Switch to English

Previous Home Up Next

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

ԳԼՈՒԽ 3. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ


 
Հոդված 49.  Հայաստանի Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: 

Հանրապետության Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է: 

Հոդված 50.  Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով: 

Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: 

Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում: 

Հոդված 51.  Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ` Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով: 

Հանրապետության Նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին: Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու եւ նրանցից որեւէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա քվեարկությունից հետո տասնչորսերորդ օրը անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուն: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն: 

Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: 

Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո քառասուներորդ օրը անցկացվում է նոր ընտրություն: 

Հանրապետության Նախագահն իր պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը: 

Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրությունից հետո` տասնօրյա ժամկետում: 

Հոդված 52. Հարապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Այդ ժամկետում անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու կամ մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքերում անցկացվում է նոր ընտրություն: 

Նոր ընտրությունն անցկացվում է խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելուց հետո քառասուներորդ օրը: 

Հոդված 53. Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57 հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո քառասուներորդ օրը անցկացվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն:  Հոդված 54. Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում ժողովրդին տրված երդմամբ:  Հոդված 55. Հանրապետության Նախագահը` 

1) ուղերձով դիմում է ժողովրդին եւ Ազգային ժողովին. 

2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է այն: 

Այդ ժամկետում կարող է օրենքն առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում: 

Հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը. 

3) Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ խորհրդակցելուց հետո կարող է արձակել Ազգային ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրություն: Արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակումից ոչ շուտ, քան երեսուն եւ ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում: 

Իր պաշտոնավարության վերջին վեց ամսվա ընթացքում չի կարող արձակել Ազգային ժողովը. 

4) նշանակում եւ ազատում է վարչապետին: Վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին: 

Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնվելու դեպքում քսանօրյա ժամկետում ընդունում է կառավարության հրաժարականը, նշանակում վարչապետ եւ կազմավորում կառավարություն. 

5) օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում քաղաքացիական պաշտոններում. 

6) կարող է կազմավորել խորհրդակցական մարմիններ. 

7) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, ստորագրում է Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերը, վավերացնում միջկառավարական պայմանագրերը. 

8) նշանակում եւ ետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը. 

9) վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազին. 

10) նշանակում է սահմանադրական դատարանի անդամներ եւ նախագահ: 

Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի` իր նշանակած անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել նրան. 

11) Սահմանադրության 95 հոդվածով նախատեսված կարգով նշանակում է վճռաբեկ դատարանի եւ նրա պալատների, վերաքննիչ, առաջին ատյանի եւ այլ դատարանների նախագահներին ու դատավորներին, գլխավոր դատախազի տեղակալներին եւ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներին, կարող է դադարեցնել դատավորի լիազորությունները, համաձայնություն տալ կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել դատավորին, ազատում է իր կողմից նշանակված դատախազներին. 

12) զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը. 

13) որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք: 

Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ. 

14) սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին. 

15) շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, լուծում քաղաքական ապաստան տալու հարցը. 

16) պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ. 

17) ներում է շնորհում դատապարտյալներին: 

Հոդված 56. Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր եւ կարգադրություններ, որոնք ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում: 

Հանրապետության Նախագահի հրամանագրերը եւ կարգադրությունները չեն կարող հակասել Սահմանադրությանը եւ օրենքներին: 

Հոդված 57. Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար: 

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան: 

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: 

Հոդված 58. Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:  Հոդված 59. Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում Ազգային ժողովը կառավարության առաջարկով եւ սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի` իր լիազորությունների կատարման անհնարինության մասին:  Հոդված 60. Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե հնարավոր չէ` վարչապետը: Այդ ընթացքում արգելվում է արձակել Ազգային ժողովը, նշանակել հանրաքվե, նշանակել կամ ազատել վարչապետին, գլխավոր դատախազին:  Հոդված 61. Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման կարգը սահմանվում է օրենքով: 

Copyright (C) 1998 by CEC
Copyright (C) 1998 by Armenian Freenet
Webmaster: webmaster@freenet.am