|
|
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
ԳԼՈՒԽ 5. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
| Հոդված 85.
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը իրականացնում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:
Կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության կառուցվածքը եւ գործունեության կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով: Հոդված 86. Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է Հանրապետության Նախագահը կամ նրա հանձնարարությամբ` վարչապետը: Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը, վավերացնում՝ Հանրապետության Նախագահը: Սահմանադրության 59 հոդվածով նախատեսված դեպքերում կառավարության անդամների մեծամասնության պահանջով վարչապետը հրավիրում է կառավարության նիստ եւ նախագահում այն: Հոդված 87. Վարչապետը ղեկավարում է կառավարության ընթացիկ գործունեությունը եւ համակարգում նախարարների աշխատանքը: Վարչապետն ընդունում է որոշումներ: Կառավարության գործունեության կարգով սահմանված դեպքերում վարչապետի որոշումներն ստորագրում են նաեւ դրանք իրագործող նախարարները: Հոդված 88. Կառավարության անդամը չի կարող լինել որեւէ ներկայացուցչական մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք: Հոդված 89. Կառավարությունը` 1) Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը. 2) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողովին. 3) կառավարում է պետական սեփականությունը. 4) ապահովում է ֆինանսատնտեսական, վարկային եւ հարկային միասնական պետական քաղաքականության իրականացումը. 5) ապահովում է պետական քաղաքականության իրականացումը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնության պահպանության բնագավառներում. 6) ապահովում է Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության իրականացումը. 7) միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման, սեփականության եւ հասարակական կարգի պահպանման ուղղությամբ: Հոդված 90. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն վաթսուն օր առաջ եւ կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչեւ այդ ժամկետի ավարտը: Բյուջեի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն կառավարության կողմից ընդունված ուղղումներով համարվում է հաստատված: Բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր կառավարությունը Ազգային ժողովին բյուջեի նախագիծ է ներկայացնում քսան օրվա ընթացքում, որը քննարկվում եւ հաստատվում է սույն հոդվածով նախատեսված կարգով` երեսուն օրվա ընթացքում: |
| Copyright (C) 1998 by
CEC
Copyright (C) 1998 by Armenian Freenet |
Webmaster: webmaster@freenet.am |