Switch to English
 

Previous Home Up Next

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 11. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 
Հոդված 49. Լրացուցիչ ընտրությունների նշանակումը 

Եթե հերթական ընտրությունների արդյունքներով կամ Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու հետեւանքով մեծամասնական ընտրական համակարգով ընտրատարածքին հասանելիք մանդատը թափուր է մնացել, ապա համապատասխան ընտրատարածքում նշանակվում ու անց են կացվում լրացուցիչ ընտրություններ: 

Հանրապետության տարածքում լրացուցիչ ընտրություններ նշանակվում եւ անց են կացվում համամասնական ընտրական համակարգով ընտրությունների համար սահմանված տեղերի ոչ պակաս, քան 10 տեղ թափուր մնալու դեպքում: 

Հոդված 50. Համամասնական ընտրական համակարգով ընտրված պատգամավորների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելիս թափուր տեղերը ըստ ցուցակների լրացնելու կարգը 

Համամասնական ընտրական համակարգով ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցված Ազգային ժողովի պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ դադարեցման օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան ցուցակի հեթական հաջորդ թեկնածուին: 

Եթե Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են սույն օրենքի 42 հոդվածի 3-րդ կետում նշված պատճառով, ապա թափուր տեղերը լրացնելու համար նշանակվում են լրացուցիչ ընտրություններ, եթե այդ պահին համամասնական ընտրական համակարգով ընտրությունների համար Ազգային Ժողովում սահմանված թափուր տեղերի ընդհանուր քանակը պակաս չէ 10-ից: 

Լրացուցիչ ընտրություններ նշանակվում են նաեւ այն դեպքում, եթե հերթական ընտրությունների արդյունքներով Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ից քիչ պատգամավորներ են ընտրվել: Նման դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ լրացուցիչ ընտրությունները նշանակվում են կրկնական քվեարկության օրվանից հետո ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, որոնք անց են կացվում սույն օրենքով սահմանված կարգով եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում: 

Հոդված 51. Լրացուցիչ ընտրությունների համար ընտրական հանձնաժողովների կազմման ժամկետները 

Ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովները կարող են վերակազմավորվել կամ կազմավորվել հերթական ընտրությունների համար սույն օրենքով սահմանված ժամկետներում: 

Հոդված 52. Լրացուցիչ ընտրությունների ընտրատարածքներն ու ընտրական տեղամասերը 

Լրացուցիչ ընտրություններն անց են կացվում ըստ հերթական ընտրությունների համար ձեւավորված ընտրատարածքների եւ ընտրական տեղամասերի: 

Հոդված 53. Պատգամավորության թեկնածուների առաջադրումն ու գրանցումը լրացուցիչ ընտրություններում 

Լրացուցիչ ընտրություններն անց են կացվում պատգամավորության թեկնածուների նոր առաջադրմամբ: 

Առանձին թեկնածուների եւ հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների ցուցակների առաջադրումը իրականացվում է հեթական ընտրությունների համար սահմանված կարգով: 

Համամասնական ընտրական համակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների նախորդ ընտրությունների ժամանակ առաջադրած թեկնածուների ցուցակը ուժը կորցնում է: 

Հոդված 54. Լրացուցիչ ընտրությունների անցկացման ժամկետներն ու կարգը 

Լրացուցիչ ընտրությունների քվեարկություններն անց են կացվում մայիս կամ հոկտեմբեր ամիսներին: 

Լրացուցիչ ընտրություններն անց են կացվում սույն օրենքով սահմանված կարգով:


Copyright (C) 1998 by CEC
Copyright (C) 1998 by Armenian Freenet
Webmaster: webmaster@freenet.am