|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 8. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
| Հոդված 32. Ընտրական տեղամասերում
քվեարկության արդյունքների ամփոփման արձանագրությունները լրացնելու կարգը
Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման արձանագրություններում յուրաքանչյուր հաշվարկված թիվ գրանցվում եւ դրա դիմաց հաշվողների կողմից ստորագրվում է, ըստ քվեարկության արդյունքների ամփոփման կարգով սահմանված հերթականության: Համամասնական եւ մեծամասնական ընտրական համակարգերով ընտրությունների արձանագրությունները լրացվում են առանձին, ըստ հաշվարկներն իրականացնելու հերթականության: Արձանագրություններում արվում են համապատասխան նշումներ քվեատուփի եւ քվեարկության իրավունքի կտրոնների արկղի՝ մինչեւ քվեարկության ավարտը փակված եւ կնքված լինելու վերաբերյալ: Հաշվարկվող եւ արձանագրություններում գրանցվող թվերը հայատարարվում են բարձրաձայն: Ընտրությունների արդյունքների ամփոփման արձանագրությունը ստորագրում են քվեարկության օրը հանձնաժողովի աշխատանքներին մասնակցած տեղամասային ընտրական հանձանժողովի անդամները: Եթե հանձնաժողովի որեւէ անդամ ունի հատուկ կարծիք քվեարկության ընթացքի կամ արդյունքների վերաբերյալ, ապա նա իր ստորագրության կողքին կատարում է համապատասխան նշում գրավոր ներկայացնելով իր կարծիքը: Հանձնաժողովի անդամի հրաժարվելը արձանագրությունը ստորագրելուց, արձանագրվում է հանձնաժողովի կողմից եւ կցվում ընտրությունների արդյունքների ամփոփման արձանագրությանը: Հոդված 33. Անվավեր քվեաթերթիկները Անվավեր են ճանաչվում չսահմանված նմուշի, տվյալ ընտրական տեղամասի կնիքը եւ հանձնաժողովի կողմից որոշված հանձնաժողովի անդամների ստորագրությունները չունեցող, մեկից ավելի թեկնածուներին տրված ձայներով, մեկից ավելի հասարակական-քաղաքական կազմակերպություններին կամ նրանց միավորումներին տրված ձայներով, պատգամավորության մեկ թեկնածուի կամ մեկ հասարակական-քաղաքական կազմակերպության քվեարկվելու դեպքում «համաձայն եմ» եւ «համաձայն չեմ» բառերը միաժամանակ ջնջված կամ չջնջված, ինչպես նաեւ ավելորդ գրառումներով քվեաթերթիկները: Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը լուծվում է քվեարկությամբ՝ ընտրական հանձնաժողովի կողմից: Հոդված 34. Քվեարկության արդյունքների ամփոփման կարգը ընտրական տեղամասերում Ընտրությունների օրը ընտրական տեղամասը ժամը 20-ին փակելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը. 1) արձանագրություններում գրանցում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացած քվեաթերթիկների թիվը, 2) հաշվում է չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված եւ ետ վերադարձված քվեաթերթիկները եւ հետագա օգտագործումը բացառելու համար սահմանված կարգով մարում է, 3) հաշվում է. ա) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի բ) գրանցված ընտրողների թիվը՝ ստորագրությունների հիման վրա, գ) չօգտագործված քվեարկության իրավունքի վկայականների թիվը, 4) բացում է քվեատուփը, 5) հաշվում է մեծամասնական ընտրական համակարգով ընտրությունների քվեարկության. ա) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը, բ) անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը, գ) պատգամավորության յուրաքանչյուր թեկնածուին կողմ տրված ձայների թիվը, 6) հաշվում է համամասնական ընտրական համակարգով ընտրությունների քվեարկության. ա) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը, բ) անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը, գ) յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների թիվը: Հաշվված ու գրանցված քվեաթերթիկները փաթեթավորում են առանձին, իսկ փաթեթները կնքվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով: Կնքված արձանագրությունները, քվեարկության իրավունքի կտրոնների արկղը եւ ընտրական մյուս փաստաթղթերի փաթեթները ուղարկվում են վերադաս ընտրական հանձնաժողով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Հոդված 35. Քվեարկության արդյունքների ամփոփումը ընտրատարածքներում Ընտրական տեղամասերից ստացված ընտրական փաստաթղթերը ընտրատարածքում սահմանված անվտանգ տեղում փակելուց եւ գործավարության մատյանում համապատասխան գրանցումներ կատարելուց հետո, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձանժողովների արձանագրությունների հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրությունների մեջ համապատասխանաբար գրանցում է՝ - տեղամասային ընտրական հանձանժողովներին տրված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, - մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, - սխալ լրացված եւ ետ վերադարձված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, ընտրողների ընդհանուր թիվը, - գրանցված ընտրողների ընդհանուր թիվը, - չօգտագործված քվեարկության իրավունքի վկայականների թվերն՝ ըստ տեղամասերի, - քվեատուփերում եղած քվեաթերթիկների ընդհանուր թիվը, - անվավեր ճանաչված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, - պատգամավորության յուրաքանչյուր թեկնածուին կողմ տրված ձայների թիվը, - յուրաքանչյուր հասարակական-քաղաքական կազմակերպությանը կամ նրանց միավորմանը կողմ տրված ձայների թիվը, - ըստ տեղամասերի հաշվում եւ լրացնում է նաեւ քվեարկության իրավունքի վկայականների տուփերում առկա վկայականների թիվը: Հաշվելուց հետո վկայականները փաթեթավորվում եւ կնքվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքով: Արձանագրության մեջ նշված տվյալները քվեարկությամբ հաստատվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից, ստորագրվում են եւ կնքվում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրությունները տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների մեկական օրինակի հետ, սահմանված կարգով ուղարկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հոդված 36. Ընտրությունների արդյունքների պարզումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մանդատներն ըստ ցուցակների բաշխելու եւ համամասնական ընտրական համակարգով ընտրված պատգամավորներին որոշելու համար, ընտրական հանձնաժողովներից ստացված արձանագրությունների հիման վրա, պարզում է. - ընտրողների ընդհանուր թիվը, - գրանցված ընտրողների ընդհանուր թիվը, - քվեարկության իրավունքի վկայականների տուփում առկա վկայականների ընդհանուր թիվը, - քվեատուփում եղած քվեաթերթիկների ընդհանուր թիվը, - անվավեր ճանաչված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, - հասարակական-քաղաքական կազմակերպություններին կամ նրանց միավորումներին կողմ եւ դեմ քվեարկած ընտրողների (վավեր ձայների) ընդհանուր թիվը, - յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների թիվը, - բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններին կամ նրանց միավորումներին կողմ տրված ձայների ընդհանուր թիվը, - վավեր ձայների առնվազն 5 տոկոս ձայներ ստացած հասարակական-քաղաքական կազմակերպություններին կամ նրանց միավորումներին կողմ տրված ձայների ընդհանուր թիվը, - արձանագրություններում գրանցված թվերի անհամապատասխանությունների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է քվեարկության անցկացման ու արդյունքների ամփոփման վերաբերյալ ստացված գանգատները, անհրաժեշտության դեպքում, իր կողմից սահմանված կարգով, կազմակերպում ստուգում: Հոդված 37. Ընտրություններն անվավեր ճանաչելը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առանձին տեղամասերում կամ ընտրատարածքներում ընտրությունները անվավեր է ճանաչում, եթե՝ 1) ընտրական հանձնաժողովի արձանագրություններում գրանցված թվերի անհամապատասխանությունների կամ ստուգումների արդյունքներով հաստատված փաստերին համապատասխան ընտրող կամ մեծամասնական ընտրակարգով ընտրություններում կրկնական քվեարկության անցնող պատգամավորի թեկնածուն փոխվում է կամ չի ընտրվում եւ հնարավոր չէ փաստացի վերականգնել ընտրությունների իրական արդյունքները եւ դրա հիման վրա պարզել ընտրված թեկնածուին, 2) ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի այնպիսի խախտումներ, որոնց հետեւանքով չի պահպանվել հավասար, ուղղակի, ազատ ընտրական իրավունքը, քվեարկության գաղտնիությունը: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումնրը կարող են 10-օրյա ժամկետում գանգատարկվել Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարան, որի որոշումը վերջնական է: Հոդված 38. Մեծամասնական ընտրական համակարգով ընտրությունների արդյունքների ամփոփումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացնում է որոշումը ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու վերաբերյալ: Առաջին փուլում ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է առավելագույն կողմ ձայներ, բայց ոչ պակաս, քան վավեր ձայների 25 տոկոսը: Եթե առաջին փուլում քվեարկվում են երկու թեկնածու եւ նրանցից ոչ մեկը չի ստացել վավեր ձայների 25 տոկոսից ավելի կողմ ձայներ, ապա տվյալ ընտրատարածքում ընտրությունները համարվում են չկայացած եւ ընտրատարածքի մանդատը մնում է թափուր: Առաջին փուլում երկուսից ավելի թեկնածուների քվեարկվելու դեպքում, եթե ոչ մեկը չի ընտրվել, ապա առաջին եւ երկրորդ ամենաշատ կողմ ձայներ ստացած թեկնածուների միջեւ անց է կացվում կրկնական քվեարկություն (երկրորդ փուլ), որի արդյունքով ընտրված է համարվում ամենաշատ կողմ ձայներ ստացած թեկնածուն: Ընտրությունների ցանկացած փուլում, երբ քվեարկվում է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է վավեր ձայների կեսից ավելի կողմ ձայներ: Հոդված 39. Համամասնական ընտրական համակարգով ընտրությունների արդյունքների ամփոփումը Մանդատները բաշխվում են միայն այն ցուցակների միջեւ, որոնք ստացել են վավեր ձայների առնվազն 5 տոկոս կողմ ձայներ: Համամասնական ընտրական համակարգի համար նախատեսված (հերթական ընտրությունների համար 40) մանդատները բաշխվում են հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների միջեւ՝ նրանց օգտին տրված ձայներին համամասնորեն: Յուրաքանչյուր հասարակական-քաղաքական կազմակերպության կամ նրանց միավորման ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկն իրականացվում է հետեւյալ կերպ՝ յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների թիվը բազմապատկվում է ցուցակներին հասանելիք մանդատների թվով, ստացված թիվը բաժանվում է վավեր ձայների առնվազն 5 տոկոս կողմ ձայներ ստացած բոլոր ցուցակներին կողմ տրված ձայների ընդհանուր թվի վրա եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք հանդիսանում են յուրաքանչյուր ցուցակին հասանելիք մանդատների թվերը: Մնացած մանդատները ցուցակների միջեւ բաշխվում են ըստ մնացորդների մեծության, յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ցուցակին, որին կողմ տրված ձայների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ: Ցուցակներով ընտրված է համարվում այն թեկնածուն, որի հերթական համարը ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ցուցակին հասանելիք մանդատների թվից: Համամասնական ընտրական համակարգով ընտրված թեկնածուին հասանելիք մանդատը, եթե նա ընտրվել է նաեւ մեծամասնական ընտրական համակարգով, տրվում է ցուցակի հաջորդ թեկնածուին: Իսկ եթե տվյալ թեկնածուն մեծամասնական ընտրական համակարգով ընտրություններում անցել է կրկնական քվեարկության, ապա նրան հասանելիք մանդատի հարցը լուծվում է կրկնական քվեարկության արդյունքները պարզելուց հետո: Ընտրությունները մասնակի անվավեր ճանաչելու հետեւանքով չբաշխված մանդատների հարցը լուծվում է լրացուցիչ քվեարկության արդյունքները պարզելուց հետո: Ցուցակում գրանցված թեկնածուների թվից ավելի մանդատներ ստացած հասարակական-քաղաքական կազմակերպությանը կամ նրանց միավորմանը հասանելիք, ինչպես նաեւ ընդհանուր ընտրությունների արդյունքներով չբաշխված մանդատները բաշխվում են լրացուցիչ ընտրությունների արդյունքներով: Հոդված 40. Համամասնական ընտրական համակարգով ընտրությունների արդյունքների ամփոփումը ընտրությունները մասնակի անվավեր ճանաչելու դեպքում Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ որեւէ ընտրական տեղամասում ընտրությունները ճանաչվել են անվավեր, ապա ընտրությունների արդյունքները ամփոփվում են հետեւյալ կերպ՝ 1) որոշվում են վավեր ձայների առնվազն 5 տոկոս կողմ ձայներ ստացած ցուցակները, որի համար՝ - յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների ընդհանուր թիվը հաշվելիս ընտրություններն անվավեր ճանաչված տեղամասերում յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայները հաշվի չեն առնվում, - վավեր ձայների ընդհանուր թիվը հաշվելիս ընտրություններն անվավեր ճանաչված տեղամասերում վավեր ձայների ընդհանուր թիվը փոխարինվում է այդ տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվով, 2) որոշվում են առնվազն 5 տոկոս կողմ ձայներ ստանալու հնարավորություն պահպանող ցուցակները, որոնց մեջ չեն մտնում սույն հոդվածի 1-ին կետով որոշված ցուցակները, որի համար յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների ընդհանուր թիվը հաշվելիս ընտրություններն անվավեր ճանաչված տեղամասերում յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների թվերը փոխարինվում են այդ տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվերով, վավեր ձայների ընդհանուր թիվը հաշվելիս ընտրություններն անվավեր ճանաչված տեղամասերում վավեր ձայների ընդհանուր թիվը փոխարինվում է այդ տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվով: Մինչեւ վերաքվեարկության արդյունքների ամփոփումը, յուրաքանչյուր ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկն իրականացվում է սահմանված կարգով ընդ որում՝ - յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների ընդհանուր թիվը հաշվելիս, ընտրություններն անվավեր ճանաչված տեղամասերում յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայները հաշվի չեն առնվում, - վավեր ձայների առնվազն 5 տոկոս կողմ ձայներ ստացած բոլոր ցուցակներին կողմ տրված ձայների թիվը փոխարինվում է առնվազն 5 տոկոս կողմ ձայներ ստացած եւ առնվազն 5 տոկոս կողմ ձայներ ստանալու հնարավորությունը պահպանող բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններին կամ նրանց միավորումներին կողմ տրված եւ հնարավոր տրվելիք ձայների ընդհանուր թվով, որը հաշվելիս ընտրություններն անվավեր ճանաչված տեղամասերում, դրանց բոլորին կողմ տրված ձայների փոխարեն հաշվարկվում է այդ տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, - առնվազն 5 տոկոս կողմ ձայներ ստանալու հնարավորությունը պահպանող ցուցակներին մանդատներ չեն տրվում, - սույն հոդվածի պահանջներին համապատասխան հաշվված վավեր ձայների առնվազն 5 տոկոս կողմ ձայներ ստացած հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների ցուցակներին հասանելիք մանդատները բաշխվում են սահմանված կարգով, բայց ըստ մնացորդների մեծության՝ մանդատների բաշխում չի իրականացվում: Վերաքվեարկությունից հետո յուրաքանչյուր ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը իրականացվում է սահմանված կարգով, ընդ որում՝ ընտրությունները մասնակի անվավեր ճանաչելու դեպքում հաշվված թվերը փոխվում են վերաքվեարկության արդյունքներով ստացված համապատասխան թվերով եւ չբաշխված մանդատները հատկացվում են համապատասխան հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների ցուցակներին՝ լրացնելով նրան հասանելիք մանդատների թիվը: Հոդված 41. Ազգային ժողովի պատգամավորների գրանցումը: Ընտրությունների արդյունքների հրապարակումը Ընտրությունների արդյունքներն ամփոփվում են ընտրությունների օրվանից ոչ ուշ 10 օր հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններն անվավեր ճանաչված ընտրական տեղամասերում եւ ընտրատարածքներում անցկացվելիք վերաքվեարկության բոլոր հնարավոր արդյունքներից անկախ ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին գրանցում եւ նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտից անմիջապես հետո տալիս է Ազգային ժողովի պատգամավորի վկայական: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով: Հոդված 42. Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի որոշմամբ կարող է վաղաժամկետ դադարեցվել եթե. 1) ընտրությունների արդյունքների վերաբերյալ գանգատների, ինչպես նաեւ սույն օրենքի հիման վրա Գերագույն դատարանը մեկամսյա ժամկետում ընտրությունները անվավեր է ճանաչել, 2) նրա նկատմամբ Գերագույն դատարանի նշանակած ազատազրկման դատավճիռը ուժի մեջ է մտել, 3) ընտրված է համամասնական ընտրական համակարգով եւ նրան առաջադրող հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը օրենքով սահմանված կարգով արգելված է, եւ նա այդ պահին տվյալ հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ է: Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված նաեւ նրա մահվան դեպքում: |
| Copyright (C) 1998 by
CEC
Copyright (C) 1998 by Armenian Freenet |
Webmaster: webmaster@freenet.am |