www.christianity.am

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Որպես վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզը կազմվել է 1995-ի դեկտեմբերի 4-ին և ներառում է իր մեջ Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Աշոցքի ու Արթիկի նախկին վարչական շրջանների տարածքները։ Տարածությունը 2681 կմ/քառ., բնակչությունը` 358 հազար, ունի 119 համայնք, 131 գյուղական բնակավայր (1997-ի հունվար)։ Մարզի մեջ են մտնում Գյումրի, Արթիկ և Մարալիկ քաղաքները։ Մարզկենտրոնն է Գյումրին։

Շիրակի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում, առավելագույն բարձրությունը 4090 մ է (Արագած լեռ)։ Մարզի մեջ է մտնում Շիրակ բնական շրջանը։ Մակերևույթն անտառազուրկ է, բնորոշ են հրաբխային կոներն ու լավային հոսքերը։ Մարզը հարուստ է շինանյութերով (փափկաքար, բազալտ, հրաբխային խարամ և այլն)։ Կլիման ցուրտ լեռնային է` արտահայտված բարձունքային գոտիականությամբ։ Այս մարզում է գտնվում Հայաստանի Հանրապետության ամենացուրտ վայրը` Պաղակն գյուղը (առավելագույն ջերմաստիճանը -46 C)։ Մարզի մեջ մտնող Աշոցքի սարահարթում է Արփի լիճը, որը 1950-ից վերածվել է ջրամբարի։ 1977-ից հրատարակվում է «Հյուսիսային Հայաստան» մարզային թերթը։ Հնում մարզի տարածքը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառի, մասամբ էլ Աշոցք գավառի մեջ։

Շիրակի մարզը մտնում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի (կազմավորվել է 1922-ին) մեջ։ Առաջնորդարանը գտնվում է Գյումրիում։

Շիրակի մարզի մեջ մտնող Կրաշեն գյուղը հիմնադրվել է 1820-25 թվականներին Կարսից ու Բասենից այստեղ փոխադրված հայերի կողմից։

Ահա և Ջաջուռը։ Այս գյուղի բնակիչների նախնիները եկել են Խնուսից, 1828-29 թվականներին։ Այս գյուղից 1.5 կմ հեռավորության վրա է Ջաջուռի լեռնացքը, Շիրակի և Փամբակի լեռնաշղթաների միացման վայրում 1952 մ բարձրության վրա։ Այս լեռնանցքով է անցնում Գյումրի-Վանաձոր խճուղին, թունելով` Երևան-Թբիլիսի երկաթուղին։ Ջաջուռում է ծնվել մեծատաղանդ նկարիչ Մինաս Ավետիսյանը, այստեղ է նրա տուն-թանգարանը։ Ջաջուռին հաջորդում է Շիրակ գյուղը, որը հիմնադրվել է 18-րդ դարի վերջին։ Սա կարելի է անվանել Գյումրի քաղաքի նախադուռ-մատույցը։

   

Առանձնատուն Գյումրիյում, XIX դ. վերջ

Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Հնում կոչվել է Կումայրի, մինչև 1837` Գյումրի, 1837-1924-ին` Ալեքսանդրապոլ, 1924-1990-ին` Լենինական, 1990-ից նորից Գյումրի։ Գտնվում է Շիրակի դաշտում, Ախուրյանի ձախ ափին, 1556 մ բարձրության վրա, 8-9 բալանոց երկրաշարժային գոտում։ 1988-ի դեկտեմբերի 7-ին այստեղ տեղի ունեցավ կործանարար երկրաշարժը։ Այդ ժամանակվանից քաղաքը և նրա շրջակայքը համարվեց Աղետի գոտի և ահա 9 տարի է, ինչ վերակառուցվում, վերաշինվում է։

Քաղաքի տարածությունը 36.5 կմ/քառ., բնակչությունը 210 հազար (1997-ի հունվար)։ Հեռավորությունը Երևանից 116 կմ է։ Կլիման ցամաքային է։

Կումայրի անունը ծագել է հնդեվրոպական գոմ (գոմե)-կոմ (կոմե) բառից, որը նշանակում է բնակավայր։ Գյումրին 1804-ին գրավել են ռուսները։ 1837-ին ռուսաց Նիկոլայ Առաջինը կայսրի այցելությունից հետո նրա կնոջ` Ալեքսանդրիայի անունով Գյումրին վերանվանվել է Ալեքսանդրապոլ։ 1899-ից դարձել է երկաթուղային կարևոր հանգույց։ 19-րդ դարի 60-ական թվականներից Ալեքսանդրապոլը Անդրկովկասի արհեստագործության խոշոր կենտրոններից էր։ Քաղաքում խանութներն ու արհեստանոցները դասավորված էին առանձին շարքերով` ըստ արհեստների ու առևտրի բնագավառների։ 19-րդ դարի վերջին քաղաքում կար 460 մեծ ու փոքր խանութ, 17 իջևանատուն։ Մինչև 1988-ի երկրաշարժը Գյումրիի տնտեսության առաջատար ճյուղը թեթև արդյունաբերությունն էր։ Երկրաշարժը մեծ վնաս է պատճառել Գյումրիին, ավերվել են 1960-ական թվականներից հետո կառուցված գրեթե բոլոր շինությունները։ Հիմա քաղաքը բուժում է իր վերքերը։ 1997-ի հունվարի տվյալներով քաղաքում գործում է շուրջ 50 հանրակրթական դպրոց, Գյումրիի մանկավարժական ինստիտուտը, մի քանի տեխնիկումներ, ուսումնարաններ, դրամատիկ և տիկնիկային թատրոններ, 24 գրադարան, 6 կինոթատրոն, տուն-թանգարաններ։

Այս քաղաքը հայ աշխարհաճանաչ ծանրորդների մի փայլուն բույլ է տվել, որոնցից են Վ.Միլիտոսյանը, Յ.Վարդանյանը, Ի.Միլիտոսյանը։ Գյումրիի ճարտարապետական հուշարձաններից են 7-րդ դարում կառուցված Կումայրիի քառամույթ գմբեթավոր եկեղեցին։ Գյումրին ինքնատիպ ճարտարապետություն ունեցող քաղաք է։ Այստեղ շատ են հնամենի հայկական ճարտարապետական կառույցները` եկեղեցիներ, առանձնատներ և այլն։ Քաղաքի տեսարժան վայրերից է Մայր Հայաստան հուշարձանը (կափածո պղինձ, բազալտ), Ավետիք Իսահակյանի հուշարձանը (բրոնզ, գրանիտ)։ 1921-ին հիմնադրվել է նկարչական ստուդիան (այժմ` Գյումրիի Գեղարվեստի դպրոց), 1930-ին Գյումրիի երկրագիտական թանգարանը, 1987-ին` Ասլամազյան քույրերի թանգարանը։ Գյումրիում ապրում ու ստեղծագործում էին 80 նկարիչ։

Գյումրին հայկական աշուղական արվեստի ոստան է։ Այս քաղաքում են ապրել ու գործել Ջամալին, Խայաթը, Ջիվանին, Շերամը և ուրիշներ։ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան 1912-ին առաջին անգամ բեմադրվել է այստեղ։ Գյումրին նաև թատերական քաղաք է։ Այստեղի բեմերում խաղացել են վերջին հարյուրամյակի հայ բեմի գրեթե բոլոր աստղերը։ Գյումրին տվել է գիտության, մշակույթի ու գրականության բազում նշանավոր դեմքեր։

Հայկական ազգային ու եկեղեցական բոլոր տոները նշանավորվել են մեծ ու փոքր ուխտագնացություններով, հնամենի սովորությունների կրկնություններով, մարզական խաղերով, երաժշտությամբ։ Այդ սովորությունների մեջ սրբացել է ծուխ ծխանին։

Մեր ժամանակներում ոչ ոք ուշադրություն չի դարձնում խարույկներից բարձրացող սովորական ծխի վրա։ Մինչդեռ ծուխը մեր նախնիների համար սրբազան խոհրդանշան է եղել։ «Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի» գողթանական հանճարեղ տողի մեջ արտացոլվում է ոչ միայն ծուխ ծխանու, այսինք` հայրենիքի, հայրենի տան պատկերը, այլև ծխի հանդեպ հայ մարդու պաշտամունքը։

Տոնական օրերին վառվող խարույկների ծուխը, ըստ մեր հների պատկերացման, օժտված էր մարդուն որևէ բանում օգնելու զորությամբ։ Պատկերացրեք այսպիսի մի տեսարան. գյուղի կենտրոնում վառվում է տերնդեզի խարույկը. շինականները հավատում են, որ այդ խարույկի ծուխը ում արտի ուղղությամբ շարժվի ուրեմն այդ տարում մարդու արտը առատ բերք կտա։ Ոմանք էլ այդ խարույկի ծխի ուղությամբ որոշում են, որ իրենք պետք է հարսնացու բերեն այն տնից, որի ուղղությամբ շարժվում է կրակի ծուխը։

   

Ռ. Ղևոնդյան, 1998 թ.

Սիրահարված գեղջուկ պատանին այդ խարույկից վառվող մի փայտ է վերցնում, տանում իրենց տան բակը և հետևում, թե ծուխը դեպի ուր է թեքվում, դեպի իր սիրած աղջկա տու՞նը, թե մի ուրիշ կողմ։ Այդ ծխով մարդիկ կողմնորոշվում էին կենցաղային մեծ ու փոքր թնջուկներ լուծելիս։ Ճիշտ է թե սխալ` մարդկանց կողմնորոշում էր ծուխը։

Հազարամյակների խորքից եկող ծխապաշտության ավանդույթը մինչև 20-րդ դարի սկզբները պահպանվել էին Հայաստանի շատ շրջաններում։ Այդ պարզունակ գուշակության` ծխապաշտության մասին Ա. Ղլտչյանը գրել է. «Հիշենք նաև ամեն տարի փետրվարի լույս 14-ի երեկոյան կատարվող հրավառությունը, որ համատարած է ամբողջ Հայաստանում։ Դա հռչակավոր Տերնդեզն է։ Քրիստոնեության ժամանակ նրա տաճար տանելու հետ կապված այդ տոնը, դժվար չէ ասել, որ հեթանոսական է։ Մինչև այժմ էլ մնացել է մեր Մաշտոցների մեջ «հրով» (կրակով) շրջելու» սովորության արգելքը։ Հավանորեն հին ժամանակներում այդ տոնը կատարվում էր գարնանամուտին, իսկ հրավառությունը հասարակական զոհաբերության համար էր։

Մաշտոցի «հրով շրջելը» պետք է կապել մի այլ սովորության հետ։ Թվի թե գարնան գալու ուրախաբեր տոնը հրապարակական-հասարակական զոհաբերությամբ տոնելիս վառվում էր համայնական կրակարանի կրակը, որից և համայնքի յուրաքանչյուր տանուտեր (անդամ) վերցնում և տանում է մի բոցավառվող ճյուղ իր սեփական կրակարանը կպցնելու և իր տան սրբազան կրակը վերանորոգելու։ Հրապարակական այդ հրավառության հետ կապում էին նաև գուշակություններ, հատկապես նրա ծխի վեր բարձրանալու և տարածվելու եղանակները դիտելու միջոցով։ Հին այդ սովորության և կրոնական արարողության հետքերը մենք գտնում ենք դեռ այսօր էլ հայկական շատ գավառներում։ Շիրակի գյուղերում, օրինակ, հրավառության ծուխը բարձրանալիս` դեպի որ կողմը որ տարածվեց` այդ կողմի գյուղի հանդերը ընթացիկ տարում լավ, առատ բերք կունենա։ Շատերը հրավառվող երկար փայտի ձողերը վերցնում հանգցնում և տանում են հավանոցը թառ շինում, որպեսզի հավերն առատ հավկիթ ածեն. ու այդպես զանազան սովորություններ ու նախապաշարումներ, որոնք հնության մեծ կնիք են կրում իրենց վրա։

Նավասարդի տոնը բերք ստանալու համար կատարվող հրապարակական տոնն է, գարնանամուտի այդ տոնը ցանքի, այգիների բացվելու ու մշակման և այլնի առթիվ կատարվող տոնն ու առատ բերք ուղարկվող աստվածներին զոհաբերություններ անելու օրն է։

Գարնանամուտի հրավառությամբ և մեծ հանդիսով տոնելու սովորությունը շատ հին է։ Դա գտնում ենք արիական բոլոր ազգերի մոտ»։ (Ազգագրական հանդես, 14-րդ տարի, գիրք 23, Թիֆլիս, 1912, էջ 80-81, Ա.Ղլտչյան, հին հայ իրավունքը)։

Ուխտագնացության երթուղիներում խմբի անդամները կարող են ականատես լինել նման և այլ ազգայինն սովորությունների, որոնք նրան ինչոր չափով առնչվում են մեր անցյալին, մեր արմատներին։ Այդ տեսակետից Շիրակի դաշտը շատ բան է պահպանել հին դարերից ու հասցրել մեր օրերը։ Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում վերացան հեթանոսական Նավասարդյան տոնախմբությունները, որպես Նոր տարի Նավասարդը շարունակվեց նշվել, բայց արդեն նոյեմբեր ամսին, այգեկութից հետո, մասնավորապես մինչև 20 դարի սկզբները` նոյեմբերի 10-ին հաջորդող կիրակի օրը այն նշվում է Շիրակում, Արցախում և Սյունիքում։

Հայկական բոլոր տոները չեն, որ ուրախառիթ են։ Կան նաև նահատակների, մարտիրոսների օրեր, մեռելոց օրեր, բոլորովին վերջերս էլ` ազատամարտիկների օրեր։ Եկեղեցական կարևոր տոները կոչվում են նաև տաղավար (Սուրբ ծնունդ, Զատիկ, Վարդավառ, Աստվածածին, Խաչ կերած)։ Այս տոների մեջ առանձնապես մեծ ժողովրդականություն է վայելում Վարդավառը։ Այն կոչվում է նաև Քրիստոսի այլակերպություն կամ պայծառակերպություն տոն։

   

Փայլևաններ

Վարդավառ բառի ծագման, ստուգաբանության և նշանակության մասին կան մի քանի կարծիքներ, որոնք միմյանցից տարբերվում են, հիմք ունենալով տոնի բնույթը, և որ Աստծո հետ կապված լինելը, ոմանք Վարդավառը կապում են Աստղիկի, ոմանք էլ` Անահիտի, շատերն էլ` ջրհեղեղի հետ։ Ղևոնդ Ալիշանը Վարդավառ բառն արտածում է վարդ բառից և կապում է Աստղիկի տոնակատարության հետ։ Գրիգոր Ղափանցյանը գտնում է, որ Վարդավառ բառը ծագում է խեթական վարթ բառից, որը նշանակում է ջուր, և ար արմատից, որը նշանակում է լվանալ։ Կ.Վ. Մելիք-Փաշայանն իր «Անահիտ դիցուհու պաշտամունքը» գրքում վերոհիշյալ կարծիքները քննարկելուց հետո եզրակացնում է, Վարդավառ սանսկրիտերեն նշանակում է վարդ` ջուր, վառ` սրսկել, լվանալ, այսինքն` ջրասրսկում։ Այսպիսով պետք է դեն գցել այն հնացած կարծիքը, ըստ որի Վարդավառն իբր թե կապ ունի վարդի հետ։ Վարդավառի մանրամասն ուսումնասիրությունից պարզվում է, որ այն կապված է ջրի պաշտամունքի հետ։ Վարդավառը տոնվում է հուլիսի կեսերին, Զատկից 98 օր հետո։



Ախուրյանի ձորը Վահրամաբերդ գյուղի մոտ

Գյումրի-Թալին երթուղու առաջին կայանը Գետք գյուղն է, որը գտնվում է խճուղու վրա։ Եթե հին ճանապարհը շարունակեինք, ապա Գետքից հետո դուրս կգայինք Շիրակավան-Երազգավորսը, որն այժմ գտնվում է սահմանի մյուս կողմում` Թուրքիայի տարածքում։ Երազգավորսը հայ Երվանդունի արքաների հնագույն ոստաններից է։ 9 դարի վերջին դարձել է Բագրատունիների թագավորանիստը։ Երազգավորսը միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքներից մեկն է համարվում, թեկուզ երկրի գլխավոր քաղաք է եղել մի կարճ ժամանակով։ Վարդան Արևելցի պատմիչը հավաստում է, որ Սմբատ Ա. Բագրատունի արքան (890-914) Երազգավորսում կառուցել է Սուրբ Փրկիչ եկեղեցին և այստեղ էլ օծվել որպես թագավոր։ Այդ եկեղեցին, որը հայկական ճարտարապետության հրաշալիքներից էր, կանգուն է եղել մինչև 1950ական թվականները (ավերվել է միտումնավոր)։

Ուխտագնացների հաջորդ կայանը Բայանդուր գյուղն է, որին հաջորդում է Շիրակավանը։ Այն գտնվում է Ախուրյան գետի ձախ աջին, հիմնադրվել է 1976-ին, Ախուրյանի ջրամբարի տարածքում մնացած նախկին Շիրակավան գյուղը ապաբնակեցնելուց հետո։ Իմիջիայլոց ասենք, որ Ախուրյան գետը աշխարհի ամենամեծ ու սրբազան գետն է Շիրակի դաշտի բնակիչների համար։ Ախուրյանը սկիզբ է առնում Արփի լճից (2023 մ բարձրությունից), որի համար այդ լճի անունով Ախուրյանը կոչվում է Արփաչայ, Արփագետ, Արփիից սկիզբ առնող գետ։ Գյումրեցիները ասում են, որ Արփագետն իրենց արածանին է, որ բոլոր Գյումրեցիները մկրտվել են այդ սրբազան գետի ջրով։

Շիրակավանի միջով են անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղին և Երևան-Արմավիր-Գյումրի ավտոխճուղին։ Երթուղու վրա գտնվող Աղին գյուղը տարածվում է Ախուրյան գետի ձախ ափին։ Սրան հաջորդում է Հայկաձոր գյուղը, որտեղ պահպանվել է 980-985 թվականներին կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին։

Այս տարածքում, Ախուրյան գետի մյուս` աջ ափին, Թուրքիայում է գտնվում հայկական ճարտարապետական հռչակավոր հուշարձան Հոռոմոսի վանքը կամ Ղոշավանքը։ Հիմնադրվել է 10-րդ դարի առաջին կեսին Բյուզանդիայից փախած և Հայաստանում ապաստան գտած վանականների կողմից, որի համար էլ կոչվել է հոռոմների վանք, ապա սեղմվել ու դարձել Հոռոմոսի վանք։ Վանքից ոչ հեռու, Անի տանող ճանապարհին կանգուն են հաղթական կամար կոչվող դռան (ղոշեք) գմբեթավոր զույգ աշտարակները, որոնք հավանաբար, կառուցվել են 10-11-րդ դարերում, և որոնց պատճարով էլ վանքը կոչվել է նաև Ղոշավանք։ Այս վանքի համալիրի մեջ է մտնում Աշոտ Գ. Ողորմած Գագրատունի թագավորի (953-977) դամբարանը։ Հոռոմոսի վանքը եղել է Բագրատունիների արքայատոհմի հանգստարանը։ Ատրպետը իր (Ղոշա-վանք) հոդվածում գրել է. «Շիրակի ճարտարապետական կերտվածքների մեջ մի սքանչելի դիրք է բռնում Ղոշավանքը, կամ իսկապես Հոռոմոսի վանքը, որ յուր աննման ճարտարագործությամբ ոչ միայն հայերիս համար թանկագին գոհար է կազմում, այլև համաշխարհային ճարտարապետության մեջ անգամ անզուգական է իր ոճով և սքանչելի քանդակներով։

Ապա Արդպետը շարունակում է. «Ղուշավանքը ծաղկած Անիի շրջանում այնպիսի պաշտամունքի առարկա է եղել ինչպիսին ս. Մարկոսի տաճարը Վենետիկի դոժերի համար։ Ոչ միայն իր ժամանակին արժանավորապես գնահատված է եղել Ղուշավանքի ամեն մի քարը, ամեն մի քանդակը, այլ սրանից քառասուն տարի առաջ անգլիացի ճանապարհորդները, գավթի գմբեթի ութ ահավոր քարերի համար առաջարկել է նրանց կշռով ոսկի և Յովհաննես եպիսկոպոս Ռշտունին ցանկացել է ծախել, եթե Կ.Պոլսից Բարութչի-բաշիներից չստանար խիստ հրամանների հետ` ծանր հանդիմանություններ»։ Ասպետը պատմում է մի ուրիշ դիպված` կապված Ղոշավանի հանդեպ օտարերկրացիների հիացքի հետ. «Սրանից երկու տարի առաջ մի Իտալացի ճանապարհորդ Ղոշավանքի այցելությունից և ամեն բան ուսումնասիրելուց հետո, դուրս գալիս հառաչեց ու ասաց.

Եթե այս հսկա գեղարվեստական կոթողը Իտալիայում լիներ, մենք նրան թավշյա պահարանների մեջ կպահպանեինք, կարկատանները ոսկով ու փղոսկրով կը կատարեինք («Լումա», 1909, հունվար, էջ 4449)։

ՍԱՀՄԱՆԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄՈՒՄ ԱՆԻՆ Է

Ախուրյան գետի ձախ ափին երևում են Անի մայրաքաղաքի ավերակները։ Նախընտրելի է, որ ուխտագնացների խումբը նախապես թույլտվություն ձեռք բերեր, թեքեր ճանապարհը և մտնելով Թուրքիայի տարածքը, այցելեր ավերակված Անի։ Ղևոնդ Ալիշանն ասում է, որ մեր հները Անի քաղաքը նվիրել են Անահիտ աստվածուհուն։ Անին առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարում, որպես Կամսարականների ամրոց։ 8-րդ դարի սկզբին իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը գնել է այս ամրոցը և այն դարձրել Բագրատունիների տիրույթը։ Հետագայում, 961 թվականին Բագրատունիների արքունիքը Կարսից փոխադրվել է Անի և այն հռչակվել որպես Հայաստանի մայրաքաղաք։ Հայ ճարտարապետական հանճարը Անիում փայլատակել է 10-11-րդ դարերում։ 11-րդ դարի առաջին կեսին իր ճարտարապետությամբ Անին համարել են աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից։ Այդ պատճառով էլ առած է դարձել հետևյալ խոսքը. «Հայոց բոլոր քաղաքները մարդիկ են կառուցել, իսկ Անին` Աստված ու մարդիկ»։



Անիի Մայր տաճարը, 980 - 1001 թթ.

Անին բարգավաճել է հատկապես Գագիկ Առաջին Բագրատունու թագավորության տարիներին (989-1020)։ Քաղաքի հրաշակերտ շինություններից շատերի կառուցողը հանճարեղ ճարտարապետ Տրդատն է։ Անին հայ գիտության և մշակույթի նշանավոր կենտրոն էր։ Անիում բոլոր կառույցներն էլ գեղեցիկ էին։ Նույնիսկ սովորական կուղպակ-խանութները, արհեստավորած ու բնակելի տները գեղեցիկ տեսք ունեին։ Անեցիները չէին հանդուրժի այնպիսի շինություն, որը աղարտեր մայրաքաղաքի դիմագիծը։ Անիի ճարտարապետության բազմահմուտ ուսումնասիրող Թորոս Թորամանյանը գրել է. «Անիի մեջ ամենահասարակ տներու դռների և օջախների վրա փորագրված զմայլելի քանդակագործությունները ցույց կուտան, որ այնտեղ իշխաններու և ազնվականներու միայն հատուկ չէր տենչը դեպի գեղարվեստը, ամեն դասի ժողովուրդ վարակված էր անոր սիրով» («Գեղարվեստ» երկշաբաթաթերթ, 1991, մայիսի 16-31)։

Իր լավ օրերին Անին եղել է համահայկական մեծ զվարճավայր։ Մեծ տոնախմբությունների ժամանակ այստեղ միանգամից ելույթ էին ունենում 40-ից ավելի լարախաղացներ։ Այս փառահեղ քաղաքը հիմա հայոց կառուցողական հանճարի ավերված մի թանգարան է։

Յ.Ք. երկրորդ հազարամյակը սկսվել է հայկական հանճարի փայլատակումով։ Հազարամյակի սկզբին օծվել է հայ ճարտարապետության հրաշալիքներից մեկը` Անիի Մայր տաճարը (Սուրբ Աստվածածին)։ Հայ գրականությունը փայլատակել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմով, որը գրվել է 1001-1003 թվականներին։

Անիից ետ դառնանք ու մտնենք ուխտագնացության մայրուղին։ Ճանապարհը մեզ տանում է Անիպեմզա քաղաքը, որը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին։ Անիպեմզան հայկական պերճ շինաքարի` վարդագույն տուֆի նշանավոր ոստանն է, խոշորագույն հանքավայր, որտեղ գործում է «Անիպեմզա» կոմբինատը։ Անիպեմզայի եզրին Երերույք պատմական գյուղն է (այժմ` անմարդաբնակ), որտեղ պահպանվել են 4-5-րդ դարերում կառուցված հայկական եռանավ բազիլիկ տիպի եկեղեցին։ Մասնագետներն այս բազիլիկը համարում են քրիստոնեական վաղ շրջանի ճարտարապետության նվաճումներից մեկը։ Անիպեմզային հաջորդում է Նոր Արթիկ գյուղը, որը հիմնադրվել է 1902 թվականին։ Նոր Արթիկից անցնում ենք Սուսեր գյուղը, Սուսերից` Ցամաքասար գյուղը, որի այժմյան բնակիչների նախնիները այստեղ են տեղափոխվել Տարոնից։ Այս գյուղի շրջակայքում պահպանվել են վաղնջական ժամանակների դամբարաններ։ Ցամաքասարին հաջորդում է Զարնջա գյուղը, որի հյուսիսային մասում է 7-րդ դարում կառուցված Սուրբ Խաչ քառակոնք գմբեթավոր եկեղեցին։

Զարնջայից ճանապարհը մեզ հասցնում է Մաստարա մեծ գյուղը, որի բնակիչների նախնիները եկել և այստեղ բնակություն են հաստատել Ալաշկերտից և Մուշից 1809 թվականին։ Մաստարա գյուղը գտնվում է պատմական Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Մազդարա բնակավայրի տարածքում։ Հնում այստեղով էր անցնում Արքունի պողոտան, որտեղ եղել է Արքունի իջևանատունը։ Մաստարայում պահպանված հնագիտական հուշարձանները հավաստում են, որ սա միջնադարում եղել է նշանավոր բնակավայր։ Գյուղում կան մի քանի մատուռներ։ Նշանավոր է հատկապես Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը համարվում է միջնադարյան Հայաստանի վաղեմի ու ամենակատարյալ կառույցներից մեկը։

Երթուղին մեզ տանում է Թալին քաղաքը, որը գտնվում է Արագածի լանջին, Արտենի լեռան մոտ։ Երևանից հեռու է 66 կմ։ Հին բնակավայր է։ 2-րդ դարում հույն աշխարհագիր Պտղոմեոսը հիշատակել է Թալինա ձևով։ 7-10-րդ դարերում հիշվում է որպես բազմամարդ գյուղաքաղաք։ Թալինի ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են 7-րդ դարում կառուցված կաթողիկե եկեղեցին և Ներսես Կամսարականի եկեղեցին։ Թալինից 6 կմ հյուսիս-արևելք Արագած լեռան լանջին Ակունք գյուղն է, որտեղ պահպանվել է Թուխ Մանուկ մատուռը։

Այդ անունով մատուռներ շատ կան Հայաստանում։ Այդ անվան մեջ քրիստոնեության պատմության հնամենի ծալքեր կան։ Հայկական առաջին հանրագիտարանի 4-րդ հատորում (Ե., 1978, էջ 231) գրված է. «ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ, մատուռանման կամ գերեզմանաձև շինություններ, սրբավայր-ուխտատեղեր` կառուցված բարձունքների վրա, ջրերի ակունքների մոտ, կամ ծառաստաններում։ 19-րդ դարից սկսած արձանագրվել են Հայաստանի համարյա բոլոր բնակավայրեում։ Սովետական Հայաստանի տարբեր շրջաններում կան տասնյակ Թուխ Մանուկներ։ «Սուրբ և բուժիչ» են համարվել դրանց շրջապատի ջրերը, ծառերը։ Ամեն շաբաթ երեկո ծեր կանայք խունկ ու մոմով այցելել են Թուխ Մանուկներին։ Տարվա մեջ եղել են հատուկ տոներ` երգ ու պարով, մրցույթ-վարժություններով, կերուխումներով։ Որոշ հետազոտողներ այդ ամենը կապել են հեթանոսական պատկերացումների հետ, ոմանք` քրիստոնեական։

Դրանք այն երևակայական նախնիներն են, որոնց օրինակով դաստիարակվել են պատանիները` դեռևս համայնական անդասակարգ հասարակության մեջ ստեղծված հասակային (տարիքային) դասերում։ Այդ նախնիներին նվիրվել են սրբավայրեր, ուր և հասունացած երիտասարդները ենթարկվել են մարմնական փորձությունների, վարսահատման, մկրտվել և ամուսնության ու հասարակական-արտադրական հարաբերությունների մեջ մտնելու իրավունք ստացել։ Քրիստոնեությունը սկզբնական շրջանում պայքար է մղել բոլոր այդ սովորությունների դեմ` խորտակելով Թուխ Մանուկների սրբավայրերը։ Ժողովուրդը, սակայն, ավանդության ուժով պահել է Թուխ Մանուկների կիսավեր փլատակները։ Իսկ Թորոս Թորամանյանը գրում է, որ հեթանոսական շրջանում «հասարակաց ուխտատեղիներ եղած են այս փոքրիկ շինությունները անցնելով քրիստոնեական շրջանի, միևնույն անուններով շարունակել են պահել իրենց գոյությունը և առհասարակ անվանել են Թուխ Մանուկ։ Թուխ Մանուկները յուրաքանչյուր գյուղի մեջ հաճախ ունեն իրենց ուխտի օրերը, որի ժամանակ հավաքվում են բազմաթիվ ուխտավորներ, առատ նվերներ են տալիս այդ մատուռը կառավարող կղերին, իրենք ևս զվարճանում են կերուխումով, նվագարաններով, պարերով (Թ.Թորամանյան, հայկական ճարտարապետություն, հ.2, էջ 43)։

   



Մաստարայի Սբ. Հովհաննես եկեղեցին, VI դ.

Մի հանգամանալից ուսումնասիրության մեջ Ա.Մնացականյանը քննության է առնում մինչ այդ Թուխ Մանուկների մասին եղած տեսակներն ու կարծիքները։ Ճարտարապետական առումով, գրում է Ա.Մնացականյանը, Թուխ Մանուկները հիմնականում եղել են մատուռանման կառույցներ, իսկ երբեմն էլ գերեզմանաձև փոքրիկ շինություններ («Պատմա-բանասիրական հանդեսի» 1976-ի համար 2-ում, էջ 190)։

Բայց նախ պետք է իմանալ, թե ինչ է նշանակում մատուռ։ Հայերեն մատուռ բառն առաջացել Մարտիրոս բառից, իսկ մարտիրոս հունարեն բառ է, որը նշանակում է վկա, նահատակ։ Մարտիրոս էին կոչվում Քրիստոսի անվան համար կամ քրիստոնեությունը չուրանալու պատճառով նահատակված մարդիկ, որոնց գերեզմանները հունարեն կոչվում են մարտիրոն, որից և առաջացել է հայերեն մատուռ բառը։

Ինչպես տեսնում եք մատուռ բառի ստուգաբանությունը ճշգրտված է։ Նույնը չի կարելի ասել Թուխ Մանուկ բառի մասին։ Հրաչյա Աճառյանը գրում է, որ այդ բառը կազմված է հայերեն թուխ և մանուկ բառերից և նշանակում է «նոր հայտնված կամ անանուն սրբի գերեզման, որի վրա մի փոքրիկ տնակ են շինում` իբրև ուխտատեղի։ Կրճատ ձևն է թուխման։ Գործածական է եղել ԺԵ-ԺԸ դարերում (Հր.Աճարյան, հայոց անձնանունների բառարան, հատոր Բ, էջ 368)։

Այս ստուգաբանության մեջ ինչ-որ բան պակասում է։ Մ.Միրախորյանը գրում է, թե Թուխ Մանուկները «որ դարեն կու գան և ինչ անցքեր տեսաց են` կը մնան անծանոթ տակավին. դոքա տեղացի հայոց մասնավոր ուխտատեղիներ են, մանավանդ իգական սեռի համար, որ ամեն շաբաթ երեկոներն անմոռաց, խունկ, մոմ և ոմամք-ձետ… հետերնին առնելով` կը տանին հոն տեղերը ու կը վառեն և կը ծխեն կուրծքի տակից մրմնջելով. «Աստված ողորմի մեր նախնյաց հոգվոյն» (Ա.Մնացականյան, էջ 190)։

Դ.Խաչկոնցը Թուխ Մանուկների պաշտամունքը կապում է ջրի պաշտամունքի հետ։ Թ.Թորամանյանը գտնում է, որ Թուխ Մանուկների պաշտամունքը ոչ այլ ինչ է, եթե ոչ նախաքրիստոնեական հերոս-նախնիների պաշտամունք (էջ 190)։

Շատ հավանական է, որ Գ.Սրվանձտյանցի կարծիքը ճիշտ լինի թե նրանք զանազան ժամանակներում նահատակված քրիստոնյա մարտիրոսների արյուն թափած տեղերը լինեն։ Վերոհիշյալ ենթադրություններից Ա. Մնացականյանը ընդունելի է համարում Թ.Թորամանյանի կարծիքը. «Հասարակաց ուխտատեղիներ եղած են այս փոքր շինությունները և անցնելով քրիստոնեության շրջանի միևնույն կոչումներով շարունակել են պահել իրենց գոյությունը և առհասարակ անվանվել են Թուխ Մանուկ» (Թ.Թորամանյան., նյութեր հայկական ճարտարապետության, Ե., 1942, էջ 42)։ Առանձին ուշադրություն են գրավում Թուխ Մանուկ հուշարձանների արխայիք տեսքն ու անմխիթար վիճակը։ «Այս Թուխ Մանուկները միշտ ավերակ կը տեսնվին», գրում է Ս. Հայկունին։ Հարց է առաջանում, այսքան մեծ տարածում ունեցող, համարյա ամեն գյուղում գտնվող ամեն շաբաթ երեկո խունկ ու մոմ հարգվող, իրենց տարեկան համաժողովրդական տոներն ունեցող ուխտատեղիներն ինչու՞ են այդքան անշուք, ամենուր ավերված և փլատակի վերածված։ Ալաշկերտի Թուխ Մանուկն, օրինակ, պաշտվել է ուղղակի որպես քարակույտ։ Եվ դա այն դեպքում, երբ շրջապատի քրիստոնեական սրբարանները գտնվելիս են եղել շեն ու խնամված վիճակում։ Ենթադրելի է, որ ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ նախաքրիստոնեական սրբավայրեր են եղել և հալածվել ու ավերակվել են քրիստոնեության կողմից (էջ 191)։

Թուխ Մանուկների մասին գրող հեղինակները միաբերան վկայում են, որ նրանց մեծարողները կանայք են հատկապես տարիքավորները։ Նրանցից ոչ մեկը չի վկայում, թե Թուխ Մանուկներին ծառայել են հոգևորականներ կամ պաշտոնական եկեղեցու այլ ներկայացուցիչներ։ Դա ևս խոսում է նրա ոչ քրիստոնեական բնույթի ու ծագման մասին։ Հետաքրքրական է նաև այն, որ քրիստոնեական ազգային և միջազգային սրբերի ցանկում իսպառ գոյություն չունի Թուխ Մանուկ անունով սուրբ կամ սրբություն (էջ 191)։

Թուխ նշանակում է սև, իսկ Մանուկ` մանուկ կամ երիտասարդ։ Ուշադիր քննությունը ցույց է տալիս, որ այստեղ մանուկ բառը ունեցել Է ԿՏՐԻՃ, ՔԱՋ, ԱՐԻ, ՃԱՐՏԱՐ իմաստը։ Եվ հենց այդ իմաստով էլ այն ընկալված է Թուխ Մանուկ դարձվածքում։ Հետևապես այստեղ կարևորը ոչ այնքան թուխ հասկացությունն է, որքան մանուկը (էջ 192)։

Նախնադարյան համայնական հասարակությունից մինչև ուշ միջնադար եղել են հասակային (տարիքային) դասեր։ Հնում երիտասարդությունը դաստիրակվել է հատուկ եղանակով և հետո միայն կյանք մտել որպես հասարակության լիարժեք անդամ։ Գոյություն են ունեցել կրոնա-սոցիալական, տոհմա-ցեղային սրբություններ, հերոս նախնիների դիցաբանական կերպարներ, որոնց օրինակներով էլ մշակված են եղել երիտասարդերի դաստիարակության եղանակները։ Առանձին տեղ են գրավել ռազմա-մարմնամարզական վարժությունները, ըմբշամարտը, վազքը, նետաձգությունը, և առհասարակ, այն ամենը ինչ կարող էր նպաստել առավել ու ուժեղ, առողջ ու հնարամիտ սերունդ դաստիարակելու գործին։ Փաստերը ցույց են տալիս, որ հայ իրականության մեջ երիտասարդական միությունները կամ կտրիճվորաց եղբայրությունները, իրոք, փոփոխվելով, հարատևել ու պահպանվել են նաև միջնադարում (էջ 194)։

Այստեղից հասկանալի է, թե ինչու առհասարակ այդ կտրիճ մանուկները կոչվել են Թուխ Մանուկներ։ Այստեղ Թուխ բառով ընդգծվել է նրանց վարսերի սևությունը, ուստի Թուխ Մանուկ նշանակում է սևավարս կամ սև մազերով մանուկ (էջ 195)։ Հայտնի է, որ քրիստոնեությունը հին տոները փոխարինում էր նոր տոներով։ Ուստի հիմք կա մտածելու, որ Թուխ Մանուկներին նվիրված տոները հետո հատկացվել են Աստվածածնին։ Այս առումով ուշագրավ է Ս.Հայկունու վկայությունն այն մասին, որ Ալաշկերտի Թուխ Մանուկի տոնը տեղի է ունեցել Աստվածածնա տոնի օրը (էջ 208)։

Անփոփելով իր խոսքը, Ա.Մնացականյանը գրում է, որ ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, այնպես էլ հայ ժողովուրդը պատմական անհրաժեշտությամբ, անցյալ ժամանակներում ունեցել է հասակայնի դասեր, երիտասարդական կազմավորումներ, որոնք խոր անցյալում նպատակ են ունեցել հասարակությանը տալ լիարժեք, առողջ, խիզախ ու խելոք սերունդ։ Ժամանակի կրոնա-սոցիալական իրադրությունների համաձայն, այդ երիտասարդությունը դաստիարակվել է երևակայական հերոս նախնիների և համապատասխան աստվածությունների օրինակով, որոնք հետագայում աստիճանաբար համախմբվել են Թուխ Մանուկ անվան տակ (էջ 204)։

Թալին քաղաքից 4 կմ հեռու է Կաթնաղբյուր գյուղը, որտեղ պահպանվել են 5-7-րդ դարերի կառույցների մնացորդներ։ Կաթնաղբյուրից կարելի է ճանապարհը թեքել և մտնել Իրինդ գյուղը ու դիտել այստեղ գտնվող 7-րդ դարում կառուցված բազմախորան կենտրոնագմբեթ եկեղեցին։ Նորից մայրուղի վերադառնալով ու ճանապարհը շարունակելով մենք դուրս կգանք Ներքին Բազմաբերդ գյուղը, որի բնակիչների նախնիները 1915-ին այստեղ են եկել Սասունից ու Մուշից։ Ներքին Բազմաբերդի շրջակայքում պահպանվել են Քրիստոսի ծննդից առաջ 2-1 հազարամյակների կիկլոպյան ամրոցները։ Ներքին Բազմաբերդին հաջորդում է Արուճ գյուղը, որը հիշատակվում է 5-րդ դարից որպես արքունի ձմեռային զորակայան։ Այստեղ պահպանվել է 7-րդ դարի 60-ական թվականներին կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին, որից հարավ-արևմուտք եղել է պալատական մի շենք (մնացորդները պեղվել են 1948-51-ին)։ Ըստ պահպանված արձանագրությունների ու մատենագրական տվյալների եկեղեցին ու պալատը կառուցել են իշխան Գրիգոր Մամիկոնյանը և նրա կինը` Հեղինեն։ Եկեղեցու պատերի քանդակազարդ կամարապսակները և զվարթնոցատիպ հյուսկեն քիվերը հավաստում են, որ այս շինությունը կառուցվել է հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության սկզբունքներով։ Եկեղեցու ավագ խորանի պատվանդանի վրա յոթ մետր բարձրությամբ պատկերված է Քրիստոսը` ձախ ձեռքին հայագիր մագաղաթագալար որմնանկարը (վնասված է)։ Այդ պատկերը տեսնելը ցանկալի է ուխտագնացներին, քանզի դա բացառիկ որմնանկար է։ Նույն խորանը բոլորապատված է ականթի տերևներից, վարդյակներից, պտուղներից միահյուսված զարդագոտիով։ Պահպանվել է նկարիչ` Ստեփանոսի ստորագրությունը։ Արուճի հյուսիսային ծայրամասում` Աշտարակ-Թալին ճանապարհին պահպանվել է 13-14-րդ դարերի քարավանատան մի մասը, որը վերանորոգվել է 1960-ին։



Մարմաշենի վանքը, X - XI դդ.

Հաջորդ գյուղը Շամիրամն է, որը գտնվում է Արագած լեռան ստորոտին։ Այս բնակավայրը Աշտարակից հեռու է 23 կմ։ Սա այգեգործապտղաբուծական մեծ տնտեսություն ունեցող բնակավայր է։ Շամիրամ ու Արուճ գյուղերի շրջակայքը հարուստ է հնագիտական-ճարտարապետական հուշարձաններով։ Այստեղ պեղվել է մի հին քաղաքատեղի։ Քաղաքը կործանվել է Քրիստոսի ծննդից առաջ մոտ 9-րդ դարի վերջին կամ 8-րդ դարի սկզբին` թշնամու հարձակումների հետևանքով։ Հելլենիստական դարաշրջանում այն նորից է բնակեցվել։ Քաղաքատեղիի արևելյան անկյան արտաքին կողմում պահպանվել է ցայսօր գործող հնամենի ջրամբարը։ Շամիրամից 5 կմ հեռավորության վրա Կոշ պատմական գյուղն է։ Հնում սա կոչվել է Կուաշ կամ Կվաշ։ Քերթողահայր Մովսես Խորենացին գրում է, որ հայոց Տիրան թագավորը (339-350) կուրացվելուց և պարսկական աքսորից ազատվելուց հետո բնակվել է այս գյուղում, որը նվիրել է թոռանը` Գնելին։ Արշակ Բ արքայի դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով Տիրանը սպանվել է և թաղվել Կոշում։ Վարդան աշխարհագիրը հաղորդում է, որ Կոշում են թաղվել նաև Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։

Կոշում պահպանվել է դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆով 7-րդ դարում կառուցված Սուրբ Ստեպանոս եկեղեցին։ Գյուղի հյուսիսային կողմում, բլրի գագաթին 13-րդ դարում կառուցված Կոշի ամրոցն է` կլոր աշտարակներով։ Կոշից հարավ, հենց խճուղու եզրին կարմիր փափկաքարից կերթված խաչքար հուշարձանն է, որը կանգնեցվել է 1195-ին։ Խաչքարը, որի բարձրությունը 6, 8 մ է, ըստ արձանագրության, նվիրված է Արագածոտն գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։ Կոշին հաջորդում է Ավան գյուղը, որը գտնվում է Արագածի հարավային լանջին, Աշտարակ քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք։ Ավանում պահպանվել են 5-րդ դարի եկեղեցու ավերակները։ Ավանից մայրուղին մեզ հասցնում է Ոսկեվազ, ապա Օշականի կողքով մենք կրկին վերադառնում ենք Վաղարշապատ։

ԳԼԱՁՈՐ-ԽՈՐ ՎԻՐԱՊ

Ուխտագնացության Գլաձոր-Խոր Վիրապ երթուղին սկսվում է Գլաձորից, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզում։



Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000