www.christianity.am

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

Դու, Արագած, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ` բյուրեղ վրան
Թափառական ամպերի…

                  Ա.Իսահակյան

Որպես վարչատարածքային միավոր ՀՀ Արագածոտնի մարզը կազմվել է 1995-ին և ներառում է իր մեջ Ապարանի, Աշտարակի, Արագածի և Թալինի նախկին վարչական շրջանների տարածքները։ Տարածությունը 2753 կմ/քառ. է, բնակչությունը` 162,5 հազար, ունի 115 համայնք, 121 գյուղական բնակավայր (1997 հունվար)։ Մարզի մեջ են մտնում Ապարան, Թալին և Աշտարակ քաղաքները։ Մարզկենտրոնն է Աշտարակը։ Արագածոտնի մարզը գտնվում է ՀՀ արևմտյան մասում, ուր առավելագույն բարձրությունը 4090 մետր է (Արագած լեռ)։ Մարզի մեջ են մտնում Արագած լեռնազանգվածի հյուսիս-արևելյան, հարավային, հարավ-արևմտյան լանջերն ու ստորոտները։

Հնում մարզի տարածքը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն ու Նիգ գավառների և Շիրակ գավառի մի մասի մեջ։

Մարզը հարուստ է բազալտի, փափկաքարի (տուֆի), պեռլիտի, հրաբխային խարամի, պեմզայի ու անուշահամ ջրերի պաշարներով։

Կլիման չոր ցամաքային է, բարձրադիր վայրերում` լեռնատունդրային։ Ձմեռը երկարատև է` կայուն ձնածածկով։

Արագածոտնի մարզը մտնում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի (կազմավորվել է 1996-ին) մեջ։ Առաջնորդարանը գտնվում է ՕՀոշականում։ Մենք անցնում ենք Նիգավան գյուղով, որը գտնվում է Արագած լեռան ստորոտին, Ապարան քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։

   

Աշտարակ, Սբ. Սարգիս մատուռը, XIII դ.

Նիգավանից ճանապարհը տանումէ Ապարան։ Այն Երևանից հեռու է 59 կմ։ Տարածվում է Քասաղ գետի վերին ավազանում։ Հնամենի բնակավայր է, հիշատակվում է երկրորդ դարից։ Պտղոմեոսը Ապարանն անվանում է Կասալա, Զաքարիա պատմիչը` Քասաղ։ Եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Նիգ գավառի կենտրոնը։ 1918 թվականին Ապարանի հայերը մարտընչել են Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերում։ Ապարանի հյուսիս-արևմտյան եզրին հայրենիքի ազատագրության համար մարտերում զոհվածների հիշատակը հավերժացնող Վերածնունդ հուշարձանն է (1979), որի հեղինակն է ճարտարապետ Րաֆայել Իսրաելյանը։ Այս հուշարձանը ապարանցինների համար յուրովի ուխտավայր է։

Ապարանից հետո երթուղու հաջորդ կայանը Քուչակ գյուղն է, որը գտնվում է Արագած լեռան ստորոտին, և Ապարան քաղաքից հեռու է 10 կմ։ Այս գյուղի միջով է անցնում Երևան-Աշտարակ-Ապարան խճուղին։ Քուչակի բնակիչների նախնիները եկել են Մուշից, Ալաշկերտից, Բայազետից 1829-1830 թվականներին։ Բնակավայրն այդպես է կոչվել ի պատիվ 15-16-րդ դարերի բանաստեղծ Նահապետ Քուչակի, որի արձանը կանգնեցված է այստեղ։ Քուչակից ճանապարհը տանում է Ափնագյուղ, որը գտնվում է Քասաղ գետի ձախ ափին։ Նախընտրելի է, որ ուխտագնացների խումբը դուրս գա մայրուղուց և, թեքվելով Ափնագյուղից, հասնի Քասաղ գետի ձախ ափին գտնվող Երնջատափ գյուղը, որտեղ գտնվում է (Ապարանի ջրամբարի մոտ) հայկական ճարտարապետական հուշարձաներից մեկը` Աստվածընկալ վանքը, որի հնագույն կառույց միանավ բազիլիկ եկեղեցին հիմնադրվել է 5-րդ դարում։

Ուխտագնացները պետք է Երնջատափից ետ դառնան, նորից մտնեն Ափնագյուղ, ապա ճանապարհը շարունակելով հասնեն Արտաշավան, որտեղ պահպանվել է 7-րդ դարում կառույցված խաչաձև գմբեթավոր Ամենափրկիչ եկեղեցին։ Արտաշավանից ճանապարհը մեզ հասցնում է Սաղմոսավան, որն Աշտարակ քաղաքից հեռու է 12 կմ։



Սաղմոսավանի Սաղմոսավանքը, XIII դ.

Այս գյուղում է գտնվում նշանավոր Սաղմոսավանքը, որը եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր կենտրոններից մեկը։ Կառուցվել է թխաթուր փափկաքարից (տուֆից)։ Ճարտապապետական այս համալիրի ամենահին հուշարձանը Սուրբ Սիոն եկեղեցին է, որը կառուցել է Վաչե Վաչուտթյանը իԻշխանը 1215 թվականին։ 1255-ին համալիրի մեջ մտնող Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին գրատուն է կառուցվել։

Սաղմոսավանից ճանապարհը տանում է Ուշի գյուղ, որը գտնվում է Արագած լեռան հարավ-արևելյան ստորոտին, Աշտարակից 4 կմ հյուսիս։ Ուշիով է անցնում Երևան-Ապարան մայրուղին։ Ուշի կողքին մի բարձումքի վրա է Սուրբ Սարգիս վանքը, որը կառուցվել է 1203 թվականին։ Ասում են` այս վանքի հիմնափոսերում թաղված են լեգենդար հերոս Սարգսի քառասուն մասի բաժանված մասունքները։

   

Այդ Սարգսի մասին Հրաչյա Աչառյանը գրել է.

************************************************
ԱՍՔ ԼԵԳԵՆԴԱՐ ՀԵՐՈՍ ԶԱՐԱՎԱՐ ՍԱՐԳՍԻ ՄԱՍԻՆ
Սարգիսը Տրդատ թագավորի (Դ դար) զորավարն էր։ Ըստ եթովպիական առսպելական մի պատմության Տրդատ թագավորը նստում էր Թավրիզում։ Հայոց արքայի և հռոմեացիների կայսեր միջև փոխադարձ օգնության դաշինք կնքվեց։ Բարբարոսներն արշավեցին Հռոմի վրա և կայսրը խնդրեց Տրդատի օգնությունը։ Տրդատն ուղարկեց իր քառասուն դյուցազուններին, որոնց գլխավորն էր Սարգիսը։ Կայսրը ասաց նրանց. «Ես առնվազն 50 հազար զինվոր էի սպասում և ոչ թէ ձեզ, դարձեք ձեր տեղը»։ Քաջերը երդվեցին կայսեր և խոստացան բոլոր թշնամիների գլուխները բերել, բայց կայսրը չզիջեց։ Քաջերը, մտածելով, որ եթե դառնան Տրդատի մոտ, ամոթապարտ պիտի մնան նրա առաջ, դուրս եկան բարբարոսների դեմ կռվի։ Բարաբարոսների թագավորը լսեց, որ քաջերը գալիս են իր դեմ, ուղարկեց հազար ձիավոր, ապա` 2000, ապա` 10 հազար, բոլորն էլ կոտրվեցին։ Այդ ժամանակ թագավորը իր բոլոր զորքով հարձակվեց նրանց վրա։ Քաջերը ջարդեցին բոլոր բարբարոսներին և նրանց թագավորի գլուխը կտրելով բերին կայսեր առաջ։ Կայսրը հիացավ, միևնույն ժամանակ սարսափեց, թե ինչ պիտի լինի իր վիճակը, եթե պատերազմ ծագի իր և հայոց միջև։ Ուստի դավաճանությամբ խնջույք սարքեց և կոտորեց հայոց քաջերին։ Ազատվեց միայն Սարգիսը` մի կնոջ օգնությամբ և ձին աշտանակելով հասավ Հայաստան։ Տրդատը լսելով իր քաջերի մահը, սկսեց լալ ու ասաց. «Ո՞վ պիտի լուծի իմ վրեժը անիրավ կայսրից»։
- Ես, - ասաց Սարգիսը։ Տրդատն իր զորքն առավ և Սարգսի հետ արշավեց Հռոմի վրա։ Կոտորեցին հռոմեացիներին և կայսրին էլ սպանեցին։ Դարձան իրենց երկիրը, բայց Սարգիսը քուն չուներ, որովհետև իրեն միշտ խորասուզված էր զգում արյան ծովի մեջ։ Եպիսկոպոսների խորհրդով Սարգսի անվան 40 եկեղեցի շինվեց և երեք օրվա ծոմ հաստատվեց, որի վրա Սարգիսը իր հանգիստը գտավ (Հր. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր 4, էջ 402-403)։
************************************************

Հաջորդ կանգառը Օհանավան գյուղն է, որը գտնվում է Քասաղ գետի աջափանյա սարահարթի վրա, Աշտարակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք։ Օհանավանն ու նրա շրջակայքը հնամենի կոթողների եզակի թանգարան է։ Այստեղ, Քասաղ գետի կիրճի եզրին է գտնվում նշանավոր Հովհաննավանքը, որի ամենահին շինությունը կառուցվել է 5-րդ դարում, իսկ վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1216-21 թվականներին։ Այս նշանավոր եկեղեցու կառուցողները եղել են 13-րդ դարի իշխաններ` հայր ու որդի Վաչե և Քուրդ Վաչուտթյանները։ Հայ ճարտդարապետության գիտակ Անատոլի Յակոբսոնը հավաստում է, որ Հովհաննավանքի գլխավոր եկեղեցին իր ծավալա-տարածական և հատակագծային հորինվածքով 13-րդ դարի հայկական ճարտարապետության դասական օրինակներից է. արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկանի ավանդատներով գմբեթավոր կառույց է (գմբեթը կործանվել է 1918-ին)։ Փառավոր է եկեղեցու արևմտյան մուտքի հարդարանքը, որը ելիզված է ութանկյուն հյուսկեն զարդաքանդակներով, իսկ ճակատակալ քարին պատկերված է «Իմաստուն և հիմար կույսերի» առակի բովանդակությունը։

   

Հովհաննավանքը    եղել    է    գրչության նշանավոր կենտրոն։ Ըստ ավանդության Ղազար Փարպեցին այստեղ է գրել իր Պատմությունը։ 12-րդ դարում այստեղ է գործել անվանի մատենագիր Գրիգոր Տուտեորդին։ Հովհաննավանքի գրչության կենտրոնը ծաղկում է ապրել Համազասպ Մամիկոնյանի առաջնորդության տարիներին, երբ ընդօրինակվել են հայոց պատմագրերը։ 17-րդ դարում Հովհաննավանքի դպրոցի տնօորենն էր Զաքարիյա Վախարշապատցի վարդապետը, որին հաջորդել է Զաքարիա Քանաքեռցի պատմիչը։ Հովհաննավանքում ընդօրինակված Հոլովք ձեռագրերից մեզ է հասել շուրջ 20-ը, որոնք պահվում են Երևանի Մեսրոբ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Օհանավանից ճանապարհը ուխտագնացներին հասցնում է Կարբի գյուղը, որի կողքին հին Կարբիի հնավայրն է, որը հիշատակվում է 7-րդ դարից։

   

Օհանավանի Հովհանավանքը, V - XIII դդ.

13-14-րդ դարերում պատմիչներն այս բնակավայրն անվանել են գյուղաքաղաք։ Կարբիի նշանավոր հուշարձաններից են Սուրբ Աստվածածին եկեղեցին, Ծիրանավոր, Թուխ Մանուկ, Սուրբ Կիրակի կամ Սուրբ Գևորգ եկեղեցիները (11-13-րդ դարեր)։ Կարբիին հաջորդում է Մուղնի գյուղը, որ գտնվում է Աշտարակ քաղաքից 1.5 կմ հյուսիս-արևելք և մտնում է քաղաքի շրջագծի մեջ։ Գյուղի հարավային ծայրին կանգուն է Սուրբ Գևորգ վանքը, որի հիմնափոսերում թաղված են Սուրբ Գևորգի մասունքները։ Այս վանքը հիմնադրվել է Էջմիածնի վանքից անմիջապես հետո, սակայն հետագա դարերում մի քանի անգամ վերաշինվել և վերակառուցվել է։ Վանքի մասին Սեդրակ Բարխուդարյանը գրում է. «Աշտարակի շրջանի Մուղնի գյուղում մինչև օրս էլ կանգուն է 17-րդ դարի եկեղեցական ճարտարապետության լավագույն ոճով շինված մի եկեղեցի և նրա արևմուտքում` գավիթ։ Այս եկեղեցու վայրում եղել են ավելի հնում կառուցված շենքեր, որոնք մի քանի անգամ վերանորոգվելուց հետո Հովհաննես վրդապետը հին մնացորդները քանդեց և նրանց վայրում շինեց չորս մույթերի վրա կանգնած մի գեղեցիկ եկեղեցի և գավիթ։ Հիմնադրված է 1664 թվին և ավարտված` 1669 թվականին» (Ս. Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963, էջ 114)։

Մուղնու «վանքի քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցին շինված է մաքուր տաշած սև ու կարմիր տուֆից… Եկեղեցու արդաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմագունությունը` սև և դեղնակարմարվուն տուֆի օգտագործումով» (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, էջ 78)։



Մուղնիի, Սբ. Գևորգ եկեղեցին, XIV դ.

Ահա և Աշտարակ քաղաքը, Արագածոտնի մարզկենտրոնը, որ տարածվում է Քասաղ գետի ափերին։ Երևանից հեռու է 20 կմ։ Հիշատակվում է 9-րդ դարից։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ։

Աշտարակում են Պերճ Պռոշյանի, Գրիգոր Ղափանցյանի և Նորայր Միասակյանի տուն-թանգարանները, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի էլեկտրոնիկայի և ֆիզիկական հետազոտությունների գիտահետազոտական ինստիտուտները։ Այս քաղաքում են ծնվել հայ երևելիներ Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսը, Պերճ Պռոշյանը, Սմբատ Շահազիզը, Գրիգոր Ղափանցյանը, Նորայր Միսակյանը։ Աշտարակի հնամենի հուշարձաններից են Քասաղ ձորի քարանձավները, Ականատեսի առու ջրանցքը։ Այստեղ պահպանվել են նշանավոր Ծիրանավոր (5-րդ դար), Կարմրավոր (7-րդ դար), Սպիտակավոր (13-14-րդ դարեր) եկեղեցիները, Սուրբ Սարգիս (13-րդ դար) և Թուխ Մանուկ մատուռները (13-րդ դար), Ս. Մարինե եկեղեցին (1281 քվականին)։

Աշտարակի հիշարժան պատմական վայրերից է Պատռելական բլուրը, որի վրա անցյալում հավաքվում էին աշտարակցիները, զվարճանում նշանավոր տոներին և այդտեղից դիտում ձորում, Քասաղ գետի մեջ Աշտարակի կտրիճ տղաների ձուկ որսալու արարողությունը։ Այդ սովորությունը, որը եղել է յուրովի ուխտագնացություն, աշտարակեցիները բերել են հին-հին ժամանակներից.

   

Աշտարակի Կարմրավոր եկեղեցին, VII դ.

******************************************************
ՁՈՒԿ ՈՐՍԱԼՈՒ ՏՈՆԸ
Տարվա մեջ մի օր ամբողջ Աշտարակը, մեծից մինչև փոքրը, դուրս է գալիս ձուկ որսալու։ Այդ որսը դառնում է տոնակատարություն։ Զրույցն ասում է, թէ մի տարի Աշտարակում անասունների համաճարակ բռնկվեց և գրեթե բոլոր մանր ու մեծ անասունները կոտորվեցին։ Եվ ահա Աստված աշտարակեցիներին ասաց. «Ես Քասաղ գետը լցրել եմ ձկներով, որսացեք և ձուկ կերեք ինչքան ուզում եք, ձուկն ավելի համեղ է, քան անասունների միսը»։ Եվ իբր այդ ժամանակվանից էլ ձկան որսը սովորություն և ուխտագնացություն դարձավ աշտարակցիների համար։
******************************************************

Հնարավոր է նաև, որ այդ սովորությունը գալիս է վաղնջական ժամանակներից և կապված է Արա Գեղեցիկի պաշտամունքի հետ։

Աշտարակի տեսարժան վայրերից են Ձորաբաշերը, Ձորահորիկը, Վարդանաբակը, Միջնահանդը, Ոլորանը, Սևահողերը, Խոպանները և Խնթերքը, որոնց անուններով են կոչվում այդ վայրերում գցված խաղողի, ծիրանի ու դեղձի այգիները։ Աշտարակում է գտնվում Շշուխոնց Աավետարանը, որին դարեր շարունակ ուխտի են գնացել մարդիկ, հավ ու աքաղաղ մատաղ արել և հայցել նրա օգնությունը։ Այդ ավետարանն այժմ պահվում է Երևանի Մեսրոբ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռագիր N:6436)։

Համբարձման հինգշաբթի օրը աշտարակեցիները ուխտ են գնում Ծաղկավանք, որը գտնվում է Արայի սար կոչված տեղում` Քասաղ գետի ափին, ուր, ըստ ավանդության, գտնվում է Սուրբ Վառվառե կույսի գերեզմանը։

Հնամենի ուխտատեղի է նաև Աշտարակի մոտ գտնվող Ուլատիտիկ բլուրը։ Հին ավանդազրույցն այս վայրի մասին հավաստում է հետևյալը.

Հնում Ավելյաց ամսվա հինգին` օգոստոսի 10-ին, հին տոմարով` տարվան վերջին օրը, աշտարակեցի միմյանց հետ թշնամացած տոհմապետները հավաքվում էին այստեղ, հաշտվում իրար հետ և խոստանում նավասարդը դիմավորել առանց ոխի։

Աշտարակեցի նշանավոր վիպասան Պերճ Պռոշյանի «Բղդե» վեպի գլուխներից մեկը կոչվում է «Ուխտ» (Պ.Պռոշյան, երգերի ժողովածու, հատոր 2, Ե., 1953, էջ 316-320)։ Այստեղ տրվում է Բղբերդեի աղոթքը, որի մեջ բացահայտվում է 19-րդ դարի հայ ուխտավոր շինականի հոգեբանությունը։

Ահա այդ աղոթքը.

« Ով յոթն անվան տեր սուրբ Կարապետ, իմ ձեռքն է քո փեշը (քեզ եմ ապավինել), և չոքեց տեղն ու տեղը աղոթեց Բղդեն, և քո դուռն եմ եկել. քո աղբրի ջրովն աշխարհն է ցավ ու չորից պարատվում, դու բարեխոս կաց սուրբ կիզի-մատուռի առաջին, խոսք եմ տալիս` իմ ձեռքով քարը տեղը դնել, նորադռանը մի որձ ոչխար մատաղ անել։ Ամեն, ով սուրբ Հովհաննես, էսօր ես քո աղբրի ջրովն եմ լվացվում. ուխտս ուխտ լինի, ու եթե իմ առաջին կերպարանքն ստանամ, մի օր քո Հորդանան ուխտ գամ, Հորդանանի ջրովն էլ լվացվեմ։ Այս ուխտն արեց Բղդեն և գլուխը թաղեց լճակի մեջ »։



Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցին, VII դ.

Եթե ուխտագնացների խումբը համաձայնի, ապա կարելի է երթուղուց դուրս գալ, թեքվել և մտնել Եղվարդ քաղաքը, որը գտնվում է Երևանից 18 կմ հյուսիս-արևմուտք։ Սա հին բնակավայր է։ Հիշատակվում է 603 թվականից։ Այստեղ պահպանվել են մի քանի հուշարձաններ։ Եղվարդի կենտրոնում կանգնած է սուրբ Աստվածածին գեղաքանդակ եկեղեցին, որը կառուցել է Շահիկ վարդապետը 1301 թվականին։ Եղվարդը մտնում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի մեջ։



Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000