www.christianity.am

Հայկական Լեռնաշխարհ

Հայ ժողովրդի բնօրրանը

Մեծ Հայքը Հայաստանի կամ հայկական լեռնաշխարհի մեծագույն և բուն մասի անվանումն է, ի տարբերություն նրա արևմտյան կամ անդրեփրատյան տարածքի` Փոքր Հայքի։ Առաջացել է հայկական հնագույն և միասնական պետության տրոհման հետևանքով։

Արտաշես Ա Բարի թագավորը (Ն.Ք.189-մոտ 160թթ.) հիմք դրեց հայկական հողերի վերամիավորման քաղաքականությանը։ Տիգրան Բ Մեծ արքայից արքայի օրոք Բարձր Հայք և Ծոփք նահանգների միավորմամբ ամբողջացավ Մեծ Հայքի տարածքը։ Ն.Ք. առաջին դարի 80-70-ական թվականներին Մեծ Հայքը դարձավ Առաջավոր Ասիայի հզոր տերություններից մեկը։ Մեծ Հայքի թագավորության տարածքային կարգավիճակը միջազգային ճանաչում ստացավ Ն.Ք. 66 թվականին` Տիգրան Բ Մեծի և հռոմեական զորավար Պոմպեոսի միջև Արտաշատում կնքած պայմանագրով, ըստ որի Մեծ Հայքն ընդգրկում է 316 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

Մեծ Հայքը վարչականորեն բաժանված էր 15 նահանգների, որոնց մեր հներն անվանում էին աշխարհներ։ Ահավասիկ այդ նահանգները (աշխարհները) իրենց տարածքներով ըստ 7-րդ դարի «Աշխարհացոյցի»։

1. Բարձր Հայք, 23.860 կմ/քառ., ուներ 9 գավառ` Դարանաղի, Աղի, Մուզուր ( Մնձուր ), Եկեղյաց, Մանանաղի, Դերջան, Սպեր, Շաղագոմ, Կարին։

2. Ծոփաց կողմ, Ծոփք կամ Չորրորդ Հայք, 18.890 կմ/քառ., ուներ 8 գավառ` Խորձյան, Հաշտյանք, Պաղնատուն, Բալահովիտ, Ծոփք ( Շահունյաց ), Անձիտ, Դեգիք, Գավրեք (Գորեք )։

3. Աղձնիք, 17.532 կմ/քառ., ուներ 11 գավառ` Անգեղտուն, Նփրկերտ, Աղձն, Քաղ, Կեթիկ, Տատիկ, Ազնվաձոր, Երխեթք, Գզեղխ, Սալնոձոր, Սանասունք։

4. Տուրուբերան, 25.008 կմ/քառ., ուներ 16 գավառ` Խութ (Խոյթ), Ասպակունյաց ձոր (Ասպակունիք), Տարոն, Արշամունիք, Մարդաղի, Դասնավուրք, Տվարածատափ, Դալառ (Գովառ), Հարք, Վարաժնունիք, Բզնունիք, Երևարք (Երիվարք), Աղիովիտ, Ապահունիք, Կորի (Կոր), Խորխոռունիք։

5. Մոկք, 2.962 կմ/քառ., ուներ 8 գավառ` Իշայր, Մյուս Իշայր, Իշոց, Առվենից ձոր, Միջա, Մոկք Առանձնակ, Արգասաովիտ, Ջերմաձոր։

6. Կորճայք, 14.707 կմ/քառ., ուներ 11 գավառ` Կորդուք, Կորդրիք Վերին, Կորդրիք Միջին, Կորդրիք Ներքին (վերջին 3 փոքր գավառների տարածքը միասին կոչվում է Տմորիք), Այտրուանք, Այգարք, Մոթողանք, Որսիանք, Կարթունիք, Ճահուկ, Փոքր Աղբակ։

7. Պարսկահայք, 11.010 կմ/քառ., ուներ 9 գավառ` Այլի կամ Կուռիճան, Մարի, Թրաբի, Արասխ կամ Ովեա, Ըռնա, Տամբեր, Զարեհավան, Զարեվանդ, Հեր։

8. Վասպուրական, 40.870 կմ/քառ., ուներ 35 գավառ` Ռշտունիք, Տոսպ, Բոգունիք, Արճիշակովիտ, Կուղանովիտ, Աղիովիտ, Առբերանի, Գառնի, Բուժունիք, Առնոյոտն, Անձևացիք, Տրպատունիք, Երվանդունիք, Բուն Մարդաստան, Մարդաստան, Արտազ, Ակե, Մեծ Աղբակ, Անձախիձոր, Թոռնավան, Ճվաշռոտ, Կրճունիք, Մեծնունիք, Պալունիք, Գուգանք, Ազանդռոտ, Պարսպատունիք, Արտաշիսյան (Արտավանյան), Բաքրան (Մարանդ), Գաբիթյան, Գազրիկյան, Տայգրյան, Վարուժնունիք, Գողթն, Նախճավան։

9. Սյունիք, 15.237 կմ/քառ., ուներ 12 գավառ` Երնջակ, Ճահուկ, Վայոց ձոր, Գեղարքունիք, Սոդք, Աղահեճք, Ծղուկ, Հաբանդ, Բաղք, Ձորք, Արևիք, Կովսական։

10. Արցախ, 11.528 կմ/քառ., ուներ 12 գավառ` Մյուս Հաբանդ, Վայկունիք կամ Ծար, Բերձոր կամ Բերդաձոր, Մեծ Կուենք (Մեծ Կվենք), Մեծ Առանք, Հարճլանք, Մուխանք, Պիանք, Պարզվանք կամ Պածկանք, Քուստի Փառնես (Փառիսոս), Կողթ, Սոթք (մի մասը)։

11. Փայտակարան, 21.000 կմ/քառ., ուներ 12 գավառ` Հրաքոտ-Պերոժ, Վարդանակերտ, Յոթնփորակյան բագինք, Քռեկյան, Ռոտ ի Բաղան (Բաղան ռոտ), Առոս, Պիճան (Առոս Պիճան), Հանի, Աթշի Բագավան, Սպանդարան, Պերոժ, Որմիզդ Պերոժ, Ալևան։

12. Ուտիք, 11.315 կմ/քառ., ուներ 8 գավառ` Առանռոտ, Տռի, Ռոտպարսյան, Աղվե, Տուսքստակ (Տավուշ), Գարդման, Շակաշեն, Ուտի, Առանձնակ։

13. Գուգարք, 16.765 կմ/քառ., ուներ 9 գավառ` Ձորոփոր, Կողբոփոր, Ծոբոփոր, Տաշիր, Թռեղք, Կանգառք, Արդահան, Վերին Ջավախք, Կղարջք։

14. Տայք, 10.179 կմ/քառ., ուներ 8 գավառ` Կող, Բերդաց փոր, Պարտիզաց փոր, Ճակք, Բոխա, Ոքաղե, Ազորդաց փոր, Ասեաց փոր։

15. Այրարատ, 40.105 կմ/քառ., ուներ 22 գավառ` Բասեն, Գաբեղյանք, Աբեղյանք, Հավնունիք, Արշարունիք, Բագրևանդ, Ծաղկոտն, Վանանդ, Շիրակ, Արագածոտն, Ծակատք, Մասյացոտն, Կոգովիտ, Աշոցք, Նիգ, Կոտայք, Մազազ, Վարաժնունիք, Ոստան Հայոց, Ուրծաձոր, Արած, Շարուր դաշտ։

Փոքր Հայքը Հայաստանի արևմտյան (անդրեփրատյան) հատվածի և այնտեղ ձևավորված թագավորության անվանումն է։ Աշխարհագրորեն Փոքր Հայքն ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհի մի մասը։ Տարբեր ժամանակներում Փոքր Հայքի մաս են կազմել նաև Սև ծովի հարավ-արևելյան ափերը` Փառնակիա և Տրապիզոն քաղաքներով։ Տարբեր դարերում տարբեր տարածք է ունեցել, որը տատանվել է 70-130 հազար քառակուսի կիլոմետրի միջև։

Կիլիկյան Հայաստանը (1080-1375 թթ.) գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելքում` Միջերկրականի ծովափի հյուսիս-արևելյան կողմում։ Տարածքը մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր էր։ Հարավից Կիլիկյան Հայաստանի ափերը շուրջ 500 կիլոմետր երկարությամբ ողողում էին Միջերկրականի ջրերը։

Հայաստանը մեծ ուխտավայր է առանց մայր դարպասի։ Ամեն կողմից էլ կարելի է ուխտագնացության երթուղի դուրս գալ։ Որտեղից էլ քայլ գցես` կարող ես սկիզբ համարել։ Միաժամանակ պիտի գիտենալ, որ հայկական հողի վրա սկիզբ ու վերջ չկա, բոլոր քայլատեղիներն էլ սուրբ են, սրբագործված, քանզի քրիստոնեական հավատի համար երկրագնդի ոչ մի անկյունում այնքան արյուն չի թափվել, որքան այստեղ:


1. ԳԱՆՁԱՍԱՐ-ՇՈՒՇԻ-ԲԵՐԴՁՈՐ

2. ԲԵՐԴՁՈՐ-ԳՈՐԻՍ-ԱՆԳԵՂԱԿՈԹ

3. ՄԱՐՏՈՒՆԻ-ՀԱՅՐԱՎԱՆՔ-ՍԵՎԱՆ-ՍԵՎԱՆԱ ԹԵՐԱԿՂԶԻ

4. ԴԻԼԻՋԱՆ-ՍԵՎԱՆ-ԾԱՂԿԱՁՈՐ

5. ԱՆԳԵՂԱԿՈԹ-ԵՂԵԳՆԱՁՈՐ

6. ԵՂԵԳՆԱՁՈՐ-ՄԱՐՏՈՒՆԻ

7. ՍԵՎԱՆ-ԴԻԼԻՋԱՆ-ՄԱԿԱՐԱՎԱՆՔ

8. ՄԱԿԱՐԱՎԱՆՔ-ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ-ՍԱՆԱՀԻՆ

9. ՍԱՆԱՀԻՆ-ՎԱՆԱՁՈՐ-ԴԻԼԻՋԱՆ

10. ԿԵՉԱՌԻՍ-ԵՂՎԱՐԴ-ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

11. ԳԼԱՁՈՐ-ԽՈՐ ՎԻՐԱՊ

12. ԽՈՐ ՎԻՐԱՊ-ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

13. ՎԱՆԱՁՈՐ-ՍՊԻՏԱԿ-ԳՅՈՒՄՐԻ

14. ԳՅՈՒՄՐԻ-ԱՆԻ-ԹԱԼԻՆ

15. ԹԱԼԻՆ-ԱՐՈՒՃ-ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

16. ՍՊԻՏԱԿ-ԱՊԱՐԱՆ-ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

   


Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000