|

8 օգոստոսի - Վաղ առավոտյան ուխտագնացների խումբը ավտոբուսով
շարժվում է դեպի Եղեգնաձոր, որտեղ Սբ. Աստվածածին եկեղեցում մասնակցում են
լուսահոգի Գարեգին Ա. կաթողիկոսի քառասունքին նվիրված սուրբ պատարագին և
հոգեհանգստին։

Պատարագից հետո ուխտագնացները շարժվեցին դեպի Գլաձոր, Վերնաշեն
գյուղերը։ Վերնաշենում այցելեցին Գլաձորի համալսարանի թանգարան, ծանոթացան
նրա պատմությանը և շարժվեցին դեպի Թանահատի վանք, որի մոտ և գիշերեցին։

9 օգոստոսի - Առավոտյան Թանահատի վանքից ուղղություն վերցրինք
դեպի Սպիտակավոր. Սրբ. Աստվածածնի վանքը։ Ճանապարհը հողածածկ էր խիստ կտրտված
տեղանքով։ Տեղ հասնելով, դիտեցինք եկեղեցին, գավիթն ու հարակից կառույցները
և շարունակեցինք մեր երթը դեպի Ալայազ գյուղը։
Ճանապարհն անցնում էր խիստ կտրտված տեղանքով, հատում ծորակներ,
և երբ արդեն ներքևում երևաց Ալայազ գյուղը, սկսվում է զառիթափ լանջով վայրէջք
մինչև Եղեդիս գետի հովիտը, Ալայազ գյուղի արևելյան մասը։ Հենց այդտեղ էլ
գետի ափին, հանքային ջրերի աղբյուրների մոտ տեղադրեցինք մեր վրանային ճամբարը։
10 օգոստոսի - Շրջեցինք Ալայազ գյուղում, ծանոթացանք գյուղի
պատմությանը, հուշարձաններին։ Գյուղի արևմտյան կողմում գտնվում է Սրբ. Աստվածածնի
թաղածածկ բազիլիկ եկեղեցին։ Հարավային կողմում՝ Սրբ. Նշան կամ Սրբ. Կարապետ
քառանկյունի գմբեթավոր եկեղեցին (XI - XIII դ.դ.), որից ոչ հեռու՝ Տարսայիճ
իշխանի ապարանքի մուտքի ճակատաքարը։
Ալայազ գյուղում է նաև գտնվում Օրբելյան իշխանների տապանատունը։
Ալայազից հարավ տարածվում են մի մեծ քաղաքի ավերակներ, որին տեղացիներն անվանում
են Հոստուն։ Դրանք հին Եղեդիս քաղաքի ավերակներն են։
11 օգոստոսի - Առավոտյան առանց ուսապարկերի, մեզ հետ վերցնելով
միայն չոր սնունդ և ջրամաններ, շարժվեցինք դեպի Ալայազ գյուղի արևելյան կողմում
գտնվող Զորաց եկեղեցին, որը կոչվում է նաև Սրբ. Ստեփանոս (1303 թ.)։
Դիտելով այն, մեր երթը շարունակեցինք դեպի Հերմոնի վանք։
Ասֆալտապատ ճանապարհով անցանք 3 կմ և հասնելով Սյունյաց թեմի ճամբարին, այցելեցինք
ճամբարում հանգստացող զոհված ազատամարտիկների երեխաներին։
Ճամբարում տեղի ունեցավ հանդիպում Սյունյաց թեմի առաջնորդ
Աբրահամ սրբազանի և ճամբարականների հետ։ Աբրահամ սրբազանը ողջունեց ուխտավորներին
և ճամբարականներին ներկայացրեց ուխտագնացներին։
Ծավալվեց հետաքրքիր զրույց, որի ժամանակ երեխաներին պատմեցինք
ուխտագնացության նպատակների, երթուղու, մեր այցելած վանքերի ու եկեղեցիների
մասին, և նաև դերի մասին, որ նրանք խաղացել են մեր ժողովրդի կյանքում։ Վերջում
տեղի ունեցավ համատեղ համերգ։
Ճամբարում հանդիպման ավարտից հետո մենք շարժվեցինք դեպի
Հերմոնի վանք, որը գտնվում է ճամբարի դիմաց լեռնաբազուկի թեք լանջին։ Հաղթահարելով
լանջը հասանք վանքին։ Հերմոնի վանքը (936 թ.) (Ահերմոնի վանք, Կնեվանք)։
1338 թ. այստեղ է հաստատվել Տիրատուր վարդապետը և հիմք դրել նոր դպրոցի,
որը գործել է մինչևXV դարի վերջը։
Ներկայիս Սրբ. Գրիգոր եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ կառուցված
XVII դարում։ Հերմոնի վանքից նույն ճանապարհով վերադառնում ենք գիշերատեղի։
12 օգոստոսի - Այսօր առավոտյան կրկին մեզ հետ վերցնելով
չոր սնունդ, առանց ուսապարկերի մենք շարժվեցինք դեպի Սմբատաբերդ, որը գտնվում
է Եղեգիս և Ալայազ գյուղերի միջև ձգվող բարձունքի վրա։ Վերելքը սկսվում է
հենց Ալայազ գյուղից, որտեղից թեք լանջով կածանը բարձրանում է մինչև Սմբատաբերդ։
Սմբատաբերդը (Եղեգիք, Եղեգիս) իր միջնաբերդի հետ IX դարից
դարձել է Սյունյաց տերերի իշխանանիստը, որը հետագայում անցել է օրբելյանների
ձեռքը։ Սյունյաց տան իշխաններից Սմբատը վերակառուցում
է Եղեգիս բերդը, որն էլ ի պատիվ նրա վերանվանվում է Սմբատաբերդ։
Սմբատաբերդից, առանց բարձրություն կորցնելու շարունակեցինք
մեր ճանապարհը դեպի հյուսիս, դեպի Ցախաց քար։ Ճանապարհն անցնում է լեռնային
կածաններով, կտրտված տեղանքով։
Ցախաց քարը բաղկացած է միմյանցից 200 մ հեռու տեղադրված
2 խումբ կառույցներից։ Գլխավոր կառույցը Գր. Լուսավորիչ
գմբեթավոր եկեղեցին (X դ.) է։ Տպավորիչ են 2 մեծ խաչքարները։ Հյուսիսային
կողմում Սրբ. Կարապետ գմբեթավոր եկեղեցին է։
2-րդ կառույցը երկհարկանի դամբարան-եկեղեցին է, որի 1-ին
հարկն են կազմում թաղածածկ ոչ մեծ եկեղեցին և նրա արևմտյան կողմում տեղավորված
գավիթը։ Գավթի վրա բարձրացող մատուռը և երկու կողմերում տեղավորված խաչքարները
կազմում են կառույցի 2-րդ հարկը։ Դիտելով և հիանալով
այս կոթողով մենք լեռնային կածանով վերադարձանք Ալայազ գյուղի մոտ տեղավորված
մեր գիշերատեղին։
13 օգոստոս - Վաղ առավոտյան, հավաքելով վրանային ճամբարը,
ուխտավորների մեր խումբը շարունակեց իր երթը դեպի Շատին գյուղ, այստեղից
էլ Նորավանք։
Ճանապարհն անցնում է սկզբում Ալայազ գյուղի միջով, ապա Եղեգիս
գետի ափով, մերթ կածաններով, մերթ ասֆալտապատ ճանապարհով, մինչև Եղեգնաձոր-Երևան
ավտոմայրուղին, ուր Եղեգիս գետը միախառնվում է Արփա գետին։
Հասնելով մայրուղուն, մենք ավտոմեքենայով շարունակում ենք
մեր ճանապարհը մինչև Նորավանք (XIII - XIV դ.դ.)։
Նորավանքը եղել է Սյունիքի հոգևոր կենտրոններից մեկը։ Գլխավոր
եկեղեցին Սրբ. Կարապետն է, կառուցված 1216-1223 թ.թ., գավիթը՝ 1261 թ. 1321
թ. երկրաշարժից այն վնասվել է, որից հետո վերակառուցվել Մոմիկի կողմից։ Սրբ.
Կարապետ եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը, իսկ հյուսիսից՝ Սմբատ իշխանի
դամբարանը։
Գլխավոր հուշարձանախմբից հարավ-արևելք գտնվում է Բարթել
իշխանի երկհարկ դամբարան եկեղեցին՝ Սրբ. Աստվածածինը։ Կառույցի առաջին հարկի
դամբարանի վրա բարձրանում է երկհարկանի խաչաձև աղոթարանը, դեպի ուր տանում
են պահունակային աստիճանները։
Նորավանքի վերջին վերակառուցումն ավարտվել է 1999 թ. և ապրիլի
18-ին այն օծվել է։ Ծանոթանալով Նորավանքին մենք վանքից ներքև, գետակի ափին
տեղավորեցինք մեր ճամբարը։
14 օգոստոսի - Սռավոտյան ուխտագնացների մեր խումբը հրաժեշտ
տալով Նորավանքին, շարժվեց դեպի Եղեգնաձոր - Երևան մայրուղին։
Ճանապարհն անցնում է ձորի միջով, որը 8 կմ անցնելով հասանք
մայրուղուն և ևս 2 կմ առաջ շարժվելով դեպի Արենի գյուղը հասանք Արենի Սրբ.
Աստվածածին եկեղեցուն, կառուցված 1321 թ. Մոմիկ ճարտարապետի կողմից։ Դիտելով
եկեղեցին, կրկին շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Խոր
Վիրապ։
|