www.christianity.am

ԵՐԵՎԱՆ

Տեր, դու պահե միշտ անսասան,
Դյուցազնական մայր Հայաստան,
Տուր հարատև ազատություն,
Կյանք ու արև, խաղաղություն,
Հայ դրոշով մեր պետական,
Թող միշտ ապրի ազգն հայկական։
Ամեն։

Աղոթք հայ պետականության
Վերժինե Ավազլյան ( Կիլիկիա Ե., ՀՀ ԳԱԱ 1994. էջ 250 )



Ահա մենք ոտք ենք դնում ԵՐԵՎԱՆ։

Սա Հայաստանի Հանրապետության քաղաքամայրն է, համաշխարհային քաղաքակրթության հնագույն ոստաններից մեկը։


Երևանում է գտնվում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Այրարատյան թեմի (կազմավորվել է 4-րդ դարում) առաջնորդարանը։ Այրարատյան թեմը Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու պատմական խոշորագույն թեմն է և կոչվում է Հայրապետական, որովհետև նրա առաջնորդն ի պաշտոնե Ամենայն Հայոց կաթողիկոսն է։ Հայրապետն իր բազմազբաղ հանգամանքներից թելադրված, նշանակում է փոխանորդ, որը և գործնականում ղեկավարում է թեմը։

Երևանը հավերժական Հռոմից մեծ է 29 տարով։ Հիմնադրվել է Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին Արգիշտի Առաջին թագավորի կողմից։ Քաղաքը կառուցելու մասին Արգիշտիի սեպագիր արձանագրությունը, որը Երևանի ծննդյան վկայագիրն է, պահպանվել է Երևանի հարավ-արևելյան մասում, Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև ընկած Արինբերդ բլրի վրա։ Սեպագիրը հավաստում է, որ Արգիշտին կառուցեց այս քաղաքը և կոչեց Էրեբունի, որ հետո հնչյունափոխվել է ու դարձել Երևան։ Գիտնականների մի մասը գտնում է, որ Էրեբունի նշանակում է հաղթանակ, մի մասն էլ Երևան բառը արտածում է հայերեն երևալ բառից։ 1968 թվականին հանդիսավորապես տոնվեց Երևանի հիմնադրման 2750-ամյակը։ Քրիստոսի ծննդից առաջ 7-րդ դարում Երևանի տարածքի մեջ մտնող Կարմիր բլուրի վրա կառուցվել է Թեյշեբաինի ամրոցը, որը կործանվել է Քրիստոսի ծննդից առաջ 6-րդ դարում։ Մատենագիտության մեջ Երևան անվան առաջին հիշատակությունը հանդիպում ենք 7-րդ դարում։ 1998 թվականին Երևանը դարձավ 2780 տարեկան։

Չնայած Երևանը բազում դարեր եղել է օտար նվաճողների լծի տակ, բայց միշտ պահպանել է իր հայկական դիմագիծը։ 1827-ի հոկտեմբերի 1-ին ռուսական զորքերը գրավել են Երևանը, իսկ 1828 թվականի փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրով Երևանի-Նախիջևանի խանություններն Օրդուբադի գավառը անցել են Ռուսաստանին։ Մի կարճ ժամանակով Երևանը դարձել է Ռուսական կայսրության Հայկական մարզի կենտրոնը։

Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան մասում, դեպի Գեղամա բարձրավանդակը ձգվող մի քանի բարձունքների վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից 865-1390 մետր է։ Քաղաքի միջով հոսում է Հրազդան գետը, որը սկիզբ է առնում Սևանա լճից և թափվում Արաքս գետը։

Երևանն ունի խմելու ընտիր ջուր։

Քաղաքի տարածությունը 227 կմ/քառ. է, բնակչությունը 1.3 միլիոն (1997-ի հունվար)։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք է հռչակվել 1918-ին։ 1995-ի դեկտեմբերի 4-ին ստացել է նաև ՀՀ մարզի կարգավիճակ։ Երևանն իր մեջ ներառում է Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն թաղերը։ Երևանը արդյունաբերական, գիտության ու մշակույթի խոշոր կենտրոն է։ Երկաթուղային ու ավտոճանապարհային կարևոր հանգույց է։ Օդային ուղիներով Երևան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայանը կապված է բազմաթիվ երկրների հետ։ 1981-ից գործում է Երևանի մետրոպոլիտենը, 1967-ից` Երևանի ճոպանուղին։

Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է 1919-ի մայիսի 16-ին և դարձել Հայաստանի մայր բուհը։ Այստեղ սովորում է շուրջ տասը հազար ուսանող, աշխատում են 1190 դասախոս, այդ թվում 25 ակադեմիկոս, գիտությունների 130 դոկտոր, գիտությունների 700 թեկնածու։ Մինչև այժմ համալսարանը տվել է 56 հազար շրջանավարտ։ 1943 թվականին Երևանում հիմնադրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։ Երևանում են ապրում ու գործում համաշխարհային ճանաչման արժանացած նշանավոր գիտնականներ։ 1997-ի հունվարի տվյալներով Երևանում գործում են Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, բժիշկների կատարելագործման ինստիտուտը, 12 գիտահետազոտական ինստիտուտ, 52 հիվանդանոց (ավելի քան 13 հազար մահճակալով), 104 ամբուլատոր պոլիկլինիկա։ Քաղաքում աշխատում են 9 հազար բժիշկ և շուրջ 16 հազար միջին բուժաշխատող։ 1997-ին Երևանում գործել է 216 հանրակրթական դպրոց` շուրջ 180 հազար աշակերտներով, 15 պետական բուհ` 47,5 հազար ուսանողներով։

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի մարզական խոշորագույն կառույցներն են «Հրազդան» մարզադաշտը, Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիրը, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տունը։

Երևանում լույս են տեսնում 100-ից ավելի լրագրեր ու ամսագրեր։ Առավել մեծ տարածում ունեն «Հայաստանի Հանրապետություն»,«Ազգ»,«Հայք»,«Առավոտ»,«Հայաստան»,«Երեկոյան Երևան» թերթերը։ Ռադիոն Երևանում գործում է 1926 թվականից, սփյուռքի համար` 1947 թվականից, հեռուստակենտրոնը 1957-ից։ Մայրաքաղաքի մշակույթի խոշոր կենտրոններից են Ազգային գրադարանը (6.2 միլիոն միավոր գիրք), ԵՊՀ (հիմն. 1921), ՀՀ ԳԱԱ հիմնակազմ (հիմն.1935), Երևանի քաղաքային (հիմն.1935), Խնկո Ապոր անվան մանկական (հիմն.1938) գրադարանները։ Երևանում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, որտեղ պահվում են հայ հոգևոր մշակույթի գրավոր գանձերը` հայերեն հին ձեռագրերը։ Մատենադարանում պահվում են 11 հազարից ավելի հայերեն ամբողջական ձեռագրեր։ Այս գրատունը հայ ժողովրդի հոգևոր մշակույթի ամենամեծ հարստությունն է։ Մայրաքաղաքում են գտնվում նաև Հայաստանի պատմության պետական թանգարանը, Հայաստանի արվեստի պատկերասրահը, գրականության և արվեստի թանգարանը, Երևան քաղաքի հիմնադրման` «Էրեբունի» թանգարանը, Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի և հայ մշակույթի այլ երախտավորների տուն-թանգարաններ։

Երևանն աշխարհի գեղեցիկ քաղաքներից մեկն է։ Երևանի գլխավոր հատակագիծը կազմել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը 1924 թվականին։ Այդ նախագծով քաղաքն ընդգրկել է Երևանյան գոգավորությունը` Նորքի, Քանաքեռի և Կոնդի լանջերից մինչև Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան մատույցները։ Թամանյանն օգտագործել է դեպի Մասիսներն ուղղված այդ բնական ամֆիթատրոնի գեղեցկությունը և քաղաքի շինություններին այնպիսի տեսք տվել, որ Մասիսները միշտ տեսանելի լինեն երևանցիներին, ու գլխավոր մայրուղիները «մտովի շարունակվեն» և գնան ու հենվեն հայոց տան փառահեղ հիմնասյանը` Արարատին։

Երևանից նայելիս Մասիսները հոյակապ համայնապատկեր են ներկայացնում։ Այդ տեսարանն ընբոշխնելու համար ուխտ է արել և Երևան եկել Ռուսիայի կայսր Նիկոլայ Առաջինը։ Բայց նրա ուխտը չի կատարվել։ Այդ մասին վավերագրերը հաղորդում են հետևյալը.

**************************************************
ՆԻԿՈԼԱՅ ԱՌԱՋԻՆԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ
1837 թվականի հոկտեմբերի 5-ին Ռուսիայի կայսրը գիշերում է Երևանում։ «Առավոտը շատ կանուխ արթնացավ կայսրը և մոտեցավ Զանգվի կողմը բացվող պատուհանին` Արարատի գագաթը տեսնելու համար, բայց սա ամպերի մեջ էր։ Հարկ է հիշել, որ Նիկոլայ կայսրը շատ փափագում էր տեսնել բիբլիական լեռան ձյունապատ գագաթը, ուր ըստ ավանդության հանգիստ է առած Նոյան տապանը, բայց այդ իղձը չկատարվեցավ, որովհետև բոլոր այն երեք օրերը, որ անցկացրեց թագավորը Արարատյան դաշտավայրում. եղանակը անձրևային էր և թանձր մառախուղը ծածկել էր մութն Մասիսին։
-Ես տվի իմ այցելությունը սուրբ լեռանը` Արարատին, բայց նա ծածկվեց ինձանից - ես նրան չտեսա, չգիտեմ` պիտի կարողանա ինքը տեսնել ինձ մյուս անգամ»։

( Ալեքսանդր Երիցյան «Ամենայն Հայոց կատողիկոսություն և Կովկասի հայք 19-րդ դարում» Բ գիրք, Թիֆլիս, 1895, էջ 445)։
**************************************************

Ամեն քաղաք ունի ճարտարապետական իր հրաշալիքները։ Ահա Երևանի յոթ հրաշալիքները. Օպերայի և բալետի թատրոնի շենք, Կառավարական տուն, «Արմենիա» հյուրանոց, «Արարատ» տրեստի գինու գործարանի մառանների համալիր, Մատենադարան, Մարզահամերգային համալիր, Ծիծեռնակաբերդի զբոսայգին` Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրով և Հայոց ցեղասպանության թանգարանով։ Երևանի ութերորդ հրաշալիքը կդառնա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունով մայր եկեղեցին, որը ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով կառուցվում է Երևանի կենտրոնում, «Այրարատ» կինոթատրոնի դիմացի բլրի վրա։

   

Օպերայի և բալետի թատրոնի շենքը Երևանում։ Ճարտ. Ալ. Թամանյան, 1926-1953թթ.

Տաճարը կառուցվում է ոսկեգույն փխրաքարով (տուֆով), հնարավորություն կունենա միանգամից ընդունել 1700 հավատացյալ։ Շինարարությունը կավարտվի 2001 թվականին։

Երևանը հուշարձանների քաղաք է։ Գեղաքանդակ կոթողներ են Սասունցի Դավթի (կոփածո պղինձ,1939, քանդակագործ` Ե.Քոչար), Սայաթ-Նովայի (մարմար, 1963, քանդակագործ Ա.Հարությունյան, ճարտարապետ` Է.Սարապյան), Ալեքսանդր Թամանյանի (բազալտ, 1974, քանդակագործ` Ա.Հովսեփյան, ճարտարապետ` Ս.Պետրոսյան), Երևանի հարավային մուտքը խորհրդանշող «Արծիվ` շինարար» (փխրաքար, կուփածո պղինձ,1966, ճարտարապետ Ռ.Իսրայելյան, քանդակագործ Ա.Հարությունյան), Մեսրոպ Մաշտոցի (բազալտ, 1960-68, քանդակագործ Լ.Թոքմաջյան, ճարտարապետ` Ա.Թարխանյան), Մովսես Խորենացու հուշարձանը Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքի պուրակում (քանդակագործ` Աշոտ Պողոսյան) հուշարձանները։

   

Կառավարական տունը Երևանում։ Ճարտ. Ալ. Թամանյան, 1930-ական թթ.



Մաշտոցյան Մատենադարանի շենքը Երևանում։ Ճարտ. Մ. Գրիգորյան, 1945-57 թթ.

Երևանը հայ երաժշտական մշակույթի կենտրոն է։ Այստեղ 1921-ին ստեղծվել է երաժշտական ստուդիան, 1923-ին` կոնսերվատորիան։ Բուռն զարգացում է ապրել կատարողական արվեստը։ Երաժշտական հաստատություններ են Հայֆիլհարմոնիան (հիմն. 1932.), օպերայի և բալետի թատրոնը (բացվել է 1933-ին), պետական ակադեմիական երգչախումբը, երգչախմբային ընկերությունը, ՀՀ պետհեռուստառադիոյի երաժշտական կոլեկտիվները։ Կամերային, վոկալ, գործիքային և երգեհոնային կատարման կենտրոն է կամերային երաժշտության տունը (ստեղծվել է 1977-ին), հանդիսավոր երեկոներն ու երաժշտական տոնակատարությունները տեղի են ունենում Երևանի մարզահամերգային համալիրի (1984-ից) համերգային սրահում։

Երևանում գործում են 21 երաժշտական միջնակարգ դպրոցներ, Ռ. Մելիքյանի անվան երաժշտական, Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանները։ Երևանի երաժշտական թատրոններում և համերգային դահլիճերում հաճախակի ելույթներ են ունենում արտասահմանյան նշանավոր կատարողներ։

1922-ին Երևանում բացվել է Հայաստանի առաջին պետթատրոնը (այժմ` Սունդուկյանի անվան)։ Հետագայում բացվել են մի շարք ուրիշ թատրոններ։ Երևանի ներկայիս խոշոր կինոթատրոններն են «Արարատ», «Մոսկվան», «Նաիրին», «Հայրենիքը», «Կոմիտասը», «Արագածը», «Անին»։ Երևանում գործում են «Հայֆիլմ», հեռուստատեսային կինոնկարների «Երևան», «Հայկ» կինոստուդիաները։

   

Ալ. Թամանյանի հուշարձանը Երևանում։ Քանդակագործ Ա. Հովսեփյան, 1974 թ.



«Այրարատ» կինոթատրոնի շենքը Երևանում։
Ճարտ. Ա. Թարխանյան, Ս. Խաչիկյան, Հ. Պողոսյան, 1970-1974 թթ.

Երևանը ժամանակակից հայության ամենամեծ ուխտավայրն է։ Համայն աշխարհում ապրող շուրջ 8 միլիոն հայերի համար այն միայն մայրաքաղաք չէ։ Այն ազգային ոգու մեծ ներշնչարան է։

Երկրագնդի վրա քայլող բոլոր հայկազուններից յուրաքանչյուրը իր երազանքի թելերից մեկը ոլորում է Երևանի կծիկին։ Դրա համար էլ Երևանը հայկական միասնականության, հայ թռիչքների աստվածահաճո ոստանն ու կայանն է։ Հնում այս քաղաքում ուխտագնացության վայրեր են եղել վանքերն ու եկեղեցիները. հայտնի են եղել Սուրբ Գրիգոր, Սուրբ Հակոբ, Սուրբ Հովհաննես,Գեթսեմանի,Պողոս-Պետրոս եկեղեցիները։ Դրանք հիմա չկան, քանդվել կամ ավերվել են։ Կանգուն են մնացել Ավանի Սուրբ Հովհաննես եկեղեցին (6-րդ դար), քաղաքի կենտրոնում գտնվող Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին (13-րդ դար)։ Ուշ միջնադարյան հուշարձաններից են Զորավոր եկեղեցին (կառուցել է մեծահարուստ Փանոսը 1693-ին, երկրաշարժից քանդված Սուրբ Անանիա անապատի տեղում), որին արևմուտքից հարում է Սուրբ Անանիայի դանբարանը (1889), Նորավանքի ծիրանավոր (17-րդ դար) և Կոնդի Սուրբ Հովհաննես (1710) եկեղեցիները։ Միջնադարում, իհարկե, Երևանի ամենանշանավոր ուխտատեղին Սուրբ Անանիայի անապատն էր (այժմյան Հովհանես Թումանյանի տուն-թանգարանի մերձծակայքում)։

Նորք թաղամասում է Սուրբ Աստվածածին անունով ուխտատեղին, ուր երևանցիները հաճջախում են Զատկի երկրորդ կիրակին։ Ժամանակին սա եղել է Երևանի նշանավոր ուխտատեղին։

1920 թվականից մինչև 1965 թվականը Երևանի հին ու նոր եկեղեցիները դադարեցին ուխտատեղիներ լինելուց։ Բայց ահա 1965-ին հանդիսավորապես նշվեց 1915-ի Մեծ եղեռնի 50-ամյակը և Ծիծեռնակաբերդի բարձունքին սկսեց կառուցվել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կոթողը։ 1,5 միլիոն անմեղ հայերի հիշատակը հավերժացնող այդ հուշարձանը նորօրյա սրբազան ուխտատեղի է։ Ամեն տարվա ապրիլի 24-ին այդ հուշարձանն է այցելում շուրջ մեկ միլիոն մարդ։

   

Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձանը Երևանում։ Ճարտ. Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան, 1967 թ.


ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

1988-ի փետրվարի 20-ին սկսվեց Արցախյան շարժումը և Երևանը դարձավ հզոր ցույցերի վայր։ Ազգային վերածնունդ ապրող հայության գլխավղոր հավաքկատեղին դարձավ Երևանի Թատերական հրապարակը, որտեղ առանձին օրերի հավաքվում էր շուրջ կես միլիոն մարդ։ Այդ ցույցերի մասնակիցները հոգևոր մկրտություն էին ստանում, վերագտնում իրենց ազգային արժեքները։ Դա նման էր 301 թվականի հայոց դարձին։ Եվ այդ տեսակետից թատերական հրապարակը նույն դերն էր կատարում, ինչ Արածանի գետը 1700 տարի առաջ։

    


Հիմա Թատերական հրապարակում հազվադեպ են ցույցեր լինում։ Բայց հայության համար այս հրապարակը դարձել է սրբազան ուխտավայր։ 1988-1990-ին բազում հայորդիներ են այս հրապարակում երդվել` ուխտ արել, ապա մեկնել են Հայաստանի սահմաններն ու Արցախ, մարտնչել վասն հայրենյաց և նահատակվել հայոց սրբազան հողի ազատագրության համար մղված կռիվներում։

Թատերական հրապարակի տարածքը ուխտավայր է եղել դեռևս 1000 տարի առաջ։ Երևանի օպերայի և բալետի շենքի տեղում մինչև 1920-ական թվականները այգի է եղել, որի մեջ էր Գեթսեմանի եկեղեցին` ամենահին ու ամենամեծ ուխտատեղին Երևանի տարածքում։ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը քանդել է տվել Գեթսեմանի եկեղեցին և նրա տեղում կառուցել հայ ճարտարապետության զինանշան օպերայի և բալետի թատրոնի գեղակերտ շենքը` հայոց մայրաքաղաքի առաջին հրաշալիքը։ 1988-ին նույն Գեթսեմանի եկեղեցու` այժմյան Օպերայի և բալետի թատրոնի շենքի բակը 70 տարի հետո որպես ուխտավայր վերածնունդ ապրեց։

Հիմա` 1997-ին, Երևանում մեծ ու փոքր բազում ուխտավայրեր կան, որոնք ծնունդ են ապրել Արցախյան շարժումից, թատերական հրապարակից։ Այդպիսի ուխտավայրեր են Եռաբլուրը, ուր հանգչում են Հայրենիքի ազատագրության համար զոհված ազատամարտիկները, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը, ուր հանգչում են հայոց մեծերը։ Այդ սրբազան ուխտավայրերից մեկը կապված է վաղամեռիկ բանաստեղծ Դավիթ Հովսեփյանի անվան հետ։ Այս տաղանդավոր պատանին ապրեց ընդամենը 18 տարի։ Ծնվել է Երևանում 1971 թվականի հուլիսի 1-ին, մահացել՝ 1989-ի հուլիսի 30-ին։ Դավթի մայրը արցախուհի Ստելլան է, հայրը` ալափարսեցի Արամայիս Հովսեփյանը։ Դավթին ճանաչողները միաբերան հավաստում են, որ նա եթե ապրեր` կդառնար երևելի այր։ Թողել է ընդամենը բանաստեղծությունների մի փունջ, բայց կարող էր դառնալ մեծ բանաստեղծ, նաև` մեծ գիտնական կամ պետական անվանի գործիչ։ Այդ պատանու էությունը լցված էր բուռն գործնեություն ծավալելու մեծ կարողությամբ ու փափագով։ Նա հասցրեց երկու թանգարան բացել հայրական հարկի տակ, որոնցից մեկը նվիրված էր Անդրանիկ Զորավարին, մյուսը` Հովհաննես Շիրազին։ Ահա հասցեն. Երևան-144, Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամաս, շենք 79 (նորը` 32), բնակարան 3. Անդրանիկ Զորավարի թանգարան, Հովհաննես Շիրազի թանգարան։ Դավիթ Հովսեփյանի ստեղծած այս թանգարաններն այցելում են խմբերով և անհատապես։ Դրանք սովորական թանգարանային այցելություններ չեն։ Դրանք ուխտագնացություններ են, որով հավերժացվում ու սրբացվում է Դավիթ Հովսեփյանի հիշատակը։

   
Զորավար Անդրանիկ (1865 - 1927)


Հովհաննես Շիրազ
(1915 - 1984)

ՈՒԽՏԱՎՈՐԱԿԱՆ ԵՐԳԵՐ

ՏԱՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏԻՆ


Ի յանապատե լեռանց ձայն ավետավոր հնչեաց
Կուսածին որդւոյն քարոզ կարապետ բանին հայտնեալ։
Ես ձայն բարբառո ասե անուն անեղին եղեալ.
Սա մարգարեից ըղձումն, սա առաքելոց պարծանք։
Սա ի փորձութեանց հողմոց տունկ մի անտառից շարժեալ.
Սա ետ զավետիս առ հարսն յնոյն դարձեալ և մեզ հայտնեաց։
Սա մեծ ի կանանց ծնունդս, երկրորդ Հեղիաս գոլով,
Սա ի Հերովդեե խռովեալ եդեալ ի պահեստ բանտին.
Եւ Հերովդիա խռովել ընդ հանդիմանիչ բանին.
Մի լիցի օրենս ասե, անօրեն խաբող պատրող.
Կոէածին եղբայրն քո հողանյութ` զուգեալ ընդ քեզ։
Խումբ առ խումբ հրավեր սվեալ բազմության զորաց յուրոց.
Գունդ առ գունդ ժողովեցան այգուն միաբան ի ճաշն.
Դուստր Հերոդիա եկեալ դեմս առեալ մոլեր աղջիկն.
Ի խընճոյս իջեալ աղջիկն առաջի թագաւորին։
Հերքն ծալ ի ծել առեալ նմանեալ արքայօձին.
Աչօքն ծաւալ ծըփեր ծիրանի ծովու նման.
Ուլունքն ի վերա լանջացն նմանեալ լեռանց ծաղկանց.
Եւ վարդ վառելով այտիցն, նմանեալ խայցեալ նըռանց.
Ոտնաձայն թընդյուն տաղիցն նոյն ի շարժիլ մատանցն.
Նա դարձիդարձեալ մոլեր առաջի թագաւորին.
Ճեմս առեալ ճեպեալ ճեմեր, վազըս կաքաւիւք վազեր.
Ընդ այն Հերոդես մոլեալ ընդ անձն ապաստան լիներ։
Վասն էր կատաղիս մոլիս դուստըր Հերովդիադա։
Խնդրեա դու յինեն պարգևս զգերագույն փառաց իմոց։
Դաշինս եդեալ ուխտեր զփառս իմ քեզ ի կեանս իմ տամ։
Ի մօրեն խրատեալ աղջիկն զգլուխ Յովհաննու խընդրեր։
Դու տուր ինձ այսօր պարգևս զգլուխն Յովհաննու հատմամբ։
Զայն կարապետին մեծի, զայն ձեռնադրողի Փրկչին։
Տրտմեալ Հերովդես ընդ բանսն ոչ կարաց սըտել ուխտին.
Փութով առաքեաց ի բանտն, տայր զչար խորհրդոյն պարգևս։
Եդեալ ի վերա սկուտեղ բերեալ և մատույց նվերս.
Ողբա և երկիրս այսօր, զլույսն անապատե շիջեալ։
Սա մեջ ի դժոխս քարոզ ավետարաներ զգալուստ,
Մի անհույս նընջենք մեռեալք, տեր հաղթեց մահու խաչյուն,
Եւ մեզ հարություն շնորհեաց զյուր զողորմութեան շնորսն,
Քեզ փառք վայելե Փրկիչ, այժմ և հավիտեանս, ամեն։

«Բազմավեպ» հանդես, 1851-ի դեկտեմբեր, էջ 343-344



Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000