www.christianity.am

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

Որպես վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Արարատի մարզը կազմվել է 1995-ին և ներառում է իր մեջ Արարատի, Արտաշատի և Մասիսի նախկին վարչական շրջանների տարածքները։ Տարածությունը 2096 կմ/քառ., բնակչությունը` 305 հազար, ունի 97 համայնք, 98 գյուղական բնակավայր (1997-ի հունվար)։ Մարզի մեջ են մտնում Արարատ, Արտաշատ, Մասիս և Վեդի քաղաքները։ Մարզկենտրոնն է Արտաշատը։

Արարատի մարզը գտնվում է ՀՀ արևմուտքում։ Զբաղեցնում է Արարատյան գոգավորության հարավ-արևելյան մասը և Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան նախալեռնային լանջերը։ Մարզի տարածքում կան կրաքարի, մարմարի, կվարցային ավազի, կավի հանքավայրեր, հանքային և արտեզյան ջրերի պաշարներ։

Կլիման չոր, խիստ ցամաքային է` չոր ամառներով։ Մարզի տարածքում է Խոսրովի անտառ պետական արգելանոցը։ Զարգացող գյուղատնտեսական մարզ է։ 1996-ից հրատարակվում է «Արարատ» մարզային թերթը։ Արարատի մարզի տարածքը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց և Արագածոտն ու Կոտայք գավառների մեջ։

Արարատի մարզը մտնում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Այրարատյան Հայրապետական թեմի մեջ, կազմավորվել է 4-րդ դարում։ Առաջնորդարանը Երևանում է։ Մենք մտնում ենք Արարատի մարզի մայրուղու վրա գտնվող առաջին գյուղ` Զանգակատունը։ Սա մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդավայրն է։ Մինչև 1948-ը կոչվել է Չանախչի, մինչև 1990` Սովետաշեն, ապա բանաստեղծի «Անլռելի զանգակատուն» պոեմը խորհրդանիշ ընդունելով գյուղը կոչվել է Զանգակատուն։ Գյուղը գտնվում է Արածո գետի վերին հոսանքի հովտում։ Զանգակատուն գյուղում է Պարուր Սևակի գերեզմանը և տուն թանգարանը։ 1971 թվականից սկսած բանաստեղծի գերեզմանը դարձել է ուխտավայր. ամեն տարվա հունիսի 17-ին` բանաստեղծի մահվան օրը, քնարերգությա երկրպագուները հավաքվում են այստեղ Հայաստանի ու Արցախի տարբեր կողմերից նշում բանաստեղծի մահվան տարելիցը, արտասանում ինչպես Պարուր Սևակի, այնպես էլ այդ ուխտագնացությանը ներկա բանաստեղծների նոր ստեղծագործությունները։

Զանգակատնից դուրս գալով և մոտ երկու կիլոմետր առաջ շարժվելով, մայրուղին մեզ հասցնում է խաչմերուկին, այստեղ երկու ճանապարհներից մեկը տանում է դեպի Երասխ գյուղը, մյուսը` դեպի Լանջառ։ Ուխտագնացները շարժվում են Լանջառի ճանապարհով և հասնում հնամենի հայկական հուշարձանին` Հովհաննես Կարապետի վանքին, որի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1254-ին։ Այս հուշարձանախումբը մտնում է մայրուղուց մի քանի կմ հեռու գտնվող Լուսաշող գյուղի տարածքի մեջ։ Հովհաննես Կարապետի վանքից մայրուղին մեզ հասցնում է Շաղափ, այստեղից էլ` Ուրծաձոր։ Ժամանակին սա եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ուրծ գավառի կենտրոնը և հիշատակվել է որպես գյուղ, ավան կամ գյուղաքաղաք։ 5-րդ դարի հայ պատմիչներ Եղիշեն և Ղազար Փարպեցին այս գյուղը հիշում են Վարդանանց պատերազմի կապակցությամբ։ Ուրծաձորում կառուցված համանուն վանքը, որը կոչվել է նաև Առջառերեկի վանք, եղել է Հայաստանի ուշ միջնադարյան մշակույթի ոստաններից մեկը։ Գյուղի տարածքում պահպանվել են հին եկեղեցու ավերակներ, առաջին հազարամյակի դամբարանադաշտ, Սակռաբերդ ամրոցի մնացորդները։

Ուրծաձորին հաջորդում է Վեդի քաղաքը, որը գտնվում է Վեդի գետի աջափնյակում։ Վեդին Երևանից հեռու է 30 կիլոմետր։ Զարգացող բազմաճյուղ տնտեսությամբ փոքրիկ քաղաք է։ Մայրուղու վրա հաջորդ բնակավայրը Վանաշեն գյուղն է, որը հիմնադրվել է 1924-ին և 1978-ը կոչվել է Թայթան։

Վանաշենից հասնում ենք Նոր կյանք գյուղը, որը հիմնադրվել է 1946-ին։ Այստեղից պետք է թեքվել, մտնել Այգավան ու Ավշար գյուղերը և հասնել Արարատ քաղաքը, որը Երևանից հեռու է 42 կիլոմետր։ Այս քաղաքը հիմնադրվել է 1935-ին այստեղ կառուցված ցեմենտի գործարանի ավանի (1930) և Դավալու գյուղի (1830) միավորումով։ Այս քաղաքում է գտնվում Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատը, որի շնորհիվ այս քաղաքը դարձել է շինանյութերի արդյունաբերության կենտրոն։ Արարատից ուխտագնացները ետ են դառնում Նոր կյանք և, մայրուղի մտնելով, հասնում Փոքր Վեդի, այստեղից էլ` Խոր վիրապ։

ԽՈՐ ՎԻՐԱՊ

Խոր վիրապը հայկական ճարտարապետական հուշարձան է Փոր Վեդի գյուղի մերձակա բլրի վրա։ 1700 տարի է, ինչ որպես Գրիգոր Ա. Լուսավորչի անվան հետ կապված նշանավոր ուխտատեղի, Խոր վիրապը չի կորցրել իր փառքը։ Հնում Խոր վիրապի տեղում և շրջակայքում տարածվում էր հայոց Արտաշատ մայրաքաղաքը։

Արտաշատը մտնում էր Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառի մեջ, եղել է Հայաստան աշխարհի երկարակյաց մայրաքաղաքներից մեկը։ Այն կառուցել է հայոց Արտաշես Առաջին Բարի թագավորը Քրիստոսի ծննդից առաջ 180-ական թվականներին, Երասխ ու Մեծամոր գետի միախառնման տեղում։ Հույն պատմագիրները հավաստում են, թե Արտաշատը կառուցվել է կարթագենացի զորավար Հաննիբալի խորհրդով։

Քաղաքը կառուցելու և մայրաքաղաք հռչակելու առթիվ Արտաշես թագավորը մեծ տոնախմբություն է կազմակերպում, որ, հավանաբար տևում է մի քանի օր, գուցե և մի ամբողջ ամիս։ Դա եղել է այնքան նշանավոր հանդիսություն, որ կարևոր դեր է կատարել քաղաքի անվանակոչության համար։ Տոնախմբության հենց այդ օրերին էլ քաղաքը կոչվել է Արտաշատ, որը նշանակում է Արտաշեսի ուրախություն։ Սկզբում կոչվել է Արտաշաշատ։ Ժամանակին հայոց այս մայրաքաղաքի նշանավոր կառույցներից է եղել Տափերական կամուրջը, որը գցված է եղել Երասխ-Արաքս գետի վրա։

Խոր վիրապի այժմյան պարսպապատ վանքի տեղում եղել է Արտաշատի միջնաբերդը, որն ունեցել է իր ստորգետնյա բանտը, և որը հեռավոր այդ ժամանակներում կոչվում էր արգելարան, հանցանաց խուց, կապարան։

Ըստ պատմիչների հաղորդած տեղեկություների այս Խոր վիրապ հացնանաց խցում է կրել իր չարչարանքները Գրիգոր Լուսավորիչը։

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը Խոր վիրապի վրա մատուռ է կառուցել, որը նման է եղել Զվարթնոցին։ Վերջինս ավերվել է և նրա տեղում 1662-ին կառուցվել է ներկայիս կանգուն մատուռը։ Վիրապ նշանակում է գուբ, խոր փոս, ցամաք հոր։ Պարսպապատ եկեղեցու կենտրոնում Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Խոր վիրապը գտնվում է Ս. Գևորգ եկեղեցու մեջ` 4, 4 մետր տրամագծով , 6 մետր խորությամբ, գմբեթավոր գոգավոր ծածկով, որտեղ իջնում են 25 աստիճան և սանդուղքներով։

Միջնադարում Խոր վիրապը եղել է դպրության նշանավոր կենտրոն։ Վանական բարձր տիպի այդ դպրոցը հիմնել է Վարդան Արևելցին 1255-ին։ Խոր վիրապի դպրոցի սաներից են երևելի մտածողներ Ներսես Մշեցին, Գրիգոր Բալուեցին, Հովհաննես Երզնկացի Պլուզը, Գևորգ Սկևռացին, Գրիգոր Բջնեցին։ Խոր վիրապի գրչության կենտրոնում ընդօրինակված ձեռագրերից մի քանիսը պահպանվել են և հանգրվան գտել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում։ 18-րդ դարում, մի քանի տասնամյակ շարունակ, այս վանքը գտնվում էր ամայի վիճակում։ Միայն 1765 թվականին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը կարողանում է կրկին վերանորոգել այն։



Խոր Վիրապ

Խոր վիրապը քրիստոնեական հավատի փորձության խորհրդանիշ է։ Գրիգոր Լուսավորիչն այս հորի մեջ տառապել է 13 տարի, ապրել մի նկանակ հացով , որ վերևի անցքից, պահապաններից գաղտնի, ներքև էր նետում Տրդատ արքայի քույր Խոսրովիդուխտը, բայց հավատարիմ է մնացել իր լուսավոր հավատին։ Գրիգոր Լուսավորչի` Խոր վիրապում բանտարկվելն ու այստեղից ելնելը խորհրդանշական իմաստ ունի հայ ժողովրդի դարձի համար։

Հեթանոսությունը Խոր վիրապի նման կաշկանդում էր հայ ժողովրդին, ասես արգելակում էր նրա թռիչքը, և ահա հեթանոսական վիրապից ազատվելով հայ ժողովուրդը մի նոր ափ է դուրս գալիս, որը նրան զարթունք պիտի պարգևեր հետագայում։ Այսպիսով Գրիգոր Լուսավորիչը ոչ միայն ինքը դուրս եկավ Խոր վիրապից, այլև հայ ժողվրդին հեթանոսական խավարից բերեց դեպի քրիստոնեության լույսը։ Այդ պատճառով էլ Խոր վիրապը հայոց համար դարձել է քրիստոնեական հավատի սրբատեղին։

Խոր վիրապից ուխտագնացների խումբը Փոքր Վեդի վերադառնալուց առաջ կարող է մտնել Ազատ (Գառնի) գետի հովիտը և Խոսրովի անտառ-արգելոց։

ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌԸ

Հայաստանի Հանրապետության ամենահին բուսական թանգարանը Խոսրովի անտառն է, որը տարածվում է Արաքսի ձախ վտակ Ազատ գետի ափին։ Այն տնկել է տվել Խոսրով Կոտակ հայոց արքան մոտ 330 թվականին։ Այդ մասին հիշատակում է Պատմահայր Մովսես Խորենացին։ Իսկ Փավստոս Բյուզանդն ավելի մանրամասն է նկարագրում այդ նշանավոր արհեստական անտառի ընդարձակությունն ու դիրքը։

Անտառի տնկումը Խոսրով արքան հանձնարարել էր Վաչե զորավարին։ Սա նշանակում է, որ հին Հայաստանում որսատեղի պատրաստելը ռազմական նշանակություն է ունեցել։ Որսն էլ, ի վերջո, յուրովի զինավարժություն է։ Թագավորը սկզբում տնկել է տվել կողք-կողքի երկու անտառ։ Մեկը կոչվել է Տաճար Մայրի, որը սկսվում է Գառնի ամրոցի մոտից, հասնում Դվին, մինչև Տիկունի կոչվող պալատը։ Մյուսը տնկվել է դրանից հարավ, Արաքսի, Դվինի և Արտաշատի միջև եղեգնուտի եզերքով և կոչվել է Խոսրովակերտ։ Երկու անտառներն էլ պարսպապատվել են, առանց իրար հետ կցելու։ Իսկ ինչո՞ւ է անտառներից մեկը կոչվել Տաճար Մայրի։ Հին հայերենում մայրի նշանակում է սոճու տեսակ, նաև` առհասարակ անտառ, ծառաստան։ Տաճար Մայրի նշանակում է սրբավայր ծառաստան կամ սրբազան անտառ։



Խոսրովի անտառ

Երկու անտառներում էլ ամենից շատ տնկվել է կաղնի ու սոճի։ Բայց թագավորը չի բավարավել միայն ծառեր տնկելով։ Նրա հրամանով ամեն տեսակ կենդանիներ են հավաքել ու լցրել այդ անտառները, որով դրանք դարձել են արքայի ու արքունականների որսազվարճության և զինավարժության վայրեր։ Այդ անտառներում եղել են հայկական սև կաքավներ, եղեգնաբանակ ու թփամուտ աքարներ, որոնք անուշահամ միս ունեին և հետագայում համարյա վերացան անխնա որսի հետևանքով։

Ժամանակի ընթացքում այդ երկու անտառները, որ հնում ավելի մեծ տարածություն էին զբաղեցնում, միացան։ Եվ այն կոչվեց Խոսրովի անտառ։ Օտար նվաճողները իրենց ասպատակությունների ժամանակ ոտքի կոխան են դարձել նաև այս վայրը, հատել ընտիր ծառաստանը, ոչնչացրել կենդանական աշխարհը։

1958 թվականին կազմակերպվել է Խոսրովի պետական արգելանոցը, որը զբաղեցնում է 27 հազար հեկտար տարածություն։ Այն տարածվում է Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնա, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին։ Այժմ այստեղ աճում են կառնութներ, գիհու նոսրուտներ, հացենի, թխկի, թեղի, ուռատերև տանձենի, խնձորենի, սալորների, արոսենի, սզնի, մասրենի, ընկուզենու, բարդու, ուռենու ծառուտներ, նշենու չոր նոսրատառներ և ուրիշ ծառատեսակներ ու բույսեր։ Հետզհետե հարստանում է նաև արգելանոցի կենդանական աշխարհը։ Ազատ գետի հովտի մյուս հրաշալիքը Գեղարդն է։

ԳԵՂԱՐԴ

Ավանդությունն ասում է, որ մեծ ասպատակող Լենկթեմուրը, ոտքի կոխան դարձնելով աշխարհի կեսը, եկել հասել էր Գառնո ձոր։

**************************************************
ԼԵՆԿԹԵՄՈՒՐԸ ԵՎ ԳԵՂԱՐԴԸ
Ահա և Այրիվանք-Գեղարդը, ուր հայ քարգործ-ճարտարապետ Գալձակը միակտոր ժայռի մեջ քանդակել է երկու եկեղեցի։
- Հրաշք կառույց է, ժայռակոպ տաճար.- զեկուցեցին արնածարավ Լենկթեմուրին։
Մեր ինչի՞ն է պետք սա։ Ոչ ավերել կարող ենք, ոչ շալակել տանել։ Ասում են այստեղ է պահվում Հայոց աշխարհի յոթ ձիաբեռ ադամանդը։
Լսելով այդ մասին` Լենկթեմուրը որոշեց անձամբ հափշտակել այդ մեծ հարստությունը։ Նա մոտեցավ ժայռափոր տաճարին և աչք ածեց ներս։ Մութ տաճարում հուրհրատում էր մի լուսափունջ։ Այո, այդպես պայծառ կարող է փայլատակել միայն ադամանդը։ Լենկթեմուրը հազիվ զսպելով իր ուրախությունը, նետվեց ներս և ձեռքերը տարածեց դեպի լուսափունջը։ Բայց այ քեզ հրաշք, լուսափունջը մի անգամից անհետացավ։ Լենկթեմուրը վերադարձավ տաճարի մուտքի մոտ։ Ադամանդը նորից ցոլցլաց։ Մի քան անգամ նա փորձեց ձեռքերը պարզել դեպի ադամանդը, բայց բան չստացվեց։ Հենց որ ներս էր մտնում լուսափունջը մարում էր։
Եվ Լենկթեմուրը քմծիծաղ տվեց ու ասաց.- Մարդ պետք է միայն տեսնի ու անցնի և հայոց փայլատակող ադամանդը և ադամանդափայլ այս տաճարը։
Այդ ժամանակվանից էլ Այրիվանք-Գեղարդը օտարներն անվանեցին Տես ու անցիր։
**************************************************

Դարերի հետ շատ նվաճողներ եկան Գառնո ձորը, տեսան ու անցան, իսկ հրաշք կառույցը մնաց` դառնալով Հայաստանի անկրկնելի տեսարժան վայրերից մեկը։ Հիմա քչերը գիտեն, որ հայկական ճարտարապետության եզակի այս հուշարձանը-խումբը մի ժամանակ կոչվել է նաև Տես ու անցիր։ Նա պահել է միայն իր հայկական Կրկնան անունը։

4-13-րդ դարերում կոչվել է Այրիվանք` ժայռափոր կառույցների պատճառով, 13-րդ դարից ստացել իր երկրորդ` Գեղարդ անունը , որովհետև այս վանքին էր պահ տվել Քրիստոսին խոցող նշանավոր գեղարդը (նիզակը), որն այժմ պահվում է Էջմիածնի Սուրբ Աթոռի թանգարանում։

Գեղարդը 13-րդ դարում Զաքարյաններից գնել է Պռոշ իշխանը և սկսել վիմափոր շենքերի կառուցումը։ Հետագայում վիմափոր երկրորդ եկեղեցին հավանաբար դարձել է Պռոշյանների տոհմական դամբարանը։

Իսկ ի՞նչ լուսափունջ էր, որ չկարողացավ բռնել Լենկթեմուրը։ Ժայռակոփ տաճարի ճարտարապետ Գալձակը շարժական մի քար էր պատրաստել, որի շնորհիվ կեսօրին ճեղք էր բացվում դեպի դուրս, և արևի ճաճանչները, ներս ընկնելով մթության մեջ այնպիսի լուսափունջ էին կազմում, որ ասես ադամանդ էր շողշողում։ 1679 թ երկրաշարժից այդ քարը տեղաշարժվեց և կորցրեց լուսափունջ արարելու իր հատկությունը։

Գեղարդը միջնադարյան Հայաստանի ճարտարապետական նշանավոր հուշարձաններից է, եղել է հոգևոր ու մշակութային կարևոր կենտրոն, սրբազան ուխտատեղի։ Այստեղ ուխտավորների կարելի է հանդիպել տարվա գրեթե բոլոր օրերին։ Ժամանակին Գեղարդում գործել են դպրանոց, հարուստ գրադարան, գրչատուն, ուր ընդօրինակվել ու պատկերազարդվել են բազմաթիվ ձեռագրեր։ Գեղարդից շատ հեռու չէ Գառնի տաճարը։

ԳԱՌՆԻ

Գեղամա լեռների ճյուղերից մեկը ծունկ է տալիս Ազատ գետի աջ ափին և դառնում եռանկյունաձև բարձրիկ հրվանդան։ Հենց այդ հրվանդանի վրա է Գառնին` 24 սյուներով հրաշակերտ տաճարը, որը հեթանոսական ժամանակներից մեզ հասած եզակի կառույցներից է Հայաստանի տարածքում։ Բայց մի՞շտ է կանգուն եղել այն։



Գառնիի տաճարը, 77 թ.

Տաճարը կառուցվել է 77 թվականին և կանգուն մնացել շուրջ 1600 տարի։ Հայաստանի այս երկրակյաց շինությունը փլվել է 1679 թվականի հունիսի 4-ի կործանարար երկրաշարժից։ Ժամանակի պատմիչ Զաքարյա Սարկավարգի հավաստմամբ, երկրաշարժի ցնցումն այնքան ուժեղ է եղել, որ մի քանի տոննա կշիռ ունեցող քարերը դյուրությամբ բեկվել են տաճարից, օդ բարձրացել փետուրի պես և թափվել մոտակա ձորը։ Դրանից հետո ճարտարապետական հնամենի կոթողը կիսավեր է մնացել մոտ 300 տարի։ 1909-1911 թվականներին անվանի գիտնական Նիկողայոս Մառը տաճարի հիմքի մոտ է հավաքել ցիրուցան եղած կապտավուն որձաքարերը` հուսալով, որ մի օր կվերականգնվի հայոց այս գեղեցկաշեն կառույցը։ Սակայն հետագայում քանդակազարդ շատ խոյակներ ու սյուներ անհետացան և նորոգող ճարտարապետները դրանց հետքերը սկսեցին որոնել Գառնիից հեռու ընկած վայրերում։ Գառնի տաճարը վերականգնվել է ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի նախագծով և անմիջական ղեկավարությամբ 1969-1975 թվականներին։

Ենթադրվում է, որ սյունազարդ տաճարը նվիրված է եղել հայոց հեթանոսական աստված Միհրին։ 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը։

Հետագայում տաճարը եղել է հայոց Տրդատ Գ. թագավորի քրոջ` Խոսրովիդուխտի ամառանոցը` հովանոցը։ Պատմիչներն այն կոչել են Տրդատի թախտ կամ Տրդատի սարավույթ։

Տաճարի կողքին հնում եղել են պալատական շենքեր։ Պահպանվել է բաղնիքի` խճանկարով հատակը, որ պատրաստված է 15 գույնի բնական քարերից և պատկերում է ծով և ծովային տեսարաններ։ Այդ խճանկարը հին Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հրաշալի հուշարձաններից է։ Այո, հին է այս հոյակապ տաճարը, բայց նրանից ավելի հին է Գառնի անունը, որով կոչվել են նաև բարձրիկ հրվանդանի վրայի ամրոցն ու կողքի գյուղաքաղաքը։ Պատմահայր Մովսես Խորենացին գրում է, որ այս բնակավայրը հիմնադրել է Հայկ Աղեղնավորի ծոռ Գեղամը, որի թոռան` Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի։

Այժմ իր նախկին տեսքն ստացած տաճարը Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրերից է։ 1980-ական թվականից սկսած այստեղ անց են կացվում երգի ու պարի ամենամյա փառատոններ։

ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՏԵԼԻՔՆԵՐ և ԸՄՊԵԼԻՔՆԵՐ

Գառնին այնպիսի սրբավայր-ուխտատեղի է, ինչպիսին Գեղարդը։ Գառնիի տաճարի հետ կապված մի հնամենի ասք է պահպանվել։ Ասում են 4-րդ դարի սկզբում, քրիստոնեությունը ընդունելուց հետո, արքայադուստր Խոսրովիդուխտը այստեղ հավաքել է հայոց աշխարհի նշանավոր խոհարաններին, խորհրդակցել նրանց հետ և որոշել, թե Նոր տարում հայերն ինչ ընդհանրական ուտելիք ու ըմպելիք պիտի դնեն տոնական սեղանի վրա։ Եվ հաստատում են, թե Խոսրովիդուխտի ձեռքով են սրբագործվել և մինչև օրս ընդհանրական դարձել հայոց տոնական ճաշերը։

Ա տառով Ամանորյա յոթ ուտեիքները և ըմպելիքները.

ԱՆԱՀԻՏԻ ԿՈՐԿՈՏ։ Այդպես է կոչվում թեփահան արված ու թանձր եփած ցորենը։ Պտղաբերության, արգասավորության աստվածուհի, ոսկեմայր ու ոսկեծղի Անահիտը եղել է հին հայերի ամենասիրելի աստվածուհին։

Մեր նախնիները Նոր տարվա առաջին ուտելիքը նրա անունով են կոչել` համոզված լինելով, որ աստվածուհին զորավիգ կլինի իրենց և բերքառատ, հացառատ կդարձնի սկսվող տարին։ Այդ ճաշատեսակի անվան մեջ դրսևորվել է հայ ժողովրդի պաշտամունքը հացի և հացահատիկի հանդեպ։ Խոսրսվիդուխտը Անահիտը փոխեց Մարիամ անունով և այն անվանեց Մարիամի կորկոտ։ Անահիտ և Մարիամ անունները մոռացության տրվեցին, բայց ճաշատեսակը մնաց կորկոտ անունով։



Սևանա լճի իշխան ձուկ

ԱՍՏՂԻԿԻ ՕՇԱՐԱԿ։ Հին հայերը սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի անունով են կոչել մրգահյութից պատրաստված քաղցրահամ, երբեմն էլ թթվաշ այս ըմպելիքը` համոզված լինելով, թե նրա օգտագործումով նրբանում ու առավել ճերմակ է դառնում կանանց ու աղջիկների մաշկը։ Յուրաքանչյուր գավառ ուներ Աստղիկի իր օշարակը, որ պատրաստում էին այդ գավառում աճող մրգերից։ Սա էլ քրիստոնեության ընդունումից հետո կորցրեց իր անվան առաջին կեսը և մնաց օշարակը։

ԱԼԱՆԻ։ Սա կորիզը հանած դեղձաչիր է` մեջը լցրած ծեծած ընկույզի միջուկ։

ԱՂԱԾՈ։ Սա աղ դրած ուտելեղեն է, բանջարեղեն, ձուկ ու այլն։

ԱՂԱՆԴՆԵՐ։ Այդպես է կոչվում հայկական ճաշից հետո մատուցվող մրգեղենը, քաղցրավենիքը։

ԱՂԱՆՁ։ Բոված` աղանձած ցորեն, սիսեռ, նոխուդ։

ԱՄԻՃ։ Սա մեջը բրնձի, չամիչի, նուշի, ծիրանաչրի, յուղի և զանազան համեմունքների խճողակ լցրած ու տապակած կաքավ է կամ հավ։

Ն տառով նավասարդյան յոթ ուտելիքներն ու ըմպելիքները

ՆԱՆԵԻ ՕՇԱՐԱԿ։ Հայոց ողջախոհության և իմաստության աստվածուհուն նվիրված այս օշարակը պատրաստում էին ծիրանի և բուրավետ ծաղիկների հյութերից` համոզված լինելով, որ այն սթափություն է ներարկում մարդու էության մեջ։

ՆԳԱԾԱՂԻԿ։ Սա ախորժաբեր համեմունք է, որ աճում է միայն Մասիսի լանջերին։ Հնում Մասյացոտն գավառի բնակիչներն քաղում էին այդ ծաղիկը և ուղարկում Հայաստանի մոտ ու ծայրակալ գավառների մարդկանց։ Նգածաղիկը խորհրդանշում էր հայրենիքի` Հայաստան աշխարհի միասնությունը։ Նոր տարվա սեղանին այդ համեմունքն օգտագործելով հայերը հավաստում էին Աստծուն, որ Հայաստանի բոլոր գավառները կապված են կենտրոնի հայոց` աշխարհի միջնասյան` Մասիսի հետ, որ Հայաստանը մի ամբողջություն է ներկայացնում։

ՆԱՐԻՆՋ։ Քաղցրահամ պտուղ։

ՆԱՇԻՀԻ ԲՄԲՈՒՇ։ Նաշիհը հայկական ընտիր, շարմաղ ալյուրն է, որ ստանում են երկու անգամ մաղելով։ Այդ ալյուրից Նոր տարվա տոնական սեղանի համար թխված հացը կոչվում է Նաշիհի բմբուշ։

ՆԱԶՈՒԿ։ Այդպես է կոչվում ալյուրից ձվով, շաքարով, կարագով ու զանազան համեմունքներով պատրաստվող խմորեղենը։

ՆՈՒՇ։ Քաղցր պտուղ։

ՆՈՒՌ։ Կարմրահատիկ պտուղ։

Սրանցից բացի ուխտագնացները հայկական խոհանոցի մասին պիտի իմանան նաև մի քանի անհրաժեշտ բաներ.

Հայերի հիմնական սննդամթերքներից մեկը լավաշն է, որը թխում են թոնրում և որը ամենաերկարադիմացկուն հացն է աշխարհում։

Հայերը ցորենից ստանում են ալյուրի ամենաբարձրորակ տեսակները` նաշիհը, խորակը, գերմակը։

Հնագույն ժամանակներից հայկական խոհանոցի հարգի համեմունքներից է սխտորը։ Գիտության նորագույն հայտնագործությունների համաձայն, սխտորի օգտագործումով կանխվում են ինֆարկտը, ստենոկարդիան, սկլերոզը, զանազան ուռուցքների առաջացումը, չքանում է աղմուկը գլխում, վերականգնվում է տեսողությունը։ Հրաչյա Աճառյանը գրում է, որ սխտորը բնիկ հայերեն բառ է, որը հնչյունափոխվել է ու դարձել սխտոր։

   

Անդրկովկասի ազգերից հայերը բուսեղենի գործածության մեջ առաջին տեղն են զգաղեցնում, մանավանդ շոգ տեղերում բնակվող հայերը, որոնց կերակրի մեծ մասը բուսեղեն է։ Այս հանգամանքն այնքան նկատելի է, որ հիշվում է պարսկերեն մի առածի մեջ. «Ոսկու արժեքը ոսկերիչն է իմանում, գոհարի արժեքը` ակնավաճառը, վարդի արժեքը սոխակն է իմանում, կանաչեղենի արժեքը` հայը» (Ստեփան Զելինսկի, Բույսերի գործածությունը Երևանի նահանգում, Ազգագրական հանդես, Թիֆլիս, 1898, գիրք Դ, էջ 178)։

Եթե հնարավոր լիներ Հայկական լեռնաշխարհի բոլոր գավառների համեմունքները մեկտեղել, ապա դրանց թիվը կանցնի հազարից։

Հայաստանում համեմունքային առավել տարածված բույսերից են թարխունը, կորթինը (ծիթրոն), ռեհանը, նեխուրը, համեմը, քեմոնը, քրքումը, սամիթը, անանուխը, սոխը, սխտորը, ուրցը, թարմ ու չորացրած մաղադանոսը և այլն։ Չափորոշված օգտագործման դեպքում հայկական բուրավետ ու անուշաբույր համեմունքները մարսողության անփոխարինելի խթանիչներ են։

   

Հաստատված է, որ վերջին 2600 տարվա ընթացքում հայերի սնունդը կազմված է միևնույն մթերքներից։ Թոնիրները բացառապես հայկական ծագում ունեն, ստեղծվել են մեզնից 6 հազար տարի առաջ և օգտագործվում են մինչև հիմա։

Մածունը ստեղծել են հայերը մեզնից 2.5 հազար տարի առաջ։ Խորոված միսը ավելի սննդարար ու ախորժահամ է։ Եզան ու ոչխարի մսից հասարակ խորովածը` հիվանդ, հոգնաց ու անոթի մարդկանց խիստ օգտակար է։ Նույնիսկ աղեկ է նոր հիվանդութենեն ելած մարդկանց խորոված տալ։ («Բազմավեպ», 1846, էջ 169)։

Իհարկե, պիտի ի միտ առնել, որ Խոսրովիդուխտի ժամանակներից մինչև հիմա հայկական խոհանոցը շատ փոփոխությունների է ենթարկվել, բայց հիմնականում չի կորցրել իր ազգային դիմագիծը։ Ժամանակին Գառնիի տաճարի բակում խոհարարների մրցություն է եղել։

Ուխտագնացները Գառնիից ետ են դառնում, հասնում Փոքր Վեդի, ապա մտնում մայրուղի և շարժվում դեպի Վաղարշապատ։ Փոքր Վեդուն հաջորդում է Շահումյան գյուղը, որից սկսվում է գյուղերի մի շարան։ Դա մի մայրուղու, մի գծի վրա գտնվող հայկական գյուղերի ամենախիտ շարանն է. Ոստան, Մրգավան, Դալար, Ազատավան, Մասիս, Բուրաստան, Մխչյան, Մրգավետ, Մարմաշեն։ Այս բնակավայրերն ունեն գյուղատնտեսական, հատկապես խաղողագործական, պտղաբուծական, բանջարաբոստանային և այգեգործական զարգացած տնտեսություններ։ Այս գյուղախումբը բնակավայրերի եզակի մանյակաշար է։ Մայրուղին Մարմարաշենից ուխտագնացներին հասցնում է Մասիս քաղաքը։ Այս բնակավայրը 1953-69-ին կոչվել է Հրազդան, որովհետև տարածվում էր այդ գետի ձախ ափին։ Գողտրիկ քաղաք է` գյուղատնտեսական ու արդյունաբերական մի քանի ձեռնարկություններով։ Սա Արարատյան դաշտավայրի կենտրոնական մասն է։ Հողն այստեղ արտասովոր բերրի է։

   

Մասիսից ուխտագնացները շարունակում են ճանապարհը և հասնում Վաղարշապատ։



Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000