Գտակ
Փոքրիկ գլխանոց է սև ասվե կամ թավշե, որը կարելի է գործածել եկեղեցու մեջ պաշտոնյաի կողմից գլուխը ցրտից պահպանելու համար։ Քրիստոնեության հատուկ կանոններից մեկը առաքյալի տված բացարձակ հրամանն է` «Առն մարտութեան համաձայն պայմաններով»։
Գրակալ
Գիրքը վերև ու բաց վիճակում պահելու գործիք է։ Գրակալները ընդհանրապես հասարակ փայտից են շինված, բացվող փակվող ձևով իրար միացված չորս բարձր ոտքերով, որոնք վերևի կողմից կաշվով են միացած և այդ կաշվի վրա են դնում գիրքը։ Այս կարգի գրակալը դասի ատյանում է գործածվում և վրան Ավետարան կամ Ճաշոց է կարդացվում, իսկ հետևից առաջ բացվողը դասերում է դրվում ու շարականի համար է ծառայում։ Այս վերջինի նման է գործածվում նաև մի ուրիշ ձև, դա բաժանված ոտքերով սյուն է, որն իբրև պատվանդան է ծառայում, դրվում է գետնին, վրայի կողմերում դեպի ետև թեքված տեղ ունի, որի վրա շարականն է դրվում, կարող է նաև հետև թեքված երեսներ էլ ունենալ և դրա վրա երկրորդ Շարականը կամ ժամագիրքը դրվելու վրայի մասը սյան վրա պտտեցնելով ըստ հարմարության դարձնել և գործածել։ Փոքրիկ գրակալներ են դրվում նաև բեմի առջևում, այդ վերջին ձևի նման, բայց սրանց սյունը մեկ երեսով է և ուղղակի բեմի վրա է դրված, դրանցից մեկի, այսինքն` կենտրոնում գտնվողի վրա Ատյանի ժամագիրքը, իսկ ձախակողմինի վրա` Ատյանի Ավետարանն է դրվում։ Վերջապես փոքրիկ մի գրակալ էլ գործածվում է սեղանի վրա, խորհրդատետրը ուղղաբերձ և ընթեռնելի ձևի մեջ պահելու համար։ Բեմի ու սեղանի գրակալները շուշփայով են ծածկվում, եթե գեղակերտ փայտից չեն սարքված։ Ատյանի գրակալին որպեա զարդ շապիկ են հագցնում, հատկապես ճերմակ շապիկ` երբ բեմի վրա Յուղաբերի Ավետարանի կարդալն է դրվում։ Գրակալների մեջ տեսել ենք նաև արվեստակերտներ, օրինակ, գիրքը դնելու համար սյան վրա թառած թևատարած արձիվ, երեսը դեպի ժողովուրդը, և թիկնամիջում գիրքը դնելու տեղ, բայց այսպիսի արվեստակերտ գրակալները շատ քիչ են։
Գոտի
Հնուց ի վեր գոտին իշխանության նշան է, իշխանավոր չեղողը գոտի չի կարող կապել. իշխանավորի գոտին հանել, նշանակում է իշխանությունից զրկել։ Այդ սկզբունքով եկեղեցու ստորին պաշտոնյաները, սարկավագն էլ հետը, գոտելույծ են և գոտի չունեն։ Գոտի կապելու իշխանությունը սկսվում է քահանայից, որին օհրնությամբ ու աղոթքով տալիս է նրան ձեռնադրող եպիսկոպոսը։ Գոտին կամար է, և կամարաձև լայն ժապավեն, առնվազն 5 սմ լայնությամբ` զարդարուն երեսով, ներսում ամուր նյութով, հետևի կողմից առնվում է զույգ ճարմանդով առջևից իրար է միացվում։ Ճարմանդները իրար միացված պահելով` գոտու ծայրերը երիզապինդ կապելը հեշտության համար մտածված ձև է։ Այստեղից էլ առաջ է եկել զույգ ճարմանդի փոխարեն գոտու մեջտեղում միակտուր զարդ դնել ու նորից կամարը երիզապինդ կապել։ Այս տարբեր ձևերից ընդունելի է միշտ հնագույն ձևը, այն է` կամարը հետևից առնել և ճարմանդը առջևից ագուցել։ Գոտին այժմ փորուրարի վրայից են կապում և ձեռնադրության մեջ գոտին տրված ժամանակ արդեն ուրարը տրված է և բնականաբար գոտին կապված ժամանակ ուրարը ներսում է մնում։ Սակայն Լամբրոնացին և այլ հին հեղինակներ զգեստավորության կարգում գոտին ուրարից առաջ են դնում ու զգեստավորության «Խորհուրդ խորին» շարականի մեջ էլ գոտու վերաբերյալ «Տան քում» տունը ուրարին վերաբերող «Իիւսմամբ թագ» տնից առաջ է. զգեստների կարգի մեջ էլ գոտին, որը պատմուճյանը կամ շապիկը ամրացնելու համար է, ուրարից առաջ պիտի լինի, որը վրայից իջնող զարդ է միայն։ Բայց ինչ որ էլ լինի այդ խորհրդածության արժեքը, այժմ գոտին փորուարի վրայից են կապում, թերևս բոլոր զգեստները, պատմուճյանն ու փորուրարը հավասարապես զուսպ պահելու համար։ Կամ գոտու ճարմանդի զարդը զգեստի նշանավոր մասերից մեկն է` այն ավելի համարձակ դարձնելու համար։ Ոչ մի աղբյուր չունենք, որը ցույց տա, թե գոտին առաջ ուրարից ներքև էր և հետո սկսեց վրան կապվել։
Դաս
Բառն իր ընդհանուր առմամբ նշանակում է խումբ, շարք, տեսակ։ Եկեղեցական նյութական առմամբ նշանակում է եկեղեցական պաշտոնյաների երկու խմբի բաժանվելը, և նրանց երկու կողմում մնալուց այդ տեղերն էլ կոչվեցին դաս, իսկ անունները վերցնելով եկեղեցու բնական կողմերից, կոչվեցին Աջակողմյան դաս և Ձախակողմյան դաս։ Այժմ այդ երկու դասերն էլ եկեղեցու բովանդակ լայնքի վրա ձգվող, ցածր վանդակապատով բաժանվում են եկեղեցու մնացած մասից և պաշտոնյաներին հատկացված մասը անջատվում է ժողովրդին հատկացված մասից։ Արդյոք հին եկեղեցիների մեջ իսկզբանե այդ բաժանումը կար, ստույգ չենք կարող հաստատել, անհավանական չէ այն կարծիքը, թե տաճարի մեջ ամենքը համախումբ էին մտնում, որովհետև ամբողջ ժողովուրդը միաբերան երգեցողություն էր կատարում և որ երգեցիկ դպրոց ու երգեցիկ տղաներին հատուկ պաշտոն չկար։ Բնական է, որ ընդունակները առջևում էին կանգնում, առաջնորդում մյուսներին և հսկում կանոնավոր լինելուն։ Կան եկեղեցիներ, որտեղ դասը եկեղեցու ամբողջ լայնությամբ բաժանված չէ, այլ երկու կողմերում առանձին-առանձին քառակուսի վանդակապատեր կան, որոնց մեջ պիտի մնան պաշտոնյաներն ու երգեցողության առաջնորդները` բազմությունից չնեղվելու համար։ Բայց սրա քննության խորքը մտնել չենք ուզում. այժմ դաս ասելով հասկանում ենք տաճարի առաջակողմի բեմի առջևի, ցածր վանդակապատով բաժանված մասը, որի մեջտեղը, այսինքն` դասի ատյանը, սովորաբար կողմերի ուղղությունից ավելի դուրս է մնում` երկու դասերի դպիրներին կենտրոնում համախմբվելը ավելի հեշտ լինելու համար։ Աջակողմյան դասի գլխավերևում, եթե եկեղեցին աթոռանիստ է, վիճակավորի հաստատուն աթոռն է գտնվում և ուրիշ նստարան չի լինում։ Վանդակապատի առջևում, գետնին փռված բարձերի վրա եկեղեցականների տեղն է, երկու անկյունները հատկացված են դպիրներին, արարողությունների պահանջի համար մեջտեղը դատարկ պիտի մնա և ժողովուրդը չպետք է մտնի, որպեսզի կարգ ու սարքը չխանգարվի։ Մյուս կողմից էլ ազատ տեղ չթողնելու համար գովելի սովորություն է եղել դպրոցական աշակերտներին ու աշակերտուհիներին ընդունել դասի մեջ, որոնք վարժվում էին թե կանոնավորապես եկեղեցի գալուն և եկեղեցուն շնորհքով մնալուն, և թե հեշտությամբ կարող էին մասնակցել երգեցողությանը։
Դաստառակ
Փոքր դաստառ-անձեռոց, որը ձեռքում բռնելու գործածելի կտավ կամ պատառ է։ Որոշ իմաստով կարող էր ձեռքը սրբելու դենջակ հասկացվել, բայց իրականում քառակուսի կամ քառանկյունի պաստառ է, եզրերը կարված կամ գործված, ծայրերը կամ անկյունները ասեղնագործված ու զարդարված։ Զանազան տեսակների են լինում։ Կան քառանկյուն երկարներ` ծայրերը զարդարուն ձեռքը սրբելու համար, կան մեծ քառակուսիներ, թե եզրերը, և թե անկյունները գործված, որոնք գործածվում են իբրև ծրար կամ ծածկույթ, կամ միջակ չափով քառակուսիներ` նույնպես զարդարված, սպասքը բռնելու համար. կան ավելի փոքրերը, որևէ այլ բան գործածելու համար։ Սրանք բոլորն էլ միևնույն անվան տակ են հասկացվում։ Բարեպաշտուհիների` հատկապես նոր ձեռագործի վարժվող օրիորդների կողմից եկեղեցուն են նվիրվում և գործածվում են ըստ հարկի։ Օրհնություն չունեն, բայց չպետք է մի անգամ եկեղեցուն նվիրված և սուրբ կիրառության համար հատկացրած իրերը անխտիր իբրև հասարակ զարդ գործածել ամեն բանի համար։
Դուռ
Դռան ինչ լինելը բացատրելու հարկ չունենք։ Եկեղեցիները սովորաբար հինգ դուռ են ունենում. նախ Ավագ դուռը` եկեղեցու արևմտյան կողմում, երկրորդը` հյուսիսային, երրորդ` հարավային, եկեղեցու հյուսիսային ու հարավային կողմերի վրա և դեպի արևմուտք, գավթի բաժանման մոտ, իսկ չորրորդ ու հինգերորդ դռները պահարաններից դուրս գալու համար դիրքի պատշաճության համեմատ, կամ երկուսն էլ դեպի արևմուտք, կամ թե փոխադարձաբար դեպի հարավակողմն ու հյուսիսակողմը։
Վերջին դռները հատկապես պաշտոնյաների համար են, որպեսզի արարողության ժամանակ երթևեկող ու տարուբերող ժողովուրդը չխանգարի։ Մյուս երեք դռներից մեկը կամ մյուսը, երբեմն եկեղեցու դիրքի կամ փոքրության պատճառով անտեսվում է։ Նույնիսկ եկեղեցիներ կան, որ արևմտյան ավագ դուռ չունեն և ծառայում են եկեղեցու միջին գավիթ մտնելու համար։ Սրանցից Ավագ դուռը եկեղեցու նավակատյաց ժամանակ հատուկ օծում և օրհնություն ունի։ Կանանց վերնատունը, որը գավթի վրա է դուրս գալիս, մեկ կամ երկու կողմերից իրեն հատուկ դռներ ունի եկեղեցու բակի մեջ։ Դռների կարգին պետք է դասենք նաև գավթից Տաճար մտնելու վանդակաձև դուռը, որ եկեղեցու արարողությունից հետո փակ է պահվում, որպեսզի Ավագ դռնից մտնելով` հավատացյալները կարողանան երկրպագություն և աղոթք անել ու գնալ, առանց տաճար մտնելու։ Դասի վանդակապատն էլ երեք դուռ ունի` մեկը մեջտեղից, որը գլխավոր մուտքն է, և երկուսն էլ երկու ծայրերից, որտեղից մտնում են դպիրները, պաշտոնյաները, օտարներն ու ավանդատուն գնալ ուզողները` առանց դասի մեջ կատարվող արարողությունը խանգարելու։ Ավանդատները մեկական դուռ ունեն դասի միջից, և շատ անգամ էլ մեկական ներքին դռներ են ունենում սեղանի հետև դուրս գալու համար։ Վերջապես հին ձևով խաչկալները սեղանի երկու կողմերում բացվող դռներ ունեն, ինչպես կբացատրենք իր տեղում, Խաչակալի մասին խոսելու առիթով։
Եկեղեցի
Պարզապես իր նյութական նշանակությամբ է հասկացվում այստեղ, և հասարակության աղոթքի, աստվածային պաշտամունքների և սուրբ խորհուրդներ կատարելու համար սահմանված նվիրագործված տեղ է։ Նյութական առմամբ ամենից ընդարձակ իմաստով են հասկացվում բոլոր այն շինություններն ու տեղերը, որոնք եկեղեցու արտաքին պարսպի մեջ են գտնվում։ Ժամատուն, Խորհրդարան, Քահանաների սենյակ, Բանկալ, Վարժարան, Սպասավորների սենյակ, Բակ, երբեմն և պարտեզ, ու նվիրական կառույցներ իրենց բոլոր հարակիցներով։ Երբեմն «Եկեղեցու մեջ» ասելով միայն բակն ենք հասկանում, երբ որ բաց տեղ կատարվելիք գործողության մասին ենք խոսում։ Ավելի ամփոփ իմաստով հասկացվում է նվիրական կառույցն իր ամբողջության մեջ, այսինքն` գավիթով, պահարաններով, ներսի այլ մասերով, իսկ բոլորովին նեղ իմաստով` միայն այն մասը, որը գավթից տարածվում է բեմի առջև և երբ դուռն էլ առանձին նկատել ուզվի, կհասկացվի այն մասը միայն, որը տարածվում է գավթի բաժանման և դասի վանդակապատի մեջտեղում, այսինքն` այն մասը, որ ժողովրդին է հատկացված։ Այստեղ եկեղեցու ընդարձակ ու մանրամասն նկարագրության հարկ չունենք, որովհետև շինության յուրաքանչյուր մասի վրա իր անվան ներքևում կխոսվի, մի քանիսն արդեն ասացինք, այսինքն` Ատյան, Սեղան, Ավանդատուն, Բեմ, Գավիթ, Դաս և այլն, կխոսենք նաև մյուսների մասին, այսինքն` Խորան, Հիմ, Սեղան, Սյուն և այլն։ Եկեղեցու մասին ընդհանուր գիտելիքներից առաջինն այն է, որ այն նվիրական ու սուրբ տեղ է, և որ երբեք այլ կիրառության համար չպետք է հատկացվի։ Մյուս կողմից ժողովրդի նվիրական ժամադրավայրը լինելով, մեզանում քիչ չեն դեպքեր, երբ կարող են պաշտոնական գործողությունների հատկացվել, ինչպիսիք են` ժողովների գումարումները, դպրոցական նման օրինակ հանդեսներ և նույնիսկ դպրոցի համար այլ տեղ չգտնված ժամանակ ներելի է դպրոցի համար գործածելը։ Այդ պարագաների մեջ պետք է սեղանը վարագույրով ծածկել, և եթե հեշտ է, մինչև իսկ բեմն ու դասը իրարից անջատել, որպեսզի մնացած մասը ազատ կերպով գործածվի։ Սրանով հանդերձ պետք չէ թողնել այն զգուշավորությունները, որը տեղի սրբությունն է պահանջում։ Եկեղեցու էական պայմաններից գլխավորը հիմքերից սկսված օծված լինելն է։ Նույնիսկ տեղը ճշտելն ու հիմքեր բանալը, աղոթքով ու օրհնությամբ պետք է կատարել։ Հիմքերի մեջ 16 օծված քարեր են դրվում, ըստ 12 առաքյալների և 4 ավետարանիչների թվի, բայց առաքյալներից երկուսի` Հովհաննեսի ու Մատթևոսի միանգամայն ավետարանիչ լինելով, Պողոս առաքյալի ու Գրիգոր Լուսավորչի անուններով է լրանում 16 թիվը և նրանք ԺԳ ու ԺԴ առաքյալներ են կոչվում։ Տասնվեց սյուներից հինգը հարավային, ու հինգը հյուսային կողմի վրա են հաշվվում, երկուսը արևմտյան դռան մոտերքը, և չորսը բուն խորանի չորս անկյուններում։ Եկեղեցին միայն մեկ խորան և մեկ սեղան պետք է ունենա, ըստ բուն ծիսական կանոնների, բայց միջին դարերում սովորություն դարձավ խորաններն ու սեղանները շատացնել` պատարագի մատուցումները բազմացնելու համար, որովհետև արևելյան եկեղեցիների հաստատում կանոնի համաձայն մեկ սեղանի վրա, օրը մեկ պատարագից ավելի չի մատուցվում, և մեկ տաճարի մեջ մեկ սեղանից ավելի չպետք է լինի։ Հիշատակարանների մեջ նույնիսկ քառասուն խորան եկեղեցիներն են հիշված, որոնք ոչ այլ ինչ են, քան եկեղեցու տարբեր կողմերում փոքր սենյակներ, որոնք մինչև իսկ երբեմն մեկ կամ երկու հոգի մնալու համար, իսկ անբավական են, որոնց մեջ օծված սեղաններ կային պատարագի համար։ Այժմ այդ կարգի խճողված սեղաններ չեն երևում և միայն ավանդատների մեջ օծված սեղաններ, և նույնիսկ ավանդատներից բացի փոքրիկ մատուռներ եկեղեցիների մեջ շատ են պատահում։ Եկեղեցու հիմնարկության օծման արարողությունները ընդարձակ կերպով երևում են Մայր Մաշտոցների մեջ և դրանց քաղվածքը զանց ենք անում շատ չերկարացնելու համար։
Եմիփորոն
Եպիսկոպոսական զարդ է, մի տեսակ մեծ ու փաթաթված իրար ավելի ուղիղ ընչմամբ Ոմոփորոն, որը բոլոր զգեստների վրայից հագնելիք ուսանոց է ուսերի վրա դրված խաչաձևեր` ի նշան Խաչի։ 25 սմ լայնությամբ և երկու մետր երկարությամբ երկու կտոր է` իրար նման զարդերով զարդարված, ծալերով ու երիզներով պարուրված, որոնք հակառակ երեսով իրար են կցել ու մեծացրել։ Զգեստավորված եպիսկոպոսի գլխի կողմից մի մասը երկու ուսերի վրայից թողնելով, առջևից ճարմանդով ամրացնում են, երկու մասերն էլ առջևից կախում։ Ձախ կողմի մասը մնում է կրծքից վեր կախված, իսկ աջ կողմի երկար մասը կրծքից անցնելով` բարձրանում է ձախ ուսին և այդտեղից իջնում թիկունքին. այդտեղ ամրանալուց հետո մնացածը հետևից կախվում է և որպեսզի ընկած մասերը ուղիղ ու շնորհքով մնան, հատուկ կոճակներով կամ ագույցներով ծալովի անկյուններ են տրվում։ Բոլորը միասին այն ձևն են ստանում, որպեսզի ուսերից անցնող և կուրծքն ու թիկունքը ծածկող շրջանակի առջևից ու հետևից մեկական մասեր կախված մնան գրեթե մինչև գետնին։ Եմիփորոնը բացարձակ ու բացառիկ զգեստ է ձեռնադրված եպիսկոպոսի համար ու ձեռնադրության ժամանակ է տրվում։ Հույների եմիփորոնն ու լատինացիների պալյումը նույնպես եմիփորոններ են, բայց մերը դրանց համեմատությամբ ավելի մեծ ու ավելի շքեղ է։ Վերջին ժամանակները եպիսկոպոսներն ու լուսարաները հեշտության համար զանազան մասերի բաժանված ու նշված ձևին հարմարեցրած, և մինչև իսկ լրիվ այդ ձևով իրար կարված եմիփորոններ պատրաստվեցին, որը նորամուտ է և քաջալերելի չէ։ Լամբրոնացին քահանաների առանց եմիփորոնի լինելը նշելու փոխարեն եպիսկոպոսների տարբեր դասակարգերի եմիփորոններն է նշում. եպիսկոպոսների «եմիփորոն կրկին միայն», մետրապոլիների «եմիփորոն երեքկին» եպիսկոպոսապետների «եմիփորոն չորեքկին» և վերջապես հայրապետների կամ պատրիարքների «եմիփորոն հինգեկին հինգ խաչիւ զարդարեալ»։ Մեզ համար պարզ չեն եմիփորոնի տարբերության կրկնությունները և չկա մի նշան, որն այդքան անգամներ փաթաթելու իմաստը բացատրի։ Հայրապետներիի եմիփորոնին տրված հավելվածական մեկնությունը, որը Լամբրիոնացին գոության կարգով առաջին անգամ նշել է, հավանաբար ցույց է տալիս կրկնությունը խաչերի թվով իմանալ, այնպես որ խաչերի շատությամբ կարելի է իմանալ եպիսկոպոսական աստիճանը, ինչպես էլ որ եղած լինի, այժմ այդպիսի տարբերությունը գործածական չէ և միևնույն տիպի եմիփորոններ են գործածում եպիսկոպոսական ամեն մի աստիճան ունեցողը, սկսած կրտսեր եպիսկոպոսից մինչև Ամենայն Հայոց հայրապետը։ Նույնիսկ հնից մնացած եմիփորոնների վրա չի երևում ոչ ձևի և ոչ խաչերի թվի տարբերություն, հինգ խաչ կրծքի, երկուսը ուսերի և երկուսն էլ կախված մասերի վրա են։
Երգարան
Եկեղեցական արարողությունների մեջ գործածական երգերի հավաքածոն պարունակող հատոր է։ Հաստատուն-կարգավորությամբ կազմված մատյան չէ, այլ դպրաց հեշտության համար պատրաստված գիրք է և այս պատճառով ավելի կամ նվազ պարունակություններով ընդարձակ երգարաններ կան գրված կամ տպված։
Երգեհոն
Անվան ճիշտ նշանակությամբ նվագարանի բազմափող գործիք է, որը հնում բերանով էր փչվում, հետո պատրաստվեցին ջրով գործող, իսկ այժմ կա մատներով բախող ու փողերից ձայն հանող գործիք, որը ղանոն է կոչվում, լատիներեն օրգանում-organum. ֆրանսերեն orgue բառից վերցնելով։ Մեր եկեղեցիներում այդ երգոհոնը չի մտել, միայն ընտանեկան շրջանակների մեջ գործածվող մանր երգեհոնը-harmonium հնարավոր է հազվադեպ լսված լինի եկեղեցիներում և սեղանի հետևում դրվելով` կանոնավորել է երգեցողությունը, բայց այն չի շարունակվել։ Մեզանում ընդունված երգեհոնը մեծ ու բոլորակ մի ծնծղա է, որը մեջտեղից կաշվե օղակով բռնվում է և թաթով բախվում, և բախման չափերով օգնում է երգեցողության կանոնավորությանը։ Երգեհոնի ուժգին բախումներով պատարագի նշանավոր կետերը-«Առեք կերեք»-ը, «Ի սուրբ ի սուրբ»-ը երբեմն ազդարարել են, բայց սա էլ ընդհանրացած սովորություն չէ։
Զանգակ
Ձայնային ծանոթ գործիք է, տարբեր մեծություններով, ամենափոքրից` որ ձեռքի վրա է գործածվում, մինչև ամենամեծերը, որ անշարժ են մնում։ Դրանք աղնձաձույլ, բերանը բաց ու գլուխը գոգավոր փակված, վերևի կողմում բռնելու կամ կախելու տեղ ունի, իսկ միջից կախված է մի լեզվակ, որը գոգավոր պղնձի մեջ շարժվելով թնդացող ու զորավոր ձայն է հանում։ Զանգակներից ամենամեծերը, որոնց շարժելը դժվար է, լեզվակը տարուբերելով են հնչեցնում, երբեմն լեզվակի տեղ թաթն էլ է գործածվում` բախելով հնչեցնելու համար։ Թե զանգակը եկեղեցու մեջ երբ է մտել, դժվար է որոշել, որովհետև զանգակի գլխավոր պաշտոնը հավատացյալներին եկեղեցի հրավիրելն է և այդ հրավերը հնավանդ սովորությամբ ժամկոչների երգեցողությամբ էր կատարվում, հետո մտան փայտե տախտակների կամ մետաղե ձողի վրա հանված ձայները, և սրանց հաջորդեցին այժմյան զանգակները։ Մշո Ս. Կարապետ վանքի տրված Չանշը անունը անշուշտ հին ժամանակներում զանգակ ունենալն էլ հայտնում է, երբ ուրիշ ուրիշ եկեղեցիներ դեռ չունեին։ Այժմ մայրաքաղաքում ու գլխավոր քաղաքներում զանգակը ընդհանրացած է, գյուղերից շատերում էլ կա։ Զանգակները հատուկ օծման ու օրհնության արարողություն ունեն Մաշտոցի մեջ։
Զանգակատուն
Որպեսզի զանգակը իր ձայնը ընդարձակ կերպով լսելի դարձնի, պետք է բարձր և բաց տեղում խփվի։ Այս նպատակով զանգակները կախվում են եկեղեցու տանիքից վեր բարձրացող շինության վրա։ Այս շինությունները Զանգակատուն են կոչվում։ Ամենից համեստ ձևը եկեղեցու մայր պատերից մեկի վրա, ճակատին կամ կողմերին, եկեղեցու ավելի բաց կողմի վրա փոքր ու բաց կամար է պատրաստվում և զանգակը միջից կախվում։ Այդ համեստ ձևից սկսած մինչև հետզհետե բարձր աշտարակի ձևով մեծացող և վերևի կողմից կաթողիկեով վերջացող զանգակատներ էլ կան, որոնք շատ հաճախ եկեղեցու արևմտյան մեծ դռան դրսից են կառուցված և եկեղեցու տանիքից շատ վեր են բարձրանում։ Կան եկեղեցիներ, որոնք մեջտեղում գմբեթ կաթողիկե չունեն և զանգակատունը կաթողիկեի տեղն էլ է բռնում։ Ս.Կարապետի ու Ս.Էջմիածնի և մի քանի այլ մեծ եկեղեցիների զանգակատների կեսին` օծված սեղան էլ է կանգնեցված, ուր Համբարձման Հոգեգալստյան օրը պատարագ է մատուցվում` ժամարարն ու սարկավագը զանգակատան մեջ, իսկ դպիրներն ու ժողովուրդը եկեղեցու բակի մեջ։ Զանգակների կիրառությունը, ինչպես ասացինք, ժողովրդին եկեղեցի հրավիրելու համար է, հետևաբար դրանից կես կամ մեկ ժամ առաջ ազդարար է խփվում, ժամերգություն սկսելուց նորից կրկնվում է, «Լցաքի», «Փառք ի բարձրանողի» և «Խորհուրդ խորինի» ժամանակ սկզբից չեկողների համար նորից է զանգակ խփվում։ Զանգակներ են խփվում նաև ննջեցյալ բերվելու, ինչպես նաև առաջնորդ կամ բարձրաստիճան եկեղեցականների գալու ժամանակ։ Գավառներում հրդեհների ժամանակ էլ է զանգակ խփվում և այս պարագաներով ընդարձակվում է զանգակի օգտակարությունը։
Զգեստ
Եկեղեցու մեջ ինչ որ արարողության պահանջով հագնելուն է ժառայում, գրվում է այդ անվան տակ և յուրաքանչյուր անվան ներքո բացատրություններ են տրվում։ Դպրի զգեստը շապիկն է։ Մեզ մոտ կիսասարկավագի հատուկ շապիկ չկա, նշվում է բազկուրարը, որը չի գործածվում, բազպանը դրա տեղն է բռնում, ինչպես իր տեղում նշեցինք. Սարկավագի զգեստն է ուրարը, քահանայինը` գոտին, շուրջառն ու սաղավարտը, եպիսկոպոսինը` եմիփորոնն ու խոյրը, կաթողիկոսինը` կոնքեռը։ Բոլոր զգեստները իրար վրա ավելացվում են այնպես, որ կաթողիկոսական զգեստի շապիկը դպրության շապիկն է։ Միայն սարկավագի ուրարը քահանայի ձևից տարբեր է։ Զգեստները Մաշտոցի մեջ օրհնության կանոն ունեն։ Ինչպես գրեթե ամեն մի նյութ, որը նվիրական կիրառության համար է ծառայում, միայն օրհնությամբ կամ օծմամբ է հատկացվում։ Վարդապետական, եպիսկոպոսական կամ պատրիարքական անուններով էլ դրվում է զգեստների տարբերությունը, որը ոչ թե ձևով է տարբեր, այլ առավել կամ նվազ թանկագին լինելով և թանկագինները շատ գործածելի չլինելով, ավելի հանդիսավոր օրերին են վերապահվում։ Զգեստների գույնը պարտադիր չէ մեզ մոտ, ինչպես լատինացիները տոներին համապատասխան որոշակի գույներ ունեն, հետևաբար, նույն գույները տարբեր տոներին և տարբեր գույները նույն տոներին էին անխտիր գործածվում։ Միայն ճաշակի խնդիր է` երբեմն գույները տոնին հարմարեցնելը, եթե եկեղեցին ունի նույն գույներով սպասքներ։ Ընդունված է Ավագ Ե. ճերմակ զգեստներով կատարել, որը, անշուշտ, բոլորից շատ տոնի բնության, հին սովորության հետ կապ ունի, որովհետև հին պատմությունների հիշատակությունների մեջ, հանդիսական տոնախմբությունների նկարագրության ժամանակ, եկեղեցու պաշտոնյաները միշտ սպիտակազգեստ են ներգայացվել։ Սևաթույր զգեստները ննջեցյալների համար գործածելն էլ հին սովորություն չէ, հատկապես որ ճերմակը ավելի մեռելի հետ կապ ունի, իբրև պատանքի նշան։ Ավագ երեկոյի տոնացույցն էլ հրահանգում է Խաչը պատել «սպիտակ դաստառակա ի խորհուրդ պատանացն Քրիստոսի»։
Մինչ այս բացատրած զգեստները եկեղեցական արարողություններին հատուկ խիսական հագնելիքներ էին, իսկ զգեստ անվան տակ մտնում են նաև եկեղեցականների հագնելիքը պատարագից ու հանդեսներից դուրս։ Այդ զգեստներն են վերարկուն, փիլոնն ու վեղարը, ընդհանրապես սևաթույր ու ասվեից, որ գործածվում են եկեղեցում հասարակ ժամերգության ժամանակ, իսկ վերարկուն ու վեղարը նաև եկեղեցուց դուրս, ինչպես իրենց տեղերում կբացատրենք։
Թագ
Անունը գործածվում է իբրև համանշանակ եպիսկոպոսական խոյրին, որը երկճղի ու սրածայր լինելով` ռամկական բառով Չաթաշթագ է կոչվում։ Մենք նախադասում ենք Խոյր անվան ներքև խոսել, որովհետև բուն թագին բնավ նմանություն չունի։ Թագը, ընդհակառակը, քահանայական սաղավարտի նման է, որի ցածի մասը պսակաձև զարդ ունի և բոլորը միասին միջնադարյան թագերի նմանություն են կրում։
Թագն Խաչի
Կոչվում է խաչի վերին թևը, և այդ անվամբ բացատրվում է խաչի օծման արարողության մեջ, թերևս այդ անունը վերցվել է հինավուրց սովորությունից, որի համաձայն խաչերի գագաթին թագաձև զարդ է դրվում։
Թաթ
Բախելու գործիք է, որը գործածվում է երգեհոնից, զանգակից ու ծնծղայից ձայն հանելու համար։ Զանգակների միջից կախված կատարը բուն լեզվակ է կոչվում, իսկ թաթը ձեռքում գործածելու և զարկելուն հարմար է, որը քիչ ու շատ նման է մուրճին։
Թաղում
Նոր ժամանակներում և այն էլ ոչ թե բացառապես, այլ գլխավորապես մայրաքաղաքի եկեղեցիներին հատուկ, հույների հետևողությամբ կազմված ու գործածված արարողություն է։ Թաղում ասվածը նշանակում է Քրիստոսի դագաղը կամ գերեզմանը։ Փայտե, մեծադիր ու զարդարուն շենք է, միջին կողմը դատարկ, դրսի կողմից սյուներով ու գմբեթներով հորինված, որի վրա աշտարակներ` կանթեղներ ու ծաղկամաններ են զետեղվում և փառավորապես զարդարվում են մոմերով, ճրագներով։ Թաղման փայտակերտներին երբեմն Երուսաղեմի Ս.Հարությունի, կամ Ս.Հակոբի, երբեմն էլ Ս. Էջմիածնի տաճարի նմանություն է տրվում։ Թաղման փայտակերտներից ամենափոքրը մետրաչափ բարձրություն ունի։ Մեր մայր եկեղեցում 25 մետր տարածությամբ ու 6 մետր բարձրությամբ թաղում կա, չափավոր տաճարի չափ մի բան։ Թաղումը Ավագ ուրբաթ երեկոյան, զարդերով պճնված դրվում է բեմի մեջտեղում, և «Պարգեւատու» շարական երգելով` թափորով դուրս են գալիս եկեղեցու շուրջը։ Կիսազգեստ քահանաները կամ շապկազգեստ բարեպաշտները այն ձողաբարձ տանում են ուսերին դրած, իսկ երբ ծանր է լինում,շապկազգեստ բեռնակիրներն են վերցնում, քահանաներն ու պաշտոնյաները ընկերակցում են։ Հետո բերում և նորից բեմի մեջտեղում են դնում և թողնում են մինչև Ավագ շաբաթ երեկո։ Դրանից հետո քառասուն օր կամ բեմի մի անկյունում, կամ մատուռներից մեկի մեջ են թողնում։ Թաղումի մեջ զետեղվում է խաչ` սպիտակ դաստառակով փաթաթված և Ավետարան։ Ժողովուրդը տարօրինակ ջերմեռանդությամբ է հարում թաղմանը, թափորի ժամանակ թաղման ներքևից անցնելու բարեպաշտությունը կամ դրանում դրված ծաղիկներից ու դալարներից կտոր ստանալու խանդը ահագին եռուզեռի պատճառ է դառնում, մնացած ժամանակ թաղումի խաչն ու Ավետարանը ամբուրելու դիմումը շարունակվում է։ Որքան էլ որ պարեպաշտությունը չի կարելի վերագրել ոչ ազգայնությանը, և ոչ էլ ծիսականությանը, սակայն չի կարելի չնկատել, որ թաղումի փայտակերտը մայրաքաղաքի մեջ նորամուտ է և մայրաքաղաքի եկեղեցականներից Կ.Պոլսո վիճակների զանազան կողմերում է տարածված, և որ դեռ չի մտել Էջմիածնի և Կիլիկիո վիճակների մեջ։ Իսկ մուտք գործած տեղերում գտած ընդունելությունը պետք է բացատրենք Քրիստոսի ս.Գերեզմանի նկատմամբ եղած բուռն ջերմեռանդությամբ, որին նման է համարվել թաղում կոչված փայտակերտը։
Թաշկինակ
Այդ անունը ընդհանուր կերպով համանշանակ է դաստառակ, բռնիչ, շուշփա անուններին, բայց հատկապես գործածվել է պատարագի ժամարարի ձախ կողքից կախված, ձեռք սրբելու դենջակի կամ անձեռոցի համար։ Հնագույն խորհրդատետրերի մեջ թաշկինակի հիշատակությունը չկա, ինչպես և կիրառությունը չկար, քանի որ հայ հռոմեականները այն չունեին տակավին իբրև զգեստավորության մաս, այլ կոնքի ու փարչի հետ միասին ներկայացվում են ձեռքը լվալու և լվալուց հետո սրբելու համար։ Անշուշտ այն միշտ մոտն ունենալու և նույնիսկ պատարագի ընթացքում դրանից օգտվելու հեշտությունը թելադրեց ձեռքի սրբիչը ձախ կողքից, գոտուց կախված պահել, որի զգեստավորության աղոթքն էլ հարմարեցված է վերջին ժամանակներում, ուրարի աղոթքից փոխ առնելով և «զսիրտ» -ը «զձեռս»-ի փոխելով։
ԹԵՎ
Այս անունը տրվում է եկեղեցու երկու կողմերին, երբ եկեղեցին երկու շարք սյուներով երեք մասի է բածանված և աջ և ձախ կողմում գտնվող մասերը եկեղեցու թևեր են կոչվում։ Թև անունը տրվում է որևէ խաչի այն երկու մասերին, որը կենտրոնից կամ խաչի ակնից հորիզոնապես մեկ ու մյուս կողմերն է ձգվում։ Երբեմն էլ չորս մասերում չորս թև են նկատվում, սրանից էլ խաչին տրվում է քառաթև անունը։
Թիկնոց
Նոր անուն է, ինչպես նաև նորահնար զգեստ է։ Հայկական ծեսի մեջ դպիրների շապիկի վերին մասը ավելի հարուստ և հաճախ ասեղնագործված ուսանոցներ ունի, որը ծածկում է ուսերն ու թիկունքի վերին մասը և կրծքի վրայից իջնում է մինչև գոտին։ Դա է ավանդական ձևը։ Վերջին ժամանակներում դյուրագույն համարվեց ուսանոցները շապիկից առանձնացնել և միանգամայն ուսանոցի ձևը փոխել, կրծքից իջածը կարճացնելով, ուսերի և թիկունքի մասերը հավասարեցնել լատինացի ուխտավորներին հատուկ սովորական թիկնոցի նման կիսաբոլոր ուսանոց կազմել, որի անունն էլ վերցրել է։ Այդ եղանակով շապիկների ձևը փոխելու առաջին փորձն ասում է, որ 1832-ին հայ հռոմեականների նոր հիմնած Ս.Փրկիչ եկեղեցու համար պատրաստված ուսանոցները շապիկները ավելի խնամքով պահելու և այն դյուրավ գործածելու և մաքրելու համար է։ Ամեն առիթի մեջ նորաձևությունը շուտով տարածվեց։ Հայ հռոմեական եկեղեցիների մեջ հաստատուն կերպով դպրաց շապիկները առանձնացված թիկնոցներ ունեն, բայց մեզ մոտ էլ, գրեթե մայրաքաղաքի բոլոր եկեղեցիները նորահնար թիկնոցով շապիկներ ունեն, որոնք թեև ծիսական պահանջ չեն համարվում, բայց կիրառության ու պահպանության համար ավելի հարմար են։ Միջանման ձև է ընտրված մի քանի եկեղեցիներում, որ ուսանոցները շապիկից առանձնանալով միարժամանակ ուսանոցի ավանդական ձևը պահել են, որով թե ծեսն է պահվում և թե հարմարավետ է, Եէնի Գաբուի եկեղեցում կա մի զույգ շապիկ, որի թիկնոցը լայն ու քառանկյունի ձևով առջևից է իջնում, որը բոլորովին նորահնար է ծեսին հակառակ։
|