|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 6. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
| Հոդված 24. Վստահված անձինք
Պատգամավորության թեկնածուի, հասարակական- քաղաքական կազմակերպության շահերը համապատասխան ընտրական հանձնաժողովներում ներկայացնելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից պատգամավորության թեկնածուի, հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացմամբ գրանցվում է երեքից ոչ ավելի վստահված անձ՝ յուրաքանչյուր ընտրական տեղամասի հաշվարկով, ում տրվում է վկայական: Վստահված անձինք իրավունք ունեն ներկայացնելու պատգամավորության թեկնածուների շահերը պետական ու հասարակական մարմինների հետ փոխահարաբերություններում, անարգել ներկա լինել համապատասխան ընտրական հանձնաժողովի կողմից անցկացվող բոլոր միջոցառումերին: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում միաժամանակ կարող են ներկա լինել յուրաքանչյուր պատգամավորության թեկնածուի, հասարակական-քաղաքական կազմակերպության ոչ ավելի, քան 2-ական վստահված անձ: Վստահված անձի (անձանց) նախկին գրանցումն անվավեր ճանաչելու եւ նոր անձի (անձանց) գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրականացնում են պատգամավորության թեկնածուի, հասարակական-քաղաքական կազմակերպության, ներկայացրած հայտարարագրի հիմնա վրա: Վստահված անձը չի կարող լինել ընտրական հանձնաժողովի կազմում: Հոդված 25. Նախընտրական քարոզչությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատգամավորության թեկնածուների քաղաքական, գործարար եւ անձնական հատկանիշների ազատ, համակողմանի քննարկման, ինչպես նաեւ ժողովներում, միտինգներում, զանգվածային լրատվության միջոցներով ազատ քարոզչության իրավունք ունեն: Պատգամավորության թեկնածուները եւ վստահված անձինք, հասարակական-քաղաքական կազմակերպությունները իրավունք ունեն կազմակերպելու հանդիպումներ ընտրողների հետ։ Ընտրական հանձնաժողովները եւ համապատասխան պետական մարմինները պարտավոր են ապահովել համամասնական ընտրական համակարգով ընտրություններին մասնակցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների համար՝ հանրապետական, իսկ մեծամասնական ընտրական համակարգով ընտրություններին մասնակցող թեկնածուների համար՝ տեղական, պետական զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու հավասար հնարավորություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների միասնական ֆոնդի սահմաններում ապահովում է ընտրություններին մասնակցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների եւ անհատ թեկնածուների համար համապատասխան պետական զանգվածային լրատվության միջոցներից անվճար օգտվելու հնարավորություններ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր հասարակական-քաղաքական կազմակերպություն ու անհատ թեկնածու կարող է օգհտվել համապատասխան պետական զանգվածային լրատվության միջոցներից նաեւ վճարովի հիմունքներով՝ սեփական միջոցների հաշվին, բայց ոչ ավելի, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված համապատասխան անվճար հնարավորության ծավալի կրկնապատիկը: Նախընտրական քարոզչության ընթացքում պատգամավորության թեկնածուներին արգելվում է անձամբ, իրենց անունից, ինչպես նաեւ այլ անձանց, մասնավոր, պետական ձեռնարկությունների եւ կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների միջոցով, որեւէ պատճառաբանությամբ ընտրողներին հատկացնել դրամ, սննդամթերք, ապրանքներ կամ այլ նվերներ: Նշված փաստերի հաստատման դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ թեկնածուի գրանցոումը կարող է չեղյալ հայտարարվել: Քվեարկության օրը արգելվում է քարոզչությունը, հանրահավաքները, ցուցերը, քվեարկության շենքի մոտ մարդկանց խմբերով հավաքվելը: |
| Copyright (C) 1998 by
CEC
Copyright (C) 1998 by Armenian Freenet |
Webmaster: webmaster@freenet.am |