
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Որպես վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզը կազմվել է 1995-ի դեկտեմբերի 4-ին և ներառում է իր մեջ Գորիսի, Կապանի, Մեղրու և Սիսիանի նախկին վարչական շրջանների տարածքները։ Տարածությունը 4501 կմ/քառ., բնակչությունը` 161.9 հազար, ունի 113 համայնք, 125 գյուղական բնակավայր (1997-ի հունվար)։ Մարզի մեջ են մտնում Կապան, Ագարակ, Գորիս, Դաստակերտ, Մեղրի, Սիսիան, Քաջարան քաղաքները։ Մարզկենտրոնն է Կապանը։
Մարզի տարածքը զբաղեցնում է Սյունիք բնաշխարհի Որոտան և Ողջի գետերի ավազանը։ Առավելագույն բարձրությունը 3904 մետր է (Կապուտջուղ լեռ), նվազագույն 390 մետր (Մեղրու կիրճում)։ Կապան քաղաքից հարավ վեր է խոյանում Խուստուփ գեղատեսիլ լեռը։ Խոստոփը Սյունիքի նշանավոր ուխտատեղիներից մեկն է։ Այս լեռան լանջին ծվարած Վաչագան գյուղի բնակիչները հավաստում են, որ Խոստոփի կատարամերձ քարայրում սուրբ ճգնավորի գերեզման կա։ Ամեն տարվա հուլիսի 8-ին ուխտավորների մեծ բազմություն է գնում Խոստոփի լեռնալանջը, մասնավորապես Քոլու կոչվող բացատի կողքին գտնվող Հացի աղբյուրը։ Խոստոփը սրբացել է հատկապես Արցախյան շարժումից հետո։ Գարեգին Նժդեհը Սյունիքն ազատագրելու իր համարձակ ծրագրերը կազմել է Խոստոփի լանջերին։ Սյունիքի մարզը իր հայկական դիմագիծը պահելու, Հայաստանի Հանրապետության կազմի մեջ մտնելու համար ամենից շատ պարտական է Գարեգին Նժդեհին։
Սյունիքի մարզը հարուստ է օգտակար հալածոներով (պղինձ, մոլիբդեն, ոսկի, բազմամետաղներ, երկաթ, հեֆելինային սիենիտներ)։ Մարզի տարածքում է Շիկահողի արգելոցը` Ծավի սոսիների պուրակով։ Սյունիքը Հայաստանի Հանրապետության գունավոր մետալուրգիական հումքի հիմնական կենտրոնն է։ Այստեղ է գտնվում Քաջարանի պղնձա-մոլիբդենային նշանավոր հանքավայրը։ 1996 թվականից մարզում հրատարակվում է «Սյունիք» թերթը։ Հնում մարզի տարածքը մտել Մեծ Հայքի Սյունիք նահանգի մեջ։
Սյունիք մարզը գտնվում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի (կազմավորվել է 5-րդ դարում) մեջ։ Առաջնորդարանը գտնվում է Գորիս քաղաքում։
Սյունիքի մարզն անվանում են նաև Զանգեզուր։ Հաբանդ գավառը, որ հնում մտնում էր Սյունիք նահանգի մեջ, համապատասխանում է հետագա Գորիսի շրջանի և նրա մերձակա հողատարածքին։ Հաբանդը միջնադարում կոչվել է Ձագեձոր։ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը հավաստում է, որ Սյունյաց աշխարհի նահապետ Ձագիկը Հաբանդում մի ամրոց է կառուցել, որ իր անունով կոչվել է Ձագեձորի բերդ։ Այդ բերդի անունով էլ Ձագեձոր է կոչվել նաև ամբողջ գավառը։
Հետագայում օտարները Ձագեձոր անունն աղավաղելով դարձրել են Ձագեձոր, ապա` Զանգեզուր։ Երկար դարեր գավառը հանդես է եկել Հաբանդ-Ձագեձոր կրկնակ անունով։ Այդ երկուսից, իհարկե, տարեցն ու հնամենին Հաբանդն է, որն ունի երկու բաղադրամաս` Հաբ+անդ։ Երկրորդ բաղադրամասի իմաստը հստակ է, այդ նշանակում է հող, հանդ, տարածք, երկիր։
Պիտի ենթադրել, որ Հաբը կապ ունի աստվածաշնչային Նոյի կրտսեր որդու` Հաբեթի հետ։ Հայկական ավանդության համաձայն Հաբեթի ավագ որդի Թորգոմը եղել է հայոց անվանադիր Հայկի հայրը։ Դրա համար էլ Հայկին անվանում են նաև Հաբեթածին, Հաբեթյան ազն կամ Հաբեթյան տոհմ։ Ամենևին զարմանալի չի լինի, որ գավառը կոչվեր Հաբեթի անդ, այսինքն` Հաբեթի երկիր` հայկական հող, հայերի երկիր, ապա սեղմվեր ու դառնար Հաբանդ։
Հաբանդ անունով գավառը եղել Անդրկուրյան Աղվանքում, որ հիշատակվում է 7-րդ դարի «Աշխարհացոյց» երկում։ Անկասկած Աղվանքի այս գավառը Հաբանդ է կոչվել ամբողջովին հայաբնակ լինելու պատճառով։ Բացի այդ Հաբանդ Մյուս է կոչվել Մեծ Հայքի Արցախ նահանգի գավառներից մեկը, որը համապատասխանում է այժմյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու և Հադրութի շրջանների տարածքին։
Այսպես մանրամասնեցինք, որպեսզի ուխտավորներն իմանան, թե Ձագեձոր ինչպես դարձավ Զանգեզուր։
Սյունիքի մարզ մտնելով ուխտավորները կանգ են առնում Տեղ գյուղում։ Սա Հայաստանի մեծ գյուղերից մեկն է։ Բավական է ասել, որ գյուղում գործում է 2 միջնակարգ դպրոց։ Տեղում կանգուն է Սուրբ Գևորգ եկեղեցին, որը հիմնադրվել է 4-5-րդ դարերում։ Տեղ գյուղը հիմնադրել է Սյունյաց թագուհի Շահանդուխտը։ Գյուղում կան հնամենի ճարտարապետական հուշարձաններ, որոնց թվում` Մելիք Բարխուդարյանի «ամարաթը»` կառուցված 1783-ին։
Տեղից ուխտավորները հասնում են Խնձորեսկ գյուղը, որը Գորիս քաղաքից հեռու է 8 կմ։ Կա 2 Խնձորեսկ. հինը տարածված է լեռնահովտի լանջերին, իսկ նորը` սարահարթում։ Հին բնակավայր է։ Այս գյուղը 18-րդ դարում եղել է Սյունիքի ազատագրական պայքարի թեժ կետերից մեկը։ Խնձորեսկում է գտնվում Մխիթար Սպարապետի գերեզմանը։ Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը և 1913-ին ունեցել է 1800 տուն։ Այդ նույն 1913-ին գյուղում կար 27 խանութ։
Հին Խնձորեսկն ունեցել է 4 եկեղեցի. Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Թաթեոս, Անապատի և Հին։ 1913-ին Խնձորեսկում գործել է 7 դպրոց։ ԽՍՀՄ հայրենական պատերազմին մասնակցել է 1300 Խնձորեսկցի, որոնցից 480-ը զոհվել է մարտադաշտերում։
Նոր Խնձորեսկը կառուցվել է 1950-ական թվականներին։ Հին Խնձորեսկը պահպանվում է որպես պատմական թանգարան։
Խնձորեսկին հաջորդում է Գորիս քաղաքը։
ԳՈՐԻՍ
Գորիս քաղաքը տարածվում է Վարարակ գետի հովտում։ Լեռնալանջին Գորիսի նշանավոր բուրգերն են։ Երևանից հեռու է 250 կմ։ Գորիսից է սկսվում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։
Գորիսը գողտրիկ, գեղեցիկ քաղաք է` թաղված այգիների մեջ։ Հնամենի բնակավայր է։ Այստեղ են ծնվել Ակսել Բակունցը, Սերո Խանզադյանը, գուսան Աշոտը։
Գորիսի տեսարժան վայրերը դիտելուց հետո ուխտավորները կարող են գնալ մերձակա, քաղաքից 4 կմ հարավ գտնվող Քարահունջ գյուղը, որը տարածվում է Վարարակ և Քարահունջ գետերի միախառնման տեղում։ Այս գյուղում և շրջակայքում կան զարմանահրաշ քարանձավ-կացարաններ և Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը կառուցվել է 1675-ին։ Քարահունջ գյուղը Հայաստանում հայտնի է իր թթի ընտիր օղիով։
Ծննդով Քարահունջ գյուղից էր ազգային բարերար ու մեծահարուստ Առաքել Ծատուրյանը, որը Բաքվում և հայրենի գյուղում հայտնի էր Առաքել Ապեր անունով։ Առաքելը երիտասարդ տարիքում գյուղից մեկնել է Բաքու և իր գործարարության շնորհիվ դարձել է մեծ կարողությունների տեր։ Սակայն բախտի տվածը նա չի վատնել իր անձնական վայելչությունների համար, այլ օգնել է կարոտյալներին։ Առաքել Ծատուրյանն առանց իր անունը հայտնելու իր ծախսերով հրատարակել է մի քանի մեծարժեք գրքեր, օգնել է նեղության մեջ գտնվող հայ գրողներին։
Քարահունջից ուխտավորները ետ են դառնում Գորիս, այստեղից թեքվում աջ ու գնում Վերիշեն գյուղը, որը գտնվում է Վարարակ գետի ափին, Գորիսից 2 կմ հյուսիս-արևմուտք։ Այս գյուղում առ այսօր կանգուն է 4-5-րդ դարերում հիմնադրված Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը Հայաստանի միանավ հուշարձանների մեջ իր չափերով ամենախոշորն է, երկարությունը 27.3 մետր։ Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1621 թվականին։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են խաչքարեր, նաև` 1294 թվականին արձանագրված մի ժայռեբեկոր` 10-րդ դարում կառուցված ջրանցքի վերակառուցման վերաբերյալ։
Վերիշենի կողքին է Բռուն գյուղը, որը հիմնադրվել է 1880 թվականին։ Այս գյուղի մոտ է գտնվում 10-րդ դարում կառուցված 21 կմ երկարություն ունեցող Տերտերի առու ջրանցքը։
Բռունից պետք է ետ դառնալ Գորիս և մտնել Սիսիան տանող ավտոխճուղին։ Խճուղով շուրջ 10 կմ առաջ շարժվելուց հետո պիտի դուրս գալ մայրուղուց, թեքվել ձախ և բռնել Տաթև տանող ճանապարհը։ Ահա ուխտագնացները հասնում են Խոտ և Շինուհայր գյուղերի սահմանագծին։ Նախ մտնենք Խոտը, որը գտնվում է Որոտան գետի ձախ ափին, Գորիս քաղաքից 12 կմ հարավ-արևելք։ Գյուղում և նրա մերձակայքում պահպանվել են Խոտի վանքը (5-8-դարեր), Մրգաձորի խաչ եկեղեցին (1700), Խանապա ամրոցը (միջնադար) և հնամենի քարանձավ-կացարանները։
Խոտ և Շինուհայր գյուղերում մինչև 20-րդ դարի սկզբները պահպանվել էր հայկական վաղնջական մի սովորություն. շինականներն իրենց աղունը ջրաղաց էին տանում Մեծ` պասի Ավագ շաբաթի երկուշաբթի օրը։ Դա հացի արարման, ջրաղացների հանդեպ պաշտամունքի արտահայտություն է, որ հատուկ է միայն հայ ժողովրդին. Մեծ պասի վերջին` Ավագ շաբաթի երկուշաբթին համարվել է ջրաղացների օր, այդ օրը բոլորը պիտի ցորեն տանեին աղալու։
Խոտ գյուղի կողքին է Շինուհայրը, որը գտնվում է Գորիսից 9 կմ հարավ։ Գյուղի մերձակայքում է Կուսանաց անապատի համալիրը, որի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ըստ արձանագրութայն, կառուցել է Մուրադ ճարտարապետը 1676-ին` ագուլիսից Մահտեսի Ազարիայի միջոցներով (վերանորոգվել է 1720-ին)։ Գյուղամիջում են 17-րդ դարում կառուցված Սուրբ Ստեփանոս եկեղեցին և Խաչեր կոչվող գերեզմանատունը, ուր կանգուն է իր ձևով եզակի, 3 մետր բարձրությամբ կոթողխաչքարը, որը քանդակվել է 1261 թվականին։
Շինուհայրից դարձդարձիկ, երբեմն անդունդների եզրերով անցնող ճանապարհը ուխտագնացներին հասցնում է հռչակավոր Տաթևի վանքը։
ՏԱԹԵՎ
Տաթև գյուղը տարածվում է Որոտանի աջ ափին, բարձրադիր տափարակի վրա։ Գորիս քաղաքից հեռու է 18 կմ։ Այստեղ է Տաթևի վանքը կամ սուրբ Եվստաթեոս Առաքյալի ուխտը, որը եղել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառի հոգևոր մշակութային խոշոր կենտրոնը։ Հիմնադրվել 4 դարում։ Կառուցապատվել է հիմնականում 9-10-րդ և 17-18-րդ դարերում։
Տաթևի եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղից ստացել է տասանորդ հարկ։ 844 թվականին վանքին է նվիրաբերվել նաև Տաթև գյուղը և վանքի սեփականություն մնացել մինչև 19-րդ դարի կեսը։ 1286-ին Տաթևի եպիսկոպոսության ղեկավարությունն անցել է Օրբելյանների իշխանական գերդաստանին, Սյունյաց միտրոպոլիտ է օծվել պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։ 14-րդ դարում վանքը հայկական մշակույթի կենտրոններից էր։
| | 
Սյուն Տաթևի ճանապարհին |
Այստեղ եղել է մանրանկարչության դպրոց, որը գործել է մոտ 50 տարի և որտեղ ստեղծվել են հայ մանրանկարչության բազամաթիվ ընտիր գործեր։ Տաթևի մատենադարանի ձեռագրերը մի քանի անգամ կողոպտվել են օտար նվաճողների կողմից։ Տաթևի մատենադարանը գործել է մինչև 1912 թվականը։ Այստեղից հենց նույն թվականին 140 ձեռագիր մատյան փոխադրվել է Վաղարշապատ, որոնք այժմ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Տաթևի վանքը, IX - XIII դդ.
Տաթևի համալսարանը եղել է միջնադարյան Հայաստանի հռչակավոր կրթատներից մեկը։ Գործել է 1390-ից մինչև 1435 թվականը։ Այս համալսարանը հիմնադրել է Հովհան Որոտնեցին, որի շուրջն էին հավաքվել 500-ի չափ երևելի կրոնավորներ, իմաստասերներ, երաժիշտներ, գրողներ, նկարիչներ։ Հովհան Որոտնեցու մահից հետո նրան փոխարինել և համալսարանի րաբունապետ է դարձել (1386 թվականին) Գրիգոր Տաթևացին որի ժամանակ դարձել է հայ գրչության փառաբանված կենտրոն։ Գրիգոր Տաթևացին կրթել է ու պատրաստել 60 գրիչ, որոնք հոլովք ձեռագրեր են ընդօրինակել։ Տաթևի համալսարանն ունեցել է շուրջ 300 սովորող, ուսման տևողությունը եղել է 7-8 տարի։
Լենկթեմուրի 1381-1387 թվականներին Սյունիք կատարած արշավանքների ժամանակ Տաթևի վանքը կողոպտվել ու հրկիզվել է։ Վանքը կրկին բարգավաճել է 17-րդ դարում։ 1796-ին վանքը ենթարկվել է նոր կողոպուտի` այս անգամ Աղա Մահմեդ խանի զորքի կողմից։ 1837-ին վերածվել է Տաթևի միտրոպոլիտությունը։
Ներկայումս պահպանվում է վանքի համալիրը, որի հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է։ Սա հիմնադրվել է 895 թվականին։ Համալիրի Սուրբ Գիգոր եկեղեցու մուտքի առջև 1787-ին կառուցվել է Սբ. Գրիգոր Տաթևացու դամբարանը։
Համալիրի մեջ է 10-րդ դարի սկզբին կառուցված ճոճվող հուշասյունը` «Գավազանը», որը դիմակայել է բազում երկրաշարժերի և հաստատել հայկական ճարտարապետական կառույցի հնարամտությունը։ Ութկողմանի օրորվող սյունը հաստատված է ծխնիների վրա։ Հենց որ դիպչում ես Սյունին` այն սկսում է օրօրվել։ Թեքվում է, բայց չի ընկնում և ճոճվելով ետ է գալիս իր տեղը։ Ճարտարապետական այդ հրաշալիքը ապշեցրել և երկյուղ է ներշնչել 10-րդ դարում Տաթևն ասպատակող օտար նվաճողներին։ Այդ ճոճվող սյունից նրանք վախեցան և չկործանեցին վանքը։ 1931-ին երկրաշարժը մեծ վնաս պատճառեց վանքին, բայց կանգուն մնաց ճոճվող սյունը։ Հետագայում «չտես և տգետ» այցելուները սկսեցին փորել սյան հիմքը և վնաս պատճառել աշխարհի 7 նշանավոր սյուների մեջ իր պատվավոր տեղը գրավող Տաթևի սյունին։
Տաթևի վանքն ու գյուղը դեմ են առնում փակուղու, դիմացն անդնդախոր ձորեր են և առաջ շարժվելու տեղ չկա։ Ուխտագնացնեը վերադառնում են Գորիս և մտնում երթուղի։ Ափսոս, որ նրանք այս կողմերում չտեսան ոչ նշանավոր սատանի կամուրջը, որը բնության կառուցած կամարն է կիրճի վրայով, ոչ էլ Թասի լեռնանցքը, որի բարձունքից նայելիս մարդու աչքերի առջև բացվում է Որոտանի ժապավենի 700 մետր խորություն ունեցող ձորը, որն իջնելու համար պետք է անցնել 38 ոլորան։
Թասի լեռնանցքը
Գորիս-Սիսիան մայրուղու առաջին կայանը Ղզլջուղն է։ Ուխտագնացներն այստեղից թեքվում են ձախ և մտնում Սիսիան քաղաքը, որը գտնվում է Որոտան գետի երկու ափերին։ Սիսիանը Երևանից հեռու է 217 կմ։ Քաղաքի շրջագծի մեջ են մտնում Աշոտավան, Ղզլջուղ և Ույծ գյուղերը։ Մինչև 1935 թվականը Սիսիանը կոչվել է Ղարաքիլիսա, 1935-40-ին` Սիսավան, ապա` Սիսիան։ Սիսիանի տարածքում պահպանվել են հնադարյան ամրոցի ավերակները։ Այստեղ է գտնվում 7-րդ դարում կառուցված Սիսավանի եկեղեցին` Սիսիանի Սուրբ Գրիգոր տաճարը, որը կառուցել է Կոհազատ իշխանը։ Սիսիանից ուխտագնացները գնում են Աղիտու գյուղը, որն իր Պատմության մեջ հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը։ Գյուղի կենտրոնում պահպանվել է 5-6-րդ դարերում կառուցված` մեմորիալ ճարտարապետության եզակի մի կոթող, որն ունի մոտ 10 մետր բարձրություն։ Կոթողը վերանորոգվել է 1970 թվականին։
Աղիտուին հաջորդում է Վաղատինը, ապա` Որոտանը, որտեղ պահպանվել է Որոտնաբերդ ամրոցը (10-13-րդ դարեր)։ Որոտան գյուղից ուխտագնացները ետ են դառնում Սիսիան, այստեղից մտնում մայր ավտոխճուղին և Ղզլջուղի կողքով շարժվում դեպի Վայք։ Նախ մտնում ենք Շաքի և Անգեղակոթ գյուղերը։
| | 
Վաղատնիի հուշարձանը, VII դ. |
Շաքիի ջրվեժը
Շաքի գյուղի մոտ, Որոտանի կիրճում, Շաքի գետի վրա Շաքիի ջրվեժն է, որն ունի 18 մետր բարձրություն։ Այն Հայաստանի բնական հրաշալիքներից է։ Իր հնություններով տեսարժան է նաև Անգեղակոթ գյուղը, որը գտնվում է Որոտան գետի ձախ ափին։ Միջնադարում սա եղել է Սյունիքի հոգևոր, մշակութային ու վարչական կենտրոնը։ 1699 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ Անգեղակոթում գումարվել է Սյունյաց մելիքների ժողով, որը քննարկել է Արևելյան Հայաստանի ազատագրության հարցը։ Անգեղակոթում պահպանվել են խաչքարեր, Վարդան Զորավար ուխտատեղիում կիսաժայռափոր եկեղեցի և 5-րդ դարի կոթողի մնացորդներ։
5-րդ դարից սկսած մարդիկ այստեղ ուխտի են եկել` համոզված լինելով, թե այստեղ թաղված է Ավարայրի հերոսամարտի առաջնորդ սպարապետ Վարդան Մամիկոնյանը։
Անգեղակոթից վերադառնալով խճուղի, ուխտագնացները անցնում են Սպանդարյան, Սառնակունք և Գորայք գյուղերով։
Գորայքին հաջորդում է Սարավան գյուղը, որով ուխտագնացները ոտք են դնում Վայոց ձոր մարզ։ Սարավանից ճանապարհը տանում է դեպի Վայք քաղաքը։
ԳՆԴԵՎԱԶ
Սարավա-Վայք ճանապարհի կեսին հասնելով, կարելի է թեքվել դեպի աջ և գնալ ԳՆդեվազ, Կեչուտ, այստեղից էլ` Ջերմուկ։ Գնդեվանքը Վայոց ձորին դրվագված անզուգական ակ է, հայկական ճարտարապետական հանճարի պերճ փայլատակումը։
Գնդեվանք, X դ.
Հուշարձանը 936 թվականին գործակալ-նկարիչ Եղիշեի ձեռքով, Արփա գետի ձախ ափին, կառուցել է տվել Սյունյաց Սոփի իշխանուհին, որը Դերենիկ Ածրունու դուստրն էր, Սմբատ իշխանի տիկինը։ Մի անգամ Սոփի իշխանուհին ուխտի գալով այս սքանչելի ձորը` հրապուրվում է նրա խենթ գեղեցկությամբ և մտահղանում մի հոյաշեն կառույցով ավելի գեղեցկացնել ձորահովիտը։ Տաճարի շինությունն ավարտելուց հետո, ամբողջ ձորում, վերևից մինչև Գոլոշտի քար կոչված տեղը, Սոփի իշխանուհու հրամանով տնկում են բազմաթիվ պտղատու ծառեր և ձորը դառնում է այգեստան։ 999 թվականին կառուցվում է եկեղեցու արևմտյան գավիթը։ 1008 թվականին 22 կմ երկարությամբ մի ջրանցք է անցկացվում, որն սկսվում է Դիտավոր լեռան լանջերից, ուր գտնվում են Ձկնարած գետի ակունքները, գալիս հասնում մինչև ձորի անջրդի տարածքները և ոռոգովի դարձնում վանքապատկան հողերը։
Սոփի իշխանուհու շինարարական արձանագրության մեջ գրված է.«Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա և եդի ակն ի վերա»։ Այսինքն` Վայոց ձորն ակն չունեցող մատանի էր, կառուցեցի սա և որպես ակն դրեցի մատանու վրա։ Սա դարձել է թևավոր խոսք։ Բայց Սոփի իշխանուհին չի բավարավել վանքը մատանու ակ համարելով։ Նորակառույցը նա անվանել է Գնդեվանք, որի բաղադրամասերն են գնդ (գինդ)+ե+վանք։ Գինդ են ասում ականջի օղին։ Գնդեվանք նշանակում է զարդ վանք։ Իշխանուհին վանքի մոտ հիմնել է մի գյուղ, որը վանքի անունով կոչվել է Գնդեվանք։ Հետագայում գյուղի անունը աղավաղվել է` Գնդեվանքը դարձել է Գնդեվանս` Գնդեվաս, ապա` Գնդեվազ։ Գյուղի մոտ գտնվող Գնդեվանքի փառահեղ տաճարը վերանորոգվել է 1971 թվականին։
Կեչուտ գյուղի մոտ, Արփա գետի վրա Կեչուտի ջրամբարն է, որը կառուցվել է 1967-1981 թվականներին։ Պատվարը քարալիցքային է, բարձրությունը` 50 մետր, երկարությունը` 230 մետր, լայնությունը` 234 մետր։ Մակերեսը 135 հեկտար է։ Ջրամբարը սնվում է Արփա գետից և մթնոլորտային տեղումներից։ Այս ջրամբարը Արփա-Սևան հիդրոկառույցի գլխամասային հանգույցն է։ Կեչուտի ջրամբարից սարերի մեջ փորված 48, 5 կմ թունելով տարեկան Սևանա լիճ է տեղափոխվում 170 միլիոն մ/խոր. ջուր։
Ջերմուկ քաղաքը
Ջերմուկը Հայաստանի առողջարանային քաղաքներից է։ Երևանից հեռու է 173 կմ։ Քաղաքի միջով հոսում է Արփա գետը։ Քաղաքի տարածքում է Ջերմուկի ջրվեժը։ Հնագույն բնակավայր է, որի մասին հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը։ Որպես առողջարան հիմնադրվել է 1935 թվականին։ Ջերմուկի ջրերը քիմիական բաղադրությամբ նման են Ժելեզնովոդսկի (Կովկաս) և Կառլովի Վարի (Չեխիա) հանքային ջրերին։ Ջերմուկում բուժվում են ստամոքսաաղիքային համակարգի, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, ծայրամասային նյարդային համակարգի, գինեկոլոգիական հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։ Ջերմուկում գործում են մի քանի առողջարաններ, հանքային ջրերի ըմպելասրահ` 7 ըմպելատեղերով։ Ջերմուկ քաղաքի տարածքում է բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվող և մոտ 60 մետր բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով Արփա գետը թափվող Ջերմուկի ջրվեժը։
Ջերմուկ քաղաքից ետդարձ կատարելով` Կեչուտն ու Գնդեվազն անցնելով ուխտագնացները վերադառնում են Սարավան-Վայք մայրուղին, ուղևորվում դեպի Վայք քաղաքը, որը գտնվում է Արփա գետի ափին։ Վայքը Երևանից հեռու է 139 կմ։ Վայքում է գտնվում «Ջերմուկ» հանքային ջրի լցման «Արփի» գործարանը։
Զանգեզուրցի տատիկներ
Ուխտագնացները Վայքից առաջ են շարժվում, մտնում Մալիշկա, այստեղից` Արկազի Սուրբ Խաչվանքը, հետո Գլաձոր, Վերնաշեն, Եղեգնաձոր քաղաքը, Գետափ գյուղից թեքվում աջ, հասնում Շատին, Շատինից` Քարագլուխ, ապա մտնում Աղնջաձոր գյուղ և Սելիմի լեռնանցքով անցնում Գեղարքունիքի մարզի տարածք։
|