Հոդված
1.
Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված
2.
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Հոդված
3.
Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
Հոդված
4.
Պետությունն ապահովում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության եւ օրենքների հիման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Հոդված
5.
Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա: Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ:
Հոդված
6.
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքի գերակայությունը: Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն: Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաեւ Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող ճանաչված այլ իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն: Օրենքները կիրառվում են միայն պաշտոնական հրապարակումից հետո: Մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին վերաբերող չհրապարակված իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն: Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերը կիրառվում են միայն վավերացվելուց հետո: Վավերացված միջազգային պայմանագրերը Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո: .
Հոդված
7.
Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է բազմակուսակցությունը: Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը: Նրանց գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը եւ օրենքներին, իսկ կառուցվածքն ու գործելակերպը` ժողովրդավարության սկզբունքներին: Կուսակցությունները ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը:
Հոդված
8.
Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը: Սեփականատերը իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է իրեն պատկանող գույքը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը: Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը:
Հոդված
9.
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:
Հոդված
10.
Պետությունը ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերարտադրությունը, բնական պաշարների բանական օգտագործումը:
Հոդված
11.
Պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության եւ պաշտպանության ներքո: Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, աջակցում հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը:
Հոդված
12.
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
Հոդված
13.
Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն` հորիզոնական հավասար շերտերով:
Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում, վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվը եւ առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն:
Հայաստանի Հանրապետության օրհներգը «Մեր Հայրենիքն» է: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երեւանն է:
|