ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
Որպես վարչատարածքային միավոր ՀՀ Լոռու մարզը կազմվել է 1995-ի դեկտեմբերի 4-ին և ներառում է իր մեջ Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի ու Տաշիրի նախկին վարչական շրջանների տարածքները։ Տարածությունը 3789 կմ/քառ., բնակչությունը 392,4 հազար, ունի 113 համայնք, 130 գյուղական բնակավայր (1997-ի հունվար)։ Մարզի մեջ է մտնում Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուր և Վանաձոր քաղաքները։ Մարզկենտրոնն է Վանաձորը։ Հնում մարզի տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի մեջ։
Լոռու մարզը գտնվում է ՀՀ հյուսիսում։ Ընդգրկում է Գուգարք բնական շրջանը, որը հարուստ է բազմամետաղներով, պղնձով, շինանյութերով։ Կլիման բարեխառն է, հյուսիսային մասում` չոր մերձարևադարձային։ Տարածքում են Դեբեդ և Փամբակ գետերը։
Արդյունաբերական-գյուղատնտեսական մարզ է։ 1996-ից հրատարակվում է «Վերածնունդ» մարզային թերթը։
Լոռու մարզը մտնում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գուգարք թեմի (կազմավորվել է 1991-ին) մեջ։ Առաջնորդարանը գտնվում է Վանաձորում։
Վերջին տարիներին Հայաստանի Սպիտակ քաղաքը համաշխարհային «հռչակ» է ձեռք բերել։ Այս քաղաքի անունը որպես չափանիշ հիշվում է մոլորակի այս կամ այն մասում տեղի ունեցող երկրաշարժների առիթով։ Բանն այն է, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած կործանարար երկրաշարժը գիտության մեջ կոչվում է Սպիտակի անունով, որովհետև այդ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սպիտակը, և երկրակեղևի ցնցումներից ամենից շատ տուժել է այս քաղաքը։ Միաժամանակ այդ արհավիրքի պատճառով Սպիտակը դարձել է աշխարհի ժողովուրդների բարեկամության, համերաշխության ու գթասրտության էպիկենտրոն։ Սպիտակն այժմ վերածնունդ է ապրում, վերաշինվում է աշխարհի չորս ծակերից այստեղ հասնող բարեգործական միջոցներով։
| | 
Կարպետներով առանձնատուն Սանահինում |
Արժե պտույտ կատարել Սպիտակում և տեսնել բարեգործական նորակառույցները` դպրոցները, հիվանդանոցները, բնակելի տներն ու մյուս շինությունները։ Սպիտակ քաղաքը փռված է Փամբակ գետի և նրա Ջրաշեն վտակի ափերին։ Սպիտակով են անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղին, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհները։ Հեռավորությունը Երևանից 101 կմ է։ Հնամենի բնակավայր է։ Քաղաքի շրջակայքում կրաքարի հանքավայրեր են, որոնցից արտասովոր սպիտակություն է ճառագում։ Կրաքարի այդ սպիտակության համար քաղաքը 1949 թվականին ստացել է Սպիտակ անունը։ Հնում այս քաղաքը մտնում էր Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մեջ։
Սպիտակ քաղաքից դուրս գալով շարժվում ենք դեպի հարավ, հասնում Լեռնանցք գյուղը, որը Սպիտակից հեռու է 6 կմ։ Այս գյուղը հիմնադրվել է 1860 թվականին։
Ուխտագնացության երթուղին մտնում է Արագածոտնի Մարզ։
Սանահինի վանքը, XI - XII դդ. Օձունի եկեղեցին, VI դ.
|