www.christianity.am



Աթոռ - Բազպան / Բաժակ - Գորփուրա / Գտակ - Թիկնոց / Ժամ - Ծածկոց
Ծաղիկ - Մատանի / Մատուռ - Պատմուճան / Պատվանդան - Քշոց

Մատուռ

Անվան ծագումը հունական մարդիրիոն բառից է, որը Մարտիրոսանոց կամ Վկայարան, ասինքն՝ մարտիրոսների գերեզմանների վրա շինված փոքր եկեղեցիներն են, իսկ այժմ հասկացվում է պարզապես փոքր եկեղեցիներ։ Սակայն անվան իսկական իմաստը եկեղեցու մեծությունից կամ փոքրությունից չի կախված, այլ հիմնարկության բնույթից։ Այն տաճարը, որի հիմքերը օրհնված ու օծված քարերով են նվիրագործված, եկեղեցի է, իսկ նրանք, որի հիմքերն օրհնված և օծված չեն, այլ ուրիշ շենքից են վերացվել և ժամանակավոր իբրև եկեղեցի են գործածվում, մատուռ են կոչվում։ Մատուռ են կոչվում նաև օծված եկեղեցիների պահարանները կամ հատուկ մասերը, որ հիմքից օծված չեն, այլ հետո նրանց մեջ օծված սեղաններ են դրվել, թեև անշարժ ու հաստատուն են։

Մարմնակալ

Պատարագի ժամանակ սկիհի տակ հատուկ դրված մաքուր կտավ կամ զարդարուն փոքրիկ դաստառակ է։ Ավելի մանրամասն խոսել ենք Գորփուրայ անվան ներքո։

Մաքրիչ

Ճերմակ ու մաքուր կտավից փոքրիկ կտոր է, որով պատարագիչը ճաշակելուց հետո սրբում է բաժակի ներսը։ Մաքրիչը հատուկ տուփի մեջ են պահում, և որոշ ժամանակ շարունակ գործածում են։ Ավելի լավ է մաքրիչը մանր կտորներից պատրաստել և յուրաքանչյուր պատարագին առանձին գործածել, օգտագործածն էլ այրել։

Մեղրամոմ

Մեղրամոմից պատրաստված մոմ է, որը ընդունված է միայն եկեղեցական կանոններով սեղանի վրա վառելու և եկեղեցում գործածելու համար։ Բնական մեղրամոմը գորշ գույն ունի։ Բայց արհեստականորեն այն սպիտակեցնում են և տարբեր չափի ու տեսակի մոմեր են թափում։ Մեղրամոմի արհեստն ավելի զարգացած լինելով Էջմիածնի կողմերում, այնտեղի եկեղեցիները միայն մեղրամոմ են գործածել, մինչդեռ մեր կողմերում նվազել է կամ ավելի ճիշտ, դադարել է մեղրամոմի կիրառությունը սեղանի վրա, այժմ միայն ուխտի ու բարեպաշտության համար, կամ պաշտոնյաների ձեռքին վառած մոմերն են մեղրամոմ։ Այս մասին արդեն գրվել է ճարպ բառի ներքո։

Մյուռոն

Սրբազան ու սրբալույս մի նյութ է, որը հատուկ օրհնությամբ պատրաստվում է կաթողիկոսի ձեռքով, և բոլոր հայ ուղղափառ եկեղեցիների վիճակներին է բաշխվում։ Մյուռոնի գլխավոր նյութը ձեթն է, որին չափավոր քանակով բալասան և 40 տեսակ հոտավետ խունկերի, փայտերի և բույսերի խառնուրդով նյութ է խառնվում։ Մյուռոնը եկեղեցու սպասքների կարգին չի կարող դրվել, ուստի ավելի չենք երկարացնում։

Մյուռոնաման

Մյուռոնը պահելու համար ամաններ են, որոնք տարբեր տեսակներ են ու տարբեր կիրառություն ունեն։ Նախ մյուռոնը դրվում է մետաղե մեծ սափորների մեջ՝ մեծ քանակությամբ ուղարկելու և պահելու համար։ Առաջնորդարաններից իրենց թեմերին բաշխելու համար չափավոր ամանների են վերածվում, որոնք ընդհանրապես հաստ ապակե շշեր են։ Հանդիսավոր արարողության ժամանակ գործածելու համար Աղավնի կոչված աղավնաձև ամանների մեջ են բերում, որոնց մասին արդեն խոսել ենք։ Աղավնուց մյուռոնը մյուռոնաթափ անելով՝ փոքրիկ սկիհի կամ մասնատուպի ձևով մանր ամանների մեջ են դնում, որոնց բերանը սովորաբար բաց է։ Վերջապես կան նաև կափարիչով փոքրիկ ամաններ էլ, որոնց մեջ բամբակի վրա մի քիչ մյուռոն թափելով պահվում է և ծառայում քահանաների ձեռքի կիրառության համար՝ եկեղեցում կամ դրսում։

Մկրտարան

Այսպես է կոչվում աջակողմյան պահարանը, որովհետև նրա մեջ է գտնվում ավազանը, որը հաստատուն կանգնած է հյուսիսային որմի առջև։ Ավազանն էլ Մկրտարան են կոչում, բայց ճիշտ չէ։

Մշտավառ

Ավագ սեղանի առաջ կախված կանթեղը գիշեր-ցերեկ վառած են պահում, որպեսզի եկեղեցին մթության մեջ չմնա, և պատիվ լինի սեղանին ու պահված սրբությանը։ Այդ կանթեղը կոչվում է մշտավառ։

Մոմ

Ճրագի նյութ է, որը հալելուց հետո թափում են երկար ձևով, մեջը պատրույգով և աշտանակների վրա կանգուն վառվում է։ Մոմը բուն մեղրի բջիջները կազմող նյութն, և դրանից պատրաստված ճրագներ են բուն մոմեղենը, բայց հետո այլ նյութերից էլ են պատրաստել, գլխավորապես ճարպից, որ այժմ կատարելապես զտվել ու գեղեցիկ կերպարանքի վերածված վիճակի մեջ է դրվել։ Ճարպամոմի ու մեղրամոմի մասին խոսել ենք, կիտամոմն էլ այդ առիթով նշել։

Մոմակալ

Մոմակալ են կոչվում այն երկու բարձր աշտանակները, որոնք դրվում են գրակալի երկու կողմերում, փոխարինելով մոմակալ բռնող տղաներին, երբ տղաներ չեն լինում։ Աշտանակի մասին խոսելիս, այդ մասին նշել ենք։

Յայսմավուրք

Մեծահատոր մի գիրք է, որը պարունակում է սրբոց վկայաբանություններն ու վարքերը։ Սրանք կարդացվում են երեկոյան ժամերգությունը սկսելուց առաջ։ Ամեն օրվա ընթերցումը սկսվում է «Յասմ աւուր յիշատակ է» և դրանից էլ ծագել է այս գրքի անունը, սակայն Յայսմավուրքի կարգը սրբերի մահվան թվականների վրա է շարված, ինչ կարգով որ տոնում են հունական ու լատինական եկեղեցիները, այսինքն՝ արեգակնային ամսաթվերի կարգով։ Իսկ մեզ մոտ տոները յոթնական ու շարժական կարգադրություն ունենալով՝ Յայսմավուրքի Յայսմավուրը օրվա տոնին չի համապատասխանում։

Նարօտ

Պսակի ժամանակ փեսայի ու հարսի գլխներին ի նշան պսակի երիզաձև զարդ է կապվում, այժմ պարզապես կարմիր ու ճերմակ հյուսվածքով պատրաստված բարակ առասանու ձևով մի բան է կապվում, որը յուրաքանչյուր քահանա իր մոտ պատրաստ ունի։

Նափորտ

«Շուրջառ» անվան հոմանիշն է և պարտադիր օգտագործվում են միմյանց փոխարեն։ Եկեղեցական զգեստից բացի մեջը փաթաթվելու ընդարձակ հագուստի անունն է։

Նկատ

Բռնելու հարմար փայտի կտոր է, որի ծայրին սանրաձև երկաթե թելեր են շարված, որով նշխարները հետևի կողմից ծակծկում է, որպեսզի հեշտ եփվի։

Նկար

Փայտի կամ կտավի, ինչպես նաև մետաղի կամ թղթի վրա ներկվող գծված պատկեր է։ Սովորաբար նկար բառը գործածում ենք, երբ որ պատկերը բարեպաշտական առարկա չէ, այլ պարզապես եկեղեցու պատերի և զանազան սպասքների վրա զարդի համար է գործածվել։ Այդ նկարները, իհարկե սուրբ անձնավորությունների նմանվելու կարիք չունեն, այլ կարող են կենդանիների և բույսերի նման լինել, կամ թե լոկ ուղիղ կամ կոր գծերի բաղադրությամբ նկարված ձևեր լինել։ «Նկար» է կոչվում որևէ բան կամ եկեղեցի, որը պարզապես գույնզգույն գծագրություններով է զարդարված։

Նշան

Եկեղեցում Խաչ անվան հետ համանշանակ է գործածվում, և նշանակում է Ս.Խաչ։ Այս Ս.նշան անունն ավելի հատուկ կերպով գործածվել է Վարագա ս.Խաչի համար, որի շարականն էլ «Նշանու ամենայաղթ» բառերով է սկսվում։ Նշան կոչվում է նաև այն առարկան, որ փեսացուին կամ հարսնացուին է տրվում իբրև նշան խոստման ու միավորության։ հարսանեկան նշանը եկեղեցական արարողությամբ օրհնվում է և տուչությունն եկեղեցական կանոններով է լինում։ Նշամը կարող է լինել կանացի արժեքավոր որևէ մի զարդ՝ օղ կամ ապարանջյան, քար կամ մանյակ, նաև ոսկի կամ արծաթ դրամ, բայց նախընդրելի է զարդարված խաչեր օգտագործել, ինչպես որ Պատրիարքարանի սովորությունն է։

Նշխար

Ս.Հաղորդության հացի տեսակի համար պատրաստված նյութ է։ Մաքուր ալյուրից, անխմոր շաղախած, տափակ ու կլոր մի բաղարջ է, մեկ երեսին խաչի պատկեր է տպված, և մյուս երեսը նկարով ծածկված, և եփվում է երկաթե թիթեղի վրա առանց այրելու և առանց տապակելու։ Նշխարի մեծությունը սովորաբար 6-10 սմ տրամագծով է լինում և 2-3 սմ թանձրությամբ։ Ավելի մեծ նշխարներ համեմատական թանձրությամբ պատրաստվում են տաղավարի օրերին՝ ուխտավորությունների առթիվ հաղորդվողների բազմությանը բավարարելու համար։ Պատարագի նշխարը նույն առավոտյան պետք է պատրաստված լինի ըսը առաքելական կանոնների։ Ժողովրդին իբր մաս բաժանվելիք նշխարները տարբեր տիպեր են լինում, և նախապես էլ պատրաստված կարող են լինել։

Նվագարան

Նվագարան է կոչվում երաժշտական որևէ գործիք, լինի լարելով, թե փչելով ձայն հանող։ Նվագարանները եկեղեցուն պատկանող հատուկ իրեղեն չլինելով, տեսակների տարբերությունը և նկարագրությունը տալը կարևոր չենք համարում։ Եկեղեցու մեջ նվագարանների գործածվող իրեր լինելու մասին տարբեր սովորություններ և տարբեր կարծիքներ են հայտնվել։ Լատինական եկեղեցիները մեծ երգեհոն ունեն։ Ժամանակ առ ժամանակ եկեղեցում սրինգներ էլ են գործածվել, այժմ էլ գործածվող երգեհոնը ծնծղան, քշոցը և բուրվառի բոժոժներն անգամ նվագարան համարելով ենթադրվում , որ այլ նվագարաններ էլ է կարելի է գործածել։ Մինչդեռ երևում է, սովորությունը թելադրում է դա բոլորովին հեռացնել։ Առանց խնդրի մեջ խորանալու, ասում ենք, որ նվագարանները պարզապես իրենց ձայները հանելու պայմանով չեն կարող եկեղեցու մեջ գործածվել։ Աստծո համար երգերը պետք է օրհնություն և փառաբանություն լինեն, որը գաղափար է ու զգացում, և չենք կարող անշունչ գործիքներն ունենալ։ Նվագարանները չափավոր և հնավանդ սովորության համաձայն կարող են գործածել եկեղեցում, երգեցողությունները կանոնավորելու և զորացնելու համար։

Նստարան

Պետք չե մտածել, որ նույնանշանակ է աթոռին, որովհետև նստարանը պարզապես նստելու տեղն է, իսկ աթոռն իշխանավորի պաշտոնապես նստելու տեղն է։ Նստարանի կարգին չպետք է դասել գետնին դրվող բարձերը (մինտար), որոնց մասին խոսել ենք. դա ոտքերը գետնից բարձր և թիկունք ունեցող և որոշ չափով արվեստով պատրաստված, սրունքները առջևից ներքև կախելով՝ նստելուն հարմար նստարան է։ Բավական երկար նստարաններին մի քանի, մինչև անգամ 8-10 հոգի կարող են տեղավորվել։ Հնում նստարանները անծանոթ ին մեր եկեղեցիներում։ Վերջին 25-30 տարիների ընթացքում մայրաքաղաքի եկեղեցիներին առաջինն այն ընդունեցին և հետզհետե տարածվեց նաև գավառների որոշ քաղաքներում, բայց ոչ դրանից ավելի։ Նստարանը, երկար ժամանակ կանգնած մնալը հնարավոր չլինելու և այժմյան զգեստներով գետնի նստելու դժվարության դեմ հարմար միջոց է։ Եկեղեցում որևէ ձևով նստելը ընդունված լինելով, նստարանների տեսակները միայն ժամանակի կենսական պահանջն է մնում։ Այդ պատճառով էլ նստարանն ընդունելություն գտավ և տարածվեց։ Միայն դասից ներս, եկեղեցականների և դպիրների համար նստարանն ընդունված չէ, բայց չգիտենք թե ինչու, որովհետև թե ի պատիվ և թե ի դյուրություն՝ եկեղեցական պաշտոնյաները եկեղեցում միշտ հասարակ ժողովրդից նախադասվելու իրավունք պետք է ունենան։

Շապիկ

Այսպես է կոչվում մարդու իրանը ծածկող և ամենաներքին հագուստը. եկեղեցում էլ շապիկը, թեև ուրիշ սովորական զգեստների վրայից են կրում, բայց եկեղեցական զգեստների ամենաներքինն է։ Հագնողի հասակով, ուսից մինչև գորշապարը հասնող, վզից ներքև ուղւղ իջնող և մարմինը ամեն կողմից ծածկող հագուստ է։ Շապիկն այժմ առջևից է միացած, միայն կրծքի վրա բացված ճեղք ունի, այնտեղից գլուխը անցկացնելու համար։ Հավանաբար, առաջ շապիկը վերևից ներքև բացված էր և երկու կողմերը իրար վրա էին բերվում ու ծածկվում։ Այս տեսությունը արդարացվում է, հաշվի առնելով, որ տակավին արևելքում գործածական է պարսկական շապիկի ձևը, և որ այդպես է նաև հին քանդակների վրա երևացող ասորեստանյան ու պարսկական հագուստների ձևը։ Այդ էլ նպաստում է տեսնելու, որ քահանայական զգեստավորության ժամանակ գլխին սաղավարտ դնելը շապիկ հագնելուց առաջ է, որը չի կարող արդարացվել, եթե շապիկը վերևից ներքև բաց թողնված չլինի։ Եկեղեցական շապիկի էական մասը ուսանոցն է, որի մասին կխոսենք, և թիկնոցի մասին խոսելիս մասամբ գրել ենք։ Շապիկի նյութը ընդհանրապես ճերմակ կտավ կամ սպիտակ քաթան է, և դեռևս շատ տեղերում անգամ այդպես է, սակայն հետզհետե սկսեցին տարբեր գույների ասվեյից և մետաքսից, թավիշից և ուրիշ ընտիր կերպասից պատրաստել։ Շապիկը թեև դպիրնոերին հատուկ զգեստ է, բայց բոլոր աստիճաններում մնում է։ Սարկավագի շապիկն էլ միևնույնը կարող է լինել։ Նույնիսկ քահանայի եպիսկոպոսի և հայրապետի հագաց շապիկը առաջին դպրության շապիկն է, թեև այժմ տարբեր նյութից և առանց ուսանոցի է պատրաստվում։ Նյութի տարբերությունը աստիճանի հետ կապ չունի, իսկ ուսանոցից հրաժարվելն էլ, անշուշտ, շրջազգեստի ներքևը չերևալու սովորությամբ է եղել։

Շարական

Շարերի, երգերի հավաքածո գիրք է, որը եթե ոչ բառական ստուգաբանությամբ, այլ ճիշտ ու արդեամբ է շարականց պատուականց։ Տերունական տոներին սրբերի հիշատակներին և պասի օրերին ըստ պատշաճի եկեղեցում կարդացվող երգերն էլ Շարական են կոչվում, հետևապես թե գիրքը և թե պարունակությունը նույն անունն են կրում։ Ավելի ստույգ ասաց, ոչ բոլոր երգերն են շարական անունը կրում, որովհետև տարբեր տեսակների տարբեր անուններ են տրվում և բուն շարական են նրանք, որ փոխելու հետ են երգվում։ Մտադիր լինելով իրերով զբաղվել անդրադարնանք գրքերին։ Շարականներից սովորականները Ձեռաց շարական կոչվածներն են, փոքրադիր հատորներ՝ որոնց մեջ գրված են գործածական եղող պատշաճի շարականները։ Քաղված եկեղեցում սովորական դառնալուց հետո կազմեցին Ձայնքաղ շարականներ, որոնց մասին խոսել ենք։ Վերջին տարիներին Էջմիածնում հրատարակվեցին Ձայնագրեալ շարականներ, որոնք մեզանում դեռ սովորական կիրառություն չունեն։

Շիշ

Որևէ ապակե աման է, նեղ բերանով ու ընդարձակագույն պարունակությամբ։ Շիշ անունը տրվում է երբեմն պարզապես բաժակամանին կամ ժամանոցին, երբեմն էլ մյուռոնամանին, բայց որևէ սպասքի հատուկ անուն չէ։

Շուշփայ

Մաքուր կտավի կտոր, որ սկիհի տակ է դրվում կամ սկիհը մաքրելու համար է, որով նույնանում է մարմնակալի ու մաքրիչի հետ։ Բայց գործածվում է նաև դաստառակ բառի իմաստով, երբեմն էլ սփռոցի իմաստով, և հետևաբար կարող ենք ասել, թե շուշփան ընդհանուր իմաստ ունի և սեղանի վրա գործածված բոլոր կտավները կարելի է շուշփա հասկանալ։

Շուրջառ

Քահանայական աստիճանի գլխավոր զգեստ է, որն իր լայնությամբ ամենաերեվացնողն է։ Կիսաբոլորակ ձև ունի, որը ուղիղ գծի կողմից և մեջտեղից ուսի վրա է գցվում, և երկու մասի բաժանվելով՝ մասերը առջևի կողմից իրար են մոտենում ու ծածկվում, իսկ բոլորակ կողմը ոտքերին է փաթաթվում։ Շուրջառը հագնողի կրծքի վրա մի ճարմանդ է ամրացված և դրանով պահում է։ Հունական շուրջառը առջևից էլ միացած է և մեջտեղի բաց տեղից գլխի վրայով է հագնում, և երբ հագնողն ուզի ձեռքերը դուրս հանել, պետք է շուրջառը թևի վրա հավաքի։ Լատինացիների մոտ շուրջառը, որը անձրևանոց, ֆրանսերեն pluvial անունն է կրում, մերինի նման առջևից բաց է, իսկ պատարագի համար գործածվելիք փոքր շուրջառը՝ ֆրանսերեն chasubles, երկու կողմից բացված և ծնկի վրայից իջնում է։ Ենթադրում են, որ շուրջառների բոլոր ձևերը ծագել են հին իշխանական պատվավոր զգեստներից, որի լավագույն օրինակը հունական շուրջառն է։ Անդրադարնալով մեր շուրջառին դրա երգարությունը կախված է հագնողի հասակից, ուստի քիչ ու շատ տարբերությամբ է կարվում։ Նյութն ընդհանրապես ընտիր ու հարուստ էր, իհարկե, ըստ ժողովրդի և նվիրողի կարողության։ Շատ ընտիր շուրջառներ կան հնդիկների մոտ, արծաթաթելից կամ ամբողջովին ծանր ասեղնագործված, որը գործածվում է զգեստավորվողի աստիճանին համապատասխան։ Մեր ծեսը գույնի կանոն չունի հետևաբար ամեն գույնի ու ճաշակի է պատրաստվում։ Շուրջառների հետևներին երևալու չափ մի խաչ պիտի լինի, որն այժմ շատ շուրջառների վրա անտեսված է, թերևս ժամերգության ժամանակ գործածված շուրջառների համար ներելի է, սակայն չպետք է ներվի պատարագի ժամանակ գործածված ժամարարի շուրջառի համար։ Դպրի շապիկների կամ սարկավագի ուրարների խաչի պակասությունից ավելի շատ դիտողության է արժանի շուրջառի խաչի չլինելը։ Ժամարարի շուրջառի հատկություններից մեկն էլ այն է, որ նույն նյութից բազպան և փարուրար, ինչպես նաև նյութին հարմար զույգ վակաս ու սաղավարտ, իսկ եպիսկոպոսական զգեստները նույնպես վակաս, խոյր ու ենիփորոն ունենան։

Ուսանոց

Շապիկի վերին ու զարդարված մասն է, որը թիկունքի և ուսերը ծածկելուց բացի դեպի առաջ է իջնում և կուրծքը ծածկում մինչև մեջքը։ Ուսանոցները ամուր կապված են շապիկի վրա և միասին մի կտոր ու մի զգեստ են կազմում։ Ուսանոցերը միշտ ավելի զարդարված են քան շապիկը։ Հետևի կողմից ուսանոցի մեջքի կամ ուսանոցի ծայրի թիկնամեջքի վրա մի խաչ պիտի լինի, երկու խաչ էլ կրծքի երկու կողմերում, և եթե վերջինները չլինեն, ոչինչ, իսկ առաջինը անպայաման պետք է լինի։ Երբեմն խաչի փոխարեն Աստծո մի գառ կամ տերունական այլ խորհրդավոր մի նշան պիտի դրվի կամ գործվի, որ ճաշակով ու նրբությամբ լինելու դեպքում չպետք է մերժելի համարվի։ Ուսանոցները երբեմն արծաթե ձուլաձո զարդերով են ծածկված լինում, որն ավելի խնայողական է, շապիկի և ուսանոցի կերպասը փոխելով դրանք նորից են գործածվում։ Ուսանոցները շապիկից անջատելով՝ առանձին թիկնոցի տեղ գործածելու սովորության մասին խոսել ենք այդ բառի ներքո։

Ուրար

Ուսից կամ ուսերից ներքև իջնող, երկար ձևով հագուստի մի մասն է։ Ուրար անվան հայկական ծագում չունենալը և օտար բառ լինելը երևում է լատ.Օրարիում և հունարեն Օրարիոն բառերի համեմատությունից, որը լատինական ստուգաբանությամբ զգեստի բերան կամ եզերք է նշանակում։ Բառի ծագումը թողնելով՝ իրեն գանք։ Ուրարները երկու տեսակ են՝ սարկավագի ու քահանայի։ Սարկավագի ուրարը նեղ ու երկար է. երկու մարդահասակ երկարությամբ հազիվ 10-12 սմ լայնությամբ դրվում է ձախ ուսի վրա, հետևից և առջևից հավասար չափով կախվելով։ Այդ է ծիսական կիրառության բուն ձևը։ Ուրարը որևէ նյութից կարող է լինել և սովորաբար երեք խաչ պիտի ունենա.մեկը ուսի վրա մեջտեղում և մյուս երկուսը հետևից ու առջևից մեջքի վրա։ Ուրարի ձևի ու կիրառության մեջ որոշ փոփոխումներ մտցվեցին։ Առաջինը՝ ձախ ուսի վրա դնելուց հետո ծայրերը դեպի աջ տանել և մեջքի վրա իրար միացնել՝ շեղակի տանելով կրծքի ու թիկունքի վրայով. այդ ձևը ավելի շատ հայ հռոմեականների մատ է նկատվում։ Երկրորդը՝ ուրարը երեք մարդահասակի չափ երկարությամբ թողնել, մեկ ծայրը ձախ ուսի վրա, հետևից կախելուց հետո, մյուսը կրծքից անցկացնել աջ թևատակի ներքևից, թիկունքից վեր բերել և դարձյալ ձախ ուսից և առջևից կախել։ Այդ ձևը մի քիչ ավելի գեղեցքություն է ավելացնում, և ուրարը ծառայում է ավելի հաստատուն բռնելու մեր կողմերում։ Երկար ուրարները երեքի փոխարեն հինգ խաչ ունեն։ Մի այլ ձևն էլ ուրարը մեջքից անցկացնել ու հետևից երկու ուսերին բարձրացնելով բերել առաջ և շեղակի դարձնելով կրծքի վրայից ծայրերը մտցնել մեջքին փաթաթաց մասի մեջ։ Այդ ձևը հունականին է նման, որ քիչ է պատահում և խրախուսելի էլ չէ։ Քահանայական ուրարը առաջացել է սարկավագի ուրարից, քանզի ինչպես ձեռնադրության ժամանակ է ճշտվում, քահանայական ուրարը կազմվում է ձախ ուսից կախված ուրարը երկու ուսերի վրա դարձնելով և երկու ծայրերն էլ առջևից կախելով։ Լատինական եկեղեցին պահել է միևնույն ուրարը, սակայն երկու մասերը կրծքի վրայից շեղակի անցնում և գոտիով ամրացվում է։ Հունականը թեև երկու կողմերը մեկ կտորի վրա է միացված, բայց ցույց է տալիս երիզներով և կողք կողքի խաչերով երկու մասերից կազմված։ Իսկ մերը ամբողջական է դարձել, մարդահասակ, երկար ու սարկավագի ուրարից կրկնակի չափ լայն, բայց միակտոր ու վերևից ներքև երեք տեղ մեկական խաչերով։ Գլուխը երկու եղջյուր ունի, որը վզի հետևից իրար է կապվում։ Սակայն կան նաև քահանայական ուրարներ, որոնց գլուխը միակտոր է և բացվածքով գլխի վրայից է անցնում։ Հայ հռոմեականներն ընդունել են այդ ձևը, որն ավելի հարազատ է «Ըզգեցո, Տեր, պարանոցի իմոյ» զգեստավորության աղոթքի ոգուն, Ավետարանի օրինակին և ուրարի ծագման մերձավորությանը։ Քահանայական ուրարը սովորաբար կոչվում է փորուրար, որի մի այլ ձևն էլ կա գործածված. երբ ուրարն առանց շուրջառի կիսազգեստի կամ բոլորովին առանձին է գործածվում, օրինակ, ննջեցյալների հուղարկավորության առիթով, առջևի կողմը կատարյալ փորուրարի նման է, գլխից անցկացնելու ձևը առջևի ճեղքով է, միայն վրան ավելացրած է մի մաս՝ շապիկի ուսանոցի նմանությամբ, ուսանոցը և ուրարը միացնող մի ձև, որը ասես շապիկի վրայից հագած ուրարի նմանություն է տալիս։ Այդ ձևը վայելուչ է, հարմար, և խորհրդավոր, միայն թե չենք կարող ասել թե հին է, քանի որ հների մեջ չի հիշատակվել։

Պահարան

Ավանդատուներին տրված մեկ ուրիշ անուն է, ավանդները պահելու տեղ, և անունը վերցված է թե ավանդից և թե պահարանից։ Պահարան են կոչվում նաև այն գաղտնի պահպանության տեղերը, որոնք Գանձարան անվան ներքո բացադրել ենք։

Պատարագամատույց

Պատարագի աղոթքները պարունակող գիրքն է, որ քահանան օգտագործում է պատարագ մատուցելու ժամանակ և Խորհրդատետր է կոչվում, և այդ անունով էլ բացատրված է։

Պատկեր

Տերունական տնօրինություններ կամ սուրբ անձնավորություններ ներկայացնող նկարներ կամ գործողություններ են՝ փայտի կամ կտավի վրա նկարված, որոնք բոլորովին տարբեր են շոշափելի ձևերով ու չափերով առնապատկեր ներկայացնող արձաններից։ Տարբեր են նաև քանդակներից, որոնք ավելի կամ պակաս ցցվում են հարթ երեսի վրա, մինչդեռ պատկերը գրության պես է, և միայն ստվերագրության զորությամբ է կերպարանքի ու ձևի նման լինում։ Մեր եկեղեցին, որ արձանի համար բոլորովին ներող չէ, իսկ քանդակի համար բավական զգուշավոր պատկերի համար ներող է, բայց այն էլ ոչ առանց չափավորության ու զգուշավորոիթյան։ Պատկերների մեջ էլ դրանք, որոնք միայն որպես զարդ են, նկար անվան ներքո բացադրեցինք, այստեղ մնում են բարեպաշտության առարկա եղող պատկերները, որոնց առջև հավատացյալները իրենց ջերմեռանդությունը կատարում են խնկով ու մոմով, աղոթքով ու պաղատանքով, և որ եկեղեցական ծեսով պետք է օրհնված ու օծված լինեն, առանց որի եկենղեցում իբրև բարեպաշտության առարկա չեն ընդունվում, իսկ եկեղեցուց դուրս բնավ իսկ կիրառության մեջ չեն լինում, այսինքն՝ պատկերների վերաբերյալ մեր եկեղեցին այլ եկեղեցիներից շատ խիստ է, բայց մեր նպատակը չէ մտնել վարդապետական խնդիրների մեջ։ Մեր եկեղեցում գործածվող պատկերները հետևյալներն են։ Նախ և առաջ Ավագ սեղանի պատկերը խաչակալի մեջտեղում զետեղված, Աստվածածնի պատկերը՝ Հիսուս Մանուկը գրկում։ Մեր եկեղեցու ճաշակով ս. Աստվածածինը պետք է լինի լուրջ դեմքով ու գլխաշորով ծածկված, Հիսուս Մանուկը հագնված ու շիտակ կեցվածքով Աստվածածնի աջ բազկի կամ ծնկի վրա նստած, իսկ լատինական ճաշակին հատուկ են գեղանի դեմքով ու գեղուհու ոճով հագնված Աստվածածին, Հիսուս Մանուկը կիսամերկ կամ մերկ, ու Աստվածածնի ձախ բազկի կամ ձախ ծնկի վրա, երբեմն էլ զղուանաց ձևով ներքև պառկած կամ սանդիեցութեան դիրքի մեջ։ Աստվածածնից ու Հիսուսից բացի նույն պատկերում եկեղեցու անվան սրբին էլ մեկ տեղ նկարել իբրև հիշատակ չի արհարմարհվում։ Մեր տոների առթիվ ավագ սեղանի պատկերը փոխել և Ավետման, Ծննդյան, մկրտության, Ընթրեաց, խաչելության, Հարության, Համբարձմա, հոգեգալստյան, Երրորդության, Վերափոխման պատկերներ դնել, թեև նորամուտ սովորություն է, բայց չի մերժվում, միայն թե սուրբ պատկերներից այն կողմ չանցնի։ Սեղանի պատկերներից հետո գալիս են առաքյալների 12 պատկերները՝ խորանի ներքին պատի վրա շրջանակի մեջ։ Ամենահին ձևով սեղանի պատկերը՝ խորանի փրկիչ պատկերը լինելով՝ դրվում կամ գծվում էր որմի վրա և առաքյալների պատկերները այն շրջապատում էին, իսկ Խաչկալը խաչի պատվանդանն էր, լոկ խաչկալ և ոչ թե պատկերակալ, ինչպես հիմա դարձրել են։ Երկու պատկեր էլ ավագ սեղանի կողմնակի սեղանների, պահարանների կամ մատուռների մեջ է դրվում, իբրև փոքր սեղանի պատկեր, և շատ հաճախ ս. Կարապետ և ս. Ստեփանոս Նախավկայի պատկերներն են։ Մեկից ավելի սեղան ունենալ եկեղեցու մեջ հնավանդ չէ, բայց վաղուց ի վեր հնացած է և Մշո ս.Կարապետ վանքի տաճարը հնության մի փաստ է. եկեղեցական մաղթանքներում ս.Աստվածածնի, ս.Կարապետի ու ս.Ստեփանոսի ամենօրյա հիշատակությունը նույնպես նրա մասին է ակնարկում։ Այդ կողմնակի սեղանների պատկերները շատ անգամ տարբեր սրբերի կամ տնօրինական խորհուրդների է նվիրվում։ Եկեղեցուն հարակից պահարանները կամ մատուռները միշտ փոքրիկ մի սեղան և նրա վրա էր տնօրինական կամ սրբի մի պատկեր է ունենում, որևէ խորհրդով կամ հիշատակով որոշված ու դրված, առանց որևէ ընդհանուր կանոնի, կամ ընդհանրացած սովորության հետևելու։ Միայն աջակողմյան պահարանում, այսինքն՝ Մկրտարանում Քրիստոսի մկրտության մի պատկեր ունենալը գրեթե ծիսական պահանջ է դարձել։ Եկեղեցու գավթում էլ, որ հնում եկեղեցուց անջատված էր պատով, հարգանքի և պատվի համար հատուկ մի պատկեր ունենալը ծիսական պահանջի պես էր, քանի որ այնտեղ աղոթք էին անում։ Տաճարի դուռը մեջտեղում լինելով, պատկերներն էլ երկուսն են լինում, երկու կողմում դրվելու համար։ Այժմ, երբ գավիթները վանդակապատով են անջատված, պատկերների սովորությունը չխափանելով՝ երկու պատկեր գավթի դռան երկու կողմում են զետեղում, անցքի վրա, և ժողովրդական բարեպաշտությունից առավել հարգանք են վայելում։ Միայն նշված պատկերները ավելի կամ նվազ ծիսական պահանջների են պատասխանում։ Այս կարգի մեջ, ի դեպ, պետք է նշել Մեծ պասի օրերին փակ վարագույրի վրայից կախված խաչելության պատկերը, որն իբրև ծիսական պահանջ է դիտվում, բայց իրոք հակառակն է։ Վարագույրը փակվում է և սեղանի պատկերը ծածկվում է, ապաշխարհության գաղափարը զարգացնելու և աստվածային տեսության զրկման ազդեցությունը ներգործելու համար փակ վարագույրի վրա նորից պատկեր դնել՝ այդ հիմնական դատումը տկարացնում է, որչափ էլ ցավագին ու, ստահույզ լինի խաչելության պատկերը։ Նոր սովորությունը առաջացել է վարագույրը պատկերազարդ նկարելու արհեստից, որի հնագույն օրինակները գտնվում են Էջմիածնում, որոնք բերվել են Հդկկաստանից, իսկ հետո Կ.Պոլսում են պատրաստել Մեծ պասի համար խաչելության ու Չարչարանքի պատկերներով զարդարված վարագույրները։ Որոնք որ այդպիսի վարագույր չեն ունեցել սկսել են այն փոխարինել պատկերով և այսպիսով տարածված սովորության առիթ են ընծայել։ Բայց եկեղեցում պատկերները մեր հիշատակացից շատ ավելի են. պատերի վրա, կամարների վերևում շատ պատկերներ են կախվում, երբեմն կարգով կամ խորհրդով, ինչպես չորս Ավետարանիչների, 12 Առաքյալների, 12 Մարգարեների, 4 մեծ վկաների (Սարգիս, Գևորգ, Թեոդորոս, Մերկերիոս) մեր եկեղեցու հայրապետների ու վարդապետների և այլն, իսկ երբեմն էլ խառնիխուռն, ինչպես որ ձեռքերն է ընկել, բարեպաշտները նվիրել ու հիշատակ են դրել հատուկ մակագրություններով։ սրանք մեծ մասամբ իբրև դիմանկար ու զարդապատկեր են դիտվում, նույնիսկ պատի վրա նկարվածներ էլ կան, որոնք բոլորովին մերժելի չեն, բայց շատ ու շատ ընդունելի են վայելչությունն ու չափավորությունը, պատկերների ճաշակի խորությունը։ Կան նաև հատուկ բարեպաշտության առարկա դարձած և հրաշագործ անունով պատված պատկերներ, որոնք պահարանների, գավիթների և վերնատների մեջ են զետեղվում, և մոմերով և խունկերով հարգվում։ Թեև դժվար է ժողովրդական բարեպաշտությունն ու վերաբերմունքները ղսպել և ընկալած սովորությունը խախտել, սակայն եկեղեցու առաջնորդներն ու պաշտոնյաները պետք է այս մասին խիստ զգուշանան։ Ամեն դեպքում քրիստոնյա ժողովրդի հավատքը, որքան էլ ռամիկ ոճով է մարմնացած, երբեք չի շփոթի պատկերը պատկերյալի հետ, և լավ գիտե, որ իր պաշտելը ոչ թե պատկերը, այլ պատկերյալին է։

Պատմուճան

Սովորաբար գործածվում է որպես շապիկի հոմանիշ, մի զգեստ, որ մարմինն է պատում, թեև ընդհանուր առմամբ որևէ զգեստի կամ հանդերձի նշանակությամբ է գործածվել։



Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000