Switch to English
 

Previous Home Up Next

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

ԳԼՈՒԽ 6. ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

 
Հոդված 91. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: 

Օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ: 

Հոդված 92. Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններն են. առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը:Հայաստանի Հանրապետությունում գործում են նաեւ տնտեսական, զինվորական, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դատարաններ: 

Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է: 

Հոդված 93. Օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները եւ որոշումները վճռաբեկ դատարանում վերանայվում են գլխավոր դատախազի, նրա տեղակալների կամ հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանների բողոքների հիման վրա: 

Հոդված 94. Դատական մարմինների անկախության երաշխավորը Հանրապետության Նախագահն է: Նա գլխավորում է արդարադատության խորհուրդը: 

Արդարադատության նախարարը եւ գլխավոր դատախազը խորհրդի փոխնախագահներն են: 

Խորհրդի կազմի մեջ մտնում են նաեւ Հանրապետության Նախագահի կողմից հինգ տարի ժամկետով նշանակվող տասնչորս անդամ, որոնցից երկուսը` իրավաբան գիտնական, ինը` դատավոր, երեքը` դատախազ: 

Խորհրդի երեքական անդամ նշանակվում են առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանների եւ վճռաբեկ դատարանի դատավորներից: Դատավորների ընդհանուր ժողովները յուրաքանչյուր տեղի համար գաղտնի քվեարկությամբ առաջադրում են երեքական թեկնածու: 

Խորհրդի դատախազ անդամների թեկնածությունները առաջադրում է գլխավոր դատախազը: 

Հոդված 95. Արդարադատության խորհուրդը` 

1) արդարադատության նախարարի առաջարկով կազմում եւ Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների պաշտոնեական պիտանիության եւ ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները. 

2) գլխավոր դատախազի առաջարկով կազմում եւ Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատախազների պաշտոնեական պիտանիության եւ ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները. 

3) առաջարկում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների եւ դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի եւ այլ դատարանների նախագահների թեկնածությունները, եզրակացություն է տալիս արդարադատության նախարարի ներկայացրած մյուս դատավորների թեկնածությունների վերաբերյալ. 

4) եզրակացություն է տալիս գլխավոր դատախազի կողմից ներկայացված գլխավոր դատախազի տեղակալների եւ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների թեկնածությունների վերաբերյալ. 

5) առաջարկ է ներկայացնում դատավորներին եւ դատախազներին որակավորման դասեր շնորհելու մասին. 

6) առաջարկ է ներկայացնում դատավորի լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին. 

7) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության: Դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս՝ արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը: Հանրապետության Նախագահը, արդարադատության նախարարը եւ գլխավոր դատախազը այդ նիստերին չեն մասնակցում. 

8) Հանրապետության Նախագահի հարցմամբ կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ: 
Արդարադատության խորհրդի գործունեության կարգը սահմանվում է օրենքով: 

Հոդված 96. Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը անփոփոխելի են: Դատավորը պաշտոնավարում է մինչեւ իր 65 տարին, իսկ սահմանադրական դատարանի անդամը` 70 տարին լրանալը: Նրանց լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով: 

Հոդված 97. Արդարադատություն իրականացնելիս՝ դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը անկախ են եւ ենթարկվում են միայն օրենքին: 

Դատավորի եւ սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները եւ պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են օրենքով: 

Հոդված 98. Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: 

Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: 

Հոդված 99. Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից, որից հինգին նշանակում է Ազգային ժողովը, չորսին` Հանրապետության Նախագահը: 

Հոդված 100. Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով` 

1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը. 

2) մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը. 

3) լուծում է հանրաքվեների, Հանրապետության Նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը. 

4) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները. 

5) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին. 

6) եզրակացություն է տալիս Սահմանադրության 55 հոդվածի 13 եւ 14 կետերով նախատեսված միջոցառումների մասին. 

7) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահի` իր լիազորությունների կատարման անհնարինության մասին. 

8) եզրակացություն է տալիս սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, դատական կարգով վարչականկամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին. 

9) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին: 

Հոդված 101. Սահմանադրական դատարան կարող են դիմել` 

1) Հանրապետության Նախագահը. 

2) պատգամավորների առնվազն մեկ երրորդը. 

3) Հանրապետության Նախագահի եւ պատգամավորության թեկնածուները` ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով. 

4) կառավարությունը` Սահմանադրության 59 հոդվածով նախատեսված դեպքում: 

Սահմանադրական դատարանը գործեր քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում: 

Հոդված 102. Սահմանադրական դատարանը ընդունում է որոշումներ եւ եզրակացություններ` դիմում ստանալուց ոչ ուշ, քան երեսուն օր հետո: 

Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, վերանայման ենթակա չեն եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: 

Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100 հոդվածի 1-4 կետերով նախատեսված հարցերը լուծում է անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ 5-9 կետերով նախատեսված հարցերը` առնվազն երկու երրորդով: 

Հոդված 103.Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: 

Դատախազությունը` 

1) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով հարուցում է քրեական հետապնդում. 

2) հսկողություն է իրականացնում նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ. 

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը. 

4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան. 

5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները. 

6) հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ: 

Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, դատախազության մասին օրենքի հիման վրա: 


Copyright (C) 1998 by CEC
Copyright (C) 1998 by Armenian Freenet
Webmaster: webmaster@freenet.am