ ի Հոգին Սուրբ Աստուած ճշմարիտ։
Զի Սա է կենդանի և կենդանարար մարմին և արիւն
Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի,
որ լինի մեզ ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց մերոց։
Խոստավանիմք եւ հավատամք»։
Հաղորդությունն ընդունելու երկրորդ կարևոր պայմանը հոգևոր մաքրությունն է։ Պողոս առաքյալը հետևյալ խրատն է տալիս մեզ.
«Ով որ ուտի այս հացը
կամ խմի Տիրոջ այս բաժակն արժանորեն,
պարտական պիտի լինի
Տիրոջ մարմնին ու արյանը։
Թող մարդ նախ ինքն իրեն փորձի
և ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից.
որովհետև ով ուտում է և խմում անարժանորեն,
իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում,
քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը։
Դրա համար իսկ ձեր մեջ բազում հիվանդներ
և ցավագարներ կան, և շատերն էլ մեռած են.
որովհետև մենք մեզ քննեինք,
ապա չէինք դատապարտվի։
Իսկ եթե դատվում ենք, Տիրոջից խրատվում ենք,
որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք» (Ա Կորնթ. ԺԱ 27-30)
Այս է պատճառը, որ հաղորդությունից առաջ անպայմանորեն պետք է քննենք իմքներս մեզ, զղջանք մեր սխալների համար, խոստովանենք Աստծու և Նրան պաշտոնյայի՝ հոգևորականի առջև։ Այդ օրը պետք է նաև ֆիզիկապես մաքուր լինել և նախքան հաղորդությունը, որևէ կերակուր չճաշակել։
Ամփոփում
Քրիստոնյաի կյանքի իմաստը Աստծու հետ հաղորդակցության մեջ է։ Այս մտածումով է, որ մենք պետք է մոտենանք Հաղորդության սուրբ խորհրդին։ Եվ որպեսզի մեր մերձեցումն Աստծու հետ իրական լինի, վերհիշենք այն կարևոր պարագաները, որոնց արքայության դեպքում իրավունք ենք ունենում հաղորդվելու։
1.Անհրաժեշտ է լինել մկրտված և ունենալ հավատի ուղղափառ խոստովանություն։
2.Հաղորդություն ընդունելու օրը, հաղորդությունից առաջ արգելվում է որևէ կերակուր ճաշակելը։
3.Մինչև Աստծուն մերձենալու այդ պահը, նույնիսկ Պատարագից էլ առաջ, խրախուսելի է ինքնաքննությունը, որպեսզի ճանաչելով ինքդ քեզ՝ կարող լինես վճռելու՝ հաղորդվե՞լ, թե ոչ։
4. Որևէ պատճառով ինքնաքննությունն անտեսելով հաղորդվելը արդարացուցիչ չէ։
5. Մեղքի պատճառով Աստծու և մարդու միջև խզված կապը վերականգնելու համար պետք է զղջում և ցավ ունենալ գործած մեղքերի համար, այնուհետև՝ խոստովանություն։
6. Մեծ Պահոց շրջանում, երբ եկեղեցու վարագույրը փակ է, պատարագի ժամանակ Հաղորդություն չի տրվում։
7. Հաղորդություն տրվում է բոլոր բաց պատարագների ժամանակ՝ Տերունի, սրբոց, մեռելոց և այլն։
8. Հղի կանայք կարող են հաղորդվել։
9. Ս. Հաղորդություն չի տրվում հետ ծննդաբերության քառասունկի մեջ գտնվող կանանց և ամսականի ժամանակ։
10. Ս. Հաղորդություն ստանալու բուն պահը պատարագի վերջում է, երբ սարկավագը ասում է.«Երկիւղիւ եւ հաւատով յառաջ մատիք եւ սրբութեամբ հաղորդեցարուք»։
11. Ծանր հիվանդ հավատացյալները կարող են հաղորդվել տանը։
«Քրիստոս պատարագեալ
բաշխի ի միջի մերում. ալէլուիա։
ԶՄարմին իւր տայ մեզ կերակուր
եւ սուրբ զԱրիւն իւր ցօղէ ի մեզ.
ալէլուիա»։
Կարգ հիվանդաց կամ վերջին օծում
Ով մեղանչում է իր Արարչի առջև, նա կընկնի բժշկի ձեռքը (Սիրաք ԼԸ 15)։
Կարգ հիվանդացի խորհուրդը
Կարգ հիվանդացն այն սուրբ խորհուրդն է, որը կատարվում է հավատացյալ հիվանդի վրա։ Խորհրդակատարման ժամանակ հոգևորականի աղոթքով հիվանդի վրա է իջնում աստվածային շնորհը և բուժում նրա հոգևոր ու մարմնավոր տկարությունները։ Այս խորհրդով Եկեղեցին աստվածային շնորհներ է մատակարարում իր հիվանդ հավատացյալների ապաքինման և կազդուրման համար։ Փրկարար խորհուրդը կատարվում է ո՜չ միայն Եկեղեցում, այլև տանը՝ նրանց համար, ովքեր անկողնային ծանր (մահամերձ) հիվանդ են։
Եկեղեցին ուսուցանում է, որ մարդուն պատուհասած հիվանդությունը հիմնականում նրա կամա թե ակամա գործած մեղքերի արդյունքն է։ Ասում ենք հիմնականում, որովհետև կան նաև ժաևանգական հիվանդություններ։
Հիվանդ է այն մարդը, ով հեռացել է Աստուած և ապրում է քրիստոնյային ոչ վայել անկանոն կյանքով։ Եվ որպեսզի առողջանա, ապա պետք է ապաշխարի, խոստովանի իր գործած մեղքերը։ Այդ դեպքում Եկեղեցին՝ նրա հոգևորականը, աղոթում է նրա համար՝ կատարելով Հիվանդաց կարգը։ Այսպիսով՝ այս խորհուրդը մերձենում ու նույնանում է Ապաշխարության խորհրդին։
Խորհրդի հաստատումը
Քրիստոս Իր քարոզչության շրջանում կատարեց բազմաթիվ բժշկություններ, որոնք նկարագրված են Ավետարաններում։ Շատերը մոտենալով Քրիստոսին մարմնավոր ապաքինում էին ակնկալում Նրանից, բայց ահա թե ինչ է Հիսուս պատասխանում նրանց. «Քո մեղքերը քեզ ներված են» (Մատթ.Թ 2), կամ՝ «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Մատթ. Թ 29) և այլն։ Ուստի հիվանդություններից ապաքինման լավագույն ճանապարհը հավատքն է, սեփական մեղքի գիտակցումը, ապաշխարությունը ու ապավինումը Աստծուն ու Եկեղեցուն։ Այս ամենով բնավ չենք ենթադրում, թե պետք է արհամարհենք բնական դեղամիջոցները, այլ ընդունելով այս ամենը որպես ապաքինման բնական ճանապարհներ՝ պետք է քաջ հասկանանք, որ վերջնական փրկությունը միայն Աստծուց է։ Դրա օրինակը առկա է Ավետարաններում, տեռատես կնոջ դրվագում։ տառապելով արյունահոսությամբ՝ նա երկար տարիներ դիմել էր բոլոր հնարավոր դեղամիջոցներին, սակայն իր հիվանդության բուժումը չեր ստացել։ Եվ ի վերջո, հուսալքված գիտության հնարած դեղերից, հավատքի զորությամբ դիմում է Քրիստոսին։ Հիսուս նրան պատասխանում է. «Քաջալերվի՜ր, դո՜ւստր, քո հավա՜տը քեզ փրկեց»։ Եվ նույն ժամին կինը բժշկվեց» (Մատթ.Թ 22, Մարկ.Ե 27-29,34)։
Վերջին օծում
Այս խորհուրդը նախկինուն անվանվել է Վերջին Օծում։ Հիվանդին յուղով օծելը հայտնի էր դեռևս Հին Ուխտի ժամանակներում, հետագայում այն գործադրեցին նաև առաքյալները. «Եվ նրանք ելան ու քարոզում էին, որպեսզի մարդիկ ապաշխարեն։ Եվ բազում դևեր էին հանում, բազում հիվանդների օծում էին յուղով ու նրանց բժշկում» (Մարկ.Ջ 12-13)։ Հակոբոս առաքյալը հակիրճ այսպես է բացատրում խորհրդի իմաստը. «Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով։ Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Եւ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Հակոբ.Ե 14-15)։
Սկզբնապես մեր Եկեղեցում խորհուրդը այդպես էլ կատարվում էր, սակայն հետագայում Վերջին օծումը դադարեց շատ պարզ պատճառով. քանի որ մարդը չգիտի, թե ինքը որտեղ, երբ և ինչպես կհիվանդանա ու կմահանա։ Վերջին օծումը մեր Եկեղեցին միացրեց Առաջին օծմանը՝ Դրոշմին։ Երբ մկրտվելիս դրոշմվում են մեր աչքերը, ականջները, քիթը, բերանը, ձեռքերն ու ոտքերը, ապա այս օծումը վերաբերում է հենց Վերջին օծման խորհրդին։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ ու Ուղղափառ Եկեղեցում շեշտը դրվեց առավելաբար հավատի և մեղքերը խոստովանելու վրա, քան թե օծման։ Ըստ Սարգիս Շնորհալու՝ «Հիվանդին առողջություն տվողը յուղը չէ, այլ Տիրոջ անունը»։
Այս ամենի հիման վրա Եկեղեցին, հոգևորականին առաքելով իր հավատացյալ հոտի անդամներից որևէ մեկի համար հիվանդաց կարգը կատարելու, չի պատվիրում, որպեսզի նա հրաշք գործի, այլ որպեսզի հավատի քննությամբ, խոստովանությամբ և քաջալերող հորդորներով մեղքերից արձակում տա։ Այսպիսի դերով է հադես գալիս հոգևորականը հիվանդաց կարգի ժամանակ։ Նա իր մխիթարական խոսքով, խոստովանության կարգի կատարմամբ գործած մեղքերի քննությունն առնելով, բարի խրատով, ի վերջո, Աստծուց առաց հրամանով մեղքերից արձակելով և հիվանդին հոգեկան խաղաղության առաջնորդելով նախագրյալներ է ստեղծում, որպեսզի նա վեր գտնվի մարմնական ցավերից՝ աղոթքի օգնականությամբ հուսալով Աստծու ողորմությանը։ Եվ վստահ ենք, որ անկեղծ հավատքը անվարձահատույց չի մնա, ինչպես որ Հիսուս հաճախ պատասխանում էր մարդկանց. «Այն ժամանակ դիպավ նրանց աչքերին և ասաց. «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ»։ Եվ բացվեցին նրանց աչքերը» (Մատթ.Թ 29)։
Մարդուն իր այս թույլ և տկար հոգեվիճակից բարձրացնելու համար հոգևորականը նախ հիվանդին զղջման է առաջնորդում, որպեսզի վերջինս հրաժարվի այն մեղքերից, որոնք Աստծուց բաժանման առիթ են հանդիսացել։ Երկրորդ՝ ավետարանական օրինակներով հիվանդի մեջ թարմացնում է առ Ատված հավատքի, հույսի և սիրո զգացումները։ Երրորդ՝ աղոթքով խնդրում է Աստծուց հիվանդի համար ապաքինում։
Ամփոփում
Կարգ հիվանդացի առնչությամբ յորաքանչյուր քրիստոնյա պետք է հիշի հետևյալ կարևոր հանգամանքները.
1. Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի Եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն (Հակոբ.Ե 14)։
2. Եկեղեցու այս խորհուրդը միայն մահամերձ հիվանդի վրա չէ, որ կատարվում է, այլ յուրաքանչյուր քրիստոնյայի, որն իր մարմնական տառապանքի, հիվանդության մեջ հոգևոր բժշկությամբ նաև մարմնական ապաքինում է ակնկալում։
3. Խորհրդի կատարման հիմքը հիվանդի զղջումն է ու հավատքը։
4. Խորհուրդն իրականանում է քահանայի աղոթքով, Ավետարանական ընթերցվածներով, Ս.Խաչը, Ավետարանը և քահանայական իշխանությամբ ձեռքը հիվանդի գլխին դնելով։
5. Բժշկարար ուժն աստվածային զորությունն ու կարողությունն է, բոլոր մյուս պարագաները միջոցներ են այդ ուժը տեսանելի դարձնելու համար։
Փարատի՜ր ցավերն ու բժշկի՜ր հիվանդությունները
Քո ժողովրդից, Տե՜ր Աստված մեր,
և բոլորին կատարյալ առողջություն շնորհիր
Քո ամենահաղթ խաչի նշանով,
որով մարդկային ազգի տկարությունը
վերցրիր և դատապարտեցիր մեր կյանքի
ու փրկության թշնամուն։
Մկրտություն
Քահանան (երիցս) հարցնում է կնքահորը. «Այս երեխան ի՞նչ է ցանկանում»։
Կնքահայրը (երիցս) պատասխանում է. «Հավատք, հույս, սեր և մկրտություն։ Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»։ (Մաշտոց, Կանոն սուրբ Մկրտության)
Կյանքում շատերս կարևորում ենք մեր ծննդյան օրը և հաճախ մեծ շուքով տոնում։ Իսկ եթե նույնիսկ կարևորություն չենք տալիս այդ իրադարձությանը, միևնույն է, ժամանակ առ ժամանակ առիթ ենք ունենում մտածելու մեր աշխարհ գալու մասին։ Աշխարհ գալու գեղեցիկ սկիզբը, որ ազդարարվում է մանկան ճիչով, իր մեջ մեծ խորհուրդներ է պարունակում։ Այդպիսի մի մեծագույն խորհուրդ է մեր հոգևոր ծնունդը, որը կոչում ենք մկրտություն։
Մկրտության խորհրդի հաստատումը
Մկրտության օրինակը տվել է Ինքը Քրիստոս։ Հիսուսի մկրտությունը մի բարձրաղողանջ հրահանգ է, որը մեզ պարտավորեցնում է սրբազան երկյուղով մոտենալ այդ վեհ խորհրդին։ Քրիստոս, Հորդանան գետի մեջ մկրտվելով, օրհնեց ջուրը, իսկ Նիկոդեմոսի միջոցով էլ հայտնեց մեզ, որ եթե չծնվենք, Հոգուց և ջրից, չենք կարող Աստծու արքայություն մտնել (Հովհ.Գ 5)։ Տերը մի ժամանակ ջրհեղեղով պատժեց մարդկությանը, իսկ այժմ նույն ջրով նոր կյանք է պարգևում։
Մկրտությամբ մարդը նորոգվում է, վերածնվում և մաքրվում ադամական (սկզբնական) մեղքից։ Այն մեղքից, որն առաջացավ Ադամի անհնազանդության պատճառով, և որին ժառանգորդ դարձավ ամբողջ մարդկությունը։ Աստծու պատվիրանի նկատմամբ անհնազանդությունը պատճառ եղավ, որպեսզի Ադամը զրկվի դրախտային կյանքից՝ իր շնորհական վիճակից, դառնա մահկանացու և դատապարտվի Դրախտից դուրս ապրելու և սեփական քրտինքով հանապազօրյա հացը վաստակելու։ Այդ անհնազանդությունը պատնեշ առաջացրեց մարդու և Աստծու միջև, ինչպես նաև հոգու և մարմնի, որով և մարդու բնությունը շնորհազրկվեց։
Մարդուն այս անկյալ վիճակից բարձրացնելու համար Աստված Ինքը ձեռք մեկնեց Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Քրիստոս Իր մարդեղությամբ, քարոզությամբ, քավչական մահով, հարությամբ և մկրտության սուրբ խորհրդի միջոցով մարդուն ազատեց ադամական մեղքից։ Հիսուս ասաց. «Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի» (Մարկ.ԺԳ 16)։
Հետևաբար ոչ միայն անհրաժեշտ է մկրտվել, այլև կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում մկրտություն։
Ի՞նչ է կատարվում մկրտության պահին
Մկրտությամբ մարդը դառնում է Աստծու որդեգիր և անդամ Քրիստոսի Եկեղեցու։ Մաքրվելով սկզբնական մեղքից և ծնվելով հոգևոր ծննդյամբ՝ նա դառնում է Երկնքի Արքայության ժառանգորդ՝ վերստին ստանալով աստվածային այն պատկերը, որ ուներ Դրախտում մինչ մեղսագործությունը։ Մկրտությամբ մեռնում է հին մարդը, և ծնվում նորը։ Այդ պատճառով էլ մկրտված մարդը պետք է հեռանա իր կյանքի նախկին անհավատ ընթացքից և քայլի աստվածային արդարության ու ճշմարտության ճանապարհով։
Ի՞նչ է անհրաժեշտ մկրտվելու համար
Մկրտության համար նախ պետք է հավատք ունենալ։ Հրաժարվել չարից ու նրա բոլոր գործերից։ Պետք է գիտենալ հավատքի դավանությունը։ Ունենալ համապատասխան գիտելիքներ քրիստոնեության և Եկեղեցու վերաբերյալ։ Այսինքն՝ մկրտվելուց առաջ պետք է անցնել որոշակի նախապատրաստական շրջան։ Եվ ամենից առաջ պետք է հավատալ Սուրբ Երրորդությանը, քանի որ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով ենք մկրտվում, ինչպես և Քրիստոս պատվիրեց իր առաքյալներին.
«Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացե՜ք ուրեմն, աշակերտ դարձրե՜ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՜ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրե՜ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 18-20)։
Մարդիկ հաճախ հարց են տալիս. «Եթե հավատքը կարևոր նախապայման է, ուրեմն ինչո՞ւ է կատարվում մանկանց մկրտությունը»։
Ակնհայտ է, որ մենք չգիտենք մեր վախճանի օրը, սակայն պարտավոր ենք այդ օրը դիմավորելու Աստծուն որդեգիր դարձած և Աստծու խնամքին հանձնված, քանի որ մկրտության շնորհիվ ո՜չ միայն մարդկային հոգածությամբ ենք կյանքի փորձություններին դիմակայում, այլև աստվածային խնամատարությամբ՝ ունենալով մեր պահապան հրեշտակը, որն Աստծու առջև մեր բարեխոսն է։ Այսու պետք է մկրտվող երեխան ունենա իր կնքահայրը։ Վերջինս էլ պարտավոր է լինել մկրտված և ունենալ հոգևոր գիտելիքների որոշակի պաշար, որպեսզի Աստծու պատվիրանների համաձայն դաստիրակի փոքրիկին։
Երբեմն մարդիկ ասում են, որ իրենք մկրտվելիս չեն զգացել, թե ինչ է կատարվել, չեն զգացել, որ այդ մկրտությամբ դարձել են Աստծու որդեգիր, և ընդհանրապես մկրտության խորհուրդը կատարվելիս չեն գիտակցել Աստծու ներկայությունը։ Սակայն մարդը ավելի շուտ պիտի մտածի, որ ոչ թե Աստված է, որ ներկա չի գտնվել այդ խորհրդի ժամանակ, այլ մարդն է, որ իր տկար հոգեվիճակի մեջ չի զգացել Աստծու ներկայությունը։ Եկեղեցին իր վարդապետությամբ հաստատում է, որ ամեն մի խորհուրդ կատարվում է Քրիստոսի ձեռքով և օրհնությամբ է լցնում այն ընդունողներին՝ անկախ խորհրդակատար անձից, ինչպես նաև անկախ ընդունողից։ Քրիստոսի Եկեղեցին միշտ էլ աշխատել է, որպեսզի խորհրդակատարման երկու կողմերն էլ բավարար պատրաստություն ունենան՝ այն մատուցելու և ընդունելու։
Ուստի հավատա՜, որ եթե մկրտվես, Աստված քեզ պիտի օրհնի, իսկ եթե մկրտված ես, ուրեմն աշխատի՛ր սրբությամբ պահել շնորհաբաշխ մկրտության սուրբ խորհրդի պարգևները, այլապես գանձ ունենալն ու անտեսելն առավել վտանգավոր է, քան ընդհանրապես չունենալը։
Ամփոփում
Մկրտության խորհրդի կատարման համար Եկեղեցին կարևորում է հետևյալ անհրաժեշտ հանգամանքները.
1. Միշտ հիշի՜ր, որ մկրտության սուրբ խորհուրդը հաստատել է մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, անձամբ մկրտվելով սուրբ Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում։
2. Մկրտությամբ մարդը մաքրվում է ադամական մեղքից։ Մկրտությունն ընդունող երախան (այսպես են կոչում չմկրտվածին) դառնում է Աստծու որդեգիր։ Նա արդեն Քրիստոսին իր անձի վրա կրում է որպես աներևույթ և զորավոր մի զգեստ։
3. Մկրտությունը պետք չէ դիտել որպես ազգային սովորություն կամ էլ զվարճության ու կերուխումի առիթ, այլ պետք է առաջին հերթին լրջորեն պատրաստվել այն ընդունելու համար։
4. Մկրտության վայրը Եկեղեցին է և միայն բացառիկ դեպքերում այն կարելի է տանը կատարել։
5. Մկրտության նյութը ջուրն է, անկախ իր տեսակից (աղբյուրի, գետի թե ծովի) և որակից (պղտոր թե հստակ)։
6. Մկրտության ժամանակ մանուկ երախան հանուն Սուրբ Երրորդության երեք անգամ ընկղմվում է ջրով լի ավազանի մեջ՝ խորհրդանշելով Քրիստոսի մահը, թաղումը և հարությունը, որով մասնակից է դառնում Քրիստոսի կյանքին։ Մեծահասակների դեպքում ընկղմման փոխարեն պարզապես երեսի լվացում է տեղի ունենում։ Հետևաբար ճիշտ կլինի, եթե մկրտվողը մաքուր լինի աշխարհային քսուքներից և դիմափոշիներից։
7. Մկրտությունից առաջ կնքահայրը ենք ընտրում։ Հաճախ, չկարևորելով կնքահոր պարագան, ընտրում ենք պատահական մեկին՝ լրացնելով ծեսի միայն ձևական կողմը։ Սակայն խրախուսելի է, որպեսզի կնքահայրն այնպիսի մեկը լինի, որն իր քրիստոնեական գիտելիքների հմտությամբ կարողանա ուղեցույց լինել մեջ։ Կնքահայրը անպատճառ պետք է լինի մկրտված և հավատացյալ անձ։
8. Եթե մարդը գիտակցական տարիքում է մկրտվում, ապա պետք է հոգևոր լուրջ պատրաստության շրջան անցնի։ Իսկ մանուկը այդ շրջանը պետք է անցնի իր աճմանը զուգընթաց՝ կնքահոր ու ծնողների աջակցությամբ։
9. Մկրտության խորհրդակատար անձը քահանան է։ Աշխարհականներից և ոչ ոք իրավունք չունի մկրտություն կատարելու, քանի որ այդ իրավունքն ու իշխանությունը աստվածադիր օրհնությամբ առաքյալների կողմից փոխանցվեցին քահանաներին։
10. Պետք է իմանալ, որ արգելվում է կրկնամկրտությունը, որովհետև մարդը մեկ անգամ է ծնվում, և քանի որ մկրտությունն իր մեջ ծննդյան խորհուրդն ունի, ուստի մեկ անգամ էլ մկրտվում է. «Մե՜կ Տեր կա, մե՜կ հավատք, մե՜կ մկրտություն»,- ասում է Պողոս առաքյալը (Եփես.Դ 5)։
11. Նոր ծնունդը մկրտությամբ մեզ իրավունք է տալիս նաև նոր անուն ունենալ։ Որևէ մեկը մկրտվելով կարող է իր անունը փոխել՝ որպես Քրիստոսով վերածնված նոր մարդ։
12. Մկրտությունից առաջ մեզ մոտ պետք է ունենանք խաչ, կարմիր ու սպիտակ թելերից հյուսված նարոտ (որը խորհրդանշում է խաչի վրա Քրիստոսի կողմից հոսած արյունն ու ջուրը) և փոքրիկ սրբիչ, որն անհրաժեշտ է լվացած դեմքը սրբելու համար։ Ընդունված է այդ սրբիչը սրբությամբ պահել։
13. Եթե պսակի համար կան արգելված օրեր, ապա մկրտությունը կարելի է կատարել տարվա բոլոր օրերին։
14. Մկրտվել կարող են նաև հղի կանայք, բայց նրանց մկրտությունը պտղին չի վերաբերում։
15. Մկրտվողը մեկընդմիշտ դառնում է Քրիստոսի Եկեղեցու անդամ։ Հայ Եկեղեցին մասն է Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու, հետևաբար, եթե որևէ մեկը մկրտվել է Հայ Եկեղեցում, ուրեմն Հայ Եկեղեցու անդամ է և պարտավոր է գեթ իր աղոթքներով սատար կանգնել այդ Եկեղեցում։
16. Մկրտությունից հետո գործած մեղքերից թողություն ստանալու համար սահմանված է Ապաշխարության խորհուրդը։
17. Մկրտության խորհրդին անմիջապես հաջորդում է Դրոշմի խորհուրդը։
Այսպիսով, եթե քո մեջ հասունացել է հոգևոր վերածննդի պահը, մի՜ երկմտիր, հավատա՜ Աստծու առաջնորդությանը և գնա՜ Եկեղեցի։ Կնքի՜ր հաշտության այդ դաշինքը, որը կենսորոշ ու վճռական է մեզանից յուրաքանչյուրի համար։
Տե՜ր, աղաչում եմ Քեզ, օգնիր ինձ՝ մեղավորիս,
հասկանալու Քո գաղտնիքները։
Բացի՜ր իմ աչքերը՝ տեսնելու Քո անտեսանելի
Խորհուրդները, և ուժ տուր ինձ՝
ծնվելու մկրտության սուրբ ավազանից. ամեն։
Պսակ ամուսնության
«…Նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ ետևից և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Ապա ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Այդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ.ԺԳ 4-6)։
Պսակի խորհուրդը
Պսակի խորհուրդը հաստատվել է դեռևս Դրախտում, Աստծու կողմից (Ծննդ.Բ 18, 22-24)։
Քրիստոնեական Եկեղեցում Պսակի խորհրդի ժամանակ, այր ու կին քահանայի աղոթքով ու օրհնությամբ ընտանիք կազմելու նպատակով միավորվում են և ստանում Սուրբ Հոգու շնորհը, որով այդ միությունը, որպես անխախտ դաշինք ամրապնդվում է նրանց համատեղ կյանքի բոլոր օրերի համար. ունենալու զավակներ և նրանց քրիստոնեական ոգով դաստիրակելու ակնկալիքով։
Երկրի վրա կնքված այս դաշինքի «խորհուրդը մեծ է» (Եփիս.Ե 32), քանզի քրիստոնեական պսակը և ընտանիքը պատկերն ու մանրակերտն է երկնային մեծ ու անճառելի խորհրդի՝ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոս ու Իր Եկեղեցու անխախտ միության։ Ինչպես փեսան թողնելով իր հորը գնում է հարսի մոտ, այնպես էլ Հիսուս, թողնելով Հայրական Գահը եկավ, Իր հարսի՝ Եկեղեցու մոտ և անքակտելիորեն միավորվեց նրա հետ։
Աստվածային այս սիրո օրինակն ու իրագործումը քրիստոնեական ընտանիքն, որի կայացումը Եկեղեցին վավերացնում է Պսակի սուրբ խորհրդով։ Այս խորհրդով երկուսը՝ այր ու կին, ստանում են աստվածային օրհնություն, խորհրդավորապես միանում միմյանց, դառնում մեկ մարմին և մշտական կենակցության ուխտի մեջ մտնելով, ըստ Քրիստոսի և իր Եկեղեցու միության օրինակի, նվիրվում են Աստծու արքայության առաջադիմության համար միասնաբար աշխատելուն։
Այս ճանապարհին ամուսինները ո՜չ միայն պետք է արտաքին պարկեշտությունը պահպանեն, այլև ներքին՝ հոգևոր։ Այնպես որ ամուսնության մեջ մարմնականը չպետք է գերակշռի, այլ հոգևորը։ Մասնավորապես պսակադրության ընթացքում մատանիները, որոնք դրվում են փեսայի ու հարսի մատին, նշանակ են նրանց միության անխախտելիության, իսկ վառվող մոմերը՝ հոգևոր ուրախության և աստվածատուր շնորհի։ Թագերը, որ դրվում են նորապսակների գլխին, նշանն են նրանց ողջախոհության, քանզի Պսակը սուրբ է, և պետք է զերց մնալ պոռնկական ցանկություններից։ Գինի խմելը նշանակում է, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե ուրախությունները և թե դառնությունները միասին պետք է ճաշակեն։
Ամուսնության պայմանները
Եկեղեցին հետևյալ պայմաններն է առաջարկում երիտասարդ զույգերին առողջ և ամուր ընտանիք կազմելու նախաշեմին.
Ամուսնության կարևորագույն նպատակներից մեկը որդեծնությունն է։ Հետևաբար ամուսնական կապի համար մարմնական կանոնավորությունն անհրաժեշտ է։ Առողջական խնդիրներից ելնելով՝ արգելվում է ամուսնությունը կնատների, ներքինիների, ինչպես նաև հայտնի ամուլների։
Անհրաժեշտ է նաև հասունությունն ու չափահասությունը, մարմնապես ու հոգեպես առողջ սերունդ ունենալու, և թե սիրո ու բարոյականության գաղափարի հաստատության տեսակետից։ Ըստ որում կինը պետք է չապահաս լինի (17 տարեկան), իսկ տղամարդն առավել տարիներով (20-25)։ Կարևորվում է նաև արենակցական կապը։ Հայոց Եկեղեցին տասներեքերորդ դարում սահմանադրեց, որ պսակվողները յոթը պորտով բաժանված լինեն միմյանցից (որդին հոր հարաբերությամբ մեկ աստիճան է, մեկ պորտ է, թոռը՝ երկու, այսինքն՝ երկու անձերի միջև եղած ծնունդների թիվը հաշվվում է որպես աստիճան կամ պորտ, երկու եղբայրներ կամ քույրեր միմյանց նկատմամբ երկու պորտ են, այր և կին առանձին աստիճան չեն ներկայացնում, որովհետև մեկ մարմին են)։
Եկեղեցին անհրաժեշտ է համարում, որպեսզի ամուսնության թեկնածու տղամարդն ու օրիորդը լինեն մկրտված և դրոշմված։ Եկեղեցին արգելում է որևէ քրիստոնյայի ամուսնությունն այլադավանի հետ, բացառությամբ, եթե վերջինս ընդունի քրիստոնեություն։
Փոխադարձ սիրո հիմքը միահավատությունն է, որովհետև հավատքով է աճում մարդկանց հոգևոր կյանքը։ Տղամարդը տան գլուխն է, կինը՝ սիրտը, ուստի գլուխն ու սիրտը փոխադարձ համաձայնությամբ, սիրով և նվիրումով պետք է կապվեն միմյանց հետ։
Պսակի խորհուրդը անհրաժեշտ է, որ կատարվի եկեղեցու մեջ, եկեղեցականի կողմից՝ խաչեղբոր և ժողովրդի ներկայությամբ։ Գաղտնի կատարված պսակն անվավեր է։ Պսակը կրկնելի է, երբ ամուսիններից որևէ մեկը մահանում է։ Եկեղեցին երկու անգամ է թոյլ տալիս կատարել Պսակի խորհուրդը. «Կանոն կուսի պսակի» և «Կանոն երկրորդ պսակի»։ Երրորդ պսակը անթույլադրելի է։
Պսակադրության արգելված օրերն ավարտվում են եկեղեցական օրերի կանոնով, այսինքն՝ երեկոյան ժամերգությունից հետո։ Ուստի պսակն օրհնվում է արգելված օրը երեկոյանալուց հետո, պայմանով, որ հաջորդ օրն իր հերթին արգելված օր չլինի։ Պսակի համար արգելված օրերն են.
1. Տարվա բոլոր կիրակի օրերն առանց բացառության։
2. Յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օր (բացառությամբ Նոր Կիրակիից մինչև Համբարձում ընկած չորեքշաբթի և ուրբաթ օրերը)։
3. Հինգ տաղավար տոների մեռելոցի օրերը։
4. Ս.Ծննդյան, Անվանակոչության, Տյառնընդառաջի, Ավետման և Համբարձման օրերը։
5. Ամբողջ մեծ պահքի և զատկական առաջին ութ օրերը։
6. Առաջավորած, Վարդավառի, Ս.Աստվածածնի, Խաչվերացի, Հիսնակաց և Ս.Ծննդյան շաբաթապահքի հինգ օրերը։
Պսակը անլուծելի է պետական կամ մարդկային որևէ իշխանության կողմից. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. ԺԹ 6)։ Ինչպես որ անհնար է Քրիստոսին Իր Եկեղեցուց բաժանել, այնպես էլ անհնար է մարդուն իր կնոջից բաժանել։ Եկեղեցին՝ Ավետարանների մեջ ամուսնության մասին հատվածները մեկնելով (Մատթ.Ե 32, ԺԹ 3-10, Մարկ.Ժ 2-12, Ղուկ.ԺԶ 18), ընդունում է, որ պսակը լուծվում է միայն շնության մեղքի պատճառով։
Ամուսնալուծության պայմանները
Հայոց Եկեղեցին, օրինավոր պսակն անքակտելի համարելով հանդերձ, ամուսնալուծությունը թույլատրում է հետևյալ պարագաներում.
1. Պոռնկության դեպքում։
2. Երբ ամուսիններից մեկը վարակված է անբուժելի և վարակիչ հիվանդությամբ։
3. Երբ ամուսիններից մեկը դիվահար է կամ խելագար։
4. Երբ ամուսիններից մեկը 7 տարի բացակայում է տնից։
Պսակն անվավեր է, երբ.
1. Գաղտնի է կատարվում։
2. Բռնությամբ։
3. Պսակվողն արդեն օրինավոր ամուսին ունի։
Ամլության պատճառով ամուսնալուծում չի կատարվում։ Կրոնափոխությունն էլ ամուսնալուծության պատճառ չի ընդունվոմ, սակայն թույլատրելի է, եթե կրոնական բռնության դրսևորումներ կան։
Պսակի խորհուրդը Եկեղեցին է կատարում, և միայն կաթողիկոսն է, ով իրավունք ունի այն լուծելու։
«Կանա՜յք, հնազա՜նդ եղեք ձեր մարդկանց,
ինչպես որ վայել է ի Տեր։
Մարդի՜կ, սիրեցե՜ք ձեր կանանց և մի՜ դառնացրեք նրանց» (Կողոս.Գ 18-19)։
|