www.christianity.am

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

Որպես վարչատարածքային միավոր ՀՀ Վայոց ձոր մարզը կազմվել 1995-ի դեկտեմբերի 4-ին և ներառում է իր մեջ Եղեգնաձորի և Վայքի նախկին վարչական շրջանների տարածքները։ Տարածությունը՝ 2308 կմ/քառ., բնակչությունը՝ 68, 3 հազար, ունի 44 համայք, 52 գյուղական բնակավայր (1997-ի հունվար)։ Մարզի մեջ են մտնում Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք քաղաքները։ Մարզկենտրոնն է Եղեգնաձորը։ Մարզի տարածքը զբաղեցնում է Վայք բնաշխարհը, ընդգրկում է Արփա գետի վերին ու միջին հոսանքների և նրա վտակ Եղեգիսի ավազանները։ Վայոց ձորին բնորոշ են անդնդախոր կիրճերը, հեղեղատներն ու ձորերը, այստեղ են Արփայի ու Եղեգիսի ջրբաժան Թեքսար լեռնաշղթան, Ամուլսար (2987 մ), Գնդասար (2946 մ), մոտ 125 մ խորությամբ ձագարաձև խառնարանով Վայոց ձոր (2586 մ) հրաբխային կոները։ Մարզի բնական հրաշալիքներից է մոտ 70 մ բարձրությունից գահավիժող Ջերմուկի ջրվեժը և քարանձավային համալիրը։ Մարզն ունի շինանյութերի, ծարիրի, մանգանի բազմամետաղային հանքավայրեր ու երևակումներ, սառնորակ ու հանքային ջրերի մեծ պաշարներ։

Գյուղատնտեսական-արդյունաբերական մարզ է։ 1996-ից հրատարակվում է «Վայոց ձոր» մարզային թերթը։

Մարզի տարածքում է «Ջերմուկ» առողջարանային համալիրը։ Հնում մարզի տարածքը մտել է Մեծ Հայքի Սյունյաց նահանգի Վայոց ձոր գավառի մեջ։

Վայոց ձորի մարզը մտնում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի (կազմավորվել է 5-րդ դարում) մեջ։ Առաջնորդարանը գտնվում է Գորիսում։

Գլաձորը միջնադարյան Հայաստանի նշանավոր բնակավայրերից է։ Այստեղ էր գտնվում կրթամշակութային խոշոր կենտրոն Գլաձորի վանքը։ Ուսումնասիրողները ենթադրում են, որ Գլաձորի վանքը նույն Թանադե վանքն է, որը գտնվելիս է եղել Վայոց ձոր մարզի այժմյան Վերնաշեն գյուղի մոտ։ Համալսարանը Վայոց ձոր է տեղափոխվել Տարոնի Առաքելոց վանքից, 1282 թ.։ Կրթարանը ղեկավարում էր Ներսես Մշեցին։ Նրա մահից հետո, 1284 թ. րաբունապետ է դարձել Եսայի Նչեցին, որն իր գործնեության տարիներին վարդապետական գավազան է տվել 360 շրջանավարտի։

Գլաձորի համալսարանը հովանավորել են Պռոշյան և Օրբելյան իշխանական տները։

1984-ին տոնվել է Գլաձորի համալսարանի 700-ամյա հոբելյանը, որի ժամանակ Վերնաշեն գյուղի եկեղեցում բացվել է Գլաձոր համալսարանին նվիրված թանգարան։ Նույն Գլաձորի վանքում 13-14 դարերում գործել է մանրանկարչական դպրոց։ Այն իր գոյության տարիներին տվել է մի քանի նշանավոր մանրանկարիչներ, որոնց թվում էին Մոմիկը, Մաթեոսը, Թորոս Տարոնացին։ Գլաձոր գյուղից ուխտագնացության երթուղին կարելի է թեքել դեպի Վերնաշեն գյուղ, որը Եղեգնաձորից հեռու է 4 կմ և որտեղ ճանաչել են հայոց միջնադարյան ուսումնագիտական համալսարանն ու մանրանկարչական դպրոցը։ Վերնաշենը պատմական Սրկողովք գյուղն է։ Բնակիչների նախնիները եկել են Սալմաստ գավառից, 1829-ին։ Այս գյուղի շրջակայքում են գտնվում Սպիտակավոր վանքը, Բոլորաբերդ ամրոցը, մոտ 7 կմ դեպի արևելք Արկազի Սուրբ խաչ վանքը, որը Վայոց ձորի նշանավոր ուխտատեղին է եղել և հիշատակվում է 8-րդ դարից։ Ավանդությունն ասում է, որ Սյունյաց Բյուրեղ տիկնոջ Հերակլ կայսրից ստացած խաչափայտի մասունքները թաղվել են այս վանքի պատերի որմերի տակ։ Վանքի այժմյան եկեղեցին վերաշինվել է 1870-71-ին։ Գյուղամիջի Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում։

«Արարատ» հանդեսի 1889 թվականի համարներում (էջ 180-183, 227-233) Քաջբերունին հանգամանորեն ներկայացնում է հայ ուխտագնացության սկզբունքները, ապա պատմում, թե ինչպես են ուխտ գնում Վայոց ձորի Արկազի Սուրբ խաչ վանքը։ Քաջբերունին նախ խոսում է այն մասին, որ հայկական բոլոր ուխտագնացությունները կազմակերպված բնույթ չունեն, պետական ու հոգևոր իշխանությունները չեն հետաքրքրվում դրանով։

Մեզ հայտնի չե, թե որտեղ, որ վանքում, երբ, որտեղից և որքան ուխտավորներ են լինում, ինչպիսի հանդեսներ են կատարվում, ինչպիսի զվարճություններ են լինում, ինչ ձևով են կատարվում ուխտագնացների զոհաբերությունը, աղոթքը, նվիրատվությունը, ինչ ճանապարհներով, ճանապարհորդական ինչ միջոցներով, ինչպիսի դժվարություններով են կատարվում ուխտագնացություններն այս ու այն տեղ։ Քաջբերունու այս հարցադրումները իրենց հրատապությունը պահպանել են նաև մեր ժամանակներում։ Պետք է ասել, որ Արկազ, Արկեազ կամ Արգեազ գյուղը նշանավոր է ոչ միայն Սուրբ խաչ վանքով։ Երվանդ Լալայանը Մալիշկայի հովտի մասին այսպես է գրել. Այս գինեվետ հովիտը ձգվում է դարձյալ հյուսիսից հարավ գրեթե ուղղաձիգ, Հերհերի ձորահովտից 8-10 վերստ դեպի արևմուտք։ Հովտի միջով հոսում է Մալիշկա գետակը, որ բաղկացած է երկու վտակներից` Արգեազի գետ և Ղարավանքի գետ, որոնք միանում են Մալիշկա գյուղից բարձր` Կարմիր սար լեռան ստորոտում։ Այստեղ է Արգեազը, որը մի փոքրիկ աննշան գյուղ է` զետեղված մի չափազանց քարքարոտ սարի լանջին։ Սա հին Արկազ կամ Արկազն գյուղն է, որի մասին Ստեփանոս Օրբելյանը պատմում է, թե 735-ին սրա բնակիչներն իրենց տանուտերի առաջնորդությամբ դուրս եկան Մոզում նահատակված Ստեփանոս եպիսկոպոսի մարմինը դեպի Թանահատի վանքը տանողների առաջ և խնդրեցին «հանգուցանել» մարմինը ի սենյակն, որ հանուն սրբոյ Քրիստոսի անհաղթ զորավարի շինեալ էր։ Նրանք էլ հարգեցին սրանց խնդրելը, և ապա, Վայոց ձորի 40-օրյա պատուհասից հետո ողջ մնացած բնակիչները հրավիրեցին կաթողիկոսին ու բազմաթիվ հոգևորականներ տեղափոխեցին սրբի նշխարները Թանահատի վանքում։ (Ազգագրական հանդես, 9-րդ դարի, 12-րդ գիրք, Թիֆլիս, 1905, էջ 266-267)

Երվանդ Լալայանը վերապատմում է այն զրույցը, որ նա լսել է Վայոց ձորում Ստեփանոս եպիսկոպոսի նահատակության մասին։

Վայոց ձորի բնիկ հայերի մեջ մնացել է հետևյալ ավանդությունը, որը գրի է առնում Ստեփանոս Օրբելյանը։ Ուշագրավ է մանավանդ նրա վերջին մասը, ուր նկարագրում է իբր այդ սպանության պատճառով առաջացած երկրաշարժը։

Երանելի Ստեփանոսը եպիսկոպոսության պաշտոնում մնաց մեկ տարի, ոմանք 8 տարի են ասում։ Նա ամառը շրջում էր իր իշխանության վիճակի 12 գավառներում և քարոզում ճշմարիտ գաղափարները։ Հոգևոր ծառայության անհարաժեշտությամբ եղավ նաև Եղեգյաց ձորի բարեբեր գավառում, Մոզավանում, որտեղ բնակվում էր մի անբարոյական կին` համակված հիմար ախտով։ Եպիսկոպոսը նրան մինչ այդ երեք անգամ զգուշացրել էր ըստ տիրոջ հրամանի, բայց նա չէր զղջացել։ Այդ պատճառով այս անգամ սուրբը սաստիկ զայրանում է և մեծ պատժի վճիռ կայացնում։ Սաստիկ շոգի պատճառով ինքը դուրս է գալիս գյուղից ու գնում Ավագ ակն կոչված քաղցրահամ աղբյուրի ակունքում զովանալու։ Կարգադրում է իր վրանը խփել, ինքն էլ հանգստանալու մահիճը դնում է մի ուռենու վրա։ Եվ առանձին ելնելով ու երկար ժամանակ աղոթելով` ննջում է այնտեղ։

Իսկ անպատկառ կինը, ցանկության կատաղի բոցից դրդված, հետը վերցնում է իր սիրեկանին, գալիս է սպանելու սրբին, որ իրենք համարձակ գործեն։ Մոտենալով ծառին` սիրեկանին բարձրացնում է վեր, սուրը տալիս ձեռքը, որ սրբին սպանի։ Մարդը բարձրանալով տեսնում է, որ սուրբը քնած է, և շունչը բոցի նման վեր է ցոլանում ու ճախր առնելով կրկին իջնում է. մի հրեշտակ էլ, կանգնած նրա գլխավերևում, թևերով հով էր անում ։

Այդ տեսնելով մարդը կարկանում է, թուլանում. նրա մարմնի ամբողջ կազմվածքը ցնցվում է. նա մեծ սոսկումով դողում է։ Եվ այնքան է ուշքի գալիս, որ մի կերպ իջնում է ծառից ու պատմում կնոջը։ Կինը նրան կրկին հորդորում է, պոռնկական քաղցր-մախցր խոսքերով դրդում և քաջալերում է ու նորից ուղարկում։ Եվ նա առաջինից ավելի հրաշափառ տեսարան է տեսնում ու դարձյալ սաստկապես թուլանում, անզգա մարմնով մեռելի նման ընկնում է ծառից։ Ապա կինը, մարդուն տեսնելով խիստ պատուհասի մեջ ընկած, զգալու փոխարեն առավել ևս չարանում է և, սրված սատանայից վերցնում մերկացած սուրը բարձրանում ծառը, սուրը խրելու սուրբի փորը` անբիծ արյունը թափում է փայտե մահճի վրա… Այնուհետև հանկարծակի վրա հասավ տիրոջ պատուհասը։

Թանձր խավարը 40 օր պատեց ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն եկավ։ Ահեղ տատանումներով ցնցվում էր գետինը` խորքերից մինչև մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փչում էր։ Լեռները տապալվում էին, քարաժայրերը` հիմքից խախտվում, տներն ու ապարանքները դառնում էին բնակիչների գերեզմանները։ Աղբյուրները խափանվում էին, գետերը` կորչում։ Բոլոր տաղերը սասանմամբ երևում էին։

Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային լեզվի ձայներ. «Վա՜յ ձոր, վա՜յ ձոր»։ Տասը հազար մարդ ողջ-ողջ թաղվեցին գետնի տակ։ Մարդիկ այդ թվի մեջ հաշվել էին` ում ճանաչում էին, իսկ անծանոթների հաշիվը ոչ ոք չգիտեր։ Կատարվածի պատճառով գավառն էլ կոչվեց Վայոց ձոր։

   

Իսկ պատուհասից 40 օրից հետո վերևից դադարեց Աստծու բարկությունը, և գավառի մնացած բնակիչները հավաքվելով` հրավիրեցին կաթողիկոսին ու վանականների ժողով գումարեցին. շատ օրեր եկեղեցական գիշերային արարողություն կատարեցին և սուրբ Ստեփանոսի աճյունը փոխադրեցին միաբանաբնակ Թանահատից վանքը, որի միաբաններն անդադար սպասավորություն էին կատարում` փափուկ կերակուրներից զերց. այդ պատճառով էլ կոչվեցին թանահատներ։ Գերեզմանի վրա մի փոքրիկ մատուռ շինեցին, որտեղ հետագայում 728 թվականին տեղի բնակիչները կառուցեցին գմբեթահարկ եկեղեցի` գեղեցիկ կառուցվածքով, և սրբի տապանը դրեցին նրա հիմքի մեջ» (Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986, էջ 153155)։

Հերհերի մոտ թափված լավայի շեղջակույտերը վկայում են որ Վայոց ձորում տեղի է ունեցել հրաբխային ժայթքում և թեպետ ժողովրդի երևակայությունն այս բոլորը շատ գեղեցիկ կերպով կապել է Ստեփանոս եպիսկոպոսի սպանության և Վայոց ձորի անվան հետ, բայց և այնպես Վայոց ձոր անունը շատ ավելի հին է, քան Ստեփանոս եպիսկոպոսը (նահատակվել է 735 թվականին), թե Եղիշեն և թե Ղազար Փարպեցին այդ դեպքից մոտ 3 դար առաջ գործ են ածել այդ անունը (Երվանդ Լալայան, ազգագրական հանդես, 9-րդ տարի, 12-րդ գիրք, Թիֆլիս, 1905, էջ 250)։

Ուխտագնացները Վայոց ձորի այս հատվածում պահպանված հուշարձանները դիտելուց հետո կարող են ետ դառնալ Գլաձոր գյուղը, այստեղից էլ սկսել երթուղին և մուտք գործել Եղեգնաձոր քաղաքը, որը գտնվում է Երևան-Գորիս խճուղու վրա։

Եղեգնաձորը Երևանից հեռու է 122 կ։ Հնում այս բնակավայրը եղել է Օրբելյան իշխանների աթոռանիստը։

Վաղ միջնադարում Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի կենտրոնն էր, որի անունով գավառը կոչվել է նաև Եղեգիք, 19-րդ դարի սկզբից մինչև 1935` Քեշիշքենդ, 1935-1957-ին` Միկոյան, 1957-ից կրկին Եղեգնաձոր։

Եղեգնաձորը սննդի և թեթև արդյունաբերության կենտրոն է։ Քաղաքի շրջագծի մեջ են մտնում Գլաձոր և Վերնաշեն գյուղերը։

Ուխտագնացների խումբը, նախքան կմտնի Խոր վիրապ տանող մայրուղին, Եղեգնաձորից կարող է թեքվել դեպի ձախ և մտնել հնամենի Մալիշկա գյուղը, որը գտնվում է Արփա գետի աջ ափին, մարզկենտրոնից 4.5 կմ հարավ-արևելք։ Մալիշկայով է անցնում Եղեգնաձոր-Ջերմուկ ավտոխճուղին։ Այս գյուղի տարածքում ուխտագնացները կարող են տեսնել Մոզ քաղաքատեղին (7-15 դարեր)։



Սիսիան - Գորիս ճանապարհին

Մալիշկայից ետ ենք դառնում Եղեգնաձոր, մտնում մայրուղի, Եղեգիս գետի ափով առաջ շարժվում 3 կմ և հասնում Գետափ գյուղը։ Այստեղ դուրս ենք գալիս Խոր վիրապ տանող մայրուղուց, թեքվում աջ և Եղեգիսի ափով վեր բարձրանալով հասնում ենք Շատին գյուղը, որը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի ստորոտում, Եղեգիս և Սելիմ գետերի միախառնման տեղում, որը մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 7 կմ։ Այս գյուղի բնակիչների նախնիները եկել են Սալմաստ գավառից, 1829 թ-ին։ Շատինից մոտ 4 կմ դեպի արևելք Եղեգիս գետի ձախափնյա լեռան լանջին Շատին վանքն է, որը, ըստ Ստեփանոս Օրբելյանի հիմնադրվել է 929-ին և որից միայն բեկորներ են մնացել։ Այժմյան եկեղեցին Սուրբ Սիոն եռանավ բազիլիկը կառուցվել է 1655-ին, ջուղայեցի Մահտեսի Հակոբի ծախսերով։ Շատինը եղել է միջդարյան Սյունիքի մշակութային նշանավոր կենտրոններից մեկը, որտեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ Վանքն ունեցել է ջրաղաց, ջրանցք, կամուրջ։ Վերջինս, որ հայտնի է եղել Ծատուրի կամուրջ անունով, կառուցվել է 1666-ին Եղեգիս գետի վրա։

Շատինից ճանապարհը կարելի է շարունակել վեր և Քարագլուխ գյուղի կողքով հասնել Աղնջաձոր գյուղը, որը գտնվում է Եղեգնաձորից 20 կմ հյուսիս-արևմուտք։

Աղնջաձորի տարածքում, Սելիմի լեռնանցքի (2410 մ) հարավահայաց լանջին է գտնվում Վայոց ձորը Գեղարքունիքի գավառին կապող Սելիմի քարավանատունը, որը կառուցել է տվել Չեսար Օրբելյան իշխանը 1332 թ. (պահպանվել է կիսաքանդ վիճակում)։

Սելիմի կարավանատունը հիմնականում փլվել է 1840 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այս կառույցի մասին բավական հետաքրքրական տվյալներ է հաղորդում Քաջբերունին։

   

Արդյոք ինչ պայմաններով էին շինվում քարվանսարաները, ինչ կանոնների էին ենթարկվում։ Ինչպիսի կառավարում ունեին և ով էր նրանց կառավարիչը։ Սելիմի քարվանսարայի արձանագրությունից հայտնագործվում է, որ այն կառուցել է մասնավոր մի մարդ մարդասիրական և կրոնական զգացմունքների դրդմամբ։ Այդ պատճառով նա արձանագրության մեջ կոչվում է հոգետում, որ նշանակված է շինողների և նրանց արենակիցների հոգվո փրկության համար։

Հյուրերի մասին հոգացողության սովորությունը դեռ կռապաշտության ժամանակ կար Հայաստանի մեջ։ Տիգրան Գ. Արշակունի թագավորը Յ. Ք. երկրորդ դարու վերջերը մի կարգադրություն արեց, որ Բագավանի մեջ յուր եղբոր ՄԱԺԱՆ ՔՐՄԱՊԵՏԻ գերեզմանի վրա բագին շինեն, որպեսզի անցավորները և օտարականները այնտեղ եղած զոհերից կարողանան կերակրվել և բագինի մոտերքումը բնակվել։ Քրիստոնեության ժամանակ, այն էլ 4-րդ դարի վերջին կեսում, Մեծն Ներսեսը, բացի հիվանդանոցներ և աղքատանոցներ յուրաքանչյուր գավառում շինել տալը, կարգադրություն արեց գյուղերի մեջ օտարանոցներ հաստատելու ճանապարհորդ և պանդուխտ մարդկանց իջևանելու համար։

Սելիմի քարավանատունը դիտելուց հետո ուխտագնացների խումբը Աղնջաձորից ետ է դառնում դեպի Շատին, այստեղից` Գետափ, ապա մտնելով մայրուղի, շարժվում է դեպի Խոր վիրապ։ Գետափ գյուղից հասնում ենք Արփա գետի ափին գտնվող Արփի գյուղը , որը մարզկենտրոնից հեռու է 5 կմ։ Այս բնակավայրը հիմնադրվել է 1965ին, 1975-ին այստեղ են տեղափոխվել Գնիշիկ գյուղի բնակիչները։

Արփիից ճանապարհը տանում է Արենի գյուղը, որը գտնվում է Արփա գետի ափին։ Այս գյուղի արևելյան եզրին է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է միջնադարի հայ հռչակավոր մանրանկարիչ, ճարտարապետ-քանդակագործ Մոմիկը 1321 թ.։ Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի կենտրոնում քանդակված է Տիրամայրը մանուկ Հիսուսը գրկին։ Եկեղեցու մոտ պահպանվել են Տարսայիճ Օրբելյան իշխանի ապարանքի ավերակները։

Արենիից մայրուղին տանում է դեպի Չիվա։ Բայց ուխտագնացները շատ բան կշահեին, եթե Արենիից ճանապարհը թեքեին դեպի ձախ և հասնեին Ամաղու գյուղը, որի տարածքում է գտնվում նշանավոր Նորավանքը` Սյունիքի հոգևոր կենտրոնը` Օրբելյանների օրոք։ Նորավանքը հայ ճարտարապետության մարգարիտներից է։ Այս վանքը հիմնադրել է Վահանավաքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը, որն այստեղ է փոխադրվել 1207 թ։ 13-14-րդ դարերում այս վանքը հաջորդաբար կառուցապատվել և փառահեղ կերպարանք է ստացել Օրբելյան իշխանական տոհմի երևելի այրերի ջանքերով։ Նորավանքը Օրբելյանների տոհմական դամբանատունն է։ Այստեղ են գործել Սիրանես ու Մոմիկ ճարտարապետները։ Վանքի համալիրի Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցել է Լիպարիտ Օրբելյանը 1215-1223-ին։ Այն կործանվել է 1840-ի երկրաշարժի ժամանակ։ «Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով ձգվում է Սմբատ իշխանի թաղածածք դամբարանը` Ս.Գրիգոր (կառուցել է ճարտարապետ Սիրանեսը 1275-ին)։ Համալիրի տարածական դոմինանտն է Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին` Ս. Աստվածածինը։ Կառույցի ուղղանկյուն հատակագծով կիսագետնափոր առաջին հարկի դամբարանի վրա բարձրանում է երկրորդ հարկի խաչաձև աղոթարանը, դեպի ուր տանում են հիանալի մշակված, պատի մեջ ագուցված պահունակային աստիճանները։

   

Նորավանք, Իշխանական տապանաքար

Չորս անկյուններում ավանդատներ ունեցող այս հորինվածքը պսակված է եղել սյունազարդ ռոտոնդայով (այժմ վերանաորոգվում է)։ Հատկապես ուշագրավ են հուշարձանի պատկերաքանդակները, որոնք տեղադրված են դամբարանային հարկի (Աստվածամայր, հրեշտակապետներ), երկրորդ հարկի մուտքի ճակատակալ քարի (Քրիստոս, Պողոս և Պետրոս առաքյալներ) և ռոտոնդայի սյուների բեկորների (Կտիտորական կոմպոզիցիա ) վրա։ Եկեղեցու ռատանդայի սյուների քանդակները (կենտրոնական սյան վրա պատկերված են Աստվածամայրը գահին նստած, ձախ կողմի սյան վրա` Բուրթել իշխանը` կառույցի մանրակերտը ձեռքին …)» (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, էջ 378)։

Նորավանքի Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին` Սուրբ Ասրվածածինը, համարում են հայ ճարտարապետության մի հրաշալիքը։ Նորավանքի խաչքարերից մեկի վրայի արձանագրությունը հաստատում է, որ այստեղ 13-րդ դարի վերջին քառորդին կառուցվել է մի հյուրատուն, որից հավանաբար, օգտվել են բոլոր ուխտավորները։ Նորավանքում է գտնվում Մոմիկի հիշատակը հավերժացնող խաչքարը։ Ամաղու-Նորավանքից ուխտագնացները ետ են դառնում Արենի և, մտնելով մայրուղի, շարունակում են իրենց ճանապարհը ու հասնում Չիվա, այստեղից` Ելփին։ Ելփինը Վայոց ձորի մարզի վերջին գյուղն է, որից հետո մայրուղին մտնում է ՀՀ Արարատի մարզ։

   

Նորավանք, Դավիթի պատուհանի բարավորը



Ամաղուի Նորավանքը, XIII - XIV դդ.



Բուրթել Իշխանի դամբարանի բարավորը


Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000