www.christianity.am



Աթոռ - Բազպան / Բաժակ - Գորփուրա / Գտակ - Թիկնոց / Ժամ - Ծածկոց
Ծաղիկ - Մատանի / Մատուռ - Պատմուճան / Պատվանդան - Քշոց

Ծաղիկ

Բնության ստեղշծած ամենազվարթ ու ամենահաճելի բարիքների, եթե ոչ գլխավորը, գոնե գլխավորներից մեկը ծաղիկն է։ Հակառակ իր փափուկ ու վաղանցիկ վիճակին, ուրախության նշանակ է, ամեն մի նվիրական հանդիսության պատվի ու սիրո գլխավոր զարդն է։ Այդ տեսությամբ չի արգելվում, որ ծաղիկը եկեղեցու մեջ էլ ընդունվի իբրև տոնական նշանակ։ Ընդհանուր սովորությամբ էլ ծաղիկներն ընդունված են սեղանի վրա և հատկապես որոշ տոների ժամանակ իբրև խորհրդանշան դիտել։ Անհատական բարեպաշտությունն էլ սովորել է քաղցր գոհնակությամբ, եկեղեցուն խունկի ու մոմի հետ ծաղիկներ նվիրելը։ Այս է ընկալված սովորությունը։ Բայս թե հնավանդ սովորությամբ ծաղիկներն, իբրև սեղանի զարդ, ընդունված էին, վերչնական ու որոշակի պատասխանել չենք կարող։ Ծիսական գրքերի մեջ ծաղիկները երբեք հիշված չլինելը ոմանց համար այն ժխտելու փաստ է, մինչդեռ ուրիշների համար ծաղիկների կիրառությունը եկեղեցու մեջ ընդունված լինելը ստորասական պատասխան է նկատվում անհիշատակ ժամանակի և հնավանդ սովորության։ Մենք էլ չպետք է ծաղիկները եկեղեցուց բացարձակապես արտաքսենք, բայց երկու պայման անհրաժեշտ են համարում. նախ՝ սեղանը ծաղիկներով չխճողել ու դրանց քանակը չչափազանցնել, և երկրորդ՝ բացարձակապես զգուշանալ կեղծ և արհեստական ծաղիկներից, որքան էլ որ դրանք քաջարվեստ լինեն, որոնք բնական չեն և կեղծ են։ Ճիշտ է, եկեղեցական սպասքների վրա ծաղիկների նմանողությամբ զարդեր կան ասեղանագործված, բայց զարդակերպ գծագրությունները շատ տարբեր են իրականը կեղծ պատրաստվածներով փոխանակելու համար։

Ծաղկաման

Երբեմն մետաղյա, բայց սովորաբար հախճապակյա կամ ապակյա ամաններ են, որոնց մեջ ծաղիկներ են դրվում, մեջը ջուր լցնելով, որպեսզի ծաղիկները չթառամեն ու չթորշոմեն։ Ծաղկամանները հարակից են ծաղկի կիրառությանը և այս մասին այլ ասելիք չկա։

Ծնծղակ

Պղնձե գործիք է, փոքր կիսագունդ զանգակի ձևով և վրայի կողմից բռնելու կոթով, պղնձե թաթով բախվում է դրսի կողմից և ծառայում է ձայները ճշտելուն ու կանոնավորելուն։ Ռամկորեն զիլ անունով է ճանաչված և մեր եկեղեցիներում տարածված կիրառություն ունի։

Ծնծղա

Պղնձե ձայնային գործիք է, տափակ ու կլոր, 40 սմ տրամագծով, մեջտեղը գոգավորված, որի հետևի կողմից կաշվե օղակով բռնվում է և երկու ծնծղան երկու ձեռքով իրար բախելով, սաստիկ ու դղրդացնող ձայն է հանում, որը իրավամբ գրոց մեջ «ղողանջել» է կոչվում։ Ծնծղաները հնուց ի վեր ծանոթ են, նույնիսկ դրսի նվագախմբերի մեջ էլ ընդունված են։ Ծնծղաների ամենամեծ առավելությունը պղնձին այնպիսի խառնուրդ տալն է, որպեսզի ցանկալի ձայն հանի։ Այս արվեստը Սամաթիացի Զիլճյան գերդաստանի գախթնիքն է, որը այդ արվեստից է վերցրել իր ազգանունը։ Եվրոպական երկրներում նույնպես իրենց պետք եղած ծնծղաները նրանցից են գնել ու ստացել։ Ծնծղայի կիրառությունը ընդհանուր է մեր եկեղեցու մեջ, ոչ թե լոկ իբրև երգեցողության ու ձայնի կանոնավորությանը նպաստող գործիք, այլև իբր ցնծության նշանակ, ուստի լուր օրերին ծնծղա չի օգտագործվում, այլ տոնախմբության մեջ է հնչում և, որքան տոնախմբությունը մեծ է, այնքան ծնծղան շատ է։ Բայց ինչպես վերը նշեցինք, ծնծղաները դղրդացնող ղողանջյուն ունեն և պետք է խնամքով ու ճարտարությամբ հնչեցնել, այն ավելի հաճելի դարձնելու համար։

Կաթողիկե

Հունական բառի թարգմանական իմաստով նշանակում է ընդհանրական, և դրա նմանությամբ սկսեց նշանակել նաև մեծ ու գլխավոր, և մայր եկեղեցիները կոչվեցին կաթողիկե։ Հատուկ կերպով այդ անունը արվեց Էջմիածնի Մայր տաճարին։ Մայր եկեղեցիների գմբեթ ունենալուց գմբեթը կաթողիկե սկսեց կոչվել և հատկապես հայ ճարտարապետության սեփական գմբեթը, որը ցցված ու վեղարանման ձև ունի։ Այժմ հաճախ այդ իմաստով ենք գործածում կաթողիկե անունը և եթե զանգակատներն էլ նույն ձևով են վերջանում, դրանք էլ այս անունով են բացատրվում։ Վիճակավորների և մանավանդ դրանցից բարձրաստճանների աթոռների վրա գտնված գմբեթաձև հովանին էլ նույնպես կաթողիկե կոչվեց և սովոր ենք կաթողիկեով եկեղեցի կամ կաթողիկեով աթոռ անվանել այն եկեղեցին ու աթոռը, որոնք սրածայր գմբեթ ունեն իրենց վրա։

Կամար

Կորացված ձևն է։ Շենքերի վրայի կողմերը, որոնք գոգավոր բոլորակի ձևով են վերջանում կոչվում են կամար, որը կարող է որմի լայնությամբ միայն լինել և կամ երկար սրահի վրա լինել։ Եկեղեցիները ընդհանրապես քարուկրից լինելով՝ ապահովության համար առաստաղը կամարաձև են կառուցում, բայց ավելի գործածական ոճով, սյունից սյուն տարածվող մասն էլ է կոչվում կամար։ Կամարները առաստաղների վրա, դռների վրա, խորանի բերանին և այլ կողմերում միշտ հաստատություն են տալիս շենքին։ Կամար անունով հասկանում ենք նաև գոտին, ինչպես նաև քահանայական զգեստի մասը կազմող գոտին էլ կարող է կամար կոչվել։ Ինչպես զգեստավորության աղոթքի մեջ է ասվում՝ «Շուրջ պատեսցե կամար հաւատոյ» և այլն։

Կանթեղ

Թրքերեն գանտիշ ու լատիներեն գանտեշա բառերի համադրությունն է, որը հին տառադարձությամբ պետք է գրվեն կանդիշ ու կանդեշա։ Երկուսն էլ լույս տվող ճրակի իմաստ ունեն, միայն թե թրքերենի մեջ յուղով կամ ձեթով ճրագն է, իսկ լատիներենի մեջ մոմով ճրագը։ Մեզ մոտ էլ կանթեղ բառը հատուկ է հախճապակյա, ապակյա, կամ պղնձյա ամաններին, որոնց մեջ ձեթով կամ քարյուղով ճրագ է վառվում։ Կանթեղները կախվում են սեղանների կամ պատկերների առջև, որպես պատիվ, և կախվում են նաև եկեղեցու մեջ՝ լույս տալու և հանդես կազմելու համար։ Կանթեղների ձևը բազմազան է ու թիվն անորոշ, կախված եկեղեցու մեծությունից ու հարստությունից։

Կենաց Փայտ

Այդ պատվի անունով է կոչվում խաչափայտը, այսինքն՝ Քրիստոսի խաչելության համար գործածված բուն խաչը, բայց ոչ թե ամբողջը, այլ փոքր մի փշուրը, որ փառավոր ճաճանչի մեջ պահվում է եկեղեցիներում և ամեն տեղ հավատացյալների բարեպաշտության առարկա է։

Կերոն

Խեց մոմեղեն, իտալերեն չերոնե-cerone-բառի լծորդ։ Սովորաբար այսպես են կոչվում ավետարան կարդալու կամ հանդեսների ժամանակ դպիր տղաների բռնած մոմերը։ Այժմ կերոնները դրանց նմանությամբ, բայց փայտից են պատրաստվում, և վրան միայն մի կտոր մոմ կամ փոքրիկ մոմ դնելով գործածում են։ Ոչ միայն խնայողական է, այլև մոմեղենների ծռվելու և կաթելու անպատեհություններից զերց է։

Կիսազգեստ

Քահանայական զգեստի կեսը մատնանշող բառ է, այսինքն՝ շապիկ, բազպան, պարուրար ու գոտի, առանց շուրջառի ու վակասի, իսկ սաղավարտը երբեմն դրվում է և երբեմն՝ ոչ։ Կիսազգեստ են հագնում բարձաստիճան ժամարարներին սպասավորող սարկավագները, կամ նաև սարկավագություն անող վարդապետներն ու պատվավոր քահանաները և սա դիտվում է իբրև պատիվ և՛ նրան, ով սպասավորում է, և՛ նրան, ում սպասավորում էին։ Հին ավանդություններում կիսազգեստի հիշատակությունը չկա և իրավամբ համարվում է նորամուտ ձև։ Շատ հին դարում քահանաներն էլ էին զգեստավորված սպասավորում պատարագին, բայց ոչ կիսազգեստ կերպարանքով, այլ լրիվ զգեստավորված։ Կիսազգեստը շատ անգամ տգեղ կերպարանք ունի, տգեղ ճերմակ շապիկով, իրար անհարմար բազպանով և ուրարով, հետևից երեվացող գոտու պարանով։ Ուստի, եթե ցանկություն լինի նոր ձևի կիրառությունը պահել, գոնե հատկապես վայելուչ շապիկով և իրար հարմար մասերով զգեստ պետք է պատրաստել և փորուրարն էլ ուսանոցով դարձնել։ Կիսազգեստները գործածվում են հատուկ քահանայաթաղի ու Ավագ ուրբաթ օրվա թաղման թափորների ժամանակ. իրավ էլ դագաղաբարձ քահանաներին վայելուչ չէ շուրջառով սպասավորելը։

Կոզակ

Ճարտարապետական առումով կամարների մեջտեղում դրված փակման ու ամրության մասն է։ Եկեղեցիների մեջ, խորանի մեծ կամարի մեջտեղում, կոզակի վրա խաչ էլ է փորագրվում և օծվում։

Կոնք

Լվացման համար գործածվող աման է, որը պահվում է լվացվողի ձեռքի տակ, որպեսզի փարչից, թափված ձուրը ընդունի։ Կոնքը պատարագի արարողության մեջ է գործածվում և ընդունված սովորության համեմատ մետաղյա, արծաթյա, պղնձյա կամ արույրե պետք է լինի, բայց ոչ հախճապակյա կամ կավե։

Կոնքեռ

Հունական Կոնիքիռ կամ Ենիքիրոն անունից է վերցված։ Այլ եկեղեցիների մեջ եպիսկոպոսական զգեստի մաս է, իսկ մեզ մոտ կաթողիկոսներին է հատուկ և բացառիկ իրավունքով երբեմն շնորհվում է պատրիարքներին։ Հայ հռոկեականների մոտ կոնքեռը բոլոր եպիսկոպոսների համար սովորական է։ Կոնքեռը քառակուսի զարդ է, ասեղնագործված կամ ընտիր կերպասից պատրաստված, որը երեք անկյուններում փոքրիկ ծոպեր ունի, իսկ չորրորդ անկյունից երիզով կախվում է գոտուց, հայրապետի ձախ կողմից և ձախ ազդրի վրա։ Սովորաբար հովվական մախաղի նմանություն ունի և հովվական գավազանի հետ եկեղեցական հովվություն է նշանակում։ Բայց վոմանք կարծում են, թե այդ կողմում անձեռոց-թաշկինակ կրելուց է առաջ եկել, իբրև թե բարձաստիճան եկեղեցականները ցանկացել են իրենց թաշկինակը զարդարուն պահարանի մեջ դնել։

Կոչնակ

Ժամահար գործիքների տեսակ է, կամ ավելի ճիշտ, զանգակների նախնական ձևն է։ Կոչնակը լինում է փայտե կամ երկաթե։ Ուղիղ կամ կիսաշրջանակ փայտե տախտակ կամ երկաթե ձող է, կամ երկու կողմից կախվում է և նույն նյութից սարքված երկու թաթով բախվում է ձայն հանելու համար։ Կախված երկաթը կամ փայտը մոտավորապես մետրի երկայնություն ունի և պետք է որ ամուր ու ձայնեղ լինի։ Կոչնակը սովորաբար կախվում է եկեղեցու վրա, բացօթյա տեղում, որպեսզի ձայնը տարածվի։ Փոքր կոչնակներ էլ կան, որոնք ժամկոչները ձեռքի վրա բախելով՝ փողոցներում շրջում են և ժողովրդին ծանոթացնում ժամերգության սկզբնավորությունն ու ազդարարում եկեղեցի գալը։

Կտավ

Նյութի անունն է. եկեղեցու մեջ շատ սպասքներ կտավից են։ Մետաքսը ավելի հարգի է համարվում, բայց ոչ այնքան, որքան ասվեն, որը կենդանու մաշկելուց է հայթաթվում, իսկ եկեղեցական կիրառության մեջ մուշտակը չի ընդունվում և նույնիսկ ժամարարին արգելվում է մուշտակով սեղան բարձրանալը, քանի որ մուշտակը մեռած կենդանու քերթելով է պատրաստվում։ Կտավ բառը իբրև սպասքի անուն գործածվում է այն կտորների համար, որոնք հատուկ անուն չունեն։ Կտավ է կոչվում մասնավորապես սեղանի վեմի վրա անմիջապես դրված կտորը, որը, ըստ Մաշտոցի, անթափ, այսինքն՝ չլվացված պետք է լինի։

Հալվե

Իբրև ավելի անուշաբույր գործածվում է խունկերի կարգին, որը սովորական խունկերի պես խեժ չէ, այլ անուշահոտ փայտ է։

Հանդերձ

Նույնանշանակ է զգեստ բառի հետ՝ նշանակում է որևէ հագնելիք։ Եթե տարբերություն դնել ուզվի երկու բառերի մեջ, պետք է նկատի առնել հանդերձ բառը, որպես «մեկտեղ» ցույց տվող իմաստի նախադրություն և եզրակացնել, որ հանդերձն է զգեստների ամբողջությունը, կամ հանդերձը է ներքին զգեստի վրայից հագնված կտորը։ Ծիսարանների մեջ հանդերձ է կոչվում երբեմն դպիրների շապիկը, և երբեմն նաև այլ եկեղեցիների գործածած և դաղմատական կոչված սարկավագների հատուկ զգեստը, որը մեր ձեռնադրության Մաշտոցի մեջ թարգմանված է հանդերց հոլանի սարկավագի, թեև մենք սարկավագների համար դպրաց շապիկից բացի այլ զգեստ չունենք։

Հիմն

Այս անունը բացատրության կարիք չունի, և եթե այստեղ նշեցինք, նպատակն է միայն ասել, որ եկեղեցու հիմքերն անգամ հատուկ օրհնություն և հատուկ նվիրագործություն ունեն, ինչպես հայտնի է Մաշտոցից։ Եկեղեցու հիմքերն օրհնությամբ օծվելուց և օրհնությամբ փորվելուց հետո դրանց մեջ 16 օծված քարեր են դրվում հանուն 12 առաքյալների և 4 ավետարանիչների, բայց երկու ավետարանիչը միանգամայն առաքյալ լինելով՝ 16 թիվը լրանում է 13-րդ առաքյալ Պողոսով և 14-րդ առաքյալ կոչված Լուսավորիչով։ Այդ 16 անունների կարգն էլ, դիրքն էլ ճշտված են։ 16 սյուներից 4-ը եկեղեցու 4 անկյուններն են՝ այդ անկյան քարերի մեջտեղում, 3-ը եկեղեցու երկայնքով և 2-ը լայնքով են զետեղում, իսկ 2-ն էլ աջակողմյան անկյուններում։ Իակ յուրաքանչյուր անվան դիրքերը հետևյալներն են. 4 ավետարանիչներ դրվում են խորանի 4 անկյուններում, երկուսը հետևի, այսինքն՝ արևելյան պատի մեջ, Հովհաննեսը՝ հյուսիսային կողմում, Մաթեոսը՝ հարավակողմում։ Երկուսն էլ խորանի բերանում, Խուկասը՝ հյուսիսակողմում, Մարկոսը՝ հարավակողմում։ Հյուսիսային պատի ներքևում դրվում է Պետրոսը, արևելյան անկյունում՝ Անդրեասը, մեջտեղում՝ Փիլիպոսը, Լուսավորիչը ու Բարդուղիմեոսը արևմտյան անկյունում։ Իսկ հարավային պատի ներքևում դրվում է Պողոսը, արևելյան անկյունում Յակոբոս Զերեթյան, Թովմասը մեջտեղում, Յակոբ Ալփեան և Թադեոսը արևմտյան անկյունում։ Իսկ արևմտյան պատի ներքևում, ավագ դռան երկու կողմերից հյուսիսակողմում՝ Սիմոնը, իսկ հարավակողմում՝ Մատաթիան։ Քարերի օծման ու տեղադրման արարողությունն ընդարձակ բացատրված է Մաշտոցի մեջ։

Հողաթափ

Հին ձևով կոշիկ է, որը ոտքը հողից պահպանում է, բայց գարշապարից վեր չի բարձրանում, միայն մատների վրայից մի կտորով ոտքի հետ միացված պահում է այն և քայլելու ժամանակ միասին փոխադրում է։ Հողաթափերը սովորաբար հասարակ կիրառության համար կաշվից են, բայց աստիճանավորները թավշե էլ են գործածում և ժամարարի զգեստի հետ ասեղնագործված տեսակներն էլ են գործածվում։ Սովորություն է ժամարարի հողաթափերի ներսի կողմը իժի ու քարբի կերպարանքներ ասեղնագործել՝ ի խորհուրդ սաղմոսի խոսքերի. «Ի վերայ իժից և քարքից գնասցես դու» (Սաղ. Ղ. 13)։ Հողաթափերի, թեև ոչ էական, բայց ընդանրացած սովորությունն է ներբանները հաստ շինել և մեջը ծառի կեղեվ և կամ կաշի լցնել, անշուշտ, եկեղեցու գետնի խոնավությունից չվնասվելու համար։ Եկեղեցու մեջ հողաթափ գործածելը օրենք է, որը տակավին բոլորովին չի խափանվել. դա կարելի է երկու իմաստով հասկանալ, մեկը ձևի պարզության, մյուսը՝ մաքրության։ Իբրև ձևի պարզություն, անհրաժեշտ է ժամարարի համար, սեղանի առջև, քանի որ պատարագի մեջ հողաթափերն էլ պիտի հանի և այլ կոշիկ հարմար չէ։ հողաթափը նույնպես այլ զգեստների հետ զարդամաս է եղել։ Նույն պայմանները հարմար են նաև վերաբերում կատարող սարկավագի ու կիսազգեստ հագնող պաշտոնյաների համար։ Մնացած պայմաններում կոշիկի ձևը ծիսական պահանջ չի ներկայացնում։ Մնում է մաքրության պայմանը։ Երբ փողոցներում բոլորը կոշիկ ունեին, որով ամեն աղտեղությունների վրա կարող էին կոխել, վայել չեր դրանով եկեղեցի մտնել, որի հատակը տախտակով կամ խսիրով, կարպետով կամ գորգով է ծածկված լինում։ Բայց քանի որ եկեղեցու մեջ ցեխոտ ոտքերով մտնելը դիտողության իսկ չէր հանդիպում և մյուս կողմից էլ կրկնակոշիկների սովորությունը ընդհանրացել էր, եկեղեցու դասն էլ, բեմն էլ աղտոտ ոտքերով չէին մտնում, նախապես կրկնակոշիկները հանում էին։ Մյուս կողմից հողաթափի կիրառությունն էլ իր նշանակությունը կկորցնի, եթե նկատվի, որ հողաթափ հագնողներն էլ դրանով մինչև արդաքին բակը և մինչև փողոցը գնում են և մինչև իսկ ավելի աղտեղի տեղեր էլ են մտնում։

Ձախակողմ

Եկեղեցու ձախ կողմը մտնողով չի որոշվում, այլ խորանով, որ իբր անձ է դիտվում, հետևաբար եկեղեցու հարավակողմը հաստատապես կեղեցու ձախակողմն է։

Ձայնագրված գրքեր

Շարականն ու Ժամագրքի երգերը հայկական կոչված ձայնանիշերով ձայնագրված-հրատարակված են Մայր Աթոռի տպարանում՝ հանգուցյալ Գևորգ Գ. կաթողիկոսի ժամանակ։ Սրանք այն կողմերում եկեղեցու սովորական կիրառության մեջ էլ մտել են և գործածական են եղել դասի մեջ, գրակալների վրա։ Մեր կողմերում սրանցից հազիվ թե միքանի օրինակներ կան, ոչ դպրած դասերն ունեն իրենց ուսումնարանների մեջ, և ոչ էլ մեզ հատուկ ձայնագրված հրատարակություններ են եղել, չնայաց անհրաժեշտության և հակառակ դրսևորած ջանքերի։

Ձայնքաղ շարական

Գիշերային ժամերգության մեջ երգված օրհնության շարականները Մովսես Գ. Տաթևացի կաթողիկոսի օրից սկսեցին կամավորապես տասը պատկերով երգվել, որը հետզհետե սովորական դարձավ և ընդհանրացավ։ Այս երգեցողության հեշտության համար քաղվածով մեկ տեղ շարականներ հրատարակվեցին՝ Ձայնքաղ անունով։ Սրանք այսօր բոլոր եկեղեցիներում գործածվում են։

Ձիթենի

Ծաղկազարդի առավոտյան, ժամերգության ժամանակ բոլոր պաշտոնյաներին և ժողովրդին ձիտթենու ծառի փոքրիկ ոստեր են բաշխվում, որոնք տոնի առթիվ ամեն տարի բերվում են։ Ձիթենի չեղած տեղը ուռենու ճյուղեր են գործածվում։

Ղենջակ

Հասարակ խոսակցությա մեջ ղենջակ բառը հասկացվում է իբրև անձեռոց և իբրև դաստառակ, բայց եկեղեցու մեջ հատուկ կերպով է գործածվում այն սփածանելիի համար, որը մեջքից անց է կացնում Ավագ Եշ. օրը ոտնլվայի հանդիսադիրը։ Ավետարանն էլ Քրիստոսի մասին խոսելով գրում է. «Առեալ ղենջակ մի սփածաւ» (Յովհ. ԺԳ. 4)։

Ճակատ պատկերի

Երբ որ տերունի կամ սրբերի պատկերը օծվում և օրհնվում է, Մաշտոցը հրամայում է նկարի վրա նախապես օծել պատկերացրած անձի ճակատը։ Այդ տեղն է, որ կոչվում է պատկերի ճակատ։

Ճաճանչ

Հատկապես սեղանի համար պատրաստված զարդեր են մեջտեղում բոլորակ կամ ձվաձև պատկերով, մետաղյա քանդակ ու շրջանակի ճառագայթաձև սփռված զարդեր ունի, իսկ ներքևում կոթ ու պատվանդան ունի, մի տեղ դնելու համար։ Ճաճանչներն ընդհանրապես արծաթյա են լինում՝ ճերմակ կամ ոսկեզօծ, փոքր կամ մեծ, կամ ավելի մեծ, և ոսկերչական արվեստի ընտիր գործվացքներ, բայց ճաշակով ու կառուցվածքով տարբեր։ Մեջտեղի պատկերները տերունի են, երբեմն սրբերի վարքերից վերցված և երբեմն էլ մեջտեղում ապակիով փակված դատարկ տեղ են թողնում, սրբերի մասունքները դնելու համար։ Հանդիսավոր առիթներին զանազան ճաճանչները սեղանի բազմոցնրի նշանավորագույն զարդն են կազմում։

Ճաշոց

Այսինքն՝ ճաշի ժամանակ ընթերցելու գիրք, որտեղ պարունակվում է ոչ միայն ճաշի, այսինքն պատարագի գրքերիցև տոնացույցի կարգով քաղված առաքելական ընթերցվածները, այլ ժամերգության մեջ կարդացվելիք ընթերցվածներ ու մեծ աղոթքներ, ինչպես նաև պատարագի և ժամերգության մեջ կարդացվելու ավետարաններ։ Ճաշոցները միշտ հրատարակվել են հաստ թղթով, խոշոր գրով, ծավալով, դրա համար ճաշոցները միշտ իբրև հաստափոր գրքերի կամ իրերի օրինակ են հիշվում։ Պարունակությունները կարդացվում են հատորը ավետարանի գրակալի վրա դնելով, միայն պատարագի ավետարանները կարդացվում են ոչ թե ճաշոցից, այլ ճաշի ավետարանից։

Ճարպ

Կենդանիների մարմնից հանված յուղոտ կտորներ են, որոնք հալելուց ու զտելուց հետո թափում են ու մոմ դարձնում։ Եկեղեցական իրերի մասին խոսելու ժամանակ ճարպի մի այլ կիրառությունը չունենք։ Բայց ճարպի մոմերը արգելված էին եկեղեցու մեջ, քանի որ մեռածից էին հանվում և իրենց բնությամբ ու տեսակով կեղտոտ էին։ Տաթևացին էլ է նշում այդ արգելքը և ասում է, թե անարյուն պատարագի համար անարյուն կենդանուց՝ այսինքն՝ մեղվից գոյացած մոմը պետք է գործածել։ Մոմագործության արհեստի առաջանալով սկսեցին կետի քիթից (սբարմաչել-spermaceti) մոմեր պատրաստել և իբրև ոչ ճարպ ընդունելի եղան. սակայն կիսամոմերի նմանությամբ ճարպի զտվածից էլ մոմեր պատրաստվեցին և նմանությունից իրականի տեղ անցնելով, մեղրամոմի տեղ կետամոմ, ու կետամոմի տեղ ճարպամոմ սկսեց գործածվել, և սակավ սովորությունը ընդհանրացավ և այժմ մեզ մոտ դա է ընդունված, այնպես որ այլևս սեղանների վրա մեղրամոմ չի նկատվում։ Էջմիածնի կողմերում մեղրամոմի սովորությունը պահվում է, լավ պատրաստված մեղրամոմ գտնելու համար։ Մեր կողմերում մեղրամոմերն էլ մեծ քանակությամբ ճարպի խառնուրդ են, հալելու ու ծռելու անհարմարությունն ունեն։ Ճարպի նոր պատրաստությունը իր սպիտակությամբ, մաքրությամբ ու պնդությամբ մոռացնել է տալիս իր ծագման անտեղությունները և ավելի դյուրին կիրառություն ունի։ Մենք չպետք է թույլ տանք այս մոմերը եկեղեցուց վտարել, մանավանդ ջահերի և զարդարանքների համար ավելի հարմար լինելը ընդունուն ենք, բայց ի հարգանս հին կանոնի՝ պիտի խնդրենք եկեղեցու պաշտոնյաներին, թաղականներին, եկեղեցականներին ու լուսարարներին, որ պատարագի ժամանակ գոնե չորս կամ երկու մեղրամոմ անխափան վառեն սեղանի վրա։

Մաղզմա

Տափակ պնակ է, որը սկիհի կամ բաժակի ընկերն է և նրա վրա է դրվում բաժակի բերանի չափ եղող մասը ավելի խորացած է, որպեսզի բաժակը վրայից չսահի։ Մաղզման ծառայում է նվիրական նշարը վրան դնելու համար թե նվիրագործությունից առաջ և թե հետո մաղզման է անհրաժեշտաբար արծաթ պիտի լինի, ներսի կողմից ոսկեզօցված։ Մեծությունը սկիհի համեմատությամբ է, միջին մասը նրա բերանի չափ և շուրջանակի մասը համեմատաբար 3, 4 կամ 5 սմ-ի չափ դուրս ընկած։ Մեր եկեղեցու մաղզմաների մեջտեղը ավելի խորունկ պետք է լինի, որպեսզի սրբագործությունից հետո, սկիհի ծածկոցը վրան դրված ժամանակ, անմիջապես սրբագործած մարմնի հետ չշփվի։

Մաշտոց

Խորհուրդների կատարման և նմանօրինակ գործողությունների համար սահմանված ծիսական կարգերն ու աղոթքները պարունակող գիրք է, որը կարող է կոչվել նաև Ծիսական, թեև մեզանում այդ անունը գործածական չէ։ Մաշտոց անունը հասարակ բառ չէ, այլ հատուկ անունից է վերցաված։ Ոմանք կապում են Ս.Մեսրոպ Մաշտոցի անվան, ոմանք էլ Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոսի անվան հետ, որը վախճանվել է 899-ին, իսկ ս.Մեսրոպը՝ 140-ին։ Այս երկու վարկածներից հավանականը ենթադրվում է Մաշտոց կաթողիկոսի անվանը վերագրվածը, որովհետև ծիսական կարգադրությունները ավելի շատ ս. Սահակ հայրապետի՝ քան ս.Մեսրոպ վարդապետի ձեռքով են եղել։ Մաշտոց գիրքը սովորաբար բաժանվում է երեք մասի։ Առաջինը Հասարակ կամ Փոքր Մաշտոցն է, որը պարունակում է քահանայի կատարելիք խորհուրդներն ու արարողությունները՝ Մկրտություն, Դրոշմ, Մեռելաթաղ ու սովորական օրհնություններ։ Երկրորդը Մայր Մաշտոցն է, որը պարունակում է եպիսկոպոսի կատարելիք արարողությունները՝ Ձեռնադրություն, Գավազանի հանձնում, Եկեղեցու օծում, Քահանայաթաղ և մեծ օրհնություններ։ Երկրորդը Հայր Մաշտոցն է, որը պարունակում է կաթողիկոսությանը պատգանող արարողությունները՝ եպիսկոպոսի ձեռնադրություն, Մեռոն-օրհնեք, կաթողիկոսական օծում ու մեծամեծ օրհնություններ։ Փոքր Մաշտոցը բազմիցս տպագրված է և սովորաբար հեշտ է ձեռք բերվում, իսկ մայր Մաշտոցը մեկ անգամ է տպագրվել, 1807-ին, և դարից ի վեր նորից չի հրատարակվել ու հազվագույտ է դարձել։ Միայն ձեռնադրությունները առանձին տպագրվեցին Էջմիածնում ու քահանայաթաղը Երուսաղեմում, բայց դրանք էլ հրապարակի վրա չկան։ Իսկ Հայր Մաշտոցի մասերը Էջմիածնում տպագրվեցին շատ սահմանափակ թվով և պահվում են Մայր տաճարի գանձարանի մեջ։

Մաս

Պատարագի խորհրդի նշխարը պատրաստելու ժամանակ, սովորություն էր այն առատությամբ պատրաստել, որպեսզի դրանց միջից մի հատը սրբագործության համար ընտրելուց ու դրանով արժանավորներին հաղորդելուց հետո մնացածը, իբրև ս.Խորհրդի բարեպաշտական մասնակցություն, բաժանվի անարժաններին, այսինքն՝ չհաղորդվողներին։ Այս է մաս ասվածը։ Այժմ ավելի շատ թվով նշխարներ պատրաստելուց բացի ավելի հեշտությամբ և նուրբ նշխարներ են պատրաստվում, կտոր-կտոր կամ մաս-մաս բաժանելով՝ ժողովրդին է բաշխվում և այս նուրբ անտիպ նշխարները բուն նշխարներից զանազանելու համար մաս են կոչվում։

Մասնատուփ

Փոքրիկ արծաթե տուփ է, որի մեջ սրբագործված նշխարի մասնիկներ են պահվում և պատարագից դուրս հաղորդվողներին են տրվում եկեղեցու մեջ, ինչպես նաև եկեղեցուց դուրս քահանաների ձեռքով տարվում են հիվանդներին և տնից դուրս գալ չկարողացողներին։ Այստեղ լոկ մասնատուփի մասին ենք խոսում իբրև եկեղեցական սպասք, և չենք պատրաստվում խոսել սրբության պահվելու, տարվելու ու դրվելու մասին։ Պատշաճ է մասնատուփերը մաղզմաների պես արծաթից լինեն ու ներսից ոսկեզօծված, և որքան հնարավոր է, պետք է ընդարձակել տարբեր նյութից ու տարբեր ձևի եղած մասնատուփերը։ Եկեղեցիների մեջ երբեմն փոքրիկ սկիհի ձևով, պատվանդանով պատրաստվածներ էլ կան սրբությունը առատությամբ պահելու համար բազմամարդ թաղերի մեջ և մեծ տաղավարների օրերին։ Սրբությունը փայտե ամանների մեջ սփռելու սովորությունը լավ ցամակեցնելուն է ծառայում, օգտակար է, բայց ամենամանրակրկիտ զգուշավորությունը չպետք է անտեսել։

Մասունք

Սուրբ անձանց ոսկորներից և սուրբ անձանց պատկանող իրերից փոքրիկ մասեր և փշուրի չափ կտորներ են՝ սուր իրերի մասունք և մասունք էլ ասվում են, բայց դրանք եկեղեցական սպասքի կարգին չեն դասվում։ Այստեղ նույն անվան տակ հասկանում ենք այդ մասունքները պարունակող տուփերը։ Հին ժամանակ սովորություն չկար շարժական տուփերի մեջ զետեղել մասունքները, այլ նույնիսկ փոքրիկ ոսկորի մասերը տեղափոխած ժամանակ գերեզմաններ ու գերեզմանաքարեր էին պատրաստվում և ոսկորների մասունքները դրանց տակ էին դրվում։ Այդ է պատճառը, որ միևնույն անձի, օրինակ, ս.Կարապետի բազմաթիվ գերեզմաններ են հանդիպում զանազան տեղերում։ Երբ սկսեցին մասնատուփեր գործածել, նախնական ձևը հանդիսացավ պատրաստել մարմնի մի մասի նմանությունը, ինչպես գլուխը, աջը, ոտքը, և դրանց մեջ փոքրիկ մասունք զետեղելով՝ ամբողջի անունը տալ, այսինչ սրբի աջը, այսինչ սրբի գլուխը և միևնույն սրբի բազմաթիվ աջեր ու գլուխներ էին ունենում, որոնք երբեք ամբողջովին նույն անդամի ոսկորները չեն պարունակել, այլ միայն նրամց մի փոքրիկ մասը և մինչև իսկ մի փշուրը։ Ավելի հետո, լատինացիներին հետևելով, սկսեցին ճաճանչի ձևով մասունքներ, և վերջապես, կախելու կամ մոտը պահելու համար մանր տուփեր էլ գործածել։ Նույն հետևողության արդյունք է նույն տուփի կամ ճաճանչի մեջ զանազան սրբերի մասունքներ, մինչև իսկ բազմաթիվ մասունքներ զետեղելու, որը շատ հանձնարարելի սովորություն չէ, մանավանդ Խաչափայտի մասունքի հետ սրբերի մասունքներ զետեղելն էլ բնավ խրախուսելի չէ։

Մատանի

Օղակ է, որի վրա ամրացված է ազնիվ քար կամ գոհար, և պատրաստված է ոսկերչական արվեստով ու ճաշակով։ Աշխարհականների և կանանց մատանու գործածելը պարզապես ցանկության և դրամի հարց է, իսկ եկեղեցականների համար աստիճանի և պատվի նշանակություն ունի։ Մեզանում այժմ մատանի գործածելու արտոնությունը միայն եպիսկոպոսներին է վայել, այն էլ՝ աջ ճկույթի վրա, իսկ կաթողիկոսները ճկույթի կողքի աջ մատնեմատին։ Գործածած մատանիները կարող են լինել ոսկեօղակ՝ զարդարված ազնիվ քարով կամ ադամանդներով։ Մեզանում վարդապետները մատանի կրելու արտոնություն չունեն, թեև հայ հռոմեականների ծայրագույն վարդապետները վայելում են այդ արտոնությունը։ Լատինացիների մոտ աստվածաբանության վարդապետության դպրոցական ամեն մի աստիճան ունեցողին մատանու արտոնություն է տրվում, բայց իրոք այն կրում են միայն եպիսկոպոսները լանջախաչի հետ։ Իսկ հույների մոտ մատանու սովորույթ բոլորովին չկա։



Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000