
ԱՐՑԱԽ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Ցախուտ, մայրուտ-ժայռոտ
աշխարհ
ամուր և խիզախ։
Ղևոնդ Ալիշան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ), որպես հայկական երկրորդ պետական կազմավորում, ստեղծվել է 1991-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից (ԼՂԻՄ, 1923-1991) և հայաբնակ Շահումյանի շրջանից։ ԼՂՀ իր մեջ ներառում է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի, Շուշիի և Քաշաթաղի վարչական շրջանների տարածքները։ Տարածութունը` 6793 կմ/քառ. է, բնակչությունը` 150 հազար (99.9 տոկոսը` հայեր, 1997-ի հունվար)։
ԼՂՀ ընդգրկում է Մեծ Հայքի Արցախ նահանգի մի մասը։
Ունի վարչական 7 շրջան` Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի։ Արցախի ազատագրական բանակը թշնամուց ազատագրել է բոլշևիկ զավթիչների կողմից քարտեզի վրա քմահաճորեն գծված, չորս կողմից բզկտված Լեռնային Ղարաբաղը։
Դեռևս թշնամական զորքերի հսկողության տակ են գտնվում ԼՂՀ Մարտակերտի շրջանի շուրջ 400 կմ/քառ. և Շահումյանի շրջանի` 558 կմ/քառ.։
ԼՂՀ-ի կազմում են Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Ասկերան, Շահումյան, Բերձոր քաղաքները։ Մայրաքաղաքն է Ստեփանակերտը։
ԼՂՀ ընդգրկում է Ղարաբաղի բարձրավանդակը, գտնվում է հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան եզրին, Փոքր Կովկասի հարավ-արևելյան մասում։ Հանրապետության ամենաբարձր կետը Գյամիշ լեռն է (3724 մ)։ Տարածքում են Տրտու (Թարթուռ), Կարկառ, Խաչեն, Խոնաշեն, Վարանդա, Իշխան, Ճղպորագետ գետերը։
Կլիման առավելապես մեղմ է, չափավոր։
Հանրապետությունը հարուստ է բազմամետաղային հանքանյութերով, մարմարի, որձաքարի, կրաքարի, արտեզյան և հանքային ջրերի պաշարներով։ Հիմնականում գյուղատնտեսական տնտեսություն ունեցող հանրապետություն է։ 1991-ից լույս է տեսնում «ԼՂ Հանրապետություն» հայերեն թերթը (մինչ այդ, 1923-91 լույս է տեսել այլ անուններով)։ Հնում ԼՂՀ տարածքը մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի մեջ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մտնում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արցախի թեմի մեջ։
1988 թվականի փետրվարի 20-ին Արցախի քաղաքամայր Ստեփանակերտում տեղի ունեցավ արցախահայության հզոր ցույցը, որով ծնունդ առավ Արցախյան շարժումը։ Խաղաղասեր արցախցին ստիպված եղավ զենքի դիմել և իր ազատությունը նվաճել զենքի ուժով։ Արցախը կռվի մեջ մտավ տնով-տեղով, թշնամու դեմ դուրս եկան բոլորը, նաև` կանայք ու երեխաներ։ Սկսվեց Արցախի Ավարայրը։ Արցախահայերը մեծ զոհերի գնով հաղթեցին այդ ահեղ գոտեմարտում և 1991-ի թվականի սեպտեմբերի 2-ին դե ֆակտո ստեղծեցին իրենց ինքնությունն ու անկախությունը հաստատող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
| | 
Ծիծեռնավանք, IV - VII դդ. |
Արդեն մի քանի տարի է, ինչ արցախյան ռազմաճակատներում լռել են զենքերի շաչյունները` այստեղ Ավարայրն ավարտվել է, բայց աշխարհի ժողովուրդների բախտը տնօրինող զորեղների ատյաններում դիվանագիտական Ավարայրը դեռ շարունակվում է, դեռևս թեժ մարտեր են գնում Արցախի հիմնախնդրի լուծման համար։
Ծիծեռնավանք, ներքին տեսք
Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 1998-ի մարտի 5-ի համարում տպագրված մի հաղորդագրության մեջ նշում է, որ 1813 թվականին Գյուլստանի պայմանագիրը ստորագրելու ժամանակ, Արցախ աշխարհն ունեցել է 1311 գործող եկեղեցի ու վանք։ 1813 թվականին Արցախ աշխարհ ասելով ընկալել են Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները։ Ըստ 7-րդ դարի «Աշխարհացոյցի» Արցախի նահանգը 11.528 կմ/քառ., Ուտիկի նահանգը` 11.315 կմ/քառ., երկու նահանգները միասին` 22.843 կմ/քառ.։ Ահա այս տարածքում եղել է 1311 հայկական վանք ու եկեղեցի։ Այս հաշվով յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրին ընկել է 17 վանք ու եկեղեցի։ Ոչ 1813 թվականին, ոչ էլ դրանից առաջ կամ հետո մեր մոլորակի վրա Արցախից բացի ոչ մի ուրիշ տեղ չես գտնի, որի մեկ քառակուսի կիլոմետրի վրա 17 վանք ու եկեղեցի լինի։ Այլ կերպ ասած, այդքան քրիստոնեական դիմագիծ չի ունեցել և չունի աշխարհի ոչ մի երկրամաս։ Արցախի հիմնախնդիրը լուծելիս պետք է համաշխարհային դիվանագիտության դատին ներկայացնել նաև փաստը և հավաստել, որ Արցախը մեր մոլորակի ամենաքրիստոնեական, ամենահայկական հողակտորն է։
Այս համառոտ տեղեկություններից հետո նորից ունկնդրենք Գանձասարի վանքի զանգերի ղողանջները։
ԳԱՆՁԱՍԱՐ-ՇՈՒՇԻ-ԲԵՐՁՈՐ-ՏԱԹԵՎ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ-ՎԱՂԱՐՇԱՊԱՏ
Ուխտագնացության այս երթուղին սկսվում է Գանձասարից։ Մենք ոտք ենք դնում 20-րդ դարի վերջում համայն աշխարհը ցնցած Արցախյան հողին։
ԳԱՆՁԱՍԱՐ
Գանձասարը հայոց հոգևոր կենտրոններից է, միջնադարյան Հայաստանի ճարտարապետական նշանավոր հուշարձանը։
Գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանում, Վանք գյուղի դիմացի բլրի վրա, գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտք։ Հնում մտնում էր Արցախ նահանգի Խաչեն գավառի մեջ։ Անունը ստացել է այն բլրից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր և որոնք հնում արդյունահանվում էին։ Գանձասարում են թաղված Հովհաննես Մկրտչի գլուխը, նրա հոր` Զաքարիայի արյունը, Սբ. Գրիգոր Լուսավորչի ծնոտը, Սուրբ Պանտալիոնի մասունքները։
Գանձասարի մասին առաջին տեղեկությունը հայտնում է 10-րդ դարի կաթողիկոս Անանիա Մոկացին։ Տաճարը 1216-1238 թվականներին կառուցել է Ներքին Խաչենի գահերեց իշխան Հասան Ջալալ Դոլան, իսկ գավիթը, որն իր ճարտարապետական հորինվածքով նման է Հաղպատի Սուրբ Նշան վանքի նույնատիպ կառույցին, հիմնադրել են Հասան Ջալալ Դոլան և նրա կին Մամքանը 1261-ին և ավարտել է նրանց որդի Աթաբեկ Իվանեն 1266-ին։ Տաճարի գլխավոր կառույցը Հովհաննես Մկրտչի եկեղեցին է։ Վանքը շինվել է Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի տորոնագույն ընտիր քարով։
Վանքի շինարարությունը ավարտվել է 1238-ին, սակայն օծումը հետաձգվել է երկու տարով, որովհետև 1238-40-ին Խաչենը ենթարկվել էր մոնղոլների հարձակումներին։ Օծման հանդիսությունները տեղի են ունեցել 1240 թվականին, Վարդավառի մեծ տոնի օրը (հուլիսի 22-ին, կիրակի օրը)։ Օծման հանդեսին ներկա էին Աղվանքի կաթողիկոս Ներսեսը, պատմիչ Կիրակոս Գանձակեցին։ Վերջինս գրում է. «Եկեղեցին օրհնեցին բազմաթիվ քահանաներով, որոնց թիվը հաշվում էին յոթհարյուր»։ Վանքի օծմանը մասնակցել և վանքի վրա արձանագրություն է թողել պատմագիր, Վանական վարդապետը (1181-1251)։
Գանձասարը եղել է Հասան-Ջալալյանների ժառանգական տիրույթը։ Տաճարից կառուցումից հետո վանքը դարձել է նրանց տոհմական գերեզմանատունը։ Վանքը ունեցել է հարուստ ձեռագրատուն, եղել է հայկական գրչության երևելի կենտրոններից մեկը։ 12-13-րդ դարերում այստեղ գրված ձեռագիր մի մատյան (բաղկացած 313 մեծադիր թերթերից) այժմ պահվում է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի համալսարանական գրադարանում և կրում է «Գանձասարի Կարմիր Ավետարան» անունը։
Վանքում հատկապես շատ ձեռագրեր են գրվել մեղու խնամելու մասին (18-րդ դարում Գանձասարի վանքում պահվում էր հազարից ավելի մեղվափեթակ)։
Գանձասարի վանքն ունեցել է ընդարձակ կալվածքներ, մեծ թվով անասուններ, ընտիր ջրաղացքարի հանքեր։ Գանձասարի վանքի հետ է կապված հայ մշակույթի լուսատու աստղերից մեկի` Խաչենցի եպիսկոպոս Տեր-Իսրայելի (մահացել է 1249-ին) գործունեությունը։ Տեր-Իսրայելը Հասան Ջալալի և Վանական Վարդապետի հանձնարարությամբ խմբագրել և ազգապահպանման պահանջներին է հարմարեցրել «Յայսմավուրքը» ինչպես նշում է բանասեր Մայսի Ավդալբեկյանը (տես նրա «Յայսմավուրք» ժողովածուները, Ե., 1982), Տեր-Իսրայելը հունական Յայսմավուրքի վրա հունական և համաքրիստոնեական տոների շարքում տեղ է բացել հայ սրբերի հիշատակին նվիրված տոների համար, այսպիսով նա ազգային նկարագիր է տվել համաքրիստոնեական ժողովածուին։ Տեր-Իսրայելը Յայսմավուրք ժողովածուի դեմքն ազգայնացրել է հարստացրել հայ իրականության արտացոլումով, հայ կյանքի դրվագումներով, հայ գործիչների սրբախոսական պատմություններով։
Գանձասարի վանքը 14-րդ դարի վերջից դարձել է Հայոց Աղվանքի կաթողիկոսության աթոռանիստը, որին ժառանգաբար տիրել են Հասան-Ջալալյանները։ 1815-ին ռուսական ցարի հրամանով Գանձասարի կաթողիկոսությունը վերացավ, իսկ նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը դարձավ Շուշին։ Գանձասարի տաճարը դասվում է համաշխարհային ճարտարապետության մեծ հրաշալիքների շարքը։ Փարիզի Սորբոնի համալսարանի բյուզանդական ճարտարապետության պրոֆեսոր Շարլ Դիլը 1907 թվականի մարտի 6-ին ունեցած իր ելույթում նշել է հայկական ճարտարվեստի գործերից համաշխարհային մշակույթի գանձարան մտած հինգ գործեր այսպիսի հաջորդականությամբ։ Առաջինը Աղթամարի Սուրբ Խաչ տաճարն է, երկրորդը` Վաղարշապատի Հռիփսիմեի տաճարը, երրորդը` Գանձասարի վանքը, չորրորդը` Հաղպատի վանքի համալիրը, հինգերորդը` Անիի Մայր տաճարը։ Ականավոր հնագետ ու արվեստաբան Անատոլի Յակոբսոնը գրում է, որ Գանձասարը հայ ճարտարապետության մարգարիտն է։ Գանձասարի վանքի պատերին կա շուրջ 200 արձանագրություն։
Այն կարելի է համարել հայերեն ամենամեծ բացօթյա քարեղեն մատյանը։
Գանձասարը կերտող ճարտարապետի անունը մեզ չի հասել։ Արցախի հայերը համոզված են, որ կառուցողը եղել է հայրենասեր իշխան Հասան Ջալալ Դոլան։ Այդ համոզումի ծնունդ է հետևյալ ասքը։ Վանքը կառուցելուց առաջ Հասան Ջալալ Դոլան երկար ժամանակ մտորումների մեջ է եղել։ Եվ ահա մի անգամ երազում նրա աչքին երևում է Աստված և հայտնում, թե ինչ տեսքով կարելի է կառուցել տաճարը։ Աստծու հայտնածը իշխանը հուշում է քարգործ վարպետներին և նրանք կերտում են տաճարը։
Գանձասարի վանքը կանգուն է մնացել և մեզ հասել գրեթե անվնաս։
Մինչև 19-րդ դարը Արցախը եղել է Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական կազմի մի մասը` կրելով Գանձասարի կաթողիկոսության անունը։ 1815-ին վերածվել է միտրոպոլիտության, ապա Հայ Առաքելական եկեղեցու երեք թեմերի` Արցախի, Գանձակի և Շամախու։ Արցախի թեմը փակվել է 1934 թվականին ստալինյան հալածանքների ժամանակ։
Գանձասարի վանքը վերստին կենդանություն առավ Արցախյան շարժումից հետո։ 1989 թվականի հոկտեմբերի 1-ին Գանձասարի վանքի Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարում տեղի ունեցավ կիրակնօրյա պատարագ, որի արարողությունը վարեց Արցախի թեմի առաջնորդ, Պարգև եպիսկոպոս Մարտրոսյանը։
Գանձասարի վանքից ուխտագնացների երթուղին սկսվում և ձգվում է մեր ժամանակներում անիրավացիորեն մոռացության տրվաց Բաղդասար Միտրոպոլիտի ճանապարհով, որը ձգվում էր Շուշիից Գանձասար, Գանձասարից Շուշի։
Ժամանակին այդ ճանապարհը կոչվում էր Շուշի-Սեյդիշեն-Ցեխձոր-Քոլատակ-Գանձասար։ Դա համարվել է Արցախի Արքունի պողոտա, կառուցել ու խճապատել է 1828 թվականից Ղարաբաղի միտրոպոլիտ դարձած Բաղդասարը։
1920-ական թվականներին այդ ճանապարհի Ցեխձորի հատվածը քարապատվեց։
Բայց նախքան այս պատմական ուղին մտնելը, ուխտագնացների խումբը կարող է մեկնել Դադիվանք, որը գտնվում է Մարտակերտի շրջանի սահմանագլխին` Քարվաճառի շրջանում։
ԴԱԴԻՎԱՆՔ
Դադիվանքը կամ Դադո վանքը, որը կոչվում է նաև Խութավանք, գտնվում է Տրտու (Թարթառ) գետի ձախ ափին։
Դադի վանք, XII - XIII դդ.
Հնում այս տարածքը մտնում էր Արցախ նահանգի Խաչեն գավառի մեջ։ Ըստ ավանդության, Դադիվանքը հիմնադրվել է առաջին դարում, երբ սկսվել է քրիստոնեական կրոնի քարոզչությունը Հայաստանում։ Թադևոս առաքյալի յոթանասուն աշակերտներից մեկը` Դադը, քարոզչական գործունեություն է ծավալել Արցախում և այստեղ էլ նահատկվել։ Դադի գերեզմանի վրա էլ կառուցվել է վանք և նրա անունով կոչվել Դադիվանք։
Ժամանակին վանքի մոտ մի մեծ գյուղ է եղել, որը վանքի երկրորդ` Խութավանք անունով կոչվել է Խութ կամ Խոթ։ Դադիվանքի հին կառույցները չեն պահպանվել։ Հինգերորդ դարից հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ։ Այժմյան համալիրը կառուցվել է 12-13-րդ դարերում։
Դադի վանքի համակառույցի վրա այնքան գեղեցիկ քանդակներ կան, որ դրանցով կարելի է ճարտարապետական մի քանի հրաշալիքներ արարել։
Դադիվանքում էր գտնվում Անշահիք-Վախթանգյան հայազարմ իշխանական տան տոհմական գերեզմանատունը։ Վանական համալիրի մեջ մտնող կաթողիկե եկեղեցին կառուցել է Հաթերքի մեծ իշխան Վախթանգի կինը` Արզու խաթունը, 1214 թվականին։ Դադիվանքի վանքային համալիրի կենտոնում կանգնեցված են երկու հսկա խաչքարեր, որոնք իրավամբ կարելի է համարել հայոց խաչքարային արվեստի լավագույն նմուշներից։
ԳՐՔԻ ՔԱՐԱՆՁԱՎ
Դադիվանքի մոտ է Գրքի քարանձավը, որը վանքի խցերից մեկն է համարվել։ Այս քարանձավը գտնվում է Դադիվանքի հարավային թևում, Տրտու գետի ձախ ափին։ Հսկա քարայր է, որի մուտքը երդիկի նման ուղղահայաց է։ Կարևոր դեր է խաղացել Դադիվանքի համար թշնամական ասպատակությունների ժամանակ։ Մի քանի դար այս քարանձավի տեղը անհայտ էր։ Նրա գաղտնիքը պատահականորեն բացվել է 19-րդ դարում։ Որսորդի կրակոցից հետո որսը թավալվելով անհետացել է։ Վրա հասնող որսորդը նկատել է, որ ջարդվել են քարայրի անցքի փտած գերանները։ Մտնելով քարայր` նա տեսել է տասնյակ գրքեր։ Վերցնելով դրանք անհապաղ բերել է Շուշի, հանձնել Բաղդասար միտրոպոլիտին և ստացել մեր պարգևներ։
ՋՐՎՇՏԻԿ
Դադիվանքից կարելի է գնալ Ջրվշտիկ, որը Մարտակերտի շրջանի տեսարժան վարերից մեկն է։ Ջրվշտիկը Արցախ-Ղարաբաղի ամենամեծ ջրվեժն է, որը գտնվում է Մռավի հարավային լանջերից մեկի վրա, բնության գողտրիկ անկյունում, Մատաղիս և Տոնաշեն գյուղերից մի քանի կմ հեռավորության վրա։ Այս ջրվեժից է իր անունն ստացել Ջրվշտիկի վանքը, որը եղել է միջնադարյան Արցախի նշանավոր ուխտավայրերից մեկը։ Ջրվշտիկի վանքը կոչվել է նաև Ներսմիհրա, նաև Եղիշե Առաքյալի վանք։ Այս հնավայր սրբատեղին ավելի քան 2600 տարեկան է։ Քրիստոսի ծննդից առաջ 6-րդ դարից սկսած սա եղել է հեթանոս հայերի պաշտամունքի վայր։ Արևապաշտ հայերն այստեղ տաճար են կառուցել` նվիրված Արեգ-Միհր աստծուն։
7-րդ դարի հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացին այդ անունը հիշատակում է Ներսմիհրա ձևով, որ նշանակում է միհրի տուն, Միհր աստծու մեհյան։ Քրիստոնեության հաղթանակից հետո այս մեհենատեղում կառուցվել է վանք և կրել է Եղիշե Առաքյալի անունը։ Եղիշեն եղել է Քրիստոսի առաջին դարում ապրած Թադևոս Առաքյալի աշակերտներից մեկը, որը նահատակվել է Զերգունի դաշտում։ Վաչագան Բարեպաշտ հայ թագավորը 5-րդ դարի վերջում նրա նշխարները փոխադրում է Հոռեկա վանքը, այնտեղից էլ` Ներսմիհրա, որից հետո այն կոչվում է Եղիշե Առաքյալի վանք։
Միաժամանակ վանքը կրում էր նաև Ջրվշտիկ անունը` կողքին գտնվող ջրվեժի անունով։ Այս վանքը եղել է հայոց հոգևոր կենտրոններից մեկը, Վաչագան Բարեպաշտ թագավորի ամենասիրելի վայրը։ Հին կառույցները չեն պահպանվել։ Վանքի հյուսիսային և հարավային կողմերին կան 12-ից 13-րդ դարերի մատուռներ։ Այդ մատուռներից մեկում Վաչագան թագավորի դամբարանն է։ Եվ մատուռը, և թագավորի տապանաքարը (թվագրված 1286 թ), կառուցվել են 13-րդ դարում։ Հայտնի է , որ Վաչագան Բարեպաշտը սպանվել է 6-րդ դարի սկզբին Սյունիքում։ Նրա դիակը փոխադրել են Ջրվշտիկ և թաղել այստեղ։ Հին դամբարանն, իհարկե, չի պահպանվել։
Ջրվշտիկի վանքը եղել է եպիսկոպոսանիստ։
Ուխտագնացները Ջրվշտիկից պետք է վերադառնան Գանձասարի վանք և Բաղդասար Միտրոպոլիտի ճանապարհով սկսեն իրենց երթուղին։
Դուրս գալով Վանք գյուղից առաջինը կանգ ենք առնում Գառնաքար գյուղում, որը գտնվում է Գառնաքար գետակի ափին, Մարտակերտ քաղաքից 36 կմ հարավ-արևմուտք։ Գառնաքարը Արցախ-Ղարաբաղի նշանավոր բնակավայրերից է։ Եղել է Ներքին Խաչենի իշխանանիստը։ Խաղբակյանց-Պռոշյանց տոհմի տիրույթն էր։ Գեղեցիկ անուն է Գառնաքարը։ Նրա մեջ հայրենի բնաշխարհի շունչ կա։ Հորդացած ջրերը ողողել են գեղեցիկ հովիտը և խրտնեցրել այնտեղ արածող ոչխարների հոտը։ Հովիվը մեկ-մեկ գրկել է գառներին և դրել բարձր քարի վրա։ Փրկվել են գառները։ Եվ մարդկանց համար երևելի է դարձել գառներին փրկած գառնաքարը։ Ահա այդ պատճառով էլ գյուղը կոչվել է Գառնաքար։
Գյուղից հարավ, գետի աջ ափին, մի բարձր բլրի սուր գագաթին Հավապտուկ վանքն է։ Համամի եկեղեցին գտնվում է Համամի ձորում։ Գյուղի մոտ կա մի ավերակ շինություն, որ կոչվում է Իշխանուհի։ Սա եղել է Եսայի Հասան-Ջալալյան դստեր ամառանոցը։ Գյուղի չորսբոլորքը անտառ է։
Գառնաքարից առաջ ենք շարժվում և հասնում Քոլատակ։ Այս գյուղը ու իր շրջակայքը հայակական հնությունների հսկա թանգարան է։ Այստեղ պահպանվել են մարդկային քաղաքակրթության բոլոր շերտերի, բոլոր փուլերի արտահայտությունները։
Այժմյան բնակավայրը հիշատակվում է 9-րդ դարից։ Արցախի բարբառում քոլ նշանակում է թուփ, Քոլատակ` թփի տակ։ Հնում սա եղել է մեծ բնակավայր։ Գյուղը գտնվում է մի ինքնամփոփ ձորահովտի կենտրոնում, որի միջով հոսում է Քոլատակի ջուր կոչվող վտակը և խառնվում խաչեն գետին։ Քոլատակի շրջակայքում են Մեծիրանից Սուրբ Հակոբա վանքը, Կոշիկ անապատը, Հավապտուկ վանքը, Խոխանաբերդը։
Սա հին դարերում «բարձրագույն կրթություն ստացած» հողաշերտն է Արցախում, որի հետ կարող էին մրցել միայն հունական ու հռոմեական մշակույթի կենտրոնները։ Այստեղ արարում էին ընտիր մագաղաթյա ձեռագրեր, այստեղ Արցախի իմաստասերները իրենց վսեմ մտածումներով Աստծու հետ էին բանավեճի մտնում։ Այս տարածքում հողի տակ մնացած դեռ շատ գանձեր կան, որոնք սպասում են ուսումնասիրողին։ Մեծիրանից Սուրբ Հակոբա վանքը, որը կոչվում է նաև Մեծարանց վանք, Սուրբ Հակոբա վանք, գտնվում է Քոլատակ գյուղից 2 կմ դեպի հյուսիս, մի լեռնաբազուկի վրա, որտեղից Խաչենագետի գեղեցիկ ու ընդարձակ հովիտը երևում է ինչպես ափի մեջ։
Այս վանքը եղել է Արցախի Մեծիրանք (Մեծառանք) գավառի եպիսկոպոսանիստը և գավառի անունով էլ կոչվել է Մեծարանց վանք։ Վանքի բուն անունն է Սուրբ Հակոբ, որովհետև այստեղ է պահվում սրբերի կարգը դասված Մծբնի հայրապետ Հակոբի աջը։
Վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։ Ուսումնասիրողները ենթադրում են, որ այն կառուցվել է 9-րդ դարից առաջ։ Մեծիրանից Սուրբ Հակոբա վանքը եղել է Արցախի նշանավոր ուխտատեղիներից մեկը, եպիսկոպոսանիստ, երբեմն էլ կաթողիկոսանիստ, կրթատուն ու գրչության կենտրոն։ Այստեղ պահպանվել է հնագույն թվականով մի խաչքար` թվագրված 853 (ՅԲ) թվականին։ Խաչքարի արձանագրության մեջ հիշվող Հովհաննես իշխանը Արցախի լեգենդար հերոս Սահլ Սմբատյանի որդին է, որը մարտնչել է և արաբական բռնակալության, և Բաբեկ բռնավորի դեմ։
Քոլատակից 10-12 կմ հարավ-արևմուտք անտառապատ բարձունքի վրա է Կոշիկ անապատը։ Կոշիկ անապատը, ըստ գլխավոր եկեղեցու բեմի ճակատին Բաղաց թագավորի թոռ, Հասանի որդի իշխան Խերխանի 1265-ի արձանագրության, եղել է իշխանական տոհմական տապանատուն։ Անապատ նշանակում է ոչ միայն անբնակ, ամայի տեղ, այլև ճգնարան, վանք։ Ժամանակին այս վանքի վանականներից մեկը ընտիր կոշիկներ է պատրաստել, որի պատճառով էլ այն կոչվել է Կոշիկ անապատ։ Հնավայրում պահպանվել են ռազմիկների պատկերներով երկու տասնյակի հասնող խաչքարեր, որոնց վրա քանդակված են զինված տեգերով ու կապարճներով հեծյալներ։ Ձիերը պատկերված են հանգուցավոր ագիներով։ Քոլատակի շրջակա անտառների մեջ են թաղված Հնձանի եկեղեցին, Մատուռի եկեղեցին, Քառունց տափեն եկեղեցին։
Ծննդով քոլատակցի է եղել Աղվանից կաթողիկոս Արիստակես Քոլատակցին (հիշատակվում է 1588 թվականին)։ Քոլատակից դուրս գալով ուխտագնացների խումբը անցնում է Ցեխ ձորով և հասնում Խնձրիստան, որը գտնվում է Հիլիս գյուղի հյուսիս արևմտյան կողմում։ Գյուղամիջի Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի բարավորի վրայի 1754 թվականին գրված արձանագրության մեջ գյուղի անունը հիշվում է Խոնձրուստան ձևով։ Ասում են, թե մի ժամանակ կոչվել է Խնձորեստան` խնձորի շատ այգիներ ունենալու համար, որից էլ` Խնձրիստան։ Բայց գյուղի շրջկայքում խնձորի այգիներ չկան։ Տեղացիներն ասում են, որ գյուղի անունն առաջացել է խնձիր, խանձիլ կամ խանձված բառից։
Առավել հավանական է հետևյալը։ Հին հայերենում խանձ նշանակում է նաև խարույկ, կրակ։ Հավանական է, որ այս բնակավայրը հնում եղել է հեթանոսական պաշտանմունքի վայր, ուր ատրուշան (խարույկ) են վառել, որից էլ առաջացել է Խանձրիստան (հետագայում հնչյունափոխված Խնձրիստան) անունը։ Հնում եղել է մելիքանիստ գյուղ։
Եկեղեցու գավթում թաղված են Խնձրիստանի մելիքները: Խնձրիստանը Արցախի այն գյուղերից է, որտեղ գործել է սրանոց (ձիթահան): Այն կառուցել է Մելիք Ալավերդին, 1722 թվականին: Ձեռնարկությունը բաղկացած է եղել մի քանի բաժիններից: Գյուղի տարեցները պատմում են, որ ձիթահանի կենտրոնական, ամենամեծ սենյակում, տեղադրված է եղել քարե աղացը: Այստեղ ծեծվել է կտավահատը, աղացը պտտեցվել է փայտի առանցքների միջոցով, եզան կամ ջորու ուժով: Հետագայում ձիթահանի քարերով կառուցվել են երկու մետաքսակարժական (մետաքս պատրաստող) ֆաբրիկաներ, որոնցից մեկը գործում է մինչև օրս: Խնձրիստանի առաջին մետաքսագործարանը, որի տերն էր շուշեցի մեծահարուստ Դավիթ Ներսիսյանը, բացվել է 1902 թվականի վերջերին (տես «Մշակ» օրաթերթ, Թիֆլիս, 1903թ., մայիսի 14):
Խնձրիստանի միջով հոսող գետի վրա կառուցված է մի հոյակապ կամուրջ, որն այժմ էլ երթևեկելի է և իրար է կապում գյուղի երկու մեծ թաղամասերը: Կամուրջը կառուցել է Մելիք Միրզախանյանի տղա Մելիք Ղահրամանը: Այս ամենի կարող ենք հավելել, որ Խնձրիստանը մտնում է Ասկերանի շրջանի մեջ:
| | 
Հայկական վիշապագորգ |
Խնձրիստանին հաջորդում է Հիլիսը, Հիլիսին՝ Արցախաշեն վերանվանված Դաշբուլաղը: Ասկերանի շրջանի այս գյուղը տարածվում է մի ձորակի երկու կողմերում: Արցախաշենը հռչակված է իր ընտիր ցորենով և պտղատու այգիներով։
Երեք կամարների վրա կառուցված գյուղի եկեղեցին կրում է Սուրբ Գևորգ անունը։
Արցախաշենի շրջակայքում կան վանքի ավերակներ, գերեզմանատուն, գյուղատեղիներ, խաչքարեր։ 1896-ին Դաշբուլաղ է այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը (1820-1907)։ Այս այցելության առթիվ դրվել է հուշաքար։ Գյուղի մոտ կա մոխրագույն քարի հանք։ 1920 թվականից առաջ գյուղը եղել է Արցախի հարուստ ու բարկավաճ բնակավայրերից մեկը։ Բոլոր ճանապարհորդները նշում են, որ այս գյուղի տները ամենևին չեն տարբերվում քաղաքի շենքերից, որ այստեղ ունևորները շատ են։ 1930-ակն թվականներին այդ ունևորները «հոգս են պատճառում» կոմունիզմ կառուցողներին։ Սկսվում է մի արտասովոր հալածանք, «կուլակ էին հանում ունեցող-չունեցողներին»։
Խուսափելով այդ անիրավություններից` գյուղի բնակիչների մեծ մասը թողնում է հայրենի գյուղը։ Միայն Ուզբեկստանի Սամարաղանդ քաղաքում 1990 թվականին ապրում էր 575 արցախաշենցի, ավելի շատ, քան նույն թվականին` բուն արցախաշենում ապրող հայերը։ Արցախաշեն գյուղի արվարձան կարելի է անվանել գյուղի Սովխոզ կոչվող տեղամասում 1990 թվականին հիմնադրված Հովսեփավան գյուղը։ Հովսեփավան է կոչվել Արցախաշեն գյուղի բնակիչ Հովսեփ Ջհանգիրյանի (մահացել է) անունով։ Նոր բնակավայրը հիմնադրվել է «Զվարթնոց» կոոպերատիվի անդամ, Հովսեփ Ջհանգիրյանի որդի` Կարեն Ջհանգիրյանի նախաձեռնությամբ։ Հովսեփավանից ուխտագնացները մեկնում էին Նորագյուղ, որ գտնվում է Կարկառ գետի ափին։ Նոր Նորագյուղը հիմնադրվել է 1966 թվականին, հին գյուղից 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բոզ լեռան ստորոտում, գյուղի կոլտնտեսության նախագահ Արշավիր Ալեքսանի Գալստյանի նախաձեռնությամբ։ Հին Նորագյուղում պահպանվել է Սուրբ Գևորգ եկեղեցու շենքը` կառուցված 1810 թվականին։
Արժե Նորագյուղից թեքվել և մտնել Ղշլաղ գյուղը, որն այժմ վերանվանվել է Ծաղկագոր։ Ծննդով այս գյուղացի են Աղվանից կաթողիկոս Սարգիս Ղշլադեցին (նրա անունը հիշատակվում է 1554 թվականի մի արձանագրության մեջ), 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի առաջին կեսի իմաստասեր Հովսեփ Արցախեցին (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են, թաղվել է Գանձասարի վանքի բակում, ուր մինչև այժմ պահպանվել է նրա գերեզմանը), փառաբանված ֆիդայի Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան, 1867-1914)։ Դշլաղից ետ են դառնում Նորագյուղ, այստեղից մտնում Խոջալու գյուղը, այստեղից` Ասկերան։
Ասկերանը, որը կոչվել է Մայրաբերդ, 1978 թվականի մայիսից ԼՂՀ Ասկերանի շրջանի կենտրոնն է, գտնվում է Կարկառ գետի ձախ ափին, Ստեփանակերտից 18 կմ հեռավորության վրա։ Հնում այստեղ եղել է Մայրաբերդ ավանը, որը հետագայում ամայացել է։ Այժմյան բնակավայրը հիմնադրվել է 1920 թվականին։ Սկզբում այստեղ բնակություն են հաստատել 4 կմ հեռավորության վրա գտնվող Քյաթուկ գյուղից մի քանի ընտանիք։ Հետագայում բնակիչների թիվն ավելացել է Վերին Զլիժբաղից և մարզի տարբեր գյուղերից եկածներով։ 1982 թվականին ավանին է միավորվել Ներքին Ղլիժբաղ գյուղը, որն այժմ կազմում է Ասկերանի վերին թաղամասը։ 1988 թվականին Ասկերանը վերանվանվել է Բերդավան, որը գործածական չի դարձել։ Ավանի մոտ է գտնվում Կարկառ գետի աջ և ձախ ափերին տարածվող Ասկերանի բերդը, որը կառուցվել`է 18-րդ դարի առաջին կեսին, հայ զորապետ Ավան Յուզբաշու կողմից և կոչվել է Մայրաբերդ։
Ասկերանն առաջինն է իր վրա ընդունել Արցախյան շարժման դեմ կազմակերպված հարվածը։ 1988 թվականին 10 հազարը հասնող ազերիների մի խաժամուժ, Աղդամից շարժվելով և ճանապարհին պատահող հայկական ավտոմեքենաներն ու տրակտորները ջարդուփշուր անելով, գրոհել է Ասկերանի վրա, որի նպատակն էր «խելքի բերել հայերին և ստիպել, որ նրանք հրաժարվեն Ղարաբաղը Հայաստանին միացնելու կարգախոսից»։ Ասկերանի հայերը հերոսաբար են դիմագրավել այդ գրոհը և ետ շպրտել մոլեգնած հրոսակախմբին։
Ուխտագնացները Ասկերանից ետ են դառնում դեպի Խոջալու, այստեղից առաջ շարժվում և հասնում Բերքաձոր։ Այս բնակավայրը հիմնադրվել է 1921 թվականին որպես Ղարգինտրեստի N: 1 պտղաբուծական խորհտնտեսություն։
Հիմնադրման ժամանակ կոչվել է Արմենավան, 1950-ական թվականներից` Հասանաբադ, 1990-ից` Բերքաձոր։ 1920-ական թվականներին այստեղ ստեղծվել է մրգատու ծառերի տնկարան, որտեղից գյուղացիները էժան գնով որթեր և մատղաշ ծառեր էին գնում իրենց այգիների համար։ Բնակավայրը կոչվել է նաև Ղարգինտրեստ, որը Ղարաբաղի գինու տրեստ կապակցության հապավումն է։ 1991-92-ին այստեղ թեժ մարտեր են տեղի ունեցել հայերի ու ազերիների միջև։
Բերքաձորից ճանապարհը ուխտագնացներին հասցնում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
1923 թվականից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի, 1991-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքն է։ Միաժամանակ 1923-78-ին եղել է ԼՂԻՄ Ստեփանակերտի շրջանի կենտրոնը։ 490-ական թվականներից մինչև 1847 թվականը կոչվել է Վարարկն, 1847-1923-ին` Խանքենդի, 1923-ից` Ստեփանակերտ։ Գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան նախալեռնային մասի հարթության վրա, Կարկառ գետի ձախ աջին։
Հին բնակավայր է։ Նրա տարածքում հայտնաբերվել են քարի դարից մինչև ուշ միջնադարն ընդգրկող ժամանակաշրջանի աշխատանքային գործիքներ, զենքեր, պերճանքի իրեր, արձանիկներ, ջնարակված թասեր, խաչքարերի ամենահին տեսակներ։ 1988-ին քաղաքի Անտառային թաղամասում բացվել են վաղնջական ժամանակաշրջանի քարե դամբարաններ։
Հայ մեծ վիպասանի անունով հնագետներն այդ տեղանքը կոչել են Րաֆֆու դամբարանադաշտ։
Բնակավայրը հիմնադրվել է 5-րդ դարի վերջին` 490-ական թվականներին, հայկական Արցախի հայկազուն արքա Վաչագան Բարեպաշտի կողմից։ Ըստ մեզ հասած զրույցի` մի անգամ Վաչագան արքան իր ասպախմբով իջնում է այստեղ։ Երկար ճանապարհ կտրած և ծարաված ձիերը սկսում են խրխնջալ և դոփել գետինը։ Արքայի հրամանով զորականները փորփրում են ձիերի դոփած տեղը։ Բացվում է մի մեծ աղբյուր, որ Վաչագանն անվանում է Վարար ակն (հորդ աղբյուր)։ Հնամյա սովորության համաձայն այսպիսի «հրաշալիքները» նշանավորվել են որևէ, կառույցով։
Այդպես է եղել նաև այս անգամ։ Վաչագանի հրամանով այստեղ հիմնադրվել է Վարար ակն կամ Վարարակն անունով ավան և զորակայան։ Ստեփանակերտ քաղաքի առաջին հատակագիծը կազմել է հայ տաղանդավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը 1926 թվականին։ Քաղաքի կենտրոնը շրջանաձև հրապարակ է, որտեղից ճառագայթաձև ձգվում են գլխավոր փողոցները։ Ստեփանակերտի խորհրդանիշն է քաղաքի մուտքի մոտ գտնվող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որի հեղինակն է արցախցի քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը։ 1998-ի մարտ ամսից Ստեփանակերտի կենտրոնում սկսվել է Մայր տաճարի` Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը։ Եկեղեցու նախագծի հեղինակն է ճարտարապետ Գագիկ Երանոսյանը։ Եռահարկ այս տաճարն արտաքնապետ նման է լինելու Զվարթնոցին։
Ստեփանակերտն ունի երկաթուղային կայարան, օդանավակայան։ Ավտոխճուղիների հանգույց է։ Քաղաքի խոշոր ձեռնարկություններից են Ղարմետաքսկոմբինատը, շինանյութերի կոմբինատը, Էլեկտրատեխնիկական, գինու-կոնյակի գործարանները, գորգագործական, կոշիկի և կահույքի ֆաբրիկաները։ Ստեփանակերտի հանրապետական գրադարանը կոչվում է Մաշտոցի անունով, արվեստի մանկական դպրոցը` Հակոբ Գյուրջյանի անունով, պետական պատկերասրահ` Մարտիրոս Սարյանի, քաղաքային մանկական գրադարանը` Հակոբ Մեղապարտի անունով։ Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնը գործում է 1923 թվականից, 1990-ից կրում է Վահրամ Փափազյանի անունը։
| | 
Ստեփանակերտ "Մենք ենք, մեր սարերը" հուշարձանը։ Քանդ. Սարգիս Բաղդասարյան |
Արցախյան հերոսամարտերում Ստեփանակերտը դրսևորեց իրեն որպես հերոս քաղաք։ Արցախյան շարժումը հայ ժողովրդի ինքնության ու ազգային արժանապատվության հզոր դրսևորումներից մեկն էր, որի զարկերակն այս անգամ դարձել էր Ստեփանակերտը։
2000 թվականին Ստեփանակերտը դառնում է 1500 տարեկան։ Ուխտագնացության երթուղին Ստեփանակերտից ձգվում է դեպի Շուշի։ Բայց մինչ մայր երթուղի մտնելը, կարելի է երկու կողային երթեր կատարել, մեկը դեպի Մարտունի-Ամարաս, մյուսը` Ավետարանոց։
Մարտունի քաղաքը ԼՂՀ Մարտունու շրջանի կենտրոնն է։ Հնում կոչվել է Խոնաշեն։ Գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան լանջին, Ստեփանակերտից 41 կմ արևելք։ Այս քաղաքի հետ է կապված Արցախի լեգենդար հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանի արցախյան գործունեությունը։ Մոնթեն զոհվեց 1993-ի հունիսի 12-ին Աղդամում տեղակայված ադրբեջանական կրակակետերը ոչնչացնելու ժամանակ։ 1994-ի հունիսի 12-ին քաղաքի կենտրոնական հրապարակում, համաժողովրդական հանդիսությամբ, տեղի ունեցավ Մոնթեյի մարմարե հուշարձանի բացումը։ Քանդակը կերտված է ԼՂՀ Ասկերանի շրջանի Հարավ գյուղի վարդագույն (կարմիր) մարմարից։ Հուշարձանի բարձրությունը 5 մետր է, տեղադրվել է Մարտունի քաղաքի այն մասում, ուր առաջ բարձրանում էր Լենինի արձանը։ Հայր և որդի Լևոն և Վահե Թոքմաջյաններն արձանը կերտել են 18 օրում։ Մոնթեի այս հուշարձանն այժմ սրբազան ուխտավայր է բոլոր արցախահայերի և հյուրերի համար։
Մարտունի քաղաքի երկարակյացը Լուսիկ Եսայանն է (ծ.1897), որն ունի 5 զավակ, 20 թոռ, և 50 ծոռ։ «Խորհրդային Ղարաբաղ» օրաթերթի թղթակցի հարցին Լ. Եսայանը պատասխանել է. «Մենք դիմացկուն ժողովուրդ ենք, պիտի իրար թև ու թիկունք լինենք, պայքարենք ազգովի ու միահամուռ, որպեսզի կարողանանք ապրել այս դաժան աշխարհում։ Մեզ կարող է փրկել բազմազավակությունը։ Եթե պատերազմը չլիներ, ամուսինս չզոհվեր հինգը չէ, տասնհինգը կունենայինք, ու բերդ կլինեինք, շատ ու անկոտրելի» («Խորհրդային Ղարաբաղ» օրաթերթ, 1990-ի, սեպտեմբերի 14)։
Ուխտագնացները Մարտունի քաղաքից կարող են մեկնել Ամարաս, որը գտնվում է շրջկենտրոնից 10 կմ հարավ-արևելք, Մաճկալաշեն գյուղի մոտ, Ամարաս գետի ձախ ափին, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգավորությունում։
| |  |
Ամարասը հնում նշանավոր գյուղաքաղաք էր և մտնում էր Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ։ Մաճկալաշենը Ամարասի վանքի ամենամոտիկ գյուղն է։
Ս. Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին Ամարասում հիմնել է վանք, որի կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ Գրիգորիսը Գրիգոր Լուսավորչի ավագ որդի Վրթանեսի զավակն էր։ Ծնվել է Կեսարիայում, 295 թվականին։
Դեռևս 15-ամյա պատանի էր, երբ հայրը` Վրթանեսը, նրան ձեռնադրեց եպիսկոպոս և ուղարկեց Աղվանք, որպեսզի Հայաստանի այդ մասում քրիստոնեություն տարածի։ Գրիգորիսը հիմնավորվեց Արցախում, հայերի մեջ ամրապնդեց քրիստոնեական հավատը, ապա քարոզչության գնած մասքութների մոտ, որոնց Սանեսան թագավորը, որը պարթև էր և Հայոց Խոսրով Կոտակ թագավորի ազգականը, նահատակեց նրան` կապելով ձիու պոչից և բաց թողնելով Վատնյան դաշտում։ Գրիգորիսի հետ Բուն Աղվանք գնացած հայ սարկավագները նրա դիակը բերեցին Արցախ և թաղեցին Ամարասի վանքում։ Վաչագան Բարեպաշտ հայ թագավորը նրա գերեզմանի վրա 489 թվականին մի մատուռ է կառուցել, որ մինչև այժմ էլ պահպանվում է։ Այդ ժամանակվանից էլ Գրիգորիսը դարձավ հայոց նշանավոր սրբերից մեկը։
Ամարասի վանքը եղել է Հայաստանի արևելյան մասի հոգևոր ու մշակութային կենտրոնը։ 5-րդ դարի սկզբին Մաշտոցը Ամարասում է բացել Արցախի առաջին դպրոցը։ Այս վանքը եղել է հայկական մեծ կրթատուն, ազգային-ազատագրական ոգորումների հզոր ներշնչարան։ Ինչեր ասես որ չի տեսել հայկական ոգու այս սրբատունը։ Ասպատակողները մի քանի անգամ ավերել են վանքը և նրա կողքի Ամարաս գյուղաքաղաքը։ Եվ որպեսզի վանքն այլևս չվերականգնվի, ասպատակողների զորապետը իր զորքը շարքով կանգնեցրել է մինչև Արաքսի ափը և զինվորները վանքի քարերն իրար տալով թափել են գետը։ Սակայն ոսոխի հեռանալուց մի քանի տարի չանցած Ամարասի վանքը նորից էր վերաշինվում և նրա կամարների տակ վերստին հնչում էր հայերեն խոսքը։ 1293 թվականին թաթարաց Բայտու (Բաթու) խանը կողոպտում է Ամարասի վանքը և վարի առնում Սուրբ Գրիգորիսի գավազանն ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչ։
Ոսկեձույլ խաչի ակներից յուրաքանչյուրը պատկերում էր հայկական այբուբենի մի տառ։ Հայոց այդ գանձ-այբուբենով կարելի էր գնել մի ամբողջ գյուղաքաղաք։ Այդ մեծ գանձի կորուստը Արցախ-Ղարաբաղում առ այս օր էլ մոռացության չի մատնվել։ Արցախի ճարտար արհեստավորները հայոց տառապատկերներով 36 նոր ակներ են պատրաստել և ընդելուզել Ամարասի մերձակայքում գտնվող 36 քերծերի ճակատներին, որոնք տեսանելի են միայն երկնքից։ Ասում են նաև, թե արևոտ օրերին արևի ճառագայթների ներգործությունից տառապատկեր ակներն այնպիսի ձայներ են հանում, որ թվում է, թե մի անտեսանելի ոգի Արցախի գլխավերևում հայոց այբուբենի տառերն են արտասանում։ Սա գրի ու դպրության հանդեպ հայ մարդու պաշտամունքի պերճ արտահայտություն է։ Պատահական չէ, որ Ամարասում անընդմեջ գործել է հայկական դպրոցը, այստեղ ստեղծվել են թանկարժեք ձեռագրեր, որոնցից շատերը հասել են մեզ։
Ամարասը նման է բազմաշերտ հրաշալիքների թանգարանի։ Նրա մասին ամեն ինչ չէ, որ գիտեն մարդիկ։ Սա հայոց այն հողակտորներից է, որտեղ գիրկընդխառնվել են իրականն ու առասպելականը, ճշմարիտն ու երևակայականը։
Ամարասը եղել է կրթական մի այնպիսի դպրանոց, որը ուսուցիչներ է պատրաստել Արցախ-Ղարաբաղի շատ դպրոցների
համար։
Արցախ-Ղարաբաղը Ռուսաստանին միանալուց հետո Ամարասի վանական շինությունները վերածվում են ռուսական զորակայանի, ապա արքունի մաքսատան։ Երկար քաշքշուկից հետո 1849 թվականին ռուսական կառավարությունը վանական համալիրը վերադարձնում է հայոց եկեղեցուն։ Ամարասի վանքը նորոգում է շուշեցի քարգործ վարպետ, հմուտ որմնադիր Ամոխ Մելիք-Ղարագյուզյանը։ Նորոգումը կատարվում է Շուշիի հռչակավոր քարհանքի բաց մոխրագույն որձաքարով։
| |  |
1858-ից կառուցվում է եռանավ բազիլիկ եկեղեցի, որի բեմի տակ պահպանվում է Գրիգորիս եպիսկոպոսի դամբարանը։
Այժմ Ամարասի վանքը պահպանվում է որպես հայկական ճարտարապետության կոթող, որպես Էջմիածնի վանքի հասակակից եզակի հուշարձան։ Ամարասի միաբանությանն է պատկանում նաև վանքի 20 կմ հեռավորության վրա գտնվող Հերհեր գյուղի Սուրբ Գրիգորիս անունով հոյակերտ եկեղեցին, որը կառուցվել է 1667 թվականին և իր կից շենքերով ծառայել է որպես վանքի միաբանների ամառանոց։
Ամարասի վանքում 17 դար շարունակ հնչել են հայերեն աղոթքն առ Աստված։ Ամենաերկար ընդմիջումը եղել է 1928-88 թվականներին, երբ լռել են եկեղեցու զանգերը։ 1989 թվականից սկսեցին նորից հնչել Ամարասի զանգերը։ Ամարասը արցախահայերի մեծագույն սրբություններից է։ Մինչև հիմա էլ արցախեցու` մատների վրա հաշվող երդումներից մեկը մնացել է «Ամարասը վկա» արտահայտությունը։
Ուխտագնացների խումբը Ամարասից պետք է վերադառնա Ստեփանակերտ, այստեղից մեկնի Ավետարանոց։ Ավետարանոցը, որը մի կարճ ժամանակով կոչվել է օտարահունչ Չանաղչի անունով, Արցախի մեծ բնակավայրերից է, որը մելիքության ժամանակ փաստորեն եղել է Արցախի մայրաքաղաքը։
Հնում Ավետարանոցը մտնում էր Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ (հետագայում` Վարանդա) գավառի մեջ։ Փռված է Քիրս լեռան ստորոտում։ Գեղեցիկ գյուղ է` թաղված այգիների ու ծառաստանների մեջ։ Իզուր չեն այն անվանել Վարանդայի զարդ։ Այստեղ շատ են հայահունչ հուշարձանները։ Սա հայկական հնամենի մշակույթի բնական թանգարան է։ Բայց ամենից հինը ինքը` Ավետարանոց անունն է։ 5-րդ դարում Արցախի հայկական փոքրիկ թագավորության թագավոր Վաչեն, նեղվելով Պարսից Պերոզ արքայից, հրաժարվում է իր թագ ու գահից, հրաժեշտ տալիս աշխարհիկ կյանքին և, մի Ավետարան գրկած, առանձնանում այս գյուղում ու իր մնացած կյանքն անցկացնում ճգնակեցությամբ։ Հաճախ Վաչեին շփոթում են Վաչագան Բարեպաշտի հետ։ Մինչդեռ հայտնի է, որ Վաչագանը Վաչեի եղբորորդին է և սպանվել է Սյունիքում։
| | 
Ավետարանոց գյուղը |
Հետևապես Ավետարանոցում ճգնավոր դարձողը եղել է Վաչեն։ Ինչևէ. ասում են Արցախում ոչ մի տեղ այնքան Ավետարաններ և, ընդհանրապես ամեն տեսակի իմաստասիրական գրքեր չկային, որքան այստեղ։ Այդ պատճառով գյուղը կոչվել է Ավետարանոց, որ նշանակում է Ավետարան կամ շատ գիրք ունեցող գյուղ, նաև` գրասեր գյուղ։ Այդ անվանակոչությունն արդյունք է հայ ժողովրդի` գրքի հանդեպ ունեցած մեծ պաշտամունքի։ Գյուղի հյուսիս-արևմտյան կողմից է սկիզբ առնում Արցախի երկրորդ նշանավոր լեռնաշղթան` Քիրսը (գյուղի մոտ են Մեծ Քիրսն ու Փոքր Քիրսը)։ Այս փառահեղ լեռնազանգվածի շնորհիվ էլ Ավետարանոցը հարուստ է սառնորակ աղբյուրներով։
Ավետարանոցն ունի երկու կամուրջ։ Մեկը գտնվում է Ավետարանոց գետակի վրա, Ավետարանոցից Մադաթաշեն տանող ճանապարհի ձորամիջին և կոչվում է Ենգիբարի։ Կամարակապ այս կամուրջը կառուցվել է 1663 թվականին։ Կառուցողն է քարգործ վարպետ Ենգիբարը, որը բարձունքից ընկել է և մահացել։ Նրա աճյունն ամփոփված է Սարուշեն գյուղի հին գերեզմանատանը։ Այս քարգործի անունով էլ կառույցը կոչվել է Ենգիբարի կամուրջ։ Մի քարակերտ կամուրջ էլ կա գյուղից վերև, Հըլզկոտ գետի վրա, որը կառուցվել է Վարանդայի մելիքության շրջանում, 17-րդ դարում։ Երկու կամուրջներն էլ երթևեկելի են։
Ավետարանոցը եղել է Արցախի հինգ մելիքություններից մեկը` Վարանդայի վարչական կենտրոնը, մելիքության բերդավանը։ 1733 թվականին այս գյուղում տեղավորվում է թուրքական մի զորաջոկատ, որի հրամանատարն էր Սուլեյման բեկը։ Ավետարանոցի հայերը, չհանդուրժելով նվաճողի լուծը, մի գիշերվա մեջ Մելիք Հուսեին Շահնազարյանի կին Աննայի և նրա դուստր Գայանեի գլխավորությամբ ոչնչացնում են թուրքական զորաջոկատը։ Գյուղի եզրին, մի ժայռաբլրի վրա, գտնվում է Կուսանաց անապատը, որը կառուցվել է 1616-ին։ Ավետարանոցի այժմյան կանգուն եկեղեցին կոչվում է Սուրբ Աստվածածին, գտնվում է գյուղամիջում, կառուցվել է 1651-ին, 1925-35-ին ծառայել է որպես ակումբ, 1935-90-ին` կոլտնտեսության պահեստ։
Ավետարանոցի սրբավայր ուխտատեղիներն են. Սանան եկեղեցին (ծակուռի գյուղատեղիում), Սուրբ Ավանես (կանգուն ելեղեցի է, շրջակայքում կան խաչքարեր), Պոսր քար (Կուկվեն անունը կրող եկեղեցիով, գտնվում է Սղնախ գյուղի մոտ), Սուրբ Ղևոնդի եկեղեցին (կոչվում է նաև Ղոնդիկ կամ Ղևոնդած անապատ, գտնվում է Մոշխմհատ գյուղի մոտ, բարձր լեռան կատարին)։ Հնում սրբավայր է եղել նաև գյուղի մոտ գտնվող Մավաս սարը։ Ավետարանոցում են թաղված Վաչե թագավորը (5-րդ դար), 9-րդ դարի երկրորդ կեսի հայ իշխան, ապա` Հայոց Արևելից Կողմանց թագավոր, մատենագիր, քերական ու մեկնիչ Համամ Արևելցին` իր կնոջ հետ։
Ավետարանոցում են ծնվել ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ Վալերիան Մադաթովը (Մադաթյանը, 1782-1829), զվարճախոս Պըլը Պուղին (1731-1815), երգիծաբան Տմբլաչի Խաչանը (Կոստանդին Մելիք-Շահնազարյանը, 1862-1942)։ Ծննդով այս գյուղացի է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, նախկին ԽՍՀՄ Կենտրոնի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի խորհրդական Գևորգի Խոսրովի Շահնազարովը (Շահնազարյանը, ծ.1924)։
Ուխտագնացները Ավետարանոցից կարող են Ստեփանակերտ վերադառնալու փոխարեն ճանապարհվել դեպի Շուշի, որը գտնվում է Գորիս-Ստեփանակերտ խճուղու վրա, Ստեփանակերտից 10 կմ հարավ։ Քաղաքը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան մասում, մի ոչ մեծ սարահարթի վրա, երեք կողմից շրջապատված անդնդախոր կիրճով, որտեղով հոսում է Կարկառ գետը։ Ծովի մակերևույթից բարձ 1700 մետր։ Ունի մեղմ կլիմա, որի շնորհիվ դարձել է առողջարանային քաղաք։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 19 է, հունվարինը` 2։ Եվ, այնուամենայնիվ, Շուշին տարվա ընթացքում միջին հաշվով 113, 6 օր պատած է լինում մառախուղով, 107, 6 օր երկինքն ամպամած է լինում և պարզ է լինում միայն 77, 7 օր։
Հայկական հին բնակավայր է։ Բուն անունը Շոշ է։ Արցախ-Ղարաբաղի բարբառում շոշ նշանակում է մատղաշ ճյուղ, նաև` ուռուցք, ցցվածք, բարձրություն։ Մարմնի վրա առաջացած վերք-ուռուցքը արցախեցին անվանում է շոշ։ Ըստ երևույթին հին հայերենում շոշ նշանակել է ուռուցք, ցցվածք։ Այդ բառիմաստն էլ պահպանել է Արցախի բարբառը։ Ճիշտ չէ ընդունված այն կարծիքը, թե որպես բնակավայր Շուշին հիմնադրվել է 1752-ին։ Շուշին Արցախի պերճ անկյուններից է և հազիվ թե վրիպեր մեր հների ուշադրությունից։ Շրջապատից ներանձնացած սեղանանման այս բարձունքը բնակավայր է եղել անհիշելի ժամանակներից, առնվազն 4, 5 հազար տարի առաջ։ Շոշ անունն էլ գալիս է այդ հեռավոր ժամանակներից։ Այսպիսով Շոշ նշանակում է բարձրություն, որը համապատասխանում է բնակավայրի տեղանքին։ Շուշին (օտար հնչմամբ` Շուշա) Շոշ անվան հնչյունափոխված ձևն է։ Շուշին անվանել են նաև Շուշի ղալա կամ պարզապես` Ղալա։ Ղալա բառը կլա կամ կալա բառի հչյունափոխված ձևն է։ Կլա արաբերեն է և նշանակում է բերդ, ամրոց։ Կլա, կալա (դալա) բառը արաբներն են թողել Արցախում։ Ղալա նշանակում է ամրոց, Շուշի ղալա` Շուշիի ամրոց։
Շուշիի Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին, 1868 - 1888 թթ.
Շուշին ունի բնական անմատչելի դիրք։ Այժմ կանգուն են 1724-ին կառուցված բերդապարիսպները։ Հենց այդ ժամանակ էլ ամրոցի տեր Ավան հարյուրապետը (Յուզբաշին) և ազատագրական պայքարի մյուս հրամանատարները Շուշին վերակառուցել ու դարձրել են անառիկ ամրոց։ Շուշիի հայկական դիմագիծը խարխլվել է 18-րդ դարի կեսերին Վարանդայի Շահնազար Բ մելիքի դավաճանության պատճառով։ Ապօրինաբար տիրանալով Վարանդայի մելիքությանը, Շահնազար Բ, Ղարաբաղի մյուս չորս հայ մելիքներին հակադրվելու համար դաշնակցել է սարըջալու կոչվող վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահ խանի հետ և Շոշի ամրոցը հանձնել նրան։ Փանախ խանն իր իշխանությունն ամրապնդելու նպատակով սկսել է պառակտել Ղարաբաղի հայ մելիքների միասնականությունը և Շուշին ու այլ բնակավայրեր բնակեցրել իր ցեղակիցներով։ Նույն քաղաքականությունը վարել է նաև Փանահի որդին` Իբրահիմ խանը։
Շուշին շատ անգամ է դիմագրավել օտար նվաճողների հարձակումներին։ Ղարաբաղը Ռուսաստանին միացնելուց հետո Շուշին ապրեց տնտեսական ու մշակութային մեծ վերելք, դարձավ Անդրկովկասի նշանավոր քաղաքներից մեկը։ Այս քաղաքը ձեռք է բերել ոչ միայն արցախյան, այլ համահայկական դիմագիծ։ Հայտնի է, որ 1750 թվականին Գողթն գավառի Շահկերտ հայաբնակ մեծ գյուղը հերոսաբար դիմագրավեց Պարսից Հեյդար խանի զորախմբի հարձակմանը, բայց անհավասար պայքարում պարտվեց։ Քաջարի շահկերտցիները լքեցին հայրենի եզերքները, գաղթեցին Կապան, այնտեղից էլ Շուշի և այստեղ կազմեցին մի առանձին համայնք` կոչելով իրենց Ղազանչեցիք։ Բանն այն է, որ Շահկերտի բնակիչների մեծ մասը պղնձագործ-կաթսայագործներ էին, որի պատճառով էլ Շահկերտը կոչվում էր նաև Ղազանչի (կաթսայագործ)։
Ղազանչեցիք Շուշիի համար մի հզոր երակ էին և քաղաքը դարձրին արցախյան Գողթան։ Առանձնապես կարևոր դեր խաղացին շահկերտցի Խանդամիրյան և Աղամալյան տոհմերը։ Մեծ թիվ էին կազմում նաև քաղաքում մշտական բնակություն հաստատած ագուլիսցիներն ու մեղրեցիները։ 1868-1888 թվականներին կառուցվեց Շուշիի Ամենափրկիչ Մայր տաճարը, որը ժողովուրդն անվանեց Ղազանչեցոց եկեղեցի, որովհետև այն կառուցել էին հիմնականում Շուշիում բնակություն հաստատած շահկերտցի-ղազանչեցիները։ Այդ տաճարը մինչև այժմ կառուցված ամենամեծ հայկական եկեղեցին է, որն ունի 37 մետր երկարություն, 35 մետր լայնություն, 52 մետր բարձրություն։ Հայկական երկրորդ մեծ եկեղեցին գտնվում է Դաշտային Կիլիկիայի Այնթապ քաղաքում, կառուցվել է 1873-93-ին, ճարտարապետ Սարգիս Պալյանի կողմից։ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին կառուցվել է 20 տարում։ 20 տարում է կառուցվել նաև Այնթապի եկեղեցին, որը կոչվում էր Սուրբ Աստվածածին։
Շուշիի Ամենափրկիչ Մայր տաճարի բակում էր գտնվում անվանի շուշեցիներից մեկի` Թադևոս Թամիրյանցի հուշարձանը, մի մարդու, որը 1896 թվականին քաղաքը ջուր անցկացրեց 18 կմ հեռավորությունից։
19-րդ դարի սկզբին Շուշիում բացվել են հայկական դպրոցներ, տպարան, սկսել են հրատարակվել հայերեն պարբերականներ ու գրքեր։ 1838-1920-ին գործել են Շուշիի թեմական դպրոցը, 1881-1920-ին` ռեալական դպրոցը։ Նշանավոր է եղել Խանդամիրյան թատրոնը։ Այն կառուցվել է 1891-ին, Ղազանչեցոց եկեղեցու մոտ, թատերական և հասարակական գործիչ Մկրտիչ Խանդամիրյանի ծախսերով։ Ունեցել է 350 տեղանոց դահլիճ։ Թատրոնը բացվել է 1891-ի հուլիսի 7-ին Մուրացանի «Ռուզան» պիեսի ներկայացումով։ Թատրոնի շենքն այրվել է 1905 թվականին։
1920 թվականին ազերիները բարբարոսաբար ավերել են քաղաքի հայկական թաղամասերը, որոնք զբաղեցնում էին քաղաքի տարածքի մոտ 70 տոկոսը։ «Հայկական տարրը» Ղարաբաղում վերացնելու նպատակով ազերիները 1920 թվականի մարտի 23-ին սկսեցին Շուշի քաղաքի հայ բնակչության ոչնչացումը։ Քաղաքի հայոց թաղերի հրդեհը չմարեց ամբողջ երեք օր, իսկ կոտորածի ընթացքում զոհվեցին 30 հազար հայեր։ Ավերակված քաղաքը տեսնողներից մեկը գրել էր. «Հայկական չքնաղ քաղաքը ջախջախված է, հիմնովին ավերված»։ Այդ արհավիրքից հետո էր, որ Շուշին անվանեցին Հայոց Պոմպեյ։
Շուշին տվել է 1000-ի չափ հայ երևելի դեմքեր։ Ահավասիկ մի քանիսը. նկարիչ Ստեփան Աղաջանյանը (1863-1940), բեմանկարիչ Միքայել Արուտչյանը (1897-1961), մանկավարժ, հասարակական գործիչ Առաքել Բահաթրյանը (1848-1883), մաթեմատիկոս Բահաթուր Բահաթրյանը (1882-1934), պետական գործիչ Ալեքսանդր Բեկզադյանը (1879-1939), գրող Գուրգեն Բորյանը (1915-1971), դերասան Գուրգեն Գաբրիելյանը (1903-1956), քանդակագործ Հակոբ Գյուրջյանը (1881-1948), բուսաբան, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը (ծ.1910), քիմիկոս, ակադեմիկոս Վաչե Իսագյուլյանը (1893-1973), ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ Իվան Լազարևը (1820-1879), պատմաբան ու գրող Լեոն (1860-1932), պետական գործիչ Սարգիս Կասյանը (1876-1937), մետաղագետ, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Ռուբեն Համբարձումյանը (1911-1971), Գանձասարի կաթողիկոս, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Հովհաննես Հասան-Ջալալյանը (ծննդյան թիվն անհայտ-1787), պատմաբան, պետական գործիչ Աշոտ Հովհանիսյանը (1887-1972), գրագանագետ Գուրգեն Հովնանը (ծ. 1910), խորհրդային բանակի գեներալ-մայոր, Խորհրդային Միության հերոս Անդրանիկ Ղազարյանը (ծ. 1904), գրող Մուրացանը (1854-1908), գրագանագետ Խորեն Սարգսյանը (1891-1970), օդաչու, գվարդիայի փոխգնդապետ, Խորհդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը (1913-1944), դերասան Վաղարշ Վաղարշյանը (1894-1959), բուսաբույծ-սելեկցիոներ, ակադեմիկոս Իսայի Վարունցյանը (1898-1988), պետական գործիչ Սահակ Տեր-Գաբրիելյանը (1886-1937) և ուրիշներ։
Շուշին ազերինների տիրապետությունից վերջնականապես ազատագրվեց 1992-ի մայիսի 8-ին։ Այժմ քաղաքը վերաշինվում, վերակառուցվում է, վերստանում իր հայկական դիմագիծը։
Շուշիի տեսարժան վայրերը դիտելուց և քաղաքին ծանոթանալուց հետո կարելի է իջնել Քարինտակ գյուղը, որը գտնվում է Շուշի քաղաքից 2 կմ հարավ, ինչպես ասում են` «քաղաքի քթի տակ», Կարկառ գետի ձախ ափին։ 1988 թվականին սկսված Արցախյան շարժումից հետո այս գյուղը դարձել է հայ-ազերական սրված հարաբերությունների «թեժ կետերից մեկը»։ Ազերիները Շուշիից անընդմեջ հարձակումներ են գործել գյուղի վրա, փորձել գրավել այն, բայց մատնվել են անհաջողության։ Քարինտակը դիմակայել է, դիմացել, խիզախաբար մարտնչել ազերիների դեմ։ Պատմության համար սա դարձել է Արցախի Սպարտան, մի քայլ չի ընկրկել իր տեղից։ Ընդհակառակը` մի կողմից կռվել է, մյուս կողմից շարունակել առօրյա կյանքը. 1988-90 թվականներին գյուղում եղել է 14 հարսանիք։ Այդ նույն ժամանակամիջոցում գյուղում ծնվել է 57 հայ երեխա։
Ուխտագնացները ետ են դառնում Քարինտակից և Շուշիից շարժվում դեպի Բերձոր։ Շուշի քաղաքն ունի 5 հազար բնակիչ (1997-ի հունվար), Քարինտակ գյուղը` 650, Բերդաձորի ենթաշրջանի մեջ` Եղցահողն ունի 271, Հին շենը` 129, Մեծ շենը` 154 բնակիչ։ 1996-ին հիմնադրվել է նաև Լիսագոր գյուղը, որն այժմ ունի 7 ընտանիք։ Շուշիում լույս է տեսնում «Շուշի» հայերեն թերթը։
Ուխտագնացության երթուղին ձգվում է այսպես. Շուշի-Լիսագոր (Թթու ջուր)-Կանաչ թալա-Տասը վերստ-Մեծ շեն-Հին շեն-Բերդաձոր-Բերձոր։
ԼՂՀ Քաշաթաղի շրջանը կազմավորվել է (ստեղծվել է) 1994-ի հուլիսին։ Բնակիչների թիվն այստեղ անցնում է 6 հազարից (1997-ի հունվար)։ Շրջանի 33 գյուղ բնակեցված է։ Գործում է 15 հանրակրթական դպրոց։ 1996-ի մայիսի 18-ին, Լաչինի ազատագրման 4-րդ տարեդարձի օրը, Բերձոր (Լաչին) քաղաքում բացվեց Բերձորի պատմամշակութային թանգարանը, որի ցուցանմուշներն արտացոլում են տարածաշրջանի պատմությունը։ Դրանից մոտ մեկ ամիս առաջ Բերձոր (Լաչին) քաղաքում կատարվեց Սուրբ Համբարձում եկեղեցու հիմնարկեքը։ Ազատագրված Լաչինի շրջանը պաշտոնապես վերանվանվել է Քաշաթաղի շրջան։ Շրջանի կենտրոն Լաչին քաղաքը վերստացել է իր բնիկ հայկական անունը` Բերձոր։
Բերձորը գավառանուն է, Մեծ Հայքի Արցախ նահանգի 12 գավառներից մեկը։
ԳՈՐԻՍ-ԲԵՐՁՈՐ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՄԱՅՐՈՒՂԻ
Ուխտագնացների խումբը քայլում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղով։ Մեր ժամանակների համար սա հայկական արքունի պողոտա է։
Գորիս - Լաչին - Ստեփանակերտ մայրուղին
Արցախը Հայաստանի Հանրապետության կապող միակ մայրուղին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհն է։ Նրա երկարությունը 70 կմ է։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մայրուղու շինարարությունն սկսել է 1995 թվականի ապրիլին։ Ճանապարհն անցնում է Հայկական լեռնաշխարհի ձորաշատ տեղանքներից մեկով։ Այս հրաշակերտ կառույցի գումարների հանգանակությանը մասնակցել է աշխարհի գրեթե ողջ հայությունը։
Կառույցի համար առաջին մուծումը (մեկ միլիոն ամերիկյան դոլար) արել է բրիտանահայ բարերար Վաչե Մանուկյանը, ապա ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քյրքորյանը միանգամից այդ կառույցի համար հատկացրել է 6.5 միլիոն դոլար։
Գորիս-Ստեփանակերտ մայրուղին անվանում են Համահայկական պողոտա, Հայաստանը Արցախին կապող պորտալար։
Ուխտագնացները Բերձոր քաղաքից մայրուղիով շարժվում են դեպի Հազարի գետի հովիտը, գետի վրայով անցնում նրա աջ ափը-մտնում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ։
|