www.christianity.am

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Որպես վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզը կազմվել է 1995-ի դեկտեմբերի 4-ին և ներառում է իր մեջ Կամոյի, Կրասնոսելսկի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի նախկին վարչական շրջանների տարածքները։ Տարածությունը 5348 կմ/քառ. է (ներառյալ Սևանի լիճը), բնակչությունը` 272.4 հազար, ունի 92 համայնք, 98 գյուղական բնակավայր (1997-ի հունվար)։ Մարզի մեջ են մտնում Սևան, Մարտունի, Ճամբարակ և Գավառ քաղաքները։

Մարզկենտրոնն է Գավառը։ Մարզի ամենամեծ գյուղը Վարդենիկն է, որն ունի 9400 բնակիչ։ Սևան քաղաքն ունի 32000, Սարուխան գյուղը` 3800 բնակիչ։

Մարզի տարածքն ընդգրկում է Սևանի ավագանի բնական շրջանը, առավելագույն բարձրությունը 3597 մետր է (Աժդահակ լեռ)։ Սևանա լճի հայելին գտնվում է մոտ 1900 մետր բարձրության վրա։ Սևանա լիճը կոչվում է Գեղանա կամ Գեղարքունյաց ծով։ Քաղցրահամ լիճ է։ Լճի մեջ թափվում են 28 գետ ու գետակ, որոնցից առավել խոշոր են Ձկնագետը, Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Կարճաղբյուրը, Մասրիկը։ Լճից սկիզբ է առնում Հրազդան գետը։

Մարզը հարուստ է շինանյութերի (փափկաքար, բազալտ, պեռլիտ, հրաբխային խարամ, քվարցային ավազ), քրոմի, ոսկու, տուֆի, հանքային և արտեզյան ջրերի պաշարներով։

Կլիման լեռնային է, չափավոր ցուրտ։ Անտառածածկ է Արտանիշ թերակղզին։

Գյուղատնտեսական-արդյունաբերական մարզ է։ Առողջարանային և զբոսաշրջիկության կենտրոն է Սևան քաղաքը։ 1996-ից հրատարակվում է «Սևան» մարզային թերթը։ Հնում մարզի տարածքը մտել է Մեծ Հայքի Այրարատ, Արցախ և Սյունիք նահանգների մեջ։

Գեղարքունիքի մարզը մտնում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի (կազմավորվել է 1996-ին) մեջ։

Ուխտագնացները Գեղարքունիքի մարզի տարածք մտնելով, հասնում են Մադինա, այնտեղից` Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Մարտունի քաղաք և նրա կողքի Վաղաշեն գյուղը։ Այս երթուղու վրա շատ են տեսարժան վայրերը։

Մադինա գյուղը գտնվում է Արգիճի գետի ձախ ափին, Մարտունի քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք։ Մադինայի բնակիչներն այստեղ են եկել 1922 թվականին, Ներքին Գետաշեն գյուղից։ Արգիճի գետի ափին է նաև Վերին Գետաշեն գյուղը, որտեղ պահպանվել են Սուրբ Աստվածածին և Սուրբ Սարգիս եկեղեցիները, խաչարձաններ։ Այս գյուղի բնակիչների նախնիները եկել են 1828-29-ին, Ալաշկերտից և Մուշից։ Արգիճի գետի ափին է նաև Ներքին Գետաշենը, որը գրեթե կպած է Մարտունի քաղաքին։ Մարտունի քաղաքը գտնվում է Սևանա լճի հարավ-արևմտյան ափին։ Երևանից հեռու է 130 կմ։ Այստեղ գործուն է «Մարտունի» հանգստյան տունը։ Մարտունիում և մերձակայքում պահպանվել են հնամենի ճարտարապետական հուշարձաններ։ Մարտունու կողքին է Վաղաշեն գյուղը, որը հարուստ է հնագիտական հուշարձաններով։

   

Ըստ երթուղու պետք է Վաղաշենից ետ դառնալ, մտնել Մարտունի և շարունակել ճանապարհը։ Բայց նախընտրելի է Վաղաշենից շարժվել ու հասնել Հայաստանի խոշորագույն գյուղերից մեկը` Վարդենիկը, որը գտնվում է Վարդենիս գետի ափին, Մարտունի քաղաքից 13 կմ արևմուտք։ Այս գյուղի տարածքը հնագույն կառույցների թանգարան է։ Այստեղ կան և գյուղատեղիներ և կիկլոպյան ամրոցի մնացորդներ, և ժայռապատկերներ, և 13-18-րդ դարերի խաչքարեր։

Լիճքին հաջորդում է Ծակքար գյուղը, որը գտնվում է նույնանուն գետի ձախ ափին։ Ծակքարում կա բնական մի կամուրջ, եկեղեցի` վերակառուցված 19-րդ դարում։ Այս գյուղից հյուսիս-արևմուտք, Բախտակ գետակի ափին, պահպանվել են հելլենիստական դարաշրջանի բնակատեղիներ։ 1957 թվականին Ծակքարում գտնվել է Արտաշես Ա Բարի թագավորի սահմանաքարերից մեկը։

Ծակքարի կողքին է Ձորագյուղը։ Սա ոչ թե գյուղ է այլ բացօթյա թանգարան։ Այստեղ պահպանվել են 877-889 թվականներին կառուցված Սուրբ Պետրոս եկեղեցին, 7-17-րդ դարերի Շողագա վանքի համալիրը, 9-րդ դարի Մասրուց անապատ վանքը։ Այս բնակավայրը հիշատակվում է 8-9-րդ դարերում։ Ձորագյուղը վերաբնակեցվել է 1930 թվականին։

Ձորագյուղին հաջորդում են Վարդաձոր և Երանոս գյուղերը։ Վարդաձոր գյուղում պահպանվել են Ք.Ա.722-705 թվականների սեպագիր արձանագրություւներ, իսկ Երանոսում` Սուրբ Աստվածածին եկեղեցին (1215), Թուխ Մանուկ, Սալակուտի, Սուրբ Սոֆյա մատուռները, դամբարաններ, 15-17-դ դարերի խաչքարեր։

Երանոսին հաջորդում են Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան (Գավառագետի Կուկուձոր վտակի ափին), Կարմիրգյուղ գյուղերը և Գավառ մարզկենտրոնը։

Գավառ քաղաքը հիմնադրել են 1830 թվականին Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից այստեղ փոխադրված հայերը։

Կոչվել է Գավառ, Քյավառ, Նոր Բայազետ, 1959-1996-ին` Կամո, 1996-ից` Գավառ։ Քաղաքի շրջագծի մեջ են մտնում Արծվաքար ու Հացառատ գյուղերը։ Հեռավորությունը Երևանից 98 կմ է։ Քաղաքը տարածվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառ գետի ստորին հոսանքի ավազանում։ Քաղաքում և շրջակայքում կան հնադարյան հուշարձաններ։

Իր ինքնատիպ սովորություններն ունեցող գողտրիկ քաղաք է։ Գավառի մարդիկ աչքի են ընկնում իրենց սրամտությամբ և զվարճալի պատմություններով, որոնց մի մասը նվիրված է օղուն։

Գավառ գետից հեռու չէ հայկական խաչքարերի ամենամեծ թանգարանը` Նորատուս գյուղը։ Հարյուր տարի առաջ այստեղի խաչքարերի թիվն անցնում էր հազարից։ Հիմա նվազել է այդ թիվը։ Այս հուշարձան և տապանաքար խաչքարերի մեծ մասը կանգնեցվել է 13-17-րդ դարերում։ Դրանց կերտողները եղել են քանքարաշատ քարգործներ Մելիքսեթ Կազմողը, Ներսեսը, Քիրամը և ուրիշներ։ Խաչքարերի մի մասը Նորատուսի գերեզմանատանը խմբավորված են և ներկայացնում են որպես առանձին տոհմերի կամ գերդաստանների դամբարանատներ։ Սկզբում գերեզմանատանը դրանք կազմել են յոթական շարք, հետագայում ժամանակների հետ աղավաղվել են նաև այդ յոթնաշարքերը։ Հայագետ Սարգիս Զալալյանը նկարագրելով Նորատոսի գերեզմանատունը, գրում է, որ խաչազարդ ու գեղաքանդակ խաչքարերը հեռվից նայելիս նմանվում են կարգով շարված հեծելախմբերի։ Այս խաչքարազորը Հայաստանի Հանրապետության ամենամեծ թանգարանն է, որը կարող է դառնալ միջազգային զբոսատեղի։



Նորատուսի գերեզմանոցը Սևանի ափին

Նորատուսից վերադառնում ենք Գավառ և երթուղին շարունակում դեպի Սևան քաղաքը։ Այս ճանապարահատվածի վրա են Այրիվան, Լճափ, Ծովազարդ (մինչև 1978-ը` Մուխան), Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերը, ապա Սևան քաղաքը։

Այրիվան գյուղը նշանավոր հնավայր է։ Նրա տարածքում են բրոնզեդարի կիկլոպյան ամրոցի ավերակները։ Այրիվանում է գտնվում Հայրավանքը, որը Սևանա լճի ափին է, ժայռեղեն հրվանդանի վրա։ Ճարտարապետական այս հուշարձանը կառուցվել է 9-12-րդ դարերում։ Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել են կավե կուռք, բազմազան անոթներ, սուզակներ, կրակարաններ։ Հնամենի հուշարձաններով հարուստ է նաև Նորաշենը, որը հիմնադրվել է 1920-ին։ Լճաշենի բրոնզեդարյան դամբարանադաշտում հայտնաբերվել են վաղնջական կմախքներ։ Լճաշենը որպես բնակավայր հիմնադրվել է Քրիստոսի ծննունդից առաջ 4-րդ հազարամյակի վերջին։ Լճաշենը հնագույն մշակույթի բացօթյա թանգարան է։ Պեղածո նյութերը հավաստում են, որ Լճաշենի բնակիչները Ք.Ա. 12-րդ դարում օգտագործել են Զոդի ոսկու հումքը։

Լճաշենի կողքին Սևան քաղաքն է։ Մինչև 1935 թվականը բնակավայրը կոչվել է Ելենովկա։ Գտնվում է Երևան-Դիլիջան և Երևան-Գավառ մայրուղիների վրա։ Քաղաքի շրջագծի մեջ են մտնում Գոմաձոր և Ցամաքաբերդ գյուղերը։ Հեռավորությունը Երևանից 54 կմ է։ Քաղաքը տարածվում է Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին։ Այս քաղաքը հիմնադրել են Ռուսաստանից այստեղ աքսորված աղանդավորները 1842 թվականին։

1922 թվականից Սևան լճում կա նավարկություն։ 1978-ին ստեղծվել է «Սևան» ազգային բնայգին։ Քաղաքում կան առողջարաններ, զբոսաշրջիկների հանգրվան, հանգստյան տուն։

Այս քաղաքի մի մասն է կազմում Սևանի վանքը (9-րդ դար), որը գտնվում է Սևանա թերակղզու վրա։ Սևանի թերակղզին մինչև 1952-ը կղզի է եղել։ Ժամանակին Սևանա կղզին լճափից հեռու էր մոտ 2 կմ։ Աշոտ Բագրատունի թագավորի դուստր, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի տիկին Մարիամը 874 թվականին կղզու վրա կառուցել է երկու եկեղեցի` Առաքելոց վանքը և Սուրբ Աստվածածինը։ 1890 թվականին Սևանի վանքում ազգային բարերար ու մեծահարուստ Արամյանի ծախսերով բացվել է Սևանի դպրանոցի շենքը։ Խորհրդային իշխանության տարիներին այն չի գործել։ Սևանի Վազգենյան (կոչվել է Վազգեն Ա կաթողիկոսի անունով) դպրանոցը վերաբացվել է 1990 թվականին։

11-րդ դարի առաջին կեսին Սևանա վանքում սկսել է փայլել Վանահայր Սարգիս վարդապետ Իմաստասերը, Գրիգոր Մագիստրոսի արժանավոր թղթակից և Բագրատունիների թագավորության բարձման ժամանակ հայոց գլխին եկած աղետների ողբողը։ 1205 թվականին հիշվում է Սարգիս «Սևանա Միայնակյացը» (Կիրակոս Գանձակեց), որը մասնակցել է Զաքարիա սպասալարի առաջարկով հրավիրված Լոռու ժողովին Մխիթար Գոշի և ուրիշների հետ։ Հավանաբար Սարգիս վանականի ժամանակ, ԺԳ դարում, երբ լեզգիները հաճախ հարձակում էին գործում Հայաստանի վրա կողոպուտի նպատակով, Սևանա ծովակի շրջակա բնակիչները ապաստանել են կղզում։ Այդ հարձակումներից մեկի ժամանակ լեզգիների մի խումբ փորձում է խորամանկությամբ մուտք գործել վանք։

************************************************
ԼԵԶԳԻ ԴԱՎԱԴԻՐՆԵՐԻ ՎԵՐՋԸ
Երկու լեզգին ներկայանում են Սևանի վերակացուին իբրև վաճառականներ և համոզում նրան, որ թույլ տա միառժամանակ կղզում պահելու 40 արկղերի մեջ դարսված ապրանքը, մինչև որ երկիրը կխաղաղվի ավազակներից։ Զարմանալի զուգադիպությամբ հենց այդ ժամանակ դպրանոցի պատժված սաներից մեկը առանձնանալով այս արկղերի մոտ` նրանց միջից մարդկային ձայն է լսում։ Նա անմիջապես այդ մասին իմաց է տալիս իր ուսուցչին։ Վանականները բացում են մի արկղը և տեսնում նրա մեջ թագնված երկու զինված լեզգու։ Բացահայտելով դավադրությունը, վանականները, վանքում հավաքված ժողովրդի օգնությամբ բոլոր արկղերը գլորում են լիճը` երգելով` «Շնորհեա մեզ, Տեր» շարականը` կրկնելով մարգարեի խոսքը` «Եվ զխորհուրդն, զոր խորհիք խափանել Տեր զի Աստված ընդ մեզ է»։ Հետո այս շարականը եկեղացական երգերի կարգն է անցել և մինչև հիմա էլ երգվում է։ Այժմ էլ ավանդաբար ցույց է տրվում Առաքելոց եկեղեցու մոտ մի տեղ, ուր թաղված են այդ դավադիր խմբի առաջնորդ երկու կեղծ վաճառականները։
************************************************

Մի ուրիշ դրվակում Երվանդ Լալայանը գրում է. «Սևանա վանքի վանահայր Հովհաննես վարդապետ Նորատուսցու ժամանակ, 1747 թվին, երբ Նադիր շահի ասպատակություններից հետո նրա զորքերը զանազան խմբերով ցրվել էին Հայաստանի զանազան կողմերը ասպատակելու, մոտ տասը հազարից բաղկացած մի խումբ էլ Ազատ խանի առաջնորդությամբ մտել է Սյունյաց աշխարհը` կողոպտելու։ Այդ միջոցին Գեղարքունիքի բնակիչները իրենց Մելիք Սարգիսջան և Ալավերդի Յուզբաշի երևելիներով ապաստանել են Սևանա կղզում։ Ասպատակողները գյուղերում բնակիչներ չգտնելով մոտեցել են Սևանին հունվարի 5-ին, երբ լիճը սառած լինելով կարելի էր վրայից անցնել։ Հայերը նկատելով ասպատակողներին, կամեցել են հակառակ կողմից փախչել, սակայն Հովհաննես վարդապետը, որ այդ ճրագալուցի երեկոյին պատարագելիս է եղել, ձեռքն է առել խաչի ս. նշանը և պատվիրել ժողովրդին հանդարտվել և աղոթել. ապա շտապով հաղորդել է ժողովրդին` պատրաստվել կռվի և մահվան։ Այդ ժամանակ ասպատակողները փողեր հնչեցնելով դեպի կզղի են արշավել, և երբ զենք ունեցողներն առաջ են անցել, կանանց ու երեխարի լացն ու աղաղակը երկինք է բարձրացել, հանկարծ սառույցը կոտրատվել է և ամբողջ ասպատակող խումբը լիճն է խորասուզվել ու անհետացել» (էջ 62)։



Այրիվանի Հայրավանքը, IX - XII դդ.

Սևանա վանքի պատմությունը կարելի է աժանել երեք փուլի. առաջինը 305-874, այդ թվականներին մի հին մեհյանից փոխվել է վանքի։ Երկրորդ փուլը 874-1836 թվականներն են, երբ Հայաստանում տարածվել էր ճգնավորությունը, այս մեկուսացած վայրում խմբվել են շատ ճգնավորներ և կտրվելով աշխարհիկ կյանքից` ճգնել։ Այս փուլում, Թ և Ժ դարերում, կղզու վրա կառուցվել են գողտրիկ եկեղեցիներ։ Երրորդ շրջանը 1836-1908-ն է, երբ վանքը զրկվում է առաջնորդական իրավունքներից, դառնում է սոսկ մի ճգնարան և ապաշխարության դատապարտված հոգևորականների աքսորատեղի։



Սևանի վանքը, IX դ.

Առաքելոց եկեղեցի. Սյունյաց Մարիամ տիկնոջ կառուցած այս եկեղեցին բարձրանում է բլրի գագաթին։ Կառուցված է սև, հասարակ քարից, իսկ կաթողիկեն` կարմիր, սրբաշատ քարից։ Սուրբ Աստվածածին եկեղեցին. սա կառուցված է կղզու հարավ-արևմտյան կողմում տարածվող տափարակի վրա և հիմնված է Մաշտոց վարդապետի ժամանակ Սյունյաց Մարիամ տիկնոջ ծախսով։ Եկեղեցին շինված է սև, սրբաշատ քարից։ Սուրբ Կարապետ եկեղեցի. բարձրանում է բլրի գագաթին, Առաքելոց եկեղեցուց փոքր ինչ դեպի արևմուտք։ Կառուցված է սև, անտաշ քարով, իսկ կաթողիկեն` կարմիր սրբաշատ քարով։ Այս երեք եկեղեցիներից բացի կղզու վրա կան նաև մի քանի շենքեր. վանահոր բնակարանը, միաբանների սենյակները կամ խցերը, ուխտավորների համար սենյակներ և այլն (էջ 72-74)։

Ժամանակին Սևանա կղզու վրա մի մեծ քար է եղել, որի մեջ ուխտավորները մեխեր էին խփում։ Հիմա այդ քարը չկա, հավանաբար փոխադրել են ուրիշ տեղ։ Այդպիսի մի քար էլ կա Գեղարքունիքի Սուրբ Հովհաննես ուխտատեղիում, որի վրա նույնպես բազմաթիվ մեխեր են ցցված։ Քարի կողերը մրոտվել են մոմի բոցից։ Դա հավաստում է, որ սա մի ժամանակ պաշտամունքի առարկա է եղել։ Ուխտավորներն այս քարի հանդեպ այսպիսի համոզում են ունեցել. եթե քո խփած մեխը խրվում է քարի մեջ` նշան է, որ քր ուխտը կկատարվի, եթե չի մտնում` ծռվում է` նշան է, որ քո ուխտը չի կատարվի։

Սևան քաղաքից ուխտագնացության երթուղին ձգվում է դեպի Ծովագյուղ, որը հնում կոչվել է Ճիպոտին, ապա` Չիբուխլու, այստեղից` Սեմյոնովկա, այստեղից էլ Դիլիջան քաղաք և մտնում Տավուշի մարզ։



Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000