www.christianity.am



Աթոռ - Բազպան / Բաժակ - Գորփուրա / Գտակ - Թիկնոց / Ժամ - Ծածկոց
Ծաղիկ - Մատանի / Մատուռ - Պատմուճան / Պատվանդան - Քշոց

Բաժակ

Այս անունը գործածվում է սկիհ անվան փոխարեն և նշանակում է մեծ ամանից բաժանելով լցնել փոքր ամանի մեջ, որը որևէ ըմպելիք և, առավելապես, գինի խմելու համար է։ Բաժակ անունը այժմ անխտիր արտակին կիրառությամբ էլ գործածվում է, մինչ դեռ սկիհ անունը հատկացված է հաղորդության խորհրդի համար գործածված բաժակին։ Մյուս կողմից սկիհ անունը լոկ անունը նյութական անոթ նշանակությանն է ծառայում, իսկ բաժակ անունով հասկանում ենք դրա միջի պարունակությունը` նույնիսկ ս. հաղորդության խորհրդավոր սրբագործությունից հետո։ Բաժակաման, բաժկաման, ժամանոց է կոչվում պատարագի խորհրդի ժամանակ մատուցած գինու ամանը, որը հատուկ ձևով ու վայելուչ շիշ է, ապակյա խցանով փակված։ Արծաթե շիշ գործածելն էլ օրինական է, սակայն դեղի կամ ուրիշ ըմպելիքի համար գործածվող սովորական շշերը և մինչև իսկ սև շշերը` որպես բաժակաման գործածել պատարագի գինին սեղանին մատուցելու համար վայել չեն։ Զահընկալի ձեռնադրության ժամանակ և եպիսկոպոսը դատարկ բաժակաման է տալիս նվիրյալի ձեռքը` իշխանություն տալով այն լցնելու և պատարագի համար պատրաստ բռնելու։

Բակ

Եկեղեցիների կառույցները, թեև ոճով տարբեր, բայց ընդհանրապես իրար հետ էական կետերի մեջ նմանություն ունեն։ Տաճարը կառուցված է որոշյալ գետնի մեջտեղում, և տաճարի շուրջը բաց տարածություն է գտնվում, որից հետո գալիս են ժամատունը, բանկալը, խորհրդարանը, քահանայի սենյակը և ուրիշ մասեր, և երբեմն նաև վարժարանը, որը փակվում է շրջապատի պարսով։ Բակը տաճարի և այդ շենքերի մեջ գտնված բաց տարածությունն է, որն ավելի ընդարձակ է արտաքին դռնից ներս` տաճարի մեծ դռան առջև, և բակ անունով այս առջևի մասն է հասկացվում, մինչ մյուս մասերը բացատրելու համար գործածում ենք կողմնակի բակ, հետևի բակ անունները։

Բանալի

Եկեղեու մեջ գտնվող դարանները, հարկավ իրենց կողպեքն ու բանալին ունեն. բանալիներ ունեն նաև ամեն մուքի դռները, և այս հայտնի բան է։ Եկեղեցու բանալի ասելով` հասկանում ենք հատկապես տաճարի մեծ դռան բանալին, որը հատուկ նշանակություն ունի դռնապանի ձեռնադրության ժամանակ, որպես աստիճանի նշան, եպիսկոպոսից նվիրյալի ձեռքը տրվելով և սարկավագի առաջնորդությամբ դուռը բացելու ու փակելու գործողությունը կատարելով։

Բանկալ

Եկեղեցու արտաքին դռնից ներս մտաց ժամանակ, տաճարի մեծ դռան անցքի մի կամ երկու կողմերում` վրան փակ ու առջևում բաց տեղեր կան, ուր մոմ է ծախվում բարեպաշտների համար, և եկեղեցու համար պնակներ են գտնվում` հավատացյալների նվերն ընդունելու, որտեղից նաև անհրաժեշտ տեղեկություններ են հարցվում ու տրվում, իչպես նաև եկեղեցուն հարմար իրեր, ինչպես օրինակ օրացույց կամ հոգևոր հրատարակություններ, կարող են վաճառել։ Այդ տեղերին ժողովրդական սովորությամբ բանկալ անունն է տրվում։ Բանկալները մեկից ավելի էլ կարող են լինել, երբ եկեղեցին ավելի մուտքեր ունի, իհարկե, երբեմն շարժական բանկալներ էլ են դրվում տաճարի դռներից դուրս։ Կան եկեղեցիներ, ուր դիրքի անհարմարության համար բանկալի գործողությունները տաճարի մեծ դռնից ներս, գավիթի մեջ են կատարվում, որը խրախուսելի չէ երբեք։

Բեմ

Գետնից բարձր եղած մասնավոր տեղերը կոչվում են բեմ, դատարանները, ժողովատեղիները, հանդիսավայրերը, թատրոնները, նույնպես ունեն իրենց բեմը։ Մեր եկեղեցիներում սեղանն էլ տաճարի արևելակողմը բարձրացած բեմի վրա է դրվում։ Հունական եկեղեցիները բեմ չունեն, իսկ լատինական եկեղեցիների բեմը մերինից տարբեր է, որովհետև միայն սեղանի առջևում բարձրացած մի մաս ունի։ Մեր եկեղեցիներում տաճարի արևելայն մասը ամբողջ տաճարի լայնությամբ գրեթե կանգուն է, և երբեմն էլ ավելի է բարձրանում գետնից և այդ բեմի վրա գտնվում են խորանն ու սեղանը, դրա վրա կատարվում է պատարագի մատուցումը, և ժողովուրդը տաճարի բոլոր կողմերից հեշտորեն տեսնում է արարողությունը։ Մեր բեմերը շիտակ են կանգնած, միայն երկու ծայրերում աստիճաններ կան վեր ելնելու համար, ինչպես աստիճան բառի տակ ասացինք։ Հայ հռոմեականնները այդ մասում փոփոխություն մտցրեցին իրենց եկեղեցիների մեջ, և բեմի առջև ծայրից ծայր աստիճաններ շինեցին ուղիղ դեպի սեղանը բարձրանալու համար` առանց կողմնակի պատյան անելու։ Անշուշտ, հին ձևերի պահպանությունը գովելի ու նախադասելի պետք է համարվի։

Բարձ

Անունը վերացրել ենք իբր համանշանակ ռամկական մինտեր անվան, որը շատ գործածական էր նախկինում, երբ եկեղեցու մեջ նստարաններ չկային, և հավատացյալները գետնին ծնրադրում կամ ծալապատիկ նստում էին։ Բարձերը նաև տերունի էին, և եկեղեցուն մի բան վճարելով` եկեղեցու մեջ որոշակի տեղ նստելու սեփական բարձ ունենալու իրավունք ունեին և նույն իրավունքը ժառանգականությամբ անցնում էր սերունդին։ Այժմ այս տեսակ բարձեր շատ քիչ են մնացել եկեղեցիների մեջ և այն էլ մի քանի տարեց տիկնանց կողմից պահված։ Բարձի մի ուրիշ կիրառությունն էլ սեղանի համար էր, խորհրդատետրի ներքև դրված, այն բարձր պահելու համար։ Այս բարձիկն էլ սովորությամբ սկսեց խափանվել և փոքրիկ գրակալները ընդհանրացան խորհրդատետրը պահելու համար։

Բշխուն

Եկեղեցու մեջ զանազան կիրառության համար հատկացված ասեղնագործ, զարդարուն ու ընտիր բեհեզե կամ մետաքսե դաստառակները անխտիր կերպով բշխուն են կոչվում։ Դրանք որևէ նվիրական սպասք, Խաչ կամ Ավետարան և այլն բռնելու համար են ծառայում և բռնիչ էլ կոչվում են։ Բշխուն անունն ավելի դիպուկ կերպով գործածվում է այն երկայնկեկ դաստառակի համար, որ երկու տղայի ձեռքով պահվում է ժողովրդի առջև, որպեսզի հաղորդության ժամանակ, իբրև ապահովություն, որ եթե քահանայի ձեռքից հաղորդությունից մաս սահի, դրա մեջ ընկնի և ոչ թե գետնին։ Այդ հատուկ կիրառությունից ելնելով, հնարավոր էր Բշխուն անունը Բաշխուն կարծել, վերցված հաղորդություն բաշխելուց, բայց ստուգաբանական խնդիրը թողնում ենք դրանով զբաղվողներին։

Բոժոժ

Փոքրիկ զանգակիկ է, բայց սովորական զանգակի ձևից տարբերվում է, որովհետև ցածի շրթունքները իրար են մոտեցած, միայն երկու անցքեր թողնելով և հչեցնելու համար մեջը փոքրիկ երկաթի կտոր կա բոլորովին թաղված և ամբողջովին ցնցումով է դուրս գալիս ձայնը։ Բոժոժի մեծությունը սովորաբար մեծկակ կաղնու չափ է, բայց ավելի մեծ ու ավելի մանր էլ կարող են գործածվել։Հին օրենքի մեջ մեծ քահանայապետի զգեստն ուներ իր զանգակիկները, բայց մեր եկեղեցու մեջ ոչ մի զգեստի վրա բոժոժ չի դրվում, այլ գործածվում է այն բուրվառի շղթաների վրա ու քշոցի շուրջը։ Բոժոժների թիվը թե յուրաքանչյուր բուրվառի, և թե յուրաքանչյուր քշոցի շուրջը ընդհանուր սովորությամբ 12 հատ պետք է լինի ըստ Տաթևացու` զանգակիկները առաքյալների նշանակ են, որոնց քարոզության ձայնը հնչեց ամբողջ երկրով։

Խաչի բուն

Այսպես է կոչվում չորս թևերից այն, որը ուղղահայաց գծի ստորին մասն է կազմում ու առանձին օծվում է Խաչն օծելու արարողության մեջ։ Խաչի բուն կարող է կոչվել նաև այն մասը, որ Խաչի ցածի թևից ներքև կցված է ձեռքի Խաչերի մեջ և բռնելու համար է ծառայում, և որ Խաչից դուրս Խաչի կոթը նկատվում է։ Օծումն այդ մասի վրա չի լինում։

Բուրվառ

Բուրման վառարան, անուշահոտության համար գործածվող կրակի փոքր աման։ Այս բուրման կրակարանները, երբ հաստատուն տեղ են դրվում, սովորաբար Խնկանոց են կոչվում և տարբերվում են բուն բուրվառից, որը շարժման մեջ է գործածվում։ Կրակարանը ներքևում պատվանդան ունի, որ Տաթևացին կառույց էր կոչում, իսկ վրայի կողմից կախված է երեք շղթաներով, որ վերից ագույցի վրա են միանում, որտեղից բռնվում է։ Կրակարանն ունի վրան կափոց, որը շղթայով ագույցին է հասնում, և որը ոչ թե հաստատուն, այլ շարժական կերպով կապված է դրան, հարմար բացվելու և փակվելու համար։ Կրակարանի մեջ մի փոքր կրակ ու վրան խունկ է դրվում և բուրվառակի բուրվառը տված շարժումներով այրում ու բուրում է։ Բուրվառն անող բուն պաշտոնյան սարկավագն է, որին եպիսկոպոսը ձեռնադրության ժամանակ հանդիսապես հանձնում է բուրվառը ու խնկարկել է տալիս, սակայն արարողության մեջ հանդիսադիրն էլ, ժամարարն էլ, կարգավարն էլ են գլխավորապես թափորների առթիվ բուրվառով խնկարկություններ անում։

Բուրվառնոց

Հին եկեղեցիների մեջ ձախակողմի պահարանի դռան մոտ, պատի մեջ բացված խորշ կա, ուր սովորություն էր դնել բուրվառը, բայց այժմ այդ խորշը խափանված է մաքրության ու վայելչության համար, և բուրվառը պահարանի մեջ է պահվում ու պատրաստվում։

Բռնիչ

Եկեղեցու մեջ գործածված զանազան դաստառակները այդ անունն են կրում, երբ սպասք բռնելու համար են սահմանված կամ ծառայում։ Այսպիսիք են Ավետարանի բռնիչը, որով Ավետարանն է բռնում, Խաչի բռնիչը` ձեռքով Խաչը բռնելու համար։ Սկիհի բռնիչը, որով հաղորդության ժամանակ սարկավագը սկիհն է բռնում` որպեսզի ժամարարը ապահով կարողանա հաղորդություն բաշխել, և` գավազանի բռնիչը, որով գավազանները զարդարվում են վերևի կողմից։ Հայ հռոմեականները միշտ գավազանը վերևի կողմից բռնիչով զարդարում են, մեզ մոտ գավազանը զարդարում են միայն վարդապետական տուչության ու եպիսկոպոսական ձեռնադրության ժամանակ։ Միայն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, որ միշտ զարդարված գավազան է գործածում։

Գանձանակ

Փայտից կամ մետաղից շինված փոքրիկ արկղիկ է, կամ տապանակ է, ամեն կողմից փակված և միայն վերևի կողմից անցք ունի, որտեղից ներս է մտցվում դրամը։ Կափարիչը բանալիներով փակված է և երբեմն էլ կնիքով ամրացած։ Այդ զգուշության նպատակն է ապահովությունը, որպեսզի դրամ հավաքողը կամ հավաքման հսկողը չկարողանա հավաքված դրամի վրա ձեռք դնել։ Գանձանակները զանազան կիրառություն ունեն եկեղեցու մեջ։ Ամենից գործածականն ու տարածվածը քահանայի գանձանակն է, որը քահանաները եկեղեցու մեջ պտտեցնում են, մի ձեռքում էլ բուրվառ վերցնում, և որի արդյունքը հավասարապես բաշխվում է նույն եկեղեցու ծխատեր ու բաժնեկից քահանաների վրա; դրա համար Հավասար քահանայից էլ կոչվում է այդ գանձանակը։ Գանձանակներն էլ դրվում են հաստատուն կերպով բեմի վրա և ուխտի առարկա եղող պատկերների առջև և դրանց արդյունքը Թաղ. Խորհրդի ձեռքով գործածվում է եկեղեցու ընդհանուր պետքերի վրա։ Շատ տեղ եկեղեցիների բանկալներում էլ է գանձանակ դրվում, մոմագինը դրա մեջ դնելու համար, երբ բանկալում նստող պաշտոնյայի նկատմամբ բացարձակ վստահությունը պակասում է, մանավանդ լուր օրերի մեջ։ Վերչապես եկեղեցիների դռներին էլ հաստատուն գանձանակներ կան հաստատված, որոնք որոշ նպատակի համար են սահմանված, ինչպիսիք են Ս.Էջմիածնի համար, Ս.Երուսաղեմի համար, Ս.Փրկչի Հիվանդանոցի համար գանձանակները, որոնք մեր բոլոր եկեղեցիների մեջ դրված են, թաղի վարժարանի կամ եկեղեցու նորոգման կամ ուրիշ բարեգործական նպատակի համար սահմանված և որոշ վերտառությամբ գանձանակներ էլ են տեղ-տեղ դրված։ Գանձանակների վրա, մանավանդ ուխտի պատկերների առջև դրված գանձանակների բրա լուսարար կամ ժամկոչ պաշտոնյաների կողմից տարբեր խարդախ գողություններ նկատված լինելով, հարգ է եղել հատուկ զգուշություններ գործածել, գանձանակների շինության մեջ հատակների ամրությունն ապահովելով` բերանից ցած կոր խողովակներ ամրացնելով և այլն։ Չնշեցինք մասնախմբի անդամների կամ հատուկ պաշտոնյաների ձեռքով փողոցների և շուկայի մեջ շրջագայության դրված հիվանդանոցների և թաղերի գանձանակները, որոնք եկեղեցու սպասքների և կահերի կարգին չեն դասվում։

Գանձատուն

Եկեղեցու կողմնակի պահարաններից տարբեր երրորդ մի պահարան է, հաճախ եկեղեցու հետևի կողմից քարուկիր կամարով ամրացված, երկաթյա դռներով, վանդակներով ու փեղկերով պաշտպանված, թե գողի և թե հրդեհի վտանգից ազատ պահելու համար եկեղեցու թանկագին սպասքները։ Այդպիսի գանձատուն ունենալը անհրաժեշտ է բոլոր եկեղեցիներին, և ընդհանրապես էլ պատրաստված են, բացառապես մանր և կիսավեր եկեղեցիների։ Հնագույն եկեղեցիների մեջ գանձատներ էին պատրաստված նաև պատերի մեջ, սյուների և կամարների հաստ կողմերին, և դռներն էլ գաղտնի էին, որպեսզի ամեն մի մարդ չիմանա, բայց այդպիսի գանձատներ այլևս գործածության մեջ չկան։

Գանձարան

Կարող է հասկացվել Գանձատուն իմաստով, բայց սա չէ մեր բացատրելիքը։ Գանձարանը գիրք է, որը պարունակում է զանազան տոների համար հատուկ գանձեր։ Իսկ Գանձ կոչվում են մեծ քարոզները, որ հանդիսավորապես երգվում են առավոտները ու երեկոները մեղեդիներից հետո և «Գոհանամք զքէն» և «Լուր ձայնից» աղոթքներից առաջ։ Գանձ անունը պատահաբար է գործածվել, որով հետև այդ ձևով մեծ քարոզներից առաջինները Ս.Գրիգոր Նարեկացին է գրել և անվան տառերով տների սկզբնագրերը կազմել կամենալով միշտ Գ տառով ու «Գանձ» բառով է սկսել երեք քարոզները, և դրանից ելնելով նման ձևով բոլոր քարոզները «Գանձ» են կոչվել։ Գանձարան գրքերը ավելի շատ ձեռագիր վիճակում են գտնվում։ Վերջին ժամանակները գանձեր երգելու սովորությունը նվազելու հետևանքով չեն տպագրվում։

Գավազան

Ձեռքում բռնելու փայտի իմաստով է գործածվում ընտանեկան խոսակցության մեջ, բայց եկեղեցու մեջ պաշտոնի ու աստիճանի հայտարար է նշանակում և ձեռնադրությունների ժամանակ օրհնությամբ և աղոթքով է տրվում։ Գավազանների նյութը կարող է լինել փայտ, մետաղ կամ ոսկոր, կան նաև բյուրեղյա կամ ապակյա գավազաններ, բայց խիստ հազվադեպ։ Գավազանները ամբողջապես միևնույն նյութից շինելու հարկ չկա. ընդհանրապես գավազանի գլուխն ու գավազանի կոթը տարբեր նյութից է շինվում, հաճախ կոթերն էլ միակտոր չեն, այլ երեք կտորի են բաժանվում` ագուցիկ պտուտակներով և ագույցներն էլ տարբեր նյութից են, այսինքն` մետաղե կամ ոսկրե կարող է լինել փայտե կոթերի վրա։ Գավազանների թանձրությունը հաստկեկ փայտի չափ է, գլանաձև կլորակ և կամ կլորի մոտ բազմանկյուն, հաճախ շիտակ ու լերկ, երբեմն էլ ուղւղ կամ կլոր ակոսաձևերով զարդարված։ Բարձրությունը ընդհանրապես մարդաչափ է կամ բնական հասակից մի քիչ ավելի է, հնագույնները միշտ նվազ բարձր են։ Լատինացիները և դրանց նմանողությամբ հայ հռոմեականները ավելի բարձր գավազաններ են գործածում, որը մեր եկեղեցիներում ընդունված չէ։ Գավազանների ծայրերն էլ սուր են վերջանում և ընդհանրապես ամուր մնալու համար մետաղե կտոր էլ է լինում։ Գավազանները այժմ մեր եկեղեցիների մեջ երկու տեսակ են` վարդապետական և եպիսկոպոսական կամ հովվական. նշանը գավազանի գլխի զարդի վրա է։ Վարդապետական կոչված գավազանը օձագլուխ է, ներքևի մասում երկու օձեր` գլուխները բարձր, երեսները դեմ դիմաց և մարմինները իրար փաթաթված, վերի մասերում բացված ու պառկած, անգլուխ խաչի ձև են ստանում, իսկ այնտեղ, ուր երեք թևերը միանում են, փոքրիկ գունդ կա և վրան մանր խաչ։ Կա նաև վարդապետական գավազանի ձև, չորս օձերից կազմված, երկուսը մի կողմ և երկուսը մյուս կողմ իրար փաթաթված, իսկ ստորին մասւոմ` չորսն իրար փաթաթված։ Չորս գլխանի գավազանը արարողական նշանակությամբ երկգլխանոցից տարբերություն չունի, միայն որպես ավելի զարդարուն բան կազմելու նպատակով արհեստավորների կողմից է հնարված և այն էլ վերջին ժամանակներում։ Բայց եթե ուզվեր տարբերություն դրվեր և մասնավոր վարդապետության գավազանը ծայրագույն վարդապետության գավազանից տարբերվեր, ավելորդ ոչ մի բան չկա։ Օձագլուխ գավազանը հույների մոտ եպիսկոպոսներին է հատուկ, և այդպես էլ եղել էր մեզ մոտ անցած դարերում։ Երբ լատինացիների հետ հարաբերությունները սկսվեցին, 1184-ին Լուկիոս Դ. Լուկացին Հռոմի հայրապետի կոմից մեզ Գրիգոր Գ. Տղա կաթողիկոսին ամբողջ քահանայապետական զգեստ ընծա ուղարկեց և այն կիրառություն գտավ. հին հունաձև հովվական խոյրն ու գավազանը եպիսկոպոսների սեփականը դարձան։ Այդ հովվական գավազանը, որ այժմ եպիսկոպոսներին է հատուկ, կոր գլուխ ունի` կրկին անգամ շրջվելով իր մեջ։ Ներկայացված առարկան ավելի տերևազարդ ու ծաղկազարդ ոստի է նման, թեև ամբողջովին արվեստի կազմություն ունի։ Լատինացիներինը միշտ տերևով ու ծաղիկով է, բայց մեր մոտ կան նաև օձագլուխ հովվականներ, որոնք ներկայացնում են միակ օձ գլուխը դեպի ներս կորացած և կրկին անգամ շրջված։ Կ.Պոլսո Մայր եկեղեցու մեջ հատուկ գավազան կա, որը չորսից ավելի օձի գլուխներ ունի շուրջը շարված և մեջտեղի գունդն ավելի մեծ ու ավելի որոշակի է դրված։ Այդ գավազանն իր էության մեջ միևնույն վարդապետական օձագլուխ գավազանն է. պատրաստվելու թվականը որոշակի չէ, այլ հավանական է, որ հատկապես պատրաստված է եպիսկոպոսական ձեռնադրություն չունեցող պատրիարքների համար (ինչպես Գրիգոր Կ. Պոլսեցին 1764-ին և ուրիշներ), մյուսներից տարբեր գավազան ունենալու համար։ Հայ հռոմեյականները կաթողիկոսական գավազան անունով կաթողիկոսներին հատուկ գավազան են գործածում, մեծկակ գունդ է` վրան խաչ և շուրջը օձերի փոխարեն ուրիշ զարդեր։ Այդ գավազանը լատինական հետևողություն չէ, որով հետև լատինացիները նման բան չունեն. հետևաբար, դա հայ եկեղեցական ավանդություն է, ի դեպ, տեղին է ասել, որ ավելի ճիշտ Կիլիկիո աթոռի սեփական ավանդություն է որի միաբաններից են եղել 1740-ին Լիբանանում հայ հռոմեական կաթողիկոսությունը կազմող եկեղեցականները, թեև այժմ մեր Կիլիկիո Աթոռն էլ այդ կարգի գավազանի սովորություն չունի։ Գավազանների կարգին պետք է դասել նաև սովորաբար Ասա կոչված գավազանը, որը պարզ երկար գավազան է, ուղիղ և զարդարուն գլխով և գործածել է միայն պատրիարքը մայրաքաղաքի մեջ նաև առաջնորդները իրենց վիճակների մեջ հանդիսավոր ու պաշտոնական առիթներին միայն և իբրև նշանակ իրենց իշխանության, այլ ոչ թե ծիսական գործողության ժամանակ։ Այդ գավազանը մեծահանդես առիթներով եկեղեցականի ձեռքով պատրիարքի կամ առաջնորդի առջևից է տարվում, տանող եկեղեցականն էլ ձիավոր է` եթե պատրիարքը կամ առաջնորդն էլ ձիով կամ կառքով է գնում։ Այդ ասաի նման, բայց պարզ ու կարճ գավազանն էլ կրում են իրենց ձեռքում պատրիարքները Կ.Պոլսում և առաջնորդներն էլ իրենց վիճակի մեջ։ Սովորական շրջագայած ժամանակների գավազանների մասին տեղեկությունը լրացնելու համար ավելացնենք, որ դրանց հորինվացքը ամբողջովին ճաշակի և արվեստի գործ է, այնպես որ, դժվար է իրար նման գավազաններ գտնել։ Դաստառակով զարդարելու սովորությունն էլ, ինչպես որ բռնիչի մասին խոսելիս ասացինք, այժմ միայն ձեռնադրությունների ժամանակ են գործածում և բացառաբար Ամենայն Հայոց կաթողիկոսին է հատուկ։

Գավիթ

Մեր եկեղեցիներն այդ ընդհանուր անվան տակ երկու տարբեր մասեր են պարունակում, որոնք կոչվում են Գավիթ և Տաճար։ Գավիթը արտաքին մասն է` տաճարից բաժանված պատով ու դռնով, որի մեջ մնում էին այն ապաշխարողները, որոնք արժանավոր չէին մասնակցելու հաղորդությանը` մինչև պատարագի մեկ կետը, երբ խրատական և աղոթական մասերն էին կատարվում. բոլորը միասին կարող էին եկեղեցու տաճարի մեջ մնալ, բայց երբ պետք է խորհրդի կատարումը սկսվեր սարկավագը ազդարարում էր, որ երեխաներն ու ապաշխարողները տաճարից դուրս գան և գավիթի մեջ աղոթեն։ Մինչև հիմա էլ սարկավագը երգում է «Եվ որք ոչ եք կարողք հաղորդիլ աստվածային խորհրդոյս` առ դրունս ելեք ու աղոթեցեք», սակայն խոսքերն այլևս գործնական իմաստ չունեն։ Նույնիսկ գավիթն էլ իր ձևը կորցրել է, փոխանակ պատի ու դռան, այժմ եկեղեցիների հետևի կողմում բարձր ու մատնաձև վանդակով զատված մաս կա` որը ըստ ամենայնի եկեղեցու մասն է կազմում և հետևում մնացողների դյուրության համար մի քիչ էլ բարձր հատակ ունի։ Այդ մասը ոչ թե անարժանների այլ ընդանուր ժողովրդի և ավելի հանգստանալ ուզողների համար է եղել։ Հին գավթի օրինակ ենք տեսնում մինչև այսօր Մայր եկեղեցու աջակողմյան Ս.Խաչ եկեղեցու մեջ. միջին եկեղեցին էլ այդպես է պատրաստված եղել, բայց այն էլ հետո փոխվել է։ Գավիթները հնում ավելի ընդարձակ են եղել, բայց նշանակությունը կորցնելուց հետո ավելի փոքրացել են։ Հին ժամանակներում, ժամերգություններն էլ սովորականից պակաս հանդիսավոր եղած ժամանակ գավթի մեջ են կատարվելիս եղել, որի հիշատակությունը մնում է տոնացույցի մեջ, որ երբեմն ժամերգության մի մասից հետո եկեղեցի մտնելու ազդարարությունն է ինչպես Ավագ Եշ. ցերեկը ապաշխարանքի կարգի վերջին մասը, «Եվ մտեալ յեկեղեցին», նույն երեկոյին «ժողովեացին ի դուռն եկեղեցվոյն» և այլն։ Թեև այժմյան տոնացույցներն էլ հին ազդարարություններից շատերը զանց են արել աննշան դարձած լինելու համար։

Գինի

Ս.Պատարագի և Ս.Հաղորդության բաժակի նյութն է, պիտի լինի խաղողից քամված, զգուշությամբ պատրաստված անապակ գինի։ Հին սովորության համեմատ եկեղեցու այգիներից կամ բարեպաշտների նվերներից հավաքված խաղողները` նույն եկեղեցական պաշտոնյաների ձեռքով ու աղոթական երգեցողությամբ եկեղեցու հարակից մասերի մեջ տրորում էին ու պահվում էին խորհրդի պետքերի համար։ Ջահընկալի պաշտոնն էր այդ գինին պահել և դրանից բաժակամանը լցնել և պատարագի համար պատրաստ բռնել։ Այժմյան սովորությունը, որը` ամեն գինեվաճառից պատարագի գինի գնելն է, շատ ու շատ դիտողությունների տեղիք է տալիս, անհարմար ու անծանոթ նյութեր գործածելով Ս.Խորհրդի համար։ Գարթալցի մեր բարեպաշտ այգեգործներին բազմիցս հորդորել ենք իրենց ձեռքով մայրաքաղաքի եկեղեցիների համար անապակ գինի պատրաստել և հուսով ենք, որ պետք է կարգավորվի։ Գինին մեր եկեղեցու մեջ բոլորովին անապակ է հանվում սեղան` առանց ջուր խառնելու, թեև այդ մասին հույն և լատին եկեղեցիները հաճախ դիտողություններ են արել, բայց իզուր։ Քանզի Քրիստոսի բաժակն էլ անխառն էր և Քրիստոսի կողքից դուրս եկած արյունն ու ջուրն էլ ըստ ս. Հարց խորհրդական նշանակ է ոչ թե մեկ խորհրդի կրկին նյութերի, այլ Հաղորդության ու Մկրտության կրկին խորհրդների։ Գինին ծիսական կարգադրությամբ գործածվում է նաև լվալու այն ամեն իրերը, որ օծման են պատրաստվում, ինչպես խաչը, պատկերը, սեղանը, գավազանը և այլն, և այդ առիթների համար ջրից բացի գինով լվալու նշանակությունը միայն մաքրության աստիճանը կարող է ցույց տալ։

Գիրք

Ծիսական կիրառության մեջ գտնված գրքերը շատ են, և յուրաքանչյուր անվան ներքո խոսել ենք, և կխոսենք դրանց մասին իրենց տեսակները թվելով։ Ըստ դրա` Ավետարան, Գանձարան, Ժամագիրք, Խորհրդատետր, Ճաշոց, Մաշտոց, Շարական, Տաղարան, Տոնացույց գրքերի մասին ընդհանուր կերպով ասելիքն այն է, որ եկեղեցու մեջ գործածելի գրքերը պետք է նախապես օրհնվեն, որի համար հատուկ կարգ էլ կա Մաշտոցի մեջ։ Գրքերը պետք է զգուշությամբ պահվեն, վայելուչ վիճակի մեջ լինեն, պատռտած ու բզկտած գրքերը գործածությունից հանվեն։ Ձեռնադրության Մաշտոցի մեջ ընթերցողի ձեռքը տրված է «Գիրք առաքելական ու մարգարեական» ասացը, Ճաշոց գիրքը պետք է հասկանալ։

Գմբեթ

Եկեղեցիները իրենց կենտրոնական մասի մեջ չորս սյուների վրա բարձրացած մաս ունեն, որ բոլոր շենքերի վրա կա և կարծես թե եկեղեցու տանիքի վրա դրված վրանաձև մաս լինի։ Գմբեթները ներսի կողմից գոգավոր են և հատակի վրա կանգնելով գլուխը վեր բարձրացնողը տեսնում է նրա միջի խորությունը։ Գմբեթը լուսամուտներ էլ ունի, որ եկեղեցու ներսն է լուսավորում, վրան էլ ամփոփող մաս, որի ճարտարապետները լապտեր են ասում, նրանք հետզհետե սրածայր են վերջանում և բոլորի վրա համեմատաբար մեծ խաչ է կանգնած։ Գմբեթների արտաքին ձևերը տարբեր են։ Մեր հնավանդ եկեղեցիների գմբեթները վեղարաձև են ու անկյունավոր և հատուկ անվամբ կաթողիկե են կոչվում, հունականները կիսաբոլոր են ու ցած, լատինականները կլոր են, բայց դեպի վեր ցցված։ Վերջին ժամանակներում եկեղեցիները առանց գմբեթի են և ամբողջ տանիքը երկու թեքված ձևով միակտոր ծածկույթ են կազմում։ Գմբեթավոր եկեղեցիները ավելի փառավոր արտաքին տեսք ունեն, բայց ներսից գմբեթի խորությունն անախորժ արձագանքներ կազմելու և գլխավորապես քարոզչի ձայնը ցրելու անպատշաճություն ունի։

Գոգնոց

Սեղանների առաջակողմը զարդարելու համար ծառայող, ընտիր կերպասից շինված կամ ասեղնագործված սպասք է, որը սեղանի եզրերից ցած է կախվում և դրա առջևը լրիվ ծածկում է։ Կան նաև ընտիր գոգնոցներ, որ արծաթյա զարդերով և քանդակներով են պատրաստված։ Գոգնոցի կիրառությունը կամավոր է և երբ սեղանի ճակատը քանդակներով ու ոսկեզօծ զարդերով է հորինված, գոգնոցի կիրառությունը, դրանց գեղեցկությունը ծածկելով, անտեղի է դառնում, ուրիշ բան է, եթե հասարակ գոգնոցը լուր օրերին դրվի` բնական զարդերի պահպանության համար և տոնական առիթներին վերցվի։

Գորգ

Երբ եկեղեցի եկողները կոշիկները դռնից դուրս հանելով` լոկ գուլպաներով էին եկեղեցի մտնում, եկեղեցիների ամբողջ հատակը գորգերով ու ընտիր կարպետներով էր ծածկվում, այժմ կոշիկ հանելու սովորության վերացման հետ գորգ փռելու սովորությունն էլ դադարեց, լավագույն դեպքում եկեղեցու ատյանում, ուր հանդիսավոր արարողություններ են կատարվում, երբեմն գորգեր են փռվում։ Փսիաթները կամ խսիրներն էլ դիմացկուն չլինելու պատճառով խափանվեցին և այժմ մի տեսակ քոքոյ կոչված դիմացկուն փսիաթն է սկսվել տարածվել։ Բայց գորգ կամ կարպետ է գործածվում դասի մեջ ու բեմի վրա ավելի կամ նվազ մեծ, և ավելի կամ նվազ ազնիվ կտորներ փռելով, և դասն ու բեմն էլ ծածկելով, հատկապես ձմեռային ցուրտ եղենակներին` պաշտոնյաների ոտքերը խնայելով։ Այդ ընդհանուր կիրառությունից դուրս փոքր գորգերը, ավելի կամ նվազ ազնիվ, ոչ միայն ձեռագործ, այլև երբեմն ասեղնագործ ու ոսկեթել գործված, գործածվում են բարցր աստիճան եկեղեցականների ու հանդիսադիր եկեղեցականների ոտքերի տակ, դասի կամ ատյանի մեջ նրանց կանգնած տեղերում, կամ դասի ատյանում աղոթքի ու ավետարանի ելած պահին, կամ բեմի վրա քարոզ կարդացած ժամանակ, և կամ սեղանի առջև ժամարարության առթիվ։ Այդ մանր գորգերին ռամկական բառով խալիչա են ասում։

Գորփուրա

Գորփուրա բառը լատիներեն գորբորալիս` նշանակում է «մարմնական», ավելի մոտավորությամբ թարգմանված է մարմնակալ։ Քառակուսի ճերմակ կտավ է, որը լատինածես ժամարարը սեղանի վրա է փռում` իր առջև, և ոչ միայն սկիհն է դրվում դրա վրա, այլև սրբագործված նշխարն է առանց մազմայի ուղղակի այդ կտավի վրա հանգցնում։ Այստեղից ևս մի պատիվ նույն կտավի հանդեպ` ուղղակի խորհրդական մարմնի հետ շփման համար և սրբագործված նշխարի փշուրները նույն կտավին կպված լինելու կասկածով։ Այդ բարցր պատվի և առավելագույն զգուշավորության համար եպիսկոպոսը կիսարկավագի ձեռնադրության մեջ խրատում է նվիրողին։ «Ոտմանն հորում զգորփուրայն լվանաս, մի' այլ ինչ մերձեսցի»։ Մեր գործածած ձեռնադրությունների Մաշտոցն էլ լատինականի հետևողությամբ պահել է այդ բացատրությունը, թեև մեր ծեսի մեջ սրբագործված նշխարը մազմայի վրա ենք դնում և երբեք կտավի վրա չենք հանգցնում և կիսասարկավագի տված հրահանգը բոլորովին կիրառություն ու գործածություն չունի։ Գորփուրա լատինահնչյուն բառն էլ կիրառության մեջ չէ, և մարմնակալ ասելով հասկանում ենք որևէ զարդարուն կտավե, ընտիր կերպասե, կամ ասեղնագործված մաքուր սպասք` չափավոր մեծությամբ, որի պատարագի ժամանակ սկիհի տակ է փռրվում ի պատիվ և ի հարգանք սրբության։



Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000