www.christianity.am

Հայ ժողովրդի հայրենիքը՝ Հայաստանը մի երկիր է, որը տարածված է Աստծու նախախնամությամբ Նոյ նահապետի համար փրկության ափ դարձած Արարատ լեռան շուրջը։ Հայոց պատմությունը ձգվում է մինչև անհիշելի ժամանակներ, սակայն վերջին երկու հազարամյակների ընթացքում այն անքակտելիորեն կապված է քրիստոնեության հետ։ Մեր երկրում այս հայտնյալ կրոնի առաջին քարոզիչները դարձան Աստծու Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Ս.Թադեոսը և Ս.Բարդուղիմեոսը։ Հոգեգալստյան օրը վերնատան մեջ մյուս աշակերտների հետ նրանք ևս «լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին խոսել այլ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց արտասանել էր տալիս» (Գործք, Բ 4)։ Ավետարանիչն այնուհետև պատմում է, որ տեղում եղած հեթանոսները՝ «Պարթևներ, մարեր և իլամացիներ, և նրանք որ բնակվում են Միջագետքում, Հրեաստանում և Գամիրքում, Պոնտոսում և Ասիայում…» (Գործք, Բ 9-10), զարմացած լսում էին, թե ինչպես են առաքյալները խոսում իրենց լեզուներով։

Բ դարի նշանավոր աստվածաբան Տերտուղիանոսը և Օգոստինոս Ավելիոս Հիպոնացին (354-430) «Գործք Առաքելոցի»-ի իրենց ձեռքին եղած օրինակներում, երկրների նշված թվարկման մեջ կարդացել են՝ «նրանք, որ բնակվում են Միջագետքում, Հայաստանում և Գամիրքում» (Մ.Օրմանեան, Ազգապատում, հ. Ա, էջ 22)։ Աշխարհագրականորեն այս երկրները հաջորդական են և հնարավոր է, որ սկզբնական բնագրում հենց այդպես է գրված եղել։ Սակայն անկախ դրանից, իրողությունն այն է, որ Սուրբ Հոգու շնորհները ստացած առաքյալները սկսեցին բոլոր հեթանոսների լեզուներով պատմել «Աստծու մեծագործությունների մասին» (Գործք, Բ 11) և ձեռնամուխ եղան իրենց Վարդապետի պատգամը կատարել, որ ասում էր. «Գնացե՛ք ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, մկրտեցե՛ք նրանց Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով»։ (Մատթ. ԻԸ 19)։

Այս լուսավոր պատգամն էր, որ իրականացրեցին Ս.Թադեոսն ու Ս.Բարդուղիմեոսը Հայաստան աշխարհում։ Իսկ 1700 տարի առաջ Ս.Գրիգոր Լուսավորչի և Ս.Տրդատ թագավորի ջանքերով քրիստոնեությունը Հայաստանում ընդունվեց որպես պետական կրոն, և մեր հայրենիքը դարձավ աշխարհում առաջին քրիստոնեական պետությունը։

Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Հայաստանում

Հայ առաքելական Ս.Եկեղեցու պատմության վաղ շրջանի մասին պահպանված պատմական սկզբնաղբյուրները փոքրաթիվ են, սակայն բարեբախտաբար, առկա փաստերը լրացվում են սերնդե սերունդ անցած և, ի վերջո, Հայոց գրերի գյուտից հետո հանդես եկած հեղինակների կողմից։ Այս ամենը պատմաբաններին թույլ են տալիս հնարավորին չափ ամբողջական դարձնել բուն պատմական եղելությունների պատկերը։

Ինչպես ասվեց, քրիստոնեությունը Հայաստանում առաջին անգամ քարոզել են Քրիստոսի աշակերտներ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնք այստեղ էլ նահատակվել են։ Ս.Թադեոս ու Ս.Բարդուղիմեոս առաքյալները, որպես Առաջին Լուսաւորիչք Հայաստանեայց, համարվում են Հայ Եկեղեցու հիմնադիրները, որի շնորհիվ Հայոց Եկեղեցին կոչվում է Առաքելական։

Սակայն մինչև Թադեոսի ու Բարդուղիմեոսի հայաստանյան առաքելությանն անրադառնալը՝ հարկ է հիշատակել Եդեսիայի Աբգար թագավորի պատմությունը։ Մովսես Խորենացու վկայությամբ (այդ մասին հայտնում են նաև ասորական աղբյուրները) Արշակունի Աբգարը պատգամավորների հետ նամակ է ուղարկում Քրիստոսին, խնդրելով, որ Նա գա Եդեսիա, բուժի իր անբուժելի համարվող հիվանդությունը և հրեաների հալածանքներից ազատ՝ բնակվի Եդեսիայում։ Քրիստոսը Իր Թովմաս աշակերտի ձեռքով պատասխան թուղթ է գրում, որով հրաժարվում է գալ, բայց խոստանում է, որ Համբարձումից հետո աշակերտներից մեկին կուղարկի, որը կբժշկի Աբգարին։ Խորենացին գրում է, թե «ալս թուղթը բերեց Աբգարի սուրհանդակ Անանը և նրա հետ Փրկչի կենդանագիր պատկերը, որ մինչև հիմա գտնվում է եդեսացիների քաղաքում»։ Հիսուսի համբարձումից հետո Եդեսիա է գալիս Թադեոս առաքյալը և բուժում է Աբգարին, այնուհետև մկրտում նրան, նրա արքունիքի անդամներին ու քաղաքացիներին, ապա քաղաքում եպիսկոպոս ձեռնադրում։

Աբգար թագավորի պատմությունը տեղ է տգել նաև Եվսեբիոս Կեսարացու (260-339) «Եկեղեցական պատմության» մեջ։ Այնուամենայնիվ, պատմաբանների շրջանում տարակարծություն կա Աբգարի Ա դարի գործիչ լինելու վերաբերյալ (ենթադվում է, որ նա շփոթված է Եդեսիայի թագավոր Աբգար Թ-ի հետ, որը քրիստոնյա է դարձել 207 թ)։ Սակայն Աբգարի անունը, որպես առաջին հայ քրիստոնյա թագավոր, հաստատապես մուտք է գործել հայ եկեղեցական ավանդության մեջ։ Աբգարը դասվել է Հայ Եկեղեցու սրբերի շարքը։

Ըստ հայկական աղբյուրների՝ Թադեոս առաքյալը Եդեսիայում Աբգար թագավորին բժշկելուց հետո եկել է Հայաստան, ուր այդ ժամանակ թագավորում էր Սանատրուկը։ Առաքյալը շրջել է երկրով մեկ, դարձի է բերել բազմաթիվ հայերի, այդ թվում նաև Սանդուխտ արքայադստերը։ Սակայն Սանատրուկի հրամանով սկսվել են հալածանքներ նորադարձների նկատմամբ։ Սանդուխտը ձերբակալվել է, իսկ ուրիշ քրիստոնյաներ՝ նահատակվել։

Արքայադստերը համոզելու, քրիստոնեությունից հեռանալու ուղղությամբ գործադրված ջանքերն ապարդյուն են անցնում և ի վերջո, թագավորի հրամանով նահատակվում է Սանդուխտ կույսը։ Դրանից յոթ օր անց Սանատրուկ թագավորի հրամանով, Արտազ գավառում նահատակվում է Ս.Թադեոսը առաքյալը (մոտ 66թ.)։

Ավանդությունը Թադեոս առաքյալին է վերագրում հայոց եկեղեցու գլխավոր սրբություններից մեկի՝ Ս.Գեղարդի (նիզակի ծայր, որով հռոմեացի զինվորը խոցեց խաչյալ Հիսուսի կողը) Հայաստան բերելը։

Ս.Բարդուղիմեոս առաքյալն ութ պարսիկ հետևեորտների հետ Հայաստան է եկել Սանատրուկի թագավորության 29-րդ տարում, նախ հանգրվանելով Գողթն գավառում։ Այստեղ Շար իշխանի կողմից լավ ընդունելության արժանանալով՝ երկրամասի եպիսկոպոս է ձեռնադրել իր պարսիկ աշակերտներից մեկին՝ Կումսիին։ «Վկայութիւն սրբոյ առաքելոյն Բարդուղիմէոսի» երկը վկայում է, որ առաքյալն այնուհետև անցել է Հայաստանի կենտրոնական գավառները, Արտաշատում հադիպել Թադեոս առաքյալին։ Անձևացյաց գավառում հիմնել է Հոգեաց վանքը՝ այստեղ զետեղելով Տիրամոր հրաշագործ պատկերը։

Բարդուղիմեոսը քարոզել է ժողովրդի ամենատարբեր խավերի, այդ թվում՝ արքունական ընտանիքի ծրջանում։ Աղբակում նա քրիստոնյա է դարձրել թագավորի քրոջը՝ Ոգուհուն և Տերենտիոս հազարապետին։ Սակայն շուտով քրիստոնեահալած Սանատրուկի հրամանաով նահատակվել է Ոգուհին, Տերենտիոսը և այլ հավատացյալներ։ Նույն թագավորի կարգադրությամբ Աղբակում նահատակվել է նաև Բարդուղիմեոս առաքյալը մոտ 68 թ.։

Առաքյալների ցանած լուսեղեն սերմերը հայոց հողում շուտով ծլարձակեցին, չնայած որ սկզբնական շրջանում քրիստոնեությունը խստորեն հալածվում էր թագավորական իշխանության կողմից։

Տեղի են ունենում նաև այլ իրադարձություններ. նահատակվում են առաջին նորադարձ քրիստոնյաները, ստեղծվում են քրիստոնեական համայնքներ՝ իրենց առաջնորդներով։ Բ դարի 50-ական թվականներին հիշվում է Հայաստանի Մերուժան եպիսկոպոսը։ Ահա այս ամենի արդյունքում ստեղծվում է այն ընդարձակ դաշտը, ուր շուտով աստվածաշնորհ առաքելությամբ իր գործունեությունն է ծավալում Հայոց աշխարհի լուսավորիչը՝ Սուրբ Գրիգորը։

Հայոց դարձը

Քրիստոնեության ամբողջական տարածումը և նրա ընդունումը Հայաստանում որպես պետական կրոն, երկիրը քաղաքակրտության նոր մակարդակի է հասցնում, նախ բարեփոխիչ հեղաշրջում առաջացնելով ժողովրդի կյանքում ու կենցաղում, ապա նաև պայմանավորում պետության արտաքին քաղաքական հարաբերությունները, ազգային մշակույթի կողմնորոշումը և այլն։ Հայոց կյանքում տեղին ունեցած այս ճակատագրական փոփոխությունը կատարվեց Դ դարի սկզբին՝ շնորհիվ մեր պատմության երկու խոշոր գործիչներ Ս.Գրիգոր Լուսավորչի և Ս.Տրդատ թագավորի։

հայոց դարձի մանրամասն պատմությունը շարադրել է դեպքերին ժամանակակից պատմիչ Ագաթանգեղոսը, որին մասամբ լրացնում են Մովսես Խորենացին և Փավստոց Բյուզանդը։ Սկզբնաղբյուրները մեզ են ավանդել հետևյալ պատմությունը։

Ս.Գրիգորը որդին էր Անակ իշխանի, որը պարսից Արտաշիր թագավորի դրտմամբ Հայաստան էր եկել Հայոց Խոսրով թագավորին սպանելու համար և երկու տարի արքունիքւմ մնալուց հետո իրագործեց դավադիր սպանությունը։ Դրանից հետո Անակը փորձեց Պարսկաստան փախչել, բայց հայ իշխանները նրան բռելով սպասնեցին և ընտանիքի անդամներին կոտորեցին։ Այս կոտորածից միայն մի տղա՝ ապագա Լուսավորիչը փրկվեց Եվթաղ անունով մարդու ձեռքով և Կեսարիա տարվելով՝ քրիստոնեական կրթություն ստացավ։ Գրիգորը չափահաս դառնալուց հետո ամուսնացավ Մարիամ անունով աղջկա հետ, ունեցավ երկու որդի՝ Վրդանես և Արիստակես անուներով։ Խորենացու վկայությամբ ամուսինները երեք տարի անց «փոխադարձ համաձայնությամբ իրարից բաժանվեցին», որից հետո Մարիամը վանք մտավ։

287 թվին, երբ Խոսրովի որդի Տրդատը, հռոմեական զորքի աջակցությամբ, եկավ Հայաստան հայրենի գահին տիրելու, Գրիգորը միացավ Հայոց թագավորին, դառնալով նրա հավատարիմ զինակիցներից մեկը։ Պարսիկների դեմ տարած հաղթանակներից հետո Տրդատը Եկեղյաց գավառի Երիզա ավանում հեթանոսական Անահիտ աստվածուհու մեհյանին զոհեր մատուցեծ և պահանջեց Գրիգորից, որ նա պսակներ ու ծառերի ճյուղեր նվիրաբերի Անահիտի բագինին։ Բայց Գրիգորը, որ մինչ այդ անձնվիրաբար ծառայել էր թագավորին, առաջին անգամ հրաժարվեց նրա հրամանը կատարել, հայտնելով, որ քրիստոնյա է և չի կարող կուռքերին երկրպագել։ Զայրացած ու զարմացած Տրդատը նախ փորձեց Գրիգորին համոզել, որ իր կամքը կատարի, սակայն տեսնելով վերջինիս համառությունը, 12 սոսկալի տանջանքներով պատժեց նրան։ Բայց Գրիգորը չնայած կրած անմարդկային տանջանքներին՝ հաստատուն մնաց քրիստոնեական հավատքի մեջ։ Այդ ժամանակ Տրդատին հայտնեցին, թե Գրիգորն իր հորը՝ Խոսրովին սպանող Անակի որդին է։ Այս իմանալով, թագավորը հրամայեց, որ Գրիգորին նետեն Արտաշատ քաղաքի մահապարտների համար նախատեսված զնդանը՝ Խոր վիրապը։ Տրդատն այնուհետև հրովարտակ արձակեց, որով հպատակներին կոչում էր հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին, քրիստոնյա չդառնալ, այլ հալածել նրանց։ Տասներեք կամ տասնչորս տարի Գրիգորը մնաց վիրապի մեջ՝ կերակրվելով մի կնոջ ձեռքով, որ նրան ամեն օր մի նկանակ էր բերում։

Այս դեպքից տարիներ անց տեղի ունեցավ Հռիփսիմյանց կույսերի Հայաստան գալը և նրանց նահատակությունը։ Ավանդությունը պատմում է, որ Դիոկղետիանոս կայսեր քրիստոնեահալած քաղաքականության հետևանքով Հռոմից, Գայանե մայրապետի գլխավորությամբ, Հայստան եկան մի խումբ կույսեր, որոնց մեջ գեղեցկությամբ հռչակված էր Հռիփսիմեն։ Նրանք բնակվեցին Հայոց մայրաքաղաք Վաղարշապատի հնձանների մեջ։

Դիոկղեթանոս կայսրը նամակ ուղարկեց Տրդատ թագավորին, ուր հայտնելով կույսերի փախուստը հորդորում էր գտնել Հռիփսիմեին և իրեն ուղարկել, կամ կնության առնել։ Շուտով թագավորի գործակալները գտան կույսերի բնակավայրը և Հռիփսիմեին Տրդատի մոտ բերեցին։ Թագավորը կույսի գեղեցկությամբ գերված առաջարկեց նրան իրեն հարսնանալ, բայց Հռիփսիմեն մերժեց այդ առաջարկությունը։ Գայանե մայրապետը պալատ բերեց կույսին համոզելու, որ թագավորի կամքը կատարի, սակայն նա ավելի գոտեպնդեց Հռիփսիմեին, հորդորելով նրան հաստատուն մնալ իր ուխտին։

Խիզախորեն թագավորին դիմադրելով՝ Հռիփսիմեն կարողանում է դուրս գալ արքունիքից և հեռանալ հնձանների ուղղությամբ, սակայն վրա են հասնում թագավորի ծառաները և դաժանաբար սպանում գեղանի կույսին ու նրա 32 ընկերներին։ Հաջորդ օրը թագավորի հրամանով նահատակվում են Գայանեն՝ երկու ընկերներով և Մարիանեն, որը մնացել էր կույսերի օթևան հնձանում։

Այսպիսով, 301 թ. Հայաստանում հեթանոս արքայի ցասման զոհն են դառնում 37 անմեղ քրիստոնյաներ, բայց այս նահատակությունը շրջադարձային է դառնում երկրի ճակատագրի համար։ Հռիփսիմեի կորստից Տրդատ թագավորը հոգեկան ծանր ցնծում է ապրում և տառապում տարօրինակ հիվանդությամբ։ Պատմիչը գրում է, թե նա «սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի նման մարդկային բնությունից դուրս գալով՝ վայրենի խոզի կերպարանքով, իբրև նրանցից մեկը, գնաց նրանց մեջ բնակվելու» (Ագաթանգեղոս)։

Թագավորի հիվանդության լուրը տրածվեց ամեն տեղ։ Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը երազ տեսավ, թե թագավորի հիվանդությունը կարող է բուժել միայն Արտաշատի վիրապում գտնվող Գրիգորը։ Թեև սկզբում չհավատացին Խոսրովիդուխտի երազին, համարելով, որ վիրապի մեջ անկարելի է այդքան երկար ժամանակ կենդանի մնալ, բայց հետո մարդիկ ուղարկեցին Արտաշատ, որոնք Գրիգորին վիրապից հանելով, Վաղարշապատ բերեցին, թագավորը։ Թագավորը, հայոց արքունիքն ու ժողովուրդը Գրիգորին ընդառաջ դուրս եկան և իրենց մեղքերին թողություն խնդրեցին։ Գրիգորը հնգօրյա պաս սահմանեց ապաշխարության համար (այդ պասը Առաջավորած է կոչվում և պահպանվում է մեր եկեղեցու կողմից մինչև այսօր), այնուհետև վաթսուն օր Տրդատ թագավորին ու ժողովրդին քարոզեց Հին ու Նոր Կտակարանը։ Քարոզչության վերջին օրը Լուսավորիչը տեսիլք տեսավ, որով նրան, Միածնի իջման հրաշքով, ցույց տրվեց Մայր տաճարի հիմնադրման վայրը, տրվեց կույսերի նահատակության վայրերում վկայարաններ կառուցելու պատգամը, և խորհրդանշական ձևով ներկայացրեց Հայոց եկեղեցու հաստատությունն ու ապագա վիճակը։

Լուսավորւչը տեսիլքը պատմեց թագավորին, արքունիքին ու ժողովրդին, որոնք ծնրադրած ապաշխարեցին ու քրիստոնեական կրոնի հանձնառու աշակերտներ դարձան։

Գրիգոր Լուսավոիչի գլխավորությամբ կույսերի նահատակված տեղերում վկայարաններ կառուցվեցին (Մայր տաճարի մատնանշված տեղը շրջափակ արվեց), ապա Ս.Գրիգորը սկսեց շրջել երկրում, քրիստոնեությունը քարոզել և հայոց հեթանոսական տաճարները կործանել։ Դրանց տեղում նա խաչ էր կանգնեցնում, իսկ հետո այդտեղ կառուցվում էին քրիստոնեական եկեղեցիներ։

Այսպիսով, հայ ժողովուրդն ընդունեց քրիստոնեությունը, սակայն դեռ մկրտված չէր, և քրիստոնեական եկեղեցու խորհուրդները կատարող հոգևորականներ չուներ։ Այս պատճառով թագավորը ավագանու խորհուրդ հրավիրեց ու միակամ որոշմամբ Գրիգորին ուղարկեցին Կեսարիա՝ եպիսկոպոսական ձեռնադրություն ստանալու և Հայաստանի հոգևոր իշխանությունը ստանձնելու համար։ Կիսարիայի Ղևոնդ եպիսկոպոսն ուրախությամբ կատարեց հայերի խնդրանքը և մեծ շուքով ձեռնադրեց Ս.Գրիգորին։ Հայոց նորընծա հովիվը նախ մեծ հանդեսով Սեբաստյա գնաց և վերցնելով Ս.Հովհաննես Մկրտչի ու Աթանագինե նահատակ եպիսկոպոսի մասունքները, բազմաթիվ եկեղեցականների ընկերակցությամբ Հայաստան եկավ։ Սկզբում եկավ Տարոն, ուր նշանավոր մեհյաններ կային և որտեղ բավական դժվարությամբ կարողացավ Վահագնի, Անահիտի և այլոց մեհյանները կործանել ու տեղում եկեղեցիներ կառուցել։ Աշտիշատի Վահեվանյան մեհյանի փոխարեն մի մեծ եկեղեցի կառուցեց, որը պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչում է «Հայոց մեծ և առաջին Մայր եկեղեցին», ուր հետակայում եկեղեցական ժողովները գումարվեցին։

Տրդատ թագավորը լսելով Լուսավորչի գալուստը, Աշխեն թագուհու, Խոսրովադուխտի և նշանավոր նախարարների հետ ելավ նրան ընդառաջ և հանդիպեց Բագրևանդ գավառում։ Այստեղ, Նպատ լեռան մոտ, Ս.Գրիգորը հանդիսավոր ու տպավորիչ ծեսով Տրդատ թագավորին, արքունիքին ու ողջ հայոց զորքին մկրտեց Արածանի գետի մեջ։ Ապա Ս.Գրիգորն ու Տրդատ արքան, նոր մկրտված խուռներամ ժողովրդի հետ, խնդությամբ եկան Հայոց Վաղարշապատ մայրաքաղաք և Միածնաէջ տեղում ձեռնարկեցին Մայր եկեղեցու՝ Ս.Էջմիածնի կառուցումը, տաճար, որը դարձավ Հայոց հայրապետության Աթոռանիստ վայրն ու համայն հայության հոգևոր կենտրոնը։

Ահա այսպես կատարվեց Հայոց դարձը և քրիստոնեությունը կենարար արմատներով տարածվեծ ողջ Հայոց մեջ։

Ս.Գրիգոր Լուսավորիչը հունական ու ասորական լեզուներով դպրոցներ բացեց, այդտեղ ընդունելով քրմերի զավակներին, ապա Հայաստանի տարբեր կողմերը քարոզիչներ ու քահանաներ ուղարկեց՝ հոգևոր սպասավորության, ժողովրդին մխիթարելու ու քարոզելու համար։ Ս.Գրիգորը երկրի վարչական կառուցվածքին համապատասխան՝ կազմեց հայ եկեղեցու նվիրապետությունը։

325 թ. Նիկիայի Առաջին տիեզերական ժողովին մասնակցելու համար Հայաստանից մեկնեց Ս.Գրիգորի Արիստակես որդին, որն արդեն եպիսկոպոս էր։ Ժողովը, որին մասնակցում էր 318 եպիսկոպոս, ընդունեց դավանաբանական բանաձև՝ Նիկիական հանգանակը, որը Արիստակեսը բերեց Հայաստան և ներկայացրեց Ս.Գրիգորին։ Լուսավորչի կարգադրությամբ Նիկիական հանգանակը դարձավ հայ եկեղեցու կանոնը, որն անփոփոխ է մինչև օրս։ Ս.Գրիգորը կյանքի վերջում նախընտրում է ձգնակեցությունը։

Նա բնակվում է Սեպուհ լեռան վրա, Ս.Մանե կույսի քարայրի մեջ, ուր և վախչանվում է 327 թ.։Մոտ 330 թ. նրա աճյունը փոխադրվում է Թորդան։

Ս.Գրիգոր Լուսավորչի նվիրական հիշատակը հայ եկեղեցին և հայ ժողովուրդը կատարում է տարվա մեջ երեք անգամ՝ Մուտն ի վիրապն, Ելն ի վիրապեն և Գյուտ նշխարած տոներով։

Ս.Գրիգոր Լուսավորչի ամիջական հաջորդները

Ս.Գրիգորից հետո հայոց երկրորդ հայրապետ դարձավ Արիստակեսը, որն իր հոր արժանավոր հաջորդն էր։ Սակայն նրա կաթողիկոսությունը կարճատև եղավ։ Շարունակելով Ս.Գրիգորի գործը՝ Արիստակես հայրապետը փորձում էր արմատախիլ անել հայ կյանքում եղած հեթանոսական սովորություններն ու բարքերը, մի բան, որը դժկամությամբ էր ընդունվում ցոփ կենցաղի սովոր նախարարներից ոմանց կողմից։ Այդպիսի մեկը՝ Ծոփքի Արքեղայոս իշխանը, բռնեց ոճրագործության ուղին և հարմար առիթ գտնելով՝ սպասնեց Ս.Արիստակեսին։ Նահատակ կաթողիկոսի դին ամփոփվեց Եկեղյաց գավառի Թիլ ավանում։

Տրդատ թագավորի ու ժողովրդի ցանկությամբ, Ս.Արիստակեսից հետո կաթողիկոս դարձավ Ս.Գրիգոր Լուսավորչի ավագ որդին՝ Վրթանեսը։ Նրա օրոք տակավին շարունակվում էր պայքարը հաղթանակած քրիստոնեության և նահանջող հեթանոսության միջև։ Բացահայտ և թաքուն ընթացող այդ անհաշտ պայքարի զոհը դարձավ նաև ինքը՝ Տրդատ արքան։ Վերջինս տեսնելով հայ իշխանների անբարո կյանքը, հիասթափվելոց պետական վարչարարությունից, որոշեց կյանքի վերջին օրերը անցկացնել ճգնակեցությամբ և հեռացավ արքունիքից։ Իշխանները զղջման կեղծ խոստումներով նրան համոզեցին կրկին վերադառնալ իշխանության, բայց երբ եկավ, թունավորելով սպանեցին (330 թ.)։

Տրդատի հաջորդի՝ Խոսրով թագավորի ժամանակ, Վրթանեսի դեմ դավադրություն է նյութվում թագուհու կողմից, մահափորց կազմակերպում Աշտիշատում, բայց կաթողիկոսին հաջողվում է խույս տալ։

Աղվանքում քրիստոնեությունը ամրապնդելու համար Վրթանեսը տեղի եպիսկոպոս է ձեռնադրում իր Գրիգորիս որդուն։ Սա մի եռանդուն երիտասարդ էր, որ քարոզչությամբ շատերին դարձի բերեց ոչ միայն Աղվանից երկրում, այլև հարևան մազքութների մոտ։ Սակայն վերջիններիս Սանեսան թագավորի հրամաբով, 337 թ. նրան ձիու պոչից կապած գետնաքարշ անելով նահատակեցին Վատնյան դաշտում։ Գրիգորիսի հետևորդները նրա դին հողին են հանձնում Արցախի Ամարասի վանքում։

341 թ. մահանում է Վրթանես կաթողիկոսը և թաղվում Թորդանում։ Նույն թվականին կաթողիկոս է ընտրվում Վրթանեսի մյուս որդին՝ Հուսիկը, որն եղբոր նման եռանդուն անձնավորություն էր։ Իր նախորդների նման նա ևս ամենկերպ աշխատում էր արմատախիլ անել հեթանոսական սովորություններն ու բարքերը՝ համարձակորեն հանդիմանելով անգամ Հայոց Տիրան թագավորին։ Երբ եկեղեցական մի մեծ տոնի օր Ծոփաց Բնաբերդ գյուղում թագավորը մերձավորների հետ ուզում էր եկեղեցի մտնել, Հուսիկ կաթողիկոսը նրան՝ որպես անարժանի, արգելեց այդ անել։ Սաստիկ զայրացած Տիրանը հրամայեց բրերով ծեծել նրան, որից և մի քանի օր անց կաթողիկոսը մահացավ (348 թ)։ Նահատակ Ս.Հուսիկի դին ևս հողին հանձնվեց Թորդանում։

Մինչև Հուսիկը՝ կաթողիկոսները Լուսավորչի տոհմից էին, բայց այնուհետև կաթողիկոս է ընտրվում Փառեն Աշտիշատցին։ Նրան հաջորդում է Հուսիկի որդի Աթանագինեի որդի Ներսեսը, որը չափազանց մեծ ավանդ ունեցավ Հայ Եկեղեցու պատմության մեջ։

Ներսեը քաջ զինվորական էր, Հայոց Արշակ թագավորի սենեկապետը։ Նա հռչակված էր առաքինությամբ ու ազնվությամբ և երբ նոր կաթողիկոսի ընտրության համար հայ մեծամեծները Արշակ թագավորի մոտ հավաքվեցին, ամենքը միաձայն Ներսեսի անունը տվեցին, որպես կաթողիկոսի թեկնածու։ Հենց նույն պահին էլ արձակվեց թագավորական հրամանը և Ներսեը ձեռնադրվեց հոգևորական, քիչ ավելի ուշ՝ ստանձնեց կաթողիկոսությունը։

Ներսես կաթողիկոսը, որը հայտնի է Ներսես Մեծ անունով, հայ եկեղեցու առաջին բարենորոգիչը եղավ։ 343 թ. նա գումարեց Աշտիշատի նշանավոր ժողովն, ուր ընդունվեցին կազմակերպչական, բարեսիրական աշխատանքներին վերաբերող և դավանաբանական որոշումներ։ Ժողովը որոշեց երկրի զանազան վայրերում հիմնել որբանոցներ, հիվանդանոցներ, աղքատանոցներ, ուրկանոցներ, հյուրատներ և այլն։ Ժողովրդի մեջ քրիստոնեական կենցաղն ու ոգին հաստատելու համար ժողովը խստիվ արգելեց հեթանոսական սովորությունները՝ ինչպիսիք էին նվագարաններով, զգեստներ պատռելով, երես ցտնելով ու լալկան կանանցով մեռել թաղելը, մոտ ազգականների զավակների ամուսնությունը։ Ժողովը պատվիրեց հեռու մնալ հարբեցողությունից, պոռնկությունից, այլ չար գործերից, գթասիրությամբ վարվել հպատակների հետ, ժողովրդին հարկերով չնծանրաբեռնել և այլն։

Ժողովը որոշեց վանքեր ու կուսանոցներ հաստատել և վանքերում հիմնել դպրոցնեեր։ Միաժամանակ, որոշվեց ժամասացությունը կարգավորել, եկեղեցական տոները մեծ հանդեսով կատարել, եկեղեցականների թիվը բազմացնել և եպիսկոպոսների պատիվը բարձրացնել։ Աշտիշատի ժողովականները մեկ անգամ ևս ընդունեցին Նիկիական հանգանակը, որպես հայ եկեղեցու հավատամք։

Ներսես կաթողիկոսը զբաղվել է նաև քաղաքական գործերով, միջնորդ դարձել նախարարների և Արշակ թագավորի միջև, բանակցել բյուզանդացիների հետ և այլն։

Ներսես կաթողիկոսը զորավիգ եղավ Արշակի որդի Պապին, երբ նա բյուզանդացիների օգնությամբ պարսիկներին հաղթելով՝ տիրացավ հայրենի գահին։ Սակայն գահ բարձրանալով, պապ թագավորն, այլևայլ պատճառմերով, հակասությունների մեջ մտավ կաթողիկոսի հետ։

Ներսես Մեծը մահացավ 373 թվին և թաղվեց Թիլ ավանում՝ Ս.Արիստակես հայրապետի գերեզմանի մոտ։

Ներսեսից հետո, մինչև նրա որդի Սահակ Պարթևի ընտրությունը, կաթողիկոսական աթոռն անցավ Աղբիանոսյան տոհմին (Շահակ Մանազկերտցի, Զավեն Մանազկերտցի, Ասպուրակես Մանազկերտցի)։

Եթե Լուսավորչից սկսաց Հայոց կաթողիկոսները ձեռնադրություն էին ստանում Կեսարիայում, ապա, Պապ թագավորի կարգադրությամբ, Շահակը ձեռնադրվեց Հայաստանում, տեղի եպիսկոպոսների ձեռքով և այնուհետև այդ կարգն անփոփոխ մնաց։

Գրերի Գյուտը.

Ս.Մեսրոպ Մաշտոց և Ս.Սահակ Պարթև


Ս.Գրիգոր Լուսավորչից հետո, շուրջ մեկ դար, քրիստոնեական պաշտամունքը Հայաստանում կատարվում էր հունարեն և ասորերեն լեզուներով։ Ճիշտ է, ստեղծվել էր եկեղեցական թարգմաչաց դաս, որն արարողությունների ժամանակ անմիջապես, բանավոր կերպով թարգմանում էր բեմից նչող խոսքերը, սակայն այն դեռևս բավարար չէր։

Դ դարի վերջին բավական բարդ իրավիչակ էր ստեղծվել Հայոց թագավորության համար։ Հայ ժողովրդին սպառնում էր պետական իշխանության կորուստ և ուծացում։ Ահա այս պայմաններում ասպարեզ են գալիս երկու խոշոր գործիչներ՝ Մեսրոպ Մաշտոց վարդապետը և Սահակ Պարթև կաթողիկոսը (387-439)։

Հայոց ամենաերկարակյաց ու բազմարդյուն հայրապետներից էր Սահակ Պարթևը, որը մինչև կաթողիկոս դառնալը, փայլուն կրթություն էր ստացել, ամուսանցել էր, բայց կնոչը վաղ կորցնելուց հետո անցել էր ճկնակեցության։ Նրա աթոռակալության տարիները Հայոց պատմության մեջ որքան նշանակալից էին մշակույթային առումով, նույնքան էլ դժվարին ու ողբերգական էին քաղաքական տեսանկյունից, քանի որ հենց այդ շրջանում՝ 428 թ. տեղի ունեցավ Արշակունյաց հարստության անկումը։ Հայրենասեր կաթողիկոսն իրենից կախված ամեն ինչ արեց այդ կորուստը կանխելու համար։ Ակամա քաղաքական կյանքի հորձանուտը մտած հայրապետը, ողջ խորությամբ կրելով հարազատ ժողովրդին բաժին հասած դժվարությունները, ինքն էլ պարսից կողմից հալածական ու ակսորական դարձավ, սակայն միշտ հանդես բերեց անսասան կամք ու իմաստություն։ Այս ամենով հանդեերձ Սահակ Պարթևի անունը նապ և առաջ կապված է Մաշտոցի և հայ գրերի գյուտի դարակազմիկ իրադարդձության հետ։

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է մոտ 361 թ. ազնվազարմ Վարդանի ընտանիքում, Տարոնի Հացեկաց գյուղում։ Արքունիքում ատենադպիրի պաշտոն վարելուց, ապա զինվորական ծառայություն կատարելուց հետո 394-ին դարձել է վանական։ Մաշտոցը Գողթն գավառում քարոզելու ընթացքում առավել չափով զգում է հայագիր ու հայալեզու դպրության պակասը։ Եվ երբ նա հայերեն գրերի ստեղծման իր մտադրության մասին հայտբում է կաթողիկոս Սահակ Պարթևին, նա մեծ հավանությամբ է ընդունում այդ գաղափարը։ Կաթողիկոսն ու վարդապետն այս հարցում գտնում են մեկ այլ զորեղ գաղափարակից՝ ժամանակի թագավոր Վռամ Շապուհին, և ձեռնարկում հայերեն գրերի ստեղծման գործը։ Միջագետք գնալուց, որոնումերից, պրպտումներից ու ստեղծագործական տքնաջան աշխատանքից հետո Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայերեն այբուբենը 405 թ.։

Մաշտոցի գյուտը բախտորոշ նշանակություն է ունենում հայ ժողովրդի համար, նրան հնարավորություն տալով լիարժեք կերպով ոտք դնել քաղաքակրության զարգացման ու լուսավորության ուղին։ Գրերի գյուտը և նրան հաջորդած հայագիր ու հայալեզու դպրոցի հիմնումը, Աստվածաշնչի թարգմանությունը, ազգային դպրության, գրականության, մշակույթի զարգացումը՝ մեծապես նպաստեցին քրիստոնեության մասսայականացման ու համընդհանուր տարածմանը Հայաստանում։ Իրավամբ ճշմարիտ է ասված, որ եթե Գրիգոր Լուսավորիչի ջանքերով Հայաստանը քրիստոնեացավ, ապա մաշտոցյան գերի գյուտով քրիստոնեությունը հայացավ։

Սահակ Պարթև կաթողիկոսի ու Վռամ Շապուհ արքայի անվերապահ աջակցությամբ, Մեսրոպ Մաշտոցը Վաղարշապատի անդրանիկ հայագիր դպրոցը բացելուց հետո բազմաթիվ այլ դպրոցներ է բացում Հայաստանի զանազան վայրերում և երկրով մեկ ծավալում հայոց գրերի ու մայրենիի ուսուցումը։ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցն իրենվց առավել ուշիմ ու շնորհալի սաներին ուսման կատարելագործման նպատակով ուղարկում են Միջագետք, Հունաստան, Եգիպտոս։

Նշանակալից էր նաև մեծ լուսավորիչների ծավալած թարգմանչական ֆործունեությունը։ Այդ ուղղությամբ նրանց ու նրանց սաներ Հովհան Եկեղեցացու, Հովսեփ Պաղնացու, Եզնիկ Կողպացու գլխավոր գործը Աստվածաշնչի թարգմանությունն էր, որը բնագրի հարազատության ու անաղարդության շնորհիվ կոչվեց «թագուհի թարգմանությանց»։ Նույն շրջանում թարգմանվեցին Եկեղեցու հայրերի երկեր, կրոնածիսական գրքեր։

Գրերի գյուտին անմիջապես հետևեց հայ միջնադարյան գրականության ոսկեդարը։ Ստեղծվեցին աստվածաբանական, մեկնողական, ջատագոհովական, հակաճառական, վարքաբանական, պատմագիտական բազմապիսի երկեր։ Հենց Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի սաներից ու վերջիններիս սերնդակիցներից դուրս եկան բամաթիվ շնորհալիներ, որոնց ստեղծած մատենագրական ժառանգությունը հայ մշակույթի պարծանք է։ Այդ հեղինակներից են Կոյրունը, Եզնիկ Կողբացին, Մովսես Խորենացին, Եղիշեն, Ղազար Պարպեցին և ուրիշներ։

Մաշտոցի վարքագիր Կոյրունի վկայությամբ՝ Մաշտոցը գրեր (նշանագրեր) հորինեց նաև վրացիների համար, ներկայացրեց տեղի Բակուր թագավորին ու Մովսես եպիսկոպոսին, որոնք հանձ առան դրանք գործադրել և ստեղծեցին վրացագիր դպրոցներ։ Նույնն արեց նաև աղվանների համար, ստեղծեց գրեր և գործադրել տվեց Արսվաղ թագավորի ու Երեմիա եպիսկոպոսի միջոցով։

Ծերունազարդ Սահակ հայրապետը մահացավ 439 թ. և թաղվեց Աշտիշատում։ Դրանից հետո Մեսրոպ Մաշտոցը ապրում է ևս կես տարի, այդ ընթացքում վարելով նաև կաթողիկոսության գործերը։ 440-ին իր մահկանացուն է կնքում նաև Մաշտոցը և իր աշակերտ Վահան Ամատունու կողմից հողին հանձնվում Օշականում։

Հայ եկեղեցին ըստ արժանվույն գնահատելով Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հոգևոր սխրանքը՝ նրանց դասել է սրբերի շարքը։

Փորձություններ Ե դարում

Ս.Սահակ Պարթևի և Ս.Մեսրոպ Մաշտոցի մահից հետո կաթողիկոսական պարտականությունները ստանձնում է նրանց արժանավոր սաներից մեկը՝ Հովսեփ Վայոցձորեցին (Հողոցմեցի, 440-452)։

444 թվին Հովսեփ Վայոց ձորեցին հրավիրում է Շահապիվանի (Ծաղկոտն գավառ) եկեղեցական ժողովը, որին մասնակցում են ինչխես եպիսկոպոսներ և այլ հոգևորականեր, այնպես էլ բազմաթիվ նշանավոր նախարարներ։ Աշտիշատի ժողովից հետո սա հայ եկեղեցու երկրորդ կանոնադիր ժողովն էր։ Այն ընդունեց քսան կանոն, որոնք վերաբերում էին հայ կյանքի զանազան հարցերին, հեթանոսական կենցաղի մնացորդների վերացմանը, կուսակրոնացմանը և այլն։

Հովսեփ Վայոցձորեցու գահակալության տարիներին տեղի ունեցավ Հայոց պատմության փառավոր իրադարձություններից մեկը՝ Վարդանանց պատերազմը, որը մղվեց պարսից բռնապետության դեմ հանուն քրիստոնեության։ Այն քրիստոնեության պատմության բացառիկ իրադարձություններից է, երբ մի ողջ ժողովուրդ՝ նախարար ու շինական, ռազմիկ ու քահանա, զենք է վերցնում իր կրոնական ինքնությունը պաշտպանելու համար։ Հանուն քրիստոնեության մղված այս պատերազմը, որը ժամանակակից պատմիչ Եղիշեն կոչում է «Հայոց պատերազմ», դարձավ մի համազգային փորձություն, որը պատվով հաղթահարվեց և անջնջելի հետք թողեց հայ ժողովրդի հետագա ողջ պատմության մեջ։ Չնայած, ռազմական առումով, պարսիկներն առավելության հասան, բայց չկարողացան ընկճել հայոց ըմբուստ ոգին, ավելին, հայերն Ավարայրի ճակատամարտում իրենց տված զոհերին իրավամբ Քրիստոսի նահատակներ համարելով՝ սրբացրին նրանց, անվանակոչեցին Սուրբ Վարդանանք ու այդուհետև դարեր շարունակ, բազում հայ սերունդների համր դարձան հայրենասիրության, ազգասիրության, եկեղեցասիրության կենդանի օրինակ ու նրանց սխրանքը որքան նշամակալից էր այն ժամանակ , բազմապատիկ անգամ արժեվորվեց հետագայում։

Ավարայրից հետո պարսիկները հաշվեհարդար են սկսում հայ հոգևորականության հետ։ Հովսեփ կաթողիկոսը, Ավարայրի ոգեչունչ մասնակից Ղևոնդ երեցը ու ուրիշներ աքսորվում են Պարսկաստան ու այնտեղ նահատակվում։ Հայոց Եկեղեցին նրանց ևս դասել է սրբերի շարքը և սահմանել Սրբոց Ղևոնդեանց քահանայից տոնը։

Այս դեպքերին հաջորդող տասնամյակներին՝ պարսից բռնությունները շարունակվում են, սակայն հայերն ՝լ տեղի չեն տալիս։ Շուտով հայրապետական գահին է բազմում Մամիկոնյան նախարարական տան եպիսկոպոս Գյուտ Արահեզացին (461- 479), որը համարձակորեն հանդես է գալիս պարսից քրիստոնեահալած քաղաքականության դեմ, փորձում ձեռք բերել բյուզանդական կայսեր օժանդակությունը։ Նրա օրոք կաթողիկոսական Աթոռն իր նախնական վայրից՝ Վաղարշապատից, տեղափոխվում է Արշակունյաց վերջին մայրաքաղաք Դվին, ուր մնում է շուրջ չորս տարի։ Այստեղ հիմնվում է Սուրբ Գրիգոր Մայր տաճարը, ուր ամփոփվում են Ս.Գրիգոր Լուսավորչի մասունքները։

Գյուտ կաթողիկոսի հայրենասիրական գործերն աննկատ չեն մնում. Նա կանչվում է Պարսկաստան, զրկվում կաթողիկոսությունից ու աքսորվում։ Նրան հաջորդում է Հովհան Մանդակունին (479-490), որը շարունակում է իր նախորդի հայրենանվեր գործը։

Այս շրջանում կրկին սրվում է կրոնական ղնդիրը և Հայաստանում սկսվում է նոր ապստամբություն, ասյ անգամ Վարդան Մամիկոնյանի եղբորորդի Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ։ Հատկանշական է, որ մի քանի տարի տեվաց այս ապստամբության ժամանակ, կաթողիկոս Հավհան Մանդակունին մեծ մասամբ Հայոց զորքի հետ էր և քաջալերիչ ներկայությամբ ոգևորում էր հայ մարտիկներին։

Ի վերջո, պարսիկները ստիպված են լինում տեղի տալ։ 484թ, Նվարսակում կնքած պայմանագրով, Պարսից Վաղարշ արքան պարտավորվում է հայերին կրոնական կատարյալ ազատություն շնորհել, դադարեցնել հավատափոփոխությունն ու ամեն տեսակ բռնությունները։ 485 թ. Վահան Մամիկոնյանին տրվում է Հայոց մարզպանի պաշտոնը այս ուրախալի առիթով կաթողիկոսը Դվինի Ս.Գրիգոր տաճարում գոհաբանական ճառ է ասում, որին ներկա պատմիչ Ղազար Փարպեցին այն սղագրելով մուծում է իր պատմության մեջ։ Օգտվելով երկրում հաստատված խաղաղությունից՝ Հովհան Մանդակունին կարևոր աշխատանք է կատարում հայ եկեղեցու ծիսակարգի ձևավորման ուղղությամբ։

Այսպիսով, շուրջ երեք տասնամյակ տևած մաքառման ու բազում զոհերի գնով, հայ ժողովուրդը կարողանում է պահպանել քրիստոնեական կրոնը և այն ազատորեն պաշտելու իր առաքելաշնորհ իրավունքը։

Սակայն դարաշջանի փորձությունները չեն ավարտվում միայն պատերազմի դաշտերում կատարվող իրադարձություններով։ Այս շրջանում, հենց Վարդանանց պատերազմի տարում՝ 451 թ. տեղի է ունենում Քաղկեդոնի ժողովը, որի ընդունած դավանաբանական բանաձևը՝ «Մի Քրիստոս յերկուս բնութւնս» Բյուզանդիայի և Արևելյան եկեղեցիների միջև սկիզբ է դնում դավանաբանական վեճերի, պատճառ դառնում օառակտումների։ Հայաստանում տիրող տևական պատերազմական վիճակը թույլ չի տալիս, որպեսզի հայ եկեղեցին մասնակցի կամ անմիջապես արձագանքի Քաղկեդոնի ժողովին։ Այդ տեղի է ունոնում Զ դաի սկզբին՝ 506 թ., Բաբկեն Ոթմսեցի (490-516) կաթողիկոսի հրավիրած Դվինի Ա եկեղեցական ժողովում, որին մասնկացում էին նաև Վրաց և Աղվանից եպիսկոպոսները։ Ժողովը մերժում է Քաղկեդոնի որոշումները, որոնք հակասում էին առաջին երեք տիեզերական ժողովներին։

Պետք է նշել, որ Բյուզանդիայում, 482թ. Զենոն կայսեր կողմից հրապարակված Հենոտիկոնով, կանոնական են համարվում առաջին երեք տիեզերական ժողովները (Նիկիայի 325թ.,Կոնստանդնուպոլսի 381թ., Եփեսոսի 431թ.)։ Դվինի ժողովը, փաստորեն առաջնորդվում է Հենոտիկոնի ոգով, պահպանում հավատարմությունը առաջին երեք տիեզերական ժողովների նկատմամբ և դավանաբանակ միասնությունը Բյուզանդիայի հետ։ Սակայն 518թ. կայսր դարձած Հուստինոսը, Հռոմի հետ հարաբերությունների վերականգնման նպատակով, մերժում է Զենոնի Հենոտիկոնը, Քաղկեդոնի ժողովը հռչակում սուրբ և տիզերական ու հալածանքներ սկսում հակաքաղկեդոնականների դեմ։ Այդ պահից սկսած հայ եկեղեցին այլևս չի հետևում Բյուզանդիային և հավատարիմ մնում իր որդեգրած ավանդական դավանաբանությանը։ Քրիստոսի բնությունների հարցում այն ընդունում է «Մի՛ է բնութիւն Բանին Աստուծոյ մարմնացելոյ» բանաձևը, որը անխաթար կերպով պահպանվում է մինչև այժմ։

Միջեկեղեցական և ներեգեղեցական հարցեր

Հայաստանը Զ դարը թևակոխեց որպես Բյուզանդիայի և պարսկաստանի միջև երկփեղկված երկիր, որի եկեղեցական կյանքի իրադարձությունները մեծապես պայմանավորված էին վարչաքաղաքական իրողություններով։

Այս շրջանում հայ եկեղեցուն են միանում ասորական Հակոբիկյան եկեղեցուց հեռացած բազմաթիվ ասորիներ, որոնց համար Աբդիշո անունով եպիսկոպոս է ձեռնադրում Հայոց կաթողիկոս Ներսես Բ Բագրևանդցին (548-557)։ Նույն տարիներին Պարսկաստանից Հայաստան է ներթափանցում նեստորական աղանդը, որը դատապարտում է Ներսես Բագրևանդցի կաթողիկոսի հրավիրած Դվինի Բ եկեղեցական ժողովը (554թ.)։

Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի (574-604) նախաձեռնությամբ 584 թվականին գումարվում է Դվիվնի Գ եկեղեցական ժողովը՝ տոմարական հարցի կարգավորման նպատակով։ Այն ընդունում է Աթանաս Տարոնացու կազմաց տոմարը՝ Հայոց թվականը (Հայոց մեծ թվական), սկիզբը՝ 552թ. հուլիսի 11։

Դարեվերջին պարսկա-բյուզանդական պատերազմների հետևանքով, Հայաստանը 591 թ. նոր սահմանագծով բաժանվում է երկու տերությունների միջև, երկրի մեծ մասն անցնում է Բյուզանդիային։ Հաղթանակած Մորիկ կայսրը ի հակակշիռ Դվինի կաթողիկոսարանի, Բյուզանդական Հայսատանի սահմանագծում՝ Ավանում, հաստատում է նոր կաթղիկոսարան և կաթողիկոս ձեռնադրել տալիս Հովհաննես եպսկոպոսին Կոգովին գավառից։ Փաստորեն Հայաստանում ստեղծվում է քաղկեդոնական հակաթոռ կաթողիկոսություն։ Սակայն այն կարճ կյանք է ունենում և ինչպես որ ստեղծվել էր քաղաքական նկատառումներով, այնպես էլ վերանում է քաղաքական իրավիճակի փոփոխության հետևանքով (608թ.), այն բանից հետո, երբ պարսիկները պատերազմում հաղթում են և վերականգնում նախքին սահմանները։ Քաղկեդոնականոթւյուն ընդունած բազմաթիվ հայ հոգևորականներ կրկին վերադառնում են Մայր եկեղեցու գիրկը։

Թեև Բյուզանդիային չի հաջողվում Ավանի հակաթոռ կաթողիկոսարանի միջոցով իրեն ենթարկել Հայոց եկեղեցին, բայց կայսրությունը կարողանում է հաջողության հասնել Վրաստանում այստեղ իշխաններն ու Վրաց կաթողիկոս Կյուրիոնը, թերևս իրենց երկրի քաղաքական շահերից ելնելով, ընդունում ոն քաղկեդոնականությունը։ Մովսես Եղիվարդեցու մահից հետո (604 թ.) վրացիները բացահայտորեն հռճակում են իրենց դավանափխությունը, որը նշանակում էր բաժանում Հայոց եկեղեցուց, որից մինչ այդ անբաժան էին եղել։ Հայոց կաթողիկոսական տեղապահ Վրթանես Քերթողը նամակագրությամբ փորձում է Վրաց կաթողիկոսին հետ պահել այդ քայլից, սակայն անարդյունք։ Վրացիներին փորձում է համոզել նաև Հայոց կաթողիկոս Աբրահամ Ա Աղբաթանեցին (607-615), բայց նրա հորդորները ևս անպատասխան են մնում։ Այս իրավիճակում 608թ. Հայոց եկեղեցին խզում է իր հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ։

Հերակլ կայսեր (610-641) ժամանակ դավանաբանական միջանկյալ ձևակերպման (միակամությամ վարդապետություն) առանցքի շուրջ, բյուզանդական և հայ եկեղեցիների միավորման փորձ է արվում։ 632թ. Կարինում գումարվում է ժողով ուր կայսրրը և Հայոց կաթողիկոս Եզր Փառաժնակերտցին (630-641) համաձայնության են գալիս եկեղեցական միավորման շուրջ։ Նման մի քայլ էլ կատարվում է 654 թ., երբ Կոստանդ Բ կայսրը և Հայոց կաթողիկոս Ներսես Գ Տայեցին (641-661) միասին հաղորդություն են ստանում Դվինի Ս.Գրիգոր Մայր տաճարում։ Սակայն այդ դեպքերը հիմնարար բնույթ չէն ստանում, այլ պայմանավորված լինելով քաղաքական պատեհությամբ, անմիջապես կորցնում են իրենց ուժը, իրավիճակի փոփոխմանը զուգընթաց։ Իսկ քաղաքական իրավիճակն արմատապես փոխվում է, երբ պատմական ասպարեզ են իջնում իսլամի դրոշի տակ համախմբված արաբները։

Պարսից երբեմնի զորեղ պետության կործանումից հետո, Է դարի քառասունական թվականներից սկսած, Հայաստանը դառնում է արաբա-բյուզանդական պայքարի թատերաբեմ։ Շուրջ երկու տասնամյակ տեված պատերազմական խառնակ շրջանին հաջորդում է համեմատաբար կայուն վիճակ՝ սկսած Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի (661-684) քառորդդարյա կառավարումից, որւ հիմնականում պահպանվում է մինչև դարավերջ։ Այս պատմաշրջանում Հայաստանը թեև անվանապես համարվում էր արաբական խալիֆայությանը ենթակա, սակայն երկրի ներքին կյանքն ամբողջովին Հայոց իշխանի ձեռքում էր։ Պատահական չէ, որ Է դարը դարձավ մշակույթային արաջընթացի ժամանակահատվածներից մեկը և համարվում է հայ ճարտարապետության ոսկեդարը։

Խոսքն առաջին հերթին եկեղեցական ճարտարապետության մասին է, որի հովանավորներն էին կաթողիկոսները ու Հայոց իշխանները։ Դարասկզբին կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու (615-628) Վաղարշապատում Ս.Հռիփսիմեի փառահեղ տաճարի կառուցմամբ սկսված ոսկե շղթան շարունակեցին հաջորդ կաթողիկոսները՝ Եզրը (Վաղարշապատի Ս.Գայանե), Ներսես Գ Տայեցին (Զվարթնոց, եկեղեցիներ՝ Դվինում, Խոր վիրապում, Տայքւմ), Անաստաս Ակոռեցին (661-667) (Ակոռիի Ս.Հակոբ), Հայոց իշխաններ Գրիգոր Մամիկոնյանը (Արուճի Ս.Գրիգոր, Եղվարդի Ս.Զորավար), Աշոտ Բագրատունին (Դարոյնքի Ամենափրկիչ), Ներսեհ Կամսարականը (Թալինի Կաթողիկե)։ Կառուցվում են նաև բազմաթիվ ուրիշ եկեղեցիներ, բացվում դպրոցներ, որոնց մեջ եզակի տեղ ունի մեծանուն Անանիա Շիրակացու դպրոցը։

Սակայն իրավիճակը հիմնովին փոխվում է Ը դարի սկզբին՝ 701 թ., երբ արաբական զորքերը ներխուժում են Հայաստան, գավթում և հաստատում Արմինիա փոխարքայությունը՝ Դվին կենտրոնով։ 702թ. կաթողիկոս Սահակ Գ Ձորափորեցին (677-703) շղթայակապ Դամսկոս է տավում։ Ու թեև մեկ տարի անց ազատ է արձակվում, բայց մահանում է Հայաստան չհասած։ Սկսվում է հայոց պատմության մռայլ ու ամուլ ժամանակաշրջաններից մեկը, որն անտանելի էր ոչ միայն արաբների վարած բռնատիրական քաղակականության, այլև հատկապես կրոնական բիրտ ճնշման և կրոնափոխության պարտադրանքի հետևանքվ։ Ծանր էր հատկապես Հայոց կաթողիկոսների համար, որոնց աթոռանիստ քաղաքը դարձե էր նաև արաբ ոստիկանի զորակայան։

Այս շրջանում, Հայաստանի զանազան կողմերում, գլուխ են բարձրացնում ազանդավորական շարժումները։ Նրանց դեմ պայքար է ծավալում կաթողիկոս Հովհան Օձնեցին (717-727)։ Այս բանիբուն և սրբակյաց կաթողիկոսի կողմից 720թ. գումարվում է Դվինի վերջին եկեղեցական ժողովը, որն ընդունում է կենցաղավարական, ամուսնական, ծիսական-արարողական և այլ կարևոր հարցերի վերաբերող 32 կանոն։ Դրանից հետո կաթողիկոսն անձամբ ձեռնարկում է կարևորագույն մի գործ՝ կազմում Հայոց եկեղեցու Կանոնագիրքը։

Օձնեցու օրոք 726թ. Մանազկերտում տեղի է ուենում հայ և ասորի Եկեղեցիների ժողով, որի նպատակն է համագործակցության հաստատումը հակաքաղկեդոնական երկու եկեղեցիների միջև։ Ժողովն ընդունում է տաս կանոն, որոնց մի մասը փողզիջողական էին, սակայն ժողովում ձեռք բերված փոխըմբռնումը տևական շարունակություն չի ունենում։

Հայոց եկեղեցին Բագրատունիների օրոք

Հայոց կաթողիկոսներ Զաքարիա Ա Ձագեցու (855-876) և Գևորգ Բ Գառնեցու (877-897) ժամանակ, հայ ժողովուրդը Բագրատունիների գլխավորությամբ թոթափեց արաբական լուծը և վերականգնեց պետական անկախությունը։ 855 թ. Բագարանում Աշոտ Ա Բագրատունին թագադրվեց Գևորգ Գառնեցու օրհնությամբ։

Այս շրջանում, արաբական խալիֆաթի թուլացմանը զուգահեռ, զորացող Բյուզանդիան կրկին հայերի նկատմաբ հանդես է գալիս դավանաբանական զիջումների պահանջներով։ Կոստանդնուպոլսի Փոտ պատրիարքի այդօրինակ պահանջը քննարկելու համար 862թ. հրավիրվում է Շիրակավանի ժողովը, որը մերժողական որոշում է կայացնում։ Կայսրությունը սակայն չի հանդարտվում և փորձում է Հայոց կաթողիկոսական Աթոռի դեմ դուրս բերել Աղվանից կաթողիկոսությունն ու Սյունյաց եպիսկոպոսությունը։

Ժ դարի սկզբներին, երբ Հայաստանը ստիպված էր պաշտպանական պատերազմներ մղել Ատրպատականի դեմ, երկիրը ենթարկվում էր նոր ավերածությունների, անգամ կարճ ժամանակով գերության մեջ է ընկնում կաթողիկոս Գևորգ Գառնեցին։ Արաբներից բազում նեղություններ է կրում նաև կաթողիկոս պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին (898-829)։ Հայոց կաթողիկոսանիստ Դվինը ոչմիայն անհապահով վայր էր դարձել (Բագրատունիների ոստանը գտնվում էր Շիրակում), այլև մեծապես ավերվել էր 893 թ. երկրաշարժին։ Նման պայմաններում Հովհաննես դրասխանակերտցին ստիպված է լինում թողնել Դվինը և 927թվին հաստատվել Աղթամարում, որը գտնվում էր 908թ. ստեղծված Վասպուրականի Արծրունյած ագավորության կազմում։ Աղթամարում են աթոռակալում հաջորդ երեք կաթողիկոսները, իսկ չորրորդը՝ Անանիա Ա Մոկացին (946-968), 950-ական թվականներին Արծրունյած և Բագրատունյած գահակալների փոխադարձ համաձայնությամբ, հաստատվում է Շիրակի Արգինա ավանում։

Անանիա Մոկացու օրոք Բյուզանդական Ռոմանոս կայսրը դավանական հողի վրա աննախադեպ հալածանքներ է սկսում հայերի նկատմամբ, որը հանգեցնում է կայսեության տարածքներում գտնվող մեծ թվով հայ հոգևորականների գաղթի։ Անցնելով Բագրատունյաց թաավորություն և ջերմ ընդունելություն գտնելով, այդ հոգևորականները հիմնում են մի շարք վանքեր, որոնք շուտով մեծ հռչակ են ստանում։ Այդ վանքերից եմ Արշարունիքում՝ Կամրջաձորը, Շիրակում՝ Դպրեվանքն ու Հոռոմոսը, Գուգարքում՝ Սանահինն ու Հախպատը և այլն։

Մոկացուց հետո կարճ ժամանակով աթոռակալում է կաթողիկոս ընտրված Սյունյաց եպիսկոպոս Վահանը (968-969), որը հարաբերություններ է սկսում Վրաց քաղկեդոնական եկեղեցու հետ, քաղկեդոնականներին բնորոշ ձևով եկեղեցիներում սրբապատկերներ դնել տալիս, որն առաջացնում է հայ ավանդապահ հոգևորականության դժգոհությունը։ 968թ. նորահաստատ Անի մայրաքաղաքում, այս հարցը քննելու համար, եկեղեցական ժողով է գումարվում, սակայն Վահանը կանղատեսելով ժողովի ելքը, չի մասնակցում նրան, այլ հեռանում է Վասպուրական։ Ժողովը կաթողիկոսին աթոռանք է հռչակում և նոր ընտրություն կատարում։

Բյուզանդական դավանաբանական նկրտումները շարունակում են նաև Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսի օրոք (973-992)։ Սեբաստիայի և Մելիտինեի հույն մետրոպոլիտները ոչ միայն հալածում են իրենց տարածքներում գտնվող հայ եկեղեցու զավակներին, այլև թղթեր գրում Հայոց հայրապետին, համոզելով ընդունել քաղկեդոնականությունը։ Այդ նամակները հիմնավոր պատասղաներ են ստանում, գրված կաթողիկոսի հանձնարարությամբ՝ հայոց բանիբուն վարդապետների ձեռքով։

Խաչիկ կաթողիկոսի ժամանակ ծաղկում է Արգինայի կաթողիկոսարանը, սակայն արդեն հաջորդ կաթողիկոսը՝ Սարգիս Ա Սևանցին (922-1019) Աթոռը տեղափոխում է մայրաքաղաք ԱՆի։ Բագրատունիներն այստեղ 1001 թվին կառուցում են նշանավոր Մայր տաճարը (ճարտարապետ՝ Տրդատ), իսկ կաթողիկոսը՝ Ս.Հռիփսիմյանց կույսերի անունով վկայարան, ուր դնել է տալիս Վաղարշապատից բերված սրբերի մասունքները։ Այս շրջանում բարկավաճում է թե՛ Հայոց պետությունը, թե՛ հայ եկեղեցին, հիմնվում են դպրոցներ, մատենադարաններ, կառուցվում թագավորաշեն ու իշխանաշեն բազմաթիվ փառահեղ եկեղեցիներ, որոնցով հռչակված էր քաղաքամայր Անին։ Հանդես են գալիս նշանավոր վարդապետներ, մատենագիրնե, ինչպես օրինակ Հովհաննես Կոզեռնը, Ստեփանոս Տարոնացի Ասողիկը, Սարֆիս Անեցին, Անանիա Սանահնեցին, Արիստակես Լաստիվերցին և ուրիշներ։

1019 թվին ծերացած Սարգիս Սևանցու կողմից կաթողիկոս է ձեռնադրվում Պետրոս Ա Գետադարձը (1019-1058)։ Նրա օրոք սկիզբ է առնում Բագրատունյաց պետության ճկնաժամը, որն ի վերջո հանգեցնում է թագավորության անկմանը և Բյուզանդիայի կողմից երկրի զավթմանը (1045թ.)։ Պետրոս կաթողիկոսն ակտիվ մասնակցություն է ունենում քազաքական իրադարձություններին, հույս ունենալով, որ քրիստոնյա հզոր հարևանը՝ Բյուզանդիան, պաշտպան կկանգնի Հայաստաին, որն արդեն մասամբ կրել էր սելջուկյան առաջին արշավանքերի դառնությունը։ Սակայն կայսրությունը Հայաստանի նկատմամբ վարում է անհեռատես քաղաքականություն վերացնում է հայկական թագավորությունները, զինաթափում ու ցրում հայ զինական ուժերը, աննախադեպ հալածանք սկսում հայ եկեղեցու դեմ, որով առաջացնում է հայ ժողովրդի ատելությունը։ Դավանաբանական հողի վրա առաջացած թշնամությունն այնտեղ է հասնում, որ բյուզանդացիները կողոպտում և լուծարում են Անիի կաթողիկոսարանը, իսկ Պետրոս Գետադարձին հաջորդած Խաչիկ Բ Անեցի կաթողիկոսին (1058-1065) երեք տարի արգելափակելով Կոստանդնուպոլսում, անգամ ֆիզիկական տանջանքի են ենթարկում։ Ազատ արձակելուց հետո բյուզանդացիները Հայոց հաստատակամ կաթողիկոսին արգելում են Անի գնալ, այլ բնակության տեղ են հատկացնում Փոքր Հայկում գտնվող Թաբլուրում։

Խաչիկ Անեցու մահից հետո բյուզանդացիներն արգելում են նոր կաթողիկոսի ընտրություն։ Կայսերական ծառայության մեջ գտնվող հայ ազնվականներին մեծ դժվարությամբ հաջողվում է կաթողիկոսական ընտրության իրավունք ստանալ և նոր կաթողիկոս է ձեռնադրվում Փահլավունի նշանավոր իշխան և իմաստասեր Գրիգոր Մագիստրոսի որդին՝ Գրիգոր Բ Վկայասերը (1066-1105)։ Այդ ընտրությամբ սկիզբ է դրվում Հայոց կաթողիկոսների Պահլավունյաց տոհմին, որն իր նախահայր էր համարում Ս.Գրիգոր Լուսավորչին։

Կաթողիկոսական աթոռի տեղափոխություններ

Պատմական ճակատագրական այս ժամանակամիջոցում, հայոց հոգևոր-եկեղեցական անկախությունը վերացնել ծրագրող Բյուզանդիան, շուտով կորցնում է ոչ միայն Հայաստանն, այլև սելջուկներին է զիջում Փոքր Ասիան։ ԺԱ դարի երկրորդ կեսից փաստորեն ստեղծվել էր մի վիճակ, երբ հայ ժողովուրդը քաղաքականապես մասնատված էր, երկիրը՝ օտարներից նվաճված, հայ եկեղեցին կայուն աթոռանիստ վայրից զրկված։ Նման պայմաններում տեղի են ունենում մի կողմից կաթողիկոսանիստ վայրի տեղափոխություններ, մյուս կողմից՝ հակաթոռ կաթողիկոսների ձեռնադրություններ և կաթողիկոսությունների ստեղծում երկրի տաբեր կողմերում։ Հենց Գրիգոր Վկայասերի ժամանակ, որն աթոռակալում էր նախ Ծամնդավու, ապա՝ Սև լեռան վանքում (նա բավական ժամանակ է անցկացնում նաև շրջակայելով, իսկ ժամանակի մեծ մասը տրամադրում էր վկայաբանական գրականության թարգմանությանը), Կիլիկիայում և մերձակա շրջաններում տարբեր պատճառներով ի հայտ են գալիս երեք հակաթոռ կաթողիկոսություններ (Հոնի, Մարաշ, Տարսոն)։ Եվս մի կաթողիկոս՝ Բարսեղ Ա Անեցին, որը Վկայասերի քրոջ որդին էր, ձեռնադրվում է 1081 թ. Հաղպատում և աթոռակալում Շեդդադյան ամիրաների իշխանության տակ գտնվող Անիում, ուր վերաբացվում է կաթողիկոսարանի վարդապետարանը՝ ուսուցչապետությունը հանձնելով նշանավոր Հովհաննես Սարգավակին։

Բարսեղ Անեցու ձեռնադրությունը տեղի ունեցավ Գրիգոր Վկայասերի համաձայնությամբ, ուստի նա նկատվում է որպես աթոռակից։ Հատկանշական է, որ կարճ ժամանակ անց Բարսեղը մեկնելով սելջուկյան պետության տիրակալ Մելիք Շահի մոտ՝ նրանից արտոնություններ է ստանում Հայոց Եկեղեցու համար, ապա գալիս է Կիլիկիա և վերացնում հակաթոռ կաթողիկուսությունները։

Գրիգոր Վկայասերի մահից հետո 1105-113 թ. միանձնյա կաթողիկոս է դառնում Բարսեղ Ա Անեցին, որը թողնելով Անին հաստատվում է Քեսունի հայկական իշխանության հոգևոր կենտրոն Կարմիր վանքում։ Բարսեղի մահից հետո, Վկայասերի վերջին պատգամի համաձայն, կաթողիկոս է ձեռնադրվում նրա ազգական 20-ամյա Գրիգոր Գ Պահլավունին (1113-1166)։ Այս ընտրությունից դժգոհ է մնում Աղթամարի Դավիդ եպսկոպոսը, որը պատճառաբանելով Գրիգորի տարիքը և Աթոռի Հայաստանից դուրս գտնվելու պարագան, հրաժարվում է ճանաչել Պահլավունու կաթողիկոսությունը և ժողովելով համակիր եպիսկոպոսների՝ կաթողիկոս է ձեռնադրվում։ Դրանով սկիզբ է դրվում Հայոց ամենաերկարակյաց հակաթոռ կաթողիկոսական Աթոռին՝ Աղթամարի կաթողիկոսությանը, որը գործում է մինչև 1895թ.։ 1114թ. Կարմիր վանքում գումարված եկեղեցական ժողովն անօրինական է ճանաչում Դավիթի կաթողիկոս ընտրվելը։

1116 թ. քաղաքական իրավիճակի փոփոխման պատճառով՝ Գրիգոր Գ Պահլավունին թողնում է Կարմիր վանքը և հաստատվում եղբոր իշխանության տակ գտնվող Ծովք ամրոցում, սակայն այն ևս ապահով աթոռանիստ չէր։ Այս շրջանում փորձ է արվում Աթոռը կրկին վերահաստատել Անիում, բայց զանազան քաղաքական անցքեր խոչընդոտում են։ 1150 թ. Գրիգորը Աթոռը տեղափոխում է Կիլիկիայի սահմանամերձ Հռոմկլա ամուր ամրոցը, սեփականացնում այն և հիմք դնում համեմատաբար կայուն աթոռանիստ կենտրոնի, ուր Հայոց կաթողիկոսարանը մնում է մինչև 1291 թ.։

Հայաստան-Կիլիկիա

ԺԱ դարի վերջերից սկսած, հայ քաղաքական կյանքի կենտրոնի դեպի Կիլիկիա տեղափոխմանը զուգընթաց, հայ եկեղեցական կյանքը ևս զարգանում է բուն Հայաստանում և Կիլիկիայում, որոնք գտնվում էին հասարակական-քաղաքական տարբեր իրավիճակներում։ Այդ հողի վրա երբեմն ծագում ոն հակասություններ, մասնավորապես եկեղեցական-դավանաբանական հարցերում։ Բանն այն է, որ ԺԲ դարի կեսից բյուզանդական կողմից կրկին դավանական միության առաջարկներ են հնչում։ Ավելի ուշ եկեղեցական միության առաջարկենր են լինում Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից։ Կիլիկիայում գտնվող գործիչները, առաջնորդվելով քաղաքական շահեկանությամբ, հակված էին ընդունել արևմուտքի առաջարկները, մինչ դեռ հայաստանաբնակ հոգևորականները գրավում էին անզիչողական դիրքորոշում։

Կաթողիկոսական Աթոռը Գրիգոր Գ Պահլավունուց հետո անցնում է նրա եղբորը՝ Ներսես Դ Կլայեցուն (1166-1173) (հայտնի է նաև Շնորհալի մականունով), որը հայ եկեղեցու ամենանշանավոր ու բազմերախտ գործիչներից մեկն է, նշանավոր իր եկեղեցական գրական փայլուն գործերով։ Նրա օրոք սկսվում է նամակագրություն Մանուել Կոմնենոս կայսեր հետ, որպեսզի կայսերական թղթի ձևակերպման համաձայն (մի հօտ լինիցին ամենայն քրիստոնեայք)։ Հայոց կաթողիկոսը նամակով և նրան կցված (Սահմանք հաւատոյ Հայաստանյեայց եկեղեցւոյ) գրվածքով ցանկալի է համարում եկեղեցական միությունը, սակայն կառուցված փոխզիջողության և հավասարության սկզբունքների վրա։ Երկխոսությունը շարունակվում է որոշ ընդմիջումներով, պատգամավորների ու նոր նամակների միջոցով։

Ներսես Շնորհալի մահից հետո Աթոռն անցնում է Գրիգոր Դ Տղային (1173-1193)։ 1177թ. Բյուզանդիայի Մանուել կայսրից եկեղեցիների միության խնդիրն արծարծող նոր նամակ է ստացվում։ 1179թ. ապրիլին Հռոմկլայում գումարվում է եկեղեցական մեծ ժողով, որը բավական երկար է տևում (1180-ին մահանում է Մանուել կայսրը) և ի վերջո ավարտվում է անարդյունք, քանի որ հայ հոգևորականության ավանդապահ մասը (Արևելյան վարդապետներ) դավանաբանական գլխավոր հարցերում մնում է անզիջում։

Հռոմկլայի Աթոռը հետագայում ևս շարունակում է քայլել ձեռնարկել եկեղեցիների միավորման ուղղությամբ՝ այս անգամ արդեն կապեր հաստատելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ, որի ջատագովներից էր ժամանակի նշանավոր գործիչներից մեկը՝ Տարսոն եպիսկոպոս Ներսես Լամբրոնացին։ Այդ շրջանում Կիլիկիայում զորացած Ռուբինայն իշխանությունը ևս սկսում է այս կամ այն չափով միջամտել եկեղեցական հարցերին՝ նպատակ ունենալով կատարվող դավանաբանական զիջումների միջոցով՝ Հռոմի քաղաքական աջակցությունը ստանալ։ Հակասություն է ծագում Հռոմկլայի և Սսի արքունիքի միջև, որի զոհն է դառնում Գրիգոր Ե Քարավեր կաթողիկոսը (1193-1194ճ։ Կաթողիկոսական Աթոռն անցնում է Պահլավունյաց տոհմից սերող վերջին հայրապետին՝ Գրիգոր Զ Ապիրատին (1194-1203)։ Այս տարիներին կրկին հանդես են գալիս մի քանի հակաթոռ կաթողիկոսներ (Սեբաստիայում, Անիում, Սսում), բայց նրանց իշխանությունը կարճատև է լինում։

1198 թ. Կիլիկիայի Լևոն Բ իշխանը Տարսոնում թագադրվում է Հռոմի պապի նվիրակ Կոնրադոս կարդինալի կողմից և օծվում Հայոց կաթողիկոս Գրիգոր Ապիրատի ձեռքով։ Կիլիկիայում հայոց թագավորության հռչակումը նոր երանգ է հաղորդում Հռոմկլա-Սիս փոխհարաբերությունների։ Թագավորական իշխանությունը մի կողմից պաշտպան է կանգնում Հայոց կաթողիկոսության իրավունքներին (ինչպես օրինակ Անտիոքի պատրիարքի ոտնձգությունների ժամանակ), մյուս կողմից՝ ակնկալում կաթողիկոսների սերտ գործակցությունը։

Կիլիկիայում փայլուն ծաղկում է ապրում հայ քրիստոնեական մշակույթը։ Այն իր ակունքներով հասնում է մինչև Ստեփանոս Մանուկ Կարմիրվանեցու վարդապետարանը (ԺԲ դարի սկիզբ), որի սաներից էին Գրիգոր Գ Պահլավունին, Ներսես Շնորհալին, Սարգիս Շնորհալին, Իգնատիոս մեկնիչը և այլ երևելի գործիչներ։ Կիլիկիյան փայլուն վարդապետների ու նրանց բանիմաց սաների շնորհիվ, այստեղ սկսված մշակութային ծաղկումը հաճախ անվանվում է արծաթե դար։ Քրիստոնեական մշակույթային այս փայլուն մթնոլորտն իր ոլորտն է առել նաև կիլիկիյան նորահաստատ արքւնիքը, պատահական չե, որ գրասեր Հեթում Ա թագավորի (1213-1270) ավագ եղբայր, Հայոց բանակի սպարապետ Սմբատ Գունդստաբլը նաև մատենագիր ու թարգմանիչ էր, իսկ կրթսերը՝ Հովհաննես Արքաեղբայր, եպիսկոպոս էր, րաբունապետ, բանաստեղծ, գրչության դպրոցի հիմնադիր։

Բարեփոխիչ կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու (1221-1267) և նրա անմիջական հաջորդի՝ հռետոր և մեկնիչ Հակոբ Ա Կլայեցու (1268-1286) ժամանակ, ինչպե՛ս կաթողիկոսների, այնպե՛ս էլ բարեպաշտ թագավորներ Հեթում Ա-ի և Լևոն Գ-ի հովանավորությամբ, Կիլիկիայում բարգավաճում են վանքերն ու եկեղեցիները, ընդհանրապես՝ հոգևոր մշակույթը և մասնավորապես՝ ձեռագրական արվեստը։ Հանդես են Գալիս մի շարք տաղանդավոր մանրանկարիչներ Թորոս Ռոսլինի գլխավորությամբ, որոնց նկարազարդած բազմաթիվ փառահեղ մատյանները հայ միջնադարյան գրքարվեստի պսակն են կազմում։

ԺԳ դարի սկզբներին եկեղեցական կյանքի աշխուժացում է սկսվում նաև Հայաստանում, որի հիմնական մասն ազատագրվում է մահմեդականների գերիշխանությունից՝ շնորհիվ չորացած Վրաց պետության ու Զաքարե և Իվանե Քաքարյան եզբայրների, որոնք թեև Վրաց թագավորի հպատակներ էին, բայց ազատագրված հայկական տարածքների լիիրավ ավատատերերն էին։ Նրանց օրոք շենացող երկրում ծաղկում է ապրում հայ եկեղեցին, կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, սակայն, միևնույն ժամանակ սկիզբ են առնում հակադրություններ վրացական քաղկեդոնական եկեղեցու հետ։ Իվանեի քաղկեդոնականություն ընդունելու հետևանքով՝ Հայաստանում առաջանում են մի շարք հայ քաղքեդոնական համայնքներ ու վանքեր, որոնք այս կամ այն եղանակով վերցվում են Հայոց եկեղեցուց։ Ժամանակի նշանավոր հայ վարդապետ Մխիթար Գոշը հանդես է գալիս վրացիներին ուղղված կրոնական հանդուրժոզականության կոչով։

Հայաստանի վերելքն արգելակվում է մոնղոլական արշավանքների հետևանքով (1236-1264), սակայն կիլիկյան գահակալներին հաջողվում է բանակցությունների միջոցով երկիրը զերց պահել ավերումից։ Մոնղոլական շրջանում Օրբելյան և Պռոշյան իշխանների հովանավորության ներքո համեմատաբար բարվոք վիճակում է գտնվում Սյունյաց եպիսկոպոսությունը։ ԺԳ դարի վերջին րաբունապետ Ներսես Մշեցու գլխավորությամբ, Վայոց Ձորի Աղբերց վանքում հաստատվում է վարդապետարան՝ Գլաձորի համալսարանը։ Հաջորդ րաբունապետի՝ Եսայի Նշեցու ժամանակ համալսարանի հռչակն այնքան է մեծանում, որ Գլաձոր ուսանելու են գալիս անգամ Կիլիկիայից։ Հետագայում համահայկական նշանակություն ունեցող այս ուսումնագիտական կենտրոնը գործում է մեծահռչակ րաբունապետներ Տիրատուր Կիլիկեցու, Հովհաննես Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու ղեկավարությամբ։ Հանալսարանը Աղբերց վանքից հետո հաստատվում է Սյունիքի Հերմոնի վանքում, Որոտնավանքում, Տաթևում։

Կիլիկիայի Հայոց պետության ճգնաժամը և եկեղեցին

ԺԳ դարի վերջերին Կիլիկիայի հայկական թագավորության շուրջ սեղմվող մահմեդական պետությունների օղակը ստիպում է կիլիկյան գահակալներին օգնություն որոնոլ արևմուտքում։ Իսկ այդ օգնությունը, Հռոմի կողմից, որպես կանոն, շաղկապվում էր եկեղեցական դավանաբանական խնդրի հետ։ Հռոմի պապի պահանջով և հաճախ Կիլիկյան թագավորների ճնշմամբ, տեղի են ունենում մի քանի եկեղեցական ժողովներ, որոնք ընդունում են արևմուտքի պահանջները, սակայն վերջնական արդյունքում, այդ զիճումները ոչ մի օգուտ չեն բերում Կիլիկիային, ընդհակառակը, հարուցում են շրջակա մահմեդական պետությունների թշնամությունը։

Կիլիկյան արքունիքի լատինականացման ակնառու օրինակ է Հեթում Բ թագավորը, որը կաթոլիկ եկեղեցու ֆրանցիսկյան միաբանության անդամ էր, այդ պատճառով հրաժարվեց թագ կրել և ամուսնանալ, ի վերջո կրոնավորի սքեմ հագավ, ստանալով Եղբայր Հովհաննես անունը։ 1289թ. նա անհիմն մեղադրանքներով աթոռանք արեց ու ձերբակալեց Կոստանդին Բ Կատուկեցի կաթողիկոսին (1286-1289), որն համամիտ չէր նույն թվականին Հռոնի պապից ստացված նամակին։

Ողբերգական ճակատագիր ունեցավ նոր ընտրած Ստեփանոս Դ Հրոմկլայեցին (1290-1292), որի կաթողիոսությունն ավարտվեց եգիպտացիների արշավանքի հետևանքով Հռոմկլայի անկմամբ։ Հեթում Բ որևէ օգնություն չցուցաբերեց շուրջ մեկ ամիս դիմադրող պաշարված ամրոցին, որի գրավմամբ վերացավ Հռոմկլայի կաթողիկոսարանը։ Ավերվեցին աթոռանիստ ամրոցի Ս.Գրիգոր, Ս.Աստվածածին, Ս.Փրկիչ եկեղեցիները, կողոպտվեցին սրբությունները, Ստեփանոս կաթողիկոսը գերվեց 12 եպիսկոպոսների հետ, տարվեց Եգիպտոս և մեկ տարի անց իր մահկանացուն կնքեց Կահիրեում։

Հաջորդ կաթողիկոսը, որ հաստատվեց Սիս մայրաքաղաքում՝ Հեթումի գաղափարակից Գրիգոր Անավարզեցին (1293-1307), կրոնածիսական մի շարք փոփոխություններ է կատարում լատինական հետևողությամբ, որով առաջացնում է Արևելյան Հայաստանի վարդապետների դժգոհությունը։ Համառորեն իր միարարական ծրագիրը հետապնդող Հեթումը, որը գահը զիջել էր եղբորորդուն՝ տասնութամյա Լևոն Դ-ին, Անավարզեցու մահից հետո 1307թ. Սսում մի ժողով է նախաձեռնում, որին մասնակցում են առավելապես Կիլիկիայի եպիսկոպոսներն ու իշխանները։ Ժողովն ընդոնում է Հայ Եկեղեցու դավանաբանությանը խորթ որոշումներ (ընդունել յոթ տիեզերական ժողովները, Քրիստոսի մեջ խոստովանել երկու բնություն, երկու կամք, երկու ներգործություն, Տերունական տոները նշել ըստ Հռոմի տոնացույցի և այլն)։ Նույն ժողովում կաթողիկոս է ընտրվում Կոստանդին Դ Կեսարացին (1307-1322), որը ժողովի որոշումներն իրականացնելու հանձնառուն է դառնում։ Սսի այս ժողովի որոշումները դժգոհություններ են առաջացնում հենց Կիլիկիայում, բայց առավել՝ Հայաստանում։ Կոստանդին Կեսարացին մի նոր ժողով է գումարում 1316թ. Ադանայում, ուր մեկ անգամ ևս հաստատում է Սսի ժողովի որոշումները։

Այսպիսով, եկեղեցական սկզբունքները ստորադասվում են քաղաքական նկատառումներին, սակայն սպասված արդյունքը չի ստացվում։ Կիլիկյան հաջորդ գահակալները՝ Օշինը, Լևոն Ե և մյուսները (հատկապես կաթոլիկ Լուսինյանները) շարունակում են գործել արևմուտքի օգնությամբ ակնկալությամբ, սակայն Հռոմի հետ մերձեցման հետևանքով ոչ միայն մահմեդական դրացիների աչքում դառնում են նոր խաչակրության հրահրիչներ, այլև զրկվում սեփական ժողովրդի աջակցությունից։ Մյուս կողմից Հռոմն էլ խոստացած օգնությունը չտալով՝ զանազան պատրվագներ է ստեղծում, որի վկայությունն է Բենեդիկտոս ԺԲ պապի ժամանակ մոլեռանդ միարարների ձեռքով կազմված Հայոց եկեղեցու կարծեթյալ մոլորություններին վերաբերող գրությունը, ուր այդ «մոլորությունների» թիվը հասցված է 117-ի։ Այդ գրությունը քննեց և դրա վերաբերյալ բացատրական ու հակաճառական հիմնավոր պատասխան կազմեց Սսի 1343 թ. ժողովը, որը հրավիրել էր կաթողիկոս Մխիթար Ա Գռներցու (1341-1355) կոզմից։

Կիլիկեցիների համար աստիճանաբար պարզ դարձավ, որ արևմուտքի օգնությունը խաբկանք է։ Այս պայմաններում Մեսրոպ Ա Արտազեցի կաթողիկոսը (1359-1372) 1361 թ. մի նոր ժողով գումարեց Սսում, որի արդյունքում որոշվեց վերացնել նախորդ շրջանի որոշ «նորամուծությունները»։ Սակայն Կիլիկիայի հայկական պետությունն արդեն հասել էր կործանման եզրին։ 1375-ին, գրավվեց Սիս մայրաքաղաքը և Կիլիկիայի վերջին թագավոր Լևոն Զ գերի տարվեց Եգիպտոս։

Պետականության անկումից հետո կաթողիկոսական Աթոռը շարունակում էր մնալ Սսում, սակայն Կիլիկիայի հայության զգալի մասի արտագաղթի և երկրի մահմեդական կառավարիչների կամայականությունների հետևանքով, նրա դերը խիստ թուլացավ։

Կաթողիկոսական Աթոռի վերահաստատումը Ս.Էջմիածնում 1441 թ.

ԺԵ դարի սկզբներին անհայտ դարձավ, որ Սսում գտնվող կաթողիկոսական Աթոռը չի կարող համահայկական նշանակություն ունենալ։

Հայաստանում հասունացավ այն գիտակցությունը, որ կաթողիկոսական Աթոռը պետք է վերահաստատվի իր նախնական տեղում՝ Վաղարշապատի Ս.Էջմիածնում։ Հայ Եկեղեցու բազմերախտ ու հեռատես գործիչների՝ Սյոնյաց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելայնի և եռամեծ րաբունապետ Գրիգոր Տաթևացու կողմից դեռ շատ ավելի վաղ արտահայտած այս գաղափարն իրականացավ 1441 թ., հենց Տաթևացու սաների՝ Թովմա Մեծոփեցու, Հովհաննես Հերմոնացու և այլոց նախաձեռնությամբ։ Դա կարևորագույն շրջադարձային հանգրվան դարձավ Հայոց Եկեղեցու համար։ Այդ շրջանում Կիլիկիայում աթոռակալում էր Գրիգոր Թ Մուսաբեգյանը (1439-1441)։ Ենթադրվում է, որ Աթոռի տեղափոխության նախաձեռնողները նախ դիմել են նրան, որպեսզի գա և հաստատվի Ս.Էջմիածնում, բայց մերժում են ստացել։ 1441 թվին Ազգային-եկեղեցական ժողովի ավելի քան 300 մասնակիցները նախ հավաքվեցին Երևանում, ապա ուղեվորվեցին Վաղաշապատ։ Ժողովը բացվեց Համբարձման տոնի օրը։ Առաջադրվեցին նոր կաթողիկոսի մի քանի թեկնածուներ։ Դժվարին քննարկումից հետո ի վերջո ընտրությունը կանգ առավ որևէ խմբակցության հետ կապ չունեցող չեզոք թեկնածուի՝ Կիրակոս Վիրապեցու վրա։

Աթոռի փոխադրությամբ և Վիրապեցու ընտրությամբ բարենպաստ հեռանկար բացվեց կաթողիկոսական Աթոռի համար։ Նախ՝ ավարտվեց Աթոռի դեգերումների երկարատև շրջանը։ Մյուս կողմից՝ Միջերկրականի ափերից հեռացած Հայոց կաթողիկոսությունն ազատվում էր Կիլիկյան շրջանի դավանաբանական ու ծիսական հարցերում Հռոմին կատարված զիջումների բեռից, վերագտնում իր ինքնությունը և ամուր կերպով կանգնում նախնյաց ավանդների վրա։

Նորընծա կաթողիկոսի առաջին գործերից մեկը եղավ սուրբ մեռոնի օրհնությունն ւ դրա բաժանումը Հայաստանի եկեղեցիներին։ Ապա հայրապետը հատուկ կոնդակով չեղյալ համարեց նախընթաց տասնամյակների Հայոց եկեղեցու տարբեր հատվածների՝ միմիանց հասցեին տրված նզովքները, սիրո ու միաբանության կոչ ուղղեց բոլոր թեմերին ու եկեղեցիներին։ Կիրակոս Վիրապեցին նորոգեց Էջմիածնի տաճարը, բարեկարգեց վանական համալիրը, իսկ րաբունապետ ու մատենագիր Թովմա Մեծուփեցին վերստին շունչ հաղորդեց առաջին դպրոցի բնօրրանի նվազած մշակութային կյանքին։

Թվում էր ամեն ինչ բնականոն հունի մեջ է մտնում, սակայն ցավոք, երկու տարի անց, տարբեր խմբակցությունների հին թշնամություններն ու անմիաբանության խոցելի սովորույթը կատարեցին իրենց գործը և 1443 թ. Կիրակոս Վիրապեցին աթոռանկ արվեց։ Կաթողիկոս հռչակվեց Գրիգոր Ժ Ջալալբեկյանցը (1443-1465) և համազգային միասնության հրաշալի գործընթացը մեծապես վնասվեց։ Չանրադառնալով այս տխուր իրողության մանրամասներին, նշենք, որ անկախ ամեն ինչից, պատմական հետագա ելևէջներից, 1441 թ. կաթողիկոսական Աթոռի փոխադրությունն Էջմիածին հիրավի ճակատագրական եղավ հայ ժողովրդի համար։ Դա ոչ միայն հոգևոր-եկեղեցական, այլ քաղաքական խոշոր իրադարձություն էր, որի շնորհիվ հայությունը համոզվեց, որ անկախ հայրենիքի քաղաքական կացությունից, փրկության ու գոյատևման գրավականը հայրենի հողում, Լուսավորչահիմն Ս.Էջմիածնի հովանու ներքո ապրելն է։

Գրիգոր Ջալալբեկյանցի ժամանակ 1461-ին երկրի մահմեդական իշխանավորների օգնությամբ, շուրջ մեկ տարով, Ս.Էջմիածնի աթոռը գրավում է Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ Աղթամարցին, սակայն ինչ միջոցով որ նա Վաղարշապատ էր եկել, նույն կերպ էլ հեռացվեց Գրիգոր կաթողիկոսի ու նրա աջակիցների կողմից։ Վերջիններիս փառասիրությանը հագուրդ տալու համար Գրիգոր Ջալալբեկյանցն աթոռակից կաթողիկոս ձեռնադրեց նրանցից երկուսին՝ Արիստակես Բ-ին և Սարգիս Բ-ին։ Դրանից հետո բավական ժամանակ, սովորական երևույթ դարցավ Էջմիածնում մեկից ավելի կաթողիկոսների ներկայությունը, որն իհարկե դրական երևույթ չէր։ Սակայն այդ կացությունն այն առավելությունն ուներ, որ կաթողիկոսի մահից հետո անմիջապես նրան փոխարինում էր ավագ աթոռակիցը և փաստորեն կարիք չէր զգացվում նոր ընտրական ժողով գումարել, մի բան, որ այնքան էլ դյուրին չէր երկրի քաղաքական անկայունության և մահմեդական իշխանությունների միջամտության պայմաններում։ Այս նույն պատճառներով Էջմիածնի Աթոռը տևական ժամանակ անշուք վիճակում էր գտնվում։ Մի կողմից օտար իշխողների կամայականությունների, երկրի աղետալի վիճակի, ժողովրդի թշվառության, մյուս կողմից գործունյա ու ձեռներեց եկեղեցական գործիչների բացակայության հետևանքով Էջմիածնի կաթողիկոսությունը չափազանց ծանր ժամանակաշրջան էր ապրում։ Այս կացությունը, փոքր բացառություններով, շարունակվեց և մինչև ԺԷ դար՝ Մովսես Գ Տաթևացու (1629-1632) գահակալությունը։

Կիլիկյան Աթոռի վերականգնումն ու ընթացքը, Երուսաղեմի ու Կոստանդուպոլսի պատրիարքությունները

Վաղարշապատում Կիրակոս Վիրապեցու Աթոռից հեռացվելն, հավանաբար, առիթ տվեց կիլիկեցիներին վերականգնելու Սսի կաթողիկոսական Աթոռը։ 1446 թ. Կարապետ եպիսկոպոս Եվդոկացին կաթողիկոս ձեռնադրեվելով շարունակեց Սսի կաթողիկոսությունը (այժմ՝ Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո)։

Կիլիկյան տևականորեն գտնվում էր քաղաքական անկայուն պայմաններում, անկամ ԺԶ դարի սկզբներին Օսմանյան տերության կազմում ընդգրկվելուց հետո էլ այդ վիճակը շարունակվեց մինչև ԺԹ դարի կեսերը։ Դրանից մեծապես տուժում էին տեղի հայությունն ու Հայ Եկեղեցին։ Այս է պատճառը, որը Սսի կաթողիկոսները երբեմն երկրորդ աթոռանիստ են դարձրել Ադանան և Հալեպը։ ԺԷ դարի 30-ական թվականներից սկսած, շուրջ մեկուկես դար, Կիլիկիայում աթոռակալել են Աջապահյան տոհմի ներկայացուցիչները, որոնք կարողացել են պատշաճ կերպով կարգավորել թեմական, շինարարական, կրթական, հոգևոր-մշակութայնի հարցերը։

Կիլիկիո կաթողիկոսությունը չափազանց ծանր հատված ստացավ 1915 թ. Մեծ եղեռնի օրերին, իսկ 1922 թ. Կիլիկիայի նորահռչակ հանրապետության անկման հետևանքով Աթոռն այլևս չէր կարող մնալ հայաթափված ու ավերված Սսում։ Ժամանակավոր դեգերումից հետո 1930 թ. այն հաստատվեց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից ոչ հեռու գտնվող Անթիլիաս գյուղում։ Այստեղ կաթողիկոս Սահակ Բ Խապայանի, աթոռակից Բաբկեն Ա Կյուլեսերյանի, այնուհետև Գարեգին Ա Հովսեփյանի (1943-1952) ջանքերով կաթողիկոսարանն ստացավ իր հաստատուն կառույցը, հիմնվեցին կաթողիկոսարանի Ս.Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարը, Դպրեվանքը, տպարանը, «Հասկ» պաշտոնական պարբերականը և այլ եկեղեցական մշակութային կառույցներ։ Կիլիկյան Աթոռը շարունակական զարգացում ապրեց նաև հաջորդ՝ Զարեհ Ա (1956-1963), Խորեն Ա (1963-1983), Գարեգին Բ (1977-1983՝ աթոռակից, 1983-1995) կաթողիկոսների ժամանակ։ 1995 թ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ Սարգսյանն ընտրվեց Ամենայն Հայոց կաթողիկոս։

Այժմ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն Հայաստանյայց եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկն է, եկեղեցական վարչական ընդգրկումով երկրորդն է մաիր Աթոռ Ս.Էջմիածնից հետո։ Ներկա աթոռակալը 1995 թ. ընտրված Արամ Ա կաթողիկոսը։

Չորս նվիրապետական Աթոռներից Հաջորդը Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն է։ Համաքրիստոնեական սրբավայր Երուսաղեմում հայերը եկեղեցիներ են կառուցել դեռևս Արշակունիների ժամանակ, Դ դարից սկսած։ Հայոց բոլոր նշանավոր նախարարական տներն այստեղ վանքեր ու եկեղեցիներ են հիմնել։ Բյուզանդիայում քաղկեդոնականության տարածման հետևանքով Երուսաղեմի հայկական եկեղեցիները առանձնացան հունական եկեղեցիներից և սկսեցին գործել իրենց հոգևոր առաջնորդ եպիսկոպոսի ղեգավարությամբ։ Ըստ պատմիչ Զեքի ալ Դինի, արաբների կողմից Երուսաղեմի գրավումից հետո (636 թ.) հայերը քաղաքում կրոնական ազատություն են վայելել շնորհիվ Աբրահամ պատրիարքի՝ անձամբ Մուհամետից ստացած (626 թ.) և Գրիգոր պատրիարք Ուռհայեցու՝ Օմար խալիֆից ստացած (636 թ.) հաստագրերի։ Նման մի հաստագիր էլ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ստացել է 1187 թ. Սալահեդդինից, որն այդ թվականին գրավել էր քաղաքը խաչակիրների ձեռկից։

1307 թ. Սսի ժողովի որոշումներից և Կոնստանդին Կեսարացի կաթողիկոսի լատինասեր ընթացքից հիաստափված, Սարգիս պատրիարքը 1311 թ. Եգիպտական սուլթանից համապատասխան հրովարտակ ձեռք բերելով, Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը անջատվում է Սսի կաթողիկոսական Աթոռից։ Օսմանայան շրջանում Երուսաղեմի պատրիարքությունը գործում է Կ.Պոլսի պատրիարքության ավագնությամբ։

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն այժմ նստավայր ունենալով Սրբոց Հակոբյանց վանքը տնորինում է Ս.Քաղաքի հայկական եկեղեցիները, Ժառանգավորաց դպրոցը հրատարակում է «Սիոն» պաշտոնական պարբերականը, ունի հայերեն ձեռագրերի բացառիկ հարուստ հավակացու։ Այժմյան պատրիարքն է Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը։

Հաջորդ նվիրապետական Աթոռը՝ Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը (Պատրիարքություն Հայոց Թուրքիո), հիմնվել է 1461 թ. սուլթան Մուհամմեդ Բ-ի հրովարտակով։ Առաջին պատրիարքն է եղել Հովակիմ եպիսկոպոսը, որն աթոռակալել է Սամաթիայի Ս.Գևորգ եկեղեցու։ 1644-ից աթոռանիստը տեղափոխվել է Գումգափու, ուր գտնվում է մինչև այժմ (առաջնորդանիստ եկեղեցին է Ս.Աստվածածինը)։ Պոլսի Հայոց պատրիարքներն օժտված էին ինչպես ընդարձակ եկեղեցական, այնպես էլ աշխարհական մասնիկի իրավունքներով, քանի որ տնօրինում են թուրքական տերության ողջ տարածքում բնակվող մեծաթիվ հայ համայնքների ներքին կյանքը։ Օսմանյան կայսրության ընդարձակմանն ու զորացմանը զուգահեռ մեծանում էր նաև պատրիարքության դերն ու հեղինակությունը, քանի որ սուլտանական վարչակարգը իր պետության տարածքում բնակվող հայության պաշտոնական ներկայացուցիչ էր ճանաչում Պոլսի պատրիարքին։ Ըստ այդմ, Սսի և Աղթամարի կաթողիկոսությունները, Երուսաղեմի պատրիարքությունը՝ Պոլսի պատրիարքներին էին զիջում առաջնությունը։ Որոշ շրջանում փորձ է արվում ինքնիշխան դիրք գրավել Ս.Էջմիածնի նկատմամբ (որը գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ), սակայն այն չի իրականանում և Պոլսի պատրիարքությունն օրինաչափորեն ընդունում է Մայր Աթոռի գերակայությունը։ Պատրիարքներից մի քանիսը ընտրվել են Ամենայն Հայոց կաթողիկոս։

Արևելյան Հայաստանը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո թուրքական կառավարության աչքում Հայոց պատրիարքարանն ավելի մեծ կարևորություն էր ստանում։ 1860 թ.կազմված և 1863 թ. իշխանության կողմից վավերացված «Ազգային սահմանադրությունը» Պոլսում եկեղեցական վարչության գործունեությանն ավելի կանոնավոր բնույթ է հաղորդում։

Կոնստանդնուպոլսի Հայոց պատրիարքույունը կարևոր ավանդ է ներդրել հայ ժողովրդի կրթական մշակութային կյանքի զարգացման ասպարեզում, միաժամանակ նշանակալից դեր կատարել ազգային ազատագրական շրջանում, մի կողմից՝ նպաստելով համազգային իղձերի իրականացմանը, մյուս կողմից՝ դիվանագիտական միջոցներով փորցելով ժողովրդին զերծ պահել արյունահեղությունից։ Այս առումով հատկանշական է հատկապես Ներսես Վարժապետյան (1874-1884) և Մաղակյա Օրմանյան (1896-1907) պատրիարքների գործունեությանը։ Սակայն իրադարձությունները ողբերկական զարգացում ունեցան և 1915 թ. Մեծ եղեռնից հետո, Պոլսի պատրիարքության դերն անհամեմատ նվազեց։

Այժմ Պոլսում (Ստամբուլ) և նրա մերձակայքում գործում է 35 հայկական եկեղեցի։ 1990-1998-ին պատրիարքն էր Գարեգին արքեպիսկոպոս Գազանճյանը։

Հայոց Եկեղեցին ԺԷ-ԺԹ դարերում

ԺԷ դարը թեև հայ ժողովրդի համար սկսվեց Շահբասյան աղետով (1604 թ.), սակայն այս դարի ընթացքում Հայոց մեջ սկիզբ առան զարթոնքի, լուսավորության միտումներ, որոնք ընդգրկեցին նաև Ս.Էջմիածինը։ Այստեղ կաթողիկոսական Աթոռին բազմեցին մի քանի ձեռնահաս գործիչներ, որնցից առաջինը՝ Մովսես Գ Տաթևացին (1629-1632), թեև կաթողիկոս եղավ միայն երեք տարի, բայց բարենորոգչական, շինարարական և ուսումնակրթական աշխատանքներ էր կատարում դեռևս ձեռնադրությունից առաջ։ Նրան հաջողվեց կարգավորել հարաբերությունները պարսկական արքունիքի հետ և կայուն վիճակ ապահովել Մայր Աթոռի համար։ Մովսես Տաթևացու հաջորդը՝ Ֆիլիպպոս Ա Աղբեկեցին (1633-1655) շարունակեց և խորացրեց Մայր Աթոռի բարեկարգչական աշխատանքները, կարգավորեց հարաբերությունները Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի և Պոլսի պատրիարքությունների հետ և հարթեց նրանց միջև եղած տարաձայնությունները, բարելավեց Մայր Աթոռի նյութական վիճակը և այլն։ Արդյունավետ եղավ նաև Հակոբ Դ Ջուղայեցու (1655-1680) քառորդ դար տևած կաթողիկոսությունը, որի ժամանակ, 1658 թ. ավարտվեց Մայտ տաճարի զանգակատան կառուցումը։ Այս կաթողիկոսը նպատակամղված գործունեություն սկսեց Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատելու ուղղությամբ. այդ նպատակով 1677 թ. Էջմիածնում աշխարհիկ և հոգևոր գործիչների խորհրդակցություն գումարվեց և համապատասխան դիմումներ հղվեցին Արևմուտք։ Նա մահացավ Կոնստանդնուպոլսում, Եվրոպա մեկնելու ճանապարհին։ Վերանորոգչական միտումները շարունակվեցին նաև հաջորդ կաթողիկոսների՝ Եղիազար Ա Այնթապցու (1681-1691), նահապետ Ա Եդեսացու (1691-1705) ժամանակ։ Վերջինիս օրոք կառուցվեց Էջմիածնի Ս.Շողակաթ եկեղեցին (1694 թ.)։

ԺԸ դարի առաջին կեսին, հիմնականում Կոնստանդնուպոլսում ու մերձակայքում, առաջացան հայ կաթոլիկների համայնքներ։ 1740 թ. Լիբանանում հայ կաթոլիկ եպիսկոպոս Աբրահամ Արծիվյանն իրեն հայ կաթոլիկների կաթողիկոս հռչակեց, որը քաջալերվեց Հռոմի կողմից։

Այս դարաշրջանի նշանավոր Հայոց կաթողիկոսներից են Ղազար Ա Ջահկեցին (1733-1751), որը վեհարանի ու հյուրատան շենքեր է կառուցել Էջմիածնում, հեղինակել դավանաբանական և գրական երկսիրություններ, Հակոբ Ե Շամախեցին (1759-1763), որն իր անվանակից նախորդի պես զբաղվել է Արևելահայաստանի ազատագրության գործով և Սիմեոն Ա Երևանցին (1763-1780)։ Աշխատանք տանելով մի քանի ուղղություններով՝ նա կարգավորեց եկեղեցական հասույթները օրինական կալվածագրերով, Վաղարշապատում հիմնեց տպարան և թղթի գործարան, հոգ տարավ ուսումնական մշակութային գործերի մասին, փոփոխություններ կատարեց եկեղեցական տոնացույցի մեջ և այլն։ Սիմեոն Երևանցու հաջորդը՝ Ղուկաս Ա Կարնեցին (1780-1799), շարունակեց բարեփոխումները, ստեղծեց վեց եպիսկոպոսներից բաղկացած խորհրդակցական մարմին, ճոխացրեց Մայր տաճարի ներքին հարդարանքը Հովնաթանյան նկարիչների ձեռքով և այլն։

ԺԹ դարի սկիզբը նշանավորվեց Հայոց քաղաքական կյանքում կատարված բուռն անցքերով։ Ռուսաստանը, Թուրքիայի և Պարսկաստանի միջև բաժանված Հայաստանի տարածքների նկատմամբ դեռ նախկինում ունեցած իր հավակնություններին գործնական բնույթ տվեց և հաղթական պատերազմներից հետո 1828-ին տիրացավ Արևելյան Հայաստանին։ Հայ ժողովրդին ներկայանալով որպես հավատակից՝ Ռուսաստանն իր քաղաքական ծրագրերում մեծ կարևորություն էր տալիս եկեղեցական խնդրին և Ս.Էջմիածնի կաթողիկոսությանը, գիտակցելով, որ պետականության անկումից հետո Հայոց կաթողիկոսությունը դարձել է հայության ընդհանուր տրամադրությունների և շահերի արտահայտիչը։ Այս է պատչառը, որ դեռ մինչև ռազմական հակամարտության բորբոկումը, ռուսները սկսեցին գործուն միջամտություն ցուցաբերել Հայոց կաթողիկոսների ընտրության գործին և անգամ քաղաքական շահարկման առարկա դարձնել այն։ Իսկ Արևելյան Հայաստանին տիրանալուց հետո ցարական վարչակարգը մշտապես զգոնություն է ցուցաբերել Ս.Էջմիածնի նկատմամբ, մի կողմից փորձելով նվազեցնել նրա ավանդական իրավասությունների շրջանակը և քաղաքական դերը երկրի ներսում, մյուս կողմից, ձգտելով օգտագործել Մայր Աթոռի հեղինակությունը, Ռուսաստանի տարածքից դուրս բնակվող հայության վրա իր ազդեցությունը տարածելու համար։

Ռուսական կառավարությունը 1836 թ. մի հատուկ կանոնադրություն՝ «Պոլոժենիե» հաստատեց, որով կանոնագարկում էր պետության և Հայոց եկեղեցու հարաբերությունները, միաժամանակ հնարավորություն ստանում ազդելու Հայոց կաթողիկոսության վրա։ Մասնավորապես, ըստ այդ կանոնադրության, նոր կաթողիկոսի ընտրության ժամանակ Ազգային-եկեղեցական ժողովը պետք է ընտրեր երկու թեկնածու, որից հետո ռուսական ցարն իր հերթին պիտի ընտրեր դրանցից մեկին և հաստատեր որպես Ամենայն Հայոց կաթողիկոս։ Ստեղծվում էր նաև լայն լիազորություննե ունեցող սինոդ (այն գումարվեց 1837 թ.), որը նույնպես ենթակա էր կառավրության ազդեցությանը։

Այս բացասական կետերի հետ միասին կանոնադրությունը հռչակում էր Հայոց եկեղեցու դավանական ազատությունը, նրան տալիս կրթամշակութային և այլ իրավունքներ («Պոլոժենիեն» ուժը կորցրեց 1917 թվին ցարիզմի անկումից հետո)։

Արևելյան Հայաստանի և ողջ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող այս պատմական իրադարձությունների ժամանակամիջոցում հաջորդաբար կաթողիկոսական Աթոռին են բազմում Եփրեմ Ա Զորագեղցին (1809-1830), Հովհաննես Ը Կարբեցին (1831-1842) և Ներսես Ե Աշտարակեցին (1843-1857)։ Նրանցից հատկապես մեծ է Ներսես Աշտարակեցու ավանդը, որը թեև ուշ ընտրվեց, սակայն առաջնակարգ դեր էր կատարում դեռևս 1804-1813 և 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմների օրերին։ Հայրենասեր գործիչը մեծ հույսեր էր կապում ռուսների հաղթանակի հետ, Ռուսաստանի հովանու ներքո՝ Հայոց անկախ պետության ստեղծման երազանքը փայփայելով։ Սակայն հենց այդ հայրենասիրական գաղափարների համար էլ նա անցանկալի դարձավ ցարական իշխանության համար և Եփրեմ կաթողիկոսի մահից հետո նրա թեկնացությունը մերժվեց։

Վիրահայոց թեմի առաջնորդ եղած ժամանակ Ներսես Աշտարակեցին Թիֆլիսում հիմնադրել է Ներսիսյան դպրոցը (1824), իսկ կաթողիկոս ընտրվելուց հետո պաշտպանել Հայոց Եկեղեսու շահերը իշխանությունների ոտնձգություններից, զբաղվել շինարարական, կրթամշակութային աշխատանքներով։

Արդյունաշատ եղավ նաև Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու (1861-882) աթոռակալությունը, որի շնորհիվ Էջմիածնում հիմնադրվեց Գևորգյան ճեմարանը (1874), թանգարանը, ծնունդ առավ Մայր Աթոռի պաշտոնական «Արարատ» ամսսագիրը (1868), կառուցվեց Օշականի եկեղեցին՝ Ս.Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա (1879) և այլն։

Սակայն հայ եկեղեցուն վիճակված չէր միայն անխռով կերպով զբաղվել հոգևոր-եկեղեցական կամ կրթամշակութային գործունեությամբ։ Ռուս-թուրքական երկարամյա հակամարտությունը ժամանակ առ ժամանակ վերաճելով այրունալի պատերազմների՝ անելանելի կացության էր մատնում երկու զորեղ տերությունների միջև երկատված հայ ժողովրդին ու հայ եկեղեցու առաջնորդներին, որոնք իրենց տառապած հոտի կյանքն ու անվտանգությունը ապահովեկու հույսով հարկադրված էին խորամուխ լինել նաև քաղաքական հարցերի մեջ։ Եվ մինչ Հայոց կաթողիկոսներն ու պատրիարքներն ազգապահպնման ու գոյատևման դիվանագիտական ուղիներ էին որոնում, իսկ վերելք ապրող ազգային ազատագրական գաղափարները ծնունդ էին տալիս հայ քաղաքական կուսակցություններին, միջազգային քաղաքական իրադրությունը տարեց տարի ավել էր սրվում, ողբերգական հեռանկար նախապատրաստելով հայ ժողովրդի համար։

Այս շրջանի հանրահայտ գործիչներից էր Մկրտիչ Ա Վանեցին՝ Խրիմյան հայրիկը, որը կաթողիկոս ընտրվեց 1892-ին (աթոռակալեց մինչև 1907 թիվը), սակայն եկեղեցական ու զուգահեռաբար հասարակական քաղաքական գործնեություն էր ծավալել շատ ավելի վաղ, լինելով Վարագավանքի վանահայրը (1856), Տարոնի առաջնորդ (1862), Կոստանդնուպոլսի պատրիարք (1869-1873), հայկական պատվիրակության ղեկավար 1878 թ. Բեռլինի կոնգրեսում և այլն։ Այս հայրենասեր կաթողիկոսին բաժին հասան բազում տառապանքներ, որ նա կրում էր մի կողմից՝ Թուրքիայում (1895-1896թթ. հայկական ջարդերը), մյուս կողմից՝ Ռուսաստանում (1903 թ. հայ եկեղեցական կալվածքների ու ինչքի բռնագրավման ու հայկական դպրոցների փակման մասին ցարական հրամանագիը) հայ ժողովրդի կրած տարապանքների ու հայ եկեղեցու օրինական իրավունքների բռնադատման հետևանքով։

Ի դար. ողբերգական սկիղբ, դժվարին ընթացք

Առաջին աշխարհամարտի տարրիներին, 1915 թ. Թուրքիան գերազանցելով նախքինում երբևէ հայության նկատմամբ գործադրված բոլոր արհավիրքները, ծրագրված ու սառնասիրտ կերխով իրականացրեծ հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ Հայոց Մեծ եղեռնը։ Հայաթափ եղավ ողջ Արևմտահայաստանը, հայ բնակչությունը բարբարոսաբար կոտորվեց թուրքական պետության ողջ տարածքում, տալով շուրջ 1500000 անմեղ զոհ, մասամբ էլ բռնագաղթեցվեց։ Իրենց հոտի հետ մարտիրոսացան նաև շուրջ 4000 հայ հոգևորականներ, որոնց նկատմաբ մոլեռանդ ջարդարարները հաշվեհարդար էին տեսնում առանձնակի դաժանությամբ։

Այս շրջանում Հայոց կաթողիկոսն էր Գևորգ Ե Սուրենյանցը (1911-1930), որն անզոր էր որևէ կերպ ազդել իրադարձությունների ընթացքի վրա, թեև մի կողմից քրիստոնյա ինքնակալի պատվախնդրության ակնկալությամբ դիմումներ էր հղում ռուսաց ցարին, մյուս կողմից՝ փորձում որևէ կերպ օգնել բազմահազար հայ գաղթականներին, որոնք վերապրելու հույսով խռնվել էին Ս.Էջմիածնի պատերի տակ։

Աշխարհամարտն ավարտվեց, բայց ավելի շուտ իր վերջը գտավ ռուսական ինքնակալությունը, տեղը զիջելով համայնավարներին, որոնք քաղաքական նկատառումներով որոշեցին լկել գրավյալ Արևմտահայաստանը։ Հեռացող ռուսական զորքերի հետքերով թուրք ջարդարաները շարջվեցին դեպի Արևելահայաստանի սիրտը՝ Երևան և Սուրբ Էջմիածին։ 1918 թ. մայիսին Արարատյան դաշտի բոլոր եկեղեցիների զանգերի անընդհատ հնչող կոչնանկով ոտքի ելած հայ ժողովուրդը, ուժերի գեր լարումով, Սարդարապատի դաշտում պարտության մատնեց ոսոխին և փրկեց իր ազգային սրբությունները։ Գևորգ Ե կաթողիկոսը ճակատամարտի բախտորոշ օրերին, չնայած զինվորական ղեկավարության հորդորներին, չլքեց Էջմիածինը, իսկ մայրավանքի միաբան Գարեգին վարդապետ Հովսեփյանը (հետագայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողոկոս) որպես մի նոր Ղևոնդ երեց, հայ մարտիկներին քաջալերում էր ռազմաճակատի առաջին գծում։

պատերազմներից արնաքամ եղած հայ ժողովուրդը ծանրագույն պայմաններում 1918 թվին կարողացավ ստեղծել անկախ պետականություն, որը սակայն մեծ տերությունների անտարբերության, Թուրքիայի բացահայտ ագրեսիայի և Խորհրդային Ռուսաստանի խարդավանքների հետևանքով ընդամենը երկու և կես տարվա կյանք ունեցավ։ Այնուամենայնիվ, Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը մի փառավոր իրողություն էր, որի շնորհիվ վերականգնվեց շուրջ հինգ ու կես դար առաջ կորստի մատնված Հայոց պետականությունը։ Բնականաբար, այս տարիներին հայ եկեղեցական կայնքն էլ աշխուժացման քայլեր արձանագրեց, մեծացավ Հայոց կաթողիկոսի հեղինակությունը։ Գևորգ Ե կաթողիկոսը ողջունեց հանրապետության ծմունդը և նրա գոյության տարիներին հնարավորն արեց պետության զորացման ու ժողովրդի միասնականության ապահովման համար։ Սակայն վերահաս խորհրդային կարգերը (1920թ) տրամագծորեն հակառակ իրավիճակ ստեղծեցին և չափազանց ծանր հարված հասցրեցին Հայաստանյայց Եկեղեցուն և Ս.Էջմիածնին։

Խորհրդային համայնավար վարչակարգը անաստվածությունը պաշտոնապես հռչակելով որպես իր գաղափարախոսական գլխավոր ուղենիշներից մեկը՝ աննախադեպ արշավ սկսեց եկեղեցու դեմ։ Գործի դնելով բռնության զանազան ձևեր, այն կարճ ժամանակամիջոցում ահաբեկչությա, աքսորի, հալածանքների միջոցով հաշվեհարդար տեսավ հոգևորականության հետ, բռնագրավեց հատյուրավոր եկեղեցիներ, որոնց զգալի մասն ավերվեց (հատկապես մայրաքաղաք Երևանում), խլվեցին եկեղեցական կալվածքներն ու ունեցվածքի մեծ մասը։ Գևորգ Ե-ն՝ մի կողմից փորձելով դիմագրավել համայնավարների կամայականություններին, պայքարելով նրանց ստեղծաց, այսպես կոչված «Աղատ եկեղեցի», «Ազատ եկեղեցական եղբայրրություն» քայքայիչ կազմակերպությունների դեմ, մյուս կողմից, ժամանակի պահանջներից ելնելով, կատարեց որոշ բարեփոխումներ (նոր տոմարի որդեգրումը՝ 1923 թ., Գերագույն հոգևոր խորհդի հիմնումը՝ 1924 թ., Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրության հաստատումը՝ 1925 թ. և այլն)։

Գևորգ Ե կաթողիկոսի մահից հետո վարչակարգը երկու տարի ձգձգեց նոր կաթողիկոսի ընտրությունը։ Այնուամենայնիվ Ազգային-եկեղեցական ժողովը գումարվեց (չնայած նրան չէին մասնակցում Հայոց Եկեղեցու նվիրապետական մյուս երեք Աթոռների առաջնորդները) և կաթողիկոս ընտրեց Խորեն Ա Մուրադբեկյանին (1932-1938)։ Այս հայրենասեր կաթողիկոսին բաժին հասավ վարչակարգի սանձազերծած հակաեկեղեցական հալածանքերի ամենածանր շրջանը։ Որպեսզի ակնառու դառնա թե խորհրդային առաջին 17 տարիների ընթացքում ինչպիսի կորուստներ էր ունեցել Հայոց Եկեղեցին, բավական է վկայակոչել մեկ նախադասություն Խորեն կաթողիկոսի՝ Երևանի և Գյումրիի (Լենինական) վերջին եկեղեցիների փակման և հոգևորականների ձերբակալության կապակցությամբ Խորհրդային Հայաստանի ներքին գործերի ժողկոմին՝ 1937 թ. սեպտեմբերին գրած նամակից. «… ամբողջ Հայաստանում չորս եկեղեցի է մնացել, իսկ 800-ից ավելի եկեղեցիներ հետզհետե փակվել են, մեծ մասամբ վարչական եղանակով»։

Ի վերջո, օղակն այքան սեղմվեց, որ Հայաստանում հայ եկեղեցին ամփոփվեց միայն Էջմիածնի վանքի պատերի մեջ, սակայն այդ էլ բավական չեղավ և 1938 թ. ապրիլին խորհրդային պատժիչ մարմինների գործակալները հենց Վեհարանում սպասնեցին Ամենայն Հայոց կաթողիկոսին…։

Խավարից դեպի լույս

Խորեն Մուրադբեկյանի նահատակությունը խոր վիշտ պատճառեց համայն հայությանը։ Մահից երկու տարի առաջ ն ատեղապահ էր հաստատել Վիրահայոց առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին, որը կաթողիկոսի մահվան գույժն առնելով անմիջապես եկավ Էջմիածին այն գտնելով ամայության մեջ։ Իր անձնական խիզախության ու նվիրումի շնորհիվ, նա, որպես տեղապահ, կարողացավ այդ դժնդակ օրերին վառ պահել Ս.Էջմիածնի կերոնը, թեև անգամ Վեհարանում բնակվելու հնարավորություն չուներ և ամեն օր Երևանից Էջմիածին էր գնում հասարակական փոխադրականով, շարքային քաղաքացու պես։

1939-ին սկիզբ առած երկրորդ աշխարհամարտը 1941 թ. բախեց նաև խորհրդային երկրի դռները և հայ ժողովուրդն ընդգրկվեց քառամյա արյունալի պատերազմի մեջ։ Այդ տարիներին հայ եկեղեցին, չնայած համայնավարական վարչակարգից կրած անլուր տառապանքներին, ամեն ինչից վեր դասելով հայ ժողովրդի ընդհանրական շահը, հադես եկավ ի պաշտպանություն Խորհրդային Միության և այս մասին կոչ ուղղեց սփյուռքահայությանը։ Գևորգ Չորեքչյանի նախաձեռնությամբ սկսվեցին հանգանակություններ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման համար։ Պատերազմի տարիներին մասամբ փոխվեց ստալինյան վարչակարգի վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ։ Տեվական ընդմիջումից հետո թուլատրվեց Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի ընտրությունը (1943թ)։ Փոխվեց վերաբերմունքը նաև հայ եկեղեցու նկատմամբ, որի իրավունքների վերականգնումը սկսվեց 1944-ից (թույլատրվեց «Էջմիածին» ամսագրի հրատարակությունը), իսկ 1945 թ. ապրիլի 19-ին Մոսկվայում Հայոց կաթողիկոսական տեղապահին ընդունեց Ի.Ստալինը և բավարարեց նրա խնդրանքը՝ կաթողիկոսական ընտրության թույլատվության, տպարանի վերակնգման, հոգևոր ճեմարանի վերաբացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

1945 թ. հունիսի 22-ին Ս.Էջմիածնում գումարված Ազգային-եկեղեցական ժողովը՝ մասնակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի և 111 պատգամավոների, Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրեց Գևորգ Զ Չորեքչյանին (1945-1954)։ Ստանձնելով կաթողիկոսական լիազորությունները և «զինված» Ստալինի ստորագրությունը կրող ապրիլի 19-ի փասթաղթով, Գևորգ կաթողիկոսը սկիզբ դրեց Մայր Աթոռի վերազարթոնքին, թեև համայնավարների հարուցած գաղափարախոսական խոչընդոտները շարունակում էին գործել և ավելի կամ պակաս չափով գործեցին ընդհուպ մինչև Խորհրդային Միության անկումը։

Հարկ է նշել, որ նախընթաց շրջանում Ս.Էջմիածնում ստեղծված պայմանները, փաստորեն, Մայր Աթոռը մեկուսացրել էին հայկական սփյուռքից։ Այդ տարիներին սփյուռքի հոգևոր եկեղեցական, ինչպես և ազգային մշակութային կյանքի կազմակերպման առումով խոշոր աշխատանք կատարեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Չորեքչյանի կաթողիկոսության ժամանակ հատկապես 1946-48 թթ. մեծ հայրենադարձությունից հետո, հայրենիք-սփյուռք կապերը ծավալվեցին թեև այս գործնթացն էլ մթագնվեց 1949-ի մասսայական աքսորի հետևանքով։ Միաժամանակ, հարկ է նշել, որ այս շրջանից սկսած, Հայոց եկեղեցին ընկավ քաղաքական հակասության մեջ, պայքար սկսվեց նվիրապետական երկու Աթոռների՝ Ս.Էջմիածնի և Կիլիկիո կաթողիկոսության միջև։

1954 թ. մայիսին վախճանվեց Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսը։ 1955-ի սեպտեմբերին գումարված Ազգային-եկեղեցական ժողովը Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրեց Ռումինիաի թեմի առաջնորդ Վազգեն Ա Պալճյանին (1955-1994)։ Նրա կաթողիկոսության շրջանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համար եղավ բարկավաճման ժամանակաշրջան։ Թեև իշխող համայնավարները չէին փոխել իրենց էությունը, սակայն Ստալինի մահից հետո մի փորձ էին անում աշխարհին ներկայանալ որպես քաղա քակիրթ պետություն, ուր ապահովված է խղճի ազատությունը։ Այս իրավիճակից առավելագույն օգուտ քաղելով՝ Հայոց կաթողիկոսը մի կողմից գործուն մասնկացություն բերեց խորհրդային քարոզչության հիմնական բնակավառներից մեկին՝ «խաղաղության պահպանման համար» շարժումի, որի համար նաև մի շարք պետական պարգևների արժանացավ, մյուս կողմից կարողացավ ծավալել ընդարձակ ազգաշեն ու եկեղացաշեն գործունեություն։

Կաթողիկոսը նախ շինարարական, նորոգչական լայնածավալ աշխատանքներ իրականացրեց Ս.Էջմիածնի վանքի տարածքում (նորոգվեց հին Վեհարանը, կառուցվեցին Ալեք և Մարի Մանուկյան գանձատումը, վանատուն-հյուրանոցը և այլն), Մայր տաճարում, Էջմիածնի Ս.Հռիփսիմե, Ս.Գայանե, Ս Շողակաթ, Ս.Աստվածածին եկեղեցիներում, Գեղարդի ու Խոր վիրապի վանքերում, Երևանում (ուր հիմնովին վերաշինվեց առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցին), Օշականում, Բյուրականում և այլուր։ Կթաղիկոսի սևեռուն ուշադրությանը արժամնացան հոգևոր ճեմարանը, «Էջմիածի» ամսագիրը, Մայր Աթոռի տպարանը, Երևանի Ս.Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը։ Արտասահմանյան շքեղ տպագրությամ լույս տեսան հրատարակություններ՝ «Հայկական եկեղեցիներ», «Հայկական խաչքարեր», «Ս.Էջմիածնի գանձեր» և այլն։

Վազգեն կաթողիկոսի երակարտև աթոռակալության ժամանակ անհամեմատ ընդարձակվեցին հայոց եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններն ու միջազգային կապերը, խորացան հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունները, որոնց մեծապես նպաստեցին հայրապաետի արտասահմանյան թեմեր կատարած շուրջ երեք տասնյակ այցելությունները։

Զուտ եկեղեցական և մշակութային բազմաճյուղ գործունեությունից բացի կաթողիկոսն ուղղակի կամ անուղղակի ձևով նպաստեց հայ ժողովրդի ազգային հայրենասիրական վերելքին։ Նրա նախաձեռնությամբ 1965 թվին Մայր տաճարի բակում կագնեցվեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Հայաստանի անդրանիկ հուշակոթողը, որին հաջորդեց Ծիծեռնակաբերդի համալիրը։ Իսկ 1968 թվին Վազգեն Ա կաթողիկոսը հատուկ կոնդակով հռչակեց Սրդարապատի հաղթական ճակատամարտի 50-ամյակը, որին էլ հաջորդեց Սարդարապատի հուշահամալիրի կառուցումը։ 1988 թ. Ղարաբաղյան հուժկու շարժման ծնունդը դարձավ կաթողիկոսի կողմից հաստատված Արցախի թեմը (առաջնորդ՝ Պարգև եպս. Մարտիրոսյան)։

Վազգեն վեհափառին բախտ վիճակվեց տեսնելու և օրհնելու Հայոց նոր անկախ պետականության ծնունդը (23 սեպտեմբեր, 1990 թիվ)։ Նրա օրհնությանը արժանացան նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանն ու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը (11 նոյեմբեր, 1991 թիվ)։

Հայ ժողովրդին ու Հայոց եկեղեցուն մատուցած իր բազում ծառայությունների համար Վազգեն Ա կաթողիկոսը 1994 թ. հունիսի 28-ին, առաջինը լինելով, ՀՀ նախագահի ձեռքից ստացավ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևը՝ «Հայաստանի ազգային հերոս» կոչումը։ Նույն թվականի օգոստոսի 18-ին ծերունազարդ հայրապետը կնքեց մահկանացուն։

1994թ. օգոստոսի 25-ին Ս.Էջմիածնում գումարված եպիսկոպոսական ժողովը կաթողիկոսական տեղապահ ընտրեց Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին։ 1995 թ. ապրիլի 3-ին Ս.Էջմիածնում շուրջ 400 պատգամավոների մասնակցությամբ, գումարվեց Ազգային-եկեղեցական ժողով՝ ընտրելու համար Ամենայն Հայոց նոր կաթողիկոսին։ Երկար դարեր ի վեր այս առաջին անգամն էր, որ Ամենայն Հայոց հայրապետի ընտրությունը կատարվելու էր Հայաստանի անկախության պայմաններում, առանց օտարբերի միջամտության։

Ապրիլի 4-ին, Մայր տաճարի սրբազան կամարների ներքո կայացած ընտրության արդյունքում, Ս.Գրիգոր Լուսավորչի Աթոռի 131-րդ գահակալ ընտրվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ, դառնալով Գարեգին Ա կաթողիկոս Ամենյան Հայոց։

Հայոց եկեղեցին այսօր

Ստանձնելով Ամենայն Հայոց կաթողիկոսի պարտականությունները՝ Գարեգին Ա վեհափառ հայրապետը իր հարուստ փորձն ու ողջ եռանդը ներդրեց Մայր Աթոռի ծաղկման ու բարկավաճման գործում։

Համառոտ կենսագրական ակնարկով նշենք, որ Հայոց հայրապետը (ավազանի անունով՝ Նշան Սարգսյան) ծնվել է 1932 թվականին օգոստոսի 27-ին Քեսաբում (Սիրիա)։ Ուսանելով Մեծի Տանն Կիլիկիո Դպրեվանքում՝ 1949-ին ձեռմադրվել է սարկավագ, իսկ 1952 թ. սեպտեմբերի 28-ին՝ կուսակրոն քահանա, անվանակոչվելով Գարեգին աբեղա, ի հիշատակ Գարեգին Ա Հովսեփյան կաթողիկոսի։ Վարդապետական թեզի պաշտպանությունից հետո 1955 թ. հունիսի 5-ին ստացել է վարդապետական աստիճան, դասավանդել Դպրեվանքում և մեկ տարի անց ստաբձնել տեսչի պաշտոնը։ 1957-1959թթ. ուսումնառությունը շարունակել է Օքսֆորդի համալսարանում (Անգլիա)։ 1963-ին ստացել է ծայրագույն վարդապետական աստիճան, 1964 թ. հունվարի 19-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1973-ին ստացել արքության պատիվ և մեկ տարի անց ընտրվել Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ (մինչ այդ՝ 1971-73 թթ. եղել է Իրան-Նհդկաստան թեմի առաջնորդ)։ 1977 թ. մայիսի 22-ին Գարեգին արքեպիսկոպոսն ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո Խորեն Ա Բարոյան կաթողիկոսի աթոռակից, իսկ 1983 թ. դարձել դարձել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս։

Թե՛ մինչև կաթողիկոս ընտրվելը և թե՛ հատկապես ընտրությունից հետո, Գարեգին Բ կաթողիկոսը լայն մասնակցություն է ունեցել միչեկեղեցական կազմակերպությունների ու զանազան միջազգային համաժողովների աշխատանքներին, վարել պատասխանատու պաշտոններ։

Լիբանյանյան քաղաքացիական պատերազմների բարդ շրջանում՝ Գարեգին կաթողիկոսն անդուլ աշխատանքով կարողացավ պահպանել լիբանանահայության հոգևոր կորովը, միաժամանակ հաղթահարելով սփյուռքի պայմաններին հատուկ դժվարությունները՝ ծազկուն վիճակի հասցրեց Անթիլիասի կաթողիկոսարանը, զարկ տալով քարոզչական, ուսումնակրթական, հրատարակչական, շինարարական աշխատանքներին։ ավելացնենք, որ վարչական-կազմակերպչական ամենօրյա աշխատանքների այս բազմության մեջ Գարեգին կաթողիկոսը հասցրել է նաև գրել տասնյակ գրքեր ու աշխատություններ։

Ահա այսպիսի ծանրակշիռ վաստակ ու հարուստ փորձառություն ունեցող անհատն էր, եր 1995 թ. ապրիլին բազմելով Ամենյան Հայոց կաթողիկոսական Աթոռին՝ անմնացորդ եռանդով ձեռնարկեց Հայոց եկեղեցու առջև ծառացած բազում հարցերի լուծման ու Ս.Էջմիածնի բարեզարդման գործը։ Արդեն ապրիլի 9-ին, գահակալության առթիվ Մայր տաճարում խոսած քարոզում, վեհափառ հայրապետն իր ընտրությունը բնութագրելով որպես 43-ամյա հոգևոր սպասավորության «ծայրագոյն հանգրուան», «ծառայութեան ընդարձագոյն դաշտին մէջ մտնելու վճռական պահ», աշխատանքի առաջին ուղենշումներն է կատարում և ժողովրդին կոչ անում հադես գալ ժամանակին համաքայլ՝ «Այլեւս կոչուած ենք որպէս պետական ազգ մտածելու եւ ըստ այնմ ապրելու եւ գերծելու։ Այլեւս չենք (եւ չենք կրնար ըլլալ) այն ինչ որ էինք երէկ»։

Հայ եկեղեցու պատմության հարյուրամյակների հոլովույթում չափազանց փոքր ժամանակահատված է թվում երեկ տարին, սակայն աթոռակալության այս շրջանում Գարեգին Ա կաթողիկոսը կարողացավ կարևորագույն բարեփոխումներ կատարել թե՛ Մայր Աթոռում և թե՛ ողջ Հայաստանի եկեղեցական կյանքում։

Ելնելով պատմական նախադրյալներից կաթողիկոսը նախ վերափոխեց Հայաստանի ներքին թեմական կառուցվածքը, այն հանապատասղանեցնելով երկրի նոր վարչական (մարզային) բաժանման։ Ըստ այդմ, նախկին չորս թեմերի փոխարեն, 1996 թ. մայիսի 30-ի պաշտոնագրով ստեղծվեցին 8 թեմեր, որոնք հետևյալն են.

Արարատյան հայրապետական թեմ՝ ներառնելով Երևան մայրաքաղաքը և Արարատի մարզը (առաջնորդական փոխանորդ՝ Գարեգին արքեպս. Ներսիսյան),

Շիրակի թեմ՝ ներառնելով Շիրակի մարզը (առաջնորդ՝ Փառեն ծ. վրդ. Ավետիքյան),
Գուգարաց թեմ՝ ներառնելով Լոռիի և Տավուշի մարզերը (առաջնորդ՝ Սեպուհ եպս. Չուլջյան),
Սյունյաց թեմ՝ ներառնելով Սյունիքի և Վայոց Ձորի մարզեը (առաջնորդ՝ Աբրահամ եպս. Մկրտչյան),
Արմավիրի թեմ՝ ներառնելով Արմավիրի մարզը (առաջնորդ՝ Ասողիկ եպս. Արիստակեսյան),
Արագածոտնի թեմ՝ ներառնելով Արագածոտնի մարզը (առաջնորդ՝ Նավասարդ եպս. Կճոյան),
Գեղարքունյաց թեմ՝ ներառնելով Գեղարքունիքի մարզը (առաջնորդ՝ Անանիա եպս Արապաճյան),
Կոտայքի թեմ՝ ներառնելով Կոտայքի մարզը (առաջնորդ՝ Առաքել եպս.Քարամյան)։

1997 թ. հունվարին կաթողիկոսական տնօրինությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի պատմական թեմի տարածքում եղած Ուկրաինայի և Հյուսիսային Կովկասի առաջնորդական փոխանորդություննրը վերածվեցին առանձին թեմերի, ելնելով վերջին շրջանում կատարված քաղաքական (Ուկրաինայի անկախացումը) և Ժողովրդագրական (Հյուսիսային Կովկասում հայ բնակչության կտրուկ աճը) փոփոխություններից, ինչպես նաև տեղերում եկեղեցական-թեմական աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից։ Նորաստեղծ թեմերի առաջնորդներ հաստատվեցին համապատասխանաբար՝ Նաթան եպս.Հովհաննիսյանը և Եզնիկ եպս.Պետրոսյանը։

Նոր թեմերի ստեղծման շնորհիվ՝ տեղերում զգալիորեն աշխուժացավ եկեղեցական կյանքը, հիմնվեցին առաջնորդարաններ, ստեղծվեցին թեմական խորհուրդներ, մշակվեցին աշխատանքային ծրագրեր, վերաբացվեցին տասնյակ նոր եկեղեցիներ։

Այդ ընթացքում, Մայր Աթոռ Ս.Էջմիածնում, քարոզչական և կրթամշակույթային աշխատանքների բնագավառում արձանագրվեցին.

«Քրիստոնեական քարոզչության և դաստիրակության» կենտրոնի հիմնումը (տնօրեն՝ Վազգեն վրդ. Միրզախանյան)՝ Ս.Գայանե եկեղեցու մոտ հիմնովին վերաշինված հարմարավետ շենքում,

Հոգևոր ճեմարանի (տեսուչ Հայկազուն ծ.վրդ.Նաջարյան) ուսումնական պայմանների բարելավումը, ուսանողության թվի աճը (նախկին 40-ի փոխարեն 100), Գևորգյան ճեմարանի շենքի հիմնովին նորոգումն ու վերաբացումը,

Մայր Աթոռի տպարանում քարոզչական, կրոնաճանաչողական, հայագիտական, գրական շուրջ հայրուր անուն գրքերի հրատարակությունը։

Հայ եկեղեցու բազմաճյուղ գործունեության շնորհիվ խորհրդային 70-ամյա շրջանի կրոնական արգելքների և հակաեկեղեցական քարոզչության հետևանքներն աստիճանաբար սկսեցին տեղի տալ։

Բազմապատկվեցին եկեղեցում կատարվող հարսանիքներն ու մանուկների մկրտությունը։ Բազմաթիվ դպրոցներում սկսվեց կրոնի ուսուցումը, ստեղծվեցին կիրակնօրյա դպրոցներ, կանոնավոր պարբերականություն ստացան Հայկական հեռուստատեսությամբ և ձայնասփյուռով հեռարձակվող քարոզներն ու տոնախոսական հազորդումները։ Ս.Էձմիածնում ստեղծված Մամլո դիվանը, տեսաձայնագրման ստուդիան, «Քրիստոնեայ Հայաստան» երկշաբաթաթերթը սկսեցին համակարգված տեղեկատվական աշխատանք կատարել։

1995 թ. սեպտեմբերին Ամնեայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ բացվեց Երևանի պետական համալսարանի աստվածաբանական ֆակուլտետը (դեկան՝ Շահե արքեպս. Աճեմյան), իսկ 1996 թ. ապրիլին, դարձյալ վեհափառ հայրապետի ձեռքով, Երևանում կատարվեց Հայսատանի Աստվածաշնչային ընկերության (նախագահ՝ Ներսես արքեպս. Պոզապալայն) կենտրոնի հանդիսավոր բացումը։

Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվելուց ի վեր Գարեգին Ա բազմաթիվ հայրապետական այցելություններ կատարեց, առաջին ուղեվորությունը ձեռնարկելով 1995-ի մայիսի 5-ին՝ դեպի 1988-ի կործանարար երկրաշարժի հետևանքով ավերված Գյումրին և աղետի գոտու մյուս քաղաքները։ Նույն ամսվա վերջին վեհափառն այցելեց 1988-ից սկսած ողջ հայության սկսած կիզակետ դարձած հերոսական Արցախ։

1995 թ. հունիսին Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնեց Լիբանան և Անթիլիասում մասնակցելով Մեծի Տանն Կիլիկիո նոր կաթողիկոսի ընտրությանը, նախագահեց Արամ Ա կաթողիկոսի օծման հանդիսությանը։

Նույն թվականի սեպտեմբերին վեհափառն այցելեց Վրաստան և Վիրահայոց թեմ, հոկտեմբերին մեկնեց Ռումինիա, դեկտեմբերին՝ Ուկրաինա։ 1996թ. Գարեգին Ա մի քանի ծավալու հովվապետական այցելություններ կատարեց, հունվար- փետրվար ամիսներին՝ ԱՄՆ և Կանադա, մայիսին՝ Կոստադնուպոլիս, օգոստոսին՝ Բրազիլիա, Ուրուգվայ, Արգենտինա, տարբեր առիթներով եղավ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Նորվեգիայում, Իտալիայում, ու հանդիպեց Հռոմի Պապին։ 1997 թ. տարեսկզբին վեհափառ հայրապետը հովվապետական այցով մեկնեց ֆրանսիա և Ավստրալիա, հունիսին՝ Ավստրիա, նոյոմբերին՝ Անգլիա, 1998-ի տարեսկզբին՝ Եգիպտոս և Գերմանիա։

Արտասահմանայն այս այցելությունների ժամանակ վեհափառ հայրապետն ունեցավ հարյուրավոր հանդիպումներ՝ պետությունների մեծ մասի նախագահների ու պետական առաջին դեմքերի, քույր եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչների, հայ համայնքների հոգևոր առաջնորդների, քաղաքական, մշակութաին գործիչների, գործարարների, հայկական բազմազան կազմակերպությունների ղեկավարների, ուսանողության, աշակերտության և, ընդհանրապես, սփյուռքահայ հասարակության բոլոր խավերի հազարավոր մարդկան հետ։

Ընդունելությունների առումով պակաս հագեցած չէ վեհափառ հայրապետի առօրյան նաև Մայր Աթոռում, ուր նրան են այցելում Հայաստան եկող գրեթե պաշտոնական բոլոր պատվիրակությունները, զանազան երկրների նախագահներ, դեսպաններ, նախարարներ, քույր եկեղեցիների առաջնորդներ (ինչպես օրինակ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը, Ռումին եկեղեցու պատրիարքը), սփյուռքահայ ուխտավորներ, մտավորականներ և այլք։

Հավատարիմ մնալով այսուհետ որպես «պետական ազգ» ապրելու և գործելու իր իսկ հորդորին՝ Գարեգին Ա կաթողիկոսը մշտապես սերտ հարաբերություններ է պահպանում հանրապետության ղեկավարության հետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների և եպիսկոպոսաց դասի հետ, ըստ անհրաժեշտության, այցելում ՀՀ նախագահին և վարչապետին, սերտ գործակցություն ցուցաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքներին և այլն։

Չնայած չափազանց բազմազբաղ վիճակին, վեհափառ հայրապետն անդավաճան մնալով ուսուցչի կոչմանը, դասավանդում է հոգևոր ճեմարանում, ամեն շաբաթ օր առավոտյան ժամերգության ավարտին՝ քարոզում Մայր տաճարում, անձնական օրինակով ոգևորում Մայր աթոռի միաբանության անդամներին, խրախոսում երիտասարդներին։

Վեհափառ հայրապետի ծավալած ընդարձակ գործունեության մի կարևոր ուղղությունն էլ 2001 թ. Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700 ամյակին տոնակատարության նախապատրաստումն է։ Այս կապակցությամբ ստեղծվել է Կենտրոնական հանձնախումբ՝ Գարեգին Ա կաթողիկոսի նախագահությամբ, երկրորդ նախագահն է Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա։ Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարքներն ատենապետում են կենտրոնական հանձնախումբը։ Այս հանձնախումբը Ս.Էջմիածնում պարբերաբար գումարվող խորհրդակցությունների արդյունքում ստեղծել է 11 հոգուվ կազմված գործադիր մարմին, որի ընդհանուր քարտուղարն է Մեսրոպ արքեպս. Աշճյանը։ Մշակվել է ընդարձակ ծրագիր առաջիկա մի քանի տարիների համար, որը ներառում է Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող մի շարք պատմական վանքերի նորոգում, Երևանում Ս.Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի կառուցումը, հոբելյանական շքեղ հրատարակությունների լույս ընծայում, ուխտագնացություններ, միջազգային ցուցահանդեսներ, գիտաժողովներ և այլն։ Այս տոնակատարությունը, որը վեհափառ հայրապետի բնութագրմամբ Հայոց համար պետք է դառնա երկրորդ Հոգեգալուստ, ոչ միայն պատմական փառավոր իրողության ոգեկոչումն է, այլ հայ ժողովրդի՝ Ս.Գրիգոր Լուսավորչի ժամանակ ընդւնած սրբազան ուխտի նորոգումը։

1996-ի սեպտեմբերի 8-ին Մայր Աթոռ Ս.Էջմիածնում կատարվող Մեռոնօրհնեքի ժամանակ Գարեգին Ա կաթողիկոսն այն անվանեց «վերածննդեան միւռոն»։ Խորհրդանշական է որ դրանից մեկ օր առաջ Գարեգին Ա վեհափառն արժանին մատուցելով խորհրդային շրջանի բռնության զոհ դարձած Խորեն Մուրադբեկյանին, հանդիսավոր շուքով նահատակ կաթողիկոսի աճյունը Ս.Գայանե վանքից տեղափոխվեց Մայր տաճար և ամփոփվեց իր պատշաճ տեղում։

Սրբալույս մեռոնի օրհնության ժամանակ հայոց հայրապետն իր քարոզում ասաց. «Նախազգում եմ, որ 1700 ամեակը պիտի լինի վերածննդեան մի նոր իմն ավազան մեր ժողուրդի հոգեւոր եւ ազգային վերանորոգութեան, մեր հազարամյակների պատմութեանը մէջ մի նոր դարաշրջանի կերտմանը համար։ Ահա թե ինչու մեր նոր անկախութեան այս առաջին հանգամեակին, տարւում եմ 20-րդ դարի այս վերջին Միւռոնօրհնէքը ձօնելու մեր Հայաստան աշխարհում քրիստոնէութեան որպէս պետական կրօն ճամաչման, մեր քրիստոնահիմն և առաքելաշավիղ եկեղեցու պաշտօնական հիմնադրութեան 1700 ամեակին եւ այն կոչելու «Վերածննդեան Միւռոն»։

1998 թ. ապրիլի 9-ին հախագահական լիազորություններն ստանձնելու երդման արարողության ժամանակ Գարեգին Ա վեհափառ հայրապետի օրհնությունը ստացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ավարտին է մոտենում 20-րդ դարը, ավարտին է մոտենում հազարամյակը և հայ ժողովուրդն ի՛ Հայաստան և ի՛ սփյուռս աշխարհի, ամուր պահելով նախնյաց սուրբ ավանդները, որդիաբար փարված իր Առաքելադիր մայր եկեղեցուն ու նրա մշտատրոփ սրտին՝ Սուրբ Էջմիածնին, լուսավոր հավատով է նայում երրորդ հազարամյակի արշալույսին։



Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000