Switch to English
 
Previous Home Up Next

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

ԳԼՈՒԽ 2. ՄԱՐԴՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


 
Հոդված 14.  Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման եւ դադարեցման կարգը սահմանվում է օրենքով: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի:
Հոդված 15.  Քաղաքացիները անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ունեն Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները: Հոդված 16.  Բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով: Հոդված 17.  Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

Մահապատիժը` մինչեւ դրա վերացումը, որպես բացառիկ պատժամիջոց, կարող է սահմանվել օրենքով` առանձնապես ծանր հանցագործությունների համար:

Հոդված 18. Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձեռնմխելիության իրավունք: Մարդուն չի կարելի ձերբակալել, խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով: Նա կարող է կալանավորվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Հոդված 19. Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի:

Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել բժշկական կամ գիտական փորձերի:

Հոդված 20. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական եւ ընտանեկան կյանքը անօրինական միջամտությունից, իր պատիվը եւ բարի համբավը ոտնձգությունից պաշտպանելու իրավունք:

Արգելվում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը եւ տարածելը:

Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ:

Հոդված 21. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարանը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 22. Յուրաքանչյուր քաղաքացի ունի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի Հանրապետություն վերադառնալու իրավունք:

Հոդված 23. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք: Կրոնի եւ համոզմունքների արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` Սահմանադրության 45 հոդվածում նախատեսված հիմքերով: Հոդված 24. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել՝ հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:

Հոդված 25. Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում՝ արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:

Այս իրավունքները կարող են սահմանափակվել զինված ուժերում եւ իրավապահ մարմիններում ծառայողների նկատմամբ:

Մարդուն չի կարելի հարկադրել՝ անդամագրվել որեւէ կուսակցության կամ միավորման: 

Հոդված 26. Քաղաքացիները ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունք: Հոդված 27. Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիները ունեն անմիջականորեն կամ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունք:

Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները:

Հոդված 28. Յուրաքանչյուր ոք ունի սեփականության եւ ժառանգման իրավունք: Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը` օրենքով նախատեսված դեպքերում:

Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ:

Հոդված 29. Յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի արդարացի եւ պետության կողմից սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:

Քաղաքացիներն իրենց տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով գործադուլի իրավունք ունեն: Այս իրավունքի իրականացման կարգը եւ սահմանափակումները սահմանվում են օրենքով:

Հոդված 30. Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք:

Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը եւ ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տեւողությունը սահմանվում են օրենքով:

Հոդված 31. Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում այս իրավունքի իրականացման համար: Հոդված 32. Ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է: Ընտանիքը, մայրությունը եւ մանկությունը գտնվում են հասարակության եւ պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

Կանայք եւ տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից:

Հոդված 33. Յուրաքանչյուր քաղաքացի ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Հոդված 34. Յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք: Բժշկական օգնության եւ սպասարկման կարգը սահմանվում է օրենքով:

Պետությունն իրականացնում է բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստում ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացմանը:

Հոդված 35. Յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:
Յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Ոչ պետական ուսումնական հաստատությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 36. Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու եւ հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք:

Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

Հոդված 37. Ազգային փոքրամասնություններին պատկանող քաղաքացիները ունեն իրենց ավանդույթների պահպանման, լեզվի եւ մշակույթի զարգացման իրավունք: Հոդված 38. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք:

Հոդված 39. Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք: Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվության միջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննության ընթացքում կամ նրա մի մասում կարող է արգելվել օրենքով: Հոդված 40. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում անվճար:

Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանքի առաջադրման պահից պաշտպան ունենալու իրավունք:

Յուրաքանչյուր դատապարտյալ ունի օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից դատավճռի վերանայման իրավունք: Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք:

Տուժողին պատճառված վնասի հատուցումը ապահովվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 41. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:
Հոդված 42. Մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների դեմ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:

Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության պահին գործող օրենքով:
Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:

Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

Հոդված 43. Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները եւ ազատությունները սպառիչ չեն եւ չեն կարող մեկնաբանվել որպես մարդու եւ քաղաքացու այլ հանրաճանաչ իրավունքների եւ ազատությունների բացառում: Հոդված 44. Սահմանադրության 23-27 հոդվածներում ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար: Հոդված 45. Մարդու եւ քաղաքացու առանձին իրավունքներ եւ ազատություններ, բացառությամբ Սահմանադրության 17, 19, 20, 39, 41-43 հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական դրության ժամանակ կամ Սահմանադրության 55 հոդվածի 14 կետով նախատեսված դեպքերում: Հոդված 46. Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Հոդված 47. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: Հոդված 48. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը:

Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն եւ պատերազմ քարոզելու նպատակով: 


Copyright (C) 1998 by CEC
Copyright (C) 1998 by Armenian Freenet
Webmaster: webmaster@freenet.am