Switch to English
 

Home Up Next

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 
Հոդված 1. Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների սկզբունքները եւ կազմը 

Ազգային ժողովի պատգամավորներին ընտրում են Հայաստանի Հանրապետության ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները՝ ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի ազատ իրականացման հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: 

Ազգային ժողովը կազմված է 190 պատգամավորից: 

Ազգային ժողովի պատգամավոր չեն կարող լինել կառավարության անդամները:Պատգամավորներ չեն կարող լինել եւ պատգամավորության թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազության, ազգային անվտանգության պետական վարչության աշխատակիցները, ներքին գործերում եւ զինված ուժերում ծառայողները: 

Հոդված 2. Ազգային Ժողովի ընտրություններն իրականցվում են մեծամասնական եւ համամասնական ընտրական համակարգերի հիման վրա: 

Ազագային Ժողովի 150 պատգամավոր ընտրվում է մեծամասնական ընտրական համակարգով՝ յուրաքանչյուր ընտրատարածքից մեկ Ազգային Ժողովի պատգամավոր: 

Ազգային Ժողովի 40 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրական համակարգով, հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից՝ ցուցակներով առաջադրված պատգամավորական թեկնածուների թվից: 

Հոդված 3. Ընտրական իրավունքը 

Ազգային Ժողովի պատգամավոր ընտրելու իրավունք ունեն մինչեւ ընտրությունների օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մինչեւ ընտրությունների օրը առնվազն մեկ տարի բնակվել են Հայաստանի Հանրապետությունում: 

Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու իրավունք ունեն մինչեւ ընտրությունների օրը 25 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մինչեւ ընտրությունների օրը առնվազն 3 տարի մշտական բնակվել են Հայաստանի Հանրապետությունում: 

Ընտրություններին չեն մասնակցում դատարանի վճռով անգործունակ ճանաչված անձինք, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիները, ինչպես նաեւ քրեական հետախուղության մեջ գտնվող քաղաքցիները եւ հանցագործության մեջ մեղադրանքի համար կալանքի տակ գտնվող այն անձինք, ում գրանցումը մերժվել է սույն օրենքով նախատեսված կարգով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ Գերագույն դատարանի որոշմամբ: 

Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք՝ միամանդատ ընտրատարածքում եւ մեկ ձայնի իրավունք՝ հանրապետության ողջ տարածքն ընդգրկող բազմամանդատ ընտրատարածքում: 

Ընտրվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի կարող է քվեարկվել միայն մեկ մեծամասնական ընտրատարածքում եւ միայն մեկ ցուցակով: 

Արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի որեւէ սահմանափակում, բացի օրենքով նախատեսված դեպքերից: 

Հոդված 4. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունքը 

Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է ըստ բնակության վայրի ընտրողներին եւ մինչեւ սույն օրենքով նախատեսված հայտ ներկայացնելու ժամկետը գրանցված հասարակական-քաղաքական կազմակերպություններին կամ նրանց միավորումներին: 

Յուրաքանչյուր հասարակական-քաղաքական կազմակերպություն կամ նրանց միավորում իրավունք ունի առաջադրելու Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների միայն մեկ ցուցակ: 


Copyright (C) 1998 by CEC
Copyright (C) 1998 by Armenian Freenet
Webmaster: webmaster@freenet.am