
Օտարները Հայաստան
սկսել են ուխտի գալ
այն հեռավոր ժամանակներից,
երբ Մասիսի վրա ձյունը հալվում էր…
Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը
Այս խոսքով է սկսվում բոլոր ժամանակների գիրք գրոցը` Աստվածաշունչը։ Երկինքն Աստծու աթոռն է, իսկ երկիրը` նրա ոտքի պատվանդանը։ Ինչպես գրում է Ղևոնդ Ալիշանը, այդ պատվանդանի մի մասը, Աստծու առաջին ոտնատեղին, Հայաստան աշխարհն է, որի համար էլ մեր հայրենիքը հներն անվանել են երանավետ ու սիրաշատ Աստվածստան։ Այդ առաջին ոտնատեղին համբուրել են այն բոլոր առաքյալները, որոնք նահատակվել են քրիստոնեության լուսավոր ուսմունքի համար։
Վաղնջական ժամանակներից էլ Աստծու ոտնատեղի Հայաստանը հռչակվել է, որպես քրիստոնեական համաշխարային ուխտավայր։
Հայաստանը ուխտավայր է նաև այլազգիների, աշխարհի մյուս ժողովուրդների համար։ Հայկական ասպնջականությունը հիացմունք է պատճառել այս հողին ոտք դնող բոլոր այլազգիներին։
Օտարազգիների Հայաստան Ուխտագնացության Յոթ Պատվիրանները
Օտարներն իրենց յոթ պատվիրաններն ունեն Հայաստան կատարելիք ուխտագնացության համար։
Առաջին և երկրորդ.
դրանք կապված են Նոյի տապանի ու Արարատ լեռան հետ։ Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի փրկարար տապանը կանգ է առել Մասիսի վրա, հետևապես մարդկությունն իր երկրորդ վերածննդի սկիզբն է առել հայոց լեռներում, Մասիսը դարձել է մարդկության երկրորդ խանձարուրը։ Ո՞վ չի ուզենա տեսնել այն լեռը, որի վրա 150 օր ջրերի վրա լողալուց հետո եկել, կանգ է առել Նոյի առասպելական նավ-տապանը։ Դրանով սրբացել է և՛ Մասիսը, և՛ Հայաստանը։ Օտարները Հայաստան սկսել են ուխտի գալ այն հեռավոր ժամանակներից, երբ դեռ Մասիսի վրա ձյունը հալվում էր, երբ լեռան վրա դեռ տեսանելի էր Նոյ նահապետի տապանը` մայրի փայտից պատրաստված վիթխարի նավը։ Հնում օտարները Մասիսն անվանել են Արարատ, իսկ Հայստանը` Արարատյան երկիր։ Երեք հազար տարի առաջ Մասիսի գագաթը կանաչազարդ էր և ճերմակին չէր տալիս, ինչպես հիմա։ Աշխարհի բոլոր քրիստոնյաների առաջին սրբատեղին երկգլուխ Արարատն է, որը դարձել է բաց թանգարան` իր միակ զարմանալի ցուցանմուշով` Նոյի տապանով։ Ահա ինչու Նոյի տապանը և Արարատը զուգակշռում են իրար։ Լեռան գագաթ բարձրացողը և՛ վեհասքանչ Արարատն էր տեսնում և՛ Նոյի տապանը։ Հետո աշխարհը ցրտեց, փրկարար նավ-տապանը մնաց ձյան տակ և մարդու համար Արարատի գագաթը դարձավ անհասանելի։ Ալիշանն ասում է, որ հայոց լեռները քարի անսպառելի հանքեր են, որ հենց ինքն` Մեծն Մասիսը միակտոր մի սև պորփյուր քար է` գլխին ճերմակ փաթթոց, որ իր հինգ հազարամետր ուղղահայաց բարձրությամբ շատ ավելի վսեմ է, քան մեր լեռներից կտրված Շամիրամի կոթողը, որ դրվեց Ասիո մայրաքաղաքի կենտրոնում իբրև աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը («Բազմավեպ», 1861, հոկտեմբեր, էջ 318)։
Երրորդ.
301 թվականին քրիստոնեությունը Հայաստանում ընդունվեց որպես պետական կրոն։ Հայաստանը դարձավ քրիստոնեական առաջին երկիրն աշխարհում։ Հայաստանը աշխարհի բոլոր քրիստոնյաների համար ուխտավայր է համարվում որպես քրիստոնեական առաջին երկիր։ Մարդուն միշտ հարազատ են մնում իր արմատները։ Իսկ քրիստոնեական ամենահին արմատները գտնվում են Հայաստանում։
Չորրորդ.
Ըստ Աստվածաշնչի դրախտի չորս գետերը` Եփրատը, Տիգրիսը, Փիսոնը և Գեհոնը սկիզբ են առնում Հայաստանից։ Եփրատ և Տիգրիս անունները մնացել են անփոփոխ, Փիսոնը, որ նաև Փասիս են կոչում, Ճորոխ գետն է, Գեհոնը Երասխ - Արաքսն է։ Քանի որ դրախտի չորս գետերը սկիզբ են առնում Հայաստանից, հետևապես, պետք է համարել, որ աստվածաշնչային դրախտն էլ եղել է Հայաստանում, որով ինքը` Հայաստանը հռչակվել է որպես դրախտավայր։ Իսկ դրախտավայրը քրիստոնյաների համար սրբազան ուխտավայր է։
Հինգերորդ.
Երկու և կես հազար տարի առաջ հայերը գտել են հացի մերանը` խաշը, որի շնորհիվ ձևավորվել է խմորման պրոցեսը։ Մինչ այդ չխմորված անխաշ խմորը թոնրի պատին չէր կպչում, ընկնում էր մոխրի մեջ և դառնում կուտ` խոտան։ Հացի մերանի հայտնագործման ժամանակներից էլ հարևան երկրների համար Հայաստանը որպես մերանի հայրենիք, հացաթխման դասական երկիր, ուխտավայր դարձավ հացապաշտ ժողովուրդների համար։
Վեցերորդ.
Հնում և այժմ էլ Հայստանում մարդիկ երկարակյաց են։ Ոչ ոք չգիտե, թե երկարակեցության այդ գաղտնիքը որ հազարամյակի ծնկան տակ է ճզմվել ու մոռացության տրվել։ Եվ ահա աշխարհի բոլոր կողմերից մարդիկ ուխտի են գալիս Հայաստան` հուսալով գտնել երկրակեցության գաղտնիքը։
Յոթերորդ.
Հայաստանն աշխարհի բոլոր ժողովուրդների համար խաղաղության, աշխատասիրության, գթասրտության, բարյացակամության, բարեկամության, անաչառության ու համերաշխության ուխտավայր է։ Աստված պատժում է նրան, ով հայկական հողին ոտք է դնում որպես զավթիչ։
Հայը օտարի մի լավությանը հատուցում է բազմաշերտ լավությամբ։ Բարեգործություն անելով Հայաստանի համար` մարդիկ համոզված են, որ մի քայլ են անում դեպի համաշխարհային մշտջենական խաղաղության, որ հողագնդի բոլոր տերություններն էլ ուզում են վերադառնալ վաղնջական այն ժամանակներին, երբ բոլոր երկրների մեջ Հայաստանը խաղաղության միակ կղզին էր։ Համաշխարհային խաղաղություն հաստատելու համար միջազգային դիվանագիտությունը իր ոտքը պիտի հենի հայկական հողի վրա։
Ուխտագնացությունը բարոյական ոգու մշտամնա ներշնչարան է։
Հայոց հինավուրց ասքերը հավաստում են, որ Հայաստանը ուխտավայր, ուխտագնացության երկիր է հռչակվել դեռևս Քրիստոսի ծննդից շատ առաջ։
Ահա այդ ասքերից մեկը.
**************************************************
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՆ
Մեզանից չորսուկես հազար տարի առաջ, Հայկ Աղեղնավորի ժամանակներում, հայոց երկնքի կապուտան դեմքը ճանկռոտելով մի բյուրամագիլ հրեշ է իջնում երկրի վրա և քարուքանդ անելով շեն ու ավան, ցիրուցան անում հայկազուններին։ Ճիվաղի սահմռկեցուցիչ տեսքից սարսափած մարդիկ ապաստանեցին քարանձավներում, մոռացան շատ բան և, ժամանակ անց ոչ յուրայիններին էին ճանաչում, ոչ էլ հայրական ծուխ ծխանին։ Ժամանակներ անցան, ճիվաղը գնաց տիեզերական ուրիշ հեռաստաններ, բայց վախը մնաց Հայքում։ Ահա այդ ժամանակ էր, որ հայկազունները լսեցին Աստծու ձայնը.
…Այցելեցեք միմյանց և յուրայինը կգտնի յուրայինին։ Հայոց երկնքի ճեղքերը կարող եք փակել միայն հայահունչ ծուխ ծխանիով։ Պետք է այնպես անել, որ հայկական խարույկները ոչ մարեն, ոչ էլ պակասեն։ Թե չէ ծուխը վերև չի բարձրանա և հայոց երկնքի կապուտանը նորից կաղարտվի ու ճեղքեր կտա։
**************************************************
Եվ սկսվեց առաջին ուխտագնացությունը, որով հայկական քաղաքակրթությունը արահետից մտավ պողոտա։ Անսալով Աստծո ձայնին հայկազուններն իրենց նպատակը դարձրին ճանաչել հայրենի հողը, արյունակիցներին, սիրել մեր ազնվարմատ զարմի ավանդույթներն ու սովորությունները։
Հայոց սրբազան հողին նվիրված հոլովք ասքեր ու ավանդազրույցներ են հասել մեզ։ Նրանց մեջ մեկը հույժ հայկական է, հայազարմ, մշտամնա, հավերժահունչ։ Նա պետք է դառնա աշխարհում ապրող բոլոր հայերի ամենաառաջին, ամենագլխավոր դասը, սրբազան երդումը, ամեն տեսակ ուխտերի մեջ ամենամեծ ուխտը։
Ահավասիկ այն.
**************************************************
ԱՍՏԾՈ ԸՆԾԱՆ
Երկիր մոլորակն արարելու ժամանակ Աստված Հայկական լեռնաշխարհը նվիրաբերել է հայերին, հռչակել այն հայության հավերժական բնօրրան։ Այս հողը շաղախված է հայկական ավիշով։ Օտարներն այստեղ բնավորվել չեն կարող, նրանք այս հողի վրա եկվոր կմնան մի տարի, մի դար, մի հազարամյակ, նույնիսկ երկու հազարամյակ, բայց հետո հայկական հողը, տրտինգ տվող նժույգի նման իր մեջքից հեռու կշպրտի ամեն տեսակ օտարաշուրթի։ Եվ վերջում հայկական հողը կստանա իր հայկական դիմագիծը, իր տան տերը կդառնա հայը։ Եվ հայն ինչքան էլ ետ ու առաջ շարժվի այս մոլորակի վրա, ինչպիսի հետքեր էլ թողնի աշխարհի ուրիշ կողմերում, նրա սրբազան հանգրվանը մնալու է Մասիսի չորս բոլորքը տարածվող աշխարհամասը, որ կոչվում է ՀԱՅԱՍՏԱՆ։
**************************************************
Հայկական հողի վրա հեթանոսական ու քրիստոնեական ժամանակաշրջանների ուխտագնացությունները միմյանց շարունակություն են կազմել և դարձել բարոյական ոգու մշտամնա ներշնչարան։
Ագաթանգեղոսը պատմում է Քարքե լեռան լանջին գտնվող Աշտիշատի հեթանոսական հռչակավոր ուխտավայրի մասին, հավաստում, որ այստեղ մեծ զոհաբերություններ էին կատարում Վահագն Վիշապաքաղի, ոսկեմայր և ոսկեծղի Անահիտի և Աստղիկ դիցուհու պատվին։
Քրիստոնեացած, դարձի եկող հայերը մոռացության չտվին Աշտիշատի ուխտատեղին։ Մեհյանները փոխարինելով եկեղեցիներով այս անգամ նրանք սրբացրին Հովհաննես Մկրտչին և Աթանագինեսին։ Պատմահայր Մովսես Խորենացին գրում է, որ հայոց Տիգրան Վերջին արքան իր եղբոր` Մաժան քրմապետի գերեզմանի վրա բագին է կառուցել, գիշերելու համար օթևաններ պատրաստել, ուխտագնացներն ու անցորդները ձրիաբար օգտվել են այստեղ զոհաբերվող կենդանիների մսից, հանգստանալու ու քնելու տեղ ստացել։
Հետագայում Վաղարշ թագավորն այս նույն Բագավանում հաստատեց նավասարդյան հանդիսությունների ավանդույթը։ Արածանիի ափերին տարածված Բագրևանդ գավառը դարձել է հայոց մեծ հավաքարան, որը Մովսես Խորենացին անվանում էր աշխարհախումբ։ Այդ հզոր հայահավաքը հայկական ուխտի լավագույն դրսևորումն էր։ Հայերն այստեղ ոչ միայն դիմավորում էին իրենց Տարեգլուխը` Նավասարդը, այլև ուխտ անում, երդվում հավատարիմ մնալ հայկական զարմի ավանդներին, պաշտպանել երկրի միասնականությունը, թշնամու դեմ ճակատ կազմել ազգովի։
| | Հայ հեթանոս աստվածներ Անահիտը և Վահագնը

 |
Բագրևանդի նավասարդյան հայահավաքներում է ձևավորվել հայկական ուխտի յոթ պատվիրաններից կազմված գաղափարախոսությունը.
Առաջին.
ուխտ է կոչվում սրբազան երդումը, որին ականջալուր են լինում Աստված, դու և քո խիղճը։ Դու պարտավոր ես մինչև կյանքիդ վերջը հավատարիմ մնալ քո երդումին, քո ուխտին։ Եթե դրժես այն` ոչ քո հարազատներն ու մտերիմները կսիրեն ու կհարգեն քեզ, ոչ Աստված իր հովանու տակ կառնի քեզ։
Երկրորդ.
Ուխտը խոստում է, որևէ բան անելու կամ չանելու նվիրականացված խոստում, որը մարդու համար դառնում է անխախտվելի պատվիրան։ Այդպիսի խոստում է հավատարմությունը հայրենիքին։ Հայ ուխտավորն ստեղծել է բոլոր օրհներգերի մեջ ամենասեղմը.
Շուրթն իմ ի հող կենսավոր,
Տացե զհամբույրն ուխտավոր։
Ուխտը նաև կրոնական երդում է, որը կարող է լինել սրբատեղիների այցելություն, նվիրատվություններ սրբազան տաճարներին, եկեղեցուն։ Այդպիսի ուխտի ժամանակ հավատացյալը դիմում է աստվածներին կամ սրբերին։ Ահա, մեծ ճակատամարտից առաջ զորավարը մի ամբողջ խաշն է նվիրաբերում Վահագն աստծուն և աղերսում, որ նա հաղթտություան պարգևի իրեն։ Հավատքի այս ձևը հայոց մեջ տարածված է եղել հնագույն ժամանակներից։ Մարդ պետք է այնպես ապրի, որ ուխտադրժության համար չանիծվի, որ նրա մասին մարդիկ չասեն. «Ուխտը գլխին խռով կենա»։
Երրորդ.
ուխտը իղձ է, երազանք, փափագ, տենչանք, տենչ, որ ծնունդ է առնում մարդկային հոգու անբիծ ծալքերում և տարիներով ու տասնամյակներով տիրոջը պահում մտովի ճախրանքի մեջ։ Հաճախ մարդու ամբողջ էությունը ներծծված է լինում այդպիսի ուխտով և մարդն իր կյանքի ճամփան անցնում է այդ ուխտին կռթնած։ Ուխտը նաև մտերմացնում, մտերմության ավիշ է ներարկում հոծ զանգվածներին, նրանց հոգիներից հանում այն կոշտուկները, որոնք խանգարում են ըմբռնողաբար անցնել ազգային հասարակության համատեղ ճամփան։ Ուխտն օգնում է, որ մարդն ստափ նայի ամեն ինչին և առճակատման մեջ չմտնի ողջախոհության հետ։ Շատերն էլ ուխտի են գնում սրբատեղիները, որպեսզի այնտեղ թողնեն իրենց հիվանդությունները և տանջող ցավերը։
Չորրորդ.
ուխտը դաշն է, դաշինք, դաշնադրություն երկկողմ, քառակողմ, նաև` բազմակողմ։ Փոխհարաբերությունների ինչպիսի սահանքների մեջ էլ ընկնես` դու պարտավոր ես հավատարիմ մնալ քո ուխտին։ Մարդկային արժանապատվության չափանիշը իր ուխտին հավատարիմ մնալն է։
Հինգերորդ.
ուխտիր հավատարիմ մնալ մայրենի լեզվիուն։ Քաղաքակիրթտ չէ նա, որի իմացած լեզուներից առաջինը մայրենին չէ։
Վեցերորդ.
ուխտիր հավատարիմ մնալ քրիստոնեական քո հավատքին, որը մարդու կյանքն ու մարդկային էությունը արատներից, չարությունից ու նախանձից մաքրող ամենալուսավոր ուսմունքն է և մեր ժամանակների և գալիք բոլոր հազարամյակների համար։ Ուխտը կարող է լինել նաև որոշակի ժամկետով (մի օր, մի շաբաթ, մի տարի, քառասուն տարի, մի ամբողջ կյանք)։ Ուխտի այդ ձևերից է կենսական հաճույքներից հրաժարվելը, պահեցողությունը, խստակեցությունը, մազե քուրձ հագնելը, աղոթքներով երկնային շնորներին արժանանալը։ Բոլոր ժամանակներում ուխտի խախտումը համարվել է ծանր մեղք և Աստծու պատժին արժանի արարք։
Յոթերորդ.
կա մի ուխտ, որի մասին մարդը բարձրաձայն չի ասում։ Դա սերն է մոր հանդեպ։ Այն չի կարելի ոչնչով փոխարինել, այն չի կարելի դրժել։ Մայրը տիեզերքի ամենամեծ սրբությունն է։ Հեթանոս հայը քրիստոնեացել է, բագինն ու մեհյանը եկեղեցի ու կաթողիկե են դարձել, իսկ մայրը մնացել է սիրո հավիտենական տաճար։ Հեթանոս, թե քրիստոնյա հայի համար մայրը սրբություն է, մեծագույն պաշտամունք։ Քրիստոնեական հավատի ընդունման ժամանակ կինը հայության համար շարունակել է մնալ իր բարձրության վրա։
Սբ. Գայանե եկեղեցին Վաղարշապատում, 630թ.
Գրիգոր Լուսավորչի նշանավոր երազի մեջ երևում են Հռիփսիմյան 37 սուրբ վկաները` սպիտակ լուսավոր հանդերձներով։ Այդ տեսիլքի հիման վրա Լուսավորիչը կառուցում է Աստծու չորս տաճար, աղոթքի տուն, վկայարան, մեկը հանուն Մարիամ Աստվածածնի, երկրորդը` Սուրբ Հռիփսիմեի և նրա ընկեր կույսերի, երրորդը` հանուն Սուրբ Գայանեի և նրան սնուցող երկու ընկերների, և չորրորդը` այգու հնձանի մոտ, ուր իջևանել են կույսերը։ Այսպիսով հայոց Լուսավորիչն ու առաջին հայրապետը, առաջնորդվելով աստվածային տեսիլքով, իգական սեռին է նվիրում քրիստոնեական առաջին կառույցները։ Քրիստոնեության նվիրյալներ են դառնում նաև բարձրատոհմիկ աշխարհիկ կանայք` Տրդատ Մեծ թագավորի կին դշխո Աշխենը և արքայի քույր Խոսրովիդուխտը։
| |  |
Հայկական ուխտագնացությունը սրբագործվել է, ազգային ինքնատիպ դիմագիծ ստացել դարերի ու հազարամյակների ընթացքում։
Միջնադարում հայոց երևելիները հայկական ուխտագնացության ոստան են համարել Մշո Սուրբ Կարապետի վանքը, որը Հայաստանի հոգևոր կենտրոնների մեջ իր դերով ու նշանակությամբ եղել է երկրորդը, Էջմիածնից հետո։ Այս վանքը եղել է Արևմտյան Հայաստանի ամենահռչակավոր ուխտատեղին, համարվել է ամենակարող, մուրազատու, բուժել է մարդկանց Ֆիզիկական արատները, շնորհներ պարգևել նրանց։
Սբ. Հռիպսիմե եկեղեցին Վաղարշապատում
Հայկական ճարտարապետության այս մեծարժեք հուշարձանը` Մշո Սուրբ Կարապետ վանքը, կործանվել, կողոպտվել ու ավերվել է թուրքերի ու քրդերի ձեռքով։ Այժմ մնացել են միայն վանքի պատերի մնացորդները։
Զարմանալի ճակատագիր է ունեցել այս վանքի փայտե քանդակազարդ դուռը, որը գրեթե հազար տարեկան է։ Այդ դռան ոդիսականը նման է հայ ժողովրդի ճակատագրին։
1918 թվականից հետո քանդակազարդ դուռը որպես կողոպուտի ավար բաժին է ընկնում մի քրդի, որը երկար ժամանակ այն պահում է իր հարդանոցում։ Հետո, հասկանալով, որ դա բարձրարվեստ իր է, փորձում է ծախել այն։ Դուռն ընկնում է զանազան մարդկանց ձեռք, փոխադրվում Անկարա, այնտեղից Ստամբուլ, ապա` Գերմանիա և այստեղից էլ հասնում Մեծ Բրիտանիա ու 1996 թվականի աշնանը աճուրտի հանվում Լոնդոնում։ Հայերը չեն կարողանում պանդխտությունից փրկել, օտար ափերից «տուն վերադարձնել» ու սեփական տիրոջը հանձնել առասպելական դուռը։ Հայկական այդ եզակի կոթողը աճուրդի ժամանակ գնում է մի այլազգի։ Արվեստի բարձրարժեք ստեղծագործություն լինելուց բացի Ս.Կարապետի վանքի դուռը նաև սրբազան մասունք է։ Այդ դռանը դիպել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, նրա որդու` Գրիգոր Վկայասերի, Ամիրդովլաթ Ամասիացու, Խրիմյան Հայրիկի, Գարեգին Սրվանձտյանցի, Անդրանիկ զորավարի և հայոց ուրիշ երևելիների ձեռքը։ Պետք է հավատալ, որ մի օր կգտնվի սրբազան դռան հետքը և այն կվերադարձվի օրինական տիրոջը` հայոց ժողովրդին։
Քրիստոնեությունը Հայաստան աշխարհը դրվագեց եկեղեցական տաճարներով և հայացրեց երկրի դիմագիծը։ Այդ դրվագումն սկսվեց Մշո Սուրբ Կարապետով, որի հիմնադիրն ու առաջին վանահայրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն էր։ Այս վանքի շինության հիմնափոսերում դրվել են Սուրբ Հովհաննես-Մկրտիչի և Սուրբ Աթանագինեսի նշխարները։ Դրա մեջ խորհուրդ կա. հայերեն կարապետ բառը նշանակում է առաջնորդ, թագավորի առջևից գնալով ճանապարհ բացող։ Սա Հովհաննես Մկրտչի տիտղոսն է, որ խորհրդանշում է քրիստոնեական հավատը Հայաստանում հաստատելու համար ճանապարհ բացելու գաղափարը։
Աստված հայի քիմքին է դրվագել Մշո աշխարհի հայաշունչ բույրը։ Հայն այս աշխարհում ինչպիսի պտույտներ էլ կատարի, Մշո բուրմունքից ազատվել չի կարող։ Դրա համար էլ Ղևոնդ Ալիշանը գրել է. «Այս անտառներեն կուգա ազնվագույն գղթորն և գազպեն, զոր օդոց մեղր կանվանեն կամ մանանա, և անկե Տարոնո երկիրն, որ է այժմյան Մշո գավառն, Մեղրաբուղխ կըսվեր » («Բազմավեպ», 1861, հոկտեմբեր, էջ 323)։ Ապա Ալիշանն ավելացնում է, որ Արածանի գետը Մշո անվանի Սուրբ Կարապետ ուխտատեղիի մոտ բոլորովին միաձույլ կը թափվի բարձրից և այնպիսի գոչյուն կհանի, որ այդ տեղը կկոչվի Գուրգուռ («Բազմավեպ», 1861, հոկտեմբեր, էջ 316-317)։
Մշո աշխարհի և Սուրբ Կարապետ վանքի նկարագիրը պերճափայլ տողերով է ներկայացրել Գարեգին Սրվանձտյանցը։ Արևելյան կողմեն, գրում է նա, Գրգուռ լեռը կոթողաձև տնկված կերևի, որո ստորոտը տարածված է մեկ կողմը Մշո դաշտը, մյուս կողմը Վանա ծովը…
Ոչ ոք մշեցուն այնքան դիպուկ չի բնորոշել, որքան Սրվանձտյանցը. «Մշեցի հայոց համար խոսելու, խորհելու, վիճելու, երգելու, բամբասելու, դատելու, դու ասա նաև` ուտելու, կռվելու եթե ազգային առարկա մի կա, այն Սուրբ Կարապետի վանքն է միայն և եթե կարելի է ասել, Սուրբ Կարապետը Մշո աշխարհի Աստվածն է, իրենց երդումը Սուրբ Կարապետն է, հիվանդանան, նեղության մեջ իյնան, Սուրբ Կարապետ կը կանչեն. խրախույս` անոր անունով կը բառնան, վտանգ մը կամ հաղթանակ մը ունենան` Սուրբ Կարապետ կը կանչեն…»։
Մուշը կորցնելը հայի համար միայն Մուշ կորցնել չէ, այլ հայկական յոթնածալ մշակույթի մարգարտյա շերտի կորուստ։ Մուշի սքանչելիքներից քիչ բան է հաջողվել փրկել։ Դրանց մեջ է Մշո Առաքելոց եկեղեցու քանդակազարդ դուռը, որը փայտագրական արվեստի գլուխգործոց է։ 1916 թվականին այն Մուշից փոխադրվել է Անդրկովկաս և այժմ զարդարում է Հայաստանի պատմության պետական թանգարանի ցուցասրահներից մեկը։
ՈՒԽՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾԸ
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի ուխտի իր ազգային դիմագիծը։ Հայկականն ամբողջովին հունցված է քրիստոնեական շաղախով և ազգային այն ավանդներով, որ մենք բերում ենք հեթանոսական ժամանակներից։ Ուխտն այնքան է հարազատացել հային, որ միջնադարում ուխտ բառով անձնանուններ են կազմել։ Այսպես, հայտնի է Ուխտանես անունով պատմագիրն ու եկեղեցական գործիչը, որն ապրել է 10-րդ դարում։ Ուխտանես անունն են կրել Աղվանքի կաթողիկոսներից մեկը և Սեբաստիո եպիսկոպոսը։ Ինչպես հավաստում է Հրաչյա Աճառյանը ուխտ բառից են կազմված նաև Ուխտատուր և Ուխտիկ հայկական անձնանունները։
Ուխտագնացության ժամանակ, երբ ուխտավորներին հյուրասիրում են վերջիններս պարտավոր են չմոռանալ և ասել. «Աստված օրհնե, շեն պահե»։
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԽՐԱՏԱՆԻ.
երդումներ, օրհնանքներ, թևավոր խոսքեր
Քո կրակարանը սուրբ է ինձ համար։
Քո կրակարանի անունով եմ երդվում, որ ճշմարիտ եմ ասում։
Թող իմ կրակարանը մարի, թե սուտ եմ ասում։
Քո կրակարանի սիրուն այս անգամ խնայիր ինձ, ներիր ինձ։
Ես քո կրակարանն եմ ընկել, այսինքն` քո շեմն եմ եկել, քո տան հարկի տակ եմ, պաշտպանիր ինձ, խնայիր ինձ։
Հյուրը Աստծունն է, հյուրի պատիվը մեծ է, առաջ հյուրին են կերակուր տալիս։
Հարգիր ծնողներիդ որպեսզի երկար կյանք ունենաս։
Հայր Աբրահամու պերեքեթը տնիցդ անպակաս լինի։
Դուռդ կռնակի վրա բաց մնա։
Ով Աստված, մի տուր էնքան շատ, որ քեզ ուրանանք, ոչ էլ էնքան քիչ, որ դռնեդուռ մուրանք։
Գործը բոլորի, չարը մոլորի։
Աստված ղարիբներուդ բանին գործին հաջողություն տա ու սաղ սալամաթ ետ դարձնե։
Ամարասը վկա (Արցախ)։
Հոռեկը վկա (Արցախ)։
Կապույտ եխծեն վկա (Արցախ)։
Աստված, դու մեղավորին պատժես։
Ոտդ քարին չդիպչի։
Էն խաչը վկա։
Էն հացը վկա։
Էս հացին քոռ եշիմ (Արցախ)։
Իմ արև, քու արև (Արցախ)։
Սուրբ հացը վկա։
Արևդ կծիմ։
Ամեն մարդ իր Կարապետն է լաց լինում։
Սոսին ինչքան տերև ունի, այնքան տարի թող ապրես։
Տրդատի գուրզը գլխիցդ անպակաս լինի (Կիլիկյան Հայաստան)։
Չոր տեղերը թող կանաչեն։
Փակ դռները թող բացվեն նեղության մեջ եղողներուն։
Աստված բոլորին թող փրկի։
Մարիամ Աստվածածնի ձեռքը թող միշտ մեր վրա լինի։
Սուրբ Կարապետը հավիտյան օգնական լինի։ Ամեն։
Աստված ոմանց հարկավորը կու տա ապրելու համար, ոմանց ալ` մխիթարություն` աղեկ մեռնելու համար։
Աշխատասիրության ետևեն կերթան հաճույք, առատություն և մեծարանք։
Ես ամենևին դատարկ չեմ` երբ որ պարապ կը կենամ և ոչ իսկ մինակ` երբ որ մինակ եմ։
Մշեցու համար մեծ ամոթ է, եթե աղքատը կամ հյուրը մտնի նրա տուն անկերակուր ետ դարձնեն տան շեմը ոտ դնողին։
Ճամփորդություն սկսելու պահին ապակեղեն կամ հողե աման կոտրելը նշան է, որ հաջողությամբ կկատարվի ճամփորդությունը։
Ճամփորդին հետևեն ամանով ջուր կթափեն և ամանը կկոտրեն, որը շուտով և հաջողությամբ տուն վերադառնալու բաղձանքի արտահայտություն է։
Գարնանամուտին, երբ առաջին անգամ ամպը կգոռա, ամեն ոք կռնակը քարին, կամ քարե պատին կուտա, որպեսզի կռնակը քարի պես զորավոր ըլլա և տարվան ընթացքին առողջ մնա։
Ավագ ուրբաթ օրը կանայք կար կանեն, այրերը հող կփորեն կամ կը փլնկեն ( Փլունկ-սրածայր փայտ, գավազան) Հուդայի աչքը հանելու համար։
|