www.christianity.am



Աթոռ - Բազպան / Բաժակ - Գորփուրա / Գտակ - Թիկնոց / Ժամ - Ծածկոց
Ծաղիկ - Մատանի / Մատուռ - Պատմուճան / Պատվանդան - Քշոց

Ժամ

Ժամանակի չափ է, այսինքն` օրվա 24 ժամերից մեկը։ Եկեղեցական աղոթքներն էլ այդ ժամերով կարգավորված լինելով, կոչվեց ժամերգություն, և գործադրությունն էլ ավելի համառոտ կերպով կոչվեց «ժամ երգել» և «ժամ ընել»։ Այս բացադրությունից` «ժամ ընելու երթալ» և ժամ կոչվեց այն տեղը, ուր ժամերգություն է կատարվում և վերջապես «ժամ» բառը սկսեց պարզապես «եկեղեցի» նշանակել։ Դա նյութական իմասրով սովորաբար գործածում ենք մեր առօրյա խոսակցության մեջ։ Եկեղեցու մասին խոսած լինելով` այլևս նոր ասելիք չի մնում այստեղ։

Ժամագիրք

Գիրք է, որ պարունակում է ժամերգությունների կարգավորությունները, բացառությամբ պատշաճի շարականներն ու ընթերցվածները։ Այն պարունակում է մաղթանքները, քարոզները, աղոթքները, փոխերն ու երգերը։ Ժամերգության կազմության մասին անշուշտ չպետք է խոսենք։ Ժամագրքերը երկու տեսակի են` մեկը Ձեռքի ժամագիրք փոքր, ութածալ, և ըստ հիշյալ բացատրության, միայն ժամագիրք պարունակող։ Մյուսը Ատյանի ժամագիրքն է, մեծադիր, քառածալ, որի սկզբում ամբողջ Սաղմոսն է, վերջում` Տոնացույցը, իսկ մեջտեղում` բուն ժամագիրքը։ Ատյանի ժամագիրքը բեմի մեջտեղում է դրվում, փոքր գրակալի վրա և դրա վրայից կարդում են` քահանան աղոթքները, սարկավագը, քարոզները և դպիրները փոխերը, իսկ ձեռքի ժամագիրքը կարող է բոլոր պաշտոնյաների ձեռքում գտնվել դասի մեջ։ Դասերի գրակալների վար անհրաժեշտաբար Շարականից բացի Ատյանի կամ Ձեռքի, ժամագիրք էլ պիտի գտնվի, դրա վրայից երգերը, կանոնագլուխներն ու ալելուիաները կարդալու համար։

Ժամահար

Ընդհանուր անունն է, որի տակ հասկացվում է ժամ հրավիրելու համար հարվածելու բոլոր գործիքները, գլխավորապես «Զանգակն» ու «Կոչնակը», որոնց մասին խոսվել է։

Ժամանոց

Բաժակամանին տրված անունն է` կատարելապես համանշանակ և նոր բացատրության հարկ չկա։

Ժամատուն

Այս անունը երկու իմաստով է գործածվում, մեկը իբրև եկեղեցու գավիթ, ուր պարզապես ժամերգություն կատարելու սովորություն կա և ըստ դրա ժամատուն է հասկացվում` ժամերգությունը կատարելու տեղ։ Բայց ավելի սովորաբար հասկացվում են այն շենքերը, որոնք եկեղեցու բակի մեջ են գտնվում և ուր քարոզիչները ու քահանաները, ինչպես նաև ուրիշ պաշտոնյաներ իրենց սենյակներն ունեն, ուր գտնվում է նաև եկեղեցականների կամ թաղականների խորհրդարանը։ Այդ առումով են հասկացվում ժամի տները, այսինքն` այն բնակությունները, որոնք եկեղեցուն հարակից են։

Յուղ

Եկեղեցու մեջ յուղ անվան տակ հասկացվում է գլխավորապես խորհրդական ու ծիսական կիրառությունների համար պատրաստված ու օրհնված յուղը։ Այս յուղերից գլխավորը սրբալույս մյուռոնն է, որի մասին պետք է խոսենք։ Մեր եկեղեցու մեջ մյուռոնը ոչ միայն գլխավորը, այլև միակն է, որովհետև բոլոր դեպքերի և օծումների համար միևնույն մյուռոնի յուղն ենք գործածում։ Ուրիշ եկեղեցիների մեջ գործածված ու մեր գրքերում երբեմն հիշված երկու յուղ էլ կա. յուղ երեխայի համար, որը գործածվում է երեխաներին մկրտությունից առաջ օծելու, և յուղ հիվանդների համար, որը ծանր հիվանդներին օծելու համար է։ Հռոմեականների մոտ ընդունված է իբրև վերջին օծման խորհուրդ։ Մեզ մոտ կա նաև յուղ ոտնլվայի համար, որը սովորական է, և որով ոտնլվան կատարողը , լվանալուց հետո, լվացողների աջ ոտքերի վրա խաչաձև նշան է անում։ Իսկ որպես կիրառություն պետք է նշել ձեթը, որը կանթեղների մեջ վառելու համար է գործածվում, անշուշտ, ոչ շատ ընտիրը, իսկ հիմա քարյուղ էլ են սկսել գործածել կանթեղների մեջ, աշխատելով, որ ընտիր ու լավ զտված լինի։

Լանջախաչ

Կրծքից կախելու խաչ է, իբրև եկեղեցականներին շնորհված շքանշան կամ պատվո նշան։ Երկու տեսակ լանջախաչ կա` մեկը քահանայական, մյուսը վարդապետական։ Քահանայականը պարզ ոսկեզօց արծաթե խաչ է, 10 սմ երկարությամբ, մի քիչ զարդարուն, որը ոսկեզօց շղթայով վզից կախում, կրծքի վրա կրում են բոլոր զգեստների վրայից։ Վարդապետականն էլ նույն չափ կամ մի քիչ ավելի մեծ խաչ է, որի մեջ խաչելության նկարով պատկեր կա, շրջանակի կեղծ ակերով զարդարված, վրայի կողմում թագ` ռուսական կայսերական թագի ձևով և ներքևում փոքրիկ մի զարդ կախված։ Այդ պատճառով էլ վարդապետական խաչը ականակուռ է կոչվում, որը շատ հազվադեպ արժանավորագույն քահանաներին է տրվում։ Լանջախաչն անծանոթ է մեր եկեղեցու հիշատակություններում և մեզ մոտ մուտք գործեց միայն ռուսների հետևողականությամբ և միայն վերջին դարի սկզբներին կիրառության մեջ մտավ։ Լանջախաչը շնորհվում է Ամենայն Հայոց հայրապետից, բայց տարադեպ չէ նրանց կարծիքը` որ մասնավորապես բոլոր կաթողիկոսներին ու պատրիարքներին էլ է տրված լանջախաչ շնորհելու հարմարությունը կամ իրավունքը։ Լատինացիների մոտ լանջախաչը եպիսկոպոսական նշան է, և կրում են նաև հայ հռոմեացիների եպիսկոպոսները, բայց ոչ երբեք վարդապետները։ Հնից մնացած երկու լանջախաչերի օրինակներ կան, մեկը Մայր եկեղեցու մեջ պատրիարքների համար, մյուսը Արմաշի մեջ վանահայրերի համար, որոնք երկու դարից ավելի հին չեն, և կարելի է ենթադրել, թե օտարների նմանողությամբ է պատրաստված։ Լանջախաչը գործածվում է բոլոր հանդիսավոր և պաշտոնական պարագաներում թե եկեղեցիների մեջ, և թե եկեղեցիներից դուրս։

Լապտեր

Ապակե փեխքերով շրջապատված ու փակված պահարան կամ տուփ է, որի մեջ մոմ է վառվում և քայլելու ժամանակ չմարելու ապահովություն ունի։ Լապտերները ձողերի վրա բարձրացրած՝ թափոնների առջևից են տարվում և ճանապարհին չմարելու օգուտի հետ միասին րերվացող զարդի առավելություն էլ ունեն։ Լապտերների կիրառությունը մեր եկեղեցիներում տարածված չէ, թեև տոնացույցը տեղ-տեղ լապտերն էլ է նշում թափորների մյուս զարդերի հետ։ Հույները ու լատինացիները սովորաբար կերոնների փոխարեն, լապտերներ են գործածում, իսկ հայ հռոմեականները մեզ նման չեն գործածում։

Լեզվակ

Զանգակի միջից կախված կտոր է, որը շարժելով, զանգակի կողմերին է իջնում ներսի կողմից ու ձայն է հանում, ինչպես լեզուն բերանում։ Սովորաբար ամբողջ զանգակն է շարժվում ու լեզվակն էլ հետը, բայց մեծ զանգակների լեզվակն է միայն շարժվում։

Լվացում

Բառի բուն իմաստը լվացվելու գործողությունն է, բայց սովորության մեջ լվացվելու գործիքն էլ է գործածվում և լվացում է կոչվում կոնքն ու փարչը միասին վերցված։ Սրբվելու անձեռոցն էլ լվացումի մաս է կազմում ըստ կարգի, բայց այժմ մեր ժամարարները, ինչ աստիճան էլ ունենան, ինչպես ասացինք, սրբվելու անձեռոցը, դենջակը կամ թաշկինակը կրում են կողքերին գոտուց կախ, ուստի լվացողի մոտ այն չգտնված ժամանակ կոնքի ու փարչի հետ գենջակն էլ պիտի ներգայացվի։

Լուսամուտ

Նույնանշան է պատուհան բառի հետ և տեղում կխոսենք։ Հին ձևով տներում շրջանակի պատերը ամբողջական էին , միայն երդիկից բաց անցք էր թողնվում, որ լույսը մտնի և հատուկ անունով սայր լուսամուտը։ Եկեղեցիների մեջ, արևելյան կողմից, խորանի վրա հատուկ մի փոքրիկ պատուհան է գտնվում, քառակուսի, բոլորչի կամ եռանգյունաձև, որտեղից առաջինը մտնում է արևելքից ծագող արևի ճառագայթը և այդ արևելյան պատուհանը եկեղեցու մեջ հատուկ անունով լուսամուտ է կոչվում։

Խաչ

Ծանոթ գործիք է մահապարտության հին ժամանակից, իսկ Քրիստոսի խաչելությունից հետո քրիստոնյաների համար իրենց հավատքի նշանն է ու իրենց բարեպաշտական զգացումների առարկան և այդ պատճառով եկեղեցական սպասքներից ամենագերազանցն ու գործածականն է։ Խաչն իր սկզբնական ձևի մեջ երկու տարբեր փայտ էր, մեկը ավելի երկար, քան մյուսը, որ ուղիղ անկյուններով իրար էին մյացվում, ներքևի մասը ավելի երկար թողնելով, որպեսզի երբ մահապարտի վրա տարածվեր, իրանն ու սրունքները այդ ներքևի մասին համապատասխան էին, բազուկները՝ կողմնակի թևերին, իսկ գլուխը վերին մասին։ Զանազան ձևերով այլ խաչեր էլ էին պատրաստվում, կամ փոքրիկ փայտը մյուսի գլուխը հաստատելով, ինչպես հաճախ ավազակների խաչերն էր գծագրված, կամ երկու փայտեր շեշտակի իրար միացնելով, ինչպես, ըստ ավանդության Ս.Անդրեասի խաչը, կամ թե փոքրիկ փայտը մեծի ցածի կողմը դնելով և մահապարտի գլխի վայր տարածելով, ինչպես ս.Պետրոսի խաչն է նկարագրվում։ Բայց երբ խաչ ենք ասում, առաջին անգամ նկարագրված Քրիստոսի խաչի ձևն ենք հասկանում։ Սրանով հանդերձ, բոլոր եկեղեցիները իրենց համար ավանդական ու սովորական ձևեր պահեցին և սրանից էլ ծագել են Հունական խաչ, Լատինական խաչ անունները։ Հունական խաչի չորս թևերը հավասար են, իսկ լատինական խաչի երեք թևերն են հավասար, ներքևի թևը կամ բունը մյուսների երկուսի չափ երկար է։ Իսկ Հայկական խաչի չորս թևերը հավասար լինելուց բացի, թևեր կազմած չորս անկյուններից ճառագայթներ կան, որոնք չորս թևերի մեջտեղում են դրվում, խաչի թևերի մեջ ճառագայթներով խաչ կազմելով ու բոլորը մեկ տեղ սեռակի շուրջը սփռվող անվի ճառագայթների նմանություն են տալիս։ Այդ իմաստով էլ ասոիմ ենք սեռակնաձև անունը, որը տրվում է շարականի մեջ Վարագա ս.Խաչին՝ նրա ճառագայթարձակ լուսավորությունը բացադրելով. «Ընդ յայտնել Սրբոյ Խաչին՝ սեռակնաձև քառաթևին, որ զաշխարհս լուսադրեաց արեգակնակերպ ճառագայթիւք»։ Եվ այստեղից էլ սեռակնաձև բառը հայ եկեղեցու ընդունած Խաչի պաշտոնական անունն է եղել։ Խաչի ձևի նկատմամբ գլխավոր մի խնդիր էլ վրան խաչված Քրիստոսի պատկերը գտնվելն է։ Երբ պարզապես խաչ ենք ասում, լոկ քառաթևն ենք հասկանում, առանց Քրիստոսի պատկերի։ Արարողության մեջ ավելի գործածված Խաչը եկեղեցու պաշտոնյաների ձեռքում բռնած խաչն է, որի վրա Քրիստոսի պատկերը չպետք է լինի, բայց հատկապես սեղանների վրա դրված ու պատարագի մատուցման համար կարևոր սեպված խաչերը, սովորաբար, Քրիստոսի պատկերով են, բայց չենք կարող պնդել, թե այսպես է մեր եկեղեցու ծիսական կանոնը։ Խաչերը սովորաբար կիրառության մեջ արծաթե են կամ պղնձե և սա դրանց տոկունությունը ապահովելու համար է, որովհետև, ըստ ծիսական կարգի, ամեն մի խաչ, որը պետք է եկեղեցու պաշտամունքի մեջ գործածվի, պետք է հարգվի, օրհնվի և 5 տեղից պիտի օծվի, այսինքն կենտրոնն ու չորս թևերը, կամ այլ անուններով՝ Ակնը, Թագը, Բունը, Աջ թևը ու Ձախ թևը։ Փայտե խաչերը սովորաբար կիրառության մեջ ընդունված չեն, և օծվելու համար չեն սեպվում, թեև կտավի վրա նկարված պատկերները օծելուց հետո, փայտից շինված խաչերը օծելը դժվարության տեղիք չպետք է տա։ Խաչի տեսակների և կիրառության կերպերի մասին խոսելով, նախ և առաջ պետք է հիշել Ձեռքի խաչը, որը սեռակնաձև քառաթև է, ներքևում ավելացված մի բուն ևս, որպեսզի այնտեղից բռնիչով բռնվի։ Լատինական խաչի ձևով և վրան Քրիստոսի պատկերով փոքրիկ խաչերը իբրև ձեռքի Խաչ գործածելը՝ սկսվեց հայ հռոմեականների մեջ, այնուհետև նվիրատուների կամ պատրաստողների չմտադրված տեղ-տեղ մեր եկեղեցիների մեջ էլ մտավ։ Սեղանի խաչը մեծկակ քառաթև է, որը սեղանի մեջտեղում բարձրկեկ պիտի դրվի։ Թեև խաչը հայ եկեղեցու սեփական ձեռքով պետք է պատրաստված լինի, սակայն շատ ավելի տարածված է լատինական խաչի ձևով ու Քրիստոսի պատկերով խաչեր գործածելը։ Բազմոցի խաչ են կոչվում զանազան մեծությամբ խաչերը, որոնք հանդիսավոր օրերին, քանի հատ էլ լինի, իբրև զարդ դրվում են սեղանի վրա։ Իբրև շքանշան կրծքի վրա կախելու խաչը բացատրեցինք «Լանջախաչ» անվան տակ։ Թափորների առջևից տարվելիք խաչը կբացադրենք Խաչվառ անվան տակ։ Իսկ խաչը, որպես նվիրական նշան ու հատուկ առարկա, դրված այլ առարկաների վրա, կգտնենք ամեն տեղ և խաչով պետք է նվիրագործվեն եկեղեցու բոլոր սպասքներն ու զգեստները։ Խաչի նշանը կանգնեցվում է գմբեթի կամ կաթողիկեի գլխին, զանգակատան գագաթին, եկեղեցու ճակատին, եկեղեցու մեջ 14 սյուներին, և ըստ Մաշտոցի՝ օծվելիք տեղերում մեկական քարե խաչ է դրվում և դրա վրա օծումն է կատարվում։ Զգեստների վրա էլ միշտ խաչի նշաններ պետք է լինեն, սովորական շապիկների երեք տեղերին, ուսանոցի թիկունքին և կրծքի երկու կողմերին, կամ գոնե միայն թիկունքին։ Սարկավագի ուրարը հինգ՝ գոնե եեք տեղ պետք է խաչ ունենա, մեկական խաչ էլ բազպանների վրա, եմիփորոնի վրա երեք կամ հինգ խաչ, փորուրարի վրա՝ կրծքին, շուրջառի հետ հետևում, սաղավարտի ու խոյրի վրա՝ գագաթին։

Խաչալեմ

Թափորների առջևից տարվող նշան է, որի վրա մանր խաչ կա և ներքևում պատկերազարդ կամ ասեղնագործված զարդ է կախված։ Այդ խաչալեմներից մեկ կամ քանի զույգ, բարձրաստիճան եկեղեցականների հանդիսավոր տոնախմբության օրը, տարվում են թափորների մեջ։

Խաչափայտ

Քրիստոսը վրան խաչված խաչի փայտից մանր կտոր կամ փշուր է, տեղավորված հատուկ զարդարված ու ճաճանչավոր անոթի մեջ, ներքևից բռնելու համար կոթ ունի, որը սեղանների վրա է դրվում որպես հավատացյալների հարգանքի նշան և որով որոշյալ օրերին կամ բարեպաշտների ուզած ժամանակ խաչահանգիստ կամ խաչալվա է կատարվում, օրհնված ջուր է պատրաստվում հիվանդների բժշկության, տների շինությունների կամ ձեռնարգությունների օրհնության կամ հաջողության համար։ Մայրաքաղաքի գրեթե բոլոր եկեղեցիները և գավառների գլխավոր եկեղեցիներն ունեն իրենց խաչափայտը։ Հույն և լատին եկեղեցիներում նույն պես պահվում են խաչափայտի կտորներ և մեծ պատվով հարգվում են, թեև նրանցում օրհնած ջուր պատրասրելու համար խաչափայտի ընկղմում տեղի չի ունենում։

Խաչբակ

Եկեղեցիներում գտնվող բակը հայտնի է և բացատրված՝ բակը եկեղեցու չորս կողմն է տարածվում։ Այդ բակի այն մասը, որը եկեղեցու կամ տաճարի արևելյան կողմում է գտնվում, կոչվում է Խաչբակ։ Սրանք ընդհանրապես տեղի առաջնորդների, բարցրաստիճան եկեղեցականների և պատվավոր անձերի գերեզմանի տեղ են եղել։

Խաչկալ

Սեղանների վրա մեծկակ խաչ գտնվելու ծիսական պահանջները նշեցինք. ահա այդ խաչը բարձր կեկ ու պատվավոր դիրքի մեջ զետեղելու համար պատշաճ պատրաստություն էր պետք, և սա եղավ խաչկալի ծագումը՝ խաչը դնելու տեղը։ Այժմ խաչկալները մեծածել ու պատշաչ կերպով շատացել են։ Բազմոցը, որի վրա աշտանակների սպասքները պետք է դրվեն, խաչկալին խառնվեց, սեղանի վրա պատկերի զետեղելն էլ սեղանի վրա բերվեց և խաչկալը պատկերակալ դարձավ, միայն թե պատկերը շատ ավելի նշանավոր և շատ ավելի ընդարձակ ձև ու կարգ պահանջեց, և խաչկալները դարձան սեղանների գլխավոր ու նշանավոր զարդը։ Եվ որովհետև որոշյալ կանոն չկար, ամեն մարդ իր ճաշակի ու կարողության չափ հարստացավ և շատ շքեղ ու հարուստ խաչկալներ սկսեցին երևան գալ։ Այժմ խաչկալ ասելով հասկանում ենք սեղանի ճակատին բարձրացող փայտակերտը՝ որի ներքևի մասը բազմոցի աստիճաններն են, մեջտեղում խաչի տեղը և վրան պատկերի շրջանակը, գեղեցիկ ճակատն էլ ավելի վեր։ Այսպես էլ այսօր մայրաքաղաքի և նրա վիճակների եկեղեցիներն ընդհանրապես։ Խաչկալների հնագույն ձևը տարբեր է։ Սեղանի առջևի ուղղությամբ երկու կողմերում մեկական դռներ կան, որոնք բացվում ու փակվում են և դրանց վրա ս.Թադևոսի, ս. Բարդուղիմեոսի, Առաջին Լուսավորիչների, կամ ս.Պողոս ու ս.Պետրոս առաքյալների կամ երկու այլ հարմար պատկերներ են գծված, իսկ ներքևի կողմից սեղանի հետևում եղող մասը շատ չի բարձրանում և երկու կողմերից էլ փակված, ամփոփ տեղ է կազմում։ Հարկ է իմանալ, որ այդ ձևը, որը գտնվում է հնագույն եկեղեցիներում և տարածված է արևելյան վիճակներում, անշուշտ ավելի ծիսական է. սակայն մեզ մոտ ընդունված ձևն էլ շատ ավելի փառավորվում է սեղանների իսկ տեսքով։ Վերջին տարիներում ուրիշ նոր ձև էլ մտավ խաչկալների վրա, որ սեղանը չորս անկյուններում դրված սյուների վրա են բարձրանում և վերիվեր Մայր տաճարի արտաքին ձևի նմանությամբ վերևի կողմը կաթողիկե գմբեթներով է վերջանում։ Արդարև խոհրդավոր է այս ձևը, սակայն հնավանդ լինելու հանգամանքը ճշտված չէ։

Խաչվառ

Ձողի վրա բարձրացրած մեծ խաչ է, որը երկու կողմերում երկու կերոններով տարածվում է թափորների առջևից։ Այդ խաչերը արծաթից կամ մետաղից են լինում բայց ավելի շատ փայտից են՝ հեշտությամբ կրելու համար։ Խաչվառ են տանում նաև ննջեցյալների հողարկավորության առջևից, եկեղեցու մեջ պատարագի խնկարկության ու թափորի առջևից, իսկ շատ տեղերում Խաչվառ են հանում նաև անդաստաններին։ Խաչվառն մեկն է, և առաջից է տարվում, մյուս խաչվառները զարդեր են և թափորների մեջ կարող են բազմաթիվ լինել։

Խաչքար

Խաչքար են կոչվում կանգուն գերեզմանաքարերը, որոնց մեջտեղում զարդարված խաչ է քանդակված։ Խաչքարերը երբեմն օծվում են և օծման նշանակ խաչի կենտրոնում երկաթից մի բևեռ է հաստատված։ Խաչքարերը ավելի շատ եկեղեցիների ու վանքերի շուրջը գտնվող պատվավոր անձանց գերեզմանների վրա են դրվում քան թե այլ գերեզմանոցներում։ Խաչքարեր կարող են դրվել եկեղեցու որմի վրա ներսում կամ դրսում և կամ նշանավոր մի այլ տեղ, ոչ թե իբրև գերեզմանաքար, այլ պարզապես իբրև արված մի նվեր կամ ընծայված մի երախտիքի հիշատակ։

Խնկաման

Մեջը խունկ լցնելու արծաթե աման է, ձեռքին կրելու համար, երբեմն կափարիչ ունի և երբեմն էլ ոչ։ Խունկը արարողությունների ժամանակ այդ ամանի մեջ է պահվում և երբ խունկ դնելու համար սարկավագը հանդիսադրին կամ ժամօրհնողին է ներկայանում, խնկամանը բուրվառի հետ միասին պարզում է, որի մեջ փոքր գդալ կա, որով խունկը օրհնությամբ խնկամանից բուրվառի մեջ է դրվում։

Խնկանոց

Խնկամանից տարբերվում է, որովհետև խունկը պարզապես մնում է խնկամանի մեջ, իսկ խնկանոցի մեջ կրակ է դրվում և խունկը վառում։ Խնկանոցը վերիցվեր բուրվառի բուն կտորն է կրակարանով ու պատվանդանով, բայց շղթաներ չունի և չի շարժվում, այլ խունկ բուրելու համար որևէ տեղ է դրվում, մի խոսքով, խնկանոցը չշարժվող բուրվառ է։

Խոյր

Եպիսկոպոսական կոչված թագի ավելի ճիշտ անվանումն է։ Արդեն գավազանի մասին խոսելու ժամանակ առիթ ունեցանք հիշեցնել, որ առաջագույն եպիսկոպոսները հունականի նման բոլորշի խոյր ունեին, որը մեր քահանաների այժմյան գործածած սաղավարտն է, և որ 1184 Հռոմի պապերի նվիրած հայրապետական զգեստի կիրառությամբ լատին եպիսկոպոսական խոյը մեզ մոտ էլ ընդունվեց։ Այս խոյը երկու տափարակ երեսից է բաղկացած, որը սրածայր է վերջանում և իրար միացած լինելով, բերանը գլխի վրա հագցրած ժամանակ վերի կողմից է բացվում ու երկճղի խոյր է կազմում, ծայրերին մեկական փոքրիկ խաչեր։ Նկարներով զարդարելը ըստ ցանկության է, բայց միշտ ըստ հնարավորին՝ հարուստ։ Լատինացիների մոտ էլ առաջ բուն խոյրը այնպես բարձր չէր, ինչպես այսօր, այլ այժմյանից կիսով չափ ցածր։ Այժմ ծայրից ծայր կես մետր բարձրություն ունի։ Խոյրը հատուկ է եպիսկոպոսներին, հատուկ հրամանով ու թույլտվությամբ գործածում են նաև ծայրագույն վարդապետները՝ և թեմակալ առաջնորդ են, բայց միայն իրենց վիճակի մեջ։ Խոյրի մասն է կազմում արտախուրակը, որի մասին առանձին խոսել ենք։

Խորան

Բառի ճիշտ իմաստով նշանակում է վրան, որը սենյակի նման է, շարժական ու լաթեղեն նյութից պատրաստված։ Այժմ խորան ասելով, հաճախ սեղանի հետ ենք շփոթում և սեղանի խորան ենք ասում, մինչդեռ սեղանը խորան չէ, այլ խորանի ներսն է։ Խորանը բեմի հետևի մասն է, որը կամարով վրայից փակված, վրանաձև տեղ է կազմում, խորանը պարփակված է չորս սյուներով, որոնք չորս ավետարանիչների անվանն են նվիրված։ Խորանտ, ինչպես ասացինք, ոչ ամբողջ, այլ կես վրանի պես է ներգայանում, առջևից բոլորովին բաց լինելով, վերին կողմից քառորդ գունդի նման կամարով փակված, շուրջանակի կիսաբոլոր՝ որի մեջտեղը կանգնած է սեղանը և նրա հետևում բարձրանում է խաչկալը, իսկ սեղանի ու խաչկալների հետևից ազատ անցք կա, որտեղից կատարվում են վերաբերումն ու խնկարկությունները, և սեղանի սպասավորումը։ Կողմնակի պատերի վրա բացված են խորհրդանոցի խաչերը, աջ կողմինը հատկացված են պատարագի, նվերների և ս.Հաղորդության, իսկ ձախակողմյանը մյուռոնի և այլ սրբությունների պահպանությանը։ Խորանի միջից մեկական դուռ է բացվում դեպի երկու կողմերի ավանդատները, որը շարունակ բեմի առջևից չերթևեկելու համար մեծապես հեշտացնում է սեղանի սպասավորությունն ու լուսարանի աշխատանքը։

Խորհրդանոց

Խորանի մեջ կողմնակի երկու որմերի վրա մեկական խորշեր կան, որտեղ պատարագի խորհրդի նվերներն են զետեղում, ժամարարը «Ի յարկի սրբութեան» ասելուց ու վարաքույրը փակելուց հետո պիտի գնա աջակողմյան խարհրդանոց, նշխարն ու գինին դնի մազմայի ու բաժակի մեջ, սկիհը պետք է ծածկի ու խնկարկի և այդտեղ պիտի թողնի, մինչև որ վերաբերման ժամանակ սարկավագի ձեռքով հանդիսապես սեղանին բերվի։ Ժամարարի խորհրդանոց գնալը մեզ մոտ գրեթե չի կատարվում, թեև դա պահվում է արևելյան վիճակների մեջ։ Այդ սկիհը դնում են սեղանի վրա և այստեղ ժամարարը կատարում է արարողությունը, իսկ հետո սարկավագը խորհրդանոցի մեջ սկիհը նվերներով է զետեղում։ Երբեմն, և հատկապես հանդիսավոր օրերին, սկիհը փոխանակ խորհրդանոցի մեջ դնելու, դնում են աջակողմյան փոքր սեղանի վրա։ Գուցե ժամանակին այդ տեղերն էին խորհրդանոցները և հետզհետե փոքր սեղանի փոխվեցին։ Եթե ավանդատներում, կամ եկեղեցու մի այլ կողմում օծված փոքրիկ կամ պարզապես ձևացյալ սեղաններ են լինում, և նույն սեղանների օրն է հանդիպում, այս սեղանները իբրև խորհրդանոց են գործածվում։ Խորհրդանոցների առջևում կամ մոտը, երբ նվերները դրված են, երկու մոմ վառելը ըստ ամենայնի պատշաչ է։ Խորհրդանոցները հատուկ փոքրիկ վարագույրներ պետք է ունենան, որոնք վայելչության համար փակված պետք է մնան և միայն նվերները դրված ժամանակ են բաց պահվում։

Խորհրդատետր

Պատարագի ս.Խորհուրդի ժամանակ քահանայի կարդալու աղոթքների գիրքն է, որը փոքրիկ գրակալով սեղանի ձախ եղջուրի վրա է դրվում, կարդալու հեշտության համար երեսը դեպի ժամարարը։ Նույն նպատակով Խորհրդատետրերը միշտ խոշորագիր են լինում։ Այս գիրքը կոչվում է նաև «Պատարագամատոյց»։

Խորհրդարան

Ժողովի սենյակ իմաստով է գործածվում և պարզապես ցույց է տալիս Թաղ.Խորհրդի հատուկ սենյակը։ Երբեմն քահանաներին հատկացված սենյակն էլ է խորհրդարան կոչվում։ Կարող է պատահի, որ եկեղեցու բակի մեջ այլ ժողովների համար էլ հատկացված սենյակներ գտնվեն, որոնք նույն անունն են կրում և շփոթության առիթ չտալու համար, յուրաքանչյուր սենյակի մեջ հավակվող ժողովի անունը ավելացվում է խորհրդարան կոչմանը։

Խունկ

Եկեղեցու մեջ խունկ ծխելը ամենահին սովորությունն է, և զանազան նպատակների է ծառայում։ Ծխելու սովորական եղանակը բուրվառն է և ծխելու հատուկ պաշտոնյան սարկավագն է։ Խնկանոցով էլ է խունկ ծխվում, բայց սովորական արարողության մեջ քիչ է պատահում, ավելի շատ սեղանի կամ ավազանի օծման, կամ Մեծ պասի օրերին է գործածվում խնկանոցը։ Գործածված խունկը սովորաբար հոտավետ ծառերի խեժից է և ուշադրություն պետք է դարձվի, որ մաքուր ու ընտիր լինի։ Հազվադեպ և ծայրահեղ դեպքում գործածվում են ընտրելագույն ու անուշ խունկ կոչված նյութերը, ինչպես հալվեն, մուշկը և այլն։ Խունկը գործածվելուց առաջ օրհնության աղոթք ունի Մաշտոցի մեջ։ Ասացինք, որ խնկարգությունը զանազան նպատակներ ունի, որովհետև հավասարապես խնկարկվում են պատարագն ու սեղանը, անձերն ու եկեղեցին. մեծն ու փոքրը, քանի որ ինչպես սարկավագն է խնկարկում ի պատիվ եպիսկոպոսի, այնպես էլ եպիսկոպոսն է հանդիսապես խնկարկում ժողովրդից յուրաքանչյուրին։ Անտեղի չէ խորհել, որ խնկարգությունը իր մեջ կենցաղային նպատակ ունի, այն է՝ անուշահոտ բույրով մաքրել բազմաքանակ ժողովրդի հավաքվելուց առաջացած օդի ապականությունը, որը նոր բառով կարող ենք հականեխել ասենլ։ բայց խունկի հոտն էլ կարող է ծանրաբեռնել օդը, և հաջելի ու օգտակար լինելու համար՝ չպետք է զանց առնել խունկ դնելու չափավորությունը։

Ծածկոց

Ընդհանրապես որևէ կտավ, կերպաս ու իր, որը առարկան աչքից ծածքում է դրան ասում են «ծածկոց», բայց եկեղեցու մեջ այդ բառը իբրև հատուկ անուն տրված է պատարագի ժամանակ սկիհի ու մազմայի վրա փռված ընտիր դաստառակին։ Ծածկոցները սպասքների ամենաարժեքավոր ու ամենաարվեստակերտ մասն են կազմում և սովորաբար պատրաստված են մետաքսի վրա ոսկեթել ասեղնագործությամբ։ Քաշով էլ շատ թեթև չեն, որովհետև երկտակ են և երբեմն ներսում ամուր կտավ են ունենում։ Ծածկոցը, այդ միակ նպատակից բացի, այլ բանի համար գործածելը ներելի չէ, պահպանությունն էլ պետք է զգուշությամբ լինի, հատկապես մեր եկեղեցու մեջ, քանի որ մենք սրբագործված նշխարի վրա առանց այլ կափարիչ դնելու՝ ինչպես դա անում են լատինացիները ու հայ հռոմեականները, կամ՝ խաչ-երկաթ ձևով արծաթյա ցանց դնելու, ինչպես այլ ծեսեր, անմիջապես ծածկոց ենք դնում և սրբագործված նշխարի հետ անմիջապես շփման մեջ ենք պահում։ Ծածկոց բառը երբեմն գործածում են ք նաև սեղանի վեմը ծածկող կտավի իմաստով, սակայն դա ճիշտ անունը չէ, այլ բառն իր ընդհանուր իմաստով է վերցված։



Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000