Switch to English
 

Previous Home Up Next

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 10. ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 
Հոդված 45. Հերթական ընտրությունների նշանակման եւ անցկացման ժամկետներն ու կարգը 

Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրից 4 ամիս առաջ նշանակվում են հերթական ընտրություններ: 

Ընտրություններն անցկացվում են ոչ ուշ քան Ազգային Ժողովի լիազորությունների ավարտման օրը: 

Հեթական ընտրությունները նախապատրաստվում եւ անց են կացվում սույն օրենքով սահմանված կարգով: 

Հոդված 46. Ընտրական հանձնաժողովների կազմման ժամկետները 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմվում է հերթական ընտրությունների օրվանից առնվազն 80 օր առաջ: 

Հերթական ընտրությունների օրվանից առնվազն 60 օր առաջ կազմվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: 

Հերթական ընտրությունների օրվանից առնվազն 30 օր առաջ կազմվում են տեղամասային ընտրական հանձնաժողովները: 

Հոդված 47. Ընտրատարածքների եւ ընտրական տեղամասերի ձեւավորման ժամկետները 

Հայաստանի Հանրապետության տարածքի բաժանումը ընտրատարածքների իրականացվում է ընտրությունների օրվանից առնվազն 70 օր առաջ: 

Ընտրատարածքի բաժանումը ընտրական տեղամասերի  իրականացվում է ընտրությունների օրվանից առնվազն 40 օր առաջ: 

Հոդված 48. Պատգամավորության թեկնածուների առաջադրման եւ գրանցման ժամկետները 

Պատգամավորության թեկնածուների առաջադրումը սկսվում է ընտրությունների օրվանից ոչ շուտ, քան 60 օր առաջ եւ ավարտվում է ընտրությունների օրվանից 40 օր առաջ՝ ժամը 18.00-ին: 

Համամասնական ընտրություններին մասնակցելու համար հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների կողմից հայտ ներկայացվում է ընտրությունների օրվանից առնվազն 75 օր առաջ: 

Պատգամավորության թեկնածուների գրանցումն ավարտվում է ընտրությունների օրվանից 25 օր առաջ: 

Նախընտրական ծրագրերը համապատասխան ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել ընտրությունների օրվանից 20 օր առաջ: 


Copyright (C) 1998 by CEC
Copyright (C) 1998 by Armenian Freenet
Webmaster: webmaster@freenet.am