ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
Որպես վարչատարածքային միավոր ՀՀ Արմավիրի մարզը կազմվել է 1995-ի դեկտեմբերի 4-ին և ներառում է իր մեջ Արմավիրի, Բաղրամյանի և Էջմիածնի նախկին վարչական շրջանների տարածքները։ Տարածությունը 1242 կմ/քառ., բնակչությունը` 316, 5 հազար, ունի 97 համայնք, 98 գյուղական բնակավայր (1997-ի հունվար)։ Մարզի մեջ են մտնում Վաղարշապատ, Արմավիր և Մեծամոր քաղաքները։ Մարզկենտրոնը Արմավիրն է։
Արմավիրի մարզը գտնվում է ՀՀ արևմտյան մասում։ Մարզի տարածքն ընդգրկում է Արարատյան գոգավորության հյուսիս-արևմտյան ձախափնյա մասը և Արագած լեռնազանգվածի հարավ-արևմտյան նախալեռնային ստորոտները։ Մարզը հարուստ է հրաբխային խարամով, փափկաքարով (տուֆով), քվարցային ավազով, կավով։ Մարզում է գտնվում «Որդան կարմիր» արքելավայրը (200 հեկտար)։
Կլիման չոր ցամաքային է` շոգ ու չոր ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով։
Գյուղատնտեսական ու արդյունաբերական մարզ է։ Այստեղ են Հայկական ատոմակայանը (Մեծամոր քաղաքի մոտ), Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, Հայաստանի ազգագրության պետական թանգարանը, «Փարաքար» օդերևութաբանական կայանը։ 1996-ից հրատարակվում է «Արմավիր» մարզային թերթը։ Հնում մարզի տարածքը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ։ Մարզի տարածքում են հայկական Երվանդունի թագավորների Արմավիր և Երվանդաշատ քաղաքները։ Այստեղ 1918 թվականի մայիսի 22-28-ին տեղի է ունեցել Սարդարապատի հերոսամարտը։
| | 
Աշոտ Երկաթ թագավորի խաչը պահարանով, 914-929 թթ. |
Արմավիրի մարզը մտնում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի (կազմավորվել է 1996-ին) մեջ։ Առաջնորդարանը գտնվում է Արմավիրում։
Ահա Էջմիածինը` համայն հայոց կաթողիկոսի նստավայրը
Վաղարշապատ քաղաքի հիմնադիր կարելի է համարել Հայոց Երվանդ Սակավակյաց թագավորի (Քրիստոսի ծննդից առաջ 6-րդ դար) դստրայր Վարդգես Մանուկին, որը Շրեշ բլրի և Արտիմեդ քաղաքի մոտ Քասաղ գետի ափին կառուցում է մի ավան և իր անունով կոչում Վարդգեսավան։ Յոթ դար հետո Հայոց Վաղարշ Ա Արշակունի արքան (117-140 թթ) պարսպապատում է այն և վերանվանում Վաղարշապատ։ 163 թվականին Արարատյան դաշտ ներխուժած հռոմեացիները քաղաքը կոչում են Կայնեպոլիս, որ նշանակում է նոր քաղաք։ Բայց այդ անունը մի տարվա կյանք էլ չի ունենում և քաղաքը շարունակում է կոչվել Վաղարշապատ։ Հայ Արշակունի թագավորների օրոք կարճ ժամանակով եղել է Հայաստանի մայրաքաղաքը, իսկ մինչև Արշակունյաց հարստության անկումը` հայոց մայրաքաղաքին փոխարինող աթոռանիստ։
Ագաթանգեղոս պատմիչը հավաստում է, որ Գրիգոր Լուսավորչին տեսիլք է երևում, ըստ որի ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ երկնքից իջնում է Վաղարշապատ և ձեռքի ոսկի ուռով (մուրճով) ցույց տալիս այն վայրը, որտեղ Հռիփսիմյանց կույսերի նահատակության պատվին պետք է կառուցել աղոթքի տունը։ Կատարելով Աստվածային ցուցումը, Գրիգոր Լուսավորիչը Տրդատ Գ Մեծ արքայի, նախարարների և հավատացյալ ժողովրդի օգնությամբ խորտակում է Սանդարամետի մեհյանը և հիմնում մայր տաճարը, որը կոչվում է Էջմիածին, որովհետև ըստ Գրիգոր Լուսավորչի այստեղ է իջնում Աստծու միածին որդին («Էջմիածին»)։ Մայր տաճարը կառուցվել է 301-303 թվականներին, մի քանի անգամ վերանորոգվել և կանգուն մնացել առայսօր։ Սա աշխարհի այն հազվագյուտ շենքերից է, որտեղ շուրջ 17 դար կյանքը շարունակվել է։ 453 թվականին Մայր աթոռը Վաղարշապատից փոխադրվում է Դվին և այլուր։
Ապա համարյա մի հազարամյակ հետո, 1441 թվականին, Մայր աթոռը վերստին հաստատվում է Վաղարշապատում, ուր գտնվում է մինչև օրս։ Հինգերորդ դարի սկզբին այստեղ է բացվել հայկական առաջին դպրոցը։ Վաղարշապատը եղել է հին Հայաստանի հոգևոր կյանքի մեծ ոստան ու ներշնչարան։ Մայր եկեղեցու անունով քաղաքը երկար ժամանակ կոչվել է նաև Էջմիածին։
1945-1995-ին պաշտոնապես կոչվել է Էջմիածին։ 1995-ի դեկտեմբերի 4-ից վերստացել է իր նախնական Վաղարշապատ անունը։ 1995-ի ապրիլի 4-ին Էջմիածնի Մայր տաճարում տեղի ունեցան Հայոց կաթողիկոսի ընտրությունները։ Ամենայն Հայոց 131-րդ ընտրվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ (որը ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս` դարձավ Գարեգին Առաջին)։
Սրբազան ուխտավայր է Վաղարշապատ քաղաքը. այստեղ են Էջմիածնի Մայր աթոռը, Էջմիածնի կաթողիկե տաճարը։
Մայր տաճարի հորինվածքը ընդօրինակվել ու տարածվել է աշխարհում։ Այդ տաճարի տիպին են պատկանում Ախենի պալատական մատուռը Գերմանիայում, Ժերմինյի դե Պրեն Ֆրանսիայում, Սան Սատիրոն Իտալիայում, Աթոս լեռան վանքերի եկեղեցիներից շատերը Հունաստանում։ Վաղարշապատ-Էջմիածինը հայկական Երուսաղեմն է։ Էջմիածնի Մայր տաճարից բացի Վաղարշապատում են գտնվում Հայկական ճարտարապետության մի շարք նշանավոր հուշարձաններ։ Առաջինը Հռիփսիմեի տաճարն է, որը կառուցել է Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը 618 թվականին, Գայանեի եկեղեցին (630 թ), Շողակաթ եկեղեցին (17-րդ դար)։ Վաղարշապատի կողքին է հայ ճարտարապետության մի այլ հրաշալիք` Զվարթնոցի տաճարը, որը կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) կաթողիկոսը 643-652 թթ.։ Գիտնականները ենթադրում են, որ Զվարթնոցը տեղում է եղել հայոց դպրության ու պերճախոսության աստված Տիրի մեհյանը։ Վաղարշապատում է գտնվում Գևորգյան ճեմարանը։ Հոգևոր բարձրագույն այս դպրոցը բացվել է 1874 թվականի սեպտեմբերի 28-ին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ, որի անունով էլ կոչվել է։ Այս ճեմարանը խոշոր դեր է կատարել հայ մշակույթի զարգացման գործում։ Վաղարշապատում է անվանի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը։
Վաղարշապատ ուխտի գնացողների ոտքը դիպչում է այն սրբազան հողին ուր պահպանվել են հայոց մեծերի` Վարդան Մամիկոնյանի, Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Եղիշեի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Դավիթ Անհաղթի ոտնատեղերը։ Մի հին զրույցի համաձայն հայոց բոլոր մեծերի ոգիները հավաքվում են Արարատյան դաշտի երկնքում և այնտեղից լսում Էջմիածնի Մայր եկեղեցու զանգերի ղողանջը։ Հայոց մեծերի ոգիները մեկ-մեկ իջնում, մոտենում են երկրին և շոյում ուխտավորների դեմքերը։ Այդ է պատճառը, որ աշխարհում ապրող բոլոր հայերը ուզում են թեկուզ մի անգամ ոտք դնել Վաղարշապատի հողին և համբուրել Մայր տաճարի քարերը։
Վաղարշապատ-Էջմիածինը սովորական հողակտոր չէ, որ քայլ անես ու անցնես, սա համամարդկային քաղաքակրթության մեծ հուշարձան է, որին շփվողը հաղորդակցվում է հազարամյակներին, հայոց պատմության ոսկեղեն էջերին, քրիստոնեական պաշտամունքի հոլովք սրբությունների։ Քրիստոնեական հավատի բոլոր սրբազան ճանապարհները տանում են դեպի Էջմիածին։ Պատահական չէ, որ գերմանացի անվանի բնագետ ու բուսաբան Ռատտեն 1971 թվականին Հայաստանում գիտական ուղևորություն կատարելուց հետո, Էջմիածինն անվանել է Հայկական Հռոմ («Բազմավեպ», 1871, էջ 253)։ Էջմիածնի Մայր տաճարն այցելողներին թվում է, թե ուր որ է որևէ անկյունից իրենց դեմ կելնի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փառահեղ կերպարանքը։ Էջմիածնի վանք ուխտի մեկնողը շատ բան է տեսնում մտովի։ Նրա արթմնի տեսլարանի մեջ երևում է պատմական նշանավոր դեմքերը։ Թվում է, թե դա ոչ թե տեսլարան է, այլ թանգարան, որ կարող է կառուցվել և վաղը տեսանելի դառնալ ոչ միայն հայությանը, այլև համայն մարդկությանը։ Դա պետք է լինի հուշարձանների մի եզակի պատկերասրահ։ Այստեղ հավատացյալներին կդիմավորեն Տեսլարանը` տեսլարան, երազանքը` երազանք, բայց հնուց մեզ հասած հուշարձանների մեջ Վաղարշապատ-Էջմիածինն ամենամեծ ու Հայկական ամենապերճ թանգարանն է։ Այստեղ են սկզբնավորվել հայոց արարչագործական մեծ թռիչքները, որոնք շարունակություն են ստացել Հայաստան աշխարհի մյուս կողմերում։ Այստեղ է ստեղծվել ոչ միայն հայկական առաջին դպրոցը, այլև Ղազար Փարպեցին 486-491 թվականներին այստեղ է հիմնադրել առաջին մատենադարանը։
4-րդ դարից սկսած Էջմիածին-Վաղարշապատը դարձել է բոլոր հայերի ամենամեծ սրբավայրը, ամենասրբազան ուխտավայրը։ Հայության համար Էջմիածինը դարձել է անփոխարինելի ներշնչարան։ Նվաճողները փորձել են «տեղաշարժել» Էջմիածինը և հայ ժողովրդին զրկել այդ հոգևոր հզոր հենարանից։ 17-րդ դարի սկզբին պարսից Շահ Աբբաս Առաջին արքան բռնագաղթեցրեց հազարավոր հայերի, ապա 1614 թվականին Էջմիածնի Մայր տաճարից տեղահանված 15 որմաքարեր, հայկական աշտանակներ, Գրիգոր Լուսավորչի Աջը և այլ նշխարներ փոխադրեց Սպահան, մտադրվելով այնտեղ Էջմիածին կառուցել, որով կարծում էր, թե կկարողանար բռնագաղթեցված հայերին կապել Պարսկաստանի հետ։
| | 
Մեռոնաեփ Էջմիածնում |
Դա չիրագործվեց և չէր էլ կարող իրագործվել, քանզի Էջմիածինը զորավոր է հայկական հողի վրա գտնվելով։
Զվարթնոց տաճարի փլատակների մոտ, VII դ.
Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը 1637 թվականին գնաց Սպահան և մեծ ջանքերի գնով 1638 Էջմիածնի սուրբ աթոռ վերադարձրեց Շահ Աբբաս Առաջինի տարած Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը և մյուս հայկական մասունքները (Սիմեոն Ա Երևանցի, Ջամբռ 1, Վաղարշապատ, 1873, էջ 22)։
Այո, Էջմիածինը եզակի է և նմանակ ունենալ չի կարող։ Էջմիածինը հայկական ոգու կրթարանն է, հայկական ոգու վերնատունը։ Էջմիածնի սրբագործ քուրայով են անցնում շատ սրբազան հղացումներ։ Էջմիածինն օգնում է, որ մշտական ավիշ ու ավյուն ստանան ազգային արմատները, ավանդություններն ու սովորույթները։
Էջմիածնի Մայր տաճարը Վաղարշապատում, 301-303 թթ.
Էջմիածնում են սրբագործվել նաև մեր ոսկեղեն մատյաններից շատերը։ Այսպես. 1991 թվականի նոյեմբերի 11-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը` ստանձնելով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի պաշտոնը, երդվեց` ձեռքը Վեհամոր Ավետարանին։
Փաստորեն, Կիլիկյան Հայաստանի թագավորների օծումից ութ հարյուր տարի հետո Հայաստանի առաջին ընտրյալ նախագահը վերականգնեց հայոց հին մի ավանդույթ. երդվել` վկա ունենալով երկաթագիր Ավետարանը։ Հնուց ի վեր հայոց երդման առաջին սրբազան վկան Ավետարանն է եղել, և այնքան մեծ է եղել նրա նշանակությունը, որ նրանով հաստատված երդումը բացարձակ վստահություն է ներշնչել։ Երդման Ավետարանի ասպարեզն ընդարձակվել է Վարդանանց պատերազմի ժամանակ։ Ավետարանը նաև ամենապատվավոր ընծան է եղել և պսակը։ Վկայություններ կան, որ Վասպուրականի Մլքե թագուհին Ավետարանով է պսակել կառուցած եկեղեցին, Հեթում Առաջինը ռոսլինյան Ավետարանով` թագավորական հարստության 40-ամյա հոբելյանը և որդու գերությունից ազատելը, Լևոն Գ թագավորն ու Կեռան թագուհին Ավետարանով են նշանավորել իրենց անդրանիկ որդու ասպետ դառնալը։
Հայերի մոտ Ավետարանից հետո երդման երկրորդ վկան խաչն է եղել։ Աշոտ Բագրատունու և նիզակակիցների երդումը կատարվել է «միջնորդությամբ Տերունական նշանի», այսինք` խաչի։ Քիչ չեն նաև փաստերը, երբ Ավետարանը և խաչը միասին են հանդես եկել` կրկնակի ամրություն հաղորդելով երդման խորհրդին։ Վեհամոր Ավետարանն այն ձեռագրերից է, որը միավորվում է երդման երկու սրբազան վկաները` Ավետարան և խաչ` սրբազան մատյանի կազմի վրա։
Վեհամոր Ավետարանն ունի 255 մագաղաթյա թերթ և մեկական մագաղաթյա պահպանակ սկզբից և վերջից։ Մագաղաթը կոշտ է և դեղնավուն, հնացած, մաշված եզրերով։ Գրչության վայրը հավանաբար Սյունյած աշխարհի Մաքենացոց հռչակավոր ուխտը պետք է ենթադրել, որտեղ 7-8-րդ դարերում ծաղկում է ապրել գրչության արվեստը և մատենագրությունը։ Հետո ձեռքից ձեռք, տեղից տեղ է անցնում, ապա մի քանի հարյուրամյակ հանգրվանում է Դաշքեսանի գավառի Բանանց (Մեծ Բանանց) գյուղում։ 1974 թվականին Բանանց գյուղի բնակչուհի Ասյա Գրիգորյանի ձեռքով Ավետարանը փոխանցվում է թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տերյանին` այն Էջմիածնի Մայր Աթոռին հանձնելու համար։
1975 թվականի հունվարի 1-ին Ավետարանը հանձնվում է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին, այսպիսի ընծայանով.
| | 
Խորան. ձեռագիր 10525։ Երևանի Մատենադարան |
«Հնաբույր, խնկաբույր, հայաբույր, Մատյանս այս նվիրում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, վասն հանգուցյալ տիրամոր` Սիրանույշ Պալճյանի խնկելի հիշատակին, որը նվիրվեց ազգին շինարար, հայրենասեր, բարի և անբիծ Հայրապետին, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Վազգեն Ա-ին»։ Մինչ այդ Ավետարանը կոչվում էր Բանանցի Ավետարան կամ Ծեր Ավետարան։ 1974 թվականից Վազգեն Առաջինի մայր Սիրանույշի, այսինքն` կաթողիկոսի մոր կամ վեհամոր անունով Ավետարանը կոչվեց Վեհամոր ավետարան։ 1975 թվականի գարնանը Մատենադարանի այն ժամանակվա տնօրեն Լևոն Խաչիկյանը, Վեհափառին այցելելուց հետո, քննության համար ձեռագրատուն է բերում Վեհամոր Ավետարանը։ Կարճ ժամանակ անց Վեհափառը շքախմբով այցելում է Մատենադարան և հանդիսավոր պայմաններում Մաշտոցի անվան ձեռագրատանը հանձնում թանկագին մասունքը` Վեհամոր Ավետարանը։
Ծանոթանալով Էջմիածին-Վաղարշապատի պատմությանն ու հոգևոր մշակույթային հուշարձաններին ուխտագնացները զինվում են ոչ միայն գիտելիքներով, հարստանում է ոչ միայն նրանց հոգևոր աշխարհը այլև նրանց էության մեջ ներարկվում է ամրության մի ոգի, որի օգնությամբ նրանք ավելի հաստատուն քայլերով կարող են անցնել իրենց կյանքի ճամփան։ Հայոց աշխարհում ապրող որևէ հայ հուսահատության գերի է դառնում, նա ճանապարհվում է դեպի Վաղարշապատ, հուսահատությունը թողնում այստեղ և կենսասիրությամբ, կյանքի դժվարությունները հաղթահարելու հաստատակամությամբ զորացած դառնում տուն։ Էջմիածին-Վաղարշապատը բոլոր ուպտագնացների հոգիներում հազար-հազար երազանք է վառում։
ՎԱՆԱՁՈՐ-ՍՊԻՏԱԿ-ԳՅՈՒՄՐԻ-ՎԱՂԱՐՇԱՊԱՏ
Ուխտագնացության այս երթուղին սկսվում է Վանաձոր քաղաքից։ Այն իր մեծությամբ Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքն է։ Գտնվում է Փամբակի և Բազումի միջլեռնային գոգավորությունում, Փամբակ գետի և նրա Տանձուտ ու Վանաձոր վտակների ափերին։ Հեռավորությունը Երևանից 115 կմ է, բնակչությունը շուրջ 200 հազար։ Վանաձորի միջով է անցնում Երևան-Թբիլիսի մայրուղին։ Քաղաքի տարածքում հայտնաբերվել են վաղ հայկական շրջանի (Քրիստոսի ծննդից առաջ 6-5-րդ դարեր) բնակատեղիներ, որոնցից են Թագավորանիստը և Մաշտոցի բլուրը։ Պահպանվել են Վանաձորում 1831-ին և 1895-ին կառուցված եկեղեցիները։ Բնակավայրի հնագույն անվանումը չի պահպանվել։ 19-րդ դարի վերջից մինչև 1935-ը կոչվել է Մեծ Ղարաքիլիսա։ Բնակավայրի թաթարական այս անունը տրվել է քաղաքի հյուսիսային կողմում 13-րդ դարում կառուցված սև քարե եկեղեցու անունից։ 1935-92-ին կոչվել է Կիրովական` ռուս խորհրդային պետական ու կուսակցական աշխատող Սերգեյ Կիրովի անունով, 1992` Վանաձոր։ Պատվական են այս ձորահովտի օդն ու ջուրը։
Վանաձորը Հայաստանի արդյունաբերական հզոր կենտրոններից է։ Քաղաքում գործում են շուրջ 30 հանրակրթական դպրոցներ, 6 երաժշտական, 1 նկարչական, 8 մարզական դպրոց, 2 միջնակարգ մասնագիտական հաստատություն, 3 տեխնիկում, մանկավարժական ինստիտուտ, դրամատիկական թատրոն, 3 կինոթատրոն, 16 գրադարան, հայրենագիտական թանգարան, կերպարվեստի պատկերասրահ, Ստեփան Զորյանի տուն-թանգարանը, 9 հիվանդանոց, 16 ամբուլատորիա և պոլիկլինիկա, 11 դեղատուն։
Վանաձորը առողջարանային քաղաք է։ Հայոց այս գեղեցկուհի ոստանը շատ է տուժել 1988-ի դեկտեմբերի 7-ի կործանարար երկրաշարժից։ Հիմա վերակառուցվում, վերաշինվում է։ Ավանդությունն ասում է, որ հայոց սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկը իր տարփածու Վահագնի հետ առաջին անգամ համբուրվել է Վանաձորի այս ձորահովտում։ Համբույրի այս սրբազան պահը հուշարձան դարձնելու նպատակով Աստղիկը մի ճերմակ շամանդաղի ծվեն է արարել, որը մարդկանց հայացքից աննկատ իջնում է այս ձորահովտում և լուսեղեն գեղեցկության փայլ հաղորդում նորածին հայուհիների մարմիններին։ Այդ շամանդաղի ծվենը ներգործում է ցայսօր և Վանաձորում մեծ մասամբ գեղեցկուհիներ են ծնվում։ Իզուր չէ, որ Մարտիրոս Սարյանը ասել է, թե սա գեղեցկուհիների քաղաք է։
Ուխտագնացության այս երթուղու առաջին հատվածը ձգվում է այսպես. Վանաձոր-Սպիտակ-Գյումրի։
Վանաձորից դուրս գալով շարժվում ենք առաջ։ Մինչև Գյումրի հասնելը երթուղին անցնում է Արջուտ-Քարաձոր-Սպիտակ-Գեղասար-Շիրակամուտ-Լուսաղբյուր-Կրաշեն-Ջաջուռ-Շիրակ բնակավայրերով։ Արջուտը գտնվում է մայրուղու կողքին, Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին։ Հաջորդ բնակավայրը Քարաձորն է, որը գտնվում է նույնանուն գետի ափին։ Այս գյուղը հիմնադրվել է 1836-ին։ Մայրուղին քարաձորից հասցնում է մեզ Սպիտակ քաղաքը։ Սպիտակից հասնում ենք Գեղասար գյուղը, որը գտնվում է Փամբակ գետի ափին։ Այս գյուղի բնակիչների նախնիները եկել են Բասենից 1826-27 թվականներին։ Գեղասար է կոչվում 1978-ից, մինչ այդ բնակավայրը կրում էր օտարահունջ Թափանլի անունը։
| | 
Էջմիածին. խաչքար ջուղայից |
Շիրակամուտ գյուղը տարածվում է Չիչկան և Փամբակ գետերի միախառնման տեղում։ Այստեղ պահպանվել է վաղնջական ժամանակների մի դամբարանադաշտ և 7-րդ դարում կառուցված Չիչկանավանքը։ Շիրակամուտին հաջորդում է Լուսաղբյուր գյուղը, ապա Կրաշենը, որով ուխտագնացության երթուղին մտնում է Շիրակի մարզ։
|