www.christianity.am



Աթոռ - Բազպան / Բաժակ - Գորփուրա / Գտակ - Թիկնոց / Ժամ - Ծածկոց
Ծաղիկ - Մատանի / Մատուռ - Պատմուճան / Պատվանդան - Քշոց

Աթոռ

Եկեղեցու մեջ նստելու ամեն մի կարասիներին աթոռ չի ասվում, այլ միայն այն նստարանին, որ եկեղեցու իշխանավորին է հատուկ. այս պատճառով սովորական խոսքի մեջ աթոռ ենք անվանում նույն ինքը իշխանությունը, ինչպես, օրինակ, կաթողիկոսական աթոռ, Կ.Պոլսի աթոռ անուններով հասկանոմ ենք կաթողիկոսություն ու պատրիարքություն։ Իշխանական աթոռը հնում ավելի պարզ ձև ուներ, բարձր նստարան էր, որը երկու կողմերում թևերը դնելու տեղեր ուներ, թիկնակ չուներ, և պարզ բազկաթոռ էր։ Հետո սկսեցին գործածվել աթոռներ, որոնք թևերից բացի հետևում էլ բարձրացած կռթնելու տեղ ունեին և դարձան թիկնաթոռ։ Աթոռները ամբողջովին փայտից էին, բայց հետո նստելու տեղն ու հետևի կռթնելու տեղը, հանգստության համար, սկսեցին փափուկ բրդով ու կերպասներով ծածկել։ Աթոռը եկեղեցու մեջ երկու տեսակ է. հաստատուն և շարժական։ Հաստատուն աթոռը հատուկ է վիճակավորին։ Մայր եկեղեցիների մեջ այն կանգուն է մնում տևական կերպով, և սեփական իրավամբ պատկանում է վիճակավորին, և վիճակավորից բացի ուրիշ բարձր աստիճան եկեղեցականներ դրա վրա չեն կարող նստել։ Հաստատուն աթոռները աջակողմյան դասի գլխավերեվում են, և վիճակավորի աստիճանի մեծության համեմատ մեկ, երկու կամ երեթ ասըիճանով պատվանդան կարող են ունենալ, ինչպես նաև աթոռի վերևը սյուների վրա բարձրացած կաթողիկե էլ կարողե դրվել, որ այժմ մեր կողմերում լոք մեծ աթոռների մեջ է երևում, թեև օրենքը և ուրիշ տեղերի սովորությունը դա ներելի է համարում ամեն մի վիճակավորի համար։ Աթոռների ավելի կամ պակաս զարդարված լինելը միմիայն տաճարի շքեղությունից ու ծախսից է կախված։ Իսկ շարժական աթոռները եկեղեցու մեջ գործածվում են ըստ դեպքերի և ըստ պետքերի, բեմի վրա քարոզի համար, եկեղեցու մեջ ատյանի համար, և բեմի առջև ձեռնադրության համար։ Հյուր եկած եպիսկոպոսներն էլ են վայելում շարժական աթոռի իրավունքը բեմի վրա և ատյանի մեջ, իսկ գավառներում` նաև ձախակողմյան դասում։ Վիճակավոր վարդապետներն էլ վիճակավորի իրավունքով` իրենց վիճակի մեջ, թե' հաստատուն և թե' շարժական աթոռներ ունեն, իսկ ծայրագույն վարդապետների հնում ունեցած աթոռի իրավունքը այժմ ընդհանուր և հաստատուն կերպով դադարել ու խապանվել է, իհարկե, ծայրագույն վարդապետության շատանալու և նշանակությունը կորցրած լինելու համար։

Ակն խաչի

Խաչի կենտրոնում տեղ կա, ուր երկու գծեր իրար են հատում կամ ուր չորս թևերը միանում են։ Մեր խաչերի մեջ սովորաբար այդ տեղում արժեքավոր, կամ անարժեք, բայց դրա նման քար է ամրացված, երբեմն էլ մասունք է զետեղված։ Խաչերն օծելու արարողության մեջ, օծելու հինգ տեղերից առաջինը Խաչի ակն է։ Գուցե դրված ակից է ծակել «Ակն» անունը, նաև կարելի է մեկնաբանել իբր բխման կամ ծագման սկիզբ, որովհետև կենտրոնից դուրս են գալիս չորս թևերը։

Աղավնի կամ աղավնաձև տուփ

Մեռոնը եկեղեցու մեջ սուրբ հոգու շնորհած նշանակն է և Ս.Հոգին Քրիստոսի մկրտությամ ժամանակ աղավնու կերպարաբքով հայտնվելով` սովորություն դարձավ, որ մեռոնը հանդիսավոր արարողությունների ժամանակ աղավնաձև շինված անոթների մեջ դրվի։ Մյուռոնի աղավնիները թևատարած աղավնու ձև են կրում, որի փորը մյուռոն դնելու տեղն է։ Մեռոնը լցնում են թիկունքին հարմարեցված անցքով և այն թափվում է բերանից, որի ներքին կտուցը շարժական է, թեքած ժամանակ բացվում է, շտկած ժամանակ փակվում։ Աղավնին էլ դրված է բնի վրա, որից բռնում են, իսկ դրա ներքևում պետք է լայն պատվանդան ունենա, մի տեղ դնելու և հանգցնելու համար։ Աղավնաձև տուփերը, գոնե մեռոն ընդունող մասը, ամբողջովին արծաթից պետք է լինի։ Արհեստական զարդերը և ճաշակի առարկաները տարբեր կարող են լինել, համաձայն պատվիրողի կարողության ու ոսկերչի ճարտարության։

Ամբիոն

Արևմտյան եկեղեցիների ամբիոները երկու տեսակ են. մեկը եկեղեցու պատից և վերևից դուրս եկած պատշգամբ է, իսկ մյուսը եկեղեցու մեջտեղը, գետնից բարձրացած կամ սյանը կռթնած տեղ է։ Երկուսն էլ հավասարապես ծառայում են քարոզելուն, և քարոզիչը ամբիոնի մեջ է մնում, որը ծայրից ծայր քառակուսի մետրաչափ տարածություն ունի չորս կողմը մինչև մեջքը վանդակով, կամ շրջապատով փակված է և քարոզիչը ձեռքը դրա վրա դնելով` խոսում է։ Հունական եկեղեցին էլ ունի ամբիոն` պատին կամ սյանը կռթնած ձևով, և ծառայում է թե' քարոզի, և թե' ընթերցելու համար։ Սակայն հայ եկեղեցիներում քարոզը բեմից է ասվում, և քարոզիչը գավազանը ձեռքին, բոլորին` ոտքի վրա կամ աթոռին նստած, տեսանելի է, իսկ գրածները կարդածվում են դասի միջից, հետևաբար ամբիոնը մեր եկեղեցիների համար ավելորդ էր, և չկա էլ։ Սակայն կան մի քանի եկեղեցիներ, որոնց մեջ ամբիոնները շինված են եկեղեցու կողմնակի պատի վրա, ինչպես Պոլսո ու Կարնո մայր եկեղեցիներում է, բայց իբրև ավելորդ, անգործածական են դարձել։ Երևում է, որ ժամանակին ցանկություն է ծագել այդ օտար ձևը ներմուծելու, բայց ընդունելությու չի գտել։ Հին ժամանակներից մնացած մի քանի եկեղեցիների մեջ ամբիոնի նման բան կա` այն էլ բեմի կամ դասի կողմերում, բայց ոչ իբրև քարոզչի ամբիոն, այլ լոկ իբրև իշխանավոր անձի վերնատուն։

Ամպհովանի

Բարձրաստիճան վիճակավորներին հատուկ պատվի նշանական է. նրանց գլխի վրայով տարածված հովանոց է, բավական ընդարձակ և քառանկյուն կերպասից պատրաստված և չորս կողմերը ծոպերով շրջապատված, որը վիճակավորի թափորով քայլելու ժամանակ, հորիզոնական դիրքով, չորս կամ վեց ձողերով բարձացրած տանում են չորս կամ վեց պատվավոր անձ կամ եկեղեցական սպասավորներ։ Արևելյան Հայոց վիճակներում ամպհովանու կիրառությունը սովորական է ամեն մի վիճակավոր եպիսկոպոսի համար, իսկ մեր վիճակներում քիչ տեղ է հատկացված դրա կիրառությանը։ Իզմիրում պահպանված սովորությունը հավանաբար ծագել է այն նույն վիճակից, ուր մինչև վերջին ժամանակները Էջմիածնի նվիրակները տերունի վիճակ էին համարում։ Կ.Պոլսի մեջ պատրիարքները գործածել են այն մինչև վերջին ժամանակները։ Կիլիկիայի ու Աղթամարի կաթողիկոսներն ու Երուսաղեմի պատրիարքները մինչև այսօր խահում են ամպհովանու կիրառությունը։

Աշտանակ

Փայտյա կամ մետաղյա տարբեր չափի և ձևի իր է, որի վրա մոմ է դրվում` հաստատուն ու շիտակ մնալու և վառվելու համար։ Աշտանակները սովորական տոների կահավորման մեջ են մտնում ու բոլորին ծանոթ են, և այլ բացատրության կարիք չկա։ Աշտանակները իրենց մեծությամբ տարբեր են, և ձևի, նյութի ու արհեստի տարբերության մասին խոսելը բոլորովին ավելորդ է։ Աշտանակները հիմնականում գործածվում են սեղանի վրա, ուր սովորաբար գտնվում են տասներկու մեծկակ աշտանակներ, իրենց հարմար մոմերով, բայց զարդարանքի տենչը հետզհետե շատացրել է աշտանակների թիվը և այժմ մեծ տոների օրերին սեղանների վրա տեղավորվում են մեծ ու փոքրիկ, գեղեցիկ ու տգեղ, հարմար ու անհարմար հարյուրից ավելի աշտանակներ։ Երբեմն անտաշ փայտի կոճղերն անգամ աշտանակի տեղ են ծառայեցնում, որը բնավ գովելի չէ, քանի որ եկեղեցական արարողություններին խանգարում են։ Աշտանակը վառված մոմերով ջահընկալի ձեռնադրության ժամանակ եպիսկոպոսից տրվում է նվիրյալի ձեռքը, իրավունք տալով կատարելու եկեղեցու լուսավորությունը։

Աշտանակ բազմաստեղնեան

կիրառության մեջ ընդունված են մեկ բնի վրա 2,3,4, կամ ավելի թևեր ունեցող աշտանակներ` նույն չափ մոմեղենների համար, որ բնավ անպատեհություն չունեն, և հին տաճարի յոթնաջահյան աշտանակի նմանություն ունեն։

Աշտանակ բեմի

Շատ եկեղեցիներ սովորություն ունեն բեմի երկու ծայրերին և առաջակողմին մեկական մեծամեծ աշտանակներ դնել մեծամեծ մոմերով։ Այդ աշտանակները որևէ խորհուրդ և ծիսական պահանջ չունեն և կարող են գործածվել իբրև սովորական զարդ։

Աշտանակ գրակալի

Եկեղեցիների մեջ սովորույթ է երկու հատ բարձր ու պատվանդանով աշտանակներ ունենալ, ուր մոմակիր կամ կերոնաբարձ տղաներ չլինելու դեպքում ավետարան կարդալու ժամանակ դրվում են ատյանի գրակալի մոտերքում կամ արարողությունների ժամանակ դրվում են բեմի առջևում։

Աստիճան

Եկեղեցու տարբեր կողմերում` դռների առջև, վերնատուն բարձրանալու համար, աստիճաններ են գտնվում, երբեմն էլ` եկեղեցին ցածր լինելու դեպքում, ծառայում են դրսից ներս մտնելուն։ Դրանք կառույցի պահանջն են և հատուկ բացատրության կարիք չունեն։ Այստեղ գլխավորապես հիշում ենք բեմի աստիճանները, որոնք գտնվում են բեմի երկու ծայրերին, և բեմի բարձրության համեմատ սովորաբար 3-ից մինչև 6 կամ 7 ոտք են լինում։ Այդ աստիճանները երբեմն դուրս են մնում դասի մեջ, երբեմն բեմի մեջ են մտնում, դարձյալ երբեմն արևմուտքից արևելք ուղղություն ունեն, և երբեմն էլ կողմնակի` հարավից հյուսիս և հյուսիսից հարավ, ուղղությամբ են բարձրանում կամ թե պտույտով միաժամանակ երկու ուղղություններ են կազմում։ Պատարագի արարողության սկզբում և վերջում աջակողմյան աստիճանով բարձրանալու և ձախակողմյանով իջնելու են ծառայում, իսկ թափորի առթիվ աջ կողմով իջնելու և ձախ կողմից ելնելու համար են։ Բայց ընդանրապես հաշվի են առնվում յուրաքանչյուր եկեղեցու դիրքի և ձևի պահանջները։

Աջակողմ

Եկեղեցու աջն ու ձախը մեծ դռնով մտնողի աջով ու ձախով չեն որոշում, այլ երեսով ժողովրդին դարձած սեղանը դիտվում է իբրև անձ և նրա աջ ու ձախով է որոշվում, որը մեծ դռնից մտնողի աջին ու ձախին հակառակ է։ Այլ բացատրությամբ, որովհետև եկեղեցիները միշտ դեպի արևելք են կառուցված, հետեևաբար հյուսիակողմը կլինի աջակողմյան, իսկ հարավակողմը` ձախակողմյան։ Այդ պատճառով վիճակավորի հաստատուն աթոռն ու տեղը հյուսիսային դասի գլխավերևում է։

Ատյան

Եկեղեցական կիրառությամբ ատյան բառով հասկանում ենք պարզապես մեջտեղը և ըստ դրա, երբ ասում ենք Ատյան եկեղեցու, Ատյան դասի, Ատյան բեմի` հասկանում ենք եկեղեցու մեջտեղը, դասի մեջտեղը, բեմի մեջտեղը։ Նույնպես, երբ ասում ենք Ատյանի ժամագիրք կամ Ատյանի ավետարան հասկանում ենք բենի մեջտեղը դրված ժամագիրքը կամ դասի մեջտեղը կարդալու համար գործածված ավետարանը։ Ինչպես տեսնում ենք, այդ իմաստը տարբեր է ատյան բառի մյուս իմաստից, որով հասկացվում է դատարան, դատաստան, կամ ժողով, թեև կապակցություն կարելի է տեսնել ժողով բառի հետ, որովհետև «ելանել յատեան» բացատրությունն էլ տոնացույցի մե) նշանակում է, թե երկու դասերի անձերը իրար մոտ են ժողովվում եկեղեցու մեջտեղում։

Արձան

Ընդհանուր իմաստով նշանակում է տնկված ու հաստատուն քար, և այդպիսի քարերի վրա հիշատակություն գրելն էլ ասվեց արձանագրել և հետո բոլոր հաստատուն հիշատակությունները, գրված թեև սովորական թղթի վրա, կոչվեցին արձանագրություն։ Բայց այստեղ արձան բառը ըմբռնում ենք ավելի նեղ իմաստով, իբր առնապատկեր կամ անդրի, այսինքն` քարից, կավից, գաջից, փայտից կամ մետաղից պատրաստված, քանդակված կամ ձուլված կենդանական կերպարանք ներկայացնող պատկեր, ինչ որ էլ եղած լինի ներկայացված անձը կամ կենդանին։ Այդ պատկերները սովորաբար կռելով ու կոփելով էին շինված, ուստի և կոչվեցին կուռք, և այդպիսի կուռքերին աստվածային պատիվներ ընծայելը սկսելուց հետո կուռք բառը չասված բառի համնշանակ իմաստ ստացավ։ Աստված հրեա ժողովրդին կռապաշտությունից զգուշացնելու համար տասնաբանային երկրորդ պատվիրանով հրամայեց.«Մի արասցես դու քեզ կուռս ըստ ամենայն նմանության» (Ելք. ի 4)։ Այդ արգելքը հրեաների ավանդությունից հին քրիստոնեությանը անցավ, և մինչև այսօր բոլոր արևելյան եկեղեցիները, ինչպես և մեր Հայ Ուղղափառ եկեղեցին իրենց տաճարների մեջ արձաններ չեն ընդունում, մինչ արևմտյան եկեղեցին այդ խղճմտությունը վաղուց է թողել, և իր եկեղեցիները գեղակերթ, նույնիցկ հրապուրիչ արձաններով են լցված և իրենք իրենց ջատագովում են, ասելով, թե պատվիրանը «Մի արասցես»-ով չի վերջանում, այլ ամբողջությունն է.«Մի արասցես դու քեզ կուռս… մի երկիր պագանիցես նոցա, և մի պաշտեսցես զնոսա»։ (Ելք. Ի. 4-5). այսինքն` ոչ թե շինելը բացարձակապես արգելված է, այլ շինածը պաշտել։ Ինչ որ էլ լինի պատվիրանի մեկնությունը, արևելյան եկեղեցիները 19-րդ դարից ի վեր խիստ պահել են արգելքը, և մենք էլ տակավին պահում ենք մեր եկեղեցու մեջ։ Սակայն արձանի արգելքը պահելու ժամանակ էլ այն չենք տարածում ամեն կարգի պատկերների կամ կերպարանքների վրա։ Եկեղեցու մեջ ունենք նկարված պատկերներ, ունենք քանդակներ, թե հարթաքանդակ և թե բարձրաքանդակ, ձուլածո նմանություններ, գործածում ենք նաև խաչերի վրա Քրիստոսի մարմնի նմանությամբ պատկերներ, որոնց մասին յուրաքանչյուր անվան ներքո կխոսենք։

Արտախուրակ

Եպիսկոպոսական սրածայր խոյրի հետևից կախված երկու երկար ծայրերն են, որոնք խոյրը գլխի վրա ամուր պահելու համար ծառայող կապեր էին, բայց հետզհետե փոխվեցին զարդարանքի։ Այժմ 50 սմ երկարությամբ և 60 կամ 70 սմ լայնությամ, ներքևի կողմը ավելի լայն, երկու կտորից զարդեր են, խոյրի նմանությամբ շինված կամ ասեղնագործված։ Լատին եկեղեցին, որ վակաս չունի, արտախուրակները խոյրին կապած է դնում և գործածում, բայց մեզ մոտ վակասի գոյությունը դժվարացրել է արտախուրակի կիրառությունը։ Վակասի վրայից թողելը տգեղ է, ուստի մտածեցին վակասի կտավը ծակելով վակասի միջից անցկացնել և երբեմն էլ երիզով արտախուրակները խոյրից մի քիչ հեռացնել։ Մինչև այսօր հռոմեական հայերը այդպես են անում։ Իսկ մենք այժմ, արտախուրակները խոյրից բոլորովին առանձնացնելով, վակասի նետևից ենք կախում, որ թեև բյուրին է, բայց զարդի նման չէ։ Եպիսկոպոսները երբեմն պատարագի կեսից խոյրը հանած ժամանակ սիրում են արտախուրակները թողնել, ժամարարի եպիսկոպոսությունը ցույց տալու համար, որը բոլորովին հակառակ է ծիսական կիրառությանը, որովհետև արտախուրակները առանց խոյրի չեն կարող գոյություն ունենալ։

Ավազան

Մկրտությանը ծառայող և խորացրած տաշտաձև քար է, որի մեջ ջուր են լցնում և մկրտվողին դրա մեջ մտցնում, մկրտության խորհուրդը կատարելու համար։ Ավազանները եկեղեցիների մեջ հաստատուն պիտի լինեն, ամրացված աջակողմյան պահարանի հյուսիսային պատի առջևում, մինչև մարդու մեջքին հասնող բարձրությամբ և ապահովության համար հատուկ թաքստոցի նման փակ դիրքի մեջ առնված ու փակված։ Ավազանը եկեղեցու ընդհանուր օծման մեջ հատուկ օծման արարողություն ունի և հինգ տեղից է օծվում` ներսի կողմից չորս անկյոււները ու մեջտեղը։ Ավազանը պատրաստելիս պետք է հաշվի առնել, որ բավական ընդարձակ և բավական խորունկ լինի, և այնքան ջուր կարողանա պարունակել, որ երեխային ջրի մեջ մտցրած ժամանակ ամբողջ մարմինը ծածկի, և ոչ թե լոկ թիկունքն ու քամակը թրջի։ Հետևաբար ծիսական կատարելություն չունեն այն ավազանները, որոնց երկայնությունը կարճ է ու խորությունը քիչ։ Ավազանների հաստատուն լինելը, մկրտությունները եկեղեցում կատարելը հարկավ եկեղեցական օրենք է։ Սակայն կարող են հանդիպել բացառիկ դեպքեր, երբ երեխայի գտնված տեղում հայ եկեղեցի չգտնվի, կամ թե անհրաժեշտ պատճառով եկեղեցի գնալը անհնար լինի։ Այսպիսի առիթների համար ներելի է շարժական ավազանի կիրառությունը։ Կան տեղեր, ուր հատուկ և օծված շարժական ավազան կա, քարից, թիթեղից կամ ամուր փայտից, բայց այնտեղ, որտեղ դա չկա, հարկ է որևէ մաքուր ու մեծկակ աման ճարել, լավ սրբել, օրհնել և դրա մեջ մկրտություն կատարել։ Այս տեղի է ունենում, և չափահաս անձի մկրտության առիթ է պատահում և եկեղեցին անբավարար է դառնում նրա մարմնի համար։ Մեծ մարդուն տեղավորելու համար տակառից մեծ սովորական ամաններ ձերքի տակ չկան, ուստի չափահասների մկրտության «տակառ մտցնել» բացատրությունը գործածվում է ժողովրդի մեջ։

Ավանդատուն

Եկեղեցիները սովորաբար երկու պահարններ ունեն. մեկը եկեղեցու աջակողմում է, որը Մկրտատուն է կոչվում, և մյուս ձախակողմում, որը Սարկավագատուն է կոչվում, և այս ձախակողմի պհարանն է, որ Ավանդատուն է կոչվում, որովհետև այնտեղ են պահվում եկեղեցու սպասքներն ու զարդերը, որոնք կոչվում են ավանդներ, այսինքն` եկեղեցուն հանձնված իրեր։ Սպասքներից ու զարդերից թանկագիններն ու ընտրելագույները հաճախ զատվում են և եկեղեցու հետևում ամուր ու ամրափակ հատուկ պահարանի մեջ են պահում, որը կոչվում է Գանձատուն։ Այս տարբերությունը բերեցինք ճշտության համար, այլապես, սովորական գործածության մեջ ավանդատուն բառը գործածվում է իբր պահարան անվանը համանշանակ և երեք պահարաններին էլ ավանդատուն անունն է տրվում։

Ավել

Սովորական ու ծանոթ իր է մաքրության համար, որի հիշատակությունն անգամ ավելորդ կդառնար, եթե ծիսական կիրառություն չունենար։ Եկեղեցական պաշտոնեության նվիրյալների վրա, յոթ աստիճաններից առաջ, օրհնության կարգ է կատարվում, որը կոչվում է «Սկիզբն աստիճանաց» և օրհնվածները կոչվում են Սաղմոսերգ և ավելածու։ Այլ օրհնության մեջ եպիսկոպոսը նվիրյալի ձեռքն է տալիս մի փոքր ավել` ասելով` «Առ քեզ հրաման լինել ավելածու» և այլն։ Այդ նպատակով գլխավոր եկեղեցիների մեջ կոկիկ ու փոքրիկ ավել կա, իբրև ձեռնադրության նյութ։

Ավետարան

Մենք պարզապես նկատի պիտի առնենք Ավետարանն իբրև նյութ, այսինքն` Ավետարանը պարունակող գիրքը կամ հատորը։ Եկեղեցում գործածված Ավետարանի տեսակներն են.

Ատյանի Ավետարան

Չորս Ավետարաններն իրենց բնական կարգով և ամբողջությամբ, բայց բաժանված ըստ հիսուն օրերի մեջ կարդացված հատվածների, և ծայրից ծայր 25 սմ երկարությաքմբ և 15 սմ լայնությամբ հատոր է։ Այս Ավետարանը փոքրիկ գրակալով դրված է միշտ բեմի ատյանում, ատյանի ժամագրքի մոտ և նոր եկեղեցի մտնող պաշտոնյաները այն համբուրում են։ Ժամերգության Ավետարանները դրա միջից են կարդացվում, «կեցո»-ին այն բարձրացվում և ժողովրդին է ներկայացվում` համբուրելու համար։

Ճաշի Ավետարան

Պատարագի ժամանակ կարդացվելիք ավետարանների հատվածներ է պարունակում, ինչպես նաև նշանակված է տոնացոյցի կարգով շարված օրվա և տոնի հիշատակությունը։ Չափսով ծայրից ծայրտ ատյանի Ավետարանի նման է։ Այդ Ավետարանը սեղանի վրա է մնում, տերունի օրերին երկու մոմոերով սեղանի մեջտեղում է դրվում, երբեմն ներքևում զարդարված դաստառակ էլ է ավելացվում։ Պատարագի մեջ Ավետարանի վերաբերման և Ավետարան կարդալու, ինչպես նաև «Այսօր դասք»-ի արարողության համար էլ է գործածվում։

Յուղաբերի Ավետարան

Ավելի մեծադիր է, քան առաջինները, 45 սմ երկարությամբ, 25 սմ լայնությամբ, պարունակում է միայն չորս ավետարաններից յուղաբերի համար կարդացվելիք հատվածները, ավելի խոշոր և ավելի զարդարուն գրերով է, գործածվում է միմիայն կիրակնօրյա յուղաբերիցի ընթերցման ժամանակ։

Սեղանի Ավետարան

Հանդիսավոր օրերին սեղանի զարդարանքի համար բազմաթիվ ավետարաններ են շարվում մոմոեղենների հետ, և դրանք գլխավորապես գանձատան մեջ գտնված նախահիշյալ երեք տեսակների Ավետարաններ են. բայց կան նաև Ավետարաններ, որոնք վերոհիշյալ կիրառությունից դուրս են պահվում լոկ զարդի համար և դրանք ընդհանուր կերպով Սեղանի Ավետարան կոչվածներ են։

Ծոցի Ավետարան

Այսպես են կոչվում իրենց փոքր դիրքի համար. մինչև անգամ 12 սմ երկարությամբ ու 6 սմ լայնությամբ ավետարաններ կան, որոնք դյուրատար լինելով` հիվանդի մոտ գնալու կամ գերեզման օրհնելու համար են տարվում, պարունակում են չորս Ավետարաններն ամբողջությամբ, բայց մանրկեկ տառերով են և առանց հատվածների բաժանված։ Այս բոլոր Ավետարանները եկեղեցու մեջ գործածելու համար պետք է արծաթապատ լինեն, այսինքն` կամ ամբողջ երկու կողքերն արծաթապատ գոցված լինեն, և կամ յուրաքանչյուր կողքի վրա արհեստակերտ արծաթյա զարդ ունենան։ Սեղանի Ավետարանները, քանի որ միայն երևալու համար են շարվում, միայն մեկ կողմից արծաթապատելը բավական է, բայց մյուսների երկու երեսներն էլ արծաթապատ կամ արծաթազարդ պետք է լինեն և միայն մի կողմը անզարդ ավետարանները որպես ճաշի կամ ատյանի ավետարան գործածելը ծիսական պատճառին հակառակ է։ Արծաթյա զարդերը, հարթաքանդակ ձևով, միշտ տերունական տնօրինության պատկերներ են կրում և սվորաբար Հարության, խաչի, ծննդյան, Ավետման պատկերներ են, բայց դրանից տարբեր տնօրինություններով ու արհեստական գաղափարով կազմված պատկերներ էլ կան ու կարող են լինել, միայն թե հոգևորական լինեն ու խստիվ պահպանողական։ Ատյանի Ավետարանների կողմերից մեկին Հարության պատկերը պիտի լինի, կիրակամուտներին և կիրակիներին հարմարվելու համար, իսկ Յուղաբերի Ավետարանները, անշուշտ, մի կողմը խաչի և մյուս կողմը Հարության պատկեր պիտի ունենան։ Պետք է ուշադրություն դարձնել, որ դեմքերի ու պատկերների կազմությունները կանոնավոր ու ճաշակով լինեն։ Թեև հնուց մնացած Ավետարանների մեջ կան ցածր արվեստով ու երբեմն անհարմար պատկերներ, բայց դրանց արժեքը հնություն է, իսկ նորերի վրա զգուշությունը միշտ կարևոր է։

Բազկուրար

Լատինական եկեղեցու հատուկ զգեստի մի մաս է, որը կիսասարկավագ ձեռնադրելու ժամանակ է տրվում և գործածվում է նաև բարձրագույն աստիճաններում։ Ուրարի ձև ունի, փոքրիկ է, 80 սմ երկարությամբ ու 10 սմ լայնությամբ, ծայրերը ավելի լայնացած, ձախ դաստակի վրա երկու կողմից կախվում և ներքևից երիզով կապվում է։ Հայկական եկեղեցու մեջ առաջ քահանայական կարգի աստիճանները չորսն էին` հունական եկեղեցու նման, իսկ հետո ԺԲ դարի վերջերին կամ ԺԳ դարի սկզբներին յոթ աստիճանի վերածվեցին, ինչպես լատինացիների մոտ, և այդ բաժանումը մինչ այսօր հանդիպում է ձեռնադրության ժամանակ։ Սակայն հնավանդ արարողության ձևը մնաց անփոփոխ, և կիսասարկավագությունը այժմ հայկական ծեսի մեջ հատուկ պաշտոն և հատուկ զգեստ չունի, հետևաբար բազկուրարն էլ երբեք չի գործածվել։ Մի քանի եկեղեցիներում լատինական բազկուրար կա, որւ կիսասարկավագի ձեռնադրության ժամանակ է տրվում և հետո հետ է վերցվում, բայց սովորաբար դա էլ չի գտվնվում եկեղեցիներում, այլ ձեռնադրության ժամանակ սարկավագի ուրարը ձախ թևին են փաթաթում, ծայրերը կախ և որովհետև անմիջապես հետո, կամ ավելի ճիշտ, հաջորդ առավոտ սարկավագության ձեռնադրություն է դրվում, ուրարը թևից հանում են և ուսին ձգում, և բազկուրարի երևույթն էլ վերջանում է։

Բազմոց

Այս բառի ընդհանուր նշանակությունից երևում է որևիցե կահկարասի, որի վրա կարող է մեկը բազմել կամ նստել։ Ընդհանուր առմամբ աթոռը, նստարանը բազմոցներ են։ Աթոռի մասին վերևում խոսվեց, նստարանի մասին կխոսենք իր հերթին։ Եկեղեցում բազմելու համար են ծառայում նաև փոքրիկ բարձերը (մինտեր), որ եկեղեցիների հատակին և վերնատներում են դրվում, երբեմն շատ քանակով։ Դրանք հատուկ տեր ունեին և վճարելով սեփականության իրավունքն էին ստանում, բայց այժմ դրանք չկան։ Դրանց երկար տեսակները մինչև այսօր գործածվում են դասի մեջ քահանաների և դպիրների համար, որը կոչվում է կողինք` այսինքն` անկողին։ Բայց տոնացույցի մեջ բազմոց անունը գործածվում է սեղանի վրա դեպի հետև բարձրացած մասի համար, որն այժմ մի քանի սանդղաձև աստիճաններ ունի, և որի վրա շարվում են աշտանակներ ու եկեղեցական սպասքներ, անոթներ ու ավետարաններ` իբրև զարդ և իբրև բարեպաշտության առարկաներ։ Սրանք առհասարակ սրբություններ են կոչվում, ինչպես իր հերթին կբացատրենք։

Բազպան

Քահանայական զգեստի մի մասն է, որը կրում է քահանան երկու թևերի վրա, ամբողջովին գրկած դաստակից մինչև արմունգը, որը ծառայում է շապիկի թևերը հանգրիչելու համար։ Բազպանները պատրաստված են զգեստի կերպասից կամ հատուկ ասեղնագործված են և վրաները մի-մի խաչ ունեն։ Երկու տարբեր ձևի բազպաններ կան, մեկը` կլորակ կարված, որի մեջ քահանան ձեռքն է դնում և հետևի կողմից քաշելով մինչև արմունկն է հասցնում, այս ձևը սովորական է հայ-հռոմեականների մոտ։ Իսկ մեզ մոտ սովորաբար բաց է բազպանը և թևի վրա դնելուց հետո երկու կողմերը թևի ներքևից իրար են մոտեցվում ագուցիկ չվանով և կապվում են արմունկի մոտ։ Բազպան տալու արարողության հիշատակություն չկա ձեռնադրության ժամանակ, շապիկը տրվում է դպրության ժամանակ, ուրարը սարկավագության, գոտին, շուրջառն ու սաղավարտը` քահանաության ժամանակ։ Բազպանը մնում է դուրս, միայն թե կարող է համեմատվել կիսասարկավագության բազկուրարի հետ։ Այդ կետը լուսաբանելու համար հստակ և որոշակի գրված բան չկա։ Ոմանք կարծում են, թե բազպանը հատուկ զգեստ չէ, այլ շապիկի թևերի զարդարուն ծայրերն է կազմում, ինչպես որ շատ պաշտոնական զգեստների թևերը զարդարուն մասեր ունեն։ Բայց մյուս կողմից ստույգ ավանդությամբ առանձին զգեստ է, և Մաշտոցը քահանայական զգեստները պատրաստելուձեռնադրության հրահանգի մեջ բազպանն էլ է հիշատակում, թեև եպիսկոպոսը այն պաշտոնապես չի տալիս նոր ձեռնադրվողին, որով արդեն ենթադրում են տրված։ Ժամարար քահանային զգեստավորելու առթիվ բազպանը հատուկ աղոթք ունի, որով էլ երևում է բազպանի առանձին զգեստ լինելը։ Բայց ազոթքը հին հիշատակությունների մեջ մեկն է միայն, իսկ վերջին ժամանակներում աջ ու ձախ թևերի վրա։ Այդ տեղեկությունները լրացնելու համար տեղին է խորհրդածել, որ իսկապես դա սարգավակությունից առաջ տրված զգեստ է և որ լատինացիների բազկուրարն ու կիսասարկավագությունը ճանաչվելուց առաջ կար, իսկ հետո շփոտեցին բազկուրարի հետ, և նորամուտ բազկուրարն ընդունելություն չգտավ ու բազպանը իր հին գոյությունը պահեց։ Այդ տեսությամբ Եղվարդ արքեպիսկոպոս Հյուրմյուզյանը Հռոմում 1863-ին կատարած հայածես ձեռնադրության առթիվ կիսասարկավագության ժամանակ բազպանները հագցրեց նիվիրյալներին և սարկավագության ուրարը թևին փաթաթելու սովորությունը ծիծաղելի համարեց և խափանեց։



Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000