www.christianity.am

Խաչակնքել
Արարողութիւնների ընթացքին, եկեղեցի և սրբատեղի մտնելիս, խնկարկութեան և պատարագչի խաչանիշ օրհնութեան միջոցին, կրօնական սովորութիւն է խաչակնքել երեսը։ Մանաւանդ, եկեղեցի մտնելիս, անհրաժեշտ է, որ իւրաքանչիւր հաւատացեալ խաչակնքի երեսը և առանց որիշին խանգարելու` լուռ, երկիւղածութեամբ հետևի արարողութեան։ Խաչակնքելու սովորութիւնը ե՞րբ է սկիզբ առել, չգիտենք. բայց հնուց մնացած օրէնք է բոլոր քրիստոնեաների համար երեսը խաչակնքելը։ Հայերս, խաչակնքումը կատարում ենք աջ ձեռքի երեք մատները (բթամատ, ցուցամատ և միջամատ) միացրած, որպէս երրորդութեան և միաստուածութեան նշան, խաչակնքելով ճակատից դէպի ցած և ձախ ուսից դէպի աջ` այս կերպով խաչի ձևը տալով։ Խաչակնքելով յիշում ենք մեր Փրկչի խաչի վրայ մահանալը, խնդրում ենք Աստծու օգնութիւնը մեզ համար, և պաշտպանում ենք մեր անձը չարի դէմ։

Երկրպագութիւն
Արարարողութեան ընթացքին և մանաւանդ պատարագի ժամանակ, սովորութիւն է Աստծունց երկրպագութիւն կատարել։ Երկրպագութիւնը կատարւում է մասնաւորաբար պատարագչի և ջերմեռանդ հաւատացեալների կողմից, երբ պատարագի ընթացքին ասւում է «Աստուծոյ երկրպագեսցուք»։ Երկրպագութիւնը, իր խորքի մեջ, բարեպաշտական սովորութիւնը է, ինչպես նաև Աստծու նկատմամբ մեր ունեցած յարգանքի արտայայտութիւնը։

Խնկարկութիին
Եկեղեցական արարողութեան ընթացքին յաճախ կատարւում է խնկարկութիւնը։ Ծիսակատարութեան ընթացքին գործածուող խունկը իր անուշահոտութիւնից բացի, նշանն է նաև մեր ջերմեռանդ աղօթքին և օրհնութեան ինչպես ասում է սաղմոսերգուն. «Ուղիղ եղեցին աղոթք իմ, որպես խունկն առաջի քո Տեր»։ Խունկի նման մեր աղոթքներն ու աղաչանքները վեր բարձրանան, անկեղծ և հաւատաւոր սրտով։

Տնորհնէք
Ս.Ծնունդին և Ս.Զատկին սովորութիւն է, որ քահանան այցելի իր ծուխի տները, աւետելու համար Փրկչի Ծնունդը կամ Յարութիւնը. այս այցելութիւնը, կամ աւելի ճիշտը աւետումը, կոչւում է Տնօրհնէք։ Տնօրհնէքը սկսւել է առաքելական շրջանից։ Առաքեալները շրջում էին տները, աւետելով Քրիստոսի Ծընունդը կամ Յարութիւնը. հաւատացեալներն ևս փոխադարձ այցելութիւն էին տալիս իրար, ուրախ լուրը աւետելու համար։ Այժմ տնօրհնէքը կատարում են միայն քահանաները, աւուր պատշաճի շարականով և աւետարանի ընթերցանութեամբ։ Տնօրհնէքի ժամանակ Քրիստոսի Ծնունդն ու Յարութիւնն աւետելով հանդերձ, քահանան օրհնում է տունը և տան բնակիչներին, որպեսզի Աստուած հովանի և պահապան լինի տան բնակիչներին։

Աղօրհնէք եւ մատաղ
Մատաղօրհնութիւնը բոլոր կրօնների համար յատուկ սովորութիւն է։ Ս.Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեական մատաղի համար հաստատեց նաև աղօրհնէքը։ Այս հիմունքով է, որ նախքան մատաղ անելը, աղը օրհնւում է հոգևոր պաշտօնեայի կողմից և տրւում է մատաղացուհին, ապա և զենւում է մատաղը։ Մատաղի նպատակն է, տօնական օրերի առթիւ, ինչպես նաև ուխտի ժամանակ, յիշել աղքատներին և նրանց ևս ողորմութիւն տալ ու կերակրել։ Մատաղի համար կատարւում է նաև յատուկ աղօթք` ըստ Մաշտոցի։ Այժմ սովորութիւն է նաև մատաղի փոխարէն նուիրատւութիւններ անել, ինչ որ կրօնական տեսակէտից երբեք չի հակասում ողորմութիւն անելու բարեպաշտական սովորութեան։ Կարևորը աղքատներին, չքաւորներին օգնելու և օժանդակելու բարի նպատակն է։

Նշխար եւ մաս
Նշխարն ու մասը պատրաստում են եկեղեցում, հաւատացեալներին բաժանելու համար։ Նշխարը գործածւում է Ս.Պատարագի սրբագործութեան համար և որպէս հաղորդութիւն տրւում է հաւատացեալներին։ Անհըրաժեշտ է, որ հաղորդւողները նոյն առաւօտը ծոմ պահեն, խոստովանուեն և յետոյ երկիւղածութեամբ մօտենան հաղորդուելու համար։ Սովորութիւն է նաև չսրբագործուած նշխարից տալ հաւատացեալներին ևս։ Հաւատացեալների համար պատրաստւում է նաև մաս, անխմոր, բաղարջ, սպիտակ բարակ հացը, և մաս-մաս պատարագից յետոյ տրւում է ցանկացողներին։

Մոմավառութիին
Եկեղեցում սովորութիւն է մոմ վառել որպէս բարեպաշտական սովորութիւն և հոգևոր ապրումի տեսանելի արտայայտութիւն։ Մոմավառութիւնը գոյութիւնը ունէր առաքելական շրջանին իսկ։ Քրիստոնէութեան սկզբնական շրջանում պաշտամունքը կատարւում էր երեկոյեան. այդ առթիւ վառում էին մոմեր և կանթեղներ, որպէսզի աղօթավայրը լուսաւորուի։ Յետագային այս սովորութիւնը մաս կազմեց եկեղեցում մնայուն գործածութեան, ինչպէս նաև բարեպաշտական հոգևոր զգացումի։

Ուխտագնացութիւն
Բարեպաշտական սովորութիւն է ուխտի գնալ կրօնական սրբավայրերը, պատմական վանքերը և երբեմն էլ եկեղեցիները, սրանց անուանակոչութեան առթիւ։ Ուխտագնացութիւնը հնուց մնացած սովորութիւն է։ Առաջին դարերի քրիստոնեաները սովորութիւն ունէին այցելել կրօնական սրբավայրերը` իրենց աչքով տեսնելու համար Քրիստոսի կեանքի հետ կապ ունեցող վայրերը և այնտեղ կատարել իրենց ուխտը։ Ուխտագնացութիւնները յետագային տեղի ունեցան աւելի կազմակերպուած ձևով։ Հնում, այլ երկրներում, առաջին քրիստոնեաները սովորութիւն ունէին մատուռներ կառուցել մարտիրոսների գերեզմանների վրայ, և նրանց նահատակութեան օրը, ամէն տարի, այցելել և աղօթել։ Երբ քրիստոնէութիւնն ազատ կրօն հռչակուեց, սրբոց մասունքները զետեղուեցին եկեղեցիներում և իրենց ուխտի յատուկ օրն ունեցան։ Ուխտագնացութիւնը հոգևոր, բարեպաշտական սովորութիւն է, ուր նախ և առաջ պէտք է պահպանուի կրօնական երկիւղածութիւնն ու ջերմեռանդութիւնը։

Գանձանակ
Եկեղեցում սովորութիւն է գանձանակ պտտեցնել յօգուտ որոշ նպատակների` դրամ հաւաքելու համար։ Գանձանակի սովորութիւնն առաքեալները հաստատեցին, հաւաքուած գումարներով աղքատներին օգնելու համար։ Այնուհետև այս սովորութիւնը մնաց եկեղեցում, պատարագչի, բարեսիրական նպատակների, ինչպես նաև եկեղեցու պայծառութեան նպատակով նուէր հաւաքելու համար։

Գերեզմանօրհնէք
Եկեղեցական հայրերի տնօրինութեան համաձայն` իւրաքանչիւր տաղաւարի` Ծնունդ, Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Ս.Աստուածածնի և Խաչի յաջորդ օրը մեռելոց օր և այդ առթիւ գերեզմանատան մատուռում մատուցւում է Ս.Պատարագ, տեղի է ունենում հոգեհանգիստ և այնուհետև կատարւում է գերեզմանօրհնէք։ Գերեզմանօրհնէքի նպատակն է յիշել մեռելներին և աւետել մեռելների յարութեան յոյսը։ Գերեզմանօրհնէքը, Մաշտոցի համաձայն, կատարւում է հանգստեան շարականի երգեցողութեամբ, Աւետարանի ընթերցանութեամբ, խունկ ծխելով, մոմ վառելով և հանգստեան աղօթքով։

Հոգեհանգիստ
Եկեղեցական օրէնք և սովորութիւն է, ննջեցեալի թաղումից յետոյ, յաւարտ Ս.Պատարագի, հոգեհանգըստեան արարողութիւն կատարել։ Նախապէս սովորութիւն էր հոգեհանգիստ կատարել այգին (Այգուց=թաղումի յաջորդ օրը), եօթնօրեակին, քառասունքին և տարելիցին։ Այժմ ընդհանրացած սովորութիւն է քառասունքին և տարելիցին հոգեհանգիստ կատարել. Իրանահայերի մէջ սովորութիւն է նաև եօթնօրեակին հոգեհանգիստ կատարել։ Հոգեհանգիստը երախտագիտական մէկ արտայայտութիւն է, ինչպէս նաև աղօթք` ննջեցեալների համար, որպէսզի վերջին դատաստանի օրը Աստուած արդարութեամբ վարուի ննջեցեալների հետ։ Գութ և ողորմութիւն ենք հայցում Աստծուց ննջեցեալների համար։ Հոգեհանգստեան արարողութեան ընթացքին երգւում են հանգստեան շարականներ, կարդացւում է հանգըստեան աւետարան և վերջում «Քրիստոս որդի Աստուծոյ» աղօթքի ընթացքում յիշատակւում են ննջեցեալների անունները, որպէսզի Աստուած յիշէ նրանց և արդարութեամբ ու գթութեամբ դատաստան անի։



Այս համակարգչային հանգրվանը ստեղծվել է Հայկական Ազատ Ցանցի կողմից, որն իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման Ծրագրի Հայաստանյան գրասենյակի ARM/96/002 «Ինտերնեթ» ծրագրի շրջանակներում:

Երևան 2000