Պատվանդան
Ոտքի տակ դնելու համար գետնից բարձրացած մի մաս է, սովորաբար փայտակերտ, շատ հազվադեպ էլ քարակերտ։ Պատվանդանի նախնական ու ընդհանրացած կիրառությունը աթոռների ներքևն է, որպեսզի տեսանելի լինի և բարձրության պատվո նշանակություն ստանա։ Պատվանդանների տարածությունը պետք է այնքան լինի, որպեսզի վրան կարողանան աթոռը դնել և աթոռակալն էլ առջևում ու երկրպակելու տարածություն թողնել։ Եթե պատվանդանները ավելի բարձր են, առջևի կողմից սանդղակ և մեկ կամ երկու աստիճան են ունենում, որպեսզի բարձրանալը դյուրին լինի։ Տգեղ է բարձր պատվանդան շինելը և միակտոր թողնել, որը բարձրանալու համար քայլափոխի առիթ կտա։ Պատվանդաններ դրվում են նաև եպիսկոպոսների և դասագլուխների համար, երբ աթոռի կիրառություն չի ունենում, այլ իբրև լոկ պատիվ։ Պատվանդանի փոխարեն ընդհանրապես միայն մի բարձ է դրվում սեղանի առջև, ժամարարի ոտքի տակ։ Վերջապես պատվանդան անունով հասկացվում է նաև եկեղեցական զանազան զարդերի՝ խաչերի, ճաճանչների տակ եղած մասերը կամ հարմար կտորները, որպեսզի կարողանան կանգուն զետեղել բազմոցի վրա։
Պատուհան
Եկեղեցու որմերի վրա թողնված անցքներն են, որոնցից լույս է անցնում և տաճարը լուսավորվում։ Արարողությունը հատուկ պայմաններ չունի եկեղեցու պատուհանների համար, միայն թե հին եկեղեցիները այժմյանի պես բազմաթիվ ու ընդարձակ պատուհաններ չունեին, այլ քիչ թվով ու պակաս ընդարձակությամբ լույս մտնելու անցքեր, որոնց ճիշտ անունը լուսամուտ էր։ Լուսամուտները մի քանի հատ կողմնակի հարավային ու հյուսիսային որմերի վրա է լինում, բայց միշտ մի-մի լուսամուտ էլ լինում է, կամ պիտի լինի արևելյան կողմի խորանի վերևում և արևմտյան կողմի ավագ դռան վրա՝ բարձրանում։
Պարեգոտ
Կրոնավորի զգեստ է, ամբողջ մարմինը ծածկող ու պատող, որը կապա է կոչվում, սովորաբար սև բրդից է լինում։ Հնագույն ձևը, առջևի մասում-վերևից ներքև բաց էր և քղանցքները վրա բերելով գոտիով պնդացվում է։ Իսկ նորագույն ձևը մեջքից ներքև միացած է, և կրծքի բաց մասից ու գլխից անցկացնելով են հագնում։ Պարեգոտը քիչ թե շատ մարմնի ձևին հարմարեցված, թևատակերից ու մեջքից փորվածքով է լինում։
Պնակ
Այդ անունը տրվում է փոքր ու մի ձեռքով բռնելու հարմար այն ափսեներին, որը ժողովրդի նվերները հավաքելու համար քահանան ու թաղականներն են ձեռքներին շրջագայում։ Այդ պնակներից կան հատուկ պատրաստվածներ, որոնց մեջտեղում մոմ դնելու հարմար, բարձրացված տեղ կա, և մուտ ժամանակ մոմեղեն են դնում թե գնացած տեղերը տեսնելու և թե պնակի մեջ դրվածը իմանալու համար։
Պնակե
Պնակ բառի հետ բոլորովին կապ չունի, հունարեն, Բանայիա-աստվածածին անունն է, ռուսերեն բանակիա է հնչում և արևելյան տառադարձությամբ պանակիա է գրվում, հնչունափոխվելով դարձել է պնակե։ Լանջախաչի նման մի պատվանդան է, ընդհանրապես ձվաձև և մեջը Աստվածածնի պատկերով, վրան մի թագ է և տակը կախված մի զարդ բոլորը ակերով զարդարված (սովորաբար կեղծ ակերով) և մի շղթայով կախված է վզից, զարդարելով կուրծքը։ Կաթողիկոսը դա շնորհում է միայն եպիսկոպոսներին, ըստ սովորության՝ բոլոր եպիսկոպոսներին։ Պնակեները լինում են նաև բոլորակի ձևով, շատ հազվադեպ՝ այլ ձևերով։
Ջահ
Շատ ճյուղերով աշտանակները կոչվում են ջահ, լինում է նաև որևէ տեղ դնելու ձևով և պատվանդանով։ Բայց այժմ այդ անունը տրվում է եկեղեցիներում, առաստաղից կամ կամարների երկաթներից կախված աշտանակներին, որոնք զարդարում են տաճարի ներսը և որոնց մեջ երեքից մինչև հարյուր և ավելի մոմ ունեցողներ կան։ Սրանց հնագույն ու ընդհանուր ձևը ապակու կտորները իրար կցելով պատրաստվածներն են։ Քիչ չեն նաև պղնձե կամ ապակե ու պղնձե խառը պատրաստված ջահերը։ Երբեմն եկեղեցիներում տեսնում ենք նոր ճաշակով ու նոր արհեստով պատրաստված ջահեր, որոնք դիտողության տեղիք չեն տալիս։
Ջբրուն
Աշխարհական անձանց հատուկ գլխարկ է։ Այդ անունը գործածվում է ձեռնադրության (ապաշխարության) Մաշտոցի մեջ, Աբեղայի օրհնության կարգին, երբ Վեղարը տալուց առաջ ընծայվող աշխարհականը գդակը վերցնում է։ Այդ գդակի որոշակի այլ ձև չգիտենք։
Ջուր
Գործածվում է եկեղեցում թե լվացման, և թե բարեպաշտության համար։ Արարողական կիրառությունը լինում է պատարագի սկզբում և ընթացքում՝ ժամարարի ձեռքերը լվանալու համար։ Խորհրդական կիրառությունը Մկրտության համար է։ Ունի նաև բարեպաշտական կիրառություն խաչահանգստի առիթով, տեառնագրելով և խաչափայտի ու մասունքների ճաճանչները կամ սուրբ աջերը մեջը խոթելով՝ որով օրհնյալ ջուրն է պատրաստվում, որը խմում են բարեպաշտները, կամ որով շուրջը սրբում են։ Այդ ջուրը պահվում և բարեպաշտներին է բաշխվում։ Օրհնյալ ջրի գլխավորը ծննդյան օրվա Ջրօրհնեքի ջուրն է, որը տեառնագրությամբ ու մեռոնաթափով է նվիրագործվում։ Ջրօրհնեքը եկեղեցում և հատուկ ամանում է կատարվում։ Իսկ երբ գետի կամ ավազանի վրա է կատարվում ջրօրհնեքը, պահծու օրհնյալ ջուր ունենալու համար, գետից կամ ավազանից նույն պահին վերցված մի փոքր ջուրը նույն բարեպաշտական նպատակներին է ծառայում։
Ջրաման
Մետաղե կամ հախճապյակե մի աման է, բերանը լայն ինքը գոգավոր, որի մեջ ջուր է լցվում և խաչահանգստի ու ջրօրհնեքի ժամանակ է օգտագործվում։
Ռեհան
Ծանոթ բույս է, անուշահոտ տերևներով մի տեսակ փոքր ու մի տեսակ մեծկակ տերևներով (տաճկ. ֆեսլիեն), որը հատկապես գործածվում է խաչվերացի երեկոյին խաչափայտը զարդարելու համար։
Սաղավարտ
Եկեղեցական խոյր՝ սեփական քահանաների ու վարդապետների համար է։ Երևում է, որ երբեմն եպիսկոպոսներին հատուկ էր, ինչպես մինչ այժմ հույների մոտ է, բայց լատինացիների մոտ եպիսկոպոսական խոյրը ընդունելուց հետո նրանցից անցավ ցածրերին։ Ներկայիս սաղավարտը ի վերուստ արտաքինից գնդաձև է, ներքևի կողմից գլխին դնելու համար ընդարձակ բացվացքով, որի շուրջը պսակ է բոլորված և գագաթին գնդաձև պատվանդանի վրա մի փոքրիկ խաչ կա, որի կողմնակի թևերը չորսն են, ամեն կողմից խաչաձև երեվալու համար։ Վրան է միշտ զարդարված է ծանր ասեղնագործությամբ ու մարգարիտով, լինում է նաև արժեքավոր ակերով զարդարվածներ։ Լուր օրերին և աղքատիկ տեղերում շատ հասարակներն են գործածվում։ Սաղավարտի հին ձևը դրա նման չէ, շատ հին օրինակները, որ դեռ որոշ տեղերում երևում են, արծաթաձույլ են, գլանաձև ուղղաբերց, շուրջը 12 առաքյալներ քանդակված, վրայի եզրերը և գագաթը գմբեթի ձև ունի, վրան խաչով։ Ժամանակին ավելի մեծ գնդեր էլ են գործածվել, որն այժմ ավելի կոկիկ և ավելի ճաշակով ձևի է վերածվել։ Սաղավարտը գործածում են պատարագի ժամանակ, բոլոր քահանաներն ու վարտապետները։ Քահանաները գործածում են նաև մեծահանդես հավաքների առթիվ և տեղ-տեղ նաև յուղաբերից ավետարան կարդալու ժամանակ։ Սաղավարտը հատուկ քահանայական զարդ է և օրհնությամբ է տրվում։ Սարկավագներին երբեմն սաղավարտ դնելը ծագել է աստիճանով քահանաների սարկավագի զգեստով սպասարկելուց և նրանց նմանվելով, երբեմն նաև քահանայություն չունեցող ձեռնադրվող սարկավագները, ինչպես օրինակ Ստեփանոսի տոնին, ինչ-ինչ մեծահանդես առիթներին սկսել են սաղավարտ դնել և դարձել է սովորություն։
Սաղմոսարան կամ սաղմոս գիրք
Եկեղեցում գործածվող գրքերի շարքին է դասվում Սաղմոսը, այսինքն՝ Դավթի 150 սաղմոսները՝ առանձին տպված մարքարեական օրհնություններով, կանոնի քարոզներով ու աղոթքներով։ Ատյանի ժամագրքի առաջին մասը միշտ Սաղմոսարանն է։
Սարկավագատուն
Այսպես է կոչվում ձախակողմյան ավանդատունը կամ պահարանը, քանի որ դա եկեղեցական սպասավորության տեղն է և սպասավորության պետն էլ սարկավագն է։
Սեղան
Քրիստոսը սեղանի վրա եղած ժամանակ հաստատեց հաղորդության խորհուրդը. սեղանի վրա է կատարվում նաև պատարագի խորհուրդը։ Սեղանը տափարագ մարմարյա քարե շինվացք է, խորանի մեջտեղում կանգնած քարե սյան վրա և օծված է բոլոր կողմերից 12 տեղով, և գլխավոր օծումն էլ մեջտեղն է, որը կոչվում է սեղանի գագաթ և յոթ աստիճաններով օրհնված է հանդիսավոր և երկար արարողությամբ։ Սեղանը չորս կողմից բաց պիտի լինի, հնում նրա շուրջն էին հավաքվում պաշտոնյաները, այժմ բազմոցներ են բարձրացվել և հետևի կողմից խաչկալ էլ են պատրաստել, հետևաբար առջևն ու երկու կողմերն են բաց մնում, և լավ չէ երկու կողմերը փակել բազմոցի աստիճաններով կամ խաչկալի ոտքերով։ Սեղանի մեծությունը խորանի ընդարձակության համեմատ է, լինում են նաև շատ փոքր սեղաններ։ Իսկ ձևը միշտ քառանկյունի է և համեմատակամ չափերով։ Ինչպես խորան բառի բացատրության ժամանակ ասացինք, սովորական խոսակցության մեջ էլ շատ անգամ սեղանը խորան է կոչվում, որը ճիշտ չէ։ Յուրաքանչյուր եկեղեցում սեղանը մի հատ պետք է լինի, սակայն սովորություն դարձավ Ավագ սեղանի երկու կողմերում փոքր սեղաններ դնել, ինչպես նաև յուրաքանչյուր պահարանի և մատուռի մեջ մի-մի սեղան ունենալ, և տարին մեկ անգամ դրանց վրա պատարագ մատուցել՝ իր տոնին կամ հատուկ մի օրվա։
Սեմ
Կամ սեամք, դռան ներքևում դրված քար է, որի վրա ոտք դնելով եկեղեցի են մտնում։ Սեմը փոխաբերաբար ամբողջի տեղն է գործածվում, այն չի օծվում, այլ օծվում են դռան երկու կողմերի սյունաձև քարերը, որոնց վրա հանգչում է դռան վրայի Բարավորը։ Այդ կողմնակի սեմերի օծման տեղերում մեկական խաչ է փորագրվում և ժողովուրդը եկեղեցի մտնել- ելնելիս հանբուրում է այդ խաչերը, և սա է եկեղեցու սեմը կամ շեմը համբուրելու բացադրությունը։
Սենյակ քահանայի
Եկեղեցիների հատուկ ժամատանը երկու սենյակ պետք է լինի քահանայի հատկացված. մեկը՝ որտեղ կարողանան միասին հավաքվել, նստել և զբաղվել, մյուսը՝ ուր ննջել կարողանա ժամարարը։
Սյուն
Եկեղեցում երբեմն երևում են տանիքը պահող սյուներ, երբեմն՝ ոչ։ Երևացող են մեջտեղի սյուները, որոնք կամ չորս հատ են, մեջտեղում կանգնած և կազմում են գմբեթի կաթողիկեի ոտքերը, և կամ երկու շարքի, երբեմն էլ չորս շարքի վրա եկեղեցու լայնության կամարներն են վերցնում։ Կողմնակի որմերն թեև միացած կառուցվածը և սյունաձև հետքեր էլ չունեն, դեռևս երևում են սյուների վրա հաստատված, այսինքն՝ տաս գծված քարերի համեմատությամբ, որոնք դրվում են հների մեջ, և սյուն անունն են կրում։ Մյուս անունը տրվում է նաև սեղանի ներքևում դրված ոտքին, որը միակտոր քար է ամուր հաստատված խորանի հատակին և որի վրա դրվում ու միացվում է սեղանի քարը։ Որևէ սյան ճարտարապետական կազմության վերաբերյալ տեղեկությունները՝ խոյակը, խարիսխը և այլն, ծանոթ են և դրա համար էլ գտնում ենք, որ բացատրության կարիք չկա։
Սկիհ
Բաժակի ընդհանուր անունն է, հատկապես ոտքով կամ պատվանդանով բաժակի, բայց այժմ ընդհանուր կիրառություն չունի և գործածվում է հատկապես պատարագի բաժակի համար։ Սկիհը պետք է արծաթյա լինի, եթե ոչ պատվանդանը, գոնե բուն բաժակը, իսկ ներսից ոսկեզօծված են, ձևն ու զարդերն էլ տարբերվում են ըստ կարևորության և ըստ կարողության։ շատ ընդարձակ սկիհներ կան հին վանքերում, որում կարելի է թաթախել հազարավոր ուխտավորների հաղորդությունը բավարարելու մի մեծ նշխար։
Սկուտեղ
Մետաղ ափսե է, որը պահվում է պահարաններում և գործածվում արարողությունների անհրաժեշտության պահին։ Սկուտեղների կարգին պետք է դասել նաև շուշփայլով ծածկված փոքրիկ պնակները, որոնց վրա դրվում են ձեռքի խաչերը հանդիսադրին մատուցելու համար։ Սկուտեղները սուրբ սպասքների կարգին չեն դասվում, այլ լոկ հասարակ անհրաժեշտության ափսեներ են։
Սպաս
Որևէ անոթ և զարդ՝ որ գործածվում է արարողական ծառայության ժամանակ, կոչվում է սպասք. ոչ միայն սկիհը, ժամանոցը, մյուռոնամանը, մասնատուփը, այլ նաև Խաչը, Ավետարանը և այլն, սպասքների կարգին են դասվում։ Սպասք է կոչվում նաև հատկապես նաև պատարագի խորհրդի համար պատրաստված նշխարը։
Սրբատուն
Տեղ, ուր սրբություններն են պահվում։ Առանց որոշ ու հատուկ անուն լինելով գործածվում է ընդհանրապես ավանդատների համար և երբեմն էլ խորհրդանոցի համար։ Ծիսարաններում ավելի հաճախ սարկավագատանն է տրվում այս անունը։
Սրբատուփ
Հաղորդությունը պահելու արծաթե անոթ, որ Մասնատուփ է կոչվում և այդ անունը բացադրելիս այդ մասին խոսվել է։ Ավելի ճիշտ սրբատուփը եկեղեցում հաղորդությունը պարունակող անոթն է, իսկ մասնատուփը քահանաների իրենց հետ ունեցած հաղորդության փոքր անոթն է։
Սրբիչ
Մաքուր կտավ է կտոր, որ գործածվում է պատարագի ժամանակ, ճաշակելուց հետո, սկիհի տակը սրբելու համար։ Չնայաց հատուկ տուփում պահված կտորը որոշ ժամանակ է գործածվում, բայց ավելի հարմար է համարվում մանր կտորներ գործածել և յուրաքանչյուր պատարագից հետո այրել։
Սրբություններ
Առհասարակ այդ անվան ներքո հասկացվում են սուրբ իրերն ու սուրբ անոթները։ Հին տոնացույցները գրում են «Դնին սրբութիւնք ի վերայ բազմոցի յատեան». որ նշանակում է եկեղեցու ունեցած սուրբ անոթներն ու սպասքները՝ Սկիհ, Խաչ, Ավետարան, Ճաճանչ, Մասունք և այլն, դուրս են բերվում ի տես շարվում սեղանի բազմոցի վրա։ Այսպես է մեգնաբանում Տաթևացին նախատոնակի հարցման մեջ. «Վասն որոյ զսրբութիւնսն, զխաչն և զաւվետարանս դուրս բերեմք, զի պատմող և կատարումն են տնօրինութեանց Քրիստոսի…եւ ապա ի գիշերին դնի սրբութիւնքը ի վերայ բազմոցին մինչեւ յառաւոտն արշարժապես, որպես ասացաք»։ Սրբերի նախատոնակի մասին առանձին խոսելիս էլ է կրկնում է. «Վասն որոյ երեկոյն նույնպես զսրբութիւնսն արտաքս բերեմք, որոց ցանկացան և յելին յաշխարհէս»։ Տոնացույցի այդ կարգադրությունը վերջին տպագրության մեջ Ք տառը սղվելով՝ դարձել է «Դնեն զսրբութիւնն ի վերայ բազմոցի յատեան», և միայն սկիհը սրբատուփով ու վրան ծածկոցով սեղանի մեջտեղում է դրվում, որը հնավանդ արարողությունից բոլորովին տարբեր սովորություն է։
Սփռոց
Սեղանի վրա տարածված ճերմակ ու մաքուր կտավ, սեղանի ամբողջությունը ծածկող ու կողքերից էլ ցած կախվող, որի եզրերը ժանյակներով ու նմանօրինակ հյուսկեն զարդերով է վերջանում։
Սքեմ
Կրոնավորի զգեստ է, սովորական առօրյայում գործածվող և ծիսակատարություններին հատուկ եկեղեցական զգեստներից տարբեր։ Սքեմի մասերն են պարեգոտը, վերարկուն, վեղարը, փակեղն, փիլոնը։ Կուսակրոնների և վանականների համար նախընտրելին սև գույնն է, նյութը՝ ասվեից։ Ամուսնացողներին, որպես աշխարհիկ անձանց՝ ներելի է ուրիշ գույներ էլ գործածել՝ պահպանելով միշտ պատշաչն ու վայելչությունը։
Վակաս
Եկեղեցական կամ քահանայական զգեստի մաս է, որը որպես շուրջառի օձիք, դրվում է ուսերին և ուղիղ մնում շնորհիվ ներսից դրված հաստ կաշվի կամ խավաքարտի։ Բայց վակասը ոչ թե շուրջառի այլ սաղվարտի մասն է, որի հետևից մաս է իջնում դեպի վիզը, ծոծրակի վրա, և որի վերջավորությունը ավելի զարդարված է։ Հետևի մասը սաղավարտից բաժանվելով և վերջավորությունը առանձին վերցնելով, փոխանակ տարածված լինելուն, կանգում ձև է ստացել և վակասի նմանվել։ Հին պատարագամատույցները վակասի աղոթք չունեն, որովհետև վակասը սաղավարտից առանձին զգեստ չէ։ Վակասները երբեմն արծաթաձույլ են եղել, սաղավարտների նման, և առաքյալների պատկերներով. երբեմն ասեղնագործված պատկերներով էլ են եղել, որ այժմ այլևս չեն երևում։ Վակասը սաղավարտի հետ զույգ զարդերով ու նյութերով շինելու հաստատուն սովորություն է պահպանում և հաստատում է, որ երկուսն էլ շատ վաղուց միասին են օգտագործվել, որ եթե շուրջառի օձիքը լիներ, դրա հետ միասին պիտի լիներ։
Վարագույր
Հայոց եկեղեցիներին հատուկ է վարագույրը՝ կտավից կամ կերպասից պատրաստված ամբողջական մի կտոր, որ ծածկում է խորանի բերանը ծայրիծ ծայր ու վերևից ներքև։ Վերևից դեմ դիմաց հաստատված երկաթե ձողի վրա օղակներով անց է կացված, ծայրերը չվաններով կապված, և առաջ ու հետ քաշելով փակվում ու բացվում է։ Վարագույրը ինչ-որ ձևով շարժականի է փոխել հույն ծեսի մեջ խորանը փակող պատկերազարդ որմնափակը (պատնեշը)։ Վարագույրը պատարագի մեջ գլխավորապես փակվում է ընծայման ու ճաշակման ժամանակ, կամ թե վերաբերումից առաջ զգեստը փոխելու, ճրագալույցների և Ավագ հինգշաբթի օրվա պատարագի սկսզբում, որը ընծայումից հետո է սկսվում, մեծ պասի ամբողջ արարողության ու պատարագի ժամանակ։ Արարողությունից դուրս վարագույրը փակ պահելը հարգանքի նշան է և շատ եկեղեցիներում սովորություն է։ Հայ հռոմեականներինը երկու մասից է կազմված և կես-կես երկու կողմից բացվող վարագույրը գործածելը սովորություն են դարձրել, բայց այսպիսի վարագույրները մեզ մոտ տարածված չեն։ Այժմ մեր եկեղեցիների ավագ սեղանները երկրորդ ու փոքր վարագույր էլ ունեն։ Սրանք սեղանի առաջը ծածկող և երկու մետրի չափ բարձրություն ունեն, մեծ վարագույրի փոխարեն փակում են ճաշակման ժամանակ։ Բայց այս փոքրիկ վարագույրը հին արարողության մեջ չկա, արևելյան վիճակներում էլ ընդունված չէ։ Կողմանկի փոքր սեղաններն ու պահարանների սեղաներն էլ իրենց հատուկ վարագույրը պիտի ունենան և արարողության պահանջի համաձայն պիտի գործածվեն, եթե արարողություն կատարվի։ Վերջապես խորհրդանոցներն էլ իրենց չափով փոքրիկ վարագույր ունեն, որ միշտ փակ է պահվում և պատարագի մեջ միայն նվերները դնելու պահին են բացվում։ Վարագույրների կերպասներն ու զարդերը ամեն տեսակի կարող են լինել։ Պատկերազարդ ու նկարով, խորհրդավոր նկարներով վարագույրներն էլ են պատրաստվում։
Վարի դաս
Երբեմն անունը տրվում է եկեղեցու ձախ կողմի դասին։
Վարշամակ
Մեր եկեղեցում այն շատ չի գործածվում, իսկ եթե գործածվում է, թաշկինակի կամ դաստառակի իմաստով է հասկացվում։ Լատինացիները հատուկ մի կտավ ունեն, որ ժամարարը շապիկը չհակած՝ ուսերին ու վզին է փաթաթում և կապում։ Հայ հռոմեականներն էլ այդ կտավը ավելացրել էին ու վարշամակ էին կոչում, այժմ նրանք էլ չեն գործածում։
Վեղար
Կուսակրոններին հատուկ գլխադիր է, որպես գլխի քող։ Համարժեք է լատիներեն «Վելում» բառին, որը նշանակում է քող և նման է վերարիում բառին, թեև սա ավելին է, քան գլխի քողը, մի ուրիշ տեղ էլ քողարկող ծածկույթ է նշանակում։ Վեղարը սրածայր է, ներսից նույն ձևով գլխանոց ունի որևէ նյութից պատրաստված, և վրան էլ մի ծածկույթ, որ առջևից իջնում է մինչև աչքերը, իսկ հետևից՝ մեջքով ներքև։ Գույնը միշտ սև, կտորը ասվե կուսակրոնի աշխարհային մեռելության նշանակ։ Վեղարը միշտ պետք է կրոնավորի գլխին լինի և հատուկ է ոչ թե լոկ կուսակրոն քահանաներին, այլ առհասարակ բոլոր աբեղաներին, այսինքն՝ կուսակրոնությանը նվիրվածներին, ինչպես նաև եկեղեցական որևէ աստիճան ունեցողներին, նույնիսկ՝ աստիճան չունեցողներին։ Վերջին դարերում ևս հիշատակվում են վեղարակիր սարկավագներ ու դպիրներ, իսկ այժմ միայն կուսակրոն քահանաներից է սկսվում վեղարի կիրառությունը և պահպանվում է նաև բարձրագույն աստիճանավորների մեջ։ Վեղարը աղոթքով տրվում է աբեղայական օրհնության պահին։ Նոր սովորույթով վեղարի մետաքսե ծածկույթներ են ընդհանրացվել բոլոր աստիճանավորների համար, իսկ սև գույնի պահպանությունը հաստատուն է մնացել նույնիսկ կաթողիկոսների համար։ Ամենայն Հայոց հայրապետի վեղարի վրա ավելացել է մի խաչ ևս, որը իբրև պատվո նշան է Ռուսաց կայսեր կողմից և շնորհվում է ամեն մի նոր ընտիր կաթողիկոսի։
Վերարկու
Կրոնավորի սքեմի ամենավերևի մասը և բոլորին հայտնի ու նշանակություն ունեցողը։ Վերևից ներքև իջնող լայն պատմուճան է, առջևը բաց, թևերը լայն, քղանցքները ընդարձակ։ Հնագույն ձևը մեջքից բոլորովին կտրվացք չուներ և կրծքի երկու կողմից հավասարապես իրար վրա էին գալիս։ Այժմյանը մեջքից և քիչ վերցված է, և առաջամասը իրար վրա գալով օձիքի մոտ կոճկվում է։ Այդ ձևը միայն վերջին կես դարում մուտք գործեց Կովկասի կողմերից։ Վերարկուն էլ կուսակրոնավորների համար սև պիտի լինի և ասվե, քահանաների համար նույնպես ասվե՝ իբրև կրոնավորների սքեմը հատկանշող մաս։ Ժամանակին ավելի տարածվեցին զանազան մուգ գույներով կերպասներ կամ ծաղկավոր մետաքսներ՝ ներսի կողմից բաց գույնի եզրերով։ Բայց վերջին ժամանակներում կրոնավորական պարզությունը վերստին իր տեղը սկսեց գտնել։ Վերարկուն, եկեղեցական դպրության ամենացածր աստիճանավորից մինչև կաթողիկոսի համար, սովորական է։ Այն օրերին, որ եկեղեցում զգեստավորություն չկա, դպիրները շապիկի տեղ վերարկու են գործածում, ինչպես դա երևում է վանքերի և դպրանոցների մեջ, և սարկավագներն էլ վերարկուի վրայից ուրար են գցում։ Տեղին էր այդ սովորությունը մայրաքաղաքի եկեղեցիներում էլ գործածել, և գոնե դպրած դասի անդամները կարողանային վերարկու գործածել, սակայն մինչև հիմա սովորություն չի եղել, և դրանից հետո էլ ծախսերն են խափանելու պատճառ եղել։
Վերին դաս
Կոչվում է եկեղեցու աջակողմյան դասը, միշտ առաջնային լինելու և առաջնորդական աթոռը այս կողմում գտնվելու համար։
Վերնատուն
Եկեղեցում գավթի վրա և դրանից մի քիչ էլ առաջ՝ գետնից բարձր մի հարկ է, առջևի կողմից վանդակով բաժանված կանանց համար հատուկ տեղ է։ Մի ժամանակ կանայք բոլորովին եկեղեցու տաճարի մեջ տեղ չունեին, և բոլորն էլ վերնատանը պիտի մնային. վերնատունն էլ խիտ ու բարձր վանդակներ ուներ, այնպես որ դրսից ներսում եղածներին չէին ճանաչում։ Վերնատները հետզհետե այդ խստությունը կորցրին մայքաղաքի և գլխավոր քաղաքների եկեղեցիներում, քանի որ տներում և փողոցներում կանացի հին ձևերը անհետացան, և եվրոպական զգեստների կենցաղը տարածվեց։ Այժմ մայրաքաղաքի շատ եկեղեցիներում տաճարի մի կեսը այրերին, մյուս կեսը կանանց է հատկացված, մկրտարանի ավանդատունն էլ մինչև անգամ ավանդատան դռան առջևի դասի մասն էլ, կանայք են գրավել։ Բայց վերնատունը իր նշանակությունը այսօր էլ պահպանում է, ուր կենցաղն ու զգեստը եվրոպականացված չեն, գավառներում դեռևս հին խստությունը պահպանված տեղեր կան։
Վեմ
Սեղանի փոքր քարեր, որոնք հատկապես պատրաստված և օծված են մատուռներում շարժական ու ժամանակավոր դրվելիք սեղանների համար։ Այժմ այդ վեմերը գործածական են միայն այն գաղթականների մեջ, որոնք դեռևս եկեղեցի չունեն և պարտավորված են ժամանակավորապես մատուռում կատարել հոգևորական պաշտամունքը։ Այդ շարժական վեմերը գործածում են Երուսաղեմի միաբանությունները, երբ որ զանազան սրբավայրերում են պատարագ մատուցում և որտեղ հաստատում սեղան չկա, կամ հայերին հատուկ սեփական սեղան չկա։
Տաղարան
Եկեղեցական գրքերից մեկն է, որը պարունակում է տաղեր, երգեր, մեղետիներ, ստեղիներ, գանձեր և ընդհանրապես ծանր կարդացվելիք կտորներ։
Տաճար
Եկեղեցու այն մասն է, որը գավթից ներս է և որտեղ տեղավորված են խորանը, բեմը, դասը և ժողովրդի տեղը։ Եկեղեցու մասին ընդհանրապես և տարբեր մասերի համար խոսելիս այլ մանրամասնություններ տրվել են, և այստեղ առանձնապես տրվելիք տեղեկություններ չկան։ Տաճար բառը ընդհանրապես եկեղեցի ու ժամ անուններին համանման է։
Տապանակ
Բառի իմաստը փոքրիկ արկղ է։ Եկեղեցում այդ անունը տրվում է զանազան առարկաներին։ 1.Սարկավագների գործածած խնկամանին, որ երբեմն պատրաստվում է վրայից փակ ձևով ու ճաշակով մտացված, վրան մոմ դնելու տեղ ունի, որը միասին կրում են ձախ ձեռքով, երբ աջ ձեռքում բուրվառն են շարժում։ Այդ մեմակալ-խնկամանները կոչվում են տապանակ։ 2. Այդ անունը տրվում է նաև ողորմությունների նվեր հավաքելու համար եկեղեցու մեջ շրջագայած քահանաների գանձանակին։ 3. Լատինացիները և նրանց հետևությամբ հայ հռոմեականները Հաղորդությունը դնում են պատարագի սեղանի վրա, բազմոցի մեջտեղում հատուկ հաստատուն մի պահարան պատրաստելով, որի դուռը բանալիով փակվում ու բացվում է։ Հայ հռոմեականները դրա անունը դրել են Տապանակ։ Մեր եկեղեցին այդ սովորությունը չունի, մի քանի եկեղեցիներ, անշուշտ հռոմեականների հետևողությամբ, նմանօրինակ զարդ ունեն, որ Ավագ սեղանի վրա են դնում, հատկապես այն չհամարելով ս. Հաղորդությունը դնելու պահարան։ Հարկ կլինի այդ զարդերին էլ միևնույն անունը տալ։
Տիպ
Պատարագի, ինչպես նաև բարեպաշտներին բաշխելու համար պատրաստած նշխարն է, որը իր վրա կրում է խաչելության կամ ուրիշ տնորինական խորհրդի պատկեր։ Այն փորագրված տոսախե կաղապարով սեղմվում է նշխարի վրա։ Այդ փորագրված կաղապարը կոչվում է տիպ։
Տուպ
Որևէ աման է, բերանը կապարիչով փակված, որի մեջ բան է դրվում և պահվում։ Այդ տեսակ ամաններից կարելի է հիշատակել մյուռոնամանը, մասնատուփը, սրբատուփը և այլն։ Եկեղեցու սպասքներից յուրաքանչյուրն իր հատուկ տուփերն ունի, ինչպես սկիհը, խաչը, ճաճանչը, ավետարանը, սաղավարտը, խույրը և այլն, բայց այս տուփերը սպասքների կարգին չեն դասվում։ Հատուկ մի տուփ էլ սրբիչի տուփն է, որը նշեցինք այդ բառի ներքո։
Տոնացույց
Եկեղեցում գործածվող գրքերից մեկն է, որը պարունակում է տարվա ընթացքում եկեղեցու կատարված տոների կարգը։ Սկսզբում իսկապես միայն տոներն է ցույց տվե, բայց հետզհետե տոների պատշաչները ավելացել ու ճոխացել են, և միանգամայն տոնացույցներ են եղել ավետարանացույցը, ընթերցվածացույցը, շարականացույցը և առհասարակ յուրաքանչյուր օրվա համար պատրաստված պատշաճացույցը։ Դրանից հետո Սիմեոն Երեվանցի կաթողիկոսը 1774-ին տոնացույցի և տոների կարգի մեջ որոշ փոփոխություններ մտցնելուց բացի, տոնացույցին Բ Հատորն էլ ավելացրեց և յուրաքանչյուր տարեգրի համեմատ բոլոր փոփոխություններն ամփոփեց, և տոնացույցը իսկապես մշտնջենավոր տոնացույցի փոխեց։ Այդ փոփոխությունների համեմատ սկսվեցին յուրաքանչյուր տարի օրացույցներ հրատարակել Էջմիածնում, Կ.Պոլսում ու Երուսաղեմում, որտեղ ցույց են տրված յուրաքանչյուր օրվա պատշաչները և դարձել են առձեռն տոնացույցներ։
Փակեղ
Հին ժամանակներում եկեղեցականները իրենց հատուկ գլխարկը չունեին, վանականները միշտ վեղարով էին մանգալիս, իսկ քահանաները տեղի սովորական գլխանոցն էին գործածում։ Ցանկանալով, որ հայ եկեղեցականներն էլ իրենց հատուկ գլխանոցն ունենան, Կ.Պոլսի Պատրիարքարանը 1845-ին հաստատեց փակեղը, որի գաղափարը վերցված է վեղարի ներքևի մասը կազմող սրածայր գլխանոցի վրայի ասվեից և երեսը ասվեով կամ թավշով պատելով և գագաթն էլ կոճակի պես վերջավորություն ավելացնելով։ Ավելի գեղեցիկ լինելու համար սրածայր մասի վրա դրված կերպասը փախանակ հարթ ու շիտակ լինելու, ծալոեր տալով ավելի վայելուչ տեսք է տրվում։ Այս գլխանոցը սկսաց մայրաքաղաքից, այժմ բոլոր տեղերում տարածված է։ Քահանաների համար որոշված է սև չուխա, վարդապետների համար սև թավիշ, եպիսկոպոսներինը՝ մանուշակագույն թավիշ, իսկ պատրիարքներինը՝ գորշ կարմրագույն թավիշ՝ ոսկի երիզով։ Պատրիարքի համար որոշվածը ոչ ոք չի հիշում, որ գործածված լինի, վարդապետները սկսել են սրածայր մասը մանուշակագույնով փոխել, եպիսկոպոսները մանուշակագույնից հրաժարվել են, քահանաներից պատվավորները և ցանկացողները հետզհետե սկսել են թավիշ գործածել։ Սրան ավելացրած, եպիսկոպոսներից ու վարդապետներից շատերը ընդունել են սև թավիշ գործածելու սովորությունը։ Այժմ որոշակի կանոն չկա։ Ավելի մոտիկից նայելով, գլխանոցի գույնից ու նյութից աստիճան որոշելը ավելորդ պայման կարող է համարվել։ Իսկ մանուշակագույնը եպիսկոպոսներին հատուկ համարելը պարզապես հռոմեականներին հետևելն է, մինչդեռ արևելյան վանականները սևից բացի բացարձակապես այլ գույն չեն ընդունում։ Հետևապես, 1845-ին կանոնն ընդունելով հանդերձ, գույնի ու նյութի տարբերությունը կարող է փոփոխության ենթարկվել, և արդեն սովորությունն էլ բավականին ժամանակից կատարել է այդ փոփոխությունը։ Փակեղը սովորաբար տարածվում է թուրքական վիճակների մեջ, իսկ Կովկասում վանականները դեռևս վեղարով են, իսկ քահանաները՝ տեղական գլխարկով։ Փակեղը ռուսական ձևով ու ռուսական անունով կամելավկա է կոչվել, որպես մենաշնորհ պարգև տրվում է Ամենայն կաթողիկոսի կոնդակով։
Փարչ
Ձեռքերը լվանալու համար մատուցվող ջրի աման, որը կոնքի մի այլ տեսակն է, և նույն նյութից և նույն ճաշակով է պատրաստված։ Եկեղեցիներում միշտ մետաղից է լինում։
Փիլոն
Շուրջառի նման զգեստ է, մարմինը փաթաթող և կրծքի վրա մի ճարմանդով ամրացված։ Փիլոնը գործածվում է ժամերգությունների ժամանակ, դասի մեջ։ Սովորաբար սև է և ասվեից։ Մետաքսից ու ծաղկավոր, կերպասից փիլոնը, որպես պատվի նշան, շնորհվում է քահանաներին ու աբեղաներին։ Վարդապետներին սև ծաղկավորն է հատուկ և որպես պատվո նշան շնորհվում է գունավոր ծաղիկներով, որը ընդհանրապես մանուշակագույն է, բայց անխտիր գործածվում է նաև այլ գույներ։ Ծայրագույն վարդապետների և եպիսկոպոսներին հատուկ է գունավոր ծաղիկներով՝ յուրաքանչյուր դիրքին ու կարողությանը հարմար ընտրագույն մետաքսից։ Ընդհանրապես ծաղիկները միագույն են, կամ էլ նույն գույնից բաց ու մուգով խառը։ Երկու գույնով մետաքսներ էլ են երբեմն գործածվում, բայց ոչ դրանից ավելի, քանի որ այդ ժամանակ փիլոնը կատարելապես շուրջառի կփոխվի։
Փորուրար
Ուրարի մասին խոսելիս տարբեր տեսակներ նշեցինք, փորուրարն էլ բացատրեցինք։
Քանդակ
Այս անունը տրվում է մետաղե կամ փայտե այն պատկերներին, որոնք նկարի պես հարթ չեն և ոչ էլ արձանի պես բոլոր կողմից շոշափելի ձևեր ունեն, այլ հարթ մակերեսի վրայից դուրս ցցված, լինի գրիչով փորագրված թե կաղապարով ձուլված։ Պատկերների ավելի կամ պակաս ցցված լինելու համեմատ կոչվում են հարթաքանդակ ու բարձրաքանդակ, (basrelief և haut-relief)։ Քանդակները հանդիպում են ավետարանների կողքերին, ճաճանչների մեջ, սկիհերի պատվանդանի, խաչերին, ինչպես նաև պատերի և սեղանների վրա։ Քանդակները պատկերների շարքին են դասվում և արձանների պես արգելված չեն։ Երբ պաշտամունքի համար գործածված առարկաների վրա են՝ օծվելով են նվիրագործվում, իսկ եթե լոկ զարդ են, համարձակ գործածվում են։ Արձան, պատկեր, ավետարան, խաչ անունների ներքո բավական տեղեկություններ կան քանդակների մասին։
Քար
Այդ անունը պահում ենք միայն եկեղեցիների հիմքերի մեջ դրվող 16 օծված քարերը նշելու համար, որոնց մասին խոսել ենք հիմք բառի ներքո։
Քշոց
Բառի բուն իմաստով և գործածության բուն նպատակով՝ ճանճ քշելու համար սերովբեի ձևով հողմահար է, որով, սարկավագները ժամարարի մոտ կանգնելով, սրբագործված տեսակների վրայից ճանճերն են քշում և իբր թե սերովբեների սրբությունն են պահպանում։ Այն ժամանակներում սրբագործված տեսակները նվիրագործությունից հետո չեին ծածկում։ Սակայն այդ սկզբնական կիրառությունն ու նշանակությունը լրիվ կորել է։ Քշոցները եղել են մետաղից ու մանր սերովբեներ ու շուրջ բոլորը ավելացրած մասերով, բոժոժներով մեծացրած ու զարդարված և փայտե երկար կոթերի վրա ամրացրած։ Շարժելու ժամանակ ավելի շատ նվագարանի քան թե քշոցի տեղ է ծաառայում և իսկապես նշանավոր ու խորհրդավոր պահերին քշոցները շարժվում են ու բոժոժները հնչում։ Իսկ սրբագործված տեսակները մեզանում «Առեք կերեք»-ից հետո ծածկվում է, ժամարարը ձեռքը պահում է բաժակի վրա և այդպես ճանճերից պահպանում։ Քշոցների ուրախության նվագարան դարձած լինելը հաստատվում է Մեծ պասի մեջ չգործածվելով։
|