
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
Որպես վարչատարածքային միավոր ՀՀ Կոտայքի մարզը կազմվել է 1995 թվականի դեկտեմբերի 4-ին և ներառում է իր մեջ Կոտայքի, Հրազդանի և Նաիրիի նախկին վարչական շրջանների տարածքները։ Տարածությունը 2072 կմ/քառ. է, բնակչությունը 325.9 հազար, ունի 67 համայնք, 62 գյուղական բնակավայր (1997-ի հունվար)։ Մարզի մեջ են մտնում Հրազդան, Աբովյան, Բյուրեղավան, Եղվարդ, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Չարենցավան քաղաքները։ Մարզկենտրոնն է Հրազդանը։ Զարգացող արդյունաբերությամբ տնտեսական մարզ է։
Կոտայքի մարզը գտնվում է ՀՀ կենտրոնական մասում, առավելագույն բարձրությունը 3597 մետր է (Աժդահակ լեռ)։ Մարզի մեջ են մտնում Հրազդան գետի վերին ու միջին ավազանը և Մարմարիկ գետի ավազանն ամբողջությամբ։
Մարզը հարուստ է նեֆելինային սիենիտների, մարմարի, գրանիտի, քարաղի, երկաթի, հանքային շինանյութերի, հանքային (Արզնի, Բջնի, Հանքավան) ու անուշահամ (Քառասունակն) ջրերի պաշարներով։ Կան ոսկու ու պղնձի երևակումներ։
Կլիման չափավոր ցամաքային է, բարձրադիր վայրերում` լեռնատունդրային։
Հնում մարզի տարածքը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, Արագածոտն, Մազազ և Նիգ գավառների մեջ։
Կոտայքի մարզը մտնում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի (կազմավորվել է 1996-ին) մեջ։ Առաջնորդարանը գտնվում է Հրազդանում։
Եղվարդում է ծնվել Հայոց կաթողիկոս Մովսես Բ Եղվարդեցին, որը գահակալել է 574-604 թվականներին։ 592-ին Բյուզանդիայի կայսր Մորիկը ժողով է գումարել Կոստանդնուպոլսում և պահանջեց, որպեսզի հայկական եկեղեցին ընդունի քարկենդոնական դավանք։ Սակայն Մովսես Բ Եղվարդեցին մերժել է այդ առաջարկը և կտրակնանկապես հրաժարվել ենթարկվել կայսեր հրամանին, հայտարարելով. «Ես չեմ անցնի Ազատ գետը, չեմ ուտի փռան հացը և չեմ խմի ջրախառն տաք գինի» (Հայ ժողովրդի պատմություն, հատոր 2, ՀԽՍՀԳԱ, Ե., 1984, էջ 269)։
Մովսես Բ Եղվարդեցու այդ թևավոր խոսքի իմաստը հետևյալն է։ Մորիկ կայսրը չկարողանալով Մովսես Բ Եղվարդեցի կաթողիկոսին դարձնել քաղկենդոնական, անջատել է Հայոց բյուզանդական մասի եկեղեցական թեմը, հակաթոռ կաթողիկոս նշանակել Հովհաննես Բագարանցուն, որի աթոռանիստն էր Կոտայք գավառի Ավան գյուղաքաղաքը (այժմյան Երևանի Ավան թաղամասը)։ Մովսես Բ Եղվարդեցին իր խորիմաստ խոսքով հասկացրել է կայսրին, որ ինքը դուրս չի գա իր աթոռանիստ Դվինից, չի անցնի Ազատ (Գառնի), որպեսզի հասնի Ավան գյուղաքաղաքը` քաղկենդոնական ոստանը, չի ուտի փռան հացը և չի խմի ջրախառն գինի, այսինքն` չի ուտի ծիսական այն հացն ու չի խմի ջրախառն այն գինին, որ ուտում ու խմում են քաղկենդոնականները. միով բանիվ ամբողջ խոսքի իմաստն այն է, որ ինքը չի դավաճանի Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն և քաղկենդոնական չի դառնա։
Ամբերդ, X - XIII դդ.
Եղվարդից ետ ենք դառնում Աշտարակ և շարունակելով երթուղին` հասնում Ոսկեվազ, որը Աշտարակից հեռու է 3 կմ։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են մի շարք պատմական հուշարձաններ։ Աշտարակի գինու գործարանում այս գյուղի անունով արտադրվում է «Ոսկեվազ» սեղանի սպիտակ տեսակավոր գինին։
Ոսկեվազից ուխտագնացները կարող են գնալ մերձակա Աղցք գյուղը, որը գտնվում է Ամբերդ ձորի աջ լանջին։ Աղցք գյուղը պահել է մեր պատմության մի ծալք։ Գյուղում հնամենի զարդաքանդակներով մի դամբարան կա, որի մեջ ամփոփված են հեթանոս ու քրիստոնյա հայ Արշակունի թագավորների աճյունները։ Բայց ինչպես եղավ, որ այս գյուղը դարձավ թագավորական դամբարանատուն։
| | 
Աղցք. Արշակունիների դամբարանը, IV դ. |
Չորրորդ դարի կեսերին Պարսից Շապուհ Երկրորդ արքան ասպատակում է Հայոց Աշխարհը, հասնում Անի-Կամախ, բացել տալիս այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները և նրանց աճյունները լցնում կառքերի մեջ և մտադրվում փոխադրել Պարսկաստան։
Պարսիկների արածը զարմացնում էր մարդկանց։ Նրանց ինչի՞ն է պետք հայոց մեռած տիրակալների ոսկորները։ Հարցին պատասխանում է այս զրույցը մեզ ավանդող պատմիչ Փավստոս Բուզանդը։ Նա գրում է. «Որովհետև նրանք, ըստ իրենց հեթանոսական կրոնի ասում էին.«Նրա համար ենք մենք հայոց թագավորների ոսկորները մեր աշխարհը տանում, որ այս աշխարհի թագավորների փառքը, բախտն ու քաջությունը այստեղից թագավորների ոսկորների հետ մեր աշխարհը փոխադրվեն»։
Եվ ահա լուրը Հայոց աշխարհի մի ծայրից թևածում է մյուս ծայրը. Պարսիկները գերի են տանում հայոց թագավորների ոսկորները։ Հենց այդ ժամանակ քաջակորով սպարապետ Վասակ Մամիկոնյանը հայոց այրուձիով հասնում է թշնամուն և Արարատյան դաշտում մարտի բռնվում նրա հետ։ Վասակ Մամիկոնյանը հաղթում է պարսիկներին, նրանցից խլում հայոց թագավորների աճյունները և դրանք բերում ու թաղում Աղցք գյուղում։
Հայ թագավորների ոսկորների տեղափոխությունը Մովսես Խորենացին կապում է Հայոց Արշակ Բ թագավորի կողմից Արշակավան քաղաքի հիմնադրման հետ, որի պատճառով ապստամբել էին հայ նախարարները։ Խորենացին գրում է.
«Իսկ պարսից սպարապետը Հայաստան գալով նախարարների օգնությամբ առնում է Անի ամրոցը, ավարի է առնում այստեղ պահված բոլոր արքունական գանձերը, այլև թագավորների ոսկորները, չգիտեմ` Արշակի նախատինք հասցնելու նպատակով, թե որևէ հեթանոսական համայնքի համար։ Բայց հետո նախարարները խնդրեցին` հետ ստացան ոսկորները և թաղեցին Աղցք ավանում, Արագած կոչված լեռան ստորոտում։ Որովհետև նրանք չկարողացան ջոկել հեթանոսների և հավատացյալների ոսկորները, քանի որ գերողները խառնել էին իրար հետ, ուստի արժան չհամարեցին թաղել սրբերի հանգստարանում` Վաղարշապատ քաղաքում»։
Աղցք գյուղից ուխտագնացները ետ են գալիս Ոսկեվազ գյուղ, այստեղից ուղևորվում դեպի Օշական։ Օշականը գտնվում է Քասաղ գետի ափին, Աշտարակից 5 կմ հարավ-արևմուտք։ Օշականի մասին առաջինը հիշատակում է Փավստոս Բուզանդը։ Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում, Օշականը եղել Է նրանց սեփականությունը։ Հայոց Խոսրով Բ Կոտակ թագավորը 336 թվականին Օշականը ընծայել է Վահան Ամատունուն` որպես վարձատրություն նրա ցուցաբերած սխրագործությունների։ Ամատունիների նախաձեռնությամբ Օշականում է թաղվել հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը։ Թաղման օրվանից ցայսօր սրբազան ուխտավայր է Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը։ Այստեղ ուխտագնացությունն արտահայտվել ու արտահայտվում է այլազան ձևերով։
Ահա դրանցից մեկը, որը կապված է Մաշտոցի ստեղծած հայերի գրերի հանդեպ հայ ժողովրդի պաշտամունքի հետ։
************************************************************
ԱՍՔ ՕՇԱԿԱՆՑԻ ՀԱՅՈՒՀՈՒ ՈՒԽՏԻ ՄԱՍԻՆ
Օշականցի հայուհին ԱՍՏԾՈՒՑ որևէ բան է խնդրում և ուխտ անում` երդվում, այցելել Մաշտոցի գերեզմանին։ Նա իր թխած հացից վերցնում է 36 լավաշ (Մաշտոցի ստեղծած տառերի թվով, 11-րդ դարի վերջին մաշտոցյան այբուբենը Օ և Ֆ տառերով, 17-րդ դարում նաև և տառով, որով այժմյան տառերի թիվը հասել է 39-ի), գալիս կանգնում Մաշտոցի գերազմանի մոտ սկսում բաժանել անցվորներին։ Ընդ որում ամեն մեկին պիտի տար մի լավաշ, չէր կարելի 2 կամ 3-ը տալ, այլ կերպ ասաց նա պետք է 36 լավաշը նվիրեր 36 մարդու, որպեսզի իր ուխտը կատարվի։ Եթե այդ օրը 36 անցվորի չհանդիպի, ապա իր այդ օրվա ուխտագնացությունը նա կհամարեր «կուտ» և հաջորդ օրը նորից 36 լավաշ ձեռքով գցած գար գերեզմանի մոտ։ Եթե երկրորդ օրն էլ չհաջողվի 36 լավաշը բաժանել, ապա կգար երրորդ օրը, նաև` չորրորդ օրը, մի խոսքով այնքան ժամանակ կայցելեր գերեզմանին մինչև 36 լավաշը բաժաներ 36 անցվորի։
************************************************************
Օշականը մեր պատմության մեջ նշանավոր է նաև ուրիշ անցքերով։ 336 թվականին տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը, որտեղ հայկական բանակը հաղխթտել է վաչկատուն ցեղերից կազմված զորաբանակին։ Օշականի մոտ մյուս նշանավոր ճակատամարտը տեղի է ունեցել 1827 թվականի օգոստոսի 17-ին, որտեղ ռուսական զորքը հայ կամավորների աջակցությամբ հաղթել է պարսկական մեծաթիվ բանակին։ Օշական գյուղի մոտ կանգուն է այդ հաղթանակին նվիրված հուշարձան կոթողը, որը կառուցվել է 1833 թվականին։
Օշականում կանգուն է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որ 443-ին Վահան Ամատունու հիմնադրված եկեղեցու տեղում 1875-79-ին կառուցել է Գեվորգ Դ կաթողիկոսը։ Եկեղեցու խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանն է։ Օշականի նախադռանը Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ 1962-ին կանգնեցվել է մի հուշարձան (ճարդարապետ Ջիմ Թորոսյան), բացված մատյանի նմանվող երկու հուշասալեր, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է հայերեն այբուբենը։ Դա այբուբենին նվիրված առաջին և միակ հուշարձանն է։
Օշականից ուխտագնացության երթուղին հասնում է Դաշտ, ապա Շահումյան գյուղերը և մենք մոտենում ենք Վաղարշապատ քաղաքին։
Դաշտ գյուղից սկսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզը։
| | 
Հուշարձան Օշականում։ Ճարտ. Թորոսյան |
|