www.christianity.am

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Որպես վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզը կազմվել է 1995-ին և ներառում է իր մեջ Իջևանի, Նոյեմբերյանի և Տավուշի նախքին վարչական շրջանների տարածքները։

Տարածությունը 2704 կմ/քառ. է, բնակչությունը 154, 8 հազար, ունի 62 համայնք, 65 գյուղական բնակավայր (1997-ի հունվար)։ Մարզի մեջ են մտնում Բերդ, Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան քաղաքները։ Մարզկենտրոնն է Իջևանը։

Տավուշի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևելյան մասում։ Առավելագույն բարձրությունը 2992 մետր է (Միափոր լեռ)։ Մարզի տարածքում, Բագրատաշեն բնակավայրի մոտ է ՀՀ ամենացածրադիր վայրը (380 մ)։

Կլիման չափավոր բարեխառն է։ Մարզը հարուստ է մարմարի, գրանիտի, ֆելզիտի, ցեոլիտի, կրաքարի, բենտոնիտային կավերի, . դոլոմիտի, իսլանդական սպաթի պաշարներով։ Մարզի խոշոր գետերն են Դեբեդը, Աղստևը, Հախումը, Կողբը, Տավուշը, Խնձորուտը։ Մարզի տարածքում է գեղատեսիլ Պարզ լիճը։ Այս ջրահարսը, կուսական գեղեցկուհին շրջապատված է թավշագեղ անտառներով ու մարգագետիններով։ Պարզ լիճն ունի 250 մետր երկարություն, 60-80 մետր լայնություն։

Տավուշը արդյունաբերական և գյուղատնտեսական մարզ է։ 1996-ից հրատարակվում է «Արևելք» մարզաին թերթը։ Հնում մարզի տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Կայեն գավառի մեջ։ Տավուշի մարզը մտնում է Հայստանյայց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի մեջ։

ԱՂԱՏԵՎԻ ՀՈՎԻՏԸ

Դիլիջանը գողտրիկ քաղաք է` շրջապատված շքեղ բնությամբ։ Երևանից հեռու է 106 կմ։ Առողջարանային քաղաք է, բուժիչ են անտառային մաքուր օդը, տաք արևը և «Դիլիջան» հանքային ջուրը։ Ենթադրվում է, որ Դիլիջանը եղել է պատմական հովքը, որն Արշակունի թագավորների ժամանակ ամառանոց էր և արքունի որսատեղի։ Այժմյան քաղաքը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին։ Դիլիջանի պետական արգելոցի տարածքում կան բազմաթիվ ծառատեսակներ, ունի հարուստ կենդանական աշխարհ։ Արգելոցի մեջ են մտնում Պարզ և Տզրկաց լճերը, Գոշավանք, Հաղարծին, Ջուխտակ և այլ վանքեր։

Հաղարծին ճարտարապետական հուշարձանը գտնվում է Դիլիջանից 18 կմ հյուսիս։ 10-13-րդ դարերի համալիր է, որը մտնում էր Ձորափոր գավառի մեջ։ Այս վանքը բարգավաճել է 13-րդ դարում Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։

   

Դիլիջան քաղաքը

Հաղարծինի վանքը հայկական ճարտարապետության ինքնատիպ կառույցներից է։ Վանքի շրջակայքում ժայռալանջերի վրա կան մի քանի աղոթատներ։ Հաղարծինում գտնվել է 1232-ին պատրաստված բրոնզե մի կաթսա, որը կշռում է 350 կգ։



Հաղարծինի վանք, X - XIII դդ.

Գոշավանքը կամ Նոր Գետիկը գտնվում է Գոշ գյուղում, Գետիկ գետի աջ ափին, ճարտարապետական նշանավոր հուշարձան է, որը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի տեղում, 1188-ին հիմնադրել է Մխիթար Գոշը։ Այս վանքը հռչակվել է որպես վարժարան, ճեմարան, գրչության կենտրոն։ Այստեղ են գործել հայ պատմիչներ Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին։ Ճարտարապետական համալիրում պահպանվել է երկու եկեղեցի, գավիթ, երկու մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը։ Այստեղ պահպանվել են Մխիթար Գոշի բնակարանի ու դամբարանի մնացորդները։ 1972-ից համալիրին կից գործում է թանգարան։

Գոշավանքից դուրս գալով մտնում ենք մայրուղի և Թեղուտ և Կույբիշև գյուղերի միջով, շարժվում դեպի Իջևան քաղաքը։

Գեղեցիկ է Իջևանը։ Այստեղ գործում է 1930 թվականին հիմնադրված Հայաստանում ամենախոշոր փայտամշակման կոմբինատը։ Նշանավոր է նաև Իջևանի գորգագործական կոմբինատը, որը կառուցվել է 1959-65 թվականներին։

Իջևանն աշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այստեղ մնացել են վաղնջագույն քաղաքակրթության առաջին հետքերը։ Լինելով տարանցիկ առևտրական ճանապարհների վրա, այստեղ կառուցվել են շատ իջևանատներ։ Այժմյան քաղաքի տեղում, որ օտար հնչմամբ կոչվում է Իստիբուլաղ, այսինքն` տաքաղբյուր, 1780-ական թվականներին հիմնադրվել է Քարվանսարա գյուղը, որ հետո վերանվանվել է Իջևան։ Բայց չկարծեք, թե դա սոսկ թարգմանություն է (քարվանսարա նշանակում է իջևան)։

   

Գոշավանք, Պողոսի խաչքարը, 1291 թ.

Այս վայրը իջևան է եղել հնուց։ Եվ հնարավոր է, որ մեր հները այն Իջևան էլ կոչել են։ Հետո օտարները Իջևանը թարգմանել ու դարձրել են Քարվանսարա։ Իջևան ասելով և մենք, և մեր նախնիք ընկալել են իջնելու տեղ, շենք, կացարան, կայան, հանգրվան, ուր ճանապարհորդներն իջնում են հանգստանալու և գիշերելու համար։



Մակարավանք, X - XIII դդ.

Իջևանից դուրս գալով շարժվում ենք դեպի Աչաջուր, մտնում Սևքար, Կիրանց եւ Ոսկեպար գյուղերը։ Այս տարածքում ճարտարապետական նշանավոր հուշարձանախումբ է Մակարավանքը, որը գտնվում է Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1205 թվականին։

Իր զարդաքանդակների ինքնատիպությամբ ու բազմազանությամբ Մակարավանքը հայ ճարտարապետության հրաշալիքներից է և դասվում է Ախթամարի, Բղենո Նորավանքի և Գանձասարի շարքին։

Ոսկեպարին հաջորդում են Ոսկեվան, Ջուջևան գյուղերը, ապա Նոյեմբերյան քաղաքը։

Նոյեմբերյանը մինչև 1938 թվականը կոչվել է Բարանա։ Քաղաքն ունի կաթնամթերքի և պտղաբուծության զարգացած արտադրություն։ Քաղաքի կողքին, մի բարձունքի վրա, պահպանվել է Մրաղանց Արեգունի կիկլոպյան ամրոցը։

Նոյեմբերյանից ուխտագնացության երթուղին շարունակվում է այսպես. Կողբ, Բերդավան, Ճոճկան, Շնող, Ախթալա, Ալավերդի։



Պարզ լիճ

Այս տարածքում տեսարժան վայր է Ախթալա քաղաքը, որը գտնվում է Դեբեդի ձախ ափին, Ալավերդի քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք։ 1888 թվականին հնագետ Ժակ Մորգանը Ախթալայում պեղել է Քրիստոսի ծննդից առաջ 8-7-րդ դարերի 210 քարարկղային դամբարան։

Այստեղ նշանավոր է Կյուրիկյանների օրոք բարձրադիր հրվանդանի վրա կառուցված (10-րդ դար) ամրոցը։ Ախթալա վանքի Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցին կառուցել է ամիրսպասալար Իվանե Զաքարյանը 13-րդ դարի առաջին քառորդին։

Ալավերդի քաղաքը գտնվում է Դեբեդի կիրճի զառիթափ լանջերին և Սանահինի սարավանդում։ Երևանից հեռու է 191 կմ։ Որպես բնակավայր Ալավերդին հայտնի է Քրիստոսի ծննդից առաջ երկրորդ դարից և կոչվել է Մանից գոմ, Մանասգոմեր, Մանես։

Ալավերդին Հայաստանի պղնձարդյունաբերության նշանավոր կենտրոն է։

Հաղպատը 10-13-րդ դարերի հայկական ճարտարապետական նշանավոր հուշարձան է։ Եղել է հոգևոր մշակութային խոշոր կենտրոն։

Վանքի իսկական անունը Հաղբատ է, որ հետագայում ընդհանրական է դարձել Հաղպատ ձևով։ Անունը կազմված է երկու բաղադրամասերից. հաղբ և ատեմ։ Հաղբ նշանակում է որոգայթ, հաղբաթ` ատեն զհաղբ, այսինքն` ատում եմ որոգայթը կամ խույս եմ տալիս որոգայթից։ Այս անունը վանքին տվել են առաջին միաբանները, որոնք աշխարհը, աշխարհիկ կյանքը որոգայթ համարելով, փախել են նրա ունայնությունից և մտել վանք։

Հաղբատը հիմնադրվել է 976 թվականին Աշոտ Գ Բագրատունի թագավորի ժամանակ։ Վանքային համալիրի կազմում են Սուրբ Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրիկ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, մի քանի մատուռ-դամբարաններ, խաչքարեր։ Համալիրը եզերված է քաղաքվորմով։ Համալիրի գլխավոր հուշարձան Սուրբ Նշանը կառուցել է Խոսրովանույշ թագուհին 976-991 թվականներին, իր որդիներ Սմբատի և Գուրգենի արևշատության համար։ Վանքային համալիրի բոլոր շենքերը կառուցված են կապտավուն որձաքարից։ Ենթադրում են, որ Սուրբ Նշանը կառուցել է Անիի հանճարեղ ճարտարապետ Տրդատը։ Ամենևին էլ պատահական չեն Հաղպատի Սուրբ Նշան տաճարի և Գագկաշենի ճարտարապետական ձևերի ընդհանրուոթյունները։

Սուրբ Նշան տաճարին կից մեծ գավիթը կառուցվել է 1210-ական թվականներրին` իշխանուհի Մաիրամի 1185-ին հիմնարկած տապանատան տեղում։ 1257 թվականին վանահայր Համազասպը կառուցում է ընդարձակ մի գավիթ, որը կոչվում է Համազասպի շենք։ Հուշարձանախմբի արևելյան մասում է զանգակատունը, որը կառուցվել է 1245 թվականին։ Այն եռահարկ է. առաջին երկու հարկերում տեղավորված են յոթ աղոթարաններ։ Համալիրի հյուսիսային մասում է 13-րդ դարում կառուցված սեղանատունը։ Վանքային համալիրի մեջ է մտնում 13-րդ դարի սկզբում կառուցված Ուքանանց իշխանական տոհմի եռախորան դամբարանը։ Սուրբ Նշան տաճարի հյուսիսային մուտքի մոտ է Ամենափրկիչ կոչվող խաչքարը, որ կանգնեցվել է 1273 թվականին աթաբեկ ու ամիրսպասալար Սադունի պատվին։ Տաճարի հարավային պատի վրա պահպանվել է Սադունու որդու` Խութլու Բուղայի ամբողջ հասակով պատկերը, արևելյան ճակտոնապատի վերին մասում` կտիտորական` նվիրատվական հորիվածքը, դեմ դիմաց կանգնած Սմբատ և Գուրգեն թագավորները պահում են տաճարի մանրակերտը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1996 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ համաշխարհային մշակույթի արժեքների շարքում 777-րդ համարի տակ տեղ է գտել Հաղպատի վանքը։ Սա հայկական ճարտարապետության առաջին հուշարձանն է, որ մտնում է համաշխարհային այդ նշանավոր ցուցակի մեջ։



Հաղպատի վանք, X - XIII դդ.

Սանահինը մտնում է Ալավերդի քաղաքի մեջ։ Այստեղ են ծնվել Անաստաս ու Արտեմ Միկոյանները։ Սանահինի վանքը հիմնել է Աշոտ Գ Ողորմած թագավորը 966-ին։ 10-11-րդ դարերում եղել է մշակութային նշանավոր կենտրոն։ Սանահինի հուշարձանախմբի կազմում են Սուրբ Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ճեմարանը։ Վանական համալիրի մեջ է մտել Գրիգոր Մագիստրոսի ճեմարանը (11-րդ դար)։

Նշանավոր հուշարձան է նաև Սանահինի կամուրջը Դեբեդ գետի վրա, որը 12-րդ դարի վերջին կառուցել է տվել Վանենի թագուհին` ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու` Աբաս Բագրատունի թագավորի։

Ալավերդուց կարելի է գնալ Օձուն գյուղը, որը գտնվում է Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա, Ալավերդի քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք։

Օձունը հիշատակվում է 8-րդ դարից։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են հնամենի հուշարձաններ։ Գյուղի կենտրոնական մասում է Օձունի գմբեթավոր Բազիլիկ եկեղեցին (6-րդ դար)։ Այս եկեղեցու կողքին է 5-6-րդ դարերի կոթող-մահարձանը։ Օձունի կողքին հինավուրց Կենարար անունով անտառն է։

Օձունից պիտի ետ դառնալ Ալավերդի քաղաք և ճանապարհը շարունակել դեպի Վանաձոր։ Այս հատվածում տեսարժան է Դսեղ գյուղը` հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրը, որտեղ գտնվում է տուն-թանգարանը։ Դսեղի մերձակայքում են Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը (10-13-րդ դարեր), Քառասնից մանկանց վանքը (13-րդ դար)։

1994 թվականի հոկտեմբերի 19-ին Դսեղ գյուղում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի սիրտը հողին հանձնելու հադիսավոր արարողությունը։ Մինչ այդ Հովհաննես Թումանյանի սիրտը պահվում էր հատուկ սրվակի մեջ (սկզբում Մոսկվայում էր, հետո փոխադրվել է Հայաստան և երկար տարիներ պահվել Երևանի բժշկական ինստիտուտում)։ Թաղման ծեսը կատարելուց հետո հաճարեղ բանաստեղծի սիրտը ամփոփվեց վանակատե (օբսիդիան) սափորի մեջ և թաղվեց Թումանյանի հայրական տան բակում` բանաստեղծի հիշատակին կառուցված մատուռի խորանում։

Հովհաննես Թումանյանի սիրտը թաղվեց հայրենի Դսեղ գյուղում, իսկ մարմինը Թբիլիսիում (1923-ին)։ Հայոց պատմության մեջ դա առաջին դեպքը չէ, երբ ականավոր գործչի մարմինը մի տեղ է թաղվում, իսկ սիրտը` մի ուրիշ տեղ։ Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն Մեծագործի սրտը թաղվել է Կիլիկիայի սահմանային Ցախուտ գավառի Ակներ վանքում (Ականց անապատում), իսկ մարմինը` Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսում։

Դսեղից թեքվելով աջ, ուխտագնացները մտնում են մայրուղի, շարժվում առաջ, անցնում Վահագնի և Եղեգնուտ գյուղերը, հասնում Վաբաձոր քաղաքը, որին հաջորդում են Դիլիջան քաղաքը, Սևանի լեռնանցքը, Սևան քաղաքը։

Սևանից ուխտագնացության երթուղին ձգվում է դեպի Աշտարակ։ Բայց այս երթուղին անցնում է ոչ թե Սևան-Երևան մայրուղիով, այլ լեռնային տեղանքով։ Դա երկար այծուղի է, որը հետիոտն անցնելով հաճույք կպատճառի ուխտագնացներին։

Ահա և Ծաղկաձոր քաղաքը։

***********************************************************
ԱՍՔ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄԱՍԻՆ
Հեռուներից եկած մի դյուցազուն աչքը տնկել էր հայոց սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի վրա։ Աղջիկը չգիտեր, թե ինչպես ազատվեր հսկայի սիրահետումներից։ Սկսեց վազել, բայց զգում էր, որ ուր որ է հսկան կհասնի իր հետևից։ Վազում էր ու մտմտում, թե ինչ հնարքով ազատվի հետապնդումից։ Այդ պահին չգիտես ինչպես, նա լսեց իր քրոջ` ողջախոհության աստվածուհի Նանեի փսփսոցը. «Հանիր ու մի կողմ նետիր գեղազարդ կանաչ թիկնոցդ»։ Աստղիկը հանեց ու գետին գցեց իր թիկնոցը։ Եվ Նանեն անմիջապես թեթև մառախուղով ծածկեց Աստղիկի կանաչ թիկնոցը։ Հսկայի տեսածիրը միանգամից փակվեց։ Նա ոչ Աստղիկին էր տեսնում, ոչ էլ նրա թիկնոցը։ Հազար տարի հետո Նանեի արձակած մառախուղը բարձրացավ և մարդիկ տեսան, որ Աստղիկի` գետնին կպած գեղազարդ թիկնոցը դարձել է ծաղկավետ ու ծառազարդ մի սքանչելի հովիտ։ Այն կոչվեց Ծաղկաձոր։
***********************************************************

Ամեն ասքից մի բան է դուրս գալիս և մարդկանց բաժին հասնում։ Այս ասքից էլ դուրս է եկել կանաչազարդ թիկնոց-հովիտը։

ԾԱՂԿԱՁՈՐ

Ծաղկաձոր քաղաքը գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին։ Հնում կոչվել է Ծաղկաձոր, ապա Ծաղկունյաց ձոր և մտել Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ։ Արշակունի թագավորների հովանոց-ամառանոցն էր։ Հետագայում դարձել է Պահլավունիների, ապա Պռոշյանների տիրույթը։ 11-րդ դարում այստեղ է ապրել հայ-հանճարեղ իմաստասեր Գրիգոր Մագիստրոս Պահլավունին։ Հենց նա էլ 1033 թվականին այստեղ կառուցել է Կեչառիսի վանքի գլխավոր` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Կեչառիսի ճարտարապետական համալիրը ամբողջությամբ կառուցվել է 11-13-րդ դարերում։ 16-րդ դարից վերանվանվել է Դարաչիչակ, որ թուրքերեն է նշանակում է Ծաղկունյաց ձոր։ 1947 թվականին վերանվանվել է Ծաղկաձոր։ 1920 թվականից առաջ, շուրջ 100 տարի, ամռան ամիսներին Ծաղկաձոր են փոխադրվել Երևանի պետական հիմնարկները և այդ տարիներին Ծաղկաձորը կոչվում էր Ամառանոցային Երևան կամ Երևանի արվարձան։

   

Կեչառիս, XI - XIII դդ., Վարպետ Վեցիկի խաչքարը; Վանքը ընդհանուր տեսքը

Ծաղկաձորն, որն ունի մեղմ և առողջարար կլիմա Հայաստանի Հանրապետության դպրոցականների նշանավոր ամառանոցներից է։

Այստեղ են գտնվում նաև մարզական շատ կառույցներ։ Ծաղկաձորում կան մի քանի հանգստյան տներ, որոնցից են Հայաստանի գրողների միության ստեղծագործական տունը և «Ծաղկաձոր» մոր ու մանկան հանգստյան տունը։ Ծաղկաձորում է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը։ Կեչառիսի վանքի բակում պահպանվել է միջնադարի հայ նշանավոր քարգործ վարպետ Վեցիկի պատվին կանգնեցված խաչքար-հուշարձանը։

Ուխտագնացության երթուղին Ծաղկաձորից հասնում է Հրազդան քաղաք, որը 1995-ի դեկտեմբեից ՀՀ Կոտայքի մարզկենտրոնն է։ Հրազդան քաղաքը գտնվում է համանուն գետի ձախ ափին։

   

Կեչառիս, Արևի ժամացույց

Հեռավորությունը Երևանից 50 կմ է։ Քաղաքի շրջագծի մեջ են մտնում Սաքրավան, Աթարբեկյան, Ջրառատ, Կաքավաձոր գյուղերը։ Քաղաքի մերձակայքում երկաթի հանքավայր կա։ ՀՀ արդյունաբերական կենտրոններից է, էներգետիկ մեծ հանգույց։ Հրազդանից ուխտագնացները շարժվում են ոչ թե Չարենցավան տանող մայրուղիով, այլ դարձյալ լեռնային ճանապարհներով ուղևորվում են դեպի Բջնի։

Բջնի գյուղում է «Բջնի» հանրահռչակ հանքային ջրի գործարանը։ Այս գյուղը հնում մտնում էր Այրարատ նահանգի Վարժնունիք գավառի մեջ։ Գյուղի մասին առաջինը հիշատակել է պատմիչ Ղազար Փարպեցին իր «Պատմություն հայոց» գրքում։

Բջնին բարգավաճեց այն ժամանակ, երբ դարձավ Պահլավունի հայկազուն պայազատների ոստանը։ 11-րդ դարից եղել է բերդ քաղաք։ Սա նստավայրն էր քաջ զորավար Վասակ Հոլում Պահլավունու, որը 1020-ական թվականներին գրոհեց Բջնիի կողմերում ասպատակություներ գործող դելմիկ ցեղերի հրոսակների վրա, ջախջախեց նրանց, բայց ինքն էլ զոհվեց դավադրաբար։ Հետո Բջնիի տեր է դառնում Վասակի որդին` Գրիգոր Մագիստրոս պահլավունին, որն իրեն կոչում էր նաև Բջնեցի, քանզի իր ստեղծագործական կյանքի լավագույն տարիների մի մասը անցկացրել է այստեղ։ Այս բազմահմուտ գիտնականը 1031 թվականին Բջնիում կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցու փառահեղ շենքը, որը մինչև այժմ էլ կանգուն է։ Ճակատագիրը ստիպեց, որ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1045 թվականին Բջնին և իր հայրենի մյուս տիրույթները հանձնի Բյուզանդիային` փոխարենը Միջագետքում ստանալով քաղաքներ ու գյուղեր։ Եվ, այնուամենայնիվ, Բջնիի պատմության ամենապայծառ էջը կապված է Գրիգոր Մագիստրոս Պահլավունի Բջնեցու հետ։

Բջնին իր հոգևոր-աշխարհիկ կառույցներով հիացրել էր շատերին։ Նրա մասին գրել են ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը, որը 1673 թվականի մարտի 6-ին գիշերել է Բջնիում և ֆրանսիացի բնախույզ Պիտտոն դե Տուրնեֆորը, որն այստեղ գիշերել է 1700 թվականի հուլիսի 13-ին։



Բժնիի Սբ. Աստվածածին եկեղեցին, XI դ.

Բջնի բերդքաղաքի ավերակները գտնվում են Հրազդան գետի աջ ափին, բարձր սարահարթի վրա։ Հնում այս կողմերում բճնի անունով հոտավետ մի բույս էր աճում, որով բուժում էին մարդու մարմնի առաջացած ուռուցքները։ Շատ բույսերի հետ բճնին էլ արմատահան է եղել ու վերացել աշխարհի երեսից։ Զրույցն ասում է, որ գյուղը Բճնի, ապա Բջնի է կոչվել այդ բույսի անունով։ Բջնիից անցնում ենք Արզական գյուղը, որը գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Ծաղկունյաց լեռների հարավային-ստորոտին։ Գյուղի կողքին Արզականի մարմարի բաց հանքն է։ Արզականը միջին դարերում հիշվում է Արտավազդական ձևով։ Ոմանք ենթադրում են, թե սա եղել է Տիգրան Բ Մեծ արքայից-արքայի որդի Արտավազդ Բ թագավորի որսատեղին, որտեղ շատ եղնիկներ ու ցիռեր կային։

Արզական գյուղից 3 կմ հյուսիս-արևմմուտք գտնվում է Նեղուցի Սուրբ Աստվածածին վանքը, որի գլխավոր եկեղեցին կառուցվել է 10-11-րդ դարերում։ Վանքի շրջակայքում խաչքարերով հարուստ գերեզմանոցն է։ Արզականին հաջորդում են Քարաշամբ ու Արագյուղ գյուղերը, ապա Եղվարդ քաղաքը։



Ոսկեպարի եկեղեցին, VII դ.

Եղվարդից երթուղին հասնում է Աշտարակ, այստեղից` Վաղարշապատ։

Այս ճանապարհի ոլորաններից մեկում կա կապտավուն մի փոքրիկ քար, որ անցնող-դարձողներն անվանում են Աղոթքար։ Մարդիկ սա համարում են սրբազան քար և սովորություն չունեն դրա վրա նստելու։ Հայ գաղթականները այն բերել են Բագրևանդից 1915 թվականին։ Հնարավոր է, որ սա լինի Գրիգոր Լուսավորչի այն նշանավոր Աղոթքարը, որի մասին գրված է. «Բագրևանդում, Արածանի գետի եզերքին, Ձիրավի դաշտում, հայերը ցույց են տալիս այն մեծ քարը` Աղոթքարը, որին թիկնելով Գրիգոր Լուսավորիչը աղոթքներ է կարդացել և մկրտել հայ ժողովրդին» (Գավազանագիրք. Յաջորդությունք վանահարց ուխտիս Ս. Կարապետի Տարօնոյ, Երուսաղեմ, 1912, էջ 136)։



Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000