www.christianity.am
 

ԳԱՆՁԱՍԱՐ - ԷՋՄԻԱԾԻՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ
ՅՈՒԼԻՍ 27- ՕԳՈՍՏՈՍ 15
, 1999
 
 

Մասնակիցներ - Երթուղի - Եզրահանգումներ - Մի ուխտագնացի մտորումներ
 
 
Էջմիածին - Արցախ - Սյունիք - Վայք - Էջմիածին
 
    

 

2 օգոստոսի- Ծիծեռնակավանքի մոտից ուխտագնացների խումբը կածանով, ապա հողածածկ ճանապարհով, կրկին կածանով շարժվեց դեպի հարավ՝ տափարակի վրա գտնվող փոքրիկ գյուղակը, ապա կտրեց Բայանդուր գետակի ձորը և բարձրացավ լեռնանցք, որտեղից և երևում է Խնածախ գյուղը՝ տափարակի վրա, շրջապատված այգիներով։

 

Լեռնանցքից իջնելով ձորը և ձախակողմյան լանջի կածանով բարձրանալով վեր՝ ուխտագնացները մտան գյուղ, դիտեցին անմխիթար վիճակում գտնվող 1610թ. կառուցած եկեղեցին և Խնածախ - Գորիս ասֆալտապատ ճանապարհով շարժվեցին դեպի Ստեփանակերտ - Գորիս մայրուղի։

 

 

Հասնելով մայրուղուն, կտրեցին այն, և հարավային կողմի հեղեղահունով շարժեցին մինչև նրա հատումը գետակի հետ։ Այս վայրից հողածածկ ճանապարհով շարժվեցին դեպի Հին Խնձորեսկ գյուղատեղին։

 

Ուխտագնացները պատրաստվեցին գիշերելու Հին Խնձորեսկում աղբյուրի մոտ։ Այցելեցին Մխիթար Սպարապետի գերեզմանը, եղան Խնձորեսկի մատուռում։

 

 

3 օգոստոսի - Հին Խնձորեսկից հողածածկ ճանապարհով ուխտագնացների խումբը բարձրացավ Նոր Խնձորեսկ բարեկարգ գյուղը, որը հիմնադրվել է 1960-ական թվականներին։

 

 

 

Նոր Խնձորեսկից երթը շարունակվեց դեպի Գորիս։

 

 

Ժամը 12-ին ուխտագնացները հասան Գորիս, ուր Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նրանց էր սպասում Տեր Պարթև քահանան։ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ժամերգությունից հետո երթը շարունակվեց դեպի Քարահունջ գյուղը։

 

 

Ճանապարհն անցնում է Որոտանի վտակ Գորիս (Վարարակն) գետակի ձորով, Գորիս-Ղափան ավտոճանապարհով։

 

 

 

5 կմ անցնելով, ուխտագնացները հասնում են աջ կողմից դեպի Քարահունջ գյուղը բարձրացող ճանապարհի խաչմերուկին, որով էլ շարունակում են բարձրանալ դեպի գյուղ։ Այստեղ է գտնվում Սբ. Հռիփսիմե եկեղեցինէ կառուցված 1675թ. և մի մատուռ։

 

 

Ոլորապտույտ գյուղամիջյան ճանապարհով ուխտագնացները կտրում անցնում են գյուղը և բարձրանում գյուղից 3 կմ վեր հարթակի վրա գտնվող ֆերմաների և խնձորի այգիների մոտ, որտեղ էլ աղբյուրի կողքին, խնձորենիների տակ պատրաստվում են գիշերելու։

 

Երեկոյան ուխտագնացներին այցելության եկավ Գորիսի քահանա Տեր Պարթևը։ Խարույկի շուրջ մինչև ուշ գիշեր լսվում էր նրա հետաքրքիր զրույցը ու հոգեպարար երգը։

 

 

4 օգոստոսի - Վաղ առավոտյան, սկզբում հողածածկ, ապա ասֆալտապատ ճանապարհով խումբը շարժվեց դեպի Հարանց անապատ։ Ճանապարհն անցնում է Գորիսի օդանավակայանի մոտով, կտրում անցնում Շինուհայր գյուղը ոլորապտույտներով իջնում Հալիձոր գյուղը և հասնում ձորի խորքում գտնվող Սատանի կամուրջ կոչվող տեղանքը։

 

 

Որոտանի ձախ ափին, Սատանի կամուրջի մոտ կազմակերպվում է վրանային ճամբարը։

 

 

5 օգոստոսի - Առավոտյան, ուսապարկերը թողնելով ճամբարում, ուխտագնացները շարժվում են դեպի Հարանց անապատ։

 

 

Որտեղից էլ ոլորապտույտ կածանով բարձրանում ժայռերի գլխին բազմաց Տաթևի վանքը, որտեղ նրանց էր սպասում Պարթև քահանան։

 

 

Ժամերգությունից, մատաղօրհնենքից և Տաթև գյուղի Սբ. Մինաս (1646թ.) եկեղեցին դիտելուց հետո, նույն կածանով խումբը վերդառնում է գիշերատեղի, ուր երեկոյան ուխտագնացներին այցելության էր եկել Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանը, Աշոտ Աբեղան և այլոք։

 

Խարույկի մոտ տեղի ունեցած զրույցից և տպավորությունները պատմելուց հետո, դեռ երկար ժամանակ հնչում էր հոգեպարար երգը։

 

 

 

6 օգոստոսի - Ուղին, Սատանի կամրջից ասֆալտապատ ճանապարհով, ձգվում է հետ՝ դեպի Հալիձոր գյուղը։

 

 

 

Ճանապարհին, ուխտագնացները լուսանկարվեցին կաթողիկոսներ Վազգեն Առաջինի և Գարեգին Առաջինի համատեղ Տաթևի վանք այցելությունը հավերժացնող հուշասյան մոտ։

 

 

 

Դաշտամիջյան ճանապարհով ուխտագնացները շարժվեցին դեպի Հարժիս գյուղը։

 

 

Հարժիս գյուղում դիտելով X-XIII դդ. կառուցած եկեղեցին, մատուռն ու խաչքարերով հարուստ գերեզմանատունը, խումբը շարունակեց ճանապարհը դեպի Շամբ ավանը։ Բավականին կտրտված տեղանքով հասնելով Շամբի ջրամբարին, ապա անցնելով Որոտանի աջ ափը, ուխտագնացները ասֆալտապատ ճանապարհով շարժվեցին դեպի Շամբ ավանը, որից 2 կմ անցնելով, Որոտանի աջ ափին, աղբյուրի մոտ, գիշերեցին։

 

7 օգոստոսի - Ուխտագնացները ասֆալտապատ ճանապարհով շարժվեցին դեպի Որոտնավանք, չմոռանալով այցելե նաև Որոտնաբերդ և հիանալ նրա անառիկությամբ։

 

 

Որոտնավանքում նրանց դիմավորեց Սիսիանի քահանա Տեր Նարեկը, որը նրանց ծանոթացրեց Որոտնավանքի պատմությանը։

 

 

Որոտնավանքից Շամբ-Սիսիան ասֆալտապատ ճանապարհով ուխտագնացները շարժվեցին դեպի Սիսիան՝ աջ կողմում թողնելով Վաղուդի գյուղը, 3 կմ անցնելով հասնում են Աղուդի գյուղին, որի կենտրոնում գտնվում է կոթող-մահարձան (VI-VIIդդ.)։

 

 

Աղուդիից նույն ճանապարհով առաջ են շարժվում դեպի Սիսիան և շտապում Սբ. Գրիգոր տաճարը, ուր ուխտագնացներին զանգերի ղողանջով դիմավորում է Նարեկ քահանան։

 

 

Ժամերգությունից և ճանաչողական զրույցից հետո ուխտագնացները այցելում են եկեղեցու բակում հանգչող ազատամարտիկների շիրիմներին և ծաղիկներ դնում նրանց շիրմաքարերին։

 

Սիսիանից ասֆալտապատ ճանապարհով ուխտագնացների խումբը շարժվում է դեպի Շաքիի ջրվեժը և ջրվեժի մոտ, տանձենիների այգում, գիշերում։

8 օգոստոսի - Վաղ առավոտյան ուխտագնացների խումբը ավտոբուսով շարժվում է դեպի Եղեգնաձոր։

    


Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000